Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Այն, ինչ ասաց Դավիթը Սաղմոս 37։25-ում և այն, ինչ ասաց Հիսուսը Մատթեոս 6։33-ում, նշանակո՞ւմ է, որ Եհովան երբեք թույլ չի տա՝ իր ծառան սննդի պակաս զգա։

Դավիթը գրեց, որ ինքը չի տեսել «արդարին լքված, ոչ էլ նրա սերունդներին՝ հաց մուրալիս»։ Այս խոսքերով՝ նա, իր փորձի հիման վրա, մի ընդհանուր միտք հայտնեց։ Դավիթը շատ լավ գիտեր, որ Աստված մշտապես հոգ է տարել իր մասին (Սաղ. 37։25)։ Բայց Դավթի խոսքերը չեն նշանակում, որ Աստծու ծառաները երբևէ կարիքի մեջ չեն եղել կամ չեն լինի։

Դավթի կյանքում եղել են շատ դժվար ժամանակներ։ Այդպիսի մի ժամանակ էր, երբ նա փախչում էր Սավուղ թագավորից։ Դավթի միջոցները սուղ էին, և նա Աքիմելեք քահանայից հաց խնդրեց իր և իր հետ եղողների համար (1 Սամ. 21։1–6)։ Այդ դժվար իրավիճակում նա գիտեր, որ Եհովան չի լքի իրեն։ Իրողությունն այն է, որ Աստվածաշնչում ոչ մի տեղ գրված չէ, որ Դավիթը սովամահ չլինելու համար հաց է մուրացել։

Մատթեոս 6։33-ում Հիսուսը հավաստիացնում է, որ Աստված կբավարարի իր այն ծառաների կարիքները, ովքեր Թագավորության շահերը հավատարմորեն առաջին տեղում կդնեն իրենց կյանքում։ «Շարունակեք նախ թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել, և այդ բոլոր բաները [ներառյալ՝ ուտելիք, խմելիք և հագուստ] կտրվեն ձեզ»,— ասաց Հիսուսը։ Բայց Հիսուսը նաև ասաց, որ հալածանքի պատճառով իր «եղբայրները» գուցե սոված մնան (Մատթ. 25։35, 37, 40)։ Պողոս առաքյալի հետ նման բան պատահել էր։ Նա երբեմն «քաղցած ու ծարավ էր մնացել» (2 Կորնթ. 11։27

Եհովան ասում է, որ մենք տարբեր ձևերով հալածվելու ենք։ Սատանայի մեղադրանքներին պատասխան տալու համար նա գուցե թույլ տա, որ մենք զրկանք կրենք (Հոբ 2։3–5)։ Օրինակ՝ մեր հավատակիցները ծանր հալածանքներ են կրել, նույնիսկ մահվան սպառնալիքի տակ են եղել նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Մեր հակառակորդները Եհովայի ծառաների անարատությունը կոտրելու նպատակով այնպիսի դիվային մեթոդների են դիմել, ինչպիսին սովի մատնելն է։ Հավատարիմ Վկաները հնազանդվել են Եհովային, Եհովան էլ նրանց չի լքել։ Նա թույլ է տվել, որ նրանք ենթարկվեն այս փորձությանը, ինչպես որ թույլ է տալիս, որ իր ծառաները բախվեն զանազան փորձությունների։ Բայց ոչ մի կասկած չկա, որ Եհովան նեցուկ է լինում բոլոր նրանց, ովքեր տառապում են իր անվան համար (1 Կորնթ. 10։13)։ Չմոռանանք, թե ինչ է գրված Փիլիպպեցիներ 1։29-ում. «Ձեզ առանձնաշնորհում տրվեց ոչ միայն հավատալ Քրիստոսին, այլև տառապանք կրել նրա համար»։

Եհովան խոստանում է իր ծառաների հետ լինել։ Օրինակ՝ Եսայիա 54։17-ում գրված է. «Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա»։ Այս և նման խոստումները երաշխավորում են, որ Աստծու ժողովուրդը՝ որպես ամբողջություն, ապահով կմնա։ Բայց յուրաքանչյուր քրիստոնյա անհատապես գուցե փորձության ենթարկվի, նույնիսկ կորցնի իր կյանքը։