Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2015

Կարո՞ղ է սերը անմար լինել

Կարո՞ղ է սերը անմար լինել

«[Սիրո] կայծերը կրակի կայծեր են, այն Յահի բոցն է» (ԵՐԳ 8։6

1, 2. Ո՞վ կարող է օգուտներ քաղել՝ ուշադրությամբ քննելով Սողոմոնի՝ «Երգերի երգը», և ինչո՞ւ (տե՛ս 28-րդ էջի նկարը)։

«ԻՆՉՊԻՍԻ՜ ջերմությամբ են նրանք հայացքներ փոխանակում և ինչպիսի՜ քնքշությամբ են գրկել միմյանց։ Ոչ մի կասկած չկա, որ նրանք սիրում են իրար»,— մտածում է մի երեց, որը քիչ առաջ ներկայացրեց այդ զույգի հարսանեկան ելույթը։ Մինչ հարսանյաց սրահում նորապսակները պարում են իրենց գեղեցիկ հարսանեկան պարը, երեցը մտածում է. «Նրանց ամուսնությունը կդիմանա՞ ժամանակի փորձությանը։ Տարիների ընթացքում նրանց սերը կաճի՞, թե՞ աստիճանաբար կմարի»։ Տղամարդու և կնոջ միջև կարող է իսկապես գեղեցիկ սեր լինել, եթե այդ սերը անսասան մնա և չմարի կյանքի փոթորիկների ներքո։ Բայց եթե հաշվի առնենք այն, որ այսօր մեծ թվով ընտանիքներ են փլուզվում, տրամաբանական է հարցնել. «Կարո՞ղ է սերը հարատև լինել»։

2 Հին Իսրայելի Սողոմոն թագավորի ժամանակներում նույնպես իսկական սերը հազվադեպ բան էր։ Իր օրերի բարոյական վիճակի մասին խոսելիս Սողոմոնը գրեց. «Մեկ արդար տղամարդ գտա հազարի մեջ, բայց հազար կանանց մեջ մեկ արդարի էլ չգտա։ Ահա միայն սա եմ գտել, որ ճշմարիտ Աստված մարդկանց ուղղամիտ է ստեղծել, բայց նրանք բազում այլ ծրագրեր են որոնել» (Ժող. 7։26–29)։ Բարոյական չափանիշներն այնքան էին ընկել, որ Սողոմոնը եզրակացրեց, որ հազիվ թե գտնվեր մի տղամարդ կամ կին, որ բարոյական բարձր արժեքներ  ունենար *։ Նման անկման պատճառը հիմնականում օտարազգի կանայք էին, ովքեր Բահաղին էին երկրպագում։ Բայց «Երգերի երգը» ստեղծագործությունը, որը Սողոմոնը գրել էր այդ խոսքերն ասելուց մոտ 20 տարի առաջ, ցույց է տալիս, որ տղամարդու և կնոջ միջև կարո՛ղ է անմար սեր լինել։ Այս պոեմում պատկերավոր կերպով նկարագրվում է, թե ինչպիսին է այդ սերը և ինչպես է դրսևորվում։ Եհովայի հավատարիմ ծառաները՝ ամուսնացած թե ամուրի, շատ բան կարող են սովորել անմար սիրո մասին՝ ուշադրությամբ քննելով «Երգերի երգը» գիրքը։

ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐ ԿԱՐՈ՛Ղ Է ԼԻՆԵԼ

3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ կարո՛ղ է իսկական սեր լինել։

3 Կարդա՛ Երգերի երգ 8։6։ Սերը նկարագրելու համար Սողոմոնը գործածում է «Յահի բոց» արտահայտությունը, որը շատ բան է ասում այդ զգացումի մասին։ Իսկական սերը «Յահի բոցն» է այն իմաստով, որ Եհովան է դրա Հեղինակը։ Նա մարդուն ստեղծել է իր պատկերով՝ սիրելու ունակությամբ (Ծննդ. 1։26, 27)։ Աստված առաջին մարդ Ադամի համար ստեղծեց մի գեղեցիկ կին՝ Եվային։ Երբ Ադամը առաջին անգամ տեսավ Եվային, նրա սիրտը ուրախությունից ցնծաց, և նա մղվեց բանաստեղծական գեղեցիկ խոսքեր ասելու։ Անկասկած, Եվան իրեն շատ մտերիմ զգաց Ադամին՝ այն մարդուն, ումից «վերցվել» էր (Ծննդ. 2։21–23)։ Քանի որ Եհովան մարդկանց ստեղծել է սիրելու կարողությամբ, ուստի տղամարդու և կնոջ միջև հարատև ու անմար սերը անհնարին բան չէ։

4, 5. Հակիրճ պատմիր «Երգերի երգում» նկարագրված սիրո պատմությունը։

4 Տղամարդու և կնոջ միջև եղած սերը ուրիշ առանձնահատկություններ էլ ունի։ Դրանցից մի քանիսը հիանալի կերպով նկարագրված են Սողոմոնի՝ «Երգերի երգը» գրքում։ Այստեղ նկարագրվում է Սունամ գյուղից մի աղջկա և մի հովվի սիրո պատմությունը, որը շարադրված է լիբրետոյի, կամ՝ օպերայի սցենարի պես։ Թագավորը հրապուրվում է աղջկա գեղեցկությամբ և իր ծառաներին հրամայում է նրան իր վրան բերել։ Վրանը գտնվում է սունամացի աղջկա եղբայրների խաղողի այգիների մոտակայքում, որոնք աղջիկը պահպանում էր։ Հենց սկզբից պարզ է դառնում, որ նա սիրում է հովվին։ Սողոմոնը փորձում է շահել նրա սերը, սակայն աղջիկն ասում է, որ ուզում է իր սիրեցյալի հետ լինել (Երգ 1։4–14)։ Փնտրելով աղջկան՝ հովիվը մտնում է ճամբար, և նրանք սիրո գեղեցիկ ու քնքուշ խոսքեր են ասում իրար (Երգ 1։15–17

5 Սողոմոնը վերադառնում է Երուսաղեմ՝ իր հետ տանելով սունամացի աղջկան։ Հովիվը գնում է աղջկա հետևից (Երգ 4։1–5, 8, 9)։ Սողոմոնը ամեն ջանք թափում է, որ գերի աղջկան, բայց՝ ապարդյուն (Երգ 6։4–7; 7։1–10)։ Վերջիվերջո թագավորը թույլ է տալիս նրան վերադառնալ տուն։ Պատմությունն ավարտվում է աղջկա խոսքերով, որն իր սիրած տղային ասում է, որ նա, «վիթի» պես, վազի դեպի իրեն (Երգ 8։14

6. Ինչո՞ւ է դժվար հասկանալ, թե ովքեր են «Երգերի երգում» նկարագրված գործող անձինք։

6 Սողոմոնի «Երգերի երգը» բովանդակալից է ու գեղեցիկ լեզվով է շարադրված, սակայն դժվար է հասկանալ, թե ովքեր են երկխոսությունների, մենախոսությունների և նկարագրված երազների գործող անձինք (Երգ 1։1)։ Ինչպես ասվում է աստվածաշնչյան մի բառարանում, գրքի «սյուժեն, պատմությունը, դեպքերի զարգացումը և կերպարները այդքան էլ կարևոր չեն» (The New Interpreter’s Dictionary of the Bible)։ Ուստի Սողոմոնը չի նշել գործող անձանց անունները՝ ցանկանալով շեշտը դնել ստեղծագործության լիրիկական և պոետիկական կողմի վրա։ Մինչդեռ կարելի է իմանալ, թե ով է տվյալ գործող անձը՝ ուշադրություն դարձնելով նրա  խոսքերին և այն բանին, թե ում հետ է նա խոսում։

«ՔՈ ՔՆՔՇԱՆՔՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎՆ ԵՆ, ՔԱՆ ԳԻՆԻՆ»

7, 8. Ի՞նչ կարելի է ասել «Երգերի երգում» գրված քնքշանք արտահայտող խոսքերի վերաբերյալ։ Բեր օրինակներ։

7 Սողոմոնի ստեղծագործությունը լի է երիտասարդ աղջկա և հովվի՝ միմյանց ասված քնքուշ խոսքերով։ Նման խոսքերով քնքշանքներ արտահայտելը հատուկ էր 3000 տարի առաջ ապրած արևելքի բնակիչներին, և գուցե այսօր դրանք մեզ տարօրինակ թվան։ Սակայն մենք կարող ենք հասկանալ դրանց իմաստը, քանի որ գրքում նկարագրված զգացումները անծանոթ չեն մեզ։ Օրինակ՝ հովիվը գովաբանում է իր սիրած աղջկա բարի աչքերը՝ դրանք համեմատելով «աղավնու աչքերի» հետ (Երգ 1։15)։ Իսկ աղջիկը նրա աչքերը նմանեցնում է ոչ թե աղավնու աչքերի, այլ հենց աղավնիների (կարդա՛ Երգերի երգ 5։12)։ Տղայի աչքերի՝ սպիտակ մակերեսով շրջապատված ծիածանաթաղանթն այնքան գեղեցիկ է նրա համար, որ նա ասում է, թե այն ասես կաթի մեջ լողացող աղավնի լինի։

8 Սակայն քնքշանք արտահայտող խոսքերից ոչ բոլորն են վերաբերում ֆիզիկական գեղեցկությանը։ Ուշարդություն դարձնենք, թե ինչ է հովիվն ասում աղջկա խոսելաձևի մասին (կարդա՛ Երգերի երգ 4։7, 11)։ Նա ասում է, որ նրա շուրթերից «խորսխի մեղր է կաթում»։ Ինչո՞ւ է այդպես ասում։ Քանի որ խորսխի մեղրը ավելի քաղցր ու անուշահոտ է, քան քամած մեղրը։ Ուստի երբ հովիվն ասում է՝ «մեղր ու կաթ կա լեզվիդ տակ», նկատի ունի, որ աղջկա խոսքը քաղցր է ու հաճելի։ Հստակ է, ուրեմն, որ երբ նա աղջկան ասում է՝ «դու բոլորովին գեղեցիկ ես.... և արատ չկա քեզանում», միայն նրա արտաքինը նկատի չունի։

9. ա) Ի՞նչ է ներառում ամուսինների միջև եղած սերը։ բ) Ինչո՞ւ է կարևոր, որ կողակիցները սեր արտահայտող խոսքեր ասեն իրար։

9 Եհովային ծառայող անհատների համար ամուսնությունը պարզապես պաշտոնական համաձայնություն կամ համաձայնագիր չէ, որտեղ սերն ու կապվածությունը դեր չունեն։ Քրիստոնյա ամուսիններն իսկապես սիրում են իրար և արտահայտում են իրենց սերը։ Իսկ ինչպիսի՞ն է այդ սերը։ Աստվածաշնչյան սկզբունքներով առաջնորդվո՞ղ սեր է (1 Հովհ. 4։8)։ Հարազատների միջև եղա՞ծ սեր է։ Գուցե մտերիմ ընկերների միջև եղած ջերմ կապվածությո՞ւն է (Հովհ. 11։3)։ Ռոմանտի՞կ սեր է (Առակ. 5։15–20)։ Իրականում ամուսինների միջև եղած իսկական և հարատև սերը պետք է ներառի այս ամենը։ Ամուսինները պետք է խոսքով ու գործով վստահեցնեն, որ սիրում են իրար։ Կողակիցները չպետք է թույլ տան, որ առօրյա գործերի պատճառով ժամանակ չունենան միմյանց սիրո խոսքեր ասելու։ Նման խոսքերը կարող են մեծապես նպաստել այն բանին, որ զույգերը իրենց ապահով ու երջանիկ զգան։ Որոշ մշակույթներում անհատի ապագա կողակցին ընտրում են նրա հարազատները, և տղամարդն ու կինը նախքան ամուսնանալը գրեթե չեն ճանաչում իրար։ Ուստի երբ նրանք սկսում են ճանաչել միմյանց ու նրանց սերն աճում է, լավ կլինի, որ արտահայտեն իրենց զգացմունքները։ Այդպես նրանց փոխհարաբերությունները կամրանան։

10. Ի՞նչ արդյունք կարող է բերել սեր արտահայտող խոսքերը հիշելը։

10 Երբ ամուսինները արտահայտում են իրենց սերը, դա մեկ ուրիշ արդյունք էլ է բերում։ Սողոմոն թագավորը սունամացի աղջկան առաջարկեց «արծաթե զարդերով ոսկե պսակներ»։ Նա ողողեց աղջկան գովաբանություններով՝ ասելով, որ նա «գեղեցիկ է ինչպես լիալուսինը, մաքուր է ինչպես շիկափայլ արեգակը» (Երգ 1։9–11; 6։10)։ Բայց երիտասարդ աղջիկը հավատարիմ մնաց հովվին։ Ի՞նչը զորացրեց և մխիթարեց նրան, երբ նրանք միասին չէին (կարդա՛ Երգերի երգ 1։2, 3)։ Նա հիշում էր հովվի քնքուշ խոսքերը, որոնք իր համար «ավելի լավն էին, քան գինին», որն ուրախացնում է սիրտը։ Տղայի անունը  հիշելը հանգստություն էր բերում աղջկան, ինչպես որ «թափվող յուղը» (Սաղ. 23։5; 104։15)։ Այո՛, սեր ու քնքշանք արտահայտող խոսքերի մասին հաճելի հիշողությունները կարող են վառ պահել սիրո կրակը։ Ուստի անչափ կարևոր է, որ կողակիցները հաճախ սիրո խոսքեր ասեն միմյանց։

ՍԵՐ ՄԻ՛ ԱՐԹՆԱՑՐԵՔ, «ՄԻՆՉԵՎ ՈՐ ԱՅՆ ԻՆՔԸ ՉԱՐԹՆԱՆԱ»

11. Ի՞նչ կարող են սովորել ամուրիները սունամացի աղջկանից, որը Երուսաղեմի դուստրերին երդվել տվեց իր մեջ սեր չարթնացնել։

11 Սողոմոնի «Երգերի երգից» շատ բան կարող են սովորել նաև ամուրի քրիստոնյաները, հատկապես նրանք, ովքեր կողակից են փնտրում։ Սունամացի աղջիկը չէր սիրում Սողոմոնին։ Նա Երուսաղեմի դուստրերին ասաց. «Երդվեք.... որ չեք փորձի սեր արթնացնել կամ բորբոքել իմ մեջ, մինչև որ այն ինքը չարթնանա» (Երգ 2։7; 3։5)։ Ինչո՞ւ։ Քանի որ տեղին չէ ռոմանտիկ զգացումներ զարգացնել առաջին պատահածի հանդեպ։ Ամուսնանալու ցանկություն ունեցող քրիստոնյան իմաստնորեն կվարվի, եթե համբերատար կերպով սպասի նրան, ում իսկապես կկարողանա սիրել։

12. Ինչո՞ւ էր սունամացի աղջիկը սիրում հովվին։

12 Ինչո՞ւ էր սունամացի աղջիկը սիրում հովվին։ Հովիվը գեղեցիկ էր, ինչպես «վիթը», նրա «ձեռքերի մատները» ուժեղ էին, ինչպես «ոսկե գլանները», և նրա ոտքերը գեղեցիկ ու ամուր էին, ինչպես «մարմարյա սյուները»։ Բայց սունամացի աղջըկան չէր գրավել միայն նրա ուժն ու գեղեցկությունը։ Նա սիրում էր Եհովային և գիտեր, որ հովիվը նույնպես սիրում էր Աստծուն և լավ հատկություններ ուներ։ Դա էր պատճառը, որ աղջկա համար հովիվը յուրահատուկ էր, «ինչպես որ խնձորենին է անտառի ծառերի մեջ» (Երգ 2։3, 9; 5։14, 15

13. Ինչո՞ւ էր հովիվը սիրում աղջկան։

13 Իսկ ինչպիսի՞ անձնավորություն էր սունամացի աղջիկը։ Ակներևաբար, նա շատ գեղեցիկ էր, քանի որ գրավել էր թագավորի ուշադրությունը, որն այդ ժամանակ «վաթսուն թագուհիներ, ութսուն հարճեր և անթիվ օրիորդներ» ուներ։ Բայց աղջիկը ինքն իրեն համարում էր «ծովափնյա հարթավայրի» «մի զաֆրան», որը մի հասարակ ծաղիկ է։ Նա շատ համեստ էր ու խոնարհ։ Նա հավատարիմ էր Եհովային։ Ուստի զարմանալի չէ, որ հովվի համար նա յուրահատուկ էր, «ինչպես որ շուշանն է փշոտ մոլախոտերում» (Երգ 2։1, 2; 6։8

14. Ի՞նչ կարող են սովորել ամուսնանալու ցանկություն ունեցող քրիստոնյաները հովվից ու սունամացի աղջկանից։

14 Աստծու Խոսքում հստակ պատվեր է  տրվում ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» (1 Կորնթ. 7։39)։ Ուստի ամուսնանալու ցանկություն ունեցող քրիստոնյան ռոմանտիկ հարաբերություններ չի զարգացնի ոչ Վկա անհատի հետ և կողակից կփնտրի միայն Եհովայի հավատարիմ երկրպագուների մեջ։ Բացի այդ, կյանքում բազմաթիվ դժվարություններ են լինում, ուստի ընտանիքում խաղաղություն պահպանելու և միասնական լինելու համար Աստծու հանդեպ հավատ և նվիրվածություն է անհրաժեշտ, հատկություններ, որոնք հարկավոր է փնտրել ապագա կողակցի մեջ։ Սրանք հենց այն հատկություններն են, որ հովիվն ու աղջիկը գտել էին իրար մեջ։

Քրիստոնյան ռոմանտիկ հարաբերություններ չի զարգացնի ոչ Վկա անհատի հետ (տե՛ս պարբերություն 14)

«ՓԱԿՎԱԾ ՊԱՐՏԵԶ Է» ԻՄ ՀԱՐՍՆԱՑՈՒՆ

15. Ի՞նչ լավ օրինակ է սունամացի աղջիկը այն քրիստոնյաների համար, ովքեր պատրաստվում են ամուսնանալ։

15 Կարդա՛ Երգերի երգ 4։12։ Ինչո՞ւ է հովիվն ասում, որ իր սիրած աղջիկը «փակված պարտեզ» է։ Սովորաբար պարսպապատ կամ ցանկապատ այգի կարելի է մտնել միայն դարպասով կամ դռնով։ Սունամացի աղջիկը նման էր այդպիսի պարտեզի, քանի որ նրա սերը միայն իր ապագա ամուսնու՝ հովվի համար էր։ Թագավորի հրապուրանքներին տեղի չտալով՝ նա փաստեց, որ «պարիսպ» է և ոչ թե ճոճվող «դուռ» (Երգ 8։8–10)։ Սունամացի աղջկա նման՝ քրիստոնյա այն տղամարդիկ ու կանայք, որոնք պատրաստվում են ամուսնանալ, նվիրված են մնում իրենց ապագա կողակցին և իրենց սերը պահում են միայն նրա համար։

16. Ի՞նչ ենք սովորում «Երգերի երգը» գրքից մտերմության շրջանի վերաբերյալ։

16 Երբ գարնանային մի գեղեցիկ օր հովիվը հրավիրում է սունամացի աղջկան իր հետ զբոսնելու, նրա եղբայրները թույլ չեն տալիս նրան գնալ, այլ հանձնարարում են պահպանել իրենց խաղողի այգիները։ Ինչո՞ւ։ Արդյոք նրանք չէի՞ն վստահում իրենց քրոջը և մտածում էին, որ նա անբարոյությո՞ւն կգործի։ Ո՛չ, իրականում նրանք զգուշություն էին դրսևորում, որ իրենց քույրը չկանգնի սխալ գործելու գայթակղության առաջ (Երգ 1։6; 2։10–15)։ Ի՞նչ են սովորում այս դեպքից ամուրի քրիստոնյաները։ Մտերմության շրջանում նրանք պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի իրենց հարաբերությունները մաքուր մնան։ Հարկավոր է խուսափել երկուսով առանձին մնալուց։ Թեև սիրո որոշ արտահայտումներ թույլատրելի են, սակայն քրիստոնյաները պետք է զգույշ լինեն, որ չկանգնեն անբարոյություն գործելու գայթակղության առաջ։

17, 18. Ի՞նչ օգուտներ ստացար Սողոմոնի՝ «Երգերի երգը» գրքից։

17 Սովորաբար, երբ երկու քրիստոնյա ամուսնանում են, նրանք ջերմ սիրով սիրում են իրար։ Եհովան՝ ամուսնության Հիմնադիրը, ուզում է, որ ամուսնությունները հարատև լինեն, ուստի կողակիցները պետք է ձգտեն վառ պահել իրենց սիրո կրակը և այնպիսի մթնոլորտ պահպանել ընտանիքում, որ նրանց սերը անվերջ աճի (Մարկ. 10։6–9

18 Եթե ուզում ես ամուսնանալ, փնտրիր այնպիսի կողակից, որին կկարողանաս իսկապես սիրել։ Եվ երբ գտնես նրան, միասին ջանք թափեք, որ ձեր սերը լինի ուժեղ ու հարատև, այնպիսին, ինչպիսին նկարագրվում է «Երգերի երգը» գրքում։ Ուստի անկախ նրանից՝ փնտրում ես կողակից, թե արդեն ամուսնացած ես, թող որ քո սերը անմար լինի, ինչպես իսկական սերը, որը «Յահի բոցն» է (Երգ 8։6

^ պարբ. 2 Տե՛ս «Դիտարանի» 2007թ. հունվարի 15-ի համարը, էջ 31։