Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

Հիշիր լիաժամ ծառայողներին

Հիշիր լիաժամ ծառայողներին

«Անդադար հիշում ենք ձեր հավատի գործը, սիրառատ աշխատանքը» (1 ԹԵՍԱՂ. 1։3

1. Ի՞նչ գրեց Պողոսը նրանց, ովքեր ջանասիրաբար ծառայում էին Եհովային։

ՊՈՂՈՍ առաքյալը հիշում էր բարի լուրի ջանասեր քարոզիչներին։ Նա գրեց. «Մեր Աստծու և Հոր առաջ անդադար հիշում ենք ձեր հավատի գործը, սիրառատ աշխատանքը և այն տոկունությունը, որ դրսևորում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսում ունեցած ձեր հույսի շնորհիվ» (1 Թեսաղ. 1։3)։ Եհովան նույնպես հիշում է իր հավատարիմ ծառաների սիրառատ աշխատանքը, անկախ այն բանից՝ նրանք շատ են կարողանում ծառայել, թե քիչ (Եբր. 6։10

2. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Թե՛ անցյալում և թե՛ ներկայումս Աստծու ծառաները մեծ զոհողություններ են արել, որպեսզի նրան ծառայեն լիաժամ։ Եկեք տեսնենք, թե ոմանք ինչպես են ծառայել առաջին դարում։ Նաև կխոսենք լիաժամ ծառայության ժամանակակից մի քանի ձևերի մասին և թե ինչպես կարող ենք հիշել նրանց, ովքեր այդ ծառայության մեջ են։

ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ

3, 4. ա) Ի՞նչ ծառայություն էին անում ոմանք առաջին դարում։ բ) Ինչպե՞ս էին բավարարվում նրանց նյութական կարիքները։

3 Իր մկրտությունից շատ չանցած՝ Հիսուսը սկսեց մի գործ, որը ընդլայնվելու էր և համաշխարհային մասշտաբների էր հասնելու (Ղուկ. 3։21–23; 4։14, 15, 43)։ Նրա մահից հետո քարոզչական գործը ղեկավարեցին նրա առաքյալները, և այն շարունակեց ընդլայնվել (Գործ. 5։42; 6։7)։ Որոշ քրիստոնյաներ, օրինակ՝ Փիլիպոսը, ծառայեցին ավետարանիչներ և միսիոներներ Պաղեստինում (Գործ. 8։5, 40; 21։8)։ Պողոսը և ուրիշներ ծառայեցին հեռավոր վայրերում (Գործ. 13։2–4; 14։26; 2 Կորնթ. 1։19)։ Ոմանք, օրինակ՝  Սիլվանոսը (Շիղա), Մարկոսը և Ղուկասը գրել են Աստվածաշնչի գրքեր կամ ծառայել են գրագիրներ (1 Պետ. 5։12)։ Այս հավատարիմ եղբայրների հետ ծառայում էին նաև քույրեր (Գործ. 18։26; Հռոմ. 16։1, 2)։ Նրանց հետ պատահած ուշագրավ դեպքերի շնորհիվ մեզ համար Քրիստոնեական Հունարեն Գրություններն ընթերցելը շատ հետաքրքիր է դառնում։ Բացի այդ, դրանք վկայում են, որ Եհովան արժևորում է իր ծառաներին և հոգ է տանում նրանց մասին։

4 Ինչպե՞ս էին բավարարվում առաջին դարի լիաժամ ծառայողների նյութական կարիքները։ Երբեմն հավատակիցները նրանց հյուրասիրություն էին ցույց տալիս կամ օգնում էին այլ կերպ։ Բայց լիաժամ ծառայողները չէին պահանջում որևէ օգնություն (1 Կորնթ. 9։11–15)։ Որոշ անհատներ և ժողովներ պատրաստակամորեն աջակցում էին նրանց (կարդա՛  Գործեր 16։14, 15; Փիլիպպեցիներ 4։15–18)։ Բայց նրանք իրենց կարիքները հոգալու համար նաև աշխատում էին, օրինակ՝ Պողոսը և նրա ուղեկիցները։

ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

5. Ի՞նչ է ասում մի ամուսնական զույգ իր լիաժամ ծառայության մասին։

5 Այսօր նույնպես շատերը ծառայում են լիաժամ (տե՛ս « Լիաժամ ծառայության ձևեր» շրջանակը)։ Ի՞նչ են ասում նրանք իրենց ծառայության մասին։ Եթե նրանց տաս այս հարցը, ապա շատ կոգևորվես՝ լսելով, թե ինչ են պատմում նրանք։ Մի եղբայր, որը ծառայել է ընդհանուր ռահվիրա, հատուկ ռահվիրա, միսիոներ, եղել է բեթելցի օտար երկրում, ասում է. «Լիաժամ ծառայություն սկսելու որոշումը կյանքիս լավագույն որոշումներից մեկն է եղել։ 18 տարեկանում ես դժվար որոշման առաջ էի կանգնած՝ շարունակել կրթությունս համալսարանում, աշխատել ամբողջ օրը և կարիերա ստեղծել կամ ռահվիրա ծառայել։ Այժմ կարող եմ համոզված ասել, որ Եհովան չի մոռանում այն զոհողությունները, որ անում ես իրեն լիաժամ ծառայելու համար։ Եթե ընտրեի աշխարհային կարիերան, ապա Եհովայի կողմից ինձ տրված ընդունակությունները չէի կարողանա այնպես օգտագործել, ինչպես որ կարողացել եմ օգտագործել լիաժամ ծառայության մեջ»։ Իսկ նրա կինն ասում է. «Յուրաքանչյուր նշանակում օգնել է ինձ հոգևորապես աճելու։ Մենք շարունակ զգացել ենք Եհովայի պաշտպանությունն ու առաջնորդությունը, ինչը երբեք չէինք զգա, եթե մեզ որևէ նեղություն չպատճառեինք ու շարունակեինք ապրել մեզ հարմար կյանքով։ Շնորհակալ եմ Եհովային լիաժամ ծառայության մեջ անցկացրած մեր յուրաքանչյուր օրվա համար»։ Կցանկանայի՞ր դու էլ այսպիսի խոսքեր ասել քո կյանքի մասին։

6. Ինչո՞ւմ կարող ենք բոլորս համոզված լինել։

6 Ինչ խոսք, ոմանց հանգամանքները թույլ չեն տալիս ներկայումս ծառայելու լիաժամ։ Բայց նրանք կարող են համոզված լինել, որ Եհովան թանկ է գնահատում իրենց բոլորանվեր ծառայությունը։ Փիլիմոն 1–3-ում Պողոսը ողջունում է Կողոսայի եղբայրներին ու քույրերին, իսկ ոմանց հիշատակում է անունով (կարդա՛)։ Առաքյալը թանկ էր գնահատում նրանց, ինչպես որ Եհովան։ Մեր երկնային Հայրը թանկ է գնահատում նաև քո ծառայությունը։ Իսկ ինչպե՞ս կարող ես աջակցել լիաժամ ծառայողներին։

ԱՋԱԿՑԵՆՔ ՌԱՀՎԻՐԱՆԵՐԻՆ

7, 8. Ի՞նչ է նշանակում ծառայել ռահվիրա, և ժողովի անդամներն ինչպե՞ս կարող են օգնել ռահվիրաներին։

7 Առաջին դարի ավետարանիչների պես՝ եռանդուն ռահվիրաները քաջալերանքի առատ աղբյուր են ժողովի անդամների համար։ Նրանցից շատերը մեծ ջանք են թափում, որպեսզի կարողանան ամեն ամիս 70 ժամ տրամադրել ծառայությանը։ Ինչպե՞ս կարող ես օգնել նրանց։

8 Շերի անունով մի ռահվիրա քույր ասում է. «Ռահվիրաները ամեն օր ծառայում են, և գուցե մտածենք, թե նրանք շատ ուժեղ են։ Բայց նրանք նույնպես քաջալերանքի կարիք ունեն» (Հռոմ. 1։11, 12)։ Մեկ ուրիշ քույր, որը մի քանի տարի ռահվիրա է ծառայել, իր ժողովի ռահվիրաների մասին ասում է. «Նրանք անդադար քրտնաջան ծառայում են։ Երբ հավատակիցները ռահվիրաներին մեքենայով տանում են ծառայության վայր, հրավիրում են ճաշի, մի  փոքր գումար են տալիս տրանսպորտային կամ այլ ծախսերի համար, նրանք շատ երախտապարտ են լինում։ Այդպես ռահվիրաները իսկապես գնահատված են զգում իրենց»։

9, 10. Ի՞նչ են ոմանք արել իրենց ժողովի ռահվիրաներին օգնելու համար։

9 Ռահվիրաներին կարող ես օգնել նաև՝ նրանց ծառայության հրավիրելով։ Բոբի անունով մի ռահվիրա քույր ասում է, որ իրենք ծառայակցի կարիք են ունենում շաբաթվա ընթացքում։ Նրա ժողովի մեկ ուրիշ ռահվիրա քույր ասում է, որ կեսօրից հետո ծառայակից գտնելը մեծ խնդիր է։ Մի քույր էլ, որն այժմ ծառայում է Բրուքլինի Բեթելում, հիշում է. «Քույրերից մեկը, որը մեքենա ուներ, ինձ ասաց. «Հենց որ ծառայակից չունենաս, զանգիր, և մենք միասին կծառայենք»։ Նա բառի բուն իմաստով փրկեց իմ ռահվիրայությունը»։ Իսկ Շերին նկատում է. «Ծառայությունից հետո ամուրի ռահվիրաները հաճախ մենակ են մնում։ Կարելի է նրանց ժամանակ առ ժամանակ հրավիրել մասնակցելու ընտանեկան երկրպագությանը։ Նրանց այլ հրավերներ անելով ևս կարելի է օգնել ուժեղ մնալու»։

10 Մի ամուրի քույր, որը մոտ 50 տարի եղել է լիաժամ ծառայության մեջ, հիշում է, թե ինչպես են իրեն և ամուրի այլ ռահվիրա քույրերի օգնել։ Նա ասում է. «Մի քանի ամիսը մեկ մեր երեցները այցելում էին մեզ։ Նրանք հարցնում էին մեր առողջության, աշխատանքի և մտահոգությունների մասին։ Նրանք իսկապես հետաքրքրված էին մեզնով։ Երեցները գալիս էին մեր տուն, որպեսզի տեսնեին, թե արդյոք օգնության կարիք ունենք»։ Այս եղբայրները մեզ հիշեցնում են Օնեսիֆորոսին։ Նա, թեև ընտանիք ուներ, բայց աջակցեց Պողոսին (2 Տիմոթ. 1։18

11. Ի՞նչ է նշանակում ծառայել հատուկ ռահվիրա։

11 Որոշ ժողովներում կան հատուկ ռահվիրաներ, և նրանք մեծ օրհնություն են ժողովի անդամների համար։ Նրանցից շատերը ամեն ամիս ծառայությանը տրամադրում են 130 ժամ։ Քանի որ հատուկ ռահվիրաները շատ ժամանակ են տրամադրում քարոզչությանը և մարդկանց այլ կերպերով օգնելուն, նրանք շատ քիչ ժամանակ են ունենում կամ ընդհանրապես ժամանակ չեն ունենում աշխատելու։ Տեղի մասնաճյուղը նրանց ամեն ամիս համեստ ֆինանսական օգնություն է տրամադրում, որպեսզի նրանք կենտրոնացած մնան ծառայության վրա։

12. Ինչպե՞ս կարող են երեցներն ու մյուսները աջակցել հատուկ ռահվիրաներին։

 12 Ինչպե՞ս կարող ենք աջակցել հատուկ ռահվիրաներին։ Մասնաճյուղերից մեկում ծառայող մի երեց, որը կապ է պահպանում բազմաթիվ հատուկ ռահվիրաների հետ, բացատրում է. «Երեցները պետք է խոսեն նրանց հետ, տեղեկանան նրանց պայմաններին և որոշեն, թե ինչպես կարող են աջակցել։ Որոշ Վկաներ կարծում են, թե հատուկ ռահվիրաները ոչ մի բանի կարիք չունեն, քանի որ ֆինանսական օգնություն են ստանում։ Բայց տեղի եղբայրներն ու քույրերը շատ հարցերում կարող են օգնել նրանց»։ Ընդհանուր ռահվիրաների պես՝ հատուկ ռահվիրաները երախտապարտ են լինում, երբ ծառայակից են ունենում։ Կարո՞ղ ես օգնել նրանց այդ հարցում։

ԱՋԱԿՑԵՆՔ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՑՈՒՆԵՐԻՆ

13, 14. ա) Ի՞նչ պետք է հիշենք շրջանային վերակացուների և նրանց կանանց հետ կապված։ բ) Անձամբ դու ինչպե՞ս կարող ես օգնել նրանց։

13 Հաճախ շրջանային վերակացուներին ու նրանց կանանց համարում են ուժեղ և կենսուրախ մարդիկ։ Դա իրոք այդպես է, բայց նրանք նույնպես քաջալերանքի ու ծառայակցի կարիք ունեն։ Նրանք նաև շատ շնորհակալ են լինում, երբ իրենց հրավիրում են հաճելի ժամանակ անցկացնելու։ Իսկ երբ հիվանդանում են, վիրահատվում են կամ բուժվում են հիվանդանոցում, նրանք շատ են թարմանում, երբ տեղի եղբայրներն ու քույրերը հոգ են տանում իրենց մասին և անձնական հետաքրքրություն ցույց տալիս։ Կարող ենք պատկերացնել, թե բժիշկ Ղուկասը, որը գրել է «Գործեր» գիրքը, ինչպիսի հոգատարություն է ցույց տվել Պողոսի և նրա ուղեկիցների հանդեպ (Կող. 4։14; Գործ. 20։5–21։18

14 Շրջանային վերակացուներն ու նրանց կանայք կարիք ունեն մտերիմ ընկերների և թանկ են գնահատում իրենց ընկերներին։ Մի շրջանային վերակացու գրեց. «Ընկերներս կարծես միշտ գիտեն, թե երբ եմ քաջալերանքի կարիք զգում։ Նրանք տալիս են այնպիսի հարցեր, որոնք տրամադրում են ինձ խոսելու ինձ անհանգստացնող խնդրի մասին։ Նրանք մեծապես օգնում են ինձ՝ պարզապես ուշադիր լսելով»։ Շրջանային վերակացուներն ու նրանց կանայք շատ բարձր են գնահատում եղբայրների ու քույրերի ցուցաբերած անձնական հետաքրքրությունը։

ԱՋԱԿՑԵՆՔ ԲԵԹԵԼԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

15, 16. Ի՞նչ ծառայություն են անում Բեթելում կամ համաժողովների սրահում ծառայողները, և ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց։

15 Եհովայի վկաների մասնաճյուղերում և համաժողովների սրահներում ծառայողները կարևոր դեր են խաղում բարի լուրի քարոզչության գործում։ Եթե ձեր ժողովում կամ շրջանում կան բեթելցիներ, ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ «հիշում» ես նրանց։

16 Եթե եղբայրը կամ քույրը նոր է սկսել ծառայել Բեթելում, նա գուցե կարոտի տունը. չէ՞ որ թողել է ընտանիքը և սիրելի ընկերներին։ Նորեկ բեթելցիները շատ են ուրախանում, երբ մյուս բեթելցիները կամ նոր ժողովի անդամները ընկերանում են իրենց հետ (Մարկ. 10։29, 30)։ Բեթելում գրաֆիկն այնպիսին է, որ բեթելցիները հնարավորություն են ունենում կանոնավորաբար ներկա լինելու ժողովի հանդիպումներին և ամեն շաբաթ դուրս գալու քարոզչական ծառայության։ Ժամանակ առ ժամանակ նրանք ստանում են լրացուցիչ հանձնարարություններ։ Երբ ժողովի անդամները ըմբռնումով են մոտենում բեթելցիներին և ցույց են տալիս, որ թանկ են գնահատում նրանց և նրանց աշխատանքը, օգուտներ են ստանում բոլորը (կարդա՛  1 Թեսաղոնիկեցիներ 2։9

ԱՋԱԿՑԵՆՔ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԼԻԱԺԱՄ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ

17, 18. Ի՞նչ նշանակումներ են ստանում օտարերկրացի ծառայողները։

17 Որոշ եղբայրներ և քույրեր նշանակվում են ծառայելու օտար երկրում։ Նրանք գուցե կարիք ունենան հարմարվելու տեղի սննդին, սովորություններին և պայմաններին, գուցե կարիք լինի սովորելու տեղի լեզուն։ Ինչո՞ւ են նրանք հանձն առնում նման դժվարին նշանակում։

 18 Նրանցից ոմանք միսիոներ են։ Միսիոներները իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են քարոզչական ծառայության մեջ։ Եղբայրներն ու քույրերը մեծ օգուտներ են քաղում նրանց ստացած հատուկ կրթությունից։ Տեղի մասնաճյուղը միսիոներներին տրամադրում է համեստ կացարան և ֆինանսական օգնություն, որպեսզի նրանք կարողանան հոգալ իրենց հիմնական կարիքները։ Օտարերկրյա ուրիշ ծառայողներ նշանակվում են մասնաճյուղ կամ աջակցում են մասնաճյուղերի, թարգմանչական գրասենյակների, համաժողովների սրահների կամ Թագավորության սրահների շինարարությանը։ Նրանց տրամադրվում են ուտելիք, համեստ կացարան և այլ ծառայություններ։ Ինչպես բեթելցիները, նրանք կանոնավորաբար հաճախում են հանդիպումներին և քարոզում են բարի լուրը։ Այս լիաժամ ծառայողները մեծ օրհնություն են ժողովների համար։

19. Ի՞նչ պետք է հիշենք օտարերկրացի ծառայողների հետ կապված։

19 Ինչպե՞ս կարող ես «հիշել» այս լիաժամ ծառայողներին։ Հիշիր, որ նրանք, հատկապես սկզբում, գուցե չհարմարվեն տեղի ուտեստներին։ Հաշվի առ սա, և երբ նրանց ճաշի ես հրավիրում, հարցրու, թե նրանք ինչ կնախընտրեին ուտել կամ կուզեին արդյոք նոր բան փորձել։ Համբերատար եղիր, մինչ նրանք սովորում են տեղի լեզուն և սովորությունները։ Գուցե նրանք սկզբում չհասկանան քո բոլոր խոսքերը։ Բարեհամբույր կերպով օգնիր, որ բարելավեն իրենց արտասանությունը. նրանք ուզում են սովորել։

20. Ինչպե՞ս կարող ենք հիշել լիաժամ ծառայողներին և նրանց ծնողներին։

20 Լիաժամ ծառայողները մեծանում են, նրանց ծնողները՝ ծերանում։ Եթե վերջիններս Վկաներ են, հավանաբար, շատ կուզեն, որ զավակները մնան իրենց նշանակման մեջ (3 Հովհ. 4)։ Ինչ խոսք, եթե ծնողները խնամքի կարիք ունենան, լիաժամ ծառայողները ամեն ինչ կանեն, որ օգնեն նրանց, և հնարավորինս հաճախ կայցելեն։ Լիաժամ ծառայողներին իրենց օգնությունը կարող են առաջարկել նրանք, ովքեր մոտ են ապրում նրանց ծնողներին։ Հիշիր, որ լիաժամ ծառայողները կարևոր պատասխանատվություններ ունեն աշխարհի ամենակարևոր գործում (Մատթ. 28։19, 20)։ Կարո՞ղ ես դու կամ ձեր ժողովը օգնության ձեռք մեկնել այն լիաժամ ծառայողներին, որոնց ծնողները խնամքի կարիք ունեն։

21. Լիաժամ ծառայողներն ի՞նչ են զգում, երբ հավատակիցները աջակցում և քաջալերում են իրենց։

21 Նրանք, ովքեր լիաժամ ծառայություն են սկսում, չեն ձգտում հարստության։ Նրանք ուզում են Եհովային տալ իրենց լավագույնը և օգնել ուրիշներին։ Լիաժամ ծառայողները անչափ երախտապարտ կլինեն ցանկացած օգնության համար, որ ցույց կտաս նրանց։ Օտար երկրում ծառայող մի քույր արտահայտում է շատերի զգացումները՝ ասելով. «Նույնիսկ եթե քեզ երախտագիտություն արտահայտող երկու խոսք են ասում, հասկանում ես, որ մտածում են քո մասին և ուրախ են այն ամենի համար, ինչ անում ես»։

22. Ի՞նչ ես մտածում լիաժամ ծառայության մասին։

22 Եհովային լիաժամ ծառայելը իրոք որ կյանքի լավագույն ուղին է։ Այն շատ հետաքրքիր է, շատ բաներ ես սովորում, բավարարվածության մեծ զգացում ես ունենում։ Այն ամենը, ինչ եղբայրներն ու քույրերը սովորում են լիաժամ ծառայության մեջ, կօգտագործեն նաև նոր աշխարհում։ Շուտով Եհովայի բոլոր հավատարիմ ծառաները հնարավորություն կունենան ամեն օր անելու այնպիսի աշխատանք, որը բավականություն կպատճառի։ Եկեք «անդադար հիշենք» լիաժամ ծառայողների «հավատի գործը [և] սիրառատ աշխատանքը» (1 Թեսաղ. 1։3