Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծառայում եմ Թագավորության շահերին

Ծառայում եմ Թագավորության շահերին

1947թ.-ին Սանտա Անայում (Սալվադոր) կաթոլիկ քահանաները փորձեցին մարդկանց հանել Եհովայի վկաների դեմ։ Մինչ Վկաներն անցկացնում էին «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպումը, մի քանի տղաներ մեծ-մեծ քարեր նետեցին միսիոներական տան բաց դռնից ներս։ Հետո քահանաների գլխավորությամբ մի ամբոխ մոտեցավ։ Նրանցից ոմանք իրենց հետ ջահեր ունեին, ոմանք էլ՝ կուռքեր։ Երկու ժամ շարունակ նրանք շենքի վրա քարեր էին շպրտում՝ անդադար բղավելով՝ «կեցցե՛ Կո՜ւյսը» և «մեռնի՜ Եհովան»։ Նրանք ուզում էին վախեցնել միսիոներներին, որպեսզի վերջիններս հեռանան քաղաքից։ Այս դեպքերին ես ականատես եմ եղել, որովհետև այդ ժամանակ ներկա էի այդ հանդիպմանը։ Դա 67 տարի առաջ էր *։

ԱՅՍ դեպքից երկու տարի առաջ ես ու Էվելին Թրեբերտը, որը իմ միսիոներ ծառայակիցն էր, ավարտեցինք «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի չորրորդ դասարանը, որն այն ժամանակ անցկացվում էր Իթակայի մոտակայքում (Նյու Յորք նահանգ)։ Մենք նշանակվել էինք ծառայելու Սանտա Անայում։ Ես 29 տարի միսիոներ եմ եղել։ Բայց նախքան կխոսեմ իմ միսիոներական ծառայության մասին, թույլ տվեք պատմել, թե ինչպես որոշեցի միսիոներ դառնալ։

ԸՆՏԱՆԻՔՍ ԻՄԱՆՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Ես ծնվել եմ 1923թ.-ին։ Այդ ժամանակ ծնողներս՝ Ջոն և Իվա Օլսոնները, ապրում էին Սպոկանում (ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ)։ Նրանք լյութերական էին, բայց չէին ընդունում դժոխքի մասին ուսմունքը։ Նրանք չէին կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է դժոխք լինել, եթե Աստված սեր է (1 Հովհ. 4։8)։ Հայրս փռում էր աշխատում։ Մի գիշեր նրա աշխատակիցը նրան բացատրեց, որ Աստվածաշունչը չի սովորեցնում, որ դժոխքը տանջանքի վայր է։ Ծնողներս շուտով սկսեցին Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել և իմացան, թե ինչ է Աստվածաշունչը իրականում սովորեցնում մահվան մասին։

Ես ընդամենը ինը տարեկան էի, բայց հիշում եմ, թե ինչ ոգևորված էին ծնողներս խոսում իրենց նոր սովորած աստվածաշնչյան ճշմարտությունների  մասին։ Նրանց ոգևորությունն ավելի մեծացավ, երբ իմացան ճշմարիտ Աստծու՝ Եհովայի անունը և երբ ազատվեցին Երրորդության խճճող ուսմունքից։ Ես սպունգի պես սկսեցի ներծծել սուրբգրային հիասքանչ ուսմունքները՝ «ճշմարտությունը», որն «ազատում» է մարդուն (Հովհ. 8։32)։ Երբեք չեմ մտածել, որ Աստվածաշունչ ուսումնասիրելը ձանձրալի է, ընդհակառակը՝ միշտ հաճույք եմ ստացել դրանից։ Չնայած ամաչկոտ էի, բայց ծնողներիս հետ գնում էի քարոզելու։ Նրանք մկրտվեցին 1934թ.-ին։ 1939թ.-ին 16 տարեկանում ես էլ մկրտվեցի։

Հորս և մորս հետ Սենտ Լուիսի համաժողովում, 1941թ., Միսուրի նահանգ

1940թ. ամռանը ծնողներս վաճառեցին մեր տունը, և մենք երեքով սկսեցինք ռահվիրա ծառայել Կյոր Դալենում (Այդահո նահանգ)։ Մենք ապրում էինք վարձված մի սենյակում, որը ավտովերանորոգման արհեստանոցի վերևի հարկում էր։ Մեր տանը անցկացվում էին հանդիպումներ։ Այդ ժամանակ քիչ ժողովներ կային, որ Թագավորության սրահ ունեին, ուստի հանդիպումներն անցկացվում էին տներում կամ վարձված սենյակներում։

1941թ.-ին ծնողներիս հետ ներկա եղա Սենտ Լուիսում (Միսուրի նահանգ) անցկացվող համաժողովին։ Կիրակին «Երեխաների օր» էր։ Այդ օրը 5–18 տարեկան երեխաներն ու պատանիները նստած էին բեմի դիմաց։ Եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը իր ելույթի կուլմինացիոն պահին դիմեց մեզ՝ ասելով. «Երեխանե՛ր, դո՛ւք բոլորդ, որ.... պատրաստ եք հնազանդվելու Աստծուն ու նրա նշանակած Թագավորին, խնդրում եմ, ոտքի՛ կանգնեք»։ Բոլորս կանգնեցինք։ Եղբայր Ռադերֆորդը բացականչեց. «Ձեր առջև Թագավորության ավելի քան 15000 նոր վկաներ են կանգնած»։ Այդ պահին ես ավելի մեծ վճռականությամբ լցվեցի ռահվիրայությունը դարձնելու կյանքիս ուղին։

ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

Սենտ Լուիսի համաժողովից մի քանի ամիս անց ընտանիքով տեղափոխվեցինք Կալիֆորնիայի հարավ։ Մեզ նշանակել էին Օքսնարդ քաղաք, որտեղ պետք է ժողով կազմավորեինք։ Ապրում էինք փոքրիկ շարժական տնակում, որտեղ միայն մեկ անկողին կար։ Իմ «անկողինը» ամեն գիշեր բացում էինք ճաշասենյակի սեղանի վրա։ Ինչ խոսք, սա շատ էր տարբերվում այն ժամանակներից, երբ ես ննջասենյակ ունեի։

Մեր՝ Կալիֆորնիա գալուց ընդամենը մի քանի օր առաջ՝ 1941թ. դեկտեմբերի 7-ին, Ճապոնիան ռմբակոծեց Փերլ Հարբորը (Հավայի)։ Հաջորդ օրը ԱՄՆ-ն մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Կառավարությունը լուսաքողարկում մտցրեց, և մենք պետք է մութն ընկնելուն պես բոլոր լույսերն անջատեինք։ Ճապոնական սուզանավերը Կալիֆորնիայի ափերի մոտ էին, և լիակատար խավար ստեղծելը կխոչընդոտեր նրանց, որ ցամաքային թիրախներ գտնեին։

Մի քանի ամիս անց՝ 1942թ. սեպտեմբերին, մենք ներկա եղանք Քլիվլենդում (Օհայո նահանգ) անցկացվող «Նոր աշխարհ» աստվածապետական համաժողովին։ Համաժողովում լսեցինք Նաթան Նորի՝ «Խաղաղություն. կարո՞ղ է այն հարատև լինել» ելույթը։ Նա քննարկում էր Հայտնություն 17-րդ գլուխը, որում խոսվում է մի «գազանի» մասին, որը «կար, բայց չկա, սակայն շուտով դուրս է գալու անդունդից» (Հայտն. 17։8, 11)։ Եղբայր Նորը բացատրեց, որ «գազանը» Ազգերի լիգան է, որը դադարեցրել էր իր գործունեությունը 1939թ.-ին։ Աստվածաշունչը մարգարեացել է, որ Ազգերի լիգան փոխարինվելու է մեկ ուրիշ կազմակերպությամբ, որից հետո հարաբերական խաղաղություն է լինելու։ 1945թ.-ին Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց։ Դրանից հետո «գազանը» կրկին հայտնվեց՝ Միավորված ազգերի կազմակերպության տեսքով։ Այդ ժամանակ Եհովայի վկաները ընդլայնեցին համաշխարհային քարոզչական գործը։ Դրանից հետո Թագավորության գործը աննախադեպ առաջընթաց ապրեց։

«Գաղաադ» դպրոցի վկայականս

Այս մարգարեությունն օգնեց ինձ տեսնելու, թե ինչ է սպասվում ապագայում։ Երբ հայտարարվեց, որ  հաջորդ տարվանից գործելու է «Գաղաադ» դպրոցը, իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ սովորելու այնտեղ և դառնալու միսիոներ։ 1943թ.-ին նշանակվեցի ռահվիրա ծառայելու Պորտլենդում (Օրեգոն)։ Այդ օրերին մենք քարոզում էինք պատեֆոնով։ Այն միացնում էինք տների մուտքի մոտ, հետո Աստծու Թագավորության մասին աստվածաշնչյան գրականություն էինք առաջարկում մարդկանց։ Այդ ողջ տարվա ընթացքում ես մտածում էի միսիոներության մասին։

1944թ.-ին ես ու իմ թանկագին ընկերուհին՝ Էվելինը, հրավիրվեցինք «Գաղաադ»։ Շատ հուզված էի այդ հրավերի համար։ Դասընթացը տևեց հինգ ամիս։ Ուսուցիչները մեզ սովորեցրին, թե ինչպես ուրախություն ստանանք Աստվածաշնչի ուսումնասիրությունից։ Նրանց խոնարհությունը տպավորիչ էր. երբեմն ճաշի ժամանակ նրանք էին մատուցում ուտելիքը։ Դպրոցն ավարտեցինք 1945թ. հունվարի 22-ին։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՄԻՍԻՈՆԵՐ

1946թ. հունիսին ես ու Էվելինը Լիո և Էսթեր Մահանների հետ եկանք մեր նշանակման վայր՝ Սալվադոր։ Այստեղ «արտերը» «սպիտակել էին հնձի համար» (Հովհ. 4։35)։ Մեր առաջին շրջանային համաժողովը անցկացրինք Սանտա Անայում։ Մենք ամենուրեք հայտարարել էինք հանրային ելույթի մասին, և մեր ուրախությանը չափ ու սահման չկար, երբ մոտ 500 մարդ ներկա եղավ համաժողովին։ Հոգևորականությունը կատաղեց և դրանից մեկ շաբաթ հետո տեղի ունեցավ այն դեպքը, որի մասին պատմեցի հոդվածի սկզբում։ Վախենալու և քաղաքից հեռանալու փոխարեն՝ մենք լցվեցինք ավելի մեծ վճռականությամբ, որ մնանք և օգնենք անկեղծ սիրտ ունեցող մարդկանց։ Հոգևորականները խստիվ կարգադրել էին մարդկանց չկարդալ Աստվածաշունչը։ Այնուամենայնիվ, շատերը ծարավ էին ճշմարտության, թեև քչերը հնարավորություն ունեին Աստվածաշունչ ձեռք բերելու։ Մարդիկ շնորհակալ էին, որ մենք իսպաներեն ենք սովորում, որպեսզի կարողանանք սովորեցնել նրանց ճշմարիտ Աստծու՝ Եհովայի և երկրի վրա դրախտը վերականգնելու վերաբերյալ նրա չքնաղ խոստման մասին։

Մեր դասարանից հինգ հոգու ուղարկեցին Սալվադոր։ Ձախից աջ՝ Էվելին Թրեբերտը, Միլի Բրաշերը, Էսթեր Մահանը, ես և Լիո Մահանը

Ռոզա Ասենսիոն իմ առաջին «ուսուցումներից» էր։ Երբ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, հեռացավ այն մարդուց, ում հետ ապրում էր։ Հետո այդ տղամարդն էլ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանք ամուսնացան, մկրտվեցին և դարձան եռանդուն Վկաներ։ Ռոզան առաջին տեղացի ռահվիրան էր Սանտա Անայում *։

Ռոզան նպարեղենի խանութ ուներ։ Երբ գնում էր ծառայության, նա փակում էր խանութը՝ վստահ լինելով, որ Եհովան կհոգա իր կարիքները։ Մի քանի ժամ անց, երբ բացում էր խանութը, այն լցվում էր հաճախորդներով։ Նա անձամբ էր համոզվել Մատթեոս 6։33-ի խոսքերի ճշմարտացիության մեջ։ Ռոզան մինչև իր մահը հավատարիմ մնաց Եհովային։

Մի անգամ տեղի քահանան այն մարդուն, ով մեզ՝ վեց միսիոներներիս, վարձով տուն էր տվել, ասաց, որ եթե նա շարունակի մեզ տրամադրել տունը, ապա նա և նրա կինը կհեռացվեն եկեղեցուց։ Տան տերը, որը հայտնի գործարար էր և զզվել էր հոգևորականների վարքից, չենթարկվեց նրա ճնշմանը։ Քահանային նույնիսկ ասաց, որ դեմ չի լինի, եթե իրեն հեռացնեն եկեղեցուց։ Նա մեզ վստահեցրեց, որ մենք կարող ենք մնալ այնքան, որքան ուզենք։

 ՀԱՐԳԱՐԺԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԴԱՌՆՈՒՄ Է ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱ

Մասնաճյուղը կառուցվեց 1955թ.-ին

Մայրաքաղաք Սան Սալվադորում մեկ այլ միսիոներ քույր Աստվածաշունչ էր ուսումնասիրում մի կնոջ հետ, որի ամուսինը ինժեներ էր։ Այդ բարեսիրտ մարդը՝ Բալթասար Փերլան, կրոնական առաջնորդների կեղծավորության պատճառով կորցրել էր հավատը Աստծու հանդեպ։ Բալթասարը, թեև ճշմարտության մեջ չէր, առաջարկեց նախագծել և կառուցել մասնաճյուղ, ընդ որում՝ անվճար։

Շինարարության ընթացքում Եհովայի ժողովրդի հետ շփվելով՝ Բալթասարը համոզվեց, որ գտել է ճշմարիտ կրոնը։ Նա մկրտվեց 1955թ. հուլիսի 22-ին։ Շատ չանցած՝ մկրտվեց նաև նրա կինը՝ Պաուլինան։ Նրանց երկու երեխաները մինչև օրս հավատարմորեն ծառայում են Եհովային։ Նրա որդին, որի անունը նույնպես Բալթասար է, արդեն 49 տարի է, ինչ ծառայում է Բրուքլինի Բեթելում։ Նա աջակցում է համաշխարհային քարոզչական գործին և այժմ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ է *։

Եղբայր Փերլայի շնորհիվ մենք Սան Սալվադորում գտանք մի մեծ մարզադահլիճ, որտեղ կարող էինք համաժողովներ անցկացնել։ Սկզբում մարդկանց թիվը մեծ չէր և դահլիճի միայն առանձին սեկտորներ էինք զբաղեցնում, բայց Եհովայի օրհնությամբ մեր շարքերը տարեցտարի խտացան, և եկավ մի օր, որ մարզադահլիճում այլևս նստելու տեղ չկար։ Այս ուրախալի հավաքույթներին ես հանդիպում էի նրանց, ում Աստվածաշունչ էի ուսուցանել։ Պատկերացրեք, թե ինչ էի զգում, երբ իմ «երեխաները»՝ նախկին «ուսուցումները», ինձ ծանոթացնում էին իմ «թոռների»՝ իրենց նոր մկրտված «ուսուցումների» հետ։

Եղբայր Ֆրանցը համաժողովին դիմում է միսիոներներին

Համաժողովներից մեկում մի եղբայր մոտեցավ ինձ ու ասաց, որ ուզում է ներողություն խնդրել։ Ես անակնկալի եկա, քանի որ չէի ճանաչում նրան։ Նա ասաց. «Ես այն տղաներից մեկն եմ, ովքեր Սանտա Անայում քարեր նետեցին ձեզ վրա»։ Սիրտս լցվեց ուրախությամբ. ինձ վրա քար նետողը ինձ հետ ծառայում էր Եհովային։ Այդ զրույցից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ լիաժամ ծառայությունը կյանքի լավագույն ուղին է։

Մեր առաջին շրջանային համաժողովը Սալվադորում

ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29 տարի ես միսիոներ ծառայեցի Սալվադորում. սկզբում՝ Սանտա Անա քաղաքում, հետո՝ Սոնսոնատեում,  ապա՝ Սանտա Տեկլայում և վերջում՝ Սան Սալվադորում։ Շատ աղոթելուց հետո 1975թ.-ին որոշեցի թողնել միսիոներությունը և վերադառնալ Սպոկան։ Եհովային հավատարմորեն ծառայող ծնողներս արդեն մեծ էին և աջակցության կարիք ունեին։

1979թ.-ին հայրս մահացավ։ Մորս առողջությունն արդեն այն չէր և գնալով վատանում էր։ Նա առանց իմ օգնության գրեթե ոչինչ չէր կարողանում անել։ Հորս մահից հետո մայրս ապրեց ութ տարի։ Նա մահացավ 94 տարեկանում։ Դրանք շատ դժվար տարիներ էին, ու ես ֆիզիկական և զգացական առումով հյուծվեցի։ Սթրեսի պատճառով մաշկային հիվանդություն ձեռք բերեցի (գոտևորող որքին)։ Ուժեղ ցավեր էի ունենում։ Շատ էի աղոթում։ Զգում էի, թե ինչպես է Եհովան առել ինձ իր հոգատար ձեռքերի մեջ։ Իմ սիրառատ Աստծու շնորհիվ ես կարողացա դիմանալ։ Եհովան կարծես ասեր ինձ. «Մինչև քո ալևորությունը.... կտանեմ, կաջակցեմ ու կփրկեմ քեզ» (Ես. 46։4

1990-ին տեղափոխվեցի Օմակ քաղաք (Վաշինգտոն նահանգ)։ Այստեղ կար իսպանախոս տարածք, և ես ուրախ էի, որ կարող եմ կրկին օգտակար լինել այս դաշտում։ Մի քանիսը, ում Աստվածաշունչ ուսուցանեցի, մկրտվեցին։ 2007-ին արդեն չէի կարողանում հոգ տանել իմ տան մասին, ուստի նոյեմբերին տեղափոխվեցի նոր տուն, որը գտնվում էր Չելան քաղաքի մոտ (Վաշինգտոն նահանգ)։ Այստեղի իսպանախոս ժողովը առայսօր շատ լավ հոգ է տանում իմ մասին, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Քանի որ միակ տարեց Վկան եմ այստեղ, եղբայրներն ու քույրերը սիրով ինձ ընդունում են որպես իրենց տատիկի։

Ես որոշել էի չամուսնանալ, որպեսզի լիարժեքորեն և «առանց շեղումների» ծառայեմ Եհովային։ Ճիշտ է, ընտանիք չունեմ, բայց ունեմ հոգևոր շատ երեխաներ (1 Կորնթ. 7։34, 35)։ Ես հասկանում էի, որ այս կյանքում չեմ կարող ունենալ ամեն ինչ։ Ուստի ինձ համար ամենակարևորն այն է եղել, որ ամբողջ հոգով ծառայեմ Եհովային։ Նոր աշխարհում շատ ժամանակ կունենամ զբաղվելու ամենատարբեր հաճելի բաներով։ Իմ սիրած աստվածաշնչյան համարը Սաղմոս 145։16-ն է, որը վստահեցնում է, որ Եհովան գոհացնելու է «ամեն կենդանի արարածի փափագը»։

Ռահվիրայության շնորհիվ ինձ երիտասարդ եմ զգում

Ես 91 տարեկան եմ, բայց առողջությունս բավական լավ է, և շարունակում եմ ռահվիրա ծառայել։ Ռահվիրայության շնորհիվ ինձ երիտասարդ եմ զգում, և կյանքս իմաստալից է։ Երբ առաջին անգամ եկա Սալվադոր, քարոզչական գործը նոր-նոր էր սկսվում այստեղ։ Չնայած Սատանան անընդհատ փորձում է խոչընդոտել Թագավորության գործին, այդ երկրում այժմ ավելի քան 39000 քարոզիչ կա։ Տեսնելով այս աճը՝ հավատս իսկապես զորացել է։ Անկասկած, Եհովան իր սուրբ ոգով աջակցում է իր ժողովրդին։

^ պարբ. 4 Տե՛ս «Եհովայի վկաների 1981թ. տարեգիրք», էջ 45, 46 (անգլ.)։

^ պարբ. 19 «Տարեգիրք», 1981, էջ 41, 42, անգլ.։

^ պարբ. 24 «Տարեգիրք», 1981, էջ 66, 67, 74, 75, անգլ.։