Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2014

Թա՞նկ ես գնահատում այն, ինչ ստացել ես։

Թա՞նկ ես գնահատում այն, ինչ ստացել ես։

«Մենք.... ստացանք.... այն ոգին, որն Աստծուց է, որպեսզի իմանանք Աստծու կողմից մեզ շնորհված բաները» (1 ԿՈՐՆԹ. 2։12

1. Մարդիկ երբեմն ի՞նչ վերաբերմունք են ունենում իրենց ունեցածի հանդեպ։

ՇԱՏԵՐՆ ասում են. «Մինչև չես կորցնում, չես գնահատում»։ Դո՞ւ էլ ես այսպես մտածում։ Օրինակ՝ այն երեխան, ով մեծանում է հարուստ ընտանիքում, գուցե այդքան էլ չգնահատի իր ունեցածը։ Կյանքի փորձ չունենալու պատճառով նա գուցե լիովին չհասկանա, թե ինչն է կյանքում կարևոր։

2, 3. ա) Ո՞ր մտածելակերպից պետք է խուսափեն քրիստոնյա պատանիներն ու երիտասարդները։ բ) Ի՞նչը կօգնի մեզ գնահատելու այն, ինչ ունենք։

2 Եթե պատանի ես կամ 20 անց երիտասարդ, ի՞նչն ես կարևորում քո կյանքում։ Շատերի համար կյանքը պտտվում է նյութական բաների շուրջ՝ բարձր աշխատավարձ, հարմարավետ տուն, տեխնիկայի վերջին նորույթներ։ Սակայն նրանք մոռանում են ամենակարևոր բանի մասին՝ հոգևոր գանձերի։ Ցավոք, միլիոնավոր մարդիկ այսօր չեն էլ փորձում փնտրել հոգևոր գանձեր։ Եթե մեծացել ես ճշմարտության մեջ, դու, ինչ խոսք, հոգևոր անգին ժառանգություն ես ստացել (Մատթ. 5։3)։ Եթե թանկ չգնահատես այն, դա կարող է վատ անդրադառնալ քո ողջ կյանքի վրա։

 3 Դու, սակայն, կարող ես այնպես անել, որ նման բան տեղի չունենա։ Ի՞նչը կօգնի քեզ թանկ գնահատելու քո հոգևոր ժառանգությունը։ Քննենք աստվածաշնչյան մի քանի օրինակներ, որոնք կօգնեն մեզ տեսնելու, թե ինչու է իմաստուն գնահատել հոգևոր ժառանգությունը։ Այդ օրինակները օգտակար կլինեն ոչ միայն պատանիների ու երիտասարդների համար, այլև յուրաքանչյուր քրիստոնյայի։

ՆՐԱՆՔ ՉԳՆԱՀԱՏԵՑԻՆ

4. 1 Սամուել 8։1–5 համարները ի՞նչ են հայտնում մեզ Սամուելի որդիների մասին։

4 Աստվածաշնչում կան այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր հարուստ հոգևոր ժառանգություն են ստացել, սակայն չեն գնահատել այն։ Նկատի առնենք Սամուել մարգարեի որդիներին՝ Հովելին ու Աբիային։ Սամուելը սկսել էր Եհովային ծառայել դեռ մանկուց ու միշտ նվիրված մնաց նրան (1 Սամ. 12։1–5)։ Նա լավ օրինակ էր իր որդիների համար։ Սակայն նրանք չգնահատեցին դա ու անհավատարիմ դարձան։ Աստվածաշունչը նշում է, որ նրանք, ի տարբերություն իրենց հոր, «խեղաթյուրեցին արդարադատությունը» (կարդա՛  1 Սամուել 8։ 1–5

5, 6. Ի՞նչ ընթացք բռնեցին Հովսիայի որդիներն ու թոռը։

5 Նույնն էր պարագան նաև Հովսիա թագավորի որդիների դեպքում։ Հովսիան հավատարիմ թագավոր էր և սիրում ու ծառայում էր Եհովային։ Երբ գտնվեց Աստծու Օրենքի գիրքը ու ընթերցվեց Հովսիայի համար, նա ամեն ջանք թափեց, որ կատարի Եհովայի հրահանգները։ Նա քայլեր ձեռնարկեց, որ վերացնի կռապաշտությունն ու ոգեհարցությունը։ Բացի այդ, հորդորեց ժողովրդին հնազանդվել Եհովային (2 Թագ. 22։8; 23։2, 3, 12–15, 24, 25)։ Ի՜նչ մեծ հոգևոր ժառանգություն նա փոխանցեց իր որդիներին։ Սակայն երբ հետագայում նրա որդիներից երեքը և թոռներից մեկը թագավոր դարձան, չգնահատեցին այն, ինչ ստացել էին։

6 Երբ Հովսիայի որդի Հովաքազը թագավոր դարձավ, «չարիք գործեց Եհովայի աչքում»։ Հովաքազը ընդամենը երեք ամիս էր, ինչ կառավարում էր, երբ Եգիպտոսի փարավոնը նրան բանտ գցեց, ու նա մահացավ գերության մեջ (2 Թագ. 23։31–34)։ Այնուհետև 11 տարի իշխեց նրա եղբայր Հովակիմը։ Նա նույնպես չգնահատեց այն հոգևոր ժառանգությունը, որ ստացել էր իր հորից։ Նա այնքան չար թագավոր էր, որ Երեմիան մարգարեացավ. «Նրան կթաղեն, ինչպես էշին են թաղում» (Երեմ. 22։17–19)։ Հովսիայի մյուս որդին՝ Սեդեկիան, և թոռ Հովաքինը ավելի լավը չէին։ Նրանք նույնպես չհետևեցին Հովսիայի հավատարիմ օրինակին (2 Թագ. 24։8, 9, 18, 19

7, 8. ա) Ինչպե՞ս Սողոմոնը կորցրեց իր հոգևոր ժառանգությունը։ բ) Ի՞նչ ենք սովորում նրանց օրինակից, ովքեր կորցրեցին իրենց հոգևոր ժառանգությունը։

7 Սողոմոն թագավորը իր հայր Դավթից շատ բան էր սովորել Եհովային ծառայելու մասին, բայց հետագայում նա կորցրեց գնահատանքը իր հոգևոր ժառանգության հանդեպ։ «Երբ Սողոմոնը ծերացավ, նրա կանայք խոտորեցրին նրա սիրտը, որ օտար աստվածների հետևից գնա, և նրա սիրտն արդեն ամբողջությամբ իր Աստված Եհովայի հետ չէր, ինչպես իր հայր Դավթի սիրտը» (1 Թագ. 11։4)։ Արդյունքում Սողոմոնը կորցրեց Եհովայի հաճությունը։

8 Ցավալի է, որ այս մարդիկ կորցրին իրենց հոգևոր ժառանգությունը և ճիշտ ընթացք բռնելու հնարավորությունը։ Սակայն ոչ բոլորն են այդպես վարվել։ Այժմ Աստվածաշնչից քննենք ընդօրինակման արժանի երիտասարդների օրինակներ։

 ՆՐԱՆՔ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ ԱՅՆ, ԻՆՉ ՍՏԱՑԵԼ ԷԻՆ

9. Ի՞նչ օրինակ թողեցին Նոյի որդիները (տե՛ս 27-րդ էջի նկարը)։

9 Նոյի որդիները հիանալի օրինակ են։ Եհովան Նոյին պատվիրել էր տապան կառուցել փրկվելու համար։ Նոյի որդիները ակներևաբար հասկանում էին, որ պետք է հնազանդվեն Եհովային ու թիկունք կանգնեն իրենց հորը։ Տարիներ շարունակ նրանք օգնեցին իրենց հորը կառուցելու տապանը։ Ի՞նչ նպատակով։ Ծննդոց 7։3-ում ասվում է, որ նրանք կենդանիներին տարան տապան, «որպեսզի ողջ երկրի երեսին նրանց սերունդը կենդանի մնա»։ Նոյը և նրա ընտանիքը նույնպես մտան տապան ու փրկվեցին (Ծննդ. 7։1, 7)։ Փաստորեն, Նոյի որդիները գնահատեցին այն, ինչ ստացել էին իրենց հորից, ուստի առանձնաշնորհում ունեցան աջակցելու մարդկային ցեղը փրկելու և երկրի վրա ճշմարիտ երկրպագությունը վերահաստատելու գործին (Ծննդ. 8։20; 9։18, 19

10. Ինչպե՞ս չորս եբրայեցի պատանիներ ցույց տվեցին, որ գնահատում են այն հոգևոր ճշմարտությունները, որ սովորել էին։

10 Դարեր անց չորս եբրայեցի պատանիներ ցույց տվեցին, թե ինչն է իրենց կյանքում կարևոր։ Մ.թ.ա. 617 թ.-ին Հանանիան, Միսայելը, Ազարիան ու Դանիելը գերեվարվեցին Բաբելոն։ Նրանք գեղեցիկ էին, խելացի և կարող էին մեծ հաջողությունների հասնել Բաբելոնում։ Բայց այս պատանիները երբեք չմոռացան, թե ինչ հոգևոր դաստիարակություն էին ստացել, ինչի համար մեծապես օրհնվեցին Եհովայի կողմից (կարդա՛  Դանիել 1։8, 11–15, 20

11. Ինչպե՞ս մարդիկ օգուտներ ստացան Հիսուսի հոգևոր ժառանգությունից։

11 Ինչ խոսք, տեղին է նշել նաև Հիսուսին, որը մեծագույն օրինակն է հոգևոր ժառանգությունը գնահատելու հարցում։ Նա շատ բան էր սովորել իր Հորից և թանկ էր գնահատում դա։ Նրա խորին գնահատանքը արտահայտված է հետևյալ խոսքերում. «Ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում» (Հովհ. 8։28)։ Հիսուսն ուզում էր, որ իր ստացած ժառանգությունից ուրիշներն էլ օգուտներ ստանային։ Նա ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։18, 43)։ Հիսուսը մարդկանց օգնեց հասկանալու, որ կարևոր է չլինել «աշխարհի մի մասը», աշխարհ, որը չի գնահատում հոգևոր բաները (Հովհ. 15։19

ԳՆԱՀԱՏԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՏԱՑԵԼ ԵՍ

12. ա) Ինչպե՞ս են 2 Տիմոթեոս 3։14–17 համարները վերաբերում մեր օրերում ապրող բազմաթիվ երիտասարդների։ բ) Ո՞ր հարցերի շուրջ պետք է մտածեն քրիստոնյա երիտասարդները։

12 Վերը նշված երիտասարդների նման՝ գուցե դու էլ ես մեծացել Աստծու ծառաների ընտանիքում։ Այդ դեպքում Տիմոթեոսի պես՝ դու էլ ես Եհովայի մասին սովորել ծնողներիցդ (կարդա՛  2 Տիմոթեոս 3։14–17)։ Նրանք սովորեցրել են քեզ, թե ինչպես հաճեցնես Աստծուն։ Այդ կրթությունը «իմաստուն է դարձրել քեզ փրկության համար Քրիստոս Հիսուսում» և օգնել է «ամբողջովին պատրաստված» լինելու Աստծուն ծառայելու համար։ Բայց հարց է առաջանում. «Ցույց կտա՞ս, որ գնահատում ես այն հոգևոր ժառանգությունը, որ ստացել ես»։ Մտածիր. «Ուզո՞ւմ ես լինել Եհովայի այն հավատարիմ վկաների թվում, ովքեր ապրել են քեզանից շատ առաջ, ուրա՞խ ես, որ այսօր այն փոքրաթիվ մարդկանց թվում ես, ում Աստված ճանաչում է, գնահատո՞ւմ ես այն մեծ առանձնաշնորհումը, որ գիտես ճշմարտությունը»։

Ուզո՞ւմ ես լինել Եհովայի այն հավատարիմ վկաների թվում, ովքեր ապրել են քեզանից շատ առաջ (տե՛ս պարբերություն 9, 10, 12)

13, 14. Որոշ պատանիներ ու երիտասարդներ ի՞նչ գայթակղության առաջ են կանգնում, սակայն ինչո՞ւ խելամիտ չէ տրվել այդ գայթակղությանը։ Բեր օրինակ։

13 Որոշ երիտասարդներ, ովքեր մեծացել են քրիստոնյա ընտանիքում, գուցե  չնկատեն այն մեծ տարբերությունը, որ կա հոգևոր դրախտի ու Սատանայի այս խավար աշխարհի միջև։ Ոմանք նույնիսկ փորձել են տեսնել, թե ինչպիսին է կյանքը աշխարհում։ Բայց մի՞թե խելամիտ է ընդառաջ վազել դեպի քեզ սլացող մեքենային իմանալու համար, թե կարող է այն վնասել քեզ կամ նույնիսկ սպանել։ Նմանապես, կարիք չկա փորձելու և տեսնելու, թե ինչ է նշանակում լինել այս աշխարհի «ցոփության ճահճի մեջ», և զգալու, թե ինչ մեծ ցավ այն կարող է պատճառել (1 Պետ. 4։4

14 Ջեները, որն ապրում է Ասիայում, մեծացել է Վկաների ընտանիքում։ Նա մկրտվել է 12 տարեկանում։ Երբ պատանի էր, աշխարհը գրավիչ դարձավ նրա համար։ Նա ասում է. «Ես ուզում էի «ազատություն» ձեռք բերել»։ Եղբայրը սկսեց երկակի կյանքով ապրել։ 15 տարեկանում նա, իր վատ ընկերների պես, սկսեց խմել ու հայհոյել։ Հաճախ մինչև ուշ գիշեր ընկերների հետ բռնի համակարգչային խաղեր ու բիլիարդ էր խաղում։ Սակայն ժամանակի ընթացքում սկսեց հասկանալ, որ այս աշխարհի կյանքը իսկական բավականություն չի տալիս։ Այն դատարկ է։ Վերջիվերջո Ջեները վերադարձավ ժողով։ Նա ասում է. «Ժամանակ առ ժամանակ բախվում եմ դժվարությունների աշխարհի գայթակղությունների դեմ պայքարում, բայց Եհովայի տված օրհնություններն անհամեմատ ավելի շատ են»։

15. Անգամ այն երիտասարդները, ովքեր ճշմարտության մեջ չեն մեծացել, ինչի՞ շուրջ կարող են մտածել։

15 Անգամ եթե ճշմարտության մեջ չես մեծացել, մտածիր, թե ինչ հիանալի առանձնաշնորհում ունես, որ ճանաչում ու ծառայում ես Արարչին։ Երկրի վրա այսօր միլիարդավոր մարդիկ կան, բայց Եհովան քեզ է ձգել իր մոտ ու հայտնել Աստվածաշնչի ճշմարտությունը (Հովհ. 6։44, 45)։ 1000 հոգուց միայն մեկը ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ունի։ Մի՞թե մեծ պատիվ չէ, որ դու նրանցից մեկն ես։ Անկախ նրանից, թե ինչպես ենք լսել ճշմարտությունը, մենք երջանիկ լինելու մեծ պատճառ ունենք (կարդա՛  1 Կորնթացիներ 2։12)։ Ջեներն ասում է. «Մարմնովս սարսուռ է անցնում, երբ մտածում եմ՝ ո՞վ եմ ես, որ Եհովան՝ տիեզերքի Տերը, ճանաչում է ինձ» (Սաղ. 8։4)։ Մեկ ուրիշ քրիստոնյա քույր ասում է. «Սովորաբար աշակերտները հպարտանում են, որ իրենց ուսուցչի կողմից ճանաչված են լինում։ Ուրեմն  որքա՜ն ավելի մեծ պատիվ է ճանաչված լինել Եհովայի՝ Մեծ Ուսուցչի կողմից»։

Ի՞ՆՉ ԿԱՆԵՍ

16. Ի՞նչ իմաստուն ընթացք կարող են բռնել երիտասարդ քրիստոնյաներն այսօր։

16 Մտածիր, թե ինչ հիանալի հոգևոր ժառանգություն ունես, և վճռիր մնալ այն համեմատաբար քիչ մարդկանց թվում, ովքեր կյանքի ճիշտ ուղին են ընտրել։ Այդպես կհետևես անցյալում ապրած Աստծու հավատարիմ ծառաների օրինակին և իմաստություն դրսևորելով՝ չես վատնի քո կյանքը այն բազմաթիվ երիտասարդների նման, որոնք կուրորեն այս աշխարհի հետ քայլում են դեպի կործանում (2 Կորնթ. 4։3, 4

17–19. Ինչո՞ւ է խելամիտ տարբերվել այս աշխարհից։

17 Ինչ խոսք, միշտ չէ, որ հեշտ է տարբերվել այս աշխարհից։ Բայց իմաստուն է այդպես վարվել։ Օրինակ՝ մտածիր այն ատլետի մասին, որը որակավորվել է մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Անշուշտ, նա պետք է տարբերվեր մյուսներից, որպեսզի կարողանար ստանալ նման որակավորում։ Նա պետք է զրկեր իրեն շատ բաներից, որոնք կգողանային իր ժամանակն ու ուշադրությունը, որպեսզի կարողանար ավելի շատ մարզվել։ Ատլետն ուզում է տարբերվել մյուսներից, որպեսզի հասնի իր նպատակին։

18 Աշխարհն անհեռատես է, բայց եթե դու հեռուն տեսնես և տարբերվես աշխարհից՝ խուսափելով այն բաներից, որոնք կարող են բարոյապես և հոգևորապես վնասել քեզ, «ամուր կկառչես իսկական կյանքից» (1 Տիմոթ. 6։19)։ Վերոնշյալ քույրն ասում է. «Եթե օրվա ընթացքում հավատարիմ ես մնում հավատալիքներիդ, օրվա վերջում քեզ շատ լավ ես զգում։ Դա նշանակում է, որ բավականաչափ ուժ ես ձեռք բերել Սատանայի աշխարհի ընթացքին դեմ գնալու համար։ Եվ որ ամենակարևորն է՝ դու զգում ես, որ Եհովա Աստված հպարտանում և ուրախանում է քեզնով։ Այդ ժամանակ ուրախանում ես, որ տարբերվում ես մյուսներից»։

19 Մարդու կյանքն անիմաստ է դառնում, երբ նա կենտրոնանում է միայն այն բանի վրա, ինչ կարող է ձեռք բերել այժմ (Ժող. 9։2, 10)։ Բայց, երբ նա գիտի, թե ինչու է ապրում, և երբ հավիտենական կյանքի հեռանկար է ունենում, դա օգնում է ճիշտ որոշումներ կայացնելու և «չքայլելու այնպես, ինչպես.... ազգերն են քայլում»։ Այդ ժամանակ կյանքն իսկապես իմաստ է ունենում (Եփես. 4։17; Մաղ. 3։18

20, 21. Եթե ճիշտ որոշումներ կայացնենք, ինչպիսի՞ն կլինի մեր ապագան։

20 Եթե ճիշտ որոշումներ կայացնենք, բավականություն պատճառող կյանք կունենանք այժմ, իսկ ապագայում «կժառանգենք երկիրը» և կապրենք հավիտյան։ Մեզ համար այնքան շատ օրհնություններ են պահված, որ նույնիսկ չենք էլ կարող պատկերացնել (Մատթ. 5։5; 19։29; 25։34)։ Բայց Աստված հենց այնպես չի տալիս այս ամենը։ Նա հնազանդություն է պահանջում դրա դիմաց (կարդա՛  1 Հովհաննես 5։3, 4)։ Անշուշտ, արժե՛ հավատարմորեն ծառայել նրան։

21 Եհովան շատ բաներ է տվել մեզ։ Մենք ունենք ճշգրիտ գիտելիքներ նրա Խոսքի մասին և հստակ հասկացողություն ճշմարտության ու նրա նպատակների վերաբերյալ։ Մեզ համար մեծ պատիվ է լինել նրա Վկաները և կրել նրա անունը։ Բացի այդ, Աստված խոստացել է, որ մեր կողքին կլինի (Սաղ. 118։7)։ Եկեք բոլորս՝ մեծ թե փոքր, ցույց տանք, որ թանկ ենք գնահատում այս ամենը՝ ապրելով այնպիսի կյանքով, որը կարտացոլի մեր մեծ ցանկությունը հավիտյան փառք տալու Եհովային (Հռոմ. 11։33–36; Սաղ. 33։12