Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

Հավատարմորեն ծառայիր Աստծուն՝ չնայած «բազում նեղություններին»

Հավատարմորեն ծառայիր Աստծուն՝ չնայած «բազում նեղություններին»

«Բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը» (ԳՈՐԾ. 14։22)։

1. Ինչո՞ւ Աստծու ծառաների համար զարմանալի չէ, որ իրենք գուցե նեղություններ կրեն։

ՔԵԶ զարմացնո՞ւմ է այն միտքը, որ գուցե «բազում նեղությունների» միջով անցնես նախքան հավիտենական կյանքի պարգևը ստանալը։ Հավանաբար ոչ։ Անկախ այն բանից՝ նոր ես մկրտվել, թե վաղուց, դու գիտես, որ դժվարություններն անխուսափելի են Սատանայի աշխարհում (Հայտն. 12։12

2. ա) Բացի այն դժվարություններից, որոնք սովորաբար պատահում են բոլորին, ի՞նչ դժվարության են բախվում քրիստոնյաները (տե՛ս 12-րդ էջի նկարը)։ բ) Ո՞վ է կանգնած մեր նեղությունների հետևում, և որտեղի՞ց դա գիտենք։

2 Բացի այն դժվարություններից, որոնք սովորաբար պատահում են բոլորին, քրիստոնյաները բախվում են նաև այլ դժվարության (1 Կորնթ. 10։13)։ Ո՞րն է դա։ Ուժգին հակառակությունը։ Նրանք բախվում են դրան, քանի որ հնազանդվում են Աստծու օրենքներին։ Հիսուսն իր հետևորդներին ասաց. «Ծառան մեծ չէ իր տիրոջից։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15։20)։ Ո՞վ է կանգնած այդ հակառակության հետևում։ Վերջին հաշվով՝ դա Սատանան է։ Նա, ինչպես Աստվածաշունչն է ասում, նման է «մռնչող առյուծի» և ուզում է կուլ տալ Աստծու ծառաներին (1 Պետ. 5։8)։ Սատանան դիմում է ցանկացած միջոցի՝ Հիսուսի աշակերտների անարատությունը պղծելու նպատակով։  Քննենք, թե ինչ պատահեց Պողոս առաքյալին։

ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ԼՅՈՒՍՏՐԱՅՈՒՄ

3–5. ա) Ի՞նչ նեղություն կրեց Պողոսը Լյուստրայում։ բ) Ապագա նեղությունների մասին նրա խոսքերն ինչո՞ւ էին քաջալերական։

3 Պողոսն իր հավատի պատճառով շատ է հալածվել (2 Կորնթ. 11։23–27)։ Այն բանից հետո, երբ նա Լյուստրայում բուժեց ի ծնե կաղ մի մարդու, ժողովուրդը սկսեց նրան ու նրա ծառայակից Բառնաբասին աստվածացնել։ Վերջիններս ստիպված էին աղաչել խելահեղ ամբոխին, որ չերկրպագի իրենց։ Շատ շուտով, սակայն, եկան հրեա հակառակորդները և զրպարտչական խոսքերով թունավորեցին մարդկանց միտքը։ Ժողովուրդը շա՜տ արագ փոխեց իր վերաբերմունքը։ Մարդիկ սկսեցին քարկոծել Պողոսին և կարծելով, թե նա մահացել է՝ թողեցին հեռացան (Գործ. 14։8–19

4 Դերբե գնալուց հետո Պողոսն ու Բառնաբասը «վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք։ Նրանք զորացրին աշակերտների հոգիները, քաջալերեցին նրանց, որ հավատի մեջ մնան, ու ասացին. «Բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը»» (Գործ. 14։21, 22)։ Առաջին հայացքից՝ այս խոսքերը գուցե տարօրինակ թվան։ Ի վերջո, «բազում նեղությունների» միջով անցնելու միտքը, հնարավոր է, մեզ ճնշի և ոչ թե քաջալերի։ Այդ դեպքում ինչպե՞ս Պողոսն ու Բառնաբասը «զորացրին աշակերտների հոգիները» այն խոսքերով, որոնք ավելի՛ շատ նեղությունների մասին էին։

5 Այս հարցի պատասխանը կստանանք, եթե ուշադիր քննենք առաքյալի խոսքերը։ Նա չասաց. «Մենք պետք է տոկանք բազում նեղությունների ներքո»։ Պողոսն ասաց. «Բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը»։ Այսինքն՝ առաքյալը զորացրեց աշակերտներին՝ շեշտելով հավատարիմ ընթացքի դրական արդյունքը։ Դա պատրանք չէր։ Ինքը Հիսուս Քրիստոսն էր ասել. «Ով որ մինչև վերջ տոկա, նա կփրկվի» (Մատթ. 10։22

6. Ի՞նչ պարգև է սպասում տոկացողներին։

6 Եթե տոկանք, պարգև կստանանք։ Օծյալ քրիստոնյաների պարգևը անմահ կյանքն է երկնքում, որտեղ նրանք կլինեն Հիսուսի իշխանակիցներ։ Իսկ «ուրիշ ոչխարների» համար այդ պարգևը հավիտենական կյանքն է երկրի վրա, որտեղ «արդարություն է բնակվելու» (Հովհ. 10։16; 2 Պետ. 3։13)։ Իսկ մինչ այդ, ինչպես Պողոսն ասաց, մենք բազում նեղություններ ենք կրելու։ Քննենք երկու տեսակի նեղություն։

ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

7. Ինչպիսի՞ նեղությունը կարող է համարվել ճակատային հարձակում։

7 Հիսուսը կանխագուշակեց. «Ձեզ դատարաններին կմատնեն, ժողովարաններում կծեծեն և կկանգնեցնեն կառավարիչների ու թագավորների առաջ» (Մարկ. 13։9)։ Ինչպես երևում է այս խոսքերից, որոշ քրիստոնյաներ նեղություն էին կրելու՝ ենթարկվելով ֆիզիկական բռնության։ Երբեմն նման հալածանքի հետևում գուցե կանգնած լինեն կրոնական և քաղաքական ղեկավարներ (Գործ. 5։27, 28)։ Մեկ անգամ ևս ուշադրություն դարձնենք Պողոս առաքյալի օրինակին։ Վախեցա՞վ նա նման հակառակության բախվելու մտքից։ Բոլորովի՛ն (կարդա՛  Գործեր 20։22, 23

8, 9. Ինչպե՞ս Պողոսը ցույց տվեց, որ վճռականորեն տրամադրված է տոկալու, և մեր ժամանակներում ինչպե՞ս են ոմանք նման վճռականություն դրսևորել։

8 Պողոսը քաջաբար դիմակայեց Սատանայի ճակատային հարձակումներին և ասաց. «Ես իմ հոգին կարևոր չեմ համարում, ասես թե թանկ է ինձ համար, միայն թե կարողանամ ավարտել իմ ընթացքը և այն ծառայությունը, որ ստացա Տեր Հիսուսից, որպեսզի հիմնովին վկայություն տամ Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին» (Գործ. 20։24)։ Հստակ է, որ առաքյալը չէր վախենում հալածվելուց։ Նա վճռականորեն տրամադրված էր տոկալու, ինչ էլ որ լիներ։ Նրա գլխավոր մտահոգությունը «հիմնովին վկայություն  տալն» էր, անկախ այն բանից, թե ինչ նեղության ինքը կբախվեր։

9 Այսօր բազմաթիվ եղբայրներ և քույրեր դրսևորում են նման վճռականություն։ Օրինակ՝ մի երկրում որոշ Վկաներ իրենց չեզոքության պատճառով արդեն գրեթե 20 տարի է, ինչ բանտում են։ Նրանց գործը երբեք չի քննվել դատարանում, որովհետև այդ երկրում չկա օրենք համոզմունքների հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար։ Նրանց արգելել են տեսակցել նույնիսկ ընտանիքի անդամներին, իսկ մի քանի բանտարկյալների ծեծել են ու ենթարկել զանազան կտտանքների։

10. Ինչո՞ւ չպետք է վախենանք անսպասելի նեղություններից։

10 Այլ վայրերում էլ մեր եղբայրներն ու քույրերը կրում են այնպիսի նեղություններ, որոնք ծագում են անսպասելիորեն։ Եթե քեզ նման բան պատահի, չվախենաս։ Հիշիր Հովսեփին։ Նրան վաճառեցին ստրկության, բայց Եհովան «ազատեց նրան.... բոլոր նեղություններից» (Գործ. 7։9, 10)։ Աստված նույնը կարող է անել քեզ համար։ Երբեք մի՛ մոռացիր, որ «Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետ. 2։9)։ Շարունակիր վստահել Եհովային՝ իմանալով, որ նա կարող է քեզ ազատել այս ամբարիշտ աշխարհից և տալ հավիտենական կյանք իր Թագավորության ներքո։ Դու բոլոր հիմքերն ունես վստահելու նրան, ուստի քաջաբար տոկա հալածանքի ներքո (1 Պետ. 5։8, 9

ԱՆՆԿԱՏ ՀԱՐՁԱԿՈՒՄ

11. Սատանայի աննկատ հարձակումներն ինչպե՞ս են տարբերվում նրա ճակատային հարձակումներից։

11 Նեղության մեկ ուրիշ տեսակ է աննկատ հարձակումը։ Ինչպե՞ս է սա տարբերվում ճակատային հարձակումից։ Ճակատային հարձակումը նման է տոռնադոյի՝ պտտահողմի, որը հարվածում է քաղաքին և ակնթարթորեն ավերում տները։ Իսկ աննկատ հարձակումը նման է տերմիտների գաղութի, որը դանդաղորեն կրծում է փայտե տունը, մինչև որ այն, ի վերջո, փլուզվում է։ Տանտերը վտանգի մասին գուցե իմանա միայն այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ լինի։

12. ա) Ո՞րն է Սատանայի աննկատ հարձակման ձևերից մեկը, և ինչո՞ւ է դա արդյունավետ։ բ) Ինչո՞ւ էր Պողոսը երբեմն վհատվում։

12 Սատանան ցանկանում է խզել մեր ու Եհովայի փոխհարաբերությունները։ Նա դիմում է կա՛մ ճակատային հարձակման՝ հալածանքների ենթարկելով մեզ, կա՛մ աննկատ հարձակման՝ դանդաղորեն կրծելով մեր հավատը։ Աննկատ հարձակման արդյունավետ ձևերից մեկը վհատության մեջ գցելն է։ Պողոս առաքյալն ինքը երբեմն վհատվել է (կարդա՛  Հռոմեացիներ 7։21–24)։ Ինչո՞ւ է Պողոսը, որ հոգևոր հսկա էր, հավանաբար՝ առաջին դարի կառավարիչ մարմնի անդամ, իրեն համարում «թշվառ մարդ»։ Նա ասում է, որ իրեն այդպես էր զգում իր անկատարության պատճառով։ Առաքյալն ուզում էր անել այն, ինչ ճիշտ է, բայց ներսում զգում էր իր դեմ ուղղված մի ուժ։ Եթե երբեմն նման զգացումներ ես ունենում, մի՞թե չես մխիթարվում այն մտքից, որ նույնիսկ Պողոս առաքյալն է նման դժվարություն ունեցել։

13, 14. ա) Ինչո՞ւ են Աստծու ծառաներից ոմանք վհատվում։ բ) Ո՞վ է ուզում փլուզել մեր հավատը և ինչո՞ւ։

13 Բազմաթիվ եղբայրներ և քույրեր երբեմն վհատվում են, անհանգստանում և նույնիսկ թերարժեքության զգացում ունենում։ Օրինակ՝ մի եռանդուն ռահվիրա, որին կանվանենք Դեբորա, ասում է. «Անընդհատ մտածում եմ իմ արած մի սխալի մասին և ավելի ու ավելի վատ եմ զգում։ Երբ հիշում եմ իմ թերացումները, թվում է՝ ոչ ոք երբեք չի սիրի ինձ, նույնիսկ Եհովան»։

14 Ինչո՞ւ են որոշ եռանդուն եղբայրներ և քույրեր Դեբորայի պես վհատվում։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Ոմանք պարզապես հակված են բացասաբար մտածելու իրենց ու իրենց կյանքի մասին (Առակ. 15։15)։ Ուրիշները վհատվում են առողջական խնդիրների պատճառով։ Ինչ էլ որ լինի պատճառը, մենք պետք է  հիշենք, թե ով է ուզում, որ վհատվենք։ Իսկապես, ո՞վ է ուզում, որ մենք այն աստիճանի վհատվենք, որ ի վերջո թևաթափ լինենք։ Ո՞վ է ուզում, որ դու քեզ անհույս զգաս, ինչպես որ ինքն է զգում (Հայտն. 20։10)։ Անշուշտ, Սատանան, որին սպասում է Աստծու դատաստանը։ Իրողությունն այն է, որ Սատանան ճակատային կամ աննկատ հարձակման միջոցով նպատակ ունի մեզ անհանգստացնելու, մեր եռանդը թուլացնելու և ստիպելու մեզ դադարել Եհովային ծառայելուց։ Հիշիր՝ Աստծու ժողովուրդը ներգրավված է հոգևոր պատերազմի մեջ։

15. Համաձայն 2 Կորնթացիներ 4։16, 17-ի՝ ի՞նչ պետք է վճռենք անել։

15 Վճռիր չպարտվել այս պատերազմում։ Կենտրոնացիր պարգևի վրա։ Պողոսը կորնթացի քրիստոնյաներին գրեց. «Մենք չենք հանձնվում, ու եթե նույնիսկ մեր արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը, անշուշտ, օրեցօր նորոգվում է։ Թեպետ նեղությունը վաղանցիկ է ու թեթև, սակայն մեզ համար այն փառք է առաջ բերում, որը շատ ավելի գերազանց է և հավիտենական է» (2 Կորնթ. 4։16, 17

ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԻՍԿ ՊԱՏՐԱՍՏՎԻՐ

Քրիստոնյաները՝ երիտասարդ թե տարեց, մարզվում են, որպեսզի պատրաստ լինեն պաշտպանելու իրենց հավատը (տե՛ս պարբերություն 16)

16. Ինչո՞ւ է կարևոր արդեն այսօր պատրաստվել նեղությունների։

16 Ինչպես տեսանք, Սատանան դիմում է տարբեր «նենգությունների» (Եփես. 6։11)։ Յուրաքանչյուրս պետք է ականջ դնի այն հորդորին, որ գրված է 1 Պետրոս 5։9-ում. «Դուք ամուր հավատով դեմ կանգնեք նրան»։ Սա անելու համար մենք պետք է պատրաստենք մեր միտքն ու սիրտը, մարզենք մեզ արդեն այսօր՝ անելու այն, ինչ ճիշտ է։ Օրինակ՝ բանակի զինվորները մարտից երկար ժամանակ առաջ քրտնաջան մարզվում են, պարապմունքներ անցկացնում, որպեսզի պատրաստ լինեն։ Նման բան տեղի է ունենում Եհովայի հոգևոր բանակում։ Մենք չգիտենք, թե ապագայում ինչ հոգևոր մարտեր են լինելու։ Հետևաբար իմաստուն կլինի հարաբերական խաղաղ ժամանակներում լավ  մարզվել։ Պողոսը կորնթացիներին գրեց. «Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք» (2 Կորնթ. 13։5

17–19. ա) Ինչպե՞ս կարող ենք ստուգել մեզ։ բ) Պատանիներն ինչպե՞ս կարող են պատրաստվել պաշտպանելու իրենց համոզմունքները դպրոցում։

17 Պողոսի ներշնչյալ խորհրդին հետևելու կերպերից մեկը լուրջ ինքնաքննություն անելն է։ Ինքդ քեզ հարցրու. «Հարատևո՞ւմ եմ աղոթքում։ Երբ բախվում եմ հասակակիցներիս ճնշմանը, առաջին հերթին Աստծո՞ւն եմ հնազանդվում, թե՞ մարդկանց։ Կանոնավորաբար ներկա՞ եմ լինում ժողովի հանդիպումներին։ Համարձակորե՞ն եմ խոսում համոզմունքներիս մասին։ Համբերատա՞ր եմ հավատակիցներիս թերությունների նկատմամբ, ինչպես որ նրանք են համբերատար իմ թերությունների նկատմամբ։ Հնազանդվո՞ւմ եմ ժողովում վերակացու ծառայող եղբայրներին, ինչպես նաև նրանց, ովքեր առաջնորդում են համաշխարհային գործը»։

18 Նկատենք, որ այս հարցերից երկուսը վերաբերում են մեր համոզմունքները համարձակորեն պաշտպանելուն և հասակակիցների ճնշմանը դիմադրելուն։ Մեր դպրոցական պատանիներից շատերը սովորել են անկաշկանդ և համարձակորեն խոսել իրենց համոզմունքների մասին։ Սրա վերաբերյալ մեր հրատարակություններում տպագրվել են օգտակար առաջարկներ։ Օրինակ՝ «Արթնացե՛ք»-ի 2009թ. հուլիսի համարում գրված է, որ եթե համադասարանցիդ հարցնում է՝ «ինչո՞ւ չես հավատում էվոլյուցիային», կարող ես ասել. «Իսկ ինչո՞ւ պիտի հավատամ։ Նույնիսկ գիտնականները, որոնք ավելի շատ բան գիտեն դրա մասին, չեն ընդունում էվոլյուցիայի ուսմունքը»։ Ծնողնե՛ր, անպայման մարզեք ձեր երեխաներին, որպեսզի նրանք պատրաստ լինեն դիմակայելու հասակակիցների ճնշմանը դպրոցում։

19 Ինչ խոսք, միշտ չէ, որ հեշտ է պաշտպանել մեր համոզմունքները կամ անել այն, ինչ Եհովան է ասում, որ անենք։ Երկար աշխատանքային օրից հետո մենք գուցե ուղղակի ստիպենք մեզ գնալու ժողովի հանդիպման։ Վաղ առավոտյան ծառայության գնալու համար գուցե ջանքեր պահանջվեն տաքուկ անկողնուց դուրս գալու համար։ Բայց հիշենք. եթե արդեն այսօր հոգևոր լավ գրաֆիկ ունենանք, ապա ապագայում, երբ մեծ փորձություններ լինեն, պատրաստ կլինենք գլուխներս բարձր դիմավորելու դրանք։

20, 21. ա) Փրկանքի մասին խորհրդածելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ պայքարելու բացասական զգացումների դեմ։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։

20 Ի՞նչ կարող ենք ասել աննկատ հարձակումների մասին։ Օրինակ՝ ինչպե՞ս կարող ենք հաղթահարել վհատությունը։ Արդյունավետ կերպերից մեկը փրկանքի շուրջ խորհրդածելն է։ Պողոս առաքյալը հենց դա արեց։ Ճիշտ է, նա երբեմն իրեն թշվառ էր զգում։ Բայց նաև գիտեր, որ Քրիստոսը մահացել է ոչ թե կատարյալ, այլ մեղավոր մարդկանց համար, և ինքը նույնպես մեղավոր մարդ էր։ Առաքյալը գրեց. «Ապրում եմ այն հավատով, որ ունեմ Աստծու Որդու հանդեպ, որը սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար» (Գաղ. 2։20)։ Այո՛, Պողոսը ընդունում էր փրկանքը։ Նա գիտեր, որ այն անձամբ իր համար է տրվել։

21 Այսպես մտածելը, այսինքն՝ որ փրկանքը Եհովայի կողմից անձամբ մեզ տրված նվեր է, շա՜տ կարող է օգնել։ Իհարկե, սա չի նշանակում, որ վհատությունը վայրկենապես կանցնի։ Մեզնից ոմանք գուցե մինչև նոր աշխարհ ստիպված լինեն դիմադրելու այս աննկատ հարձակմանը։ Բայց եկեք չմոռանանք, որ մրցանակը կստանան նրանք, ովքեր մինչև վերջ կպայքարեն։ Օր օրի մենք ավելի ենք մոտենում այն փառավոր օրվան, երբ Աստծու Թագավորությունը երկրի վրա կհաստատի խաղաղություն և բոլոր հավատարիմ մարդկանց կհասցնի կատարելության։ Վճռիր մտնել այդ Թագավորություն նույնիսկ բազում նեղությունների միջով։