Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  ՀՈՒՆՎԱՐ 2015

Շնորհակալություն հայտնիր Եհովային և օրհնվիր

Շնորհակալություն հայտնիր Եհովային և օրհնվիր

«Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա» (ՍԱՂ. 106։1

1. Ինչո՞ւ է Եհովան արժանի, որ երախտապարտ լինենք իրեն։

ԵՀՈՎԱՆ, որն «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» տվողն է, իսկապես արժանի է, որ երախտապարտ լինենք իրեն (Հակ. 1։17)։ Լինելով մեր սիրառատ Հովիվը՝ նա հոգում է մեր բոլոր ֆիզիկական և հոգևոր կարիքները (Սաղ. 23։1–3)։ Նա «մեզ համար ապաստան է և զորություն» հատկապես նեղությունների ժամանակ (Սաղ. 46։1)։ Անշուշտ, մենք բոլոր պատճառներն ունենք սրտանց համաձայնելու սաղմոսերգուի հետ, որը գրեց. «Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա, որովհետև հավերժական է նրա սիրառատ բարությունը» (Սաղ. 106։1

2015թ. տարվա խոսքն է՝ «Շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա» (Սաղմոս 106։1)

2, 3. ա) Ի՞նչ պատճառներով գուցե չգնահատենք մեր օրհնությունները։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու այս հոդվածում։

2 Ինչո՞ւ է կարևոր երախտապարտ լինել Եհովային։ Ինչպես մարգարեացվել էր, այս վերջին օրերում մարդիկ գնալով անշնորհակալ են դառնում (2 Տիմոթ. 3։2)։ Շատերը սովորական բան են համարում այն օրհնությունները, որ Եհովան տալիս է մարդկանց։ Այս նյութապաշտ աշխարհի և գովազդների ազդեցության տակ՝ միլիոնավոր մարդիկ, իրենց ունեցածով բավարարված լինելու փոխարեն, ձգտում են ավելի շատ իրեր ձեռք բերելու։  Աշխարհում տիրող այդ ապերախտ ոգին մեզ վրա նույնպես կարող է ազդել։ Եվ հնում ապրած իսրայելացիների պես՝ մենք էլ գուցե դառնանք անշնորհակալ և չգնահատենք Եհովայի հետ ունեցած մեր թանկ փոխհարաբերությունները ու նրա տված օրհնությունները (Սաղ. 106։7, 11–13

3 Իսկ ի՞նչ կարող է պատահել, եթե բախվենք ծանր փորձությունների։ Նման դեպքերում գուցե չափազանց կենտրոնանանք խնդիրների վրա և չնկատենք մեր օրհնությունները (Սաղ. 116։3)։ Ինչպե՞ս կարող ենք մեր սրտում երախտագիտություն զարգացնել և պահպանել այն։ Ի՞նչը կօգնի մեզ դրական տրամադրվածություն ունենալու նույնիսկ սաստիկ փորձությունների ժամանակ։

«ՇԱՏ ԵՆ ՔՈ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԳՈՐԾԵՐԸ.... Ո՛Վ ԵՀՈՎԱ»

4. Ինչպե՞ս կարող ենք երախտագետ լինել։

4 Երախտագիտություն զարգացնելու և այն պահպանելու համար պետք է կարողանանք տեսնել Եհովայի տված օրհնությունները, գնահատանքով խորհրդածենք դրանց շուրջ և ուշադրությամբ քննենք նրա «սիրառատ բարության գործերը»։ Հենց այդպես վարվելով՝ սաղմոսերգուն ակնածանքով լցվեց Եհովայի հանդեպ նրա բազմաթիվ զարմանահրաշ գործերի համար (կարդա՛  Սաղմոս 40։5; 107։43

5. Ի՞նչ կարող ենք սովորել Պողոս առաքյալից երախտագիտություն զարգացնելու վերաբերյալ։

5 Պողոս առաքյալից շատ բան կարող ենք սովորել երախտագիտություն զարգացնելու վերաբերյալ։ Ակներևաբար, նա խորհրդածում էր իր օրհնությունների շուրջ, քանի որ հաճախ էր իր աղոթքներում սրտանց շնորհակալություն հայտնում Աստծուն։ Պողոսը գիտակցում էր, որ ինքը «հայհոյող, հալածող ու անպատկառ մարդ» է եղել։ Ուստի շնորհակալ էր Աստծուն և Քրիստոսին, որ նրանք ողորմածություն էին դրսևորել իր հանդեպ և իրեն ծառայության էին նշանակել՝ չնայած իր մեղավոր անցյալին (կարդա՛  1 Տիմոթեոս 1։12–14)։ Պողոսը շատ էր գնահատում նաև իր հավատակիցներին և հաճախ շնորհակալություն էր հայտնում Եհովային նրանց լավ հատկությունների և հավատարիմ ծառայության համար (Փիլիպ. 1։3–5, 7; 1 Թեսաղ. 1։2, 3)։ Երբ նա դժվար իրավիճակում էր հայտնվում, հավատակիցներից օգնություն ստանալիս անմիջապես շնորհակալություն էր հայտնում Եհովային (Գործ. 28։15; 2 Կորնթ. 7։5–7)։ Ուստի զարմանալի չէ, որ իր նամակներում Պողոսը հաճախ հորդորում էր հավատակիցներին. «Երախտագետ եղեք.... [իրար] հորդորեք սաղմոսներով, Աստծուն ուղղված գովաբանություններով ու գոհունակությամբ լի հոգևոր երգերով» (Կող. 3։15–17

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՂՈԹՔԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԵՐԱԽՏԱԳԵՏ ԼԻՆԵԼՈՒ

6. Հատկապես ինչի՞ համար ես շնորհակալ Եհովային։

6 Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին երախտագիտություն զարգացնելու և այն արտահայտելու հարցում։ Նրա նման՝ մենք պետք է խորհրդածենք այն ամենի շուրջ, որ Եհովան արել է անձամբ մեզ համար (Սաղ. 116։12)։ Ի՞նչ կպատասխանես, եթե քեզ հարցնեն, թե ինչ օրհնություններ ես ստացել Եհովայից, որոնց համար երախտապարտ ես նրան։ Հավանաբար, կնշես նրա հետ ունեցած քո թանկագին փոխհարաբերությունների մասին կամ այն մասին, որ Քրիստոսի քավիչ զոհին հավատ ընծայելու շնորհիվ մեղքերի ներում ես ստացել։ Թերևս նշես այն եղբայրների ու քույրերի մասին, ովքեր քո կողքին են եղել, երբ տարբեր փորձություններ ես դիմագրավել։ Ինչ խոսք, կնշես նաև սիրելի կողակցիդ և թանկագին երեխաներիդ մասին։ Եթե ժամանակ տրամադրես և խորհրդածես քո սիրառատ Հոր տված այս հիանալի օրհնությունների շուրջ, սիրտդ կլցվի երախտագիտության զգացումով, և դու կմղվես ամեն օր շնորհակալություն հայտնելու նրան (կարդա՛  Սաղմոս 92։1, 2

7. ա) Ինչո՞ւ պետք է շնորհակալական աղոթքներ մատուցենք։ բ) Ի՞նչ օգուտներ կքաղես, եթե քո աղոթքներում երախտագիտություն հայտնես Եհովային։

 7 Եթե միշտ հիշենք մեր օրհնությունների մասին և խորհրդածենք դրանց շուրջ, կմղվենք աղոթելու Եհովային և շնորհակալություն հայտնելու նրան (Սաղ. 95։2; 100։4, 5)։ Շատերի համար աղոթքը Աստծուց ինչ-որ բան խնդրելու միջոց է միայն։ Բայց մենք գիտենք, որ Եհովային հաճելի է, երբ շնորհակալություն ենք հայտնում նրան այն ամենի համար, ինչ ունենք։ Աստվածաշնչում բազմաթիվ շնորհակալական աղոթքներ կան, ինչպես, օրինակ, Աննայի և Եզեկիայի սրտաբուխ աղոթքները (1 Սամ. 2։1–10; Ես. 38։9–20)։ Ուստի ընդօրինակիր Եհովայի այս հավատարիմ ծառաներին, որոնք երախտագիտության ոգի են դրսևորել։ Շնորհակալություն հայտնիր Եհովային քո ստացած օրհնությունների համար (1 Թեսաղ. 5։17, 18)։ Այդպես վարվելով՝ մեծ օգուտներ կքաղես. քեզ թեթևացած կզգաս, կաճի Եհովայի հանդեպ քո սերը, և ավելի կմտերմանաս նրա հետ (Հակ. 4։8

Ի՞նչ օրհնություններ ես ստացել Եհովայից, որոնց համար երախտապարտ ես նրան (տե՛ս պարբերություն 6, 7)

8. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ չգնահատենք այն ամենը, ինչ Եհովան արել է մեզ համար։

8 Եթե զգույշ չլինենք, հեշտությամբ կարող ենք կորցնել Եհովայի տված բարիքների համար մեր գնահատանքը։ Ինչո՞ւ։ Քանի որ մենք ի ծնե անշնորհակալ լինելու հակում ունենք։ Մեր նախածնողներին՝ Ադամին ու Եվային, Աստված բնակեցրել էր մի դրախտային պարտեզում։ Նրանք ոչ մի բանի կարիք չունեին և կարող էին հավիտյան ապրել խաղաղ պայմաններում (Ծննդ. 1։28)։ Բայց առաջին մարդկային զույգը չգնահատեց իր ունեցած օրհնությունները։ Նրանք ագահաբար ավելին ցանկացան և արդյունքում կորցրին ամեն ինչ (Ծննդ. 3։6, 7, 17–19)։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որում տարածված է անշնորհակալ լինելու ոգին։ Ուստի գուցե այնպես պատահի, որ սկսենք չգնահատել Եհովայի տված օրհնությունները, օրինակ՝ նրա հետ ունեցած մեր ընկերությունը կամ համաշխարհային եղբայրության մի մասը լինելու առանձնաշնորհումը։ Կամ գուցե տարվենք այս աշխարհի բաներով, որոնք շուտով անցնելու են (1 Հովհ. 2։15–17)։ Որպեսզի մեզ հետ նման բան չպատահի, մենք պետք է խորհրդածենք մեր օրհնությունների շուրջ և կանոնավորաբար շնորհակալություն հայտնենք Եհովային իր ժողովուրդը լինելու պատվի համար (կարդա՛  Սաղմոս 27։4

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՎԵԼԻՍ ԽՈՐՀՐԴԱԾԻՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԴ ՇՈՒՐՋ

9. Ինչո՞ւ պետք է խորհրդածենք մեր օրհնությունների շուրջ, երբ ծանր փորձության ենք բախվում։

9 Երախտագետ լինելը կարող է օգնել մեզ ծանր փորձությունների ժամանակ։  Մենք գուցե վհատվենք, երբ բախվենք այնպիսի բաների, որոնք կարող են տակնուվրա անել մեր կյանքը, օրինակ՝ կողակցի դավաճանությունը, կյանքին սպառնացող հիվանդությունը, հարազատի մահը կամ բնական աղետի կործանարար հետևանքները։ Այդպիսի իրավիճակներում հայտնվելիս մենք կմխիթարվենք և ուժ կստանանք՝ խորհրդածելով մեր օրհնությունների շուրջ։ Քննենք հետևյալ մարդկանց օրինակները։

10. Օրհնությունները հաշվելը ինչպե՞ս է օգնել Իրինային։

10 Իրինան *, որը ընդհանուր ռահվիրա է ծառայում ԱՄՆ-ում, ամուսնացած էր մի երեցի հետ։ Վերջինս դավաճանեց Իրինային և լքեց նրան ու իրենց երեխաներին։ Ի՞նչն օգնեց քրոջը շարունակելու հավատարմորեն ծառայել Եհովային։ Նա նշում է. «Երախտապարտ եմ Եհովային, որ հոգ է տանում իմ մասին։ Ամեն օր հաշվելով իմ օրհնությունները՝ գնահատանքով եմ լցվում, երբ մտածում եմ, որ մեր հոգատար երկնային Հայրը ճանաչում և սիրում է ինձ։ Ես գիտեմ, որ նա երբեք չի թողնի ինձ»։ Չնայած Իրինան կյանքում բազմաթիվ ծանր իրավիճակներում է հայտնվել, սակայն նրա ուրախ տրամադրվածությունն օգնել է իրեն ամուր մնալու և քաջալերելու ուրիշներին։

11. Ի՞նչն է օգնում Կյունգ Սյուկին։

11 Կյունգ Սյուկը, որն ապրում է Ասիայում, ավելի քան քսան տարի ամուսնու հետ ռահվիրա էր ծառայում։ Անսպասելիորեն նրա մոտ ուշացած փուլում գտնվող թոքերի քաղցկեղ հայտնաբերվեց, և բժիշկներն ասացին, որ նրան երեքից վեց ամսվա կյանք է մնացել։ Չնայած նա և նրա ամուսինը կյանքում տարբեր դժվարությունների էին բախվել, սակայն առողջական խնդիրներ երբեք չէին ունեցել։ Քույրն ասում է. «Դա մեծ հարված էր ինձ համար. ինձ թվում էր՝ ամեն ինչ վերջացած է։ Ես շատ էի վախեցել»։ Ի՞նչն է օգնում նրան։ Նա պատմում է. «Ամեն օր քնելուց առաջ ես բարձրանում եմ տանիք և բարձրաձայն շնորհակալություն հայտնում Եհովային առնվազն հինգ լավ բաների համար, որ եղել են այդ օրը։ Այդպես ինձ թեթևացած եմ զգում և մղվում եմ արտահայտելու սերս Եհովայի հանդեպ»։ Այս աղոթքների շնորհիվ Կյունգ Սյուկը հասկացավ, որ «Եհովան աջակցում է փորձությունների ժամանակ, և որ կյանքում օրհնություններն ավելի շատ են, քան դժվարությունները»։

Իր ողջ մնացած եղբոր՝ Ջոնի հետ (տե՛ս պարբերություն 13)

12. Ինչպե՞ս Ջեյսոնը մխիթարություն գտավ կնոջ մահից հետո։

12 Ջեյսոնը ավելի քան 30 տարի ծառայում է լիաժամ։ Նա եղել է ընդհանուր ռահվիրա, միսիոներ, շրջանային վերակացու, իսկ այժմ ծառայում է Աֆրիկայի մասնաճյուղում։ Նա պատմում է. «Յոթ տարի առաջ կորցրի սիրելի կնոջս։ Երբեմն կորստի զգացումը անտանելի է լինում։ Եթե շարունակ մտածեմ այն տառապանքների մասին, որ նա կրում էր քաղցկեղի դեմ պայքարելիս, շատ կվհատվեմ»։ Ինչպե՞ս է Ջեյսոնը հաղթահարել ծանր զգացումները։ Նա ասում է. «Մի անգամ հիշեցի այն լավ օրերից մեկը, երբ հաճելի ժամանակ էինք անցկացրել կնոջս հետ, և աղոթքով շնորհակալություն հայտնեցի Եհովային այդ հիշողության համար։ Դա ինձ թեթևացում բերեց, ու ես սկսեցի կանոնավորաբար շնորհակալություն հայտնել Աստծուն այդպիսի ուրախ հիշողությունների համար։ Երախտագիտության զգացումը շատ է փոխել մտածելակերպս։ Ճիշտ է, կորստյան ցավ դեռևս զգում եմ, բայց ինձ մեծապես օգնում է այն, որ շնորհակալություն եմ հայտնում Եհովային այն բանի համար, որ լավ կին եմ ունեցել և պատիվ եմ ունեցել ծառայելու մի անձնավորության հետ, որը նրան շատ էր սիրում»։

«Ես անչափ ուրախ եմ, որ Եհովան իմ Աստվածն է» (Շերիլ)

13. Ի՞նչն է օգնում Շերիլին դիմանալու ընտանիքի անդամների կորստին։

13 2013թ. վերջին Հայյան թայֆունը հարվածեց Ֆիլիպինների կենտրոնական մասին։ Այդ ժամանակ Շերիլը, որն ընդամենը 13 տարեկան էր, կորցրեց գրեթե ամեն ինչ։ Նա ասում է. «Ես կորցրի իմ տունը և գրեթե ողջ ընտանիքս»։ Նրա հայրը, մայրը, մի եղբայրն ու երկու քույրերը մահացան թայֆունի հզոր ալիքներից։ Ի՞նչն է օգնել Շերիլին այդ ողբերգությունից հետո  դառնությամբ չլցվելու։ Նա երախտագետ անձնավորություն է և գնահատում է իր ունեցած օրհնությունները։ Շերիլը պատմում է. «Ես տեսա, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը ամեն ինչ անում, որ մխիթարեն ու քաջալերեն օգնության կարիք ունեցողներին։ Գիտեի, որ ամբողջ աշխարհում հավատակիցներս աղոթում են ինձ համար։ Ես անչափ ուրախ եմ, որ Եհովան իմ Աստվածն է։ Նա միշտ տալիս է մեզ այն, ինչի կարիքն ունենք»։ Իրոք որ, մեր օրհնությունները գնահատելը զորեղ հակաթույն է վշտի ու կսկիծի դեմ։ Երախտագետ լինելու շնորհիվ հնարավոր է հաղթահարել ցանկացած դժվարություն (Եփես. 5։20; կարդա՛  Փիլիպպեցիներ 4։6, 7

«ԵՍ.... ԿՑՆԾԱՄ ԵՀՈՎԱՅՈՎ»

14. Ի՞նչ ապագա է սպասում մեզ (տե՛ս 8-րդ էջի նկարը)։

14 Եհովայի ժողովրդի պատմությունը ցույց է տալիս, որ իր ծառաները երախտապարտ են եղել իրենց ստացած օրհնությունների համար։ Օրինակ՝ Կարմիր ծովի մոտ փարավոնից և նրա զորքից ազատվելուց հետո իսրայելացիները շնորհակալական և փառաբանական երգեր երգեցին և այդպիսով արտահայտեցին իրենց ուրախությունը (Ելք 15։1–21)։ Այսօր մեզ համար մեծ օրհնություն է, որ հույս ունենք ազատվելու այն ամենից, ինչը ցավ ու տառապանք է պատճառում (Սաղ. 37։9–11; Ես. 25։8; 33։24)։ Պատկերացրու, թե ինչ մեծ ցնծություն կապրենք բոլորս, երբ Եհովան վերացնի իր բոլոր թշնամիներին և մեզ պարգևի նոր աշխարհ, որտեղ խաղաղություն և արդարություն կլինի։ Դա շնորհակալություն հայտնելու մեծ օր է լինելու (Հայտն. 20։1–3; 21։3, 4

15. Ի՞նչ ես վճռել անել այս տարվա ընթացքում։

15 2015թ. ընթացքում մենք ակնկալում ենք անհամար հոգևոր օրհնություններ ստանալ Եհովայից։ Ինչ խոսք, գուցե որոշ փորձությունների բախվենք, բայց ինչ էլ լինի, մենք գիտենք, որ Եհովան երբեք չի թողնի մեզ (2 Օրենք 31։8; Սաղ. 9։9, 10)։ Նա կշարունակի տալ մեզ այն ամենը, ինչ պետք է նրան հավատարմորեն ծառայելու համար։ Ուստի եկեք վճռական լինենք դրսևորելու այնպիսի ոգի, որ ուներ Ամբակում մարգարեն։ Նա ասաց. «Նույնիսկ եթե թզենին չծաղկի ու որթատունկի վրա պտուղ չլինի, նույնիսկ եթե ձիթենին բերք չտա և դարավանդները՝ կերակուր, նույնիսկ եթե հոտերին դուրս անեն փարախներից և ցանկապատի հետևում նախիր չլինի, ես, միևնույնն է, կցնծամ Եհովայով, կուրախանամ իմ փրկության Աստծով» (Ամբ. 3։17, 18)։ Եկեք 2015թ. ընթացքում ուրախությամբ խորհրդածենք մեր օրհնությունների շուրջ և վարվենք այս տարվա խոսքի համաձայն՝ «շնորհակալությո՛ւն հայտնեք Եհովային, որովհետև բարի է նա» (Սաղ. 106։1

^ պարբ. 10 Հոդվածում որոշ անուններ փոխված են։

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

«Արթուն եղեք աղոթքներում»

Ճշմարիտ քրիստոնյաներն ինչո՞ւ պետք է շարունակ աղոթք անեն։ Ուրիշների համար աղոթելը ո՞ւմ է օգուտ բերում։