Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

Ծնողնե՛ր, հովվեք ձեր երեխաներին

Ծնողնե՛ր, հովվեք ձեր երեխաներին

«Դու պետք է լավ իմանաս քո հոտի վիճակը» (ԱՌԱԿ. 27։23

1, 2. ա) Հին Իսրայելում ի՞նչ պարտականություններ ուներ հովիվը։ բ) Ի՞նչ առումով են ծնողները նման հովիվների։

ՀԻՆ Իսրայելում հովիվների կյանքը հեշտ չէր։ Նրանք պետք է դիմանային շոգին ու ցրտին, ինչպես նաև պաշտպանեին իրենց հոտը գազաններից ու գողերից։ Հովիվները պարբերաբար ստուգում էին, թե կա արդյոք հիվանդ կամ վնասված ոչխար։ Նրանք հատուկ ուշադրություն էին դարձնում գառներին, որովհետև նրանք նուրբ են և ավելի թույլ (Ծննդ. 33։13

2 Ինչ-որ առումով՝ ծնողները իրենց երեխաների հովիվներն են և դրսևորում են հովվին հատուկ հատկություններ։ Նրանց պարտականությունն է իրենց զավակներին մեծացնել «Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Արդյոք դա հե՞շտ է։ Ո՛չ։ Երեխաներն ամեն օր ենթարկվում են Սատանայի աշխարհի ճնշմանը, ինչպես նաև ունեն անկատար հակումներ (2 Տիմոթ. 2։22; 1 Հովհ. 2։16)։ Ինչպե՞ս կարող ես օգնել քո երեխաներին։ Քննենք երեք բան, որ դու կարող ես անել՝ որպես քո զավակների հովիվ. նրանց ճանաչել, սնել և առաջնորդել։

 ՃԱՆԱՉԵՔ

3. Ի՞նչ է նշանակում այն, որ ծնողը «պետք է լավ իմանա» իր երեխաներին։

3 Լավ հովիվը ուշադիր զննում է յուրաքանչյուր ոչխարի, որպեսզի տեսնի, թե արդյոք նա հիվանդ չէ։ Փոխաբերական իմաստով՝ նույնը դու կարող ես անել քո երեխաներին։ Աստվածաշունչն ասում է. «Դու պետք է լավ իմանաս քո հոտի վիճակը» (Առակ. 27։23)։ Լինելով ծնող՝ դու, անշուշտ, ցանկանում ես «լավ իմանալ քո հոտը», այսինքն՝ երեխաներին։ Այդ նպատակին հասնելու համար պետք է իմանաս, թե ինչ են անում քո զավակները, ինչ են մտածում և ինչ են զգում։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Արդյունավետ միջոցներից մեկը նրանց հետ հաճախակի զրուցելն է։

4, 5. ա) Գործնական ի՞նչ առաջարկներ կան, որոնց հետևելով՝ ծնողները կարող են տրամադրել երեխաներին իրենց սիրտը բացելու (տե՛ս 17-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ ես արել, որպեսզի երեխադ տրամադրվի քեզ հետ խոսելու։

4 Որոշ ծնողներ նկատել են, որ երեխաների հետ հաղորդակցությունը բարդանում է, երբ նրանք մտնում են պատանեկության տարիք. երեխաները գուցե սկսեն խուսափել ծնողներից, անհարմար զգան նրանց հետ խոսել իրենց մտքերի ու զգացմունքների մասին։ Ի՞նչ կարող ես անել նման դեպքերում։ Երկար և լուրջ զրույցների փոխարեն՝ փորձիր տղայիդ կամ աղջկադ հետ խոսել ազատ, անկաշկանդ մթնոլորտում (2 Օրենք 6։6, 7)։ Ձգտիր նրա հետ շատ ժամանակ անցկացնել։ Կարող եք միասին զբոսնել, մեքենայով տեղ գնալ, խաղալ, տնային գործեր անել։ Նման պայմաններում դեռահասներն ազատ կզգան ու տրամադրված կլինեն իրենց սիրտը բացելու։

5 Ի՞նչ կարող ես անել, եթե երեխան, այնուամենայնիվ, չի ցանկանում խոսել։ Փորձիր հետևյալը։ Նրան մի՛ հարցրու, թե ինչպես է իր օրն անցել. փոխարենը՝ ասա, թե ինչպես է անցել քո օրը։ Հնարավոր է՝ նա էլ պատմի, թե ինչպես է անցել իր օրը։ Կամ որպեսզի իմանաս, թե ինչ կարծիք ունի երեխադ ինչ-որ բանի վերաբերյալ, տուր այնպիսի հարցեր, որոնք չեն կենտրոնանում նրա անձի վրա։ Կարող ես հարցնել, թե նրա ընկերը ինչ է մտածում այդ բանի մասին։ Հետո հարցրու, թե ինչ խորհուրդ նա կտար իր ընկերոջը։

6. Ի՞նչ պետք է անի ծնողը, որպեսզի երեխան սիրտը բացի իր առաջ։

6 Ինչ խոսք, որպեսզի երեխաները բացեն իրենց սիրտը, նրանք կարիք ունեն զգալու, որ դու այնքան զբաղված չես, որ ժամանակ չունենաս նրանց համար։ Եթե ծնողները անընդհատ ժամանակ չունենան խոսելու, երեխաները, հավանաբար, նրանց հետ չեն խոսի իրենց խնդիրների մասին։ Ծնողները նաև պետք է մատչելի լինեն։ Նրանք չպետք է երեխային միայն ասեն՝ «երբ ուզես, կարող ենք խոսել»։ Երեխաներն ուզում են, որ ծնողները ուշադրություն դարձնեն իրենց խնդիրներին, բայց նաև սուր չարձագանքեն դրանց։ Շատ ծնողներ հենց այդպես էլ անում են։ 19-ամյա Քեյլան ասում է. «Հայրիկիս հետ կարող եմ խոսել ամեն ինչի մասին։ Նա չի ընդհատում ինձ, չի քննադատում, պարզապես լսում է։ Հետո տալիս է լավագույն խորհուրդը»։

7. ա) Ինչպե՞ս կարող է ծնողը հավասարակշռված մոտեցում ցույց տալ, երբ երեխայի հետ խոսում է հակառակ սեռի հետ մտերմություն անելու մասին։ բ) Ինչպե՞ս ծնողները գուցե ակամա «զայրացնեն» իրենց երեխաներին։

7 Նույնիսկ երբ խոսում ես նուրբ հարցերի, օրինակ՝ հակառակ սեռի հետ մտերմություն անելու մասին, զգույշ եղիր, որ միայն նախազգուշացումներ չանես։ Սովորեցրու նաև, թե ինչպես ճիշտ ձևով վարվել։ Պարզաբանենք օրինակով։ Ենթադրենք՝ գնում ես ռեստորան, նայում ես ճաշացանկը, բայց այնտեղ տեսնում ես միայն նախազգուշացումներ թունավոր սննդի մասին։ Անշուշտ, կհեռանաս այդտեղից և ուրիշ ռեստորան կգնաս։ Քո երեխաները գուցե նման ձևով արձագանքեն, եթե նրանք քեզնից խորհուրդ հարցնեն, բայց քո «ճաշացանկում» միայն խիստ նախազգուշացումներ լինեն (կարդա՛  Կողոսացիներ 3։21)։ Եղիր հավասարակշռված։ Էմիլի անունով 25-ամյա մի քույր ասում է.  «Մտերմություն անելու մասին ծնողներս այնպես չեն խոսում, թե դա վատ բան է։ Նրանք ասում են, որ հաճելի է ճանաչել ինչ-որ մեկին, որը կարող է քո ապագա կողակիցը լինել։ Նման մոտեցման շնորհիվ ես կարողանում եմ այդ թեմայով անկաշկանդ զրուցել ծնողներիս հետ։ Ես նրանցից չեմ թաքցնում, երբ ինչ-որ մեկի հետ ընկերություն եմ սկսում անել»։

8, 9. ա) Ի՞նչ օգուտ է լինում, երբ ծնողը լսում է երեխային՝ առանց նրան ընդհատելու։ բ) Ի՞նչ հաջողության ես հասել՝ լսելով երեխայիդ։

8 Քեյլայի խոսքերին համահունչ՝ դու կարող ես ցույց տալ, որ մատչելի ես, եթե համբերատարությամբ լսես քո զավակներին (կարդա՛  Հակոբոս 1։19)։ Կատյա անունով մի միայնակ մայր ասում է. «Անցյալում անհամբեր էի աղջկաս հանդեպ։ Ես չէի թողնում նրան ավարտել իր խոսքը. կա՛մ շատ հոգնած էի լինում, կա՛մ չէի ուզում, որ ինձ անհանգստացնեն։ Այժմ փոխվել եմ, աղջիկս էլ փոխել է իր վերաբերմունքը։ Հիմա նա ավելի շատ է տրամադրված ինձ հետ խոսելու»։

Լսիր, որպեսզի ճանաչես (տե՛ս պարբերություն 3–9)

9 Ռոնալդ անունով մի հայր, որը 16 տարեկան աղջիկ ունի, պատմում է. «Երբ նա ինձ ասաց, որ սիրահարվել է դպրոցի տղաներից մեկին, բարկությամբ լցվեցի։ Բայց երբ խորհրդածեցի, թե որքան համբերատար ու ողջամիտ է եղել Եհովան իր ծառաների հանդեպ, որոշեցի, որ նախ պետք է աղջկաս հնարավորություն տամ արտահայտվելու և դրանից հետո փորձեմ ուղղել նրան։ Շա՜տ ուրախ եմ, որ այդպես վարվեցի։ Կյանքումս առաջին անգամ հասկացա իմ դստեր զգացումները։ Երբ նա վերջացրեց, զգացի, որ ինձ համար ավելի հեշտ կլինի նրա հետ սիրալիր խոսել։ Ի զարմանս ինձ՝ աղջիկս պատրաստակամորեն ընդունեց խորհուրդը և ասաց, որ իսկապես ուզում է այլ կերպ վարվել»։ Երեխաների հետ հաճախակի զրուցելով՝ դու ավելի շատ կիմանաս, թե ինչ են նրանք մտածում և զգում։ Իսկ դա, իր հերթին, քեզ հնարավորություն կտա ավելի մեծ դեր ունենալու այն բանում, թե ինչ որոշումներ նրանք կկայացնեն *։

ՍՆԵՔ

10, 11. Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ, որ չհեռանան «հոտից»։

10 Լավ հովիվը գիտի, որ ոչխարը կարող է աստիճանաբար հեռանալ հոտից։ Ոչխարի ուշադրությունը հնարավոր է՝ գրավի փոքր-ինչ հեռու գտնվող խոտը, հետո՝ ավելի հեռու, և այդպես նա հեռանա հոտից։ Նման ձևով երեխան, գայթակղվելով վնասակար ընկերակցությամբ կամ ոչ աստվածահաճո ժամանցով, գուցե աննկատ հեռանա ու սկսի քայլել  հոգևորապես վտանգավոր ճանապարհով (Առակ. 13։20)։ Ինչպե՞ս կարող է ծնողը կանխել նման իրավիճակը։

11 Գործիր անհապաղ, երբ երեխաներիդ սովորեցնելիս նկատում ես խոցելի տեղեր։ Օգնիր նրանց, որ զարգացնեն իրենց դրական հատկությունները (2 Պետ. 1։5–8)։ Ընտանեկան երկրպագությունը հիանալի հնարավորություն է դրա համար։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում (2008թ., հոկտեմբեր) գրվել է. «Ընտանիքի գլուխների պարտականությունն է Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրությունը անցկացնել կանոնավոր և բովանդակալից»։ Լիարժեքորեն օգտվո՞ւմ ես երեխաներիդ հովվելու համար Եհովայի տված այս սիրառատ հնարավորությունից։ Համոզված եղիր, որ զավակներդ թանկ են գնահատում այն, որ իրենց հոգևոր կարիքները բավարարելը առաջնային ես համարում (Մատթ. 5։3; Փիլիպ. 1։10

Սնիր (տե՛ս պարբերություն 10–12)

12. ա) Ի՞նչ օգուտներ են ստացել որոշ պատանիներ կանոնավոր ընտանեկան երկրպագությունից (անդրադարձիր նաև « Նրանք թանկ են գնահատում» շրջանակին)։ բ) Ի՞նչ օգուտներ ես ստացել անձամբ դու ձեր ընտանեկան երկրպագությունից։

12 19-ամյա Կարիսան պատմում է, թե իրենց ընտանիքն ինչ օգուտներ է ստանում ընտանեկան երկրպագությունից։ Նա ասում է. «Ինձ դուր է գալիս, որ մենք հավաքվում ենք և զրուցում։ Այդպես ավելի ենք մտերմանում, և հաճելի հիշողություններ են մնում։ Հայրիկը ընտանեկան երկրպագությունն անցկացնում է հետևողականորեն։ Ինձ շատ է ոգևորում այն, որ նա լուրջ է վերաբերվում դրան, և ես էլ մղվում եմ ընտանեկան երկրպագությանը լուրջ վերաբերվելու։ Ես ավելի մեծ հարգանքով եմ լցվում նրա հանդեպ՝ որպես իմ հոր և իմ հոգևոր գլխի»։ 23-ամյա Բրիտնին ասում է. «Ընտանեկան երկրպագության շնորհիվ մտերմացել եմ ծնողներիս հետ։ Այս հոգևոր միջոցառումն օգնում է ինձ տեսնելու, որ նրանք իսկապես հետաքրքրված են ինձնով և պատրաստ են լսելու ինձ, երբ ես ուզում եմ խոսել խնդիրներիս մասին։ Ընտանեկան երկրպագությունը նպաստում է մեր ընտանիքի ամրությանն ու միասնությանը»։ Հստակ է, որ լավ հովիվը իր երեխաներին հոգևորապես սնում է և դա անում է մասնավորապես ընտանեկան երկրպագության միջոցով *։

ԱՌԱՋՆՈՐԴԵՔ

13. Ինչպե՞ս կարող է երեխան ցանկանալ ծառայել Եհովային։

13 Լավ հովիվը գավազան է օգտագործում իր հոտին առաջնորդելու և պաշտպանելու համար։ Նրա գլխավոր նպատակներից մեկը իր ոչխարներին «լավ արոտավայր» տանելն է (Եզեկ. 34։13, 14)։ Լինելով ծնող՝ դու, իհարկե, ցանկանում ես քո զավակներին այնպես առաջնորդել, որ նրանք, ի վերջո, ծառայեն Եհովային։ Ուզում ես, որ նրանք սաղմոսերգուի պես ասեն. «Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է» (Սաղ. 40։8)։ Այն երեխաները, որոնց սիրտը լի է նման երախտագիտությամբ, իրենց կյանքը նվիրում են Եհովային և մկրտվում են։ Հասկանալի է, որ նրանք այդ քայլն անելու համար պետք է բավականաչափ հասուն լինեն և սրտանց ցանկանան ծառայել Եհովային։

14, 15. ա) Ի՞նչը պետք է լինի քրիստոնյա ծնողների նպատակը։ բ) Ինչո՞ւ դեռահասը գուցե կասկածներ արտահայտի, որ ճշմարտության մեջ է։

14 Ի՞նչ կարող ես անել, եթե թվում է՝ երեխադ հոգևորապես չի աճում, նույնիսկ կասկածում է, որ ճշմարտության մեջ է։ Ջանա նրա սրտում սեր արմատավորել Եհովա Աստծու հանդեպ և երախտագիտություն այն ամենի համար, որ Նա արել է (Հայտն. 4։11)։ Երբ երեխան պատրաստ լինի, կկարողանա անձնական որոշում կայացնել Աստծուն ծառայելու մասին։

15 Եթե երեխադ կասկածներ ունի, եղիր համբերատար և օգնիր նրան։ Օգնիր հասկանալու, որ Եհովային ծառայելը կյանքի  լավագույն ուղին է և բերում է հարատև օրհնություններ։ Ջանա գտնել նրա կասկածների իրական պատճառները։ Զավակդ համաձայն չէ՞ սուրբգրային ուսմունքներին, թե՞ պարզապես բավականաչափ քաջություն չունի հասակակիցների առաջ պաշտպանելու իր հավատը։ Նա կասկածո՞ւմ է, որ իմաստուն է ապրել Աստծու չափանիշներով, թե՞ պարզապես իրեն միայնակ կամ մերժված է զգում։

Առաջնորդիր (տե՛ս պարբերություն 13–18)

16, 17. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգնել իրենց երեխաներին ճշմարտությունը իրենցը դարձնելու։

16 Անկախ պատճառից՝ կարող ես օգնել երեխայիդ հասկանալու, թե ինչու ինքը կասկածներ ունի։ Ինչպե՞ս։ Բազմաթիվ ծնողներ արդյունավետ են համարում երեխային հետևյալ հարցերը տալը. «Ի՞նչ կարծիք ունես քրիստոնյա լինելու մասին։ Քրիստոնեական ճանապարհով գնալն ինչո՞վ է լավ։ Իսկ ի՞նչ դժվարությունների կարող է բախվել Աստծու ծառան։ Ի՞նչն է գերակշռում՝ օգո՞ւտը, թե՞ դժվարությունը։ Օգուտները, թե՛ ներկա և թե՛ ապագա, անհամեմատ շատ չե՞ն դժվարություններից։ Ինչո՞ւ ես այդպես ասում»։ Ինչ խոսք, այս հարցերը պետք է տաս քո բառերով, սիրալիր կերպով, հետաքրքրվածությամբ և ոչ թե հարցաքննելով։ Զրույցի ընթացքում կարող ես քննարկել Մարկոս 10։29, 30-ը։ Որոշ երեխաներ գուցե ցանկանան գրի առնել իրենց մտքերը՝ թղթի ձախ կողմում գրելով դժվարությունները, իսկ աջ կողմում՝ օգուտները։ Սա կօգնի զավակիդ հասկանալու, թե որն է իր խնդիրը, և համապատասխան քայլեր ձեռնարկելու։ Եթե «Աստվածաշունչը սովորեցնում է» կամ «Աստծու սերը» գիրքը ուսումնասիրում ենք հետաքրքրվողների հետ, ապա առավել ևս դա պետք է անենք մեր երեխաների հետ։ Իսկ դու դա անո՞ւմ ես։

17 Ժամանակի ընթացքում քո երեխան անձամբ կորոշի՝ ծառայել Եհովային, թե ոչ։ Մի՛ կարծիր, որ եթե դու ծառայում ես Աստծուն, ապա որդիդ կամ աղջիկդ ինքնաբերաբար կծառայի։ Երեխան ճշմարտությունը պետք է իրենը դարձնի (Առակ. 3։1, 2)։ Ի՞նչ կարող ես անել, եթե նա դժվարանում է մտերմանալ Եհովայի հետ։ Հորդորիր մտածել հետևյալ հարցերի շուրջ. «Որտեղի՞ց ես գիտեմ, որ Աստված գոյություն ունի։ Ի՞նչն է համոզում ինձ, որ ես իրոք կարևոր եմ Եհովա Աստծու համար։ Ինչո՞ւ եմ հավատում, որ Եհովայի չափանիշներն իսկապես իմ օգտի համար են»։ Ծնողնե՛ր, եղեք լավ հովիվներ և համբերատար կերպով առաջնորդեք ձեր երեխաներին։ Օգնեք նրանց համոզվելու, որ Եհովային ծառայելը կյանքի լավագույն ուղին է * (Հռոմ. 12։2

18. Ծնողներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Մեծ Հովվին։

18 Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները ցանկանում են ընդօրինակել Եհովային՝ Մեծ Հովվին (Եփես. 5։1; 1 Պետ. 2։25)։ Մասնավորապես ծնողները կարիք ունեն լավ իմանալու իրենց հոտի՝ իրենց թանկագին երեխաների վիճակը և ամեն ինչ անելու, որ առաջնորդեն նրանց դեպի Եհովայի օրհնությունները։ Ուստի, սիրելի՛ ծնողներ, հովվեք ձեր երեխաներին՝ շարունակելով մեծացնել նրանց ճշմարտության մեջ։

^ պարբ. 9 Ավելի շատ առաջարկների համար տե՛ս «Դիտարան», 2008, օգոստոսի 1, էջ 10–12։

^ պարբ. 12 Լրացուցիչ տեղեկության համար տե՛ս «Ընտանեկան երկրպագությունը կարևոր է փրկության համար» հոդվածը «Դիտարանի» 2009թ. հոկտեմբերի 15-ի համարում (էջ 29–31)։