Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2014

Վերադարձիր և զորացրու քո եղբայրներին

Վերադարձիր և զորացրու քո եղբայրներին

ՊԵՏՐՈՍԸ դառնապես լաց եղավ. նա ուրացել էր Հիսուսին։ Բայց Հիսուսն ուզում էր նրա միջոցով օգնել ուրիշներին, թեև գիտեր, որ առաքյալը կարիք ունի վերագտնելու իր հոգևոր հավասարակշռությունը։ Հիսուսը նրան ասել էր. «Երբ վերադառնաս, զորացրու քո եղբայրներին» (Ղուկ. 22։32, 54–62)։ Պետրոսը դարձավ առաջին դարի քրիստոնեական ժողովի սյուներից մեկը (Գաղ. 2։9)։ Նմանապես այսօր այն եղբայրը, որը մի ժամանակ երեց է ծառայել, կարող է կրկին ունենալ այդ առանձնաշնորհումը և ուրախություն ստանալ հավատակիցներին հոգևորապես զորացնելուց։

Այն եղբայրները, որոնք զրկվել են երեցի նշանակումից, գուցե իրենց անհաջողակ զգան։ Խուլիոն *, որն ավելի քան 20 տարի երեց է ծառայել Հարավային Ամերիկայում, ասում է. «Ելույթներ պատրաստելը և հովվական գործ անելը շատ մեծ տեղ էր զբաղեցնում իմ կյանքում։ Եվ հանկարծ այդ ամենը կորցրի։ Մի տեսակ դատարկություն էի զգում։ Մի խոսքով՝ ծանր շրջան էր ինձ համար»։ Այսօր Խուլիոն կրկին երեց է ծառայում։

«ՈՒՐԱԽ ԵՂԵՔ»

Հակոբոս աշակերտը գրեց. «Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք» (Հակ. 1։2)։ Հակոբոսը այստեղ նկատի ուներ այն փորձությունները, որոնց բախվում ենք հալածանքի և մեր անկատարության պատճառով։ Նա խոսեց եսասիրական ցանկությունների, միմյանց միջև խտրություն դնելու և այլ բաների մասին (Հակ. 1։14; 2։1; 4։1, 2, 11)։ Երբ Եհովան խրատում է մեզ, դա կարող է ցավոտ լինել (Եբր. 12։11)։ Բայց մենք չպետք է թույլ տանք, որ այդ ցավը խլի մեր ուրախությունը։

Եթե զրկվել ես առանձնաշնորհումից, հնարավորություն ունես ստուգելու հավատիդ ամրությունը և դրսևորելու սերդ Եհովայի հանդեպ։ Մտածիր, թե ինչու էիր երեց ծառայում։ Ծառայում էիր քո օգտի՞  համար, թե՞ այն բանի համար, որ սիրում էիր Աստծուն և համոզված էիր, որ ժողովը պատկանում է նրան, և որ այն արժանի է քնքուշ վերաբերմունքի (Գործ. 20։28–30)։ Նախկին երեցները, երբ շարունակում են ուրախությամբ սուրբ ծառայություն մատուցել Եհովային, փաստում են բոլորին, այդ թվում նաև Սատանային, որ Եհովայի հանդեպ իրենց սերն անկեղծ է։

Երբ Եհովան խրատեց Դավթին լուրջ մեղքերի համար, վերջինս ընդունեց խրատը և ներում ստացավ։ Թագավորը երգեց. «Երջանիկ է այն մարդը, ում հանցանքը ներված է, ում մեղքը ծածկված է։ Երջանիկ է այն մարդը, ում Եհովան անօրենություն չի վերագրում, և ում ոգու մեջ նենգություն չկա» (Սաղ. 32։1, 2)։ Խրատը հղկեց Դավթին, և նա, անկասկած, ավելի լավ հովիվ դարձավ Աստծու ժողովրդի համար։

Հաճախ այն եղբայրները, ովքեր դարձյալ երեց են սկսում ծառայել, ավելի լավ հովիվներ են դառնում, քան առաջ էին։ Այդպիսի մի երեց ասում է. «Հիմա ավելի լավ գիտեմ, թե ինչպես հոգ տանեմ սխալ գործած հավատակցի մասին»։ Մեկ ուրիշ երեց նշում է. «Հիմա ավելի թանկ եմ գնահատում եղբայրներին ու քույրերին ծառայելու առանձնաշնորհումս»։

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

«[Եհովան] իր մտքում ընդմիշտ չի պահում մեր սխալները» (Սաղ. 103։9)։ Ուստի չպետք է մտածենք, որ նա երբևէ չի վստահի լուրջ սխալ գործած մարդուն։ Ռիկարդոն, որը երկար տարիներ երեց ծառայելուց հետո զրկվել էր այդ նշանակումից, ասում է. «Ես շատ էի հիասթափվել։ Երկար ժամանակ թերարժեքության զգացումը թույլ չէր տալիս, որ վերադառնայի ու կրկին ծառայեի հավատակիցներիս որպես երեց։ Ինձ թվում էր՝ չեմ կարող կրկին վստահելի եղբայր լինել։ Բայց քանի որ սիրում եմ օգնել ուրիշներին, ես կարողանում էի Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել, ժողովի հանդիպումներից առաջ և հետո քաջալերել եղբայրներին ու քույրերին և նրանց հետ ծառայել։ Այս ամենի շնորհիվ վստահությամբ լցվեցի և այժմ կրկին ծառայում եմ երեց»։

Եհովան օգնում է տղամարդկանց վերագտնելու իրենց ուրախությունը և վերստին լցվելու երեց ծառայելու ցանկությամբ

Սրտի խորքում վիրավորված մնալը կարող է խանգարել եղբորը, որ նորից երեց ծառայի։ Այդպիսի եղբոր համար լավ օրինակ կարող է լինել Դավիթը։ Մի ժամանակ նա ստիպված էր փախչել իրեն  նախանձող Սավուղ թագավորից։ Բայց Դավիթը չէր ուզում որևէ ձևով վնաս հասցնել նրան, նույնիսկ երբ հնարավորություն ստեղծվեց դրա համար (1 Սամ. 24։4–7; 26։8–12)։ Երբ Սավուղը մարտում զոհվեց, Դավիթը ողբաց նրա մահը՝ նրա ու նրա որդի Հովնաթանի մասին ասելով, որ նրանք «սիրելի էին ու հաճելի» (2 Սամ. 1։21–23)։ Դավիթը թույլ չտվեց, որ վիրավորանքը մնա իր սրտում։

Եթե կարծում ես, որ քեզ չեն հասկացել կամ անարդարության զոհ ես դարձել, թույլ մի՛ տուր, որ վիրավորվածության զգացումը իշխի մտքերիդ վրա։ Ուիլյամ անունով մի եղբայր (Մեծ Բրիտանիա) մոտ 30 տարի երեց ծառայելուց հետո զրկվեց այդ առանձնաշնորհումից։ Նա վիրավորված էր որոշ երեցներից։ Ի՞նչն օգնեց նրան ազատվելու վիրավորվածության զգացումից։ ««Հոբ» գիրքը ինձ թև տվեց,— ասում է նա։— Եթե Եհովան օգնեց Հոբին հաշտվելու իր երեք ընկերների հետ, ապա առավել ևս ինձ կօգներ հաշտվելու երեցների հետ» (Հոբ 42։7–9

ԱՍՏՎԱԾ ԿՕՐՀՆԻ ՋԱՆՔԵՐԴ, ԵԹԵ ՆՈՐԻՑ ԾԱՌԱՅԵՍ ՀՈՎԻՎ

Եթե թողել ես Աստծու հոտը հովվելու գործը, լավ կլինի՝ մտածես, թե ինչու ես այդպես վարվել։ Անձնական խնդիրներդ շա՞տ էին։ Ուրիշ բաներ ավելի կարևո՞ր էին դարձել քեզ համար։ Հիասթափվա՞ծ էիր մարդկանց թերությունների պատճառով։ Անկախ այն բանից, թե որն է եղել պատճառը, երեց ծառայած ժամանակ դու ավելի շատ հնարավորություններ ես ունեցել օգնելու եղբայրներիդ ու քույրերիդ։ Քո ելույթները ուժ են տվել նրանց, քո օրինակը ոգևորել է, քո հովվական այցերի շնորհիվ նրանք դիմացել են փորձություններին։ Դու՝ որպես հավատարիմ երեց, քո ծառայությամբ ուրախացրել ես Եհովայի սիրտը, և, ինչ խոսք, ինքդ էլ ուրախացել ես (Առակ. 27։11

Փաստիր քո սերը Եհովայի հանդեպ՝ ուրախությամբ մասնակցելով սուրբ ծառայությանը

Եհովան օգնում է տղամարդկանց վերագտնելու իրենց ուրախությունը և վերստին լցվելու հավատակիցներին ծառայելու ցանկությամբ։ Եթե նախկինում երեց ես ծառայել, ապա հիմա նորից կարող ես «ձգտել վերակացուի պարտականության» (1 Տիմոթ. 3։1)։ Պողոսը «չէր դադարում աղոթել», որ կողոսացի քրիստոնյաները լցվեն Աստծու կամքի մասին ճշգրիտ գիտելիքներով, որպեսզի նրանք «Եհովային արժանի կերպով քայլեն, որպեսզի լիովին հաճեցնեն նրան» (Կող. 1։9, 10)։ Եթե դարձյալ երեց ես ծառայում, վստահ եղիր, որ Եհովան քեզ ուժ, համբերություն և ուրախություն կտա։ Այս վերջին օրերում Աստծու ժողովուրդը սիրառատ հովիվների աջակցության կարիքն ունի։ Կարո՞ղ ես զորացնել եղբայրներիդ և քույրերիդ, ուզո՞ւմ ես դա անել։

^ պարբ. 3 Որոշ անուններ փոխված են։