Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒԼԻՍ 2014

«Իմ վկաները կլինեք»

«Իմ վկաները կլինեք»

«[Հիսուսը] պատասխանեց. «....իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը»» (ԳՈՐԾ. 1։7, 8)։

1, 2. ա) Ո՞վ է Եհովայի ամենից կարկառուն վկան։ բ) Ի՞նչ է նշանակում «Հիսուս» անունը, և ինչպե՞ս Աստծու Որդին ապրեց իր անվան համաձայն։

«ԵՍ ԾՆՎԵԼ ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ» (կարդա՛  Հովհաննես 18։33–37)։ Հիսուս Քրիստոսն այս խոսքերն ասաց Հրեաստանի հռոմեական կառավարչին իր դատավարության ժամանակ։ Իսկ դրանից առաջ նա համարձակորեն ասել էր, որ ինքը թագավոր է։ Տարիներ անց Պողոս առաքյալը Հիսուսի քաջության այս օրինակը նկատի ուներ, երբ ասաց, որ նա՝ «որպես վկա, Պոնտացի Պիղատոսի առջև հրաշալի կերպով վկայություն տվեց» (1 Տիմոթ. 6։13)։ Որպեսզի Սատանայի՝ ատելությամբ լի աշխարհում լինենք «հավատարիմ և ճշմարիտ վկա», երբեմն մեզնից մեծ քաջություն է պահանջվում (Հայտն. 3։14

2 Լինելով ազգությամբ հրեա՝ Հիսուսն ի ծնե Եհովայի վկա էր (Ես. 43։10)։ Նա մեծագույն վկան է, որը երբևէ վկայություն է տվել Աստծու անվան մասին։ Հիսուսը լրջորեն էր վերաբերվում իր աստվածատուր անվան նշանակությանը։ Հրեշտակը Հիսուսի հորը՝ Հովսեփին, ասաց. «[Մարիամի] հղիությունը սուրբ ոգուց է։ Նա մի որդի կծնի, և նրա անունը Հիսուս կդնես, քանի որ նա փրկելու է իր ժողովրդին նրա մեղքերից» (Մատթ. 1։20, 21, ծնթ.)։ Աստվածաշնչագետները, ընդհանուր առմամբ, համակարծիք են, որ «Հիսուս» անունը ծագում է եբրայական «Հեսուա» անունից և պարունակում է Աստծու անվան կարճ ձևը. այն նշանակում է «Եհովան  փրկություն է»։ Ապրելով իր անվան համաձայն՝ Հիսուսն «Իսրայելի տան կորած ոչխարներին» օգնեց զղջալու իրենց մեղքերի համար և կրկին ունենալու Եհովայի բարեհաճությունը (Մատթ. 10։6; 15։24; Ղուկ. 19։10)։ Այս նպատակով նա եռանդորեն վկայություն էր տալիս Աստծու Թագավորության մասին։ Մարկոսի Ավետարանում կարդում ենք. «Նշանակված ժամանակը լրացել է, և մոտեցել է Աստծու թագավորությունը։ Զղջացե՛ք ու հավատացե՛ք բարի լուրին» (Մարկ. 1։14, 15)։ Բացի այդ, Հիսուսը համարձակորեն քննադատեց հրեա կրոնական առաջնորդներին. սա ևս մեկ պատճառ էր, թե ինչու նրան ցցին գամեցին (Մարկ. 11։17, 18; 15։1–15

«ԱՍՏԾՈՒ ՄԵԾԱՄԵԾ ԲԱՆԵՐԸ»

3. Ի՞նչ տեղի ունեցավ Հիսուսի մահից երեք օր անց։

3 Հիսուսի մահից երեք օր անց մի ապշեցուցիչ բան տեղի ունեցավ. Եհովան նրան հարություն տվեց, բայց ոչ թե որպես մարդու, այլ որպես ոգեղեն անմահ էակի (1 Պետ. 3։18)։ Հիսուսը մարդկային մարմին առավ փաստելու համար, որ ինքը կենդանացել է։ Հենց իր հարության օրը նա առնվազն հինգ անգամ հայտնվեց տարբեր աշակերտների (Մատթ. 28։8–10; Ղուկ. 24։13–16, 30–36; Հովհ. 20։11–18

4. Ի՞նչ հանդիպում անցկացրեց Հիսուսն իր հարության օրը, և ի՞նչ էր սպասվում աշակերտներից։

4 Երբ Հիսուսը հինգերորդ անգամ հայտնվեց, նրա առաքյալները և ուրիշներ մեկտեղ էին հավաքված։ Այդ հիշարժան հանդիպմանը նա ասես Աստծու Խոսքի ուսումնասիրություն անցկացրեց։ Քրիստոսը «ամբողջությամբ բաց արեց նրանց միտքը, որ ըմբռնեն Գրքերի իմաստը»։ Աշակերտները հասկացան, որ թշնամիների ձեռքով նրա մահը, ինչպես նաև հարությունը Սուրբ Գրքերում կանխագուշակվել էին։ Հանդիպման վերջում Հիսուսը հստակ ցույց տվեց, թե ինչ է նրանցից սպասվում։ Քրիստոսն ասաց, որ իր «անունով բոլոր ազգերին զղջում պիտի քարոզվի, որպեսզի Աստված ների նրանց մեղքերը»։ Հետո ավելացրեց. «Երուսաղեմից մինչև մյուս վայրերը՝ դուք այս բաների վկաները կլինեք» (Ղուկ. 24։44–48

5, 6. ա) Ինչո՞ւ Հիսուսն ասաց՝ «իմ վկաները կլինեք»։ բ) Եհովայի նպատակի ո՞ր երեսակի մասին էին քարոզելու Հիսուսի աշակերտները։

5 40 օր անց Հիսուսը հայտնվեց վերջին անգամ և առաքյալներին ասաց հետևյալ պարզ, բայց ազդու խոսքերը. «Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Ինչ խոսք, նրանք հեշտությամբ կհասկանային, թե ինչ էր ուզում ասել նա։ Բայց ինչո՞ւ Հիսուսն ասաց՝ «իմ վկաները կլինեք» և ոչ թե Եհովայի։ Իհարկե, նա կարող էր ասել՝ «Եհովայի վկաները կլինեք», բայց նկատենք, որ Հիսուսն իր խոսքերն ուղղեց իսրայելացիներին, որոնք արդեն իսկ Եհովայի վկաներ էին։

Լինելով Հիսուսի աշակերտներ՝ մենք մարդկանց հայտնում ենք ապագայի վերաբերյալ Եհովայի նպատակի մասին (տե՛ս պարբերություն 5, 6)

6 Այդուհետ աշակերտները քարոզելու էին այն մասին, որ Եհովան Հիսուսի միջոցով փրկելու է մարդկանց։ Սա Եհովայի նպատակի մի նոր երեսակ էր։ Այդ փրկությունը շատ ավելի մեծ էր լինելու, քան Եգիպտոսի լծից կամ բաբելոնյան գերությունից ազատագրումը։ Քրիստոսի մահը և հարությունը հիմք ստեղծեցին ամենավատ գերությունից՝ մեղքից ու մահից ազատվելու համար։ 33թ. Պենտեկոստեին Հիսուսի օծված աշակերտները «Աստծու մեծամեծ բաների մասին» ազդարարեցին մարդկանց, և շատերը դրականորեն արձագանքեցին։ Նրանք զղջացին և հավատ ընծայեցին Քրիստոսին՝ որպես Եհովայի կողմից տրված փրկության միջոցի։ Իր Հոր աջ կողմում նստած՝ Հիսուսը երկնքից տեսնում էր, թե ինչպես է իր անունը մեծ արժեք ստանում հազարավոր մարդկանց համար (Գործ. 2։5, 11, 37–41

«ՓՐԿԱՆՔ.... ՇԱՏԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ»

7. 33թ. Պենտեկոստեին տեղի ունեցած դեպքերն ի՞նչ փաստեցին։

7 33թ. Պենտեկոստեին տեղի ունեցած  դեպքերը փաստեցին, որ Եհովան մեծահոգաբար ընդունել է Հիսուսի տված կատարյալ զոհի քավիչ արժեքը (Եբր. 9։11, 12, 24)։ Հիսուսը, ինչպես ինքն ասաց, «եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ Արդյոք միայն հրեանե՞րն էին օգուտ քաղելու փրկանքից։ Ո՛չ։ «Շատերի» մեջ մտնելու էին նաև ուրիշ ազգերի մարդիկ. փրկանքը «վերցնում է աշխարհի մեղքը»։ Աստծու կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ.... փրկվեն» (Հովհ. 1։29; 1 Տիմոթ. 2։4–6

8. Ի՞նչ չափով Հիսուսի աշակերտները վկայություն տվեցին, և ինչպե՞ս էր դա հնարավոր։

8 Հիսուսի առաջին աշակերտները բավականաչափ քա՞ջ էին նրա մասին շարունակ վկայելու համար։ Այո՛, քաջ էին, բայց այդ քաջությունը նրանցից չէր բխում։ Նրանց քաջության աղբյուրը Աստծու սուրբ ոգին էր, որը զորացնում էր նրանց ու մղում էր շարունակ վկայություն տալու (կարդա՛  Գործեր 5։30–32)։ Կարելի է ասել, որ 33թ. Պենտեկոստեից 27 տարի անց «բարի լուրը» հասավ «երկնքի տակ գտնվող բոլոր» հրեաներին և հեթանոսներին (Կող. 1։5, 23

9. Ինչպես կանխագուշակված էր, ի՞նչ պատահեց առաջին դարի քրիստոնեական ժողովին։

9 Ցավոք, առաջին դարի քրիստոնեական ժողովը աստիճանաբար ապականվեց (Գործ. 20։29, 30; 2 Պետ. 2։2, 3; Հուդա 3, 4)։ Ինչպես Հիսուսը կանխագուշակել էր, հավատուրացությունը, որը սերմանեց «Չարը»՝ Սատանան, աճելու էր և ստվերում էր թողնելու ճշմարիտ քրիստոնեությունը մինչև «աշխարհի վախճանի» սկսվելը (Մատթ. 13։37–43)։ Դրանից հետո Եհովան Հիսուսին Թագավոր էր նշանակելու մարդկության վրա։ Դա տեղի ունեցավ 1914թ. հոկտեմբերին, ինչով և նշանավորվեց Սատանայի չար աշխարհի «վերջին օրերի» սկիզբը (2 Տիմոթ. 3։1

10. ա) Ի՞նչ կարևոր տարեթվի մասին էին օծյալ քրիստոնյաները քարոզում։ բ) Ի՞նչ տեղի ունեցավ 1914թ.-ին, և ինչպե՞ս է դա հստակ երևում։

10 1914թ.-ից մի քանի տասնամյակ առաջ օծյալ քրիստոնյաները քարոզում էին, որ այդ տարին հատկանշական է լինելու։ Նրանք իրենց համոզմունքը հիմնում էին մի մեծ ծառի մասին Դանիելի մարգարեության վրա։ Մարգարեության մեջ այդ ծառը կտրվում է և դարձյալ աճում է «յոթ ժամանակ» անց (Դան. 4։16)։ Հիսուսն այս ժամանակահատվածը նկատի ուներ, երբ իր ապագա ներկայության  և «աշխարհի վախճանի» վերաբերյալ իր մարգարեությունում հիշատակեց «ազգերին սահմանված ժամանակների» մասին։ 1914թ.-ից սկսած՝ Քրիստոսի՝ որպես երկրի նոր Թագավորի, «ներկայության.... նշանը» հստակ երևում է (Մատթ. 24։3, 7, 14; Ղուկ. 21։24)։ Այսպիսով՝ «Աստծու մեծամեծ բաները» ներառում են այն, որ Եհովան Հիսուսին Թագավոր նշանակեց մարդկության վրա։

11, 12. ա) Ի՞նչ սկսեց անել երկրի նոր Թագավորը 1919-ին։ բ) Ի՞նչը ակնհայտ դարձավ՝ 1930-ականների կեսերից սկսած (տե՛ս 28-րդ էջի նկարը)։

11 Դառնալով երկրի նոր Թագավոր՝ Հիսուս Քրիստոսը սկսեց ազատել իր օծյալ հետևորդներին «Մեծ Բաբելոնի» գերությունից (Հայտն. 18։2, 4)։ 1919-ին՝ Առաջին աշխարհամարտի ավարտից քիչ անց, օծյալ քրիստոնյաները հնարավորություն ստացան վկայություն տալու ամբողջ աշխարհում։ Նրանք մարդկանց պատմում էին Աստծու տված փրկության միջոցի և նրա արդեն հաստատված Թագավորության մասին։ Օծյալները բաց չէին թողնում վկայություն տալու հնարավորությունը, ինչի շնորհիվ հազարավոր մարդիկ օծվեցին սուրբ ոգով և դարձան Քրիստոսի ժառանգակիցներ։

12 1930-ականների կեսերից ակնհայտ դարձավ, որ Քրիստոսը սկսել է հավաքել միլիոնավոր «ուրիշ ոչխարների», որոնք հետագայում կազմեցին բազմազգ «մեծ բազմություն»։ Օծյալ քրիստոնյաների առաջնորդությամբ «մեծ բազմության» անդամները նույնպես հետևում են Հիսուսի քաջության օրինակին և հրապարակավ ազդարարում են, որ իրենց փրկության համար պարտական են Աստծուն և Քրիստոսին։ Շարունակելով վկայություն տալ և հավատ ընծայել քավիչ զոհին՝ նրանք կվերապրեն «մեծ նեղությունից», որը վերջ է դնելու Սատանայի աշխարհին (Հովհ. 10։16; Հայտն. 7։9, 10, 14

«ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱՄԲ ԼՑՎԵՑԻՆՔ.... ԲԱՐԻ ԼՈՒՐԸ.... ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

13. Լինելով Եհովայի վկաներ՝ վճռական ենք ի՞նչ անելու, և ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել։

13 Մեզ համար մեծ պատիվ է վկայություն տալ այն «մեծամեծ բաների» մասին, որ Եհովա Աստված արել է, ինչպես նաև նրա տված խոստումների մասին։ Ինչ խոսք, վկայություն տալը հեշտ չէ։ Մեր հավատակիցներից շատերը ծառայում են այնպիսի տարածքներում, որտեղ մարդիկ հիմնականում անտարբեր են, ծաղրում են կամ բացահայտորեն հալածում են։ Մենք կարող ենք ընդօրինակել Պողոս առաքյալին ու նրա ծառայակիցներին։ Նա գրեց. «Մեր Աստծու շնորհիվ մենք համարձակությամբ լցվեցինք Աստծու բարի լուրը մեծ պայքարով ձեզ հայտնելու համար» (1 Թեսաղ. 2։2)։ Եկեք երբեք չհուսահատվենք։ Սատանայի աշխարհը գնալով «ավերակ է դառնում», ուստի եկեք վճռական լինենք ապրել մեր նվիրման համաձայն (Ես. 6։11)։ Իհարկե, մեր ուժերով մենք չենք կարող  դա անել։ Ուստի, հետևելով առաջին դարի քրիստոնյաների օրինակին, պետք է աղոթենք Եհովային, որ իր սուրբ ոգու միջոցով մեզ տա «սովորականին գերազանցող ուժը» (կարդա՛  2 Կորնթացիներ 4։1, 7; Ղուկ. 11։13

14, 15. ա) Ինչպիսի՞ն էր քրիստոնյաների հանդեպ վերաբերմունքը առաջին դարում, և ի՞նչ ասաց Պետրոսը նրանց։ բ) Ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել, երբ մեզ վատ են վերաբերվում՝ որպես Եհովայի վկաների։

14 Այսօր միլիոնավոր մարդիկ գուցե ասեն, թե քրիստոնյա են։ Բայց իրականությունն այն է, որ նրանք «իրենց գործերով ուրանում են [Աստծուն], որովհետև նողկալի են ու անհնազանդ և պիտանի չեն որևէ բարի գործի համար» (Տիտոս 1։16)։ Առաջին դարում շատերը, եթե ոչ մեծամասնությունը, ատում էին ճշմարիտ քրիստոնյաներին։ Իր հավատակիցներին զորացնելու համար Պետրոս առաքյալը գրեց. «Եթե Քրիստոսի անվան համար նախատվում եք, երջանիկ եք, որովհետև.... Աստծու ոգին մնում է ձեզ վրա» (1 Պետ. 4։14

15 Արդյո՞ք այսօր Եհովայի վկաները «Քրիստոսի անվան համար նախատվում» են։ Այո՛, որովհետև մենք վկայում ենք ոչ միայն Եհովայի մասին, ինչի համար մեզ ատում են, այլև այն մասին, որ Հիսուսն այժմ Թագավոր է։ «Քրիստոսի անվան համար նախատվելը» նույնն է, ինչ Եհովայի անվան համար ատված լինելը։ Ինքը՝ Հիսուս Քրիստոսը հալածվեց Եհովայի մասին վկայելու համար։ Նա իր հակառակորդներին ասաց. «Ես եկել եմ իմ Հոր անունով, բայց դուք չեք ընդունում ինձ» (Հովհ. 5։43)։ Ուստի երբ քարոզելիս հակառակության բախվես, մի՛ վհատվիր։ Քո հանդեպ վատ վերաբերմունքը ապացույց է այն բանի, որ Աստված հավանում է քեզ, և «նրա ոգին մնում է քեզ վրա»։

16, 17. ա) Աշխարհի շատ վայրերում ինչպե՞ս է ընթանում Թագավորության գործը։ բ) Ի՞նչ ես վճռել անել։

16 Մյուս կողմից՝ հիշիր, որ աշխարհի շատ վայրերում Թագավորության գործը մեծ քայլերով առաջ է գնում։ Նույնիսկ մանրակրկիտ մշակված տարածքներում կարելի է հանդիպել ճշմարտությամբ հետաքրքրվող մարդկանց։ Ուստի եկեք ջանասիրաբար այցելենք հետաքրքրվողներին, հնարավորության դեպքում Աստվածաշունչ ուսուցանենք նրանց, ինչի շնորհիվ նրանք գուցե ի վերջո նվիրվեն և մկրտվեն։ Անշուշտ, կհամաձայնես Սարի անունով քրոջ հետ (Հարավաֆրիկյան Հանրապետություն), որն արդեն 60 տարուց ավելի է, ինչ ակտիվորեն մասնակցում է վկայության գործին։ Նա ասում է. «Անչափ շնորհակալ եմ Եհովային՝ Գերիշխանին, որ Հիսուսի քավիչ զոհի միջոցով կարող եմ լավ փոխհարաբերություններ ունենալ Նրա հետ, և երջանիկ եմ, որ կարող եմ հռչակել նրա փառավոր անունը»։ Սարին ու նրա ամուսինը՝ Մարտինեսը, բազմաթիվ մարդկանց, այդ թվում նաև իրենց երեք երեխաներին օգնել են դառնալու Եհովայի երկրպագու։ Քույրն ավելացնում է. «Ուրիշ ոչ մի բան այդքան մեծ բավականություն չի պատճառում։ Եհովան իր սուրբ ոգու միջոցով մեզ բոլորիս տալիս է անհրաժեշտ զորությունը շարունակելու կատարել այս փրկարար գործը»։

17 Անկախ այն բանից՝ մկրտված քրիստոնյա ենք, թե ձգտում ենք մկրտության, անչափ երախտապարտ ենք Եհովային մեր համաշխարհային եղբայրության համար։ Ուստի շարունակիր հիմնովին վկայություն տալ և միևնույն ժամանակ թույլ մի՛ տուր, որ Սատանայի անսուրբ աշխարհը պղծի քեզ։ Այդպես վարվելով՝ փառք կբերես մեր սիրառատ երկնային Հորը, որի հիասքանչ անունը պատիվ ունես կրելու։