Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2015

Կառուցեք ամուր և երջանիկ ընտանիք

Կառուցեք ամուր և երջանիկ ընտանիք

«Եթե Եհովան չկառուցի տունը, ապա զուր են աշխատում այն կառուցողները» (ՍԱՂ. 127։1ա

1–3. Ի՞նչ դժվարությունների են բախվում ամուսնական զույգերը (տե՛ս 18-րդ էջի նկարը)։

«ԵԹԵ անկեղծորեն ջանքեր թափես և ցույց տաս, որ ուզում ես՝ քո ամուսնությունը հաջող լինի, ապա Եհովան կօրհնի ջանքերդ»,— ասում է մի մարդ, որը 38 տարի է, ինչ երջանիկ ընտանեկան կյանք է վայելում։ Այո՛, ամուսինն ու կինը կարող են երջանիկ լինել և կարող են միմյանց աջակցել դժվարությունների ժամանակ (Առակ. 18։22

2 Զարմանալի չէ, որ ամուսինները «դժվարություններ են ունենում իրենց կյանքում» (1 Կորնթ. 7։28)։ Միայն ամենօրյա հոգսերը բավական են, որ ամուսնական փոխհարաբերություններում լարվածություն առաջանա։ Հնարավոր է՝ նույնիսկ ամենալավ ընտանիքներում խնդիրներ առաջանան, քանի որ ամուսինները անկատարության պատճառով գուցե սխալ գործածեն իրենց լեզուն և վիրավորեն միմյանց զգացմունքները, չհասկանան իրար, ու նրանց միջև տարաձայնություններ լինեն (Հակ. 3։2, 5, 8)։ Բացի այդ, շատ ամուսնական զույգեր լարված աշխատում են և միևնույն ժամանակ հոգ տանում իրենց երեխաների մասին։ Սթրեսի և գերհոգնածության պատճառով ոմանք չեն կարողանում ժամանակ գտնել, որ ամրացնեն իրենց ամուսնությունը։ Ֆինանսական, առողջական և այլ խնդիրների պատճառով ամուսինների սերն ու հարգանքը կարող են նվազել։ Դեռ ավելին, նույնիսկ ամուր թվացող  ամուսնությունները կարող են քանդվել «մարմնի գործերի» պատճառով, ինչպիսիք են պոռնկությունը, անառակ վարքը, թշնամությունները, պառակտումները, խանդը, զայրույթի պոռթկումները և վեճերը (Գաղ. 5։19–21

3 Բացի այդ, այս «վերջին օրերում» մարդիկ եսասիրաբար են վարվում և հարգանք չեն դրսևորում Աստծու հանդեպ։ Նման վարքը թունավորում է ամուսնությունը (2 Տիմոթ. 3։1–4)։ Ամուսինները ստիպված են նաև պայքարելու կատաղի թշնամու հարձակումների դեմ, որը նպատակ ունի քայքայելու ընտանիքները։ Պետրոս առաքյալը նախազգուշացրեց. «Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետ. 5։8; Հայտն. 12։12

4. Ինչպե՞ս է հնարավոր ամուր և երջանիկ ընտանիք ունենալ։

4 Ճապոնիայում ապրող մի մարդ ասում է. «Ես ֆինանսական խնդիրներ ունեի, ինչի պատճառով շատ լարված էի։ Գրեթե չէի հաղորդակցվում կնոջս հետ, ինչի հետևանքով նա էլ էր շատ լարված։ Բացի այդ, վերջերս նա լուրջ առողջական խնդիրներ ունեցավ։ Այս ամենի պատճառով մենք երբեմն վիճում էինք»։ Ամուսնության մեջ որոշ դժվարություններ անխուսափելի են, բայց անհաղթահարելի չեն։ Եհովայի օգնությամբ ամուսինները կարող են ամուր և երջանիկ ընտանիք կառուցել (կարդա՛  Սաղմոս 127։1)։ Քննենք հինգ միջոց, որոնք կօգնեն ունենալու ամուր և հարատև ամուսնական կյանք։ Կտեսնենք նաև, թե ինչպես կարող է սերը ամրացնել ընտանիքը, ինչպես շաղախն է ամուր միացնում շինության աղյուսները։

ԹՈՂ ՈՐ ԵՀՈՎԱՆ ՁԵՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԻ

5, 6. Ի՞նչ կարող են անել ամուսինն ու կինը, որ Եհովան իրենց միության մեջ լինի։

5 Կայուն ամուսնության հիմքը ամուսնության հիմնադրի՝ Եհովայի հանդեպ ունեցած նվիրվածությունն ու հնազանդությունն է (կարդա՛  Ժողովող 4։12)։ Եթե ամուսինն ու կինը հետևեն Եհովայի սիրառատ առաջնորդությանը, ապա նա իրենց միության մեջ կլինի։ Հնում Աստծու ժողովրդին ասվել էր. «Եթե աջ կամ ձախ շեղվես, քո ականջները մի խոսք կլսեն քո հետևից. «Սա՛ է ճանապարհը, սրանո՛վ գնացեք»» (Ես. 30։20, 21)։ Այսօր ամուսինները «լսում են» Եհովայի «խոսքը», երբ միասին կարդում են Աստվածաշունչը (Սաղ. 1։1–3)։ Նրանք կարող են ավելի ամրացնել իրենց փոխհարաբերությունները ընտանեկան երկրպագության միջոցով, որը պետք է լինի հաճելի և հոգևորապես թարմացնող։ Երբ ամուսինները ամեն օր միասին աղոթում են, կառուցում են այնպիսի ընտանիք, որը դիմակայում է Սատանայի աշխարհի դաժան հարձակումներին։

Միասին հոգևոր գործեր անելով՝ ամուսինները կազմում են ամուր և երջանիկ միություն միմյանց և Աստծու հետ (տե՛ս պարբերություն 5, 6)

6 Գերմանիայում ապրող Գարհորտն ասում է. «Երբ դժվարությունների և տարաձայնությունների պատճառով մեր ուրախությունը խամրում է, Աստծու Խոսքն օգնում է մեզ համբերատարություն զարգացնելու և ներողամիտ լինելու։ Այս հատկություններն անհրաժեշտ են հաջող ամուսնություն ունենալու համար»։ Միասին հոգևոր գործեր անելով՝ ամուսինները կազմում են ամուր և երջանիկ միություն միմյանց և Աստծու հետ։

ԱՄՈՒՍԻՆՆԵ՛Ր, ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՔ

7. Ինչպե՞ս պետք է ամուսինները գործադրեն իրենց գլխավորությունը։

7 Ամուր և երջանիկ ընտանիք կառուցելու հարցում մեծ դեր ունի այն, թե ինչպես է ամուսինը դրսևորում իր գլխավորությունը։ Աստվածաշունչն ասում է. «Ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը տղամարդն է» (1 Կորնթ. 11։3)։ Այս խոսքերի համատեքստը ցույց է տալիս, որ ամուսինները պետք է իրենց կանանց հետ վարվեն այնպես, ինչպես Քրիստոսն էր վարվում իր աշակերտների հետ։ Հիսուսը բռնակալ ու կոպիտ չէր, նա սիրող էր, բարի, ողջամիտ, հեզ ու սրտով խոնարհ (Մատթ. 11։28–30

8. Ինչպե՞ս կարող է ամուսինը շահել կնոջ սերն ու հարգանքը։

 8 Քրիստոնյա ամուսինները չպետք է անդադար պահանջեն, որ իրենց կանայք հարգանք դրսևորեն իրենց հանդեպ։ Փոխարենը՝ նրանք պետք է «ձգտեն հասկանալ նրանց» և «պատիվ [տան].... որպես ավելի փխրուն անոթի» (1 Պետ. 3։7)։ Երբ ամուսինը թե՛ մարդկանց ներկայությամբ, թե՛ առանձին հարգալից է խոսում իր կնոջ հետ և հոգատարություն է դրսևորում նրա հանդեպ, ցույց է տալիս, որ նա թանկ է իր համար (Առակ. 31։28)։ Նման ձևով գլխավորություն գործադրելով՝ ամուսինը կշահի կնոջ սերն ու հարգանքը, և Եհովան կօրհնի նրանց միությունը։

ԿԱՆԱ՛ՅՔ, ԽՈՆԱՐՀԱԲԱՐ ՀՊԱՏԱԿՎԵՔ

9. Ինչպե՞ս կարող է կինը խոնարհաբար հպատակվել իր ամուսնուն։

9 Եհովայի հանդեպ անեսասեր և սկզբունքային սերը օգնում է մեզ բոլորիս խոնարհվելու նրա հզոր ձեռքի տակ (1 Պետ. 5։6)։ Կարևոր կերպերից մեկը, որով կինը հարգանք է դրսևորում Եհովայի իշխանության հանդեպ, այն է, որ նա համագործակցում է իր ամուսնու հետ և աջակցում է նրան։ Աստվածաշնչում կարդում ենք. «Կանա՛յք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Քրիստոսի հետևորդներին» (Կող. 3։18)։ Իրականում, ամուսնու ոչ բոլոր որոշումներն են հաճելի լինում կնոջը, բայց եթե դրանք չեն հակասում Աստծու օրենքներին, հնազանդ կինը պատրաստակամորեն թիկունք է կանգնում ամուսնուն (1 Պետ. 3։1

10. Ինչո՞ւ է կարևոր, որ կինը, սիրուց մղված, հնազանդվի ամուսնուն։

10 Կինը պատվավոր տեղ ունի ընտանեկան կառույցում. նա ամուսնու «ընկերն» է (Մաղ. 2։14)։ Ընտանիքին առնչվող որոշումներ կայացնելու հարցում նա անգնահատելի ներդրում կունենա, եթե հարգալից կերպով արտահայտի իր մտքերն ու զգացմունքները և միևնույն ժամանակ պատրաստ լինի հպատակվելու։ Իսկ իմաստուն ամուսինը ուշադրությամբ կլսի կնոջը (Առակ. 31։10–31)։ Երբ կինը, սիրուց մղված, հնազանդվում է ամուսնուն, ընտանիքում լինում է ուրախություն, խաղաղություն և ներդաշնակություն։ Արդյունքում, ամուսինն ու կինը բավարարվածության զգացում են ունենում այն բանի գիտակցումից, որ հաճեցնում են Աստծուն (Եփես. 5։22

 ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՄԵԾԱՀՈԳԱԲԱՐ ՆԵՐԵԼ ԻՐԱՐ

11. Ինչո՞ւ է կարևոր ներողամիտ լինել։

11 Հարատև ամուսնություն կառուցելու միջոցներից մեկը ներողամիտ լինելն է։ Ամուսնական միությունը ամրանում է, երբ ամուսինն ու կինը «շարունակում [են] համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կող. 3։13)։ Բայց երբ զույգերը չեն ուզում մոռանալ նախկին սխալները և դրանք օգտագործում են միմյանց դեմ, նրանց միության հիմքերը խարխլվում են։ Երբ կողակիցները վիրավորվածության զգացումն ու բարկությունը պահում են իրենց սրտում, նրանց համար գնալով ավելի դժվար է լինում ներելը։ Իսկ այդպիսի զգացումները թուլացնում են ամուսնական փոխհարաբերությունները, ինչպես որ ճաքերն են թուլացնում շինությունը։ Բայց երբ ամուսինն ու կինը ներում են միմյանց, ինչպես որ Եհովան է ներում իրենց, նրանց փոխհարաբերություններն ամրանում են (Միք. 7։18, 19

12. Ինչպե՞ս է սերը «ծածկում.... բազմաթիվ մեղքերը»։

12 Իսկական սերը «վիրավորանքները չի հաշվում»։ Իրականում այն «ծածկում է բազմաթիվ մեղքերը» (1 Կորնթ. 13։4, 5; կարդա՛  1 Պետրոս 4։8)։ Այլ կերպ ասած՝ սերը սահմաններ չի դնում, թե քանի անգամ կարող ենք ներել։ Երբ Պետրոս առաքյալը Հիսուսին հարցրեց, թե քանի անգամ պետք է ների իր մերձավորին, նա պատասխանեց. «Մինչև յոթանասունյոթ անգամ» (Մատթ. 18։21, 22)։ Այդպես Հիսուսը ցույց տվեց, որ սահմանված թիվ չկա, թե քրիստոնյան քանի անգամ պետք է ների ուրիշներին (Առակ. 10։12) *։

13. Ինչպե՞ս կարող ենք պայքարել չներելու հակման դեմ։

13 Անետ անունով մի քույր ասում է. «Երբ ամուսինները չեն ուզում ներել միմյանց, վիրավորվածությունն ու անվստահությունը մեծանում են, և դրանք քայքայում են ամուսնությունը։ Իսկ ներողամիտ լինելը ամրացնում է ամուսնական կապը և մտերմացնում ամուսիններին»։ Չներելու հակման դեմ պայքարելու համար ձգտիր լինել երախտագետ և ցույց տուր, որ գնահատում ես կողակցիդ։ Առիթներ փնտրիր նրան անկեղծորեն գովելու (Կող. 3։15)։ Ներողամտություն դրսևորելու շնորհիվ դուք կունենաք մտքի խաղաղություն, կլինեք միասնական և բազմաթիվ օրհնություններ կստանաք Աստծուց (Հռոմ. 14։19

ԿԻՐԱՌԻՐ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ

14, 15. Ի՞նչ է Ոսկե կանոնը, և ինչպե՞ս է այն կիրառելը անդրադառնում ամուսնության վրա։

14 Անկասկած ուզում ես, որ մարդիկ հարգեն քեզ ու քո արժանապատվությունը։ Քեզ դուր է գալիս, երբ նրանք հասկանում են քեզ և հաշվի են առնում քո զգացմունքները։ Իսկ լսե՞լ ես, որ ասում են. «Ես հիմա նրա հետ կվարվեմ այնպես, ինչպես ինքը վարվեց ինձ հետ»։ Ճիշտ է, երբեմն նման արձագանքը գուցե նորմալ թվա, բայց Աստվածաշունչն ասում է. «Մի՛ ասա. «Ինչպես որ նա ինձ արեց, այնպես էլ ես եմ նրան անելու»» (Առակ. 24։29)։ Հիսուսը խնդիրները լուծելու ավելի լավ միջոց առաջարկեց։ Նա վարքի մի կանոն սահմանեց, որը շատ հայտնի է և կոչվում է Ոսկե կանոն. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Ղուկ. 6։31)։ Հիսուսն ուզում էր ասել, որ մենք պետք է մարդկանց հետ վարվենք այնպես, ինչպես կուզենք, որ նրանք մեզ հետ վարվեն և չարին չարով չհատուցենք։ Ամուսնության մեջ դա նշանակում է փոխհարաբերությունների մեջ սերմանել այն, ինչ կուզենք հնձել։

15 Ամուսինները ամրացնում են իրենց փոխհարաբերությունները, երբ հաշվի են առնում կողակցի զգացմունքները։ Հարավաֆրիկյան Հանրապետությունից մի մարդ  ասում է. «Ես ու կինս փորձում ենք կիրառել Ոսկե կանոնը։ Ճիշտ է, լինում են պահեր, երբ վիրավորված ենք լինում, բայց ամեն ջանք թափում ենք, որ միմյանց հետ վարվենք այնպես, ինչպես կուզեինք, որ մեզ հետ վարվեն՝ հարգանքով և արժանապատվությամբ»։

16. Ի՞նչ չպետք է անեն կողակիցները։

16 Ուրիշների մոտ մի՛ խոսիր կողակցիդ թերությունների մասին։ Նրա կամ ուրիշների մոտ անընդհատ մի՛ դժգոհիր նրա բնավորության այն գծերից, որոնք նյարդայնացնում են քեզ։ Նույնիսկ կատակով այդպիսի բաներ մի՛ ասա։ Հիշիր՝ ամուսնությունը մրցադաշտ չէ, որտեղ կարելի է պարզել, թե ով է ավելի ուժեղ, թե ով կարող է ավելի բարձր բղավել, կամ թե ով կարող է խոսքով ավելի շատ ցավեցնել։ Ճիշտ է, բոլորս էլ թերություններ ունենք և երբեմն ցավ ենք պատճառում ուրիշներին։ Բայց ոչինչ չի կարող արդարացնել միմյանց հետ հեգնանքով խոսելը, իրար ստորացուցիչ խոսքեր ասելը կամ, որ ավելի վատ է, հրելը կամ հարվածելը (կարդա՛  Առակներ 17։27; 31։26

17. Ինչպե՞ս կարող են ամուսինները ապրել Ոսկե կանոնի համաձայն։

17 Որոշ մշակույթներում այն ամուսինները, որոնք ճնշում են իրենց կանանց կամ բռնություն գործադրում, համարվում են ուժեղ տղամարդ։ Բայց Աստվածաշունչն ասում է. «Նա, ով չի շտապում բարկանալ, հզոր մարդուց լավ է, և իր ոգին զսպողը քաղաքը գրավողից է լավ» (Առակ. 16։32)։ Մեծ բարոյական ուժ է հարկավոր «ոգին զսպելու» համար, ինչպես որ մեծագույն մարդ Հիսուս Քրիստոսն էր անում։ Այն մարդը, ով խոսքով վիրավորում է իր կնոջը կամ ֆիզիկական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, իրականում թույլ անձնավորություն է։ Նա կկորցնի Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունները։ Սաղմոսերգու Դավիթը, որն ուժեղ և քաջ մարդ էր, գրեց. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք։ Խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք» (Սաղ. 4։4

«ՍԵՐԸ ՀԱԳԵՔ»

18. Ինչո՞ւ է կարևոր շարունակ սեր զարգացնել։

18 Կարդա՛ 1 Կորնթացիներ 13։4–7։ Սերը ամենակարևոր հատկությունն է ամուսնական փոխհարաբերություններում։ «Հագեք խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը։ Այս ամենից բացի, սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (Կող. 3։12, 14)։ Անձնազոհ սերը, ինչպիսին որ դրսևորեց Քրիստոսը, ամրացնում է ընտանիքը, ինչպես շաղախն է ամուր միացնում աղյուսները իրար։ Այդ սիրո շնորհիվ ամուսնական միությունը չի թուլանում կողակցի նյարդայնացնող բնավորության գծերի, առողջական և ֆինանսական խնդիրների, ինչպես նաև կողակցի հարազատների հետ ունեցած դժվարությունների պատճառով։

19, 20. ա) Ինչպե՞ս կարող են ամուսինները կառուցել ամուր և երջանիկ ընտանիք։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

19 Հաջող ամուսնության համար պետք են սիրուց բխող նվիրվածություն, հավատարմություն և անկեղծ ջանքեր։ Դժվարությունների հանդիպելիս, թևաթափ լինելու փոխարեն, ամուսինները պետք է ամեն ջանք թափեն, որ իրենց հարաբերությունները լինեն ոչ թե հանդուրժելի, այլ ջերմ և ամուր։ Եհովային և միմյանց նվիրված ամուսինները, Աստծու և իրար հանդեպ սիրուց մղված, հաղթահարում են դժվարությունները, քանի որ «սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթ. 13։8; Մատթ. 19։5, 6; Եբր. 13։4

20 Ամուր և երջանիկ ամուսնություն կառուցելը դժվար է հատկապես այս «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթ. 3։1)։ Բայց Եհովայի օգնությամբ դա հնարավոր է։ Ու քանի որ աշխարհում բարոյականությունը սարսափելի անկում է ապրում, ամուսինները ստիպված են նաև պայքարելու, որ դա ազդեցություն չունենա իրենց ամուսնության վրա։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող են ամուսինն ու կինը ամրացնել իրենց միությունը, որ չընկնեն անբարոյության ծուղակը։

^ պարբ. 12 Ճիշտ է, ամուսինները ձգտում են ներել իրար և միասին հաղթահարել իրենց դժվարությունները, բայց Աստվածաշունչն ասում է, որ եթե կողակիցներից մեկը դավաճանում է մյուսին, ապա անմեղ կողակիցը կարող է որոշել ներել նրան կամ ամուսնալուծվել (Մատթ. 19։9)։ Տե՛ս «Մնա Աստծու սիրո մեջ» գրքի 219–221-րդ էջերի հավելվածը։