Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2014

Ինչ է նշանակում Հիսուսի հարությունը մեզ համար

Ինչ է նշանակում Հիսուսի հարությունը մեզ համար

«Նա.... հարություն է առել» (ՄԱՏԹ. 28։6

1, 2. ա) Ի՞նչ էին ցանկանում իմանալ որոշ կրոնական առաջնորդներ, և ի՞նչ ասաց նրանց Պետրոսը (տե՛ս 3-րդ էջի նկարը)։ բ) Ինչո՞ւ Պետրոսը կարողացավ անվախորեն խոսել։

ՀԻՍՈՒՍԻ մահից մի քանի օր անց Պետրոս առաքյալը հանդիպեց թշնամաբար տրամադրված հրեաների։ Նրանք ազդեցիկ կրոնական առաջնորդներ էին, որոնք կազմակերպել էին Հիսուսի սպանությունը։ Այս մարդիկ բարկացած էին Պետրոսի վրա, քանի որ վերջինս բուժել էր ի ծնե կաղ մի մարդու. նրանք ուզում էին իմանալ, թե ինչ իշխանությամբ կամ ում անունով էր Պետրոսը դա արել։ Առաքյալը համարձակորեն ասաց նրանց. «Այս մարդը, որ կանգնած է ձեր առաջ, առողջացավ նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, այո՛, հենց նրա շնորհիվ, որին դուք ցցին գամեցիք, բայց որին Աստված հարություն տվեց» (Գործ. 4։5–10

2 Ավելի վաղ Պետրոսը վախենալով երեք անգամ հերքել էր, որ ճանաչում է Հիսուսին (Մարկ. 14։66–72)։ Իսկ այժմ նա անվախորեն կանգնած էր կրոնական առաջնորդների առջև։ Որտեղի՞ց նրան այդքան մեծ քաջություն։ Ինչ խոսք, շատ մեծ դեր էր ունեցել սուրբ ոգին, սակայն Պետրոսը քաջությամբ խոսեց նաև այն պատճառով, որ համոզված էր, որ Հիսուսը հարություն է առել։ Ինչո՞ւ էր առաքյալն այդքան վստահ, որ Քրիստոսը կենդանի է։ Ինչո՞ւ մենք նույնպես կարող ենք համոզված լինել դրանում։

3, 4. ա) Հարության ի՞նչ դեպքեր են եղել առաքյալներից առաջ։ բ) Ո՞ւմ է Հիսուսը հարություն տվել։

3 Հիսուսի առաքյալների համար նորություն չէր, որ մահացածները  կարող են կրկին ապրել. նրանք գիտեին, որ նախկինում հարության դեպքեր եղել են։ Օրինակ՝ գիտեին, որ Եղիա և Եղիսե մարգարեները Աստծու զորությամբ հարություն էին տվել որոշ մարդկանց (1 Թագ. 17։17–24; 2 Թագ. 4։32–37)։ Նաև գիտեին, որ մի անգամ, երբ մի մեռած մարդու գցել էին գերեզմանի մեջ, ու դիակը դիպել էր Եղիսեի ոսկորներին, այդ մարդը կենդանացել էր (2 Թագ. 13։20, 21)։ Առաջին դարի քրիստոնյաները հավատում էին աստվածաշնչյան այս պատմությունների ճշմարտացիությանը, ինչպես որ մենք ենք հավատում, որ Աստծու Խոսքը ճշմարիտ է։

4 Մեզանից շատերը, ամենայն հավանականությամբ, անչափ տպավորվել են՝ կարդալով այն մասին, թե ինչպես է Հիսուսը հարություն տվել մարդկանց։ Պատկերացրու այն այրի կնոջ զարմանքը, որի մինուճար որդուն Հիսուսը հարություն տվեց (Ղուկ. 7։11–15)։ Իսկ ի՜նչ մեծ ուրախություն ապրեցին 12-ամյա աղջնակի վշտահար ծնողները՝ տեսնելով հարություն առած իրենց դստերը (Ղուկ. 8։49–56), և որքա՜ն ապշեցին ականատեսները, երբ Ղազարոսը դուրս եկավ գերեզմանից (Հովհ. 11։38–44

ԻՆՉՈՒ ԷՐ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ

5. Ինչո՞վ է Հիսուսի հարությունը տարբերվում հարության մյուս դեպքերից։

5 Առաքյալները գիտեին, որ Հիսուսի հարությունը տարբերվում է դրանից առաջ եղած հարության դեպքերից։ Բոլոր այն մարդիկ, ովքեր նախկինում հարություն էին առել, կենդանացել էին ֆիզիկական մարմնով և հետագայում նորից մահացել էին։ Մինչդեռ Հիսուսը հարություն առավ անապականելի ոգեղեն մարմնով (կարդա՛  Գործեր 13։34)։ Պետրոսը գրեց, որ Հիսուսը «մահվան մատնվեց մարմնով, բայց կենդանացավ ոգով»։ Նաև գրեց, որ «նա գնաց երկինք և հիմա Աստծու աջ կողմում է, և հրեշտակները, իշխանություններն ու զորությունները իրեն հպատակեցվեցին» (1 Պետ. 3։18–22)։ Նախկինում տեղի ունեցած հարության դեպքերը հրաշքներ էին, սակայն դրանք հնարավոր չէ համեմատել Հիսուսի հարության հետ, որը մեծագույն հրաշքն էր։

6. Ի՞նչ ազդեցություն ունեցավ Հիսուսի հարությունը աշակերտների վրա։

6 Հիսուսի հարությունը մեծ ազդեցություն թողեց աշակերտների վրա։ Նա այլևս մահացած չէր, ինչպես իր թշնամիներն էին կարծում։ Հիսուսն արդեն հզոր ոգեղեն անձնավորություն էր, որին ոչ մի մարդ չէր կարող վնասել։ Նրա հարությունը ապացույց էր այն բանի, որ նա Աստծու Որդին է։ Այդ բանի գիտակցումը աշակերտների խոր վիշտը փոխեց մեծ ուրախության։ Նրանք այլևս չէին վախենում։ Հիսուսի հարությունը առանցքային դեր ունեցավ առաջին դարում Եհովայի նպատակի իրագործման մեջ, ինչպես նաև նրանում, որ առաքյալները ամենուր համարձակորեն քարոզեն բարի լուրը։

7. Ի՞նչ է անում Հիսուսն այսօր, և ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

7 Մենք՝ Եհովայի ծառաներս, շատ լավ գիտենք, որ Հիսուսը պարզապես մի մարդ չէր, որը մեծ գործեր էր արել։ Նա այսօր էլ կենդանի է և առաջնորդում է մի գործ, որն առնչվում է յուրաքանչյուր մարդու։ Լինելով Աստծու Թագավորության Թագավոր՝ Հիսուսը շուտով մաքրելու է չարությունը երկրի երեսից և երկիրը վերածելու է դրախտի, որտեղ մարդիկ ապրելու են հավիտյան (Ղուկ. 23։43)։ Այս ամենը հնարավոր է այն բանի շնորհիվ, որ Հիսուսը հարություն է առել։ Ի՞նչ հիմքեր ունենք հավատալու նրա հարությանը։ Ի՞նչ է նշանակում Քրիստոսի հարությունը մեզ համար։

ԵՀՈՎԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ Է ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀՎԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

8, 9. ա) Ինչո՞ւ կրոնական առաջնորդները խնդրեցին, որ Հիսուսի գերեզմանը հսկվի։ բ) Ի՞նչ տեղի ունեցավ, երբ կանայք եկան գերեզման։

8 Հիսուսի մահից հետո ավագ քահանաներն ու փարիսեցիները եկան Պիղատոսի մոտ և ասացին. «Տե՛ր, մենք հիշեցինք, որ  այդ մոլորեցնողը, երբ դեռ ողջ էր, ասում էր. «Երեք օր հետո հարություն կառնեմ»։ Ուստի հրաման տուր, որ գերեզմանը հսկեն մինչև երրորդ օրը, որպեսզի նրա աշակերտները հանկարծ չգան ու գողանան նրան և մարդկանց ասեն, թե՝ «նա հարություն է առել», և այս վերջին մոլորությունը ավելի վատ լինի, քան առաջինը»։ Պիղատոսն էլ ասաց նրանց. «Դուք պահապան զինվորներ ունեք, գնացեք հսկեք, ինչպես որ գիտեք»։ Նրանք այդպես էլ արեցին (Մատթ. 27։62–66

9 Հիսուսի մարմինը դրել էին ժայռափոր գերեզմանում, որը փակված էր մեծ քարով։ Հրեա կրոնական առաջնորդներն ուզում էին, որ Հիսուսն ընդմիշտ այնտեղ մնար։ Բայց Եհովան բոլորովին այլ բան էր մտադրել։ Երբ Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը Հիսուսի մահվան երրորդ օրը եկան գերեզման, տեսան, որ քարը մի կողմ է գլորված, և քարի վրա հրեշտակ է նստած։ Հրեշտակը կանանց ասաց, որ ներս մտնեն ու համոզվեն, որ գերեզմանը դատարկ է։ «Նա այստեղ չէ, քանի որ հարություն է առել»,— ասաց նա (Մատթ. 28։1–6)։ Այո՛, Հիսուսը ողջ էր։

10. Պողոսն ինչպե՞ս հիմնավորեց, որ Հիսուսը հարություն է առել։

10 Հաջորդ 40 օրերին տեղի ունեցած դեպքերը ոչ մի կասկած չթողեցին, որ Հիսուսը հարություն է առել։ Պողոս առաքյալը կորնթացի քրիստոնյաներին գրեց. «Ձեզ փոխանցեցի ամենակարևոր բաները, որոնք ես ինքս էլ ընդունեցի. այն, որ Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար, ինչպես ասում էին Սուրբ Գրքերը, և որ նա թաղվեց ու երրորդ օրը հարություն առավ՝ դարձյալ Սուրբ Գրքերի համաձայն, և որ երևաց Կեփասին, ապա՝ տասներկու առաքյալներին։ Դրանից հետո նա միանգամից երևաց ավելի քան հինգ հարյուր եղբայրների, որոնց մեծ մասը մինչև հիմա դեռ կա, բայց ոմանք ննջել են մահվան քնով։ Դրանից հետո երևաց Հակոբոսին, ապա՝ բոլոր առաքյալներին, իսկ բոլորից հետո երևաց նաև ինձ՝ իբրև ժամանակից շուտ ծնվածի» (1 Կորնթ. 15։3–8

ՈՐՏԵՂԻՑ ԳԻՏԵՆՔ, ՈՐ ՀԻՍՈՒՍԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԵԼ

11. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը հարություն է առել «Սուրբ Գրքերի համաձայն»։

11 Առաջին՝ մենք գիտենք, որ Հիսուսը հարություն է առել, քանի որ նրա հարությունը տեղի է ունեցել «Սուրբ Գրքերի համաձայն»։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ նա հարություն է առնելու։ Օրինակ՝ Դավիթը գրեց, որ Աստված իրեն «նվիրվածին» չի թողնի գերեզմանում (կարդա՛  Սաղմոս 16։10)։ 33թ. Պենտեկոստեին Պետրոս առաքյալը այս մարգարեական խոսքերը վերագրեց Հիսուսին՝ ասելով. «[Դավիթը] նախապես տեսավ ու խոսեց Քրիստոսի հարության մասին, որ Աստված նրան չթողեց գերեզմանում, ու նրա մարմինը ապականություն չտեսավ» (Գործ. 2։23–27, 31

12. Ովքե՞ր են տեսել հարություն առած Հիսուսին։

12 Երկրորդ՝ մենք գիտենք, որ Հիսուսը հարություն է առել, քանի որ բազմաթիվ մարդիկ տեսել են նրան՝ հարություն առած։ Հարությունից հետո 40 օրերի ընթացքում Հիսուսը հայտնվեց իր աշակերտներին այն պարտեզում, որտեղ գտնվում էր իր գերեզմանը, ինչպես նաև Էմմաուսի ճանապարհին և այլ վայրերում (Ղուկ. 24։13–15)։ Այդ ընթացքում նա խոսեց ինչպես առանձին անհատների, օրինակ՝ Պետրոսի, այնպես էլ մարդկանց խմբերի հետ։ Իսկ մի անգամ Հիսուսը երևաց մի բազմության, որը բաղկացած էր ավելի քան 500 հոգուց։ Հնարավոր չէ անտեսել այն փաստը, որ այսքան շատ մարդ է տեսել հարություն առած Հիսուսին։

13. Աշակերտների եռանդը ինչպե՞ս է վկայում, որ նրանք վստահ էին, որ Հիսուսը հարություն է առել։

13 Երրորդ՝ մենք գիտենք, որ Հիսուսը հարություն է առել, քանի որ նրա աշակերտները մեծ եռանդով էին պատմում նրա հարության մասին։ Քրիստոսի հարության մասին եռանդորեն վկայություն տալու համար նրանք ենթարկվեցին հալածանքի, կրեցին տառապանքներ և նույնիսկ մահացան։  Եթե Հիսուսը հարություն առած չլիներ, եթե նրա հարության մասին պատմությունը սուտ լիներ, ապա Պետրոսն ինչո՞ւ պետք է վտանգի ենթարկեր իր կյանքը՝ նրա հարության մասին վկայություն տալով կրոնական առաջնորդներին, որոնք ատում էին Հիսուսին և կազմակերպել էին նրա սպանությունը։ Պետրոսը և մյուս առաքյալները վստահ էին, որ Հիսուսը կենդանի է և առաջնորդում է քարոզչական գործը։ Բացի այդ, Քրիստոսի հարությունը հավաստիացրեց նրա հետևորդներին, որ նրանք նույնպես հարություն են առնելու։ Օրինակ՝ Ստեփանոսը մահացավ՝ համոզված լինելով, որ մահացածների հարություն է լինելու (Գործ. 7։55–60

14. Ինչո՞ւ ես հավատում, որ Հիսուսը կենդանի է։

14 Չորրորդ՝ մենք գիտենք, որ Հիսուսը հարություն է առել, քանի որ կա ապացույց, որ նա այժմ Թագավոր է և քրիստոնեական ժողովի Գլուխը։ Նրա ունեցած այդ դիրքի շնորհիվ ճշմարիտ քրիստոնեությունը ծաղկում է։ Մի՞թե դա հնարավոր կլիներ, եթե Հիսուսը հարություն առած չլիներ։ Մենք նրա մասին նույնիսկ լսած չէինք լինի։ Բայց մենք բոլոր հիմքերն ունենք հավատալու, որ Հիսուսը կենդանի է և այժմ առաջնորդում է մեզ բարի լուրը ամբողջ աշխարհում քարոզելու գործում։

ԻՆՉ Է ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԵԶ ՀԱՄԱՐ

15. Ինչո՞ւ է Հիսուսի հարությունը քաջություն տալիս մեզ՝ քարոզելու։

15 Քրիստոսի հարությունը քարոզելու քաջություն է տալիս մեզ։ 2000 տարի շարունակ Աստծու թշնամիները ամեն ինչ անում են, որ վերջ դնեն բարի լուրի քարոզչությանը։ Նրանք փորձում են մեր մեջ տարածել հավատուրացություն, մեզ ենթարկում են ծաղրուծանակի, բռնության, զանազան կտտանքների և նույնիսկ սպանում են։ Բայց մեր դեմ «շինած ոչ մի զենք» չի կարողացել կանգնեցնել Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործը (Ես. 54։17)։ Մենք չենք վախենում Սատանայի կամակատարներից։ Հիսուսը, իր խոստման համաձայն, մեզ հետ է և աջակցում է մեզ (Մատթ. 28։20)։ Մենք վախենալու ոչ մի պատճառ չունենք, որովհետև ինչ էլ անեն մեր թշնամիները, երբեք չեն կարողանա լռեցնել մեզ։

Հիսուսի հարությունը քարոզելու քաջություն է տալիս մեզ (տե՛ս պարբերություն 15)

16, 17. ա) Ինչպե՞ս է Հիսուսի հարությունը հավաստիք այն բանի, որ նրա սովորեցրած բաները ճշմարիտ են։ բ) Ըստ Հովհաննես 11։25-ի՝ ի՞նչ իշխանություն է Աստված տվել Հիսուսին։

16 Հիսուսի հարությունը հավաստիք է այն բանի, որ նրա սովորեցրած բոլոր բաները ճշմարիտ են։ Պողոսը գրեց, որ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն քրիստոնեական հավատն ու քարոզչությունն իզուր են։ Մի աստվածաշնչագետ գրեց. «Եթե Քրիստոսը հարություն չի առել.... քրիստոնյաները մեծ խաբեության ողորմելի զոհեր են»։ Եթե Հիսուսը հարություն չի առել, ապա Ավետարանները ընդամենը մի տխուր պատմություն են մի լավ և իմաստուն մարդու մասին, որին նրա թշնամիները սպանեցին։ Բայց Քրիստոսը հարություն առավ, ինչով և հավաստեց, որ իր սովորեցրած բոլոր բաները ճշմարիտ են, այդ թվում նաև ապագայի մասին ասած իր խոսքերը (կարդա՛  1 Կորնթացիներ 15։14, 15, 20

17 Հիսուսն ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը։ Նա, ով հավատում է ինձ, նույնիսկ եթե մահանա, կկենդանանա» (Հովհ. 11։25)։ Եհովան Հիսուսին իշխանություն է տվել հարություն տալու։ Հիսուսը զորություն ունի ոչ միայն երկնային կյանքի հարություն տալու, այլև միլիարդավոր մարդկանց երկրային կյանքի հարություն տալու, որոնք հավիտենական կյանք կունենան։ Հիսուսի քավիչ զոհը և հարությունը նշանակում են, որ մահ այլևս չի լինի։ Այս բանի իմացությունը չի՞ լցնում քեզ նոր ուժով, որ դիմանաս ցանկացած փորձության և պատրաստ լինես նույնիսկ մահանալու։

18. Ինչի՞ հավաստիք է Հիսուսի հարությունը։

18 Հիսուսի հարությունը հավաստիք է, որ երկրի բնակիչները դատվելու են՝ ըստ Եհովայի սիրառատ չափանիշների։ Աթենքում Պողոս առաքյալը, դիմելով տղամարդկանց  և կանանց մի խմբի, ասաց. «[Աստված] նպատակ ունի արդարությամբ դատելու աշխարհը մի մարդու միջոցով, ում նա նշանակեց, և բոլոր մարդկանց հավաստիք տվեց այն բանով, որ հարություն տվեց նրան» (Գործ. 17։31)։ Հիսուսը Աստծու կողմից նշանակված Դատավոր է, և մենք կարող ենք վստահ լինել, որ նա այդ գործը կանի արդար և սիրառատ կերպով (կարդա՛  Եսայիա 11։2–4

19. Հավատալով, որ Հիսուսը հարություն է առել՝ ի՞նչ անելու ենք մղվում։

19 Հավատալով, որ Հիսուսը հարություն է առել՝ մղվում ենք անելու Աստծու կամքը։ Եթե Հիսուսը չզոհեր իր կյանքը և հարություն չառներ, մենք կմնայինք մեղքի ու մահվան դատապարտության տակ (Հռոմ. 5։12; 6։23)։ Եթե Հիսուսը հարություն առած չլիներ, մենք գուցե մտածեինք. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք» (1 Կորնթ. 15։32)։ Բայց մենք այդպես չենք մտածում, և մեզ համար գլխավորը կյանքի հաճույքները չեն. մենք թանկ ենք գնահատում հարության հույսը և ուզում ենք միշտ հետևել Եհովայի առաջնորդությանը։

20. Քրիստոսի հարությունն ինչպե՞ս է վկայում այն մասին, որ Եհովան մեծ Աստված է։

20 Քրիստոսի հարությունը լուռ, բայց համոզիչ վկայություն է տալիս այն մասին, որ Եհովան մեծ Աստված է, որը «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (Եբր. 11։6)։ Հիսուսին երկնային անմահ կյանքի հարություն տալով՝ Եհովան մեծ զորություն և իմաստություն դրսևորեց։ Նա դրանով նաև ցույց տվեց, որ կարող է կատարել իր բոլոր խոստումները։ Այդ խոստումներից է նաև այն մարգարեությունը, ըստ որի՝ առաջ է գալու մի հատուկ «սերունդ», որը շատ կարևոր դեր է ունենալու գերիշխանության հարցի լուծման մեջ։ Որպեսզի այդ խոստումը կատարվեր, Հիսուսը պետք է մահանար և հարություն առներ (Ծննդ. 3։15

21. Ի՞նչ է նշանակում հարության հույսը քեզ համար։

21 Երախտապարտ չե՞ս, որ Եհովան քեզ հարության անսասան հույս է տալիս։ Աստվածաշունչը խոստանում է. «Ահա Աստծու խորանը մարդկանց հետ է, և նա կբնակվի նրանց հետ։ Նրանք կլինեն իր ժողովուրդը, և ինքը՝ Աստված, նրանց հետ կլինի։ Եվ նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։ Այս չքնաղ ապագայի մասին խոստումը տեսիլքի միջոցով տրվեց Հովհաննես առաքյալին։ Հետո նրան ասվեց. «Գրի՛ր, որովհետև այս խոսքերը հավատարիմ են ու ճշմարիտ»։ Ումի՞ց հավատարիմ առաքյալը ստացավ հայտնությունը։ Հարություն առած Հիսուս Քրիստոսից (Հայտն. 1։1; 21։3–5