Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

Համոզվա՞ծ ես, որ ճշմարտության մեջ ես. ինչո՞ւ ես համոզված

Համոզվա՞ծ ես, որ ճշմարտության մեջ ես. ինչո՞ւ ես համոզված

«Հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (ՀՌՈՄ. 12։2

1. Ինչպե՞ս է վարվել քրիստոնյա հոգևորականությունը պատերազմի ժամանակ։

ԱՍՏԾՈՒ կա՞մքն է, որ ճշմարիտ քրիստոնյաները գնան պատերազմի դաշտ, կռվեն ու մարդ սպանեն։ Անցած 100 տարում շատ է եղել, որ իրենց քրիստոնյա անվանող մարդիկ հենց այդպես են վարվել։ Մի երկրի կաթոլիկ հոգևորականները օրհնել են իրենց երկրի զորքերն ու զենքերը, երբ պատերազմ է եղել ուրիշ երկրի կաթոլիկների դեմ։ Նույնը արել են բողոքական հոգևորականները։ Երկրորդ աշխարհամարտը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես են քրիստոնյա կոչվող մարդիկ միմյանց կոտորել։

2, 3. Ի՞նչ դիրք են բռնել Եհովայի վկաները Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, դրանից հետո և ինչո՞ւ։

2 Իսկ ի՞նչ դիրք են բռնել Եհովայի վկաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Պատմությունը վկայում է, որ նրանք չեզոք են եղել։ Ինչո՞ւ։ Որովհետև հետևել են Հիսուսի օրինակին և վարվել են նրա սովորեցրածի համաձայն։ Քրիստոսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13։35)։ Եհովայի վկաները նաև առաջնորդվել են այն սկզբունքներով, որոնց մասին Պողոս առաքյալը գրեց կորնթացի քրիստոնյաներին (կարդա՛  2 Կորնթացիներ 10։3, 4

3 Ճշմարիտ քրիստոնյաները, որոնք իրենց խիղճը կրթել են  Աստվածաշնչով, չեն սովորում պատերազմել և չեն մասնակցում պատերազմի։ Հազարավոր Վկաներ՝ երիտասարդ թե տարեց, տղամարդ թե կին, այս դիրքորոշման պատճառով հալածվել են։ Շատերը հայտնվել են հարկադիր աշխատանքային ճամբարներում և բանտերում։ Նացիզմի տարիներին ոմանք նույնիսկ սպանվել են։ Չնայած դաժան հալածանքին Եվրոպայում՝ Վկաները երբեք չեն մոռացել, թե ինչ է իրենց հանձնարարված. նրանք հավատարմորեն քարոզել են Եհովայի Թագավորության մասին բարի լուրը բանտերում, համակենտրոնացման ճամբարներում և աքսորավայրերում *։ Վկաները չեն մասնակցել 1994-ին Ռուանդայում տեղի ունեցած էթնիկական մաքրումներին։ Նրանք չեզոք են եղել նաև նախկին Հարավսլավիայի փլուզման ժամանակ, երբ մարդիկ կոտորում էին միմյանց։

4. Եհովայի վկաների չեզոքությունն ինչպե՞ս է ազդել մարդկանց վրա։

4 Եհովայի վկաների խիստ չեզոքությունը ամբողջ աշխարհում հազարավոր մարդկանց համոզել է, որ նրանք իսկապես սիրում են Աստծուն և մերձավորին։ Այլ խոսքով՝ նրանք ճշմարիտ քրիստոնյաներ են։ Բայց ուրիշ բաներ էլ կան, որոնք մարդկանց համոզել են, որ Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ են։

ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

5. Ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ առաջին դարում։

5 Իր ծառայության հենց սկզբից Հիսուսը շեշտեց Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելու կարևորությունը։ Նա ընտրեց 12 աշակերտի՝ համաշխարհային քարոզչության հիմքը դնելու համար։ Հետո կրթեց 70 աշակերտի (Ղուկ. 6։13; 10։1)։ Նրանք պատրաստ էին բարի լուրը հայտնելու մարդկանց, սկզբում՝ հրեաներին։ Հետագայում զարմանալի բան տեղի ունեցավ. Հիսուսի աշակերտները սկսեցին քարոզել ոչ հրեաներին։ Սա, ինչ խոսք, մեծ փոփոխություն էր հրեա աշակերտների համար (Գործ. 1։8

6. Ինչպե՞ս Պետրոսը հասկացավ, որ Եհովան անկողմնակալ է։

6 Եհովան Պետրոս առաքյալին ուղարկեց անթլփատ ոչ հրեա Կոռնելիոսի տուն։ Առաքյալը հասկացավ, որ Աստված կողմնակալ չէ։ Նա տեսավ, որ Եհովան իր սուրբ ոգին թափեց այդ ոչ հրեա մարդու վրա։ Կոռնելիոսը և նրա տան անդամները մկրտվեցին։ Այդ օրվանից Հիսուսի աշակերտները բարի լուրը սկսեցին պատմել նաև այլազգիներին. բոլոր ազգերի մարդիկ կարող էին լսել ճշմարտությունը և ընդունել այն (Գործ. 10։9–48)։ Այսօր մեր քարոզչական տարածքը ընդգրկում է ամբողջ աշխարհը։

7, 8. Ի՞նչ է արել Եհովայի կազմակերպությունը, որպեսզի մարդիկ կարողանան լսել բարի լուրը (տե՛ս 7-րդ էջի նկարը)։

7 Մեր օրերում նրանք, ովքեր առաջնորդում են Եհովայի կազմակերպությունը, ամբողջ աշխարհում մեծ եռանդով կազմակերպում են բարի լուրը քարոզելու և ճշմարտությունը մարդկանց սովորեցնելու գործը։ Գրեթե ութ միլիոն փութաջան Վկաներ Թագավորության լուրը հայտնում են 600-ից ավելի լեզվով, և այս թիվը գնալով աճում է։ Եհովայի վկաներին մարդիկ լավ ճանաչում են տնետուն ծառայությունից, ինչպես նաև այն բանից, որ նրանք վկայություն են տալիս փողոցում՝ երբեմն օգտագործելով ցուցասեղաններ և շարժական ցուցատախտակներ։

8 2900-ից ավելի թարգմանիչներ հատուկ դասընթացներ են անցել, որպեսզի թարգմանեն Աստվածաշունչը և դրա վրա հիմնված գրականությունը։ Նրանք չեն թարգմանում միայն, այսպես ասած, հիմնական լեզուներով։ Վկաները թարգմանում են նաև հարյուրավոր այնպիսի լեզուներով, որոնք առանձնապես հայտնի չեն, որոնցով, սակայն, խոսում են միլիոնավոր մարդիկ։ Օրինակ՝ Իսպանիայում միլիոնավոր կատալոնացիներ խոսում են իրենց մայրենի լեզվով՝ կատալաներենով։  Հատկապես վերջին ժամանակներում այդ լեզուն զարթոնք է ապրում Անդորրայում, Ալիկանտեում, Բալեարյան կղզիներում և Վալենսիայում։ Այժմ Եհովայի վկաները գրականություն են թողարկում կատալաներենով, իսկ այս լեզվով անցկացվող ժողովի հանդիպումները ջերմացնում են կատալոնացիների սրտերը։

9, 10. Ի՞նչն է վկայում, որ Աստծու կազմակերպությունը հետաքրքրված է բոլոր մարդկանց հոգևոր կարիքները բավարարելով։

9 Աստվածաշնչային գրականություն թարգմանելու և Աստվածաշունչը մարդկանց իրենց լեզվով սովորեցնելու գործն արվում է ամբողջ աշխարհում։ Մեքսիկան իսպանախոս երկիր է, բայց այս երկրում մեծ թվով մարդիկ խոսում են նաև ուրիշ լեզուներով։ Օրինակ՝ մայա ցեղին պատկանող մարդիկ։ Եհովայի վկաների Մեքսիկայի մասնաճյուղը մայա լեզվով թարգմանչական խմբին նշանակեց ապրելու երկրի այն մասում, որտեղ նրանք կկարողանային ամեն օր խոսել մայա լեզվով և լսել ուրիշներին այդ լեզվով խոսելիս։ Մեկ այլ օրինակ։ Նեպալերենը Նեպալում խոսվող լեզուներից մեկն է։ Այս երկրի բնակչության թիվն անցնում է 29 միլիոնից։ Նեպալում կա մոտ 120 լեզու, բայց 10 միլիոնից ավելի մարդ խոսում է նեպալերեն, շատերի համար էլ այն երկրորդ լեզու է։ Մեր գրականությունը հրատարակվում է նաև այս լեզվով։

10 Այսօր բազմաթիվ լեզուներով աստվածաշնչային գրականության թողարկումը վկայում է այն մասին, որ Եհովայի կազմակերպությունը շատ լուրջ է վերաբերվում Թագավորության բարի լուրը քարոզելու հանձնարարությանը։ Ամբողջ աշխարհում կազմակերպված քարոզարշավների ժամանակ անվճար տարածվել են միլիոնավոր թերթիկներ, գրքույկներ և ամսագրեր։ Այս գործունեությունը ֆինանսավորվում է Եհովայի վկաների նվիրաբերությունների միջոցով։ Նրանք առաջնորդվում են Հիսուսի հետևյալ խոսքերով. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթ. 10։8

Թարգմանչական թիմը հրատարակություն է պատրաստում ստորին գերմաներենով (տե՛ս պարբերություն 10)

Ստորին գերմաներենով գրականությունը օգտագործվում է Պարագվայում (տե՛ս նաև 7-րդ էջի նկարը)

11, 12. Եհովայի վկաների կողմից կատարվող համաշխարհային քարոզչական գործն ինչպե՞ս է դրականորեն ազդում մարդկանց վրա։

11 Եհովայի վկաները լիովին համոզված են, որ գտել են ճշմարտությունը, ուստի մեծ զոհողություններ են անում, որպեսզի բարի լուրը հասցնեն տարբեր ազգերի մարդկանց. այս աստվածանվեր քրիստոնյաներից շատերը պարզեցրել են իրենց կյանքը, սովորել են օտար լեզու և հարմարվել են ուրիշ մշակույթի։ Բազմաթիվ մարդիկ, տեսնելով, որ Վկաները քարոզում և ուսուցանում են ամբողջ աշխարհում, համոզվում են, որ նրանք  Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են։

12 Այս ամենը Վկաներն անում են, որովհետև համոզված են, որ գտել են ճշմարտությունը։ Իսկ ուրիշ ի՞նչն է միլիոնավոր մարդկանց համոզել, որ Եհովայի վկաները Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են (կարդա՛  Հռոմեացիներ 14։17, 18

ԻՆՉՈՒ ԵՆ ՆՐԱՆՔ ՀԱՄՈԶՎԱԾ

13. Ինչպե՞ս են Վկաները կազմակերպությունը մաքուր պահում։

13 Մեր հավատակիցները բերում են բազմաթիվ պատճառներ, թե ինչու են համոզված, որ գտել են ճշմարտությունը։ Մի երկարամյա ծառայող ասում է. «Ամեն ջանք արվում է, որ Եհովայի կազմակերպությունը մնա բարոյապես մաքուր, անպիղծ՝ անկախ այն բանից՝ ում խորհուրդ կտան կամ կխրատեն»։ Ինչի՞ շնորհիվ է դա հաջողվում։ Աստծու ծառաները հետևում են նրա Խոսքում գրված չափանիշներին և ընդօրինակում են Հիսուսին ու նրա աշակերտներին։ Համեմատաբար քչերն են հրաժարվում ճշտի ու սխալի վերաբերյալ Աստծու չափանիշներով ապրելուց, ինչի պատճառով էլ զրկվում են ընկերակցությունից։ Ճնշող մեծամասնությունը, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր նախկինում ոչ աստվածահաճո ապրելակերպ են ունեցել, ապրում են մաքուր և օրինակելի կյանքով (կարդա՛  1 Կորնթացիներ 6։9–11

14. Ի՞նչ են արել ընկերակցությունից զրկված բազմաթիվ մարդիկ, և ի՞նչ արդյունքներ է դա բերել։

14 Աստվածաշունչը քրիստոնյաներին պատվիրում է ժողովից հեռացնել նրանց, ովքեր չեն ցանկանում հնազանդվել Աստծուն։ Ուրախալի է, որ հազարավոր մարդիկ հետագայում զղջում են իրենց ոչ սուրբգրային վարքի համար և վերադառնում ժողով (կարդա՛  2 Կորնթացիներ 2։6–8)։ Քանի որ Վկաները ջանում են վարվել Աստվածաշնչի բարձր չափանիշների համաձայն, ժողովը մաքուր է մնում, և դա նրանց լցնում է համոզվածությամբ, որ կազմակերպությունն ունի Աստծու հավանությունը։ Այն, որ Եհովայի վկաները, ի տարբերություն շատ եկեղեցիներում տիրող հանդուրժողականությանը, ամեն կերպ ձգտում են հետևել աստվածաշնչյան չափանիշներին, համոզել է շատերին, որ ճշմարտությունը նրանց մոտ է։

15. Ինչպե՞ս է մի եղբայր համոզվել, որ ինքը ճշմարտության մեջ է։

15 Մեկ այլ փորձառու Վկա, որը 54 տարեկան է, ասում է, թե ինչու է համոզված, որ գտել է ճշմարտությունը. «Պատանեկան հասակից միշտ հավատացել եմ, որ՝ 1) Աստված գոյություն ունի, 2) Աստվածաշունչը գրվել է նրա ներշնչանքով, 3) այսօր նա գործում է Վկաների ժողովի միջոցով և օրհնում է այն։ Տարիների ընթացքում ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ ես միշտ ջանացել եմ համոզվել այս երեք բաների ճշմարտացիության մեջ, և ինքս ինձ հարցրել եմ՝ արդյոք դրանք ամուր հիմք ունեն։ Տարեցտարի ավելի էի համոզվում, որ դա այդպես է։ Արդյունքում հավատս ավելի էր ամրանում ու համոզվում էի, որ իրոք ճշմարտության մեջ եմ»։

16. Ճշմարտության հետ կապված ի՞նչն է տպավորել մի քրոջ։

16 Մի ամուսնացած քույր, որը ծառայում  է գլխավոր վարչությունում (Նյու Յորք), Եհովայի կազմակերպության մասին ասում է. «Սա միակ կազմակերպությունն է, որը վճռականորեն հռչակում է Եհովայի անունը։ Եվ դա շատ տրամաբանական է. չէ՞ որ Աստծու անունը մոտ 7000 անգամ հանդիպում է Աստվածաշնչում։ Ինձ շատ է ոգևորում 2 Տարեգրություն 16։9-ը, որում ասվում է. «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է»»։ Նա շարունակում է. «Ճշմարտությունը սովորեցրել է ինձ, թե ինչպես ամբողջական սիրտ ունենամ, որպեսզի Եհովան իր զորությունը ցույց տա հօգուտ ինձ։ Եհովայի հետ ունեցած իմ փոխհարաբերությունները ամենաթանկ բանն են ինձ համար։ Ես շատ եմ գնահատում նաև Հիսուսի դերը այն բանում, որ կարող եմ Աստծու մասին խոր գիտելիքներ ունենալ։ Դա զորացնում է ինձ»։

17. Ինչո՞ւմ է համոզված մի նախկին աթեիստ և ինչո՞ւ։

17 Մի նախկին աթեիստ ասում է. «Ստեղծագործությունը համոզում է ինձ, որ Աստված ուզում է՝ մարդիկ վայելեն կյանքը։ Ուստի նա թույլ չի տա, որ տառապանքը հավիտյան շարունակվի։ Բացի այդ, աշխարհը գնալով ավելի է մխրճվում չարության մեջ, մինչդեռ Եհովայի ժողովուրդն ավելի ու ավելի է աճում հավատի ու սիրո մեջ և ավելի եռանդուն է դառնում։ Միայն Եհովայի ոգին կարող է նման հրաշք անել» (կարդա՛  1 Պետրոս 4։1–4

18. Ի՞նչ կասես պարբերությունում նշված երկու եղբայրների արտահայտած մտքերի մասին։

18 Մեկ այլ երկարամյա Վկա ասում է, թե ինչու է հավատում այն ճշմարտությանը, որը մենք քարոզում ենք. «Տարիների ուսումնասիրություններս համոզել են ինձ, որ Վկաները շատ ջանք են թափում, որպեսզի վերադառնան առաջին դարի քրիստոնեությանը։ Ես եղել եմ աշխարհի բազմաթիվ երկրներում և իմ աչքով եմ տեսել Եհովայի վկաների համաշխարհային միասնությունը։ Աստվածաշնչյան ճշմարտությունը սիրտս լցնում է գոհունակությամբ և ուրախությամբ»։ Երբ 60-ամյա մի եղբոր հարցրին, թե ինչու է համոզված, որ գտել է ճշմարտությունը, նա կենտրոնացավ Հիսուս Քրիստոսի վրա՝ ասելով. «Մենք խորությամբ ուսումնասիրել ենք Հիսուսի կյանքն ու ծառայությունը և հասկացել, թե ինչ օրինակ է նա թողել մեզ։ Փոփոխություններ ենք արել մեր ապրելակերպում, որպեսզի նրա միջոցով մոտենանք Աստծուն։ Հասկացել ենք, որ առանց Քրիստոսի քավիչ զոհի՝ չենք կարող փրկվել։ Մենք նաև գիտենք, որ նա հարություն է առել, նրա հարությանը ականատեսներ են եղել, և նրանց վկայությունը արժանահավատ է» (կարդա՛  1 Կորնթացիներ 15։3–8

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՄԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ

19, 20. ա) Ի՞նչ պատասխանատվության մասին շեշտեց Պողոսը Հռոմի ժողովին գրած նամակում։ բ) Ի՞նչ առանձնաշնորհում ունենք մենք։

19 Լինելով քրիստոնյաներ՝ մենք սիրում ենք մեր մերձավորին, ուստի չենք կարող ճշմարտության մասին թանկարժեք գիտելիքները չհայտնել ուրիշներին։ Պողոսը իր հռոմեացի հավատակիցներին գրեց. «Եթե հրապարակորեն հռչակես «քո բերանում եղող խոսքը», որ Հիսուսը Տեր է, և հավատաս քո սրտում, որ Աստված հարություն տվեց նրան, կփրկվես, քանի որ մարդը սրտով հավատում է արդարության համար, բայց բերանով հրապարակորեն հռչակում է փրկության համար» (Հռոմ. 10։9, 10

20 Լինելով Եհովային նվիրված վկաներ՝ մենք համոզված ենք, որ ճշմարտության մեջ ենք, և հասկանում ենք, որ մեծ առանձնաշնորհում է Աստծու Թագավորության մասին բարի լուրը ուրիշներին ուսուցանելը։ Ուստի ոչ միայն քարոզիր և ուսուցանիր Աստվածաշունչը, այլև այնպես ապրիր, որ մարդիկ տեսնեն քո խորին համոզվածությունը, որ դու գտել ես ճշմարտությունը։

^ պարբ. 3 Տե՛ս «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը (էջ 191–198, 448–454)։