Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հոկտեմբեր 2014

Թանկ գնահատիր Եհովայի համագործակիցը լինելու առանձնաշնորհումը

Թանկ գնահատիր Եհովայի համագործակիցը լինելու առանձնաշնորհումը

«Մենք Աստծու համագործակիցներն ենք» (1 ԿՈՐՆԹ. 3։9

1. Ի՞նչ վերաբերմունք ունի Եհովան աշխատանքի հանդեպ, և դա ինչի՞ է նրան մղում։

ԵՀՈՎԱՆ հաճույք է ստանում այն ամենից, ինչ անում է (Սաղ. 135։6; Հովհ. 5։17)։ Նա ուզում է, որ իր բանական ստեղծագործությունները նույն ուրախությունն ու բավականությունը զգան, ինչ ինքը, ուստի նրանց բավականություն պատճառող գործեր է հանձնարարում։ Օրինակ՝ նա իր անդրանիկ Որդուն ներգրավեց արարչագործական աշխատանքի մեջ (կարդա՛  Կողոսացիներ 1։15, 16)։ Հիսուսը նախքան երկիր գալը երկնքում Աստծու կողքին «հմուտ վարպետ» էր (Առակ. 8։30

2. Որտեղի՞ց գիտենք, որ ոգեղեն էակները կարևոր և բավականություն պատճառող գործեր են արել։

2 «Ծննդոցից» մինչև «Հայտնություն»՝ Աստվածաշնչում կան բազում օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ Եհովան միշտ հանձնարարություններ է տվել իր ոգեղեն զավակներին։ Այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին և արտաքսվեցին դրախտից, Աստված «Եդեմի պարտեզի արևելյան կողմում քերովբեներ կանգնեցրեց ու բոցավառվող սայր ունեցող սուր դրեց, որն անդադար պտտվում էր։ Սա արեց կյանքի ծառը տանող ճանապարհը պահպանելու համար» (Ծննդ. 3։24)։ Իսկ Հայտնություն 22։6-ում կարդում ենք, որ Եհովան «ուղարկեց իր հրեշտակին, որպեսզի իր ծառաներին ցույց տա այն բաները, որ շուտով պիտի կատարվեն»։

 ՄԱՐԴԿԱՆՑ ՏՐՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3. Երկրի վրա Հիսուսն ինչպե՞ս հետևեց իր Հոր օրինակին։

3 Եհովան Հիսուսին, երբ վերջինս երկրի վրա էր, որոշակի հանձնարարություն էր տվել անելու, և Հիսուսը այդ հանձնարարությունը ուրախությամբ արեց։ Քրիստոսը իր հերթին հանձնարարություն տվեց իր աշակերտներին։ Իրենց ուժերի հանդեպ հավատ ներշնչելով՝ նա նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. ով հավատում է ինձ, կանի նաև այն գործերը, որ ես եմ անում, և սրանցից ավելի մեծ գործեր կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում» (Հովհ. 14։12)։ Այդ գործերի հրատապությունն ընդգծելու համար Հիսուսն ասաց. «Քանի դեռ ցերեկ է, մենք պետք է ինձ ուղարկողի գործերն անենք։ Ահա գալիս է գիշերը, երբ ոչ ոք չի կարող գործ անել» (Հովհ. 9։4

4–6. ա) Ինչո՞ւ կարող ենք երախտապարտ լինել Նոյին և Մովսեսին այն բանի համար, որ նրանք կատարեցին Եհովայից ստացած իրենց հանձնարարությունը։ բ) Աստծու տված բոլոր հանձնարարությունները ի՞նչ արդյունք են բերում։

4 Հիսուսի երկիր գալուց դեռ շատ առաջ Եհովան մարդկանց բավականություն պատճառող գործ էր տվել։ Ադամն ու Եվան չկատարեցին իրենց հանձնարարությունը, բայց եղան մարդիկ, որոնք արեցին այն, ինչ Աստված իրենց ասել էր (Ծննդ. 1։28)։ Օրինակ՝ Նոյը կոնկրետ հրահանգներ էր ստացել Աստծուց, թե ինչպես կառուցի տապանը, որպեսզի փրկվի մեծ Ջրհեղեղից։ Նա մանրամասնորեն կատարեց Եհովայի տված հանձնարարությունը։ Դրա շնորհիվ մենք այսօր կանք (Ծննդ. 6։14–16, 22; 2 Պետ. 2։5

5 Մովսեսը կոնկրետ հրահանգներ ստացավ խորանը կառուցելու և քահանայական ծառայությունը կազմակերպելու վերաբերյալ, և նա սերտորեն հետևեց այդ հրահանգներին (Ելք 39։32; 40։12–16)։ Նույնիսկ այսօր մենք օգուտներ ենք ստանում այն բանից, որ Մովսեսը հավատարմորեն կատարեց իր հանձնարարությունները։ Ինչպե՞ս։ Պողոսը բացատրեց, որ խորանն ու քահանայական ծառայությունը «գալիք օրհնությունների ստվերն» են (Եբր. 9։1–5, 9; 10։1

6 Նմանապես այսօր Աստված իր ծառաներին հանձնարարություններ է տալիս իր նպատակն իրագործելու համար և ժամանակի ընթացքում հնարավոր է՝ փոխի նրանց հանձնարարությունը։ Բայց անկախ նրանից, թե ինչ աշխատանք են անում Եհովայի ծառաները, նրանք փառաբանում են նրան և օգուտ են բերում հնազանդ մարդկանց։ Այն գործը, որ Հիսուսն արեց մինչև երկիր գալը և երկրի վրա, փառք բերեց Եհովային և օգուտներ բերեց մարդկանց (Հովհ. 4։34; 17։4)։ Նույն ձևով էլ այն գործը, որ այսօր հանձնարարված է մեզ, փառք է բերում Եհովային (Մատթ. 5։16; կարդա՛  1 Կորնթացիներ 15։58)։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

7, 8. ա) Ի՞նչ գործ են անում այսօր քրիստոնյաները։ բ) Ինչպե՞ս պետք է արձագանքենք Եհովայի առաջնորդությանը։

7 Անշուշտ, կհամաձայնես, որ անկատար մարդկանց համար մեծ պատիվ է, որ Եհովան իրենց հրավիրում է լինելու իր համագործակիցները (1 Կորնթ. 3։9)։ Համաժողովների սրահների, Թագավորության սրահների և մասնաճյուղերի շինարարությունում աշխատողներն անում են այնպիսի գործ, ինչպիսին որ Նոյն ու Մովսեսն էին անում։ Անկախ նրանից՝ մասնակցում ես տեղի Թագավորության սրահի վերանորոգման թե Ուորվիքի (Նյու Յորք նահանգ) գլխավոր վարչության կառուցման աշխատանքներին, թանկ գնահատիր քո առանձնաշնորհումը (տե՛ս 23-րդ էջի նկարը, նկարչի պատկերացմամբ)։ Դա սուրբ ծառայություն է։ Ճիշտ է, ոչ բոլոր քրիստոնյաներն են մասնակցում շինարարական աշխատանքների, բայց բոլորը մասնակցում են հոգևոր շինարարության։ Այս գործը փառք է բերում Եհովային և օգուտներ է բերում հնազանդ մարդկանց (Գործ. 13։47–49)։ Աստծու կազմակերպությունը տալիս է առաջնորդություն,  թե ինչպես լավագույնս անենք այդ գործը։ Երբեմն դա կարող է նշանակել նշանակման փոփոխություն։

8 Եհովայի հավատարիմ ծառաները միշտ ուրախությամբ են հետևում աստվածապետական առաջնորդությանը (կարդա՛  Եբրայեցիներ 13։7, 17)։ Գուցե լիովին չհասկանանք, թե ինչու ենք նոր նշանակում ստացել։ Բայց մենք համագործակցում ենք Եհովայի հետ, որովհետև գիտենք, որ փոփոխությունները նրանից են և օգուտներ են բերելու։

9. Ո՞ր հարցում են երեցներն օրինակ թողնում ժողովի անդամներին։

9 Երեցները ցույց են տալիս, որ Եհովայի կամքը կատարելու մեծ ցանկություն ունեն, երբ բարեխղճորեն կատարում են իրենց հանձնարարությունները (2 Կորնթ. 1։24; 1 Թեսաղ. 5։12, 13)։ Նրանք պատրաստ են տքնաջան աշխատելու և ընդունելու փոփոխությունները։ Երեցները ջանասիրաբար յուրացնում են քարոզչական նոր մեթոդները։ Թեև ոմանք սկզբում վարանում էին վկայություն տալ հեռախոսով, նավահանգիստներում կամ էլ հրապարակային վկայություն տալ, նրանք շուտով տեսան, որ վկայության այս ձևերը հրաշալի արդյունքներ են բերում։ Օրինակ՝ Գերմանիայում չորս ռահվիրաներ որոշեցին քարոզել մի գործարար տարածքում, որը վաղուց չէր մշակվել։ Միխայելն ասում է. «Մենք մի քանի տարի չէինք մասնակցել վկայության այս ձևին, ուստի անհանգիստ էինք։ Համոզված եմ, որ Եհովան գիտեր մեր զգացումների մասին, որովհետև այդ օրը հրաշալի ծառայություն ստացվեց։ Մենք անչափ ուրախ էինք, որ հետևել էինք «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի առաջնորդությանը և ապավինել էինք Եհովային»։ Այրվո՞ւմ ես քարոզչական նոր մեթոդները կիրառելու ցանկությամբ։

10. Վերջերս ի՞նչ փոփոխություններ եղան կազմակերպությունում։

10 Երբեմն կարիք է լինում կազմակերպչական փոփոխություններ անելու։ Վերջին տարիներին մի քանի մասնաճյուղեր միավորվեցին, և բնականաբար կարիք առաջացավ, որ այնտեղ ծառայող եղբայրներն ու քույրերը փոփոխություններ անեն։ Շուտով նրանք տեսան այդ փոփոխությունների լավ արդյունքները (Ժող. 7։8)։ Այս պատրաստակամ ծառայողները շատ ուրախ են, որ մասնակցում են Եհովայի ժողովրդի պատմության կերտմանը։

11–13. Կազմակերպչական փոփոխությունների պատճառով ի՞նչ դժվարություններ են ունեցել ոմանք։

11 Մենք արժեքավոր բաներ կարող ենք սովորել նրանցից, ում վրա մասնաճյուղերի միավորումը անմիջականորեն ազդեց։ Ոմանք տասնամյակներ շարունակ ծառայել էին Բեթելում։ Կենտրոնական Ամերիկայի մի փոքր մասնաճյուղում ծառայող մի ամուսնական զույգի խնդրեցին տեղափոխվել Մեքսիկայի մասնաճյուղ, որը գրեթե 30 անգամ ավելի մեծ էր իրենց մասնաճյուղից։ Ամուսինը՝ Ռոխելիոն, ասում է. «Շատ դժվար էր հեռանալ ընտանիքից և ընկերներից»։ Խուանը, որին նույնպես խնդրել էին տեղափոխվել Մեքսիկա, ասում է. «Կարծես երկրորդ անգամ ծնվես։ Նոր մարդիկ, նոր ծանոթություններ։ Պետք է հարմարվես տեղի նիստուկացին ու մտածելակերպին»։

12 Երբ Եվրոպայում մի քանի մասնաճյուղեր միավորվեցին, շատ բեթելցիների խնդրեցին տեղափոխվել Գերմանիայի մասնաճյուղ։ Ովքեր սիրում են լեռնային տեսարաններ, կարող են հասկանալ, թե որքան դժվար է եղել նրանց համար, ովքեր պետք է հեռանային Շվեյցարիայից՝ թողնելով վեհաշուք Ալպերը։ Իսկ Ավստրիայից եկածները սկզբում շատ էին կարոտում այնտեղի հանգիստ ապրելակերպը։

13 Այլ մասնաճյուղ տեղափոխվածների համար նոր էին սենյակները, աշխատակիցները և որոշ դեպքերում՝ աշխատանքը։ Նրանք պետք է գնային նոր ժողով, քարոզեին նոր տարածքում, որոշ դեպքերում՝ այլ լեզվով։ Նման փոփոխություններ անելը հեշտ չէ, բայց շատ բեթելցիներ արել են։ Ինչո՞ւ։

14, 15. ա) Ինչպե՞ս են շատերը ցույց տվել, որ թանկ են գնահատում Աստծու համագործակիցը լինելու առանձնաշնորհումը։ բ) Ո՞ր հարցում են նրանք լավ օրինակ բոլորիս համար։

14 Գրետելն ասում է. «Ես ընդունեցի  հրավերը, քանի որ այդպիսով ցույց կտայի, որ Եհովայի հանդեպ իմ սերը վեր է երկրի, շենքի կամ որևէ նշանակման հանդեպ սիրուց»։ Դայսկան ասում է. «Երբ մտածեցի, որ այդ հրավերը Եհովայից է, ուրախությամբ ընդունեցի այն»։ Անդրեն և Գաբրիելան համաձայնվում են նրա հետ՝ ասելով. «Սա մեզ համար ևս մի հնարավորություն էր ծառայելու Եհովային՝ անձնական ցանկությունները երկրորդ պլան մղելով։ Մենք ինքներս մեզ ասացինք. «Երբ փչում է Եհովայից եկող փոփոխությունների քամին, ճիշտ կլինի ոչ թե պաշտպանվել դրանից, այլ պարզել առագաստները և ընթանալ քամու ուղղությամբ»»։

Մեր մեծագույն առանձնաշնորհումը Եհովայի համագործակիցը լինելն է

15 Մասնաճյուղերի միավորման արդյունքում որոշ բեթելցիներ նշանակվեցին ռահվիրա։ Այդպես եղավ, երբ Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի մասնաճյուղերը միավորվեցին և կազմեցին Սկանդինավիայի մասնաճյուղ։ Այդ բեթելցիներից էին Ֆլորիանը և Անյան։ Նրանք ասում են. «Ճիշտ է, թեև դժվար էր փոփոխություններ անել, բայց մեր նոր նշանակումը շատ ոգևորիչ էր մեզ համար։ Անկախ նրանից, թե որտեղ կծառայենք, մենք ուրախ ենք, որ Եհովան մեր միջոցով իրագործում է իր կամքը։ Համոզված կարող ենք ասել, որ մենք մեզ մեծապես օրհնված ենք զգում»։ Ճիշտ է, մեծամասնությունս գուցե երբեք նման փոփոխություններ անելու կարիք չունենա, բայց բոլորս կարող ենք ընդօրինակել այս եղբայրներին ու քույրերին, որոնք պատրաստակամորեն Թագավորության շահերը առաջին տեղում են դնում իրենց կյանքում (Ես. 6։8)։ Եհովան միշտ օրհնում է նրանց, ովքեր, անկախ այն բանից, թե որտեղ կծառայեն, թանկ են գնահատում Աստծու համագործակիցը լինելու առանձնաշնորհումը։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿԻՑԸ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ

16. ա) Գաղատացիներ 6։4-ը ի՞նչ է հորդորում մեզ։ բ) Ո՞րն է մեծագույն առանձնաշնորհումը, որ բոլորս ունենք։

16 Անկատար մարդիկ հակված են իրենց համեմատելու ուրիշների հետ, բայց Աստծու Խոսքը մեզ հորդորում է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինքներս ինչ կարող ենք անել (կարդա՛  Գաղատացիներ 6։4)։ Ոչ բոլորս կարող ենք լինել երեցներ, ռահվիրաներ, միսիոներներ կամ բեթելցիներ։ Անշուշտ,  սրանք հրաշալի առանձնաշնորհումներ են։ Բայց մենք երբեք չպետք է մոռանանք, թե որն է մեծագույն առանձնաշնորհումը, որ յուրաքանչյուրս ունի։ Դա քրիստոնեական ծառայության մեջ Եհովայի համագործակիցը լինելն է։ Մենք պետք է թանկ գնահատենք այն։

17. Ո՞ր իրողությանը կբախվենք, քանի դեռ ապրում ենք Սատանայի աշխարհում, բայց ինչո՞ւ չպետք է ընկճվենք։

17 Քանի դեռ ապրում ենք Սատանայի աշխարհում, գուցե չկարողանանք ծառայել Եհովային այնպես, ինչպես որ կուզեինք։ Գուցե ունես այնպիսի ընտանեկան պարտականություններ կամ առողջական խնդիրներ, որոնք չես կարող փոխել։ Բայց պետք չէ ընկճվել։ Չէ՞ որ դու կարող ես լինել Աստծու համագործակիցը՝ վկայություն տալով նրա անվան մասին և ամեն հարմար առիթի դեպքում հռչակելով նրա Թագավորությունը։ Ամենից կարևորն այն է, որ դու քո հնարավորության սահմաններում համագործակցում ես նրա հետ և որ աղոթում ես նրան, որ օրհնի քո այն եղբայրներին ու քույրերին, ովքեր ի վիճակի են քեզնից ավելի շատ գործ անելու։ Հիշիր, որ յուրաքանչյուր ոք, ով փառաբանում է Եհովայի անունը, թանկ է նրա համար։

18. Ի՞նչը պետք է պատրաստակամորեն երկրորդ պլան մղենք և ինչո՞ւ։

18 Չնայած մեր անկատարությանը և թերություններին՝ Եհովան սիրով ընդունում է մեզ՝ որպես իր համագործակիցների։ Մենք շատ թանկ ենք գնահատում այս առանձնաշնորհումը այս վերջին օրերում։ Հետևաբար պետք է պատրաստակամ լինենք մեր անձնական շատ հետաքրքրություններ երկրորդ պլան մղելու. չէ՞ որ նոր աշխարհում Եհովան մեզ հիանալի հնարավորություն է տալու վայելելու «իսկական կյանքը»՝ հավիտենական կյանքը խաղաղ պայմաններում և ուրախ մթնոլորտում (1 Տիմոթ. 6։18, 19

Թա՞նկ ես գնահատում ծառայելու քո առանձնաշնորհումը (տե՛ս պարբերություն 16–18)

19. Ի՞նչ ապագա է Եհովան խոստանում մեզ։

19 Այսօր մենք նոր աշխարհի շեմին ենք։ Երբ իսրայելացիները Ավետյաց երկրի շեմին էին, Մովսեսը նրանց ասաց. «Քո Աստված Եհովան առատություն կտա ձեռքիդ բոլոր գործերին» (2 Օրենք 30։9)։ Արմագեդոնից հետո Եհովան երկիրը կտա նրանց, ովքեր ակտիվորեն համագործակցել են իր հետ։ Մենք կստանանք նոր հանձնարարություն. երկիրը դարձնել չքնաղ դրախտ։