Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Նոյեմբեր 2014

Մենք պետք է սուրբ լինենք ամեն ինչում

Մենք պետք է սուրբ լինենք ամեն ինչում

«Սուրբ եղեք ամեն ինչում» (1 ՊԵՏ. 1։15

1, 2. ա) Աստված ի՞նչ է ակնկալում իր ծառաներից։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու այս հոդվածում։

ՊԵՏՐՈՍ առաքյալը Եհովայի ներշնչմամբ մեջբերում արեց «Ղևտական» գրքից և ասաց, որ քրիստոնյաները պետք է սուրբ լինեն (կարդա՛  1 Պետրոս 1։14–16)։ «Սուրբը»՝ Եհովան, ակնկալում է, որ օծյալները և «ուրիշ ոչխարները» ամեն ջանք թափեն, որ սուրբ լինեն ամեն ինչում (Հովհ. 10։16

2 Մենք մեծ օգուտներ կստանանք՝ շարունակելով քննարկել արժեքավոր մտքեր «Ղևտական» գրքից, իսկ մեր սովորածը կիրառելով՝ կկարողանանք սուրբ լինել ամեն ինչում։ Քննենք հետևյալ հարցերը. ինչպե՞ս պետք է վերաբերվենք աստվածաշնչյան օրենքների և սկզբունքների հարցում զիջումներ անելուն, ի՞նչ ենք սովորում «Ղևտական» գրքից Եհովայի գերիշխանությանը թիկունք կանգնելու մասին, ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչ զոհեր պետք է մատուցեին իսրայելացիները։

ԶԻՋՈՒՄՆԵՐ ՄԻ՛ ԱՐԱ

3, 4. ա) Քրիստոնյաներն ինչո՞ւ չպետք է զիջումներ անեն աստվածաշնչյան օրենքներն ու սկզբունքները պահելու հարցում։ բ) Ինչո՞ւ չպետք է վրեժխնդիր լինենք և ոխ պահենք։

3 Եթե ուզում ենք Եհովային հաճելի լինել, պետք է հաստատակամորեն հետևենք նրա օրենքներին և սկզբունքներին։ Երբեք չպետք է անհարգալից վերաբերմունք ունենանք դրանց նկատմամբ կամ զիջումների գնանք։ Թեև մենք Մովսիսական օրենքի  տակ չենք, նրանում գրված պահանջներն օգնում են մեզ հասկանալու, թե ինչն է Աստծուն ընդունելի և ինչը՝ ոչ։ Քննենք մի պահանջ, որը Եհովան տվել էր իսրայելացիներին. «Վրեժխնդիր չլինես ու քո ժողովրդի որդիների դեմ ոխ չպահես. մերձավորիդ սիրիր քո անձի պես։ Ես Եհովան եմ» (Ղևտ. 19։18

4 Եհովան ուզում է, որ վրեժխնդիր չլինենք ու ոխ չպահենք (Հռոմ. 12։19)։ Եթե անտեսենք Աստծու օրենքներն ու սկզբունքները, կուրախացնենք Սատանային և նախատինք կբերենք Եհովայի անվանը։ Նույնիսկ եթե որևէ մեկը գիտակցաբար վիրավորել է մեզ, մենք չպետք է դառնանք այնպիսի «անոթ», որը լի է վրդովմունքով, վիրավորանքի կամ դառնության զգացումով։ Աստված մեզ առանձնաշնորհում է տվել լինելու «կավե անոթներ», որոնցում մեր գանձն է՝ ծառայությունը (2 Կորնթ. 4։1, 7)։ Մենք չենք ուզում, որ այդ «անոթներում» գանձի հետ մեկտեղ լինեն նաև քայքայիչ զգացումներ։

5. Ի՞նչ կարող ենք սովորել Ահարոնի, ինչպես նաև նրա որդիների մահվան մասին պատմությունից (տե՛ս 13-րդ էջի նկարը)։

5 Ղևտական 10։1–11 համարներում կարդում ենք մի դեպքի մասին, որը, հավանաբար, մեծ ցավ պատճառեց Ահարոնի ընտանիքին։ «Եհովայի առաջից կրակ դուրս եկավ ու կլանեց» Նադաբին ու Աբիուին։ Եհովան Ահարոնին ու նրա ընտանիքի անդամներին պատվիրեց չսգալ նրանց մահը։ Սա, ինչ խոսք, հավատի մեծ փորձություն էր։ Քեզ սուրբ պահո՞ւմ ես՝ չշփվելով քո ընտանիքի այն անդամների հետ կամ այլ մարդկանց հետ, ովքեր զրկվել են ընկերակցությունից (կարդա՛  1 Կորնթացիներ 5։11

6, 7. ա) Ի՞նչ հարցերի շուրջ պետք է խորհրդածենք, երբ որոշում ենք՝ մասնակցենք եկեղեցում անցկացվելիք հարսանեկան արարողությանը, թե ոչ (տե՛ս ծանոթագրությունը)։ բ) Մեր ոչ Վկա հարազատներին ի՞նչ կարող ենք ասել եկեղեցում անցկացվող հարսանեկան արարողության մասնակցելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին։

6 Գուցե մենք հավատի այնպիսի ծանր փորձության չբախվենք, ինչպես որ Ահարոնն ու նրա ընտանիքի անդամները բախվեցին։ Այդուհանդերձ, հնարավոր է, որ նմանատիպ փորձության առաջ կանգնենք։ Օրինակ՝ գուցե հրավեր ստանանք մասնակցելու մեր ոչ Վկա հարազատի հարսանեկան արարողությանը, որը անցկացվելու է եկեղեցում։ Աստվածաշնչում չկա այնպիսի օրենք, որն արգելում է մասնակցել նման արարողության, բայց կան սկզբունքներ, որոնց միջոցով կարող ենք ճիշտ որոշում կայացնել *։

7 Մենք, անշուշտ, վճռականորեն ենք տրամադրված հաճեցնելու Եհովային և սուրբ մնալու, ուստի մեր դիրքորոշումը գուցե «տարակուսանքի» մեջ գցի մեր ոչ Վկա հարազատներին (1 Պետ. 4։3, 4)։ Ինչ խոսք, չենք ցանկանա նրանց վիրավորել, բայց լավ կլինի անկեղծորեն, բայցև բարեհամբույր կերպով հայտնենք մեր դիրքորոշումը։ Հնարավորության դեպքում լավ կլինի դա անել բավական վաղօրոք։ Կարող ենք նրանց շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Հետո կարող ենք ասել, որ քանի որ չենք մասնակցելու հարսանիքի ժամանակ տեղի ունեցող կրոնական արարողությանը, մեր մասնակցությունը գուցե անհարմար դրության մեջ դնի նրանց ու նրանց հյուրերին և խաթարի նրանց ուրախությունը։ Սա կերպերից մեկն է, թե ինչպես կարող ենք ամուր մնալ և զիջումներ չանել հավատի հարցում։

ԹԻԿՈՒՆՔ ԿԱՆԳՆԻՐ ԵՀՈՎԱՅԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

8. «Ղևտական» գրքում ինչպե՞ս է շեշտ դրվում Եհովայի գերիշխանության վրա։

8 «Ղևտական» գրքում շեշտ է դրվում Եհովայի գերիշխանության վրա։ Այս գրքում ավելի քան 30 անգամ նշվում է, որ դրանում գրված օրենքները Եհովայի կողմից են տրված։ Մովսեսը գիտեր, որ այդ օրենքները Եհովայից են, և անում էր այն, ինչ նա պատվիրում էր (Ղևտ. 8։4, 5)։ Նմանապես մենք միշտ պետք է անենք այն, ինչ ուզում է Գերիշխանը՝ Եհովան։ Այս հարցում մենք ունենք Աստծու կազմակերպության  աջակցությունը։ Սակայն մեր հավատը կարող է փորձվել, երբ մենակ ենք, ինչպես որ Հիսուսի հավատը փորձվեց անապատում (Ղուկ. 4։1–13)։ Եթե թիկունք կանգնենք Աստծու գերիշխանությանը և ապավինենք նրան, ոչ ոք չի կարողանա ստիպել մեզ զիջումներ անել, և մենք չենք ընկնի վախի ծուղակը (Առակ. 29։25

9. Ինչո՞ւ է Աստծու ժողովուրդն ատված «բոլոր ազգերի կողմից»։

9 Ամբողջ աշխարհում Աստծու ծառաները հալածվում են։ Սա մեզ չի զարմացնում։ Հիսուսն իր աշակերտներին ասել էր. «Այդ ժամանակ ձեզ նեղության կմատնեն ու կսպանեն, և իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատված կլինեք» (Մատթ. 24։9)։ Չնայած ատելությանը՝ մենք շարունակում ենք քարոզել Թագավորության լուրը և սուրբ մնալ Եհովայի առաջ։ Մենք ազնիվ ենք, բարոյապես մաքուր և օրինապահ։ Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ ատում մեզ (Հռոմ. 13։1–7)։ Որովհետև մենք Եհովային ենք ընդունում որպես մեր Գերիշխան Տիրոջ։ Մենք «միմիայն նրան» ենք սուրբ ծառայություն մատուցում և երբեք զիջումներ չենք անի նրա արդար օրենքներին ու սկզբունքներին հետևելու հարցում (Մատթ. 4։10

10. Ի՞նչ պատահեց մի եղբոր, երբ նա չեզոքություն չպահեց։

10 Մենք նաև «աշխարհի մի մասը» չենք և չեզոք ենք պատերազմների և քաղաքականության հարցում (կարդա՛  Հովհաննես 15։18–21; Եսայիա 2։4)։ Աստծուն նվիրված որոշ մարդիկ չեն պահել իրենց չեզոքությունը։ Նրանցից շատերը զղջացել են ու վերականգնել փոխհարաբերությունները իրենց գթառատ երկնային Հոր հետ (Սաղ. 51։17)։ Բայց ոմանք չեն զղջացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հունգարիայում բազմաթիվ եղբայրներ անարդարացիորեն բանտարկվեցին։ Բոլոր բանտերից մինչև 45 տարեկան 160 եղբայրների հավաքեցին մի քաղաքում։ Նրանց հրամայեցին զինվորական երդում տալ և համազգեստ հագնել։ Բացի ինը հոգուց, բոլորը հրաժարվեցին։ Երկու տարի անց այդ ինը հոգուց մեկին ընդգրկեցին մի ջոկատում, որին հանձնարարվել էր գնդակահարել Եհովայի վկաների։ Գնդակահարվողների մեջ նաև այդ մարդու հարազատ եղբայրն էր։ Սակայն հանգամանքները փոխվեցին, և գնդակահարությունը տեղի չունեցավ։

ԵՀՈՎԱՅԻՆ ՔՈ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՏՈՒՐ

11, 12. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպիսի զոհեր էին մատուցում իսրայելացիները։

11 Մովսիսական օրենքում կոնկրետ ասվում էր, թե իսրայելացիները ինչպիսի զոհեր պետք է մատուցեին (Ղևտ. 9։1–4, 15–21)։ Զոհը պետք է անարատ լիներ, քանի որ մատնացույց էր անում Հիսուսին, որը կատարյալ զոհ էր լինելու։ Յուրաքանչյուր զոհի համար մատուցման կոնկրետ ընթացակարգ կար։ Տեսնենք, թե ինչ զոհ էր պահանջվում ծննդաբերած կնոջից։ Ղևտական 12։6-ում կարդում ենք. «Երբ իր տղայի կամ աղջկա համար նրա մաքրման օրերը լրանան, նա քահանայի մոտ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ, մինչև մեկ տարեկան խոյ թող բերի ողջակեզի համար և մատղաշ աղավնի կամ տատրակ՝ մեղքի ընծայի համար»։ Բայց եթե մայրը հնարավորություն չուներ ոչխար զոհաբերելու, նրան թույլատրվում էր բերել երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի (Ղևտ. 12։8)։ Թեև Եհովայի պահանջները կոնկրետ էին, բայց Օրենքում արտացոլվում էին նրա սերն ու ողջամտությունը։ Աստված հավասարապես սիրում էր իր թե՛ աղքատ, թե՛ հարուստ երկրպագուներին և թանկ էր գնահատում նրանց։ Ի՞նչ ենք սովորում այստեղից։

12 Պողոս առաքյալն իր հավատակիցներին հորդորեց «գովաբանության զոհ մատուցել» Եհովային (Եբր. 13։15)։ Մեր շրթունքները պետք է հրապարակորեն հռչակեն Աստծու սուրբ անունը։ Լսողության խնդիր ունեցող մեր եղբայրներն ու քույրերը ժեստերի լեզվով են հռչակում նրա անունը։ Նրանք, ովքեր ի վիճակի չեն տնից դուրս գալու, գովաբանում են Եհովային՝ գրելով նամակներ, վկայություն տալով հեռախոսով, քարոզելով իրենց խնամատարներին և այցելուներին։ Այն, թե ինչ չափով կկարողանանք գովաբանության  զոհ մատուցել Եհովային, կախված է մեր առողջությունից և հնարավորություններից։ Բայց այն, ինչ մենք տալիս ենք նրան, պետք է լինի մեր լավագույնը (Հռոմ. 12։1; 2 Տիմոթ. 2։15

13. Ինչո՞ւ պետք է քարոզչական ծառայության հաշվետվություն հանձնենք։

13 Գովաբանության մեր զոհերը այնպիսի նվիրաբերություններ են, որոնք անում ենք անձամբ, կամավոր և Աստծու հանդեպ սիրուց մղված (Մատթ. 22։37, 38)։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի մեր տեսակետը ամեն ամիս քարոզչական ծառայության հաշվետվություն հանձնելու վերաբերյալ։ Հաշվետվություն հանձնելով՝ մենք ցույց ենք տալիս, որ նվիրված ենք Աստծուն (2 Պետ. 1։7)։ Իհարկե, մեզնից ոչ ոք չպետք է իրեն պարտավորված զգա ծառայության մեջ անցկացնելու շատ ժամեր, որպեսզի քարոզչական ծառայության հաշվետվության թերթիկում նշի հնարավորին չափ մեծ թիվ։ Քարոզիչը տարիքի կամ առողջության պատճառով գուցե ի վիճակի չլինի շատ բան անելու ծառայության մեջ։ Այդ դեպքում նա կարող է մեկ ժամից էլ պակաս հաշվետվություն հանձնել, նույնիսկ եթե 15 րոպե է ծառայել։ Այդ եղբայրը կամ քույրը իր լավագույնն է անում, քանի որ սիրում է Եհովային ու թանկ է գնահատում նրա Վկան լինելու առանձնաշնորհումը, և Եհովան գիտի դա։ Եհովայի այն ծառաները, որոնց հնարավորությունները սահմանափակ են, կարող են հաշվետվություն հանձնել, նույնիսկ եթե քիչ են ծառայել, ինչպես որ հնում աղքատ իսրայելացիները կարող էին զոհեր մատուցել։ Մեր հաշվետվությունները ընդգրկվում են համաշխարհային հաշվետվության մեջ և օգնում են կազմակերպությանը պլանավորելու Թագավորության քարոզչության հետ կապված հետագա գործունեությունը։ Սա է պատճառը, որ մենք քարոզչական ծառայության հաշվետվություն ենք հանձնում։

ԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԸ

14. Բացատրիր, թե ինչու պետք է քննենք ուսումնասիրելու հետ կապված մեր սովորությունները։

14 «Ղևտական» գրքից մի քանի միտք քննարկելուց հետո, հավանաբար, ավելի լավ ես հասկանում, թե ինչու է այս գիրքը ընդգրկվել Աստծու Խոսքի մեջ (2 Տիմոթ. 3։16)։ Հավանաբար, հիմա ավելի վճռականորեն ես տրամադրված քայլելու սրբության ճանապարհով։ Ինչ խոսք, դու այդպես վարվում ես ոչ միայն այն պատճառով, որ Եհովան պահանջում է դա, այլև այն պատճառով, որ նա արժանի է, որ ամեն ջանք թափես իրեն հաճելի լինելու համար։ Այն, ինչ սովորեցիր «Ղևտական» գրքի մասին այս երկու հոդվածներից, հավանաբար, քո մեջ ցանկություն առաջացրեց ավելի խորն ուսումնասիրելու ամբողջ Աստվածաշունչը (կարդա՛  Առակներ 2։1–5)։ Քննիր ուսումնասիրելու հետ կապված սովորություններդ և աղոթիր այդ մասին։ Անշուշտ, ուզում ես, որ քո գովաբանության զոհերը ընդունվեն Եհովայի կողմից։ Եթե հեռուստացույցը, տեսախաղերը, սպորտը կամ հոբբին խոչընդոտում են քո հոգևոր աճին, քեզ համար օգտակար կլինի խորհրդածել Պողոս առաքյալի մի քանի խոսքերի շուրջ, որոնք նա ասաց «Եբրայեցիներ» նամակում։

Աստվածաշնչի ուսումնասիրությունն ու ընտանեկան երկրպագությունը առաջնայի՞ն են քո կյանքում (տե՛ս պարբերություն 14)

15, 16. Ինչո՞ւ Պողոսը ուղիղ խոսեց եբրայեցի քրիստոնյաների հետ։

15 Պողոսը եբրայեցի քրիստոնյաների հետ ուղիղ խոսեց (կարդա՛  Եբրայեցիներ 5։7, 11–14)։ Առաքյալը նրանց ասաց. «Ձեր լսողությունը թուլացել է»։ Ինչո՞ւ նա այդքան  խիստ խոսեց։ Եհովայի պես՝ նա սիրում էր նրանց և նրան մտահոգում էր այն, որ նրանք փորձում էին բավարարվել միայն հոգևոր կաթով։ Ինչ խոսք, քրիստոնեական հիմնական ուսմունքներն իմանալը կենսական է։ Այդուհանդերձ, հոգևորապես աճելու և հասունանալու համար հոգևոր «պինդ կերակուր» է անհրաժեշտ։

16 Փոխանակ այնքան հասուն լինելու, որ ուրիշներին սովորեցնեին, եբրայեցի քրիստոնյաներն իրենք կարիք ունեին սովորելու։ Ինչո՞ւ նրանք չէին հասունացել։ Որովհետև չէին սնվել «պինդ կերակրով»։ Հարցրու ինքդ քեզ. «Ճիշտ վերաբերմունք ունե՞մ «պինդ կերակրի» հանդեպ։ Սնվո՞ւմ եմ դրանով։ Թե՞ այնքան էլ չեմ սիրում աղոթել և Աստվածաշնչի խոր ուսումնասիրություն անել։ Գուցե մասամբ պատճառը ուսումնասիրելու հետ կապված սովորություննե՞րս են»։ Մեր նպատակը ոչ միայն քարոզելն է, այլև ուսուցանելը և աշակերտ պատրաստելը (Մատթ. 28։19, 20

17, 18. ա) Ինչո՞ւ պետք է կանոնավորաբար սնվենք հոգևոր պինդ կերակրով։ բ) Ի՞նչ տեսակետ պետք է ունենանք ժողովի հանդիպումից առաջ ոգելից խմիչք օգտագործելու վերաբերյալ։

17 Շատերիս համար թերևս հեշտ չէ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ինչ խոսք, Եհովան չի ուզում, որ մեղավորության զգացումը լինի պատճառը, որ մենք ուսումնասիրենք իր Խոսքը։ Անկախ նրանից՝ երկար տարիներ ենք ծառայում նրան, թե վերջերս ենք սկսել ծառայել, մենք պետք է շարունակաբար սնվենք հոգևոր պինդ կերակրով։ Դա խիստ անհրաժեշտ է, եթե ուզում ենք քայլել սրբության ճանապարհով։

18 Եթե ուզում ենք սուրբ լինել, մենք պետք է ուշադիր քննենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը, և անենք այն, ինչ Եհովան պահանջում է մեզնից։ Հիշենք, թե ինչ պատահեց Ահարոնի որդիներ Նադաբին և Աբիուին։ Եհովան մահվան մատնեց նրանց այն պատճառով, որ նրանք «ապօրինի կրակով խունկ մատուցեցին» հավանաբար հարբած վիճակում (Ղևտ. 10։1, 2)։ Ուշադրություն դարձնենք, թե Աստված դրանից հետո ինչ ասաց Ահարոնին (կարդա՛  Ղևտական 10։8–11)։ Արդյոք այս դրվագը նշանակո՞ւմ է, որ ժողովի հանդիպումից առաջ չի կարելի ոգելից խմիչք օգտագործել։ Եկեք խորհենք։ Մենք Մովսիսական օրենքի տակ չենք (Հռոմ. 10։4)։ Որոշ երկրներում մեր հավատակիցները ժողովի հանդիպման գնալուց առաջ ճաշելիս չափավոր օգտագործում են ոգելից խմիչք։ Հրեաները Պասեքին չորս բաժակ գինի էին խմում։ Տիրոջ ընթրիքը հաստատելիս Հիսուսը առաքյալներին գինի տվեց խմելու, որը խորհրդանշում էր իր արյունը (Մատթ. 26։27)։ Աստվածաշունչը դատապարտում է չափից շատ խմելն ու հարբեցողությունը (1 Կորնթ. 6։10; 1 Տիմոթ. 3։8)։ Բազմաթիվ քրիստոնյաների խիղճը ընդհանրապես թույլ չի տալիս ոգելից խմիչք օգտագործել հոգևոր գործունեությամբ զբաղվելուց առաջ։ Ինչևէ, տարբեր երկրներում հանգամանքները տարբեր են։ Կարևորն այն է, որ քրիստոնյան «տարբերի սուրբ բանը պիղծ բանից», որպեսզի սուրբ վարք ունենա և հաճելի լինի Եհովային։

19. ա) Ի՞նչ պետք է միշտ հիշենք՝ ընտանեկան երկրպագության և անձնական ուսումնասիրության հետ կապված։ բ) Ի՞նչ ես վճռել անել, որպեսզի սուրբ մնաս։

19 Եթե խորությամբ ուսումնասիրես Աստծու Խոսքը, հոգևոր բազմաթիվ գոհարներ կգտնես։ Օգտվիր ձեռքիդ տակ եղած միջոցներից, որպեսզի հարստացնես ձեր ընտանեկան երկրպագությունը և քո անձնական ուսումնասիրությունը։ Ձգտիր ավելին իմանալ Եհովայի և նրա նպատակների մասին։ Ավելի մտերմացիր նրա հետ (Հակ. 4։8)։ Սաղմոսերգուի պես՝ կարող ես խնդրել Աստծուն. «Բա՛ց արա աչքերս, որ տեսնեմ քո օրենքի սքանչելիքները» (Սաղ. 119։18)։ Աստվածաշնչյան օրենքների և սկզբունքների հարցում երբեք զիջումների մի՛ գնա։ Պատրաստակամորեն հնազանդվիր «Սրբի»՝ Եհովայի օրենքին, և եռանդորեն մասնակցիր «Աստծու բարի լուրի սուրբ գործին» (1 Պետ. 1։15; Հռոմ. 15։16)։ Սուրբ մնա այս դժվարին վերջին օրերում։ Եկեք բոլորս սուրբ լինենք ամեն ինչում և թիկունք կանգնենք մեր սուրբ Աստծու՝ Եհովայի գերիշխանությանը։

^ պարբ. 6 Տե՛ս «Ընթերցողների հարցերը» «Դիտարանի» 2002թ. մայիսի 15-ի համարում։