Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2015

Թող Եհովան ամրացնի ու պաշտպանի ձեր ընտանիքը

Թող Եհովան ամրացնի ու պաշտպանի ձեր ընտանիքը

«Եթե Եհովան չպահպանի քաղաքը, ապա զուր է արթուն մնում պահապանը» (ՍԱՂ. 127։1բ

1, 2. ա) Ինչո՞ւ 24000 իսրայելացիներ կորցրին իրենց օրհնությունները։ բ) Ինչո՞ւ է անցյալում տեղի ունեցած այս դեպքը ուշագրավ մեզ համար։

ԻՍՐԱՅԵԼ ազգը Ավետյաց երկրի շեմին էր, երբ հազարավոր իսրայելացիներ «անբարո հարաբերություններ ունեցան Մովաբի աղջիկների հետ»։ Հետևանքը եղավ այն, որ 24000 հոգի կործանվեց Եհովայի ձեռքով։ Միայն պատկերացրու. իսրայելացիները շատ երկար սպասել էին իրենց ժառանգությանը և շուտով պետք է ստանային այն, բայց զրկվեցին սպասվող հիանալի օրհնություններից, քանի որ տրվեցին գայթակղությանը (Թվեր 25։1–5, 9

2 Այս ողբերգական պատմությունը գրվել է «մեզ զգուշացում լինելու համար, որ ապրում ենք այս ժամանակների վերջում» (1 Կորնթ. 10։6–11)։ Այսօր՝ այս «վերջին օրերի» վերջում, Աստծու ծառաները կանգնած են արդար նոր աշխարհի շեմին (2 Տիմոթ. 3։1; 2 Պետ. 3։13)։ Ցավոք, Եհովայի որոշ երկրպագուներ թուլացրել են իրենց զգոնությունը։ Նրանք ընկել են անբարոյության ծուղակը և քաղել այդպիսի վարքի դառը պտուղները։ Նման մարդիկ կարող են կորցնել դրախտային երկրում հավիտյան ապրելու իրենց հնարավորությունը։

3. Ամուսնական զույգերն ինչո՞ւ Եհովայի առաջնորդության և պաշտպանության կարիքն ունեն (տե՛ս 23-րդ էջի նկարը)։

3 Քանի որ այսօր աշխարհը ողողված է անբարոյությամբ, ամուսիններն ու կանայք Եհովայի առաջնորդության և պաշտպանության կարիքն ունեն, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց  ամուսնությունը (կարդա՛  Սաղմոս 127։1)։ Այս հոդվածում կքննենք, թե ամուսնացած անհատներն ինչպես կարող են ամրացնել իրենց ընտանիքը՝ պաշտպանելով իրենց սիրտը, մոտենալով Աստծուն, հագնելով նոր անձնավորությունը, լավ հաղորդակցվելով իրար հետ և իրենց ամուսնական պարտքը տալով։

ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ՍԻՐՏԸ

4. Ի՞նչն է պատճառ եղել, որ որոշ քրիստոնյաներ անբարոյություն են գործել։

4 Ինչպե՞ս կարող է պատահել, որ քրիստոնյան անբարոյություն գործի։ Հաճախ աչքերն են առաջնորդում անհատին դեպի անբարոյություն։ Հիսուսն ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթ. 5։27, 28; 2 Պետ. 2։14)։ Շատ քրիստոնյաներ, որոնք անբարոյություն են գործել, թուլացրել էին բարոյապես մաքուր մնալու հարցում իրենց զգոնությունը՝ դիտելով պոռնկագրություն, կարդալով էրոտիկ գրականություն կամ ինտերնետում դիտելով անբարո, նողկալի նյութեր։ Որոշ քրիստոնյաներ էլ դիտել են սեռական բնույթի բացահայտ տեսարաններ պարունակող ֆիլմեր, ներկայացումներ կամ հեռուստահաղորդումներ։ Ոմանք հաճախել են գիշերային ակումբներ և դիտել են ստրիպտիզ ներկայացումներ կամ այցելել են մերսման սրահներ՝ զգայական մերսում ստանալու համար։

5. Ինչո՞ւ պետք է պաշտպանենք մեր սիրտը։

5 Ոմանք տրվել են գայթակղության, քանի որ ցանկացել են ուշադրություն ստանալ ոչ թե իրենց կողակցից, այլ ուրիշ անհատից։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ ինքնատիրապետում չունեն և հաճույք են ստանում ամեն տեսակի անբարոյությունից։ Ուստի մեր խաբեբա և անհուսալի սիրտը հեշտությամբ կարող է ռոմանտիկ զգացումներ զարգացնել մեկի հանդեպ, ով մեր կողակիցը չէ (կարդա՛  Երեմիա 17։9, 10)։ Հիսուսն ասաց. «Սրտից են դուրս գալիս չար մտքերը, սպանությունները, շնությունները, պոռնկությունները» (Մատթ. 15։19

6, 7. ա) Ինչպե՞ս կարող է խաբեբա սիրտը անհատին մեղքի դրդել։ բ) Ինչպե՞ս կարելի է խուսափել բարոյական անկումից։

6 Երբ անբարո ցանկությունները արմատներ են գցում միմյանցով հրապուրված երկու անհատների սրտում, նրանք թերևս սկսում են քննարկել հարցեր, որոնց մասին պետք է խոսեն միայն իրենց կողակցի հետ։ Այնուհետև նրանք ավելի շատ առիթներ են ստեղծում միասին լինելու համար, և, այսպես ասած, անվնաս ու պատահական հանդիպումները հաճախակի բնույթ են կրում։ Գնալով նրանց զգացումներն ուժգնանում են, իսկ բարոյապես մաքուր մնալու վճռականությունը՝ թուլանում։ Որքան նրանց փոխհարաբերությունները խորանում են, այնքան ավելի դժվար է լինում դրանց վերջ դնելը, նույնիսկ եթե գիտակցում են, որ սխալ են վարվում (Առակ. 7։21, 22

7 Բարոյական չափանիշները պահելու նրանց վճռականությունը աստիճանաբար թուլանում է, քանի որ նրանք, տրվելով սխալ ցանկություններին և վարելով անվայել զրույցներ, սկսում են իրար ձեռք բռնել, համբուրվել, փաղաքշել իրար, կրքեր բորբոքող շոյանքներ տալ միմյանց և սիրո արտահայտման այլ ձևեր թույլ տալ. բաներ, որոնք կարող են լինել միայն կողակիցների միջև։ Ի վերջո նրանք «տարվում և հրապուրվում են իրենց ցանկություններով»։ Երբ ցանկությունը հղիանում է, «մեղք է ծնում», այս դեպքում՝ սեռական անբարոյություն (Հակ. 1։14, 15)։ Որքա՜ն ցավալի է, որ որոշ քրիստոնյաներ նման բարոյական անկում են ապրել, ինչը տեղի չէր ունենա, եթե երկուսն էլ Եհովայի օգնությամբ խորացնեին իրենց հարգանքը ամուսնության սրբության հանդեպ։ Իսկ ինչպե՞ս կարող էին նրանք դա անել։

ՇԱՐՈՒՆԱԿ ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

8. Ինչպե՞ս է Եհովայի հետ մտերմությունը բարոյապես պաշտպանում։

8 Կարդա՛ Սաղմոս 97։10։ Եհովայի հետ մտերմությունը անչափ կարևոր է բարոյապես պաշտպանված լինելու համար։ Երբ  սովորում ենք Աստծու հիանալի հատկությունների մասին, ցանկանում ենք «ընդօրինակել [նրան] սիրելի զավակների պես և շարունակել քայլել սիրո մեջ»։ Արդյունքում մենք վճռական ենք լինում մերժելու «պոռնկություն և ամեն տեսակ անմաքրություն» (Եփես. 5։1–4)։ Եթե ամուսինները հիշեն, «որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին», ամեն ջանք կթափեն, որ իրենց ամուսնությունը պատվական և անպիղծ լինի (Եբր. 13։4

9. ա) Ի՞նչն օգնեց Հովսեփին չտրվելու գայթակղությանը։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել Հովսեփի օրինակից։

9 Աստծու հավատարիմ ծառաներից ոմանք թուլացրել են բարոյական բարձր չափանիշները պահելու իրենց զգոնությունը՝ աշխատանքից հետո շփվելով իրենց ոչ Վկա աշխատակիցների հետ։ Նույնիսկ աշխատանքային ժամերին նրանք կարող են գայթակղության առաջ կանգնել։ Հենց աշխատանքի վայրում էր, որ Հովսեփ անունով մի գեղեցկադեմ երիտասարդ նկատեց, որ իր գործատիրոջ կինը հրապուրված է իրենով։ Ամեն օր այդ կինը փորձում էր գայթակղեցնել Հովսեփին։ Վերջիվերջո նա «բռնեց նրա հանդերձից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»»։ Բայց Հովսեփը փախավ նրանից։ Ի՞նչն օգնեց Հովսեփին նման իրավիճակում բարոյապես մաքուր մնալու։ Նա վճռել էր պահպանել Աստծու հետ ունեցած իր մտերմությունը, ինչի շնորհիվ մաքուր և անարատ մնաց։ Ճիշտ է, Հովսեփը կորցրեց աշխատանքը և անարդարացիորեն բանտ գցվեց, բայց Եհովան օրհնեց նրան (Ծննդ. 39։1–12; 41։38–43)։ Լինի աշխատանքի վայրում, թե մեկ այլ տեղում՝ քրիստոնյաները պետք է խուսափեն այնպիսի իրավիճակներից, որոնցում գուցե անբարոյություն գործելու գայթակղության առաջ կանգնեն։

ՀԱԳԵՔ ՆՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

10. Ինչպե՞ս է նոր անձնավորությունը հագնելը օգնում բարոյապես պաշտպանված լինելու։

10 Նոր անձնավորությունը հագնելը օգնում է ամուսնական զույգերին բարոյապես պաշտպանված լինելու, քանի որ այն ստեղծված է «Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփես. 4։24)։ Նրանք, ովքեր հագնում են նոր անձնավորությունը, «սպանում են» իրենց մարմնի անդամները՝ «կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ» (կարդա՛  Կողոսացիներ 3։5, 6)։ «Սպանել» բառը ցույց է տալիս, որ մենք պետք է վճռական քայլեր ձեռնարկենք մարմնական անբարո ցանկությունների դեմ։ Մենք պետք է խուսափենք ցանկացած բանից, ինչը կարող է մեր մեջ սեռական ցանկություններ առաջացնել ինչ-որ մեկի հանդեպ, ով մեր կողակիցը չէ (Հոբ 31։1)։ Երբ մեր կյանքը համապատասխանեցնում ենք Աստծու կամքին, սովորում ենք «զզվել չարից» և «բարուն կառչել» (Հռոմ. 12։2, 9

11. Ինչպե՞ս է նոր անձնավորությունը հագնելը ամրացնում ամուսնությունը։

11 Նոր անձնավորությունը իր «Ստեղծողի՝ [Եհովայի] պատկերն» է արտացոլում (Կող. 3։10)։ Երբ ամուսինն ու կինը «հագնում են խոր կարեկցանքը, բարությունը, խոնարհամտությունը, մեղմությունը և համբերատարությունը», ավելի վճռական են դառնում բարոյապես մաքուր մնալու, և Եհովան մեծապես օրհնում է նրանց (Կող. 3։12)։ Երբ նրանք թույլ են տալիս, որ «Քրիստոսի խաղաղությունը տիրի [իրենց] սրտերում», իրենց ամուսնական կյանքում ներդաշնակություն է լինում (Կող. 3։15)։ Եվ երբ կողակիցները «գորովանք [են] ունենում իրար հանդեպ», մղվում են «միմյանց պատվելու մեջ առաջինը [լինելու]» (Հռոմ. 12։10

12. Ըստ քեզ՝ ո՞ր հատկություններն են կարևոր երջանիկ ընտանիք ունենալու համար։

12 Երբ Սիդ անունով մի մարդու հարցրին, թե որ հատկություններն են նպաստում իր ընտանիքի երջանկությանը, նա ասաց. «Ամենակարևոր հատկությունը սերն է, որ միշտ աշխատում ենք զարգացնել։ Նաև նկատել ենք, որ մեղմությունը նույնպես շատ կարևոր է»։ Նրա կինը՝ Սոնյան ավելացնում է. «Ինչ խոսք, կարևոր հատկություն է նաև բարությունը։ Բացի այդ, մենք  միշտ փորձում ենք խոնարհություն դրսևորել, թեև դա միշտ չէ, որ հեշտ է լինում»։

ԼԱՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵՔ

13. Ո՞րն է ամուսնական ամուր փոխհարաբերություններ ունենալու գաղտնիքը, և ինչո՞ւ։

13 Վայելուչ խոսքը, անշուշտ, կարևոր է ամուսնական ամուր փոխհարաբերություններ ունենալու համար։ Որքան ցավալի կլինի, եթե կողակիցները բոլորովին անծանոթ մարդկանց կամ նույնիսկ իրենց ընտանի կենդանիների հետ ավելի հարգալից խոսեն, քան միմյանց հետ։ Երբ ամուսնության մեջ լինում են «չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք», ամուսինների փոխհարաբերությունները աստիճանաբար քայքայվում են (Եփես. 4։31)։ Քննադատական ոգին և սուր հեգնանքը խարխլում են ամուսնության հիմքերը։ Ուստի ամուսինները պետք է ամրացնեն իրենց փոխհարաբերությունները՝ բարի, քնքուշ և կարեկցանք արտահայտող խոսքեր ասելով (Եփես. 4։32

14. Ի՞նչ անելուց իմաստուն կլինի խուսափել։

14 Աստվածաշունչն ասում է, որ կա «լռելու ժամանակ» (Ժող. 3։7)։ Բայց դա չի նշանակում, որ տարաձայնություններ ունենալիս կողակիցները կարող են լռության պատ ստեղծել միմյանց միջև, ինչը կխոչընդոտի հաղորդակցությանը, իսկ հաղորդակցությունը շատ կարևոր է ամուսնության մեջ։ Գերմանիայում ապրող մի կին ասում է. «Կողակցիդ հետ չխոսելով՝ ցավ ես պատճառում նրան»։ Ապա ավելացնում է. «Թեև միշտ չէ, որ սթրեսային իրավիճակներում հեշտ է հանգստություն պահպանել, բայց ճիշտ չի լինի տրվել զգացմունքներին։ Քանի որ այդ դեպքում կասես կամ կանես բաներ, որոնք ցավ կպատճառեն կողակցիդ և ավելի կբարդացնեն իրավիճակը»։ Վերջիվերջո, բղավելով կամ իրար հետ չխոսելով՝ ամուսինն ու կինը չեն լուծի իրենց խնդիրները։ Բայց եթե նրանք թույլ չտան, որ անհամաձայնությունները դառնան սովորական բան և վերածվեն երկարատև վիճաբանությունների, կամրացնեն իրենց ամուսնությունը։

15. Ինչպե՞ս կարող է լավ հաղորդակցությունը ամրացնել ամուսինների փոխհարաբերությունները։

15 Ամուսինների փոխհարաբերություններն ամրանում են, երբ նրանք ժամանակ են տրամադրում իրենց զգացմունքներն ու մտքերը արտահայտելուն։ Այն, թե ինչպես  ենք որևէ բան ասում, նույնքան կարևոր է, որքան այն, թե ինչ ենք ասում։ Ուստի նույնիսկ լարված իրավիճակներում ձգտիր վայելուչ կերպով արտահայտվել, այսինքն՝ հաճելի տոնով խոսել և ճիշտ բառեր ընտրել։ Այդպես կողակցիդ համար ավելի հեշտ կլինի լսել քեզ (կարդա՛  Կողոսացիներ 4։6)։ Ամուսինն ու կինը կարող են ամրացնել իրենց փոխհարաբերությունները լավ հաղորդակցության միջոցով, եթե իրար ասեն «միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերեն» միմյանց (Եփես. 4։29

Ամուսինն ու կինը կարող են ամրացնել իրենց փոխհարաբերությունները՝ լավ հաղորդակցվելով (տե՛ս պարբերություն 15)

ՏՎԵՔ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ

16, 17. Ինչո՞ւ է կարևոր ամուսնական պարտքը տալը։

16 Ամուսինները կարող են նաև կառուցել ամուր ընտանիք, եթե փնտրեն կողակցի շահը՝ նրա անձնական շահերը վեր դասելով իրենց շահերից (Փիլիպ. 2։3, 4)։ Նրանք երկուսն էլ պետք է ուշադիր լինեն իրար հանդեպ և բավարարեն միմյանց զգացական ու սեռական կարիքները (կարդա՛  1 Կորնթացիներ 7։3, 4

17 Ցավոք, որոշ ամուսնացած անհատներ խուսափում են սիրո արտահայտումներից կամ սեռական հարաբերություն չեն ունենում իրենց կողակցի հետ, իսկ որոշ տղամարդիկ կարծում են, թե քնքշություն դրսևորելը վայել չէ տղամարդուն։ Աստվածաշունչն ասում է, որ ամուսինները պետք է «ձգտեն հասկանալ» իրենց կանանց (1 Պետ. 3։7)։ Ամուսինը պետք է հասկանա, որ ամուսնական պարտքը պարզապես ֆիզիկական մերձեցումը չէ։ Ամենայն հավանականությամբ, կնոջ համար ավելի հաճելի կլինի սեռական մերձեցումը, եթե ամուսինը միշտ նրան վերաբերվի սիրով և քնքշությամբ։ Երբ ամուսինն ու կինը իրար հանդեպ սեր ու հոգատարություն են ցույց տալիս, երկուսի համար էլ ավելի հեշտ է լինում բավարարել միմյանց զգացական և ֆիզիկական կարիքները։

18. Ինչպե՞ս կարող են ամուսինն ու կինը ամրացնել իրենց փոխհարաբերությունները։

18 Թեև ամուսնական դավաճանության համար ոչ մի արդարացում չկա, սակայն քնքշության պակասի պատճառով կողակիցները գուցե ձգտեն սեր ստանալ մեկ ուրիշից և իրենց սեռական ցանկությունները բավարարել ուրիշի հետ (Առակ. 5։18; Ժող. 9։9)։ Այդ պատճառով Աստվածաշունչը ամուսնացած անհատներին հորդորում է. «Իրար մի՛ զրկեք դրանից [ամուսնական պարտքից], բացառությամբ այն դեպքերի, երբ ձեր մեջ փոխադարձ համաձայնություն կա՝ մի որոշ ժամանակով.... որ չլինի թե Սատանան փորձի ձեզ, և դուք չկարողանաք ինքնատիրապետում դրսևորել» (1 Կորնթ. 7։5)։ Որքան ցավալի կլինի, եթե ամուսինները ինքնատիրապետման պակաս ունենան, և Սատանան, օգտվելով դրանից, դրդի նրանց անբարոյություն գործելու։ Բայց երբ կողակիցներից յուրաքանչյուրը «ոչ թե իր օգուտն [է] փնտրում, այլ իր դիմացինի օգուտը» և տալիս է իր ամուսնական պարտքը՝ համարելով դա սիրո դրսևորում և ոչ թե պարզապես պարտավորություն, արդյունքը լինում է այն, որ նրանց փոխհարաբերություններն ամրանում են (1 Կորնթ. 10։24

ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ԱՄՐԱՑՆԵԼ ՁԵՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

19. Ո՞ր հարցում մենք պետք է վճռական լինենք և ինչո՞ւ։

19 Մենք արդար նոր աշխարհի շեմին ենք։ Ուստի մարմնական սխալ ցանկություններին տրվելը կարող է աղետաբեր լինել մեզ համար, ինչպես եղավ 24000 իսրայելացիների համար Մովաբի հարթավայրերում։ Այս ամոթալի և ողբերգական դեպքը ներկայացնելուց հետո Աստծու Խոսքը նախազգուշացնում է. «Ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (1 Կորնթ. 10։12)։ Ուստի որքան իմաստնորեն վարված կլինենք, եթե ամրացնենք մեր ամուսնական կապը՝ հավատարիմ մնալով մեր երկնային Հորը և մեր կողակցին (Մատթ. 19։5, 6)։ Այսօր առավել, քան երբևէ, մենք պետք է «ամեն ինչ [անենք], որ ի վերջո [Աստված] [մեզ] գտնի անբիծ, անարատ և խաղաղության մեջ» (2 Պետ. 3։13, 14