Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2014

Օգնիր նրանց բացահայտելու իրենց ողջ ներուժը

Օգնիր նրանց բացահայտելու իրենց ողջ ներուժը

«Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի» (ՍԱՂ. 32։8

1, 2. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում իր երկրային ծառաներին։

ԾՆՈՂՆԵՐԸ, տեսնելով երեխաներին խաղալիս, հաճախ նրանց մեջ հայտնաբերում են այս կամ այն ընդունակությունը։ Հնարավոր է՝ դու ինքդ նկատել ես դա։ Օրինակ՝ մեկը ճարպիկ է կամ մարզական ունակություններ է դրսևորում, մյուսը լավ խաղում է սեղանի խաղեր, մեկ ուրիշը սիրում է նկարել, երգել, պարել կամ իր ձեռքերով ինչ-որ բան պատրաստել։ Ինչ շնորհք էլ որ երեխան ունենա, ծնողները հաճույք են ստանում՝ օգնելով նրան բացահայտելու իր ներուժը։

2 Ծնողի պես՝ Եհովան այսօր շատ է հետաքրքրված իր երկրային զավակներով։ Նա իր ծառաներին համարում է «բոլոր ազգերի ցանկալի գանձեր» (Անգե 2։7)։ Նրանք, ինչ խոսք, գանձ են համարվում հատկապես իրենց հավատի և նվիրվածության համար։ Հավանաբար նկատել ես, որ հավատակիցներից յուրաքանչյուրն աչքի է ընկնում այս կամ այն ունակությամբ։ Որոշ եղբայրներ հռետորական ձիրք ունեն, մյուսները լավ կազմակերպիչ են։ Շատ քույրեր հեշտությամբ կարողանում են օտար լեզու սովորել և վկայություն տալ օտարախոս մարդկանց։ Ուրիշները հմուտ են վհատվածներին քաջալերելու և հիվանդներին հոգ տանելու մեջ (Հռոմ. 16։1, 12)։ Անշուշտ, շատ ուրախ ենք, որ մեր կողքին կան այսպիսի քույրեր ու եղբայրներ։

3. Ի՞նչ հարցեր ենք քննելու այս հոդվածում։

 3 Սակայն մեր հավատակիցներից ոմանք, մասնավորապես երիտասարդներն ու նոր մկրտվածները հնարավոր է՝ դեռևս իրենց տեղը չեն գտել ժողովում։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց բացահայտելու իրենց ողջ պոտենցիալը։ Ինչո՞ւ պետք է ձգտենք լավը տեսնել նրանց մեջ, ինչպես որ Եհովան է անում։

ԵՀՈՎԱՆ ԼԱՎՆ Է ՏԵՍՆՈՒՄ ԻՐ ԾԱՌԱՆԵՐԻ ՄԵՋ

4, 5. Դատավորներ 6։11-16 համարներից ինչպե՞ս է երևում, որ Եհովան տեսնում է իր ծառաների պոտենցիալը։

4 Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան իր ծառաների մեջ տեսնում է ոչ միայն այն լավը, որ արդեն կա, այլև նրանց ներուժը։ Եհովան Գեդեոնին հանձնարարեց ազատել իսրայելացիներին մադիանացիներից։ Գեդեոնն ուղղակի ապշեց, երբ հրեշտակը նրան ասաց. «Եհովան քեզ հետ է, ո՛վ խիզախ և ուժեղ մարդ»։ Նա, հավանաբար, իր մասին բոլորովին այլ կարծիք ուներ։ Գեդեոնն իրեն անվստահ էր զգում և փոքր մարդ էր համարում։ Բայց նրա ու հրեշտակի զրույցից երևում է, որ Եհովան շատ ավելին էր տեսնում իր ծառայի մեջ, քան հենց ինքը Գեդեոնը (կարդա՛  Դատավորներ 6։11–16

5 Եհովան Գեդեոնին հանձնարարեց ազատել Իսրայելին, որովհետև գիտեր՝ նա կարող է դա անել։ Օրինակ՝ հրեշտակը, տեսնելով, թե ինչպես է Գեդեոնը ցորեն ծեծում, հասկացավ, որ նա ուժեղ է։ Մեկ ուրիշ բան էլ գրավեց հրեշտակի ուշադրությունը։ Աստվածաշնչյան ժամանակներում մարդիկ ցորենը ծեծում էին բաց տարածքում, որպեսզի քամին տաներ հարդը։ Բայց հետաքրքիր է, որ Գեդեոնը դա անում էր գինու հնձանում։ Ինչո՞ւ։ Որովհետև այդպես նա կկարողանար իր քիչ բերքը արագ թաքցնել մադիանացիներից։ Սա խելացի գործելակերպ էր։ Եհովայի համար պարզ էր, որ Գեդեոնը ոչ միայն շրջահայաց, այլև խորագետ մարդ է։ Աստված տեսավ նրա ներուժը և տվեց այդ հանձնարարությունը։

6, 7. ա) Ամոս մարգարեի մասին Եհովայի տեսակետը ինչո՞վ էր տարբերվում իսրայելացիների տեսակետից։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Ամոսը անգետ մարդ չէր։

6 Եհովան նկատեց նաև Ամոս մարգարեի ներուժը, թեև ոմանք գուցե մարգարեին համարեին աննշան մարդ։ Ամոսը ասաց, որ ինքը «հովիվ ու ժանտաթուզ ծակող» է եղել (ժանտաթուզը սովորաբար աղքատներն էին ուտում)։ Երբ Եհովան Ամոսին հանձնարարեց դատաստաններ ազդարարել Իսրայելի կռապաշտ տասցեղ թագավորությանը, իսրայելացիներից ոմանք հավանաբար մտածեցին, թե Եհովան ճիշտ ընտրություն չի արել՝ այդ հանձնարարությունը տալով Ամոսին (կարդա՛  Ամոս 7։14, 15

7 Ամոսը մի խուլ գյուղից էր, բայց անգետ մարդ չէր։ Նա շատ բան գիտեր այն ժամանակվա սովորությունների և կառավարիչների մասին։ Հավանաբար լավատեղյակ էր, թե ինչպիսին է իրավիճակը Իսրայելում։ Ճամփորդող վաճառականներից նա գուցե տեղեկացել էր հարևան ազգերի մասին (Ամոս 1։6, 9, 11, 13; 2։8; 6։4–6)։ Որոշ աստվածաշնչագետներ ասում են, որ Ամոսը գրելու ձիրք է ունեցել։ Մարգարեն կարողանում էր հասարակ բառերով հզոր մտքեր ասել։ Բացի այդ, նա կարողանում էր մտքերն արտահայտել զուգահեռականության և բառախաղի միջոցով։ Ամոսը համարձակորեն պատասխանեց ապականված Ամասիա քահանային, ինչը ևս հաստատում է, որ Եհովան ճիշտ ընտրություն էր արել։ Աստված Ամոսի մեջ տեսավ այն, ինչը ուրիշները հավանաբար չէին տեսնում (Ամոս 7։12, 13, 16, 17

8. ա) Ի՞նչ հավաստիացրեց Եհովան Դավթին։ բ) Սաղմոս 32։8-ի խոսքերն ինչո՞ւ են քաջալերական նրանց համար, ովքեր իրենց ուժերին վստահ չեն կամ հմտություններ չունեն։

8 Այո՛, Եհովան նկատում է իր յուրաքանչյուր ծառայի ներուժը։ Նա Դավիթ թագավորին հավաստիացրեց, որ միշտ առաջնորդելու է նրան, և իր աչքը նրա վրա է լինելու (կարդա՛  Սաղմոս 32։8)։ Այս միտքը, անշուշտ, պետք է քաջալերական լինի մեզ համար։ Ինչո՞ւ։ Նույնիսկ եթե մեր ուժերին վստահ չենք,  Եհովան կարող է օգնել, որ անենք այն, ինչ մեզ անհնար է թվում։ Նա կարող է օգնել մեզ հասնելու այնպիսի նպատակների, որոնց մասին նույնիսկ երազել չէինք կարող։ Փորձառու ալպինիստը ուշադիր նայում է նորեկ ալպինիստին, որ օգնի նրան ճիշտ որոշումներ կայացնելու ժայռի վրայով բարձրանալիս։ Նմանապես Եհովան նայում է մեզ, կամ՝ առաջնորդում է, որպեսզի օգնի հոգևորապես առաջադիմելու։ Ընդ որում նա դա կարող է անել մեր հավատակիցների միջոցով։ Ինչպե՞ս։

ՆՐԱՆՑ ՄԵՋ ԼԱՎԸ ՓՆՏՐԻՐ

9. Ինչպե՞ս կարող ենք կիրառել հավատակիցների շահը փնտրելու մասին խորհուրդը։

9 Պողոսը բոլոր քրիստոնյաներին հորդորեց փնտրել հավատակիցների շահը (կարդա՛  Փիլիպպեցիներ 2։3, 4)։ Նրա խորհրդի իմաստն այն է, որ մենք նկատենք, թե ինչ ընդունակություններ ունեն ուրիշները և գովենք նրանց։ Ի՞նչ ենք զգում, երբ մեկը նկատում է մեր հոգևոր աճը և այդ մասին մեզ ասում է։ Սովորաբար դա մղում է մեզ շարունակելու հոգևորապես առաջադիմել և լավագույնն անել։ Նմանապես երբ գովում ենք մեր հավատակիցներին իրենց լավ կողմերի համար, այդպիսով նպաստում ենք նրանց հոգևոր աճին։

10. Ովքե՞ր մասնավորապես ուշադրության կարիք ունեն։

10 Ինչ խոսք, բոլորս ժամանակ առ ժամանակ հատուկ ուշադրության կարիք ենք զգում։ Բայց մասնավորապես ուշադրության կարիք ունեն երիտասարդ կամ նոր մկրտված եղբայրները։ Նրանք կարիք ունեն զգալու, որ իրենք ներգրավված են ժողովի գործերի մեջ։ Աստվածաշունչը հորդորում է ձգտել առանձնաշնորհումների (1 Տիմոթ. 3։1)։ Եթե նրանք չներգրավվեն ժողովի գործերի մեջ, ապա այդ ձգտումը կարող է մարել։ Իսկ եթե մասնակցեն ժողովի գործերին, կհասկանան, որ իրենց տեղն ունեն ժողովում։

11. ա) Ինչպե՞ս մի երեց օգնեց մի երիտասարդ եղբոր հաղթահարելու ամաչկոտությունը։ բ) Ի՞նչ ենք սովորում այդ երեցի օրինակից։

11 Լյուդովիկ անունով մի երեց, որը ժամանակին շատ օգուտներ էր ստացել, երբ նրա հանդեպ ուշադրություն էին ցույց տվել, ասում է. «Երբ ես անկեղծորեն հետաքրքրվում եմ որևէ եղբորով, նա ավելի արագորեն է առաջադիմում»։ Լյուդովիկը Ժուլիան անունով մի ամաչկոտ երիտասարդ եղբոր մասին ասում է. «Ժուլիանը, ցանկանալով ինքնահաստատվել, մեկ-մեկ անհեթեթ բաներ էր անում։ Բայց ես նկատել էի, որ նա շատ բարի է և սրտանց ուզում է օգնել ժողովի անդամներին։ Նրա մղումները կասկածի տակ դնելու փոխարեն՝ կենտրոնացա նրա դրական կողմերի վրա և նրան հորդորեցի առանձնաշնորհումների ձգտել»։ Ժամանակի ընթացքում Ժուլիանը դարձավ ծառայող օգնական և հիմա ռահվիրա է։

ՕԳՆԻՐ ՆՐԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ

12. Ի՞նչ հատկություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք օգնել եղբայրներին բացահայտելու իրենց ներուժը։ Բեր օրինակ։

12 Ինչ խոսք, որպեսզի կարողանանք օգնել եղբայրներին բացահայտելու իրենց ողջ ներուժը, պետք է խորաթափանց լինենք։ Ինչպես տեսանք նախորդ պարբերությունում բերված օրինակից, մենք չպետք է կենտրոնանանք եղբայրների թերությունների վրա, այլ պետք է կարողանանք նկատել նրանց լավ հատկությունները, ունակությունները և օգնենք զարգացնելու դրանք։ Հիսուսը նման ձևով վարվեց Պետրոս առաքյալի հետ։ Թեև Պետրոսը երբեմն անկայուն մարդու տպավորություն էր թողնում, Հիսուսն ասաց, որ նա ժայռի պես կայուն կդառնա (Հովհ. 1։42

13, 14. ա) Ինչպե՞ս Բառնաբասը խորաթափանցություն դրսևորեց երիտասարդ Մարկոսի նկատմամբ։ բ) Ինչպե՞ս երեցն օգնեց երիտասարդ եղբորը (տե՛ս 28-րդ էջի նկարը)։

13 Բառնաբասը խորաթափանցությամբ վերաբերվեց Հովհաննեսին, որի հռոմեական անունը Մարկոս էր (Գործ. 12։25)։ Պողոսի առաջին միսիոներական ճանապարհորդության ժամանակ Մարկոսը ծառայում էր «սպասավոր». նա հավանաբար հոգում էր նրա ու Բառնաբասի կարիքները։ Երբ նրանք հասան Պամփյուլիա, Մարկոսը իր ուղեկիցներին անսպասելիորեն թողեց ծանր կացության մեջ. նրանք պետք է  անցնեին մի տարածքով, որտեղ վխտում էին ավազակները (Գործ. 13։5, 13)։ Բառնաբասը, ակներևաբար, ուշադրություն չդարձրեց Մարկոսի այդ արարքին, և երբ առիթ ստեղծվեց, շարունակեց օգնել նրան զարգացնելու իր ունակությունները (Գործ. 15։37–39)։ Այդպես Մարկոսը հոգևորապես հասունացավ։ Հետաքրքիր է, որ երբ տարիներ անց Պողոսը Հռոմում բանտարկված էր, Մարկոսն այնտեղ էր և օգնում էր առաքյալին։ Նա միացավ Պողոսի՝ Կողոսայի ժողովին ուղղված ողջույններին։ Այդ նամակում առաքյալը դրականորեն խոսեց Մարկոսի մասին (Կող. 4։10)։ Բառնաբասը պետք է որ շատ լավ զգար իրեն՝ իմանալով, որ Պողոսը նույնիսկ խնդրել է Մարկոսի աջակցությունը (2 Տիմոթ. 4։11

14 Ալեքսանդր անունով մի նորանշանակ երեց հիշում է, թե մի եղբայր, խորաթափանցություն դրսևորելով, ինչպես օգնեց իրեն. «Մի ժամանակ ինձ համար շատ դժվար էր հանրության առաջ աղոթել։ Մի երեց բացատրեց ինձ, թե ինչպես պատրաստվեմ ու չանհանգստանամ։ Նա չմտածեց, թե չարժե ինձ «աղոթքներ տալ», այլ հնարավորություն տվեց պարբերաբար աղոթելու քարոզչական ծառայության հանդիպումներին։ Ժամանակի ընթացքում վստահություն ձեռք բերեցի»։

15. Պողոսն ինչպե՞ս արտահայտեց իր գնահատանքը հավատակիցների նկատմամբ։

15 Երբ հավատակիցներից մեկի մեջ լավ հատկություն ենք տեսնում, գովո՞ւմ ենք նրան դրա համար։ Հռոմեացիներ 16-րդ գլխում Պողոս առաքյալը թվարկում է քսանից ավելի իրեն սիրելի հավատակիցների անուններ այն բանի համար, որ նրանք ունեին լավ հատկություններ (Հռոմ. 16։3–7, 13)։ Օրինակ՝ ցանկանալով շեշտել Ադրոնիկոսի և Հունիասի տոկունությունը՝ նա նշեց, որ նրանք իրենից ավելի երկար են ծառայում Քրիստոսին։ Պողոսը ջերմորեն խոսեց նաև Ռուֆոսի մոր մասին՝ հավանաբար նկատի ունենալով այն, որ նա հոգ էր տարել իր մասին։

Ֆրեդերիկը (ձախում) քաջալերեց Ռիկոյին վճռական լինել ու շարունակել ծառայել Եհովային (տե՛ս պարբերություն 16)

16. Ի՞նչ պտուղներ կարող է բերել գովասանքը։

16 Անկեղծ գովասանքը կարող է լավ պտուղներ բերել։ Ռիկո անունով մի տղա (Ֆրանսիա) ընկճվել էր, որովհետև նրա հայրը, որը չէր ընդունում նրա հավատալիքները, արգելում էր որդուն մկրտվել։ Ռիկոն կարծում էր, որ պետք է սպասի, մինչև դառնա չափահաս, ու նոր մկրտվի։ Նրան տխրեցնում էր նաև այն, որ դպրոցում իրեն ծաղրում էին։ Ֆրեդերիկը, որը երեց է, և որին խնդրեցին ուսուցում անցկացնել Ռիկոյի հետ, պատմում է. «Ես գովեցի Ռիկոյին, որովհետև այն հակառակությունը, որին նա բախվում էր, ցույց էր տալիս, որ նա բավականաչափ քաջություն ունի իր հավատն արտահայտելու համար»։ Գովասանքի այս խոսքերը վճռականությամբ լցրին Ռիկոյին շարունակելու հոգևորապես աճել, բացի այդ, նպաստեցին նրա ու հոր փոխհարաբերությունների բարելավմանը։ Ռիկոն մկրտվեց 12 տարեկանում։

Ժերոմը (աջում) օգնեց Ռայանին դառնալու միսիոներ (տե՛ս պարբերություն 17)

17. ա) Ինչպե՞ս կարող ենք օգնել եղբայրներին հոգևորապես առաջադիմելու։ բ) Ինչպե՞ս է մի միսիոներ օգնել երիտասարդ եղբայրներին և ի՞նչ արդյունքով։

17 Ամեն անգամ, երբ գովում ենք հավատակիցներին լավ կատարած հանձնարարության կամ գործադրած ջանքերի համար, մենք նրանց մղում ենք Եհովային ծառայելու լիարժեքորեն։ Սիլվի * անունով մի  քույր, որը երկար տարիներ է, ինչ ծառայում է Ֆրանսիայի Բեթելում, ասում է, որ քույրերը իրենց դերն ունեն եղբայրներին գովելու հարցում։ Նրա կարծիքով՝ կանայք կարող են նկատել այնպիսի բաներ, որոնք տղամարդիկ գուցե չնկատեն։ Սիլվին ասում է. «Քույրերի քաջալերական խոսքերը կարող են լրացնել փորձառու եղբայրների գովասանական խոսքերը»։ Հետո ավելացնում է. «Գովելը ինձ համար պարտականություն է» (Առակ. 3։27)։ Ժերոմը, որը միսիոներ է Ֆրանսիական Գվիանայում, շատ եղբայրների է օգնել դառնալու միսիոներ։ Նա ասում է. «Ես նկատել եմ, որ երբ երիտասարդ եղբայրներին գովում եմ կոնկրետ բաների համար, օրինակ՝ կապված ծառայության հետ կամ իմաստալից մեկնաբանությունների համար, նրանք ավելի վստահ են դառնում։ Իսկ դա նպաստում է, որ նրանք իրենց ունակությունները ավելի շատ զարգացնեն»։

18. Ինչո՞վ է օգտակար երիտասարդ եղբայրներին հանձնարարություն տալը և նրանց հետ որևէ բան անելը։

18 Նաև մենք կարող ենք մղել հավատակիցներին հոգևորապես աճելու, եթե նրանց հանձնարարություններ տանք և նրանց հետ որևէ բան անենք։ Օրինակ՝ եթե երիտասարդ եղբայրը հմուտ է համակարգչից օգտվելու հարցում, երեցը կարող է խնդրել նրան մեր պաշտոնական կայքից (jw.org) տպել որևէ տեղեկություն, որը կարող է քաջալերական լինել այն տարեց հավատակիցների համար, ովքեր համակարգիչ չունեն։ Եթե Թագավորության Սրահի հետ կապված որևէ գործ ես անում, կարող ես երիտասարդ եղբորը առաջարկել միանալ քեզ։ Այս ամենը հնարավորություն կտա քեզ նկատելու այդ երիտասարդների պոտենցիալը, գովելու նրանց և տեսնելու նրանց առաջադիմությունը (Առակ. 15։23

ՄՏԱԾԻՐ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

19, 20. Ինչո՞ւ պետք է օգնենք հավատակիցներին առաջադիմելու։

19 Երբ Եհովան Մովսեսին պատվիրեց Հեսուին իսրայելացիների առաջնորդ նշանակել, նաև պատվիրեց «քաջալերել» և «զորացնել» նրան (կարդա՛  2 Օրենք 3։28)։ Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում մեզ։ Բոլոր փորձառու քրիստոնյաները, և ոչ միայն երեցները, կարող են օգնել երիտասարդ եղբայրներին և նոր մկրտվածներին, որ բացահայտեն իրենց ողջ ներուժը։ Դրա շնորհիվ ավելի ու ավելի շատ հավատակիցներ կսկսեն լիաժամ ծառայություն և ավելի ու ավելի շատ եղբայրներ «որակյալ կլինեն.... սովորեցնելու համար» (2 Տիմոթ. 2։2

20 Անկախ նրանից՝ ծառայում ենք փոքր խմբում, թե մեծ ժողովում, որտեղ փորձառու եղբայրները շատ են, լավ կլինի՝ միշտ մտածենք ապագա կարիքների մասին։ Իսկ դրա համար հարկավոր է ընդօրինակել Եհովային, որը միշտ լավն է փնտրում իր ծառաների մեջ։

^ պարբ. 17 Անունը փոխված է։