Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՕԳՈՍՏՈՍ 2014

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

«Էվրիկա դրամայի» շնորհիվ շատերը գտան աստվածաշնչյան ճշմարտությունը

«Էվրիկա դրամայի» շնորհիվ շատերը գտան աստվածաշնչյան ճշմարտությունը

«Է՜ՎՐԻԿԱ»։ Այս բառը նշանակում է «գտա»։ 19-րդ դարում՝ ոսկու տենդի ժամանակ, Կալիֆորնիայում (ԱՄՆ), երբ հանքափորը ոսկի էր գտնում, բացականչում էր «է՜վրիկա»։ Չարլզ Թեյզ Ռասելը և մյուս Աստվածաշունչ ուսումնասիրողները ոսկուց շատ ավելի թանկարժեք բան գտան։ Դա աստվածաշնչյան ճշմարտությունն էր։ Նրանք մեծ ցանկություն ունեին այդ ճշմարտությունը հայտնելու ուրիշներին։

«Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միությունը» ստեղծեց Աստվածաշնչի վրա հիմնված ութժամանոց մի ֆիլմ՝ «Արարչության լուսադրաման»։ 1914թ. ամառվա դրությամբ այն դիտել էին միլիոնավոր մարդիկ։ Շարժական պատկերներով, գունավոր սլայդներով, հեղինակի տպավորիչ խոսքով և դասական գեղեցիկ երաժշտությամբ ուղեկցվող այս ֆիլմը դիտելիս հանդիսատեսներն ասես մտովի ճանապարհորդում էին արարչագործությունից մինչև Հիսուս Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջը * (Հայտն. 20։4

Ճշմարտությունը փոքր քաղաքների և գյուղական վայրերի բնակիչներին հասցնելու համար 1914թ. օգոստոսին «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միությունը» թողարկեց «Էվրիկա դրաման», որը կարելի էր ցուցադրել բազմաթիվ վայրերում։ Այն «Լուսադրամայի» պարզեցված տարբերակն էր և չէր պարունակում շարժական պատկերներ։ Կար «Էվրիկա դրամայի» երեք տարբերակ, յուրաքանչյուրը՝ մի քանի լեզվով. «Էվրիկա X» (Eureka X), որում կային հեղինակի խոսք և երաժշտություն, «Էվրիկա Y» (Eureka Y), որը պարունակում էր բոլոր ձայնագրությունները և գեղեցիկ գունավոր սլայդներ, «Էվրիկա դրամա ընտանեկան» (Eureka Family Drama), որը տանը ունկնդրելու համար էր։ Այն պարունակում էր հեղինակի խոսքի որոշ հատվածներ և կրոնական երգեր։ Ոչ թանկ պատեֆոններ և ցուցադրման սարքավորում գտնելը դժվար չէր։

Գունավոր սլայդները ցուցադրելու համար օգտագործվում էր պրոյեկտոր

Քանի որ «Էվրիկա դրաման» ցուցադրելու համար կինոպրոյեկտորի և մեծ էկրանի կարիք չկար, Աստվածաշունչ ուսումնասիրողները այն անվճար կարող էին ցուցադրել գյուղերում՝ այդպիսով Թագավորության լուրը հասցնելով նորանոր վայրեր։ «Էվրիկա X»-ը հնարավոր էր հնչեցնել օրվա ցանկացած ժամի։ Սլայդոսկոպը «Էվրիկա Y»-ը կարող էր ցուցադրել առանց էլեկտրականության՝ կարբիդային լամպի միջոցով։ Ֆիններեն «Դիտարանում» տպագրվեց մի հաշվետվություն, որում ասվում էր. «Այս պատկերները մենք կարող ենք ցուցադրել գրեթե ամենուր»։ Այո՛, «Էվրիկա դրաման», կարող ենք ասել, ամենուր էր ցուցադրվում։

Աստվածաշունչ ուսումնասիրողները չէին վարձում մեծ թատրոններ։ Նրանք, հնարամտություն դրսևորելով, գտնում էին անվճար վայրեր, օրինակ՝ դասասենյակներ, դատարանի շենքեր, երկաթգծի կայարաններ և մեծ տների հյուրասենյակներ։ Շատ էր լինում, որ «Դրաման» ցուցադրում էին բացօթյա՝ մեծ սպիտակ սավանից  պատրաստված «էկրանի» վրա, որը ամրացնում էին ամբարի պատին։ Էնթոնի Համբուկը գրեց. «Գյուղացիները իրենց պտղատու այգիներում փոքրիկ «կինոդահլիճ» էին պատրաստում. գերաններ էին շարում, որոնց վրա մարդիկ կարող էին նստել և դիտել ծրագիրը»։ Համբուկի խումբը «Դրաման» ցուցադրելու սարքավորումները, իրենց իրերը, գիշերակացի և ուտելիք պատրաստելու պարագաները տեղափոխում էր մի սայլով, որն անվանել էր «Դրամայի սայլ»։

«Էվրիկայի» լսարանը երբեմն բաղկացած էր լինում ընդամենը մի քանի հոգուց, երբեմն էլ այն հասնում էր մի քանի հարյուր մարդու։ ԱՄՆ-ում մի փոքրիկ քաղաքում, որն ուներ ընդամենը 150 բնակիչ, ֆիլմի ցուցադրումներին ներկա եղավ, ընդհանուր հաշվով, 400 հոգի։ Այլ վայրերում եղան մարդիկ, որոնք «Դրաման» դիտելու համար ոտքով մեկ ուղղությամբ անցան 8 կիլոմետր։ Շվեդիայում Շարլոտ Օլբերգի հարևանները, որոնք հավաքվել էին նրա փոքրիկ տանը՝ լսելու ձայնագրությունները, «իսկապես տպավորվեցին»։ Ավստրալիայի մի հեռավոր քաղաքում, որի բնակչության մեծ մասը հանքափոր էր, ցուցադրումներից մեկին ներկա եղավ մոտ 1500 մարդ։ «Դիտարանը» հայտնում էր, որ դպրոցներում և քոլեջներում «պրոֆեսորները, աշակերտները և ուսանողները հիացած էին նկարներով և ձայնագրություններով»։ «Էվրիկա դրաման» լավ ընդունելություն գտավ նույնիսկ այն վայրերում, որտեղ կինոթատրոններ կային։

ՆՊԱՍՏՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՃԻՆ

«Էվրիկա դրաման» նպաստեց «խմբակների ընդլայնման աշխատանքին». Աստվածաշունչ ուսումնասիրողների դասարանները հռետորներ էին ուղարկում ուսումնասիրության նոր խմբակներ բացելու նպատակով։ Դժվար է ասել, թե քանի հոգի դիտեց «Դրաման»։ «Էվրիկայի» որոշ տարբերակներ մշտական գործածություն ունեին։ Այդուհանդերձ, 1915-ին «Դրամայի» 86 խմբերից միայն 14-ն էին կանոնավոր հաշվետվություն ներկայացնում։ Չնայած դրան՝ տարվա վերջում, երբ ամփոփվեցին արդյունքները, պարզվեց, որ «Էվրիկա դրաման» դիտել է մեկ միլիոնից ավելի մարդ, իսկ մոտ 30000 հոգի աստվածաշնչյան գրականություն է խնդրել։

«Էվրիկա դրաման» գուցե անջնջելի հետք չի թողել պատմության մեջ, բայց մենք գիտենք, որ միլիոնավոր մարդիկ՝ Ավստրալիայից մինչև Արգենտինա, Հարավային Աֆրիկայից մինչև Բրիտանական կղզիներ, Հնդկաստան և Կարիբյան կղզիներ, դիտել են այն։ Նրանցից շատերը գտան աստվածաշնչյան ճշմարտությունը՝ ոսկուց շատ ավելի թանկ մի բան, և բացականչեցին՝ է՜վրիկա։

^ պարբ. 4 Տե՛ս «Դիտարանի» 2014թ. փետրվարի 15-ի համարում՝ «Մեր արխիվից» խորագրի տակ, «100-ամյա ֆիլմ, որը հավատ կերտեց» հոդվածը (էջ 30–32)։