Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հուլիս 2014

«Դուք եք իմ վկաները»

«Դուք եք իմ վկաները»

«Դուք եք իմ վկաները,— ասում է Եհովան» (ԵՍ. 43։10

1, 2. ա) Ի՞նչ է նշանակում «վկա» բառը, և լրատվական միջոցներն ի՞նչ չեն հայտնում։ բ) Ինչո՞ւ Եհովան կախում չունի լրատվական միջոցներից։

Ի՞ՆՉ է նշանակում «վկա» բառը։ Ըստ մի բառարանի՝ վկան նա է, «ով ականատես է եղել որևէ դեպքի և պատմում է պատահածի մասին»։ Օրինակ՝ Պիտերմարիցբուրգ քաղաքում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) 160 տարուց ավելի է, ինչ գոյություն ունի մի լրագիր, որը թարգմանաբար կոչվում է «Վկա» (The Witness)։ Այս անունը տեղին է, քանի որ լրագրի նպատակն է ճշգրտորեն հայտնել աշխարհում տեղի ունեցող դեպքերի մասին։ «Վկայի» առաջին խմբագիրը երդվել էր, որ թերթը հայտնելու է «ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, և ոչինչ բացի ճշմարտությունից»։

2 Բայց, ցավոք, լրատվական միջոցները հիմնականում անտեսում և նույնիսկ աղավաղում են մարդկության պատմության ամենակարևոր փաստերը։ Նրանք, իհարկե, չեն հայտնում ճշմարտությունը Աստծու մասին և չեն հայտնում, թե ինչ է նա արել։ Ինչևէ, Եհովան՝ տիեզերքի Գերիշխանը, կախում չունի լրատվական միջոցներից։ Ամենակարող Աստվածը Եզեկիել մարգարեի միջոցով ասաց. «Ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ՝ Իսրայելի մեջ եղող Սուրբը» (Եզեկ. 39։7)։ Եհովան մոտ ութ միլիոն Վկաներ ունի, որոնք բոլոր ազգերի մարդկանց պատմում են իր և իր գործերի մասին։ Վկաների այս մեծ բանակը ազդարարում է այն օրհնությունների մասին, որ Աստված տալու է մարդկությանը ապագայում։ Երբ վկայության այս գործին առաջնային տեղ ենք տալիս մեր կյանքում, վարվում ենք մեր աստվածատուր անվան համաձայն. Եսայիա 43։10-ում գրված է. «Դուք եք իմ վկաները,— ասում է Եհովան,— իմ ծառան, որին ես ընտրել եմ»։

3, 4. ա) Ե՞րբ Աստվածաշունչ ուսումնասիրողներն ընդունեցին «Եհովայի վկաներ» անունը, և ինչպե՞ս այն ընդունվեց նրանց կողմից (տե՛ս 23-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

 3 Ինչ խոսք, մեզ համար մեծ պատիվ է կրել «Եհովա» անունը. չէ՞ որ Եհովան «հավիտենության Թագավորն» է, որ ասում է. «Սա է իմ անունը հավիտյան, և սրանով ինձ կհիշեն սերնդեսերունդ» (1 Տիմոթ. 1։17; Ելք 3։15; համեմատի՛ր Ժողովող 2։16)։ 1931թ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները ընդունեցին «Եհովայի վկաներ» անունը։ Դրանից հետո բազմաթիվ շնորհակալական նամակներ տպագրվեցին «Դիտարանում»։ Օրինակ՝ Կանադայի ժողովներից մեկը գրեց. «Այն լավ լուրը, որ մենք այժմ կոչվում ենք «Եհովայի վկաներ», մինչև մեր սրտի խորքը հուզել է մեզ։ Մենք լցված ենք վճռականությամբ, որ ամեն բան անենք մեր նոր անվանը արժանի լինելու համար»։

4 Իսկ դու ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ բարձր ես գնահատում Աստծու անունը կրելու առանձնաշնորհումը։ Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է Եհովան «Եսայիա» գրքում իր ծառաներին կոչում «իմ վկաները»։

ԱՍՏԾՈՒ ՎԿԱՆԵՐԸ՝ ՀՆՈՒՄ

5, 6. ա) Ինչպե՞ս էին իսրայելացի ծնողները վկայություն տալիս Եհովայի մասին։ բ) Ուրիշ ի՞նչ պետք է անեին իսրայելացի ծնողները, և ինչո՞ւ նույն բանը պետք է անեն մերօրյա ծնողները։

5 Եսայիայի օրերի իսրայելացիները Եհովայի «վկաներն» էին, իսկ Իսրայել ազգը՝ որպես ամբողջություն, նրա «ծառան» էր (Ես. 43։10)։ Օրինակ՝ իսրայելացի ծնողները վկայում էին Եհովայի մասին, երբ իրենց երեխաներին պատմում էին, թե նա ինչեր է արել իրենց նախածնողների համար։ Երբ ժողովրդին պատվեր տրվեց ամեն տարի նշելու Պասեքը, Եհովան ասաց. «Եթե ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ «այս ծառայությունը ի՞նչ է նշանակում ձեզ համար», այն ժամանակ ասացեք. «Սա Պասեքի զոհն է Եհովայի համար, որը եգիպտացիներին պատուհասելիս Եգիպտոսում անցավ Իսրայելի որդիների տների կողքով և ազատեց մեր տները»» (Ելք 12։26, 27)։ Ծնողները իրենց երեխաներին, հավանաբար, նաև պատմում էին, թե ինչ պատասխանեց  փարավոնը Մովսեսին, երբ վերջինս գնաց նրա մոտ՝ թույլտվություն խնդրելու, որ իսրայելացիները անապատում երկրպագեն Եհովային։ Փարավոնը պատասխանեց. «Եհովան ո՞վ է, որ հնազանդվեմ նրա ձայնին ու արձակեմ Իսրայելին» (Ելք 5։2)։ Անշուշտ, ծնողները նաև պատմում էին, թե ինչպես է Եհովան պատասխանել փարավոնի հարցին և բոլորին ցույց տվել, որ ինքը ամենակարող Աստված է։ Նա տասը ավերիչ պատուհասներ բերեց Եգիպտոսի վրա, ինչպես նաև իսրայելացիներին Կարմիր ծովի մոտ փրկեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելացիները կենդանի վկաներ դարձան այն բանի, որ Եհովան ճշմարիտ Աստված է, և որ նա իր խոստումները կատարում է։

6 Այն իսրայելացիները, ովքեր թանկ էին գնահատում Աստծու անունը կրելու առանձնաշնորհումը, անկասկած, այս ուշագրավ պատմական դեպքերի մասին պատմում էին ոչ միայն իրենց երեխաներին, այլև այն օտարազգիներին, որոնք իրենց ծառաներն էին դառնում։ Իսրայելացիները երեխաներին նաև պետք է սովորեցնեին սուրբ լինել, այսինքն՝ ապրել Եհովայի չափանիշների համաձայն։ Աստված ասաց. «Սուրբ եղեք, քանի որ ես՝ ձեր Աստված Եհովաս, սուրբ եմ» (Ղևտ. 19։2; 2 Օրենք 6։6, 7)։ Այսօր ծնողները նույնը պետք է անեն։ Նրանք պետք է իրենց երեխաներին տանեն սրբության ճանապարհով, այսինքն՝ երեխաներին սովորեցնեն ապրել այնպիսի կյանքով, որը փառք կբերի Աստծու սուրբ անվանը (կարդա՛  Առակներ 1։8; Եփեսացիներ 6։4

Մենք պատիվ ենք բերում Եհովայի անվանը, երբ մեր երեխաներին սովորեցնում ենք նրա մասին (տե՛ս պարբերություն 5, 6)

7. ա) Ի՞նչ արդյունք էր լինում, երբ Իսրայել ազգը հավատարիմ էր լինում Աստծուն։ բ) Ի՞նչ պատասխանատվություն ունեն բոլոր նրանք, ովքեր կրում են Աստծու անունը։

7 Իսրայել ազգը երբ հավատարիմ էր լինում Աստծուն, դրանով լավ վկայություն էր տալիս նրա մասին։ Մովսեսը իսրայելացիներին ասել էր. «Երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ դու Եհովայի անունով ես կանչվում, և կվախենան քեզնից» (2 Օրենք 28։10)։ Ցավոք, իսրայելացիների պատմությունը հիմնականում անհավատարիմ ժողովրդի պատմություն է։ Նրանք պարբերաբար երկրպագում էին կուռքերի և դարձել էին քանանացիների աստվածների նման դաժան. զոհաբերում էին իրենց երեխաներին և ճնշում էին խեղճերին։ Այստեղից կարևոր բան ենք սովորում. մենք պետք է ձգտենք սուրբ լինել, որովհետև մեր Աստվածը սուրբ է, և մենք կրում ենք նրա անունը։

«ԱՀԱ ԵՍ ՆՈՐ ԲԱՆ ԵՄ ԱՆԵԼՈՒ»

8. Ի՞նչ պատվեր ստացավ Եսայիան Եհովայից և ինչպե՞ս արձագանքեց։

8 Եհովան Եսայիայի միջոցով իսրայելացիներին զգուշացրեց, որ ավերելու է նրանց մայրաքաղաք Երուսաղեմը, և թույլ է տալու, որ նրանց գերության տանեն։ Աստված նաև ասաց, որ «նոր բան է անելու» և զարմանալի ձևով ազատելու է իր ժողովրդին (Ես. 43։19)։ «Եսայիա» գրքի առաջին վեց գլուխները հիմնականում նախազգուշացումներ են Երուսաղեմի և շրջակա քաղաքների կործանման մասին։ Ճիշտ է, սրտեր Քննողը գիտեր, որ իսրայելացիները չեն զղջալու։ Այնուամենայնիվ, նա իր մարգարեին ասաց, որ շարունակի զգուշացնել նրանց։ Եսայիան ցնցված էր ժողովրդի բացասական արձագանքից և ուզում էր իմանալ, թե Աստծու ժողովուրդը որքան երկար դեռ չի զղջալու։ Աստված պատասխանեց. «Մինչև որ քաղաքները ավերակ դառնան և առանց բնակիչների մնան, տներում մարդ չմնա, ու երկիրը ամայի դառնա» (կարդա՛  Եսայիա 6։8–11

9. ա) Ե՞րբ կատարվեց Երուսաղեմի մասին Եսայիայի մարգարեությունը։ բ) Ի՞նչ նախազգուշացման պետք է ուշադրություն դարձնենք։

9 Եսայիան զգուշացնելու պատվերը ստացավ Օզիա թագավորի իշխանության վերջին տարում՝ մ.թ.ա. մոտ 778-ին։ Նա մարգարե ծառայեց ավելի քան 46 տարի, այլ խոսքով՝ իր ծառայությունն ավարտեց մ.թ.ա. 732-ից հետո, երբ Եզեկիան էր թագավոր։ Դա Երուսաղեմի կործանումից (մ.թ.ա. 607) 125 տարի առաջ էր։ Այսպիսով՝ Աստծու ժողովուրդը բազմաթիվ նախազգուշացումներ ստացավ ապագայի վերաբերյալ։ Այսօր նույնպես Եհովան իր ժողովրդին նախօրոք հայտնում է, թե ինչ է  լինելու։ Արդեն 135 տարի է, ինչ «Դիտարան» ամսագիրն իր ընթերցողներին նախազգուշացնում է, որ Սատանայի չար իշխանությունը շուտով ավարտվելու է և փոխարինվելու է Հիսուս Քրիստոսի Հազարամյա Իշխանությամբ (Հայտն. 20։1–3, 6

10, 11. Իսրայելացիները Բաբելոնում Եսայիայի ո՞ր մարգարեության կատարումը տեսան։

10 Բազմաթիվ հրեաներ, որոնք հնազանդվեցին Եհովային և հանձնվեցին բաբելոնացիներին, վերապրեցին Երուսաղեմի կործանումից։ Նրանց տարան Բաբելոն (Երեմ. 27։11, 12)։ 70 տարի անց Աստծու ժողովուրդը ականատես եղավ հետևյալ ապշեցուցիչ մարգարեության կատարմանը. «Այսպես է ասում Եհովան՝ ձեզ Փրկագնողը՝ Իսրայելի Սուրբը. «Հանուն ձեզ ես նրանց Բաբելոն կուղարկեմ և կհանեմ բանտի նիգերը»» (Ես. 43։14

11 Այս մարգարեությունը կատարվեց մ.թ.ա. 539-ի հոկտեմբերի սկզբում՝ մի գիշեր։ Այդ գիշեր աշխարհացունց դեպք տեղի ունեցավ. Բաբելոնի թագավորը և մեծամեծները գինի էին խմում Երուսաղեմի տաճարից բերված սուրբ անոթներով և գովաբանում էին իրենց աստվածներին, իսկ այդ ընթացքում մարա-պարսկական զորքը Կյուրոսի գլխավորությամբ մտավ Բաբելոն և գրավեց այն։ Մ.թ.ա. 538-ին կամ 537-ին Կյուրոսը կարգադրեց հրեաներին վերադառնալ Երուսաղեմ և վերակառուցել Աստծու տաճարը։ Եսայիան մարգարեացել էր այս ամենը։ Նա մարգարեացել էր նաև, որ Եհովան, իր խոստման համաձայն, հոգ էր տանելու Երուսաղեմ վերադարձող հրեաների մասին և պաշտպանելու էր նրանց։ Աստված իր այս զղջամիտ ծառաների մասին ասաց, որ նրանք «այն ժողովուրդն են, որին ստեղծել է իր համար, որ պատմի գովաբանության արժանի իր գործերը» (Ես. 43։21; 44։26–28)։ Երբ նախկին աքսորյալները տեղ հասան և վերակառուցեցին Եհովայի տաճարը, նրանք, փաստորեն, վկաներ դարձան այն բանի, որ Եհովան՝ միակ ճշմարիտ Աստվածը, միշտ պահում է իր խոսքը։

12, 13. ա) Ովքե՞ր միացան իսրայելացիներին Եհովայի երկրպագությունը վերականգնելու գործում։ բ) Ի՞նչ է ակնկալվում «Աստծու Իսրայելին» աջակցող «ուրիշ ոչխարներից», և ի՞նչ հույս ունեն նրանք։

12 Հազարավոր ոչ իսրայելացիներ միացան վերածնված ազգին, իսկ հետագայում բազմաթիվ հեթանոսներ դարձան պրոզելիտներ (Եզր. 2։58, 64, 65; Եսթ. 8։17)։ Այսօր Հիսուսի «ուրիշ ոչխարների» մաս կազմող «մեծ բազմությունը» հավատարմորեն աջակցում է օծյալ քրիստոնյաներին, որոնք կազմում են «Աստծու Իսրայելը» (Հայտն. 7։9, 10; Հովհ. 10։16; Գաղ. 6։16)։ Ինչպես օծյալները, այնպես էլ «մեծ բազմության» անդամները պատիվ ունեն կրելու «Եհովայի վկաներ» անունը։

13 Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում մեծ բազմության անդամները կպատմեն հարություն առածներին, թե ինչպիսին է եղել կյանքը իրենց համար վերջին օրերում։ Բայց մենք կկարողանանք դա անել, եթե ապրենք մեր անվան  համաձայն և ձգտենք սուրբ մնալ։ Չնայած ջանք ենք թափում, որ ապրենք Եհովայի չափանիշների համաձայն, մենք շարունակում ենք սխալներ անել։ Ուստի պետք է ամեն օր խնդրենք Եհովային, որ ների մեզ։ Այդպես ցույց կտանք, որ գիտակցում ենք մեր մեղավոր լինելը և երախտապարտ ենք Եհովային, որ թույլ է տվել մեզ կրել իր սուրբ անունը (կարդա՛  1 Հովհաննես 1։8, 9

ԻՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԱՆՈՒՆԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ

14. Ի՞նչ է նշանակում «Եհովա» անունը։

14 Մենք պատիվ ունենք կրելու Աստծու անունը։ Որպեսզի խորացնենք մեր երախտագիտությունը դրա համար, պետք է խորհրդածենք Աստծու անվան իմաստի շուրջ։ Աստծու անունը, որը սովորաբար թարգմանվում է «Եհովա», ծագում է եբրայերեն մի բառից, որը կարող է ցույց տալ գործողություն և թարգմանվել «դառնալ»։ Ուստի «Եհովա» անունը կարող է նշանակել «նա դարձնում է», ինչը լիովին համապատասխանում է այն բանին, որ նա է արարել տիեզերքը, բանական էակներին և նա իրականացնում է իր նպատակը։ Ինչպես ցույց են տալիս դեպքերը, Եհովան շարունակում է իր նպատակն իրագործել, չնայած որ հակառակորդները, օրինակ՝ Սատանան, փորձում են խանգարել իրեն։

15. Ինչպե՞ս Եհովան բացահայտեց իր անձնավորության մի երեսակ (տե՛ս « Խորիմաստ անուն» շրջանակը)։

15 Երբ Եհովան Մովսեսին պատվիրեց իր ժողովրդին հանել Եգիպտոսից, նա բացահայտեց իր անձնավորության մի երեսակ։ Նա իր անվան հետ կապված օգտագործեց մի բայ՝ իր մասին այս անգամ խոսելով առաջին դեմքով։ Կարդում ենք. «Աստված ասաց Մովսեսին. «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ»։ Ապա ավելացրեց. «Այսպես ասա Իսրայելի որդիներին. ««Ես կդառնամ»-ն է ինձ ձեզ մոտ ուղարկել»»» (Ելք 3։14)։ Եհովան ցանկացած իրավիճակում դառնում է այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակին հասնելու համար։ Իսրայելացիների համար, որոնք մի ժամանակ ստրուկներ էին, նա դարձավ ազատարար, պաշտպան, առաջնորդ, հոգատար Հայր և բավարարեց նրանց նյութական ու հոգևոր բոլոր կարիքները։

ՑՈՒՅՑ ՏԱՆՔ ՄԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

16, 17. ա) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը այն բանի համար, որ կրում ենք Աստծու անունը։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

16 Այսօր Եհովան շարունակում է գործել իր անվան համաձայն և բավարարում է մեր հոգևոր ու նյութական բոլոր կարիքները։ Բայց նրա անվան նշանակությունը չի սահմանափակվում միայն այն իմաստով, որ նա դառնում է այն, ինչ կամենում է դառնալ։ Այն նաև նշանակում է, որ Աստված կարող է այնպես անել, որ իր ստեղծագործություններն անեն այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրագործելու համար։ Օրինակ՝ նա իր կամքն իրագործում է իր Վկաների միջոցով։ Այս ամենի շուրջ խորհրդածելը կմղի մեզ շարունակելու ապրել այնպես, որ պատիվ բերենք նրա անվանը։ 84-ամյա Քորեն, որը 70 տարի է, ինչ եռանդորեն ծառայում է Եհովային (Նորվեգիա), ասում է. «Ինձ համար մեծ պատիվ է Եհովային՝ Հավիտենության Թագավորին, ծառայել և նրա սուրբ անունով կոչվող ժողովրդի մի մասը լինել։ Շատ թանկ առանձնաշնորհում է աստվածաշնչյան ճշմարտությունը մարդկանց պատմելը և տեսնելը, թե ինչպես են նրանց աչքերը փայլում ուրախությունից և այն բանից, որ հասկացել են ճշմարտությունը։ Մեծ բավականություն եմ ստանում, երբ բացատրում եմ նրանց Քրիստոսի քավիչ զոհի նշանակությունը, և թե նրանք ինչպես կարող են դրա շնորհիվ հավիտյան ապրել խաղաղ, արդար նոր աշխարհում»։

17 Որոշ տարածքներում գնալով ավելի է դժվարանում գտնել այնպիսի մարդկանց, որոնք կցանկանան սովորել Աստծու մասին։ Ուստի, Քորեի պես, մենք անչափ ուրախանում ենք, երբ մարդը ցանկանում է սովորել Եհովայի անվան մասին։ Իսկ ինչպե՞ս կարող ենք միաժամանակ լինել Եհովայի վկաներ և Հիսուսի վկաներ։ Այս հարցը կքննարկենք հաջորդ հոդվածում։