Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հունվար 2015

Ինչո՞ւ ենք նշում Տիրոջ ընթրիքը

Ինչո՞ւ ենք նշում Տիրոջ ընթրիքը

«Սա արեք ինձ հիշելու համար» (1 ԿՈՐՆԹ. 11։24

1, 2. Ի՞նչ արեց Հիսուսը 33թ. նիսանի 14-ին (տե՛ս 13-րդ էջի նկարը)։

33ԹՎԱԿԱՆԻ նիսանի 14-ն էր։ Մութն արդեն ընկել էր, և լիալուսնի շողերը ողողել էին Երուսաղեմը։ Հիսուսն ու իր առաքյալները արդեն նշել էին Պասեքը, որը հիշեցնում էր, թե ինչպես 1500 տարի առաջ իսրայելացիները ազատագրվեցին եգիպտական լծից։ Այժմ Հիսուսն իր 11 հավատարիմ առաքյալների հետ է և հաստատում է հատուկ ընթրիք, որը նշելով՝ իր հետևորդները հետագայում պետք է հիշեին իր մահը * (Մատթ. 26։1, 2

2 Հիսուսը վերցրեց անթթխմոր հացը, օրհնեց այն և փոխանցեց առաքյալներին՝ ասելով. «Վերցրե՛ք, կերե՛ք»։ Հետո վերցրեց գինով բաժակը, շնորհակալություն հայտնեց Աստծուն և ասաց. «Բոլորդ խմեք դրանից» (Մատթ. 26։26, 27)։ Հացն ու գինին հատուկ նշանակություն ունեին, և Հիսուսը դեռ շատ բան ուներ ասելու իր հավատարիմ հետևորդներին այդ հիշարժան օրը։

3. Ի՞նչ հարցեր ենք քննելու այս հոդվածում։

3 Այդպես Հիսուսը հաստատեց իր մահվան Հիշատակի երեկոն, որը կոչվում է նաև «Տիրոջ ընթրիք» (1 Կորնթ. 11։20)։ Այս հոդվածում կքննենք հետևյալ հարցերը. ինչո՞ւ պետք է նշենք Հիսուսի մահը, ի՞նչ են խորհրդանշում հացն ու գինին, ինչպե՞ս կարող ենք  պատրաստվել Հիշատակի երեկոյին, ովքե՞ր կարող են օգտվել խորհրդանիշներից, և ինչպե՞ս են քրիստոնյաները ցույց տալիս, որ բարձր են գնահատում իրենց հույսը։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՆՇՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ

4. Ինչի՞ հնարավորություն տվեց մեզ Հիսուսի մահը։

4 Լինելով Ադամի հետնորդները՝ մենք մեղք ու մահ ենք ժառանգել նրանից (Հռոմ. 5։12)։ Ոչ մի անկատար մարդ չի կարող իր կամ ուրիշների կյանքի համար փրկանք տալ Աստծուն (Սաղ. 49։6–9)։ Բայց Հիսուսը իր մահով վճարեց միակ ընդունելի փրկագինը՝ իր կատարյալ մարմինը և թափած արյունը։ Փրկանքը Աստծուն ներկայացնելով՝ նա մեզ հնարավորություն տվեց ազատվելու մեղքից ու մահից և ստանալու հավիտենական կյանքի պարգևը (Հռոմ. 6։23; 1 Կորնթ. 15։21, 22

5. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստված ու Քրիստոսը սիրում են մարդկանց։ բ) Ինչո՞ւ պետք է ներկա լինենք Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին։

5 Փրկանքը տալով՝ Աստված ցույց տվեց, որ սիրում է մարդկանց (Հովհ. 3։16)։ Հիսուսը նույնպես սիրում է մարդկանց, ինչը երևում է նրանից, որ նա իր կյանքը տվեց նրանց համար։ Դեռևս այն ժամանակ, երբ Հիսուսը «[Աստծու] կողքին հմուտ վարպետ» էր, «այն, ինչ ուրախացնում էր [նրան], մարդկանց որդիներին էր առնչվում» (Առակ. 8։30, 31)։ Աստծու և նրա Որդու հանդեպ երախտագիտության զգացումը մղում է մեզ ներկա լինելու Հիշատակի երեկոյին։ Այդպես մենք հնազանդվում ենք հետևյալ պատվերին. «Սա արեք ինձ հիշելու համար» (1 Կորնթ. 11։23–25

Ի՞ՆՉ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ

6. Ի՞նչ գիտենք Հիշատակի երեկոյի հացի և գինու մասին։

6 Հիշատակի երեկոն հաստատելիս Հիսուսը հացն ու գինին հրաշքով չվերածեց մարմնի ու արյան։ Նա հացի մասին ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը»։ Իսկ գինու վերաբերյալ ասաց. «Սա խորհրդանշում է իմ «արյունը ուխտի», որ թափվելու է շատերի համար» (Մարկ. 14։22–24)։ Հստակ է, ուրեմն, որ հացն ու գինին պարզապես խորհրդանիշներ էին։

7. Ի՞նչ է ներկայացնում Հիշատակի երեկոյին օգտագործվող հացը։

7 33թ. այդ շատ կարևոր իրադարձության ժամանակ Հիսուսն օգտագործեց Պասեքի ընթրիքից մնացած անթթխմոր հացը (Ելք 12։8)։ Աստվածաշնչում թթխմորը երբեմն խորհրդանշում է ապականություն և մեղք (Մատթ. 16։6, 11, 12; Ղուկ. 12։1)։ Ուստի տեղին էր, որ Հիսուսը անթթխմոր հաց օգտագործեց, քանի որ այն ներկայացնում էր մեղքից զերծ իր մարմինը (Եբր. 7։26)։ Դա է պատճառը, որ Հիշատակի երեկոյին այդպիսի հաց է օգտագործվում։

8. Ի՞նչ է խորհրդանշում գինին։

8 Այն գինին, որը Հիսուսը օգտագործեց 33թ. նիսանի 14-ին, ներկայացնում էր նրա արյունը։ Այսօր նույնպես Հիշատակի երեկոյի ժամանակ օգտագործվող գինին խորհրդանշում է Հիսուսի արյունը։ Նրա արյունը թափվեց մարդկանց «մեղքերի ներման» համար, երբ նա մահացավ Գողգոթա կոչվող վայրում, որը գտնվում էր Երուսաղեմից դուրս (Մատթ. 26։28; 27։33)։ Մենք տեսանք, որ Հիշատակի երեկոյի հացն ու գինին խորհրդանշում են Հիսուսի թանկարժեք զոհը, որը նա տվեց հօգուտ հնազանդ մարդկության։ Մենք շատ բարձր ենք գնահատում այդ զոհը, ուստի տեղին կլինի, որ անհատապես նախապատրաստվենք Տիրոջ ընթրիքին, որը նշվում է ամեն տարի։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

9. ա) Ինչո՞ւ է կարևոր կարդալ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող օրերի համար նախատեսված սուրբգրային համարները։ բ) Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես փրկանքի մասին։

9 «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկում բերված են աստվածաշնչյան համարներ, որոնք նախատեսված են Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող օրերին ընթերցելու համար։ Դրանք  ընթերցելիս կարող ենք խորհրդածել այն մասին, թե ինչ է արել Հիսուսը իր մահից առաջ։ Այդպես կպատրաստենք մեր սիրտը Տիրոջ ընթրիքին *։ Մի քույր գրեց. «Մենք անհամբերությամբ ենք սպասում Հիշատակի երեկոյին։ Ամեն տարի այն ինձ համար ավելի յուրահատուկ է դառնում։ Հիշում եմ՝ կանգնած էի հուղարկավորության սրահում.... նայում էի իմ սիրելի հայրիկին և մտածում, թե իրականում որքան մեծ արժեք ունի փրկանքը.... Ես գիտեի բոլոր սուրբգրային համարները և գիտեի, թե ինչպես բացատրել դրանք։ Բայց միայն այն ժամանակ հասկացա, թե ինչ է իրագործվելու այդ անգին փրկանքի շնորհիվ, երբ բախվեցի մահվան դաժան իրականությանը, և սիրտս սկսեց ուրախությունից ցնծալ»։ Իրոք որ արժե Հիշատակի երեկոյին նախապատրաստվելիս խորհրդածել այն մասին, թե ինչպես է Հիսուսի զոհը ազատագրում մեզ մեղքի ու մահվան ճիրաններից։

Սիրտդ պատրաստիր Հիշատակի երեկոյին (տե՛ս պարբերություն 9)

10. Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստվենք Հիշատակի երեկոյին։

10 Հիշատակի երեկոյին նախապատրաստվելիս կարելի է նաև պլաններ կազմել ծառայությունը ընդլայնելու համար։ Օրինակ՝ Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող ամիսներին կարելի է ենթառահվիրա ծառայել և հնարավորինս շատ մարդկանց հրավիրել այս հատուկ միջոցառմանը։ Երբ մարդկանց պատմում ենք Աստծու, նրա Որդու և այն օրհնությունների մասին, որ ստանալու են նրանք, ովքեր հաճեցնում և փառաբանում են Եհովային, մեծ ուրախություն ենք ստանում (Սաղ. 148։12, 13

11. Ինչո՞ւ Պողոսը գրեց, որ որոշ կորնթացիներ «անարժան կերպով» էին օգտվում խորհրդանիշներից։

11 Տիրոջ ընթրիքին նախապատրաստվելիս խորհրդածիր Կորնթոսի ժողովին գրած Պողոսի խոսքերի շուրջ (կարդա՛  1 Կորնթացիներ 11։27–34)։ Պողոսը նշեց, որ եթե ինչ-որ մեկը «անարժան կերպով» ուտի հացը և խմի գինին, «հանցավոր կլինի Տիրոջ [Հիսուս Քրիստոսի] մարմնի և արյան նկատմամբ»։ Ուստի օծյալ քրիստոնյան պետք է, «իրեն քննելով, նախ հավաստիանա, որ արժանի է», և հետո միայն օգտվի խորհրդանիշներից։ Հակառակ դեպքում՝ նա «իր վրա դատապարտություն է բերում»։ Կորնթացի շատ քրիստոնյաներ սխալ վարք դրսևորելու պատճառով «թույլ էին ու հիվանդ.... շատերն էլ [հոգևորապես] մեռած էին»։ Հավանաբար, ոմանք այնքան շատ էին ուտում ու խմում նախքան Հիշատակի երեկոն կամ  հենց Երեկոյի ընթացքում, որ մտային և հոգևոր առումով սթափ չէին լինում։ Նման անպատշաճ ձևով խորհրդանիշներից օգտվելով՝ նրանք անհարգալից վերաբերմունք էին դրսևորում այդ միջոցառման հանդեպ և Աստծու բարկությունն էին բերում իրենց վրա։

12. ա) Պողոսն ինչի՞ն նմանեցրեց Հիշատակի երեկոն և ի՞նչ նախազգուշացում տվեց մասնակիցներին։ բ) Ի՞նչ պետք է անի խորհրդանիշներից օգտվողը, եթե լուրջ մեղք է գործել։

12 Պողոսը Հիշատակի երեկոյին մասնակցելը համեմատեց ճաշի սեղանից օգտվելու հետ և մասնակիցներին զգուշացրեց՝ ասելով. «Չեք կարող խմել և՛ Եհովայի բաժակից, և՛ դևերի բաժակից. չեք կարող օգտվել և՛ «Եհովայի սեղանից», և՛ դևերի սեղանից» (1 Կորնթ. 10։16–21)։ Եթե Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից օգտվող օծյալ քրիստոնյան լուրջ մեղք է գործել, պետք է հոգևոր օգնություն փնտրի (կարդա՛  Հակոբոս 5։14–16)։ Եթե նա «զղջմանը համապատասխան պտուղներ է բերում», ապա Հիսուսի զոհի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորած չի լինի, եթե օգտվի խորհրդանիշներից (Ղուկ. 3։8

13. Ինչո՞ւ օգտակար կլինի աղոթքով խորհրդածել մեր ունեցած հույսի մասին։

13 Հիշատակի երեկոյին պատրաստվելիս օգտակար կլինի նաև աղոթքով խորհրդածել Աստծուց ստացած մեր հույսի շուրջ։ Եհովային նվիրված ծառաներից և նրա Որդու հավատարիմ հետևորդներից ոչ ոք չի ցանկանա անհարգալից վերաբերմունք դրսևորել Հիսուսի զոհի հանդեպ։ Ուստի նա չի օգտվի խորհրդանիշներից, եթե լիովին համոզված չլինի, որ օծյալ է։ Իսկ ինչպե՞ս անհատը կարող է իմանալ՝ օգտվի՞ խորհրդանիշներից, թե՞ ոչ։

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻՑ

14. Ինչո՞ւ են օծյալները օգտվում խորհրդանիշներից։

14 Այն քրիստոնյաները, որոնք կարող են օգտվել խորհրդանիշներից, լիովին համոզված են, որ մտնում են նոր ուխտի մեջ։ Գինու վերաբերյալ Հիսուսն ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա» (1 Կորնթ. 11։25)։ Երեմիա մարգարեի միջոցով Աստված մարգարեացել էր, որ նոր ուխտ էր հաստատելու, որը տարբերվելու էր իսրայելացիների հետ կապած Օրենքի ուխտից (կարդա՛  Երեմիա 31։31–34)։ Աստված այդ նոր ուխտը կապեց հոգևոր Իսրայելի անդամների՝ օծյալների հետ (Գաղ. 6։15, 16)։ Այն հաստատվեց քավիչ զոհի շնորհիվ՝ Քրիստոսի թափած արյան հիման վրա (Ղուկ. 22։20)։ Հիսուսը նոր ուխտի Միջնորդն է։ Այս նոր ուխտի մեջ մտած հավատարիմ օծյալները երկնային ժառանգություն են ստանալու (Եբր. 8։6; 9։15

15. Ովքե՞ր են մտնում Թագավորության ուխտի մեջ, և ի՞նչ առանձնաշնորհում նրանք կունենան, եթե հավատարիմ մնան։

15 Օծյալները գիտեն, որ իրենք նաև Թագավորության ուխտի մեջ են մտնում (կարդա՛  Ղուկաս 12։32)։ Այս ուխտը Հիսուսը կնքել էր իր հավատարիմ օծյալ հետևորդների հետ, որոնք մասնակից էին եղել իր չարչարանքներին (Փիլիպ. 3։10)։ Թագավորության ուխտի անդամներ լինելով՝ հավատարիմ օծյալները Քրիստոսի հետ հավիտյան թագավորելու են երկնքում (Հայտն. 22։5)։ Այս քրիստոնյաները Հիշատակի երեկոյի ժամանակ իրավամբ օգտվում են խորհրդանիշներից։

16. Հակիրճ բացատրիր Հռոմեացիներ 8։15–17 համարները։

16 Խորհրդանիշներից կարող են օգտվել միայն նրանք, ովքեր սուրբ ոգու կողմից վկայություն են ստացել, որ Աստծու զավակներն են (կարդա՛  Հռոմեացիներ 8։15–17)։ Ուշագրավ է, որ Պողոսը օգտագործում է արամերեն «Աբբա» բառը, որը նշանակում է «Օ՜, Հայր»։ Երեխան այս բառով կարող է դիմել իր հորը, քանի որ դա հորն ուղղված մտերմիկ և հարգալից դիմելաձև է։ Նրանք, ովքեր «որդեգրության ոգի» են ստացել, Աստծու՝ ոգուց ծնված զավակներն են։ Աստծու ոգին վկայություն է տալիս նրանց ոգու հետ, և նրանք հասկանում են, որ Եհովայի օծյալ որդիներն են։  Նրանք ոչ թե չեն ուզում ապրել երկրի վրա, այլ համոզված են, որ, եթե մինչև մահ հավատարիմ մնան, ապա երկնային Թագավորության մեջ կլինեն Հիսուսի թագավորակիցները։ Այսօր երկրի վրա միայն մի փոքր խումբ է մնացել 144000 հավատարիմներից, որոնք օծված են «սուրբ Աստծու կողմից» (1 Հովհ. 2։20; Հայտն. 14։1)։ Աստծու ոգու միջոցով նրանք բացականչում են «Ա՛բբա, Հա՛յր», ինչը ցույց է տալիս, որ շատ մտերիմ փոխհարաբերություններ են վայելում Եհովայի հետ։

ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏԻՐ ՔՈ ՈՒՆԵՑԱԾ ՀՈՒՅՍԸ

17. Ի՞նչ հույս ունեն օծյալները և ինչպե՞ս են հասկանում, որ օծյալ են։

17 Եթե օծյալ քրիստոնյա ես, անշուշտ, քո երկնային հույսի մասին հաճախ ես աղոթում։ Երբ Աստվածաշնչում կարդում ես երկնային Փեսայի՝ Հիսուս Քրիստոսի հետ «նշանված» լինելու մասին, կարդացածդ խոսքերը քեզ ես վերագրում և սպասում ես «հարսանիքին» (2 Կորնթ. 11։2; Հովհ. 3։27–29; Հայտն. 21։2, 9–14)։ Երբ կարդում ես այն մասին, թե ինչպես է Աստված արտահայտում իր սերը իր հոգևոր զավակների հանդեպ, ասում ես. «Սա ինձ է ուղղված»։ Եվ երբ Աստծու Խոսքում հրահանգներ ես կարդում՝ ուղղված օծյալ որդիներին, սուրբ ոգին մղում է քեզ հնազանդվելու դրանց, և սրտումդ ասում ես. «Սա ինձ է վերաբերում»։ Այսպիսով՝ Աստծու ոգին և քո ոգին միասին վկայություն են տալիս, որ դու երկնային կյանքի հույս ունես։

18. Լինելով «մեծ բազմության» անդամ՝ ի՞նչ հույս ունես դու և ինչպե՞ս ես վերաբերվում այդ հույսին։

18 Եթե «ուրիշ ոչխարների» մաս կազմող «մեծ բազմության» անդամ ես, ապա դա նշանակում է, որ Աստված քեզ երկրային կյանքի հույս է տվել (Հայտն. 7։9; Հովհ. 10։16)։ Դու ցանկանում ես հավիտյան ապրել երկրի վրա՝ դրախտում, և ուրախություն ես ստանում՝ խորհրդածելով այն մասին, թե ինչ է Աստվածաշունչն ասում ապագա կյանքի վերաբերյալ։ Դու անհամբերությամբ սպասում ես այն ժամանակներին, երբ ընտանիքիդ անդամների և մյուս արդար մարդկանց հետ ապրելու ես խաղաղ աշխարհում, որտեղ չեն լինի սով, աղքատություն, տառապանք, հիվանդություն և մահ (Սաղ. 37։10, 11, 29; 67։6; 72։7, 16; Ես. 33։24)։ Սիրտդ լցվում է մեծ հուզմունքով, երբ մտածում ես, թե ինչպես ես դիմավորելու հարություն առածներին, որոնք երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար են ունենալու (Հովհ. 5։28, 29)։ Անկասկած, անչափ երախտապարտ ես Եհովային, որ քեզ երկրային կյանքի հույս է տվել։ Թեև դու չես օգտվում խորհրդանիշներից, բայց Հիշատակի երեկոյին ներկա լինելով՝ ցույց ես տալիս, որ գնահատում ես Հիսուս Քրիստոսի քավիչ զոհը։

ՆԵՐԿԱ ԿԼԻՆԵ՞Ս

19, 20. ա) Ո՞ր դեպքում Աստծուց ստացած քո հույսը կիրականանա։ բ) Ինչո՞ւ արժե ամեն ջանք թափել Տիրոջ ընթրիքին ներկա լինելու համար։

19 Անկախ նրանից՝ երկրային կյանքի հույս ունես, թե երկնային, այդ հույսը կիրականանա միայն այն դեպքում, եթե հավատ ընծայես Եհովա Աստծու, Հիսուս Քրիստոսի և փրկանքի հանդեպ։ Ներկա լինելով Հիշատակի երեկոյին՝ կարող ես խորհրդածել քո ունեցած հույսի մասին և այն մասին, թե ինչ մեծ դեր ունի Հիսուսի մահը։ Ջանք թափիր, որ լինես այն միլիոնավոր մարդկանց թվում, որոնք ներկա են լինելու Տիրոջ ընթրիքին։ Այս տարի այն տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ուրբաթ օրը՝ արևամուտից հետո Թագավորության սրահներում և այլ վայրերում։

20 Հիշատակի երեկոյին ներկա լինելը կխորացնի երախտագիտությունդ Հիսուսի քավիչ զոհի հանդեպ։ Ելույթը ուշադիր լսելով՝ դու կմղվես մարդկանց հանդեպ սեր դրսևորելու և նրանց պատմելու այն ամենը, ինչ սովորել ես Եհովայի սիրո և մարդկության հետ կապված նրա մեծ նպատակի մասին (Մատթ. 22։34–40)։ Ամեն ջանք թափիր, որ ներկա լինես Տիրոջ ընթրիքին։

^ պարբ. 1 Եբրայեցիների համար օրը սկսվում էր արևամուտին և ավարտվում էր հաջորդ օրվա արևամուտով։

^ պարբ. 9 Տե՛ս «Աստծու Խոսքի ուսումնասիրության ուղեցույց», մաս 16։