Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2014

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Հիսուսը սադուկեցիներին ասաց, որ հարություն առածները «ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում» (Ղուկ. 20։34–36)։ Արդյո՞ք նա խոսում էր երկրային հարության մասին։

Սա կարևոր հարց է հատկապես նրանց համար, ովքեր կողակից են կորցրել։ Նրանք գուցե փափագում են նոր աշխարհում նորից միասին լինել որպես ամուսիններ։ Մի այրի տղամարդ ասաց. «Ո՛չ ես, ո՛չ կինս չենք ցանկացել, որ մեր ամուսնությունն ավարտվի։ Մենք ուզեցել ենք հավիտյան իրար հետ լինել և միասին երկրպագել Եհովային։ Հիմա էլ ես դա եմ ուզում»։ Կա՞ն լուրջ հիմքեր մտածելու, որ հարություն առածները ամուսնանալու հնարավորություն են ունենալու։ Այս հարցի պատասխանը, եթե պարզ ասենք, չգիտենք։

Տարիներ շարունակ մեր հրատարակություններում գրվել է, որ Հիսուսի այս խոսքերը, հավանաբար, վերաբերում են երկրային հարությանը և որ հարություն առածները նոր աշխարհում չեն ամուսնանալու * (Մատթ. 22։29, 30; Մարկ. 12։24, 25; Ղուկ. 20։34–36)։ Իսկ հնարավո՞ր է, որ Հիսուսը նկատի ուներ երկնային հարությունը։ Եկեք քննենք նրա խոսքերը։

Ո՞ւմ հետ էր խոսում Հիսուսը (կարդա՛  Ղուկաս 20։27–33)։ Նա խոսում էր սադուկեցիների հետ, որոնք չէին հավատում հարությանը և փորձում էին Հիսուսին ծուղակը գցել՝ հարության և տեգրի պարտավորության մասին հարց տալով *։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Այս աշխարհի զավակները կին են առնում և մարդու են գնում, բայց նրանք, ովքեր արժանի են կյանք ստանալու գալիք աշխարհում և հարություն առնելու, ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում։ Իրականում նրանք այլևս չեն մահանալու, քանի որ հրեշտակների պես են լինելու և հարության զավակները լինելով՝ Աստծու զավակներն են լինելու» (Ղուկ. 20։34–36

Ինչո՞ւ է մեր հրատարակություններում գրվել, որ Հիսուսը, հավանաբար, խոսում էր երկրային հարության մասին։ Այդ եզրակացությունը գլխավորապես հիմնված է երկու փաստարկի վրա։ Առաջին՝ սադուկեցիները, հավանաբար, նկատի ունեին երկրային հարությունը, և Հիսուսը պատասխանեց նրանց՝ նույնպես դա նկատի ունենալով։ Երկրորդ՝ Հիսուսն իր պատասխանի վերջում անդրադարձավ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ հավատարիմ նահապետների, որոնք հարություն են առնելու երկրի վրա (Ղուկ. 20։37, 38

Սակայն, հնարավոր է, Հիսուսը նկատի ուներ երկնային հարությունը։ Ի՞նչ հիմքեր կան այսպես մտածելու։ Եկեք քննենք նրա պատասխանից երկու արտահայտություն։

«Նրանք, ովքեր արժանի են... հարություն առնելու»։ Հավատարիմ օծյալները «արժանի [են] համարվում Աստծու թագավորության համար» (2 Թեսաղ. 1։5, 11)։ Քավիչ զոհի հիման վրա նրանք արդար են հայտարարվել կյանքի համար, հետևաբար նրանք չեն մահանում որպես մահվան դատապարտված մեղավոր մարդիկ (Հռոմ. 5։1, 18; 8։1)։ Օծյալները «երջանիկ ու սուրբ» են և արժանի են երկնային հարության (Հայտն. 20։5, 6)։ Իսկ կարո՞ղ ենք ասել, որ «անարդարները», որոնք հարություն են առնելու երկրի վրա, «արժանի» են հարության (Գործ. 24։15

«Նրանք այլևս չեն մահանալու»։ Ուրիշ Աստվածաշնչերում այս հատվածը թարգմանված է այսպես. «ոչ իսկ կարող են  մեռնել» («Արարատ» թարգմանություն), «ա՛լ չեն կրնար մեռնիլ» (արևմտահայերեն Աստվածաշունչ), «նրանք այլևս մահվան ենթակա չեն» (The New English Bible), «մահն այլևս իշխանություն չունի նրանց վրա» (The Bible in Basic English)։ Այն օծյալները, որոնք մինչև իրենց երկրային կյանքի վերջը հավատարիմ են մնում, գնում են երկինք և ստանում են անմահություն (1 Կորնթ. 15։53, 54)։ Մահն այլևս իշխանություն չունի նրանց վրա, ովքեր հարություն են առնում երկինք *։

Ի՞նչ կարող ենք եզրակացնել։ Ամուսնանալու և հարության մասին Հիսուսի խոսքերը, հնարավոր է, վերաբերում են երկնային հարությանը։ Այդ դեպքում նրա խոսքերը մեզ որոշակի տեղեկություն են տալիս նրանց մասին, ովքեր գնում են երկինք. նրանք չեն ամուսնանում, չեն կարող մահանալ և որոշ առումներով նման են հրեշտակների՝ էակների, որոնք ապրում են ոգեղեն ոլորտում։ Նման եզրակացությունը, սակայն, մի քանի հարց է առաջացնում։

Առաջին՝ ինչո՞ւ Հիսուսը սադուկեցիների հետ պիտի խոսեր երկնային հարության մասին, այն մարդկանց հետ, որոնց մտքում, հավանաբար, երկրային հարությունն էր։ Քրիստոսը միշտ չէր իր հակառակորդներին պատասխանում այնպես, ինչպես որ նրանք էին ուզում։ Օրինակ՝ այն հրեաներին, որոնք նրանից նշան էին պահանջում, նա ասաց. «Քանդե՛ք այս տաճարը, և ես երեք օրում կկանգնեցնեմ այն»։ Քրիստոսը հավանաբար գիտեր, որ նրանք մտածում էին բառացի տաճարի մասին, «բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում» (Հովհ. 2։18–21)։ Հիսուսը թերևս մտածում էր, որ պարտավոր չէ պատասխանել կեղծավոր սադուկեցիներին, որոնք չէին հավատում հարությանը և հրեշտակների գոյությանը (Առակ. 23։9; Մատթ. 7։6; Գործ. 23։8)։ Նա գուցե ցանկանում էր երկնային հարության վերաբերյալ ճշմարտություններ հայտնել իր ազնվասիրտ աշակերտներին, որոնք մի օր նման հարության հեռանկար էին ունենալու։

Երկրորդ՝ ինչո՞ւ Հիսուսն իր խոսքի վերջում անդրադարձավ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որոնք հարություն էին առնելու երկրի վրա (կարդա՛  Մարկոս 12։26, 27)։ Նկատենք, որ նախքան նահապետների մասին խոսելը նա ասաց՝ «ինչ վերաբերում է նրան, որ մահացածները հարություն են առնելու»։ Այս խոսքերից կարելի է ենթադրել, որ Հիսուսը մի մտքից անցավ մյուսին՝ երկնային հարությունից՝ երկրային հարության։ Քանի որ սադուկեցիներն ընդունում էին Մովսեսի գրվածքները, Հիսուսը մեջբերեց Եհովայի այն խոսքերը, որոնք նա ասել էր Մովսեսին վառվող թփի մոտ։ Այդպիսով Քրիստոսը բերեց հիմնավորում, որ երկրային հարությունը, անշուշտ, Աստծու նպատակի մաս է կազմում (Ելք 3։1–6

Երրորդ՝ եթե հարության և ամուսնանալու մասին Հիսուսի խոսքերը վերաբերում են երկնային հարությանը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ երկրի վրա հարություն առնողները կկարողանան ամուսնանալ։ Աստծու Խոսքը կոնկրետ որևէ բան չի ասում այդ մասին։ Եթե Հիսուսը խոսում էր երկնային հարության մասին, ապա դա որևէ ձևով լույս չի սփռում այն հարցի վրա, թե արդյոք նոր աշխարհում երկրի վրա հարություն առնողները ամուսնանալու են։

Մենք գիտենք, որ Աստծու Խոսքը հստակ ասում է, որ ամուսնությունը կողակիցներից մեկի մահով ավարտվում է։ Ուստի կարիք չկա, որ այրին իրեն մեղավոր զգա, եթե, ցանկանալով զգալ կողակցի ջերմ ընկերակցությունը, որոշում է նորից ամուսնանալ։ Դա անձնական որոշում է, ուստի ոչ ոք չպետք է քննադատի նրան դրա համար (Հռոմ. 7։2, 3; 1 Կորնթ. 7։39

Հասկանալի է, որ մենք գուցե շատ հարցեր ունենք այն մասին, թե ինչպիսին է լինելու կյանքը նոր աշխարհում։ Դրանց վերաբերյալ անտեղի ենթադրություններ անելու փոխարեն՝ ճիշտ կանենք, եթե համբերությամբ սպասենք։ Մի բան հաստատ է. հնազանդ մարդիկ երջանիկ են լինելու, որովհետև Եհովան նրանց բոլոր կարիքներն ու ցանկությունները բավարարելու է լավագույն ձևով (Սաղ. 145։16

^ պարբ. 4 Տե՛ս «Դիտարան», 1987, հունիսի 1, էջ 30, 31, անգլ. [1989, հունիսի 15, էջ 22, 23, ռուս.]։

^ պարբ. 5 Աստվածաշնչյան ժամանակներում տեգրի պարտավորությունը մի սովորույթ էր, համաձայն որի՝ տղամարդը ամուսնանում էր իր մահացած եղբոր՝ որդի չունեցող կնոջ հետ, որպեսզի իր եղբոր շառավիղը շարունակվի (Ծննդ. 38։8; 2 Օրենք 25։5, 6

^ պարբ. 9 Ովքեր հարություն են առնում՝ ապրելու երկրի վրա, ստանում են հավիտենական կյանքի և ոչ թե անմահության հեռանկար։ Անմահության և հավիտենական կյանքի միջև եղած տարբերության մասին ավելի մանրամասն տե՛ս «Դիտարանի» 2007թ. նոյեմբերի 1-ի համարը (էջ 21)։