Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2014

«Սիրի՛ր քո Աստված Եհովային»

«Սիրի՛ր քո Աստված Եհովային»

«Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (ՄԱՏԹ. 22։37

1. Ինչպե՞ս եղավ, որ Աստծու և Որդու միջև սերը մեծացավ։

ԵՀՈՎԱՅԻ Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ասաց. «Ես սիրում եմ Հորը» (Հովհ. 14։31)։ Նա նաև ասաց. «Հայրը սիրում է Որդուն» (Հովհ. 5։20)։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ նրանք սիրում են իրար. Հիսուսը, նախքան երկիր գալը, անթիվ-անհամար տարիներ Աստծու «կողքին հմուտ վարպետ» է եղել (Առակ. 8։30)։ Հոր հետ աշխատելով՝ Որդին շատ բաներ էր սովորում նրա հատկությունների մասին, և բազմաթիվ պատճառներ ուներ Հորը սիրելու։ Անկասկած, ժամանակի ընթացքում նրանց փոխադարձ սերը մեծացավ։

2. ա) Ի՞նչ է սերը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

2 Սերը կապվածության խոր զգացումն է մեկի նկատմամբ։ Սաղմոսերգու Դավիթն ասաց. «Սրտանց սիրում եմ քեզ, ով Տէր՝ իմ զօրութիւնը» (Սաղ. 18։1, «Արարատ» թարգմանություն)։ Մենք պետք է Դավթի պես սիրենք Աստծուն, և եթե հնազանդվենք Նրան, նա կսիրի մեզ (կարդա՛  2 Օրենք 7։12, 13)։ Բայց ինչպե՞ս կարող ենք սիրել Աստծուն, եթե չենք տեսնում նրան։ Ի՞նչ է նշանակում սիրել Եհովային։ Ինչո՞ւ պետք է սիրենք նրան և ինչպե՞ս կարող ենք դրսևորել մեր սերը նրա նկատմամբ։

 ԻՆՉՈՒ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՍԻՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ

3, 4. Ինչո՞ւ է հնարավոր սիրել Եհովային։

3 «Աստված Ոգի է», ուստի մենք չենք կարող տեսնել նրան (Հովհ. 4։24)։ Բայց մենք կարո՛ղ ենք սիրել Եհովային, և Աստվածաշունչն էլ մեզ ասում է, որ սիրենք նրան։ Օրինակ՝ Մովսեսն իսրայելացիներին ասաց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով» (2 Օրենք 6։5

4 Ինչո՞ւ է հնարավոր սիրել Աստծուն։ Որովհետև նա մեզ ստեղծել է հոգևոր կարիքներով և օժտել է սիրելու ունակությամբ։ Երբ մեր հոգևոր կարիքները բավարարվում են, մեր սերը Եհովայի հանդեպ մեծանում է, և մենք մեզ երջանիկ ենք զգում։ «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը»,— ասաց Հիսուսը (Մատթ. 5։3)։ Մի գրքում ասվում է. «Մենք պետք է ակնածանքով, հիացմունքով և պատկառանքով լցվենք՝ տեսնելով, որ մարդիկ բոլոր ժամանակներում փնտրել են Բարձրյալին և հավատացել են նրան» (Man Does Not Stand Alone, A. C. Morrison)։

5. Որտեղի՞ց գիտենք, որ հնարավոր է Աստծուն գտնել։

5 Իսկ հնարավո՞ր է Աստծուն գտնել։ Իհարկե։ Նա ուզո՛ւմ է, որ մենք գտնենք իրեն։ Այդ մասին Պողոս առաքյալը հստակ խոսեց, երբ վկայություն տվեց Արեոպագոսում հավաքված մարդկանց։ Այդ տեղից երևում էր Պարթենոնը, որը Աթենասի՝ հին Աթենքի հովանավոր աստվածուհու տաճարն էր։ Պատկերացրու՝ դու այնտեղ ես, և Պողոսը խոսում է այն Աստծու մասին, որը «ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան», և հետո բացատրում է, որ «Նա.... ձեռակերտ տաճարներում չի բնակվում»։ Առաքյալն այնուհետև ասում է, որ Աստված «մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա, և հաստատեց մարդկանց բնակության նշանակված ժամանակներն ու որոշված սահմանները, որպեսզի փնտրեն Աստծուն, այո՛, միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն նրան, թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։24–27)։ Այո՛, մարդիկ կարո՛ղ են գտնել Աստծուն։ Յոթուկես միլիոնից ավելի Եհովայի վկաներ գտել են նրան և սրտանց սիրում են։

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԻՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ

6. Ի՞նչ ասաց Հիսուսը այն մասին, թե որն է «ամենամեծ և առաջին պատվիրանը»։

6 Եհովայի հանդեպ մեր սերը պետք է սրտից բխի։ Հիսուսը դա հստակ ցույց տվեց, երբ մի փարիսեցի նրան հարցրեց. «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը»։ Հիսուսն ասաց. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը» (Մատթ. 22։34–38

7. Ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն՝ ա) «ամբողջ սրտով», բ) «ամբողջ հոգով», գ) «ամբողջ մտքով»։

7 Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց, որ մենք պետք է սիրենք Աստծուն մեր «ամբողջ սրտով»։ Նա ուզում էր ասել, որ Եհովայի հանդեպ մեր սերը պետք է ազդի մեր ցանկությունների ու զգացմունքների վրա։ Մենք պետք է սիրենք նրան նաև մեր «ամբողջ հոգով», այսինքն՝ մեր ողջ էությամբ, և մեր «ամբողջ մտքով», այսինքն՝ մեր ողջ մտային կարողությամբ։ Մենք պետք է սիրենք Եհովային անվերապահորեն։

8. Աստծուն ամբողջ սրտով, հոգով ու մտքով սիրելը կմղի մեզ ի՞նչ անելու։

8 Եթե սիրում ենք Աստծուն մեր ամբողջ սրտով, հոգով ու մտքով, ուրեմն ջանասիրությամբ կուսումնասիրենք նրա Խոսքը, սրտանց կծառայենք նրա նպատակներին և եռանդորեն կքարոզենք Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14; Հռոմ. 12։1, 2)։ Այս ամենն անելով՝ մենք ավելի կմտերմանանք Եհովայի հետ (Հակ. 4։8)։ Ինչ խոսք, անհնար է թվարկել բոլոր այն պատճառները, թե ինչու պետք է սիրենք Աստծուն։ Բայց եկեք քննենք դրանցից մի քանիսը։

 ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՍԻՐԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ

9. Ինչո՞ւ ես սիրում Եհովային։

9 Եհովան է ստեղծել մեզ, և նա մեզ տալիս է ամեն անհրաժեշտ բան։ «Նրանով ենք մենք ապրում, շարժվում և գոյություն ունենք»,— ասաց Պողոսը (Գործ. 17։28)։ Եհովան մեզ չքնաղ տուն է տվել՝ Երկիր մոլորակը (Սաղ. 115։16)։ Նա մեզ տալիս է կյանքի համար ամեն անհրաժեշտ բան։ Սա է պատճառը, որ Պողոս առաքյալը Լյուստրայի կռապաշտ բնակիչներին ասաց. «Կենդանի Աստվածը.... ինքն իր մասին անդադար վկայություն տվեց՝ բարիք անելով. անձրևներ տվեց ձեզ երկնքից և պտղաբեր ժամանակներ, լիացրեց ձեզ ուտելիքներով և ձեր սրտերը ուրախությամբ լցրեց» (Գործ. 14։15–17)։ Մի՞թե այս ամենը հիմնավոր պատճառ չէ սիրելու մեր Մեծ Արարչին և սիրառատ Հորը (Ժող. 12։1

10. Ինչպե՞ ս պետք է արձագանքենք այն բանին, որ Աստված հնարավոր է դարձրել մեղքից ու մահից ազատումը։

10 Աստված հնարավոր դարձրեց, որ մենք ազատվենք Ադամից ժառանգած մեղքից ու մահից (Հռոմ. 5։12)։ Նա «իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք» (Հռոմ. 5։8)։ Անկասկած, մեր սիրտը անսահման սիրով է լցված Եհովայի հանդեպ այն պատճառով, որ մեր մեղքերը ներվում են, եթե, իհարկե, զղջում ենք և հավատ ենք ընծայում Հիսուսի քավիչ զոհին (Հովհ. 3։16

11, 12. Ի՞նչ է տվել մեզ Եհովան։

11 Եհովան «հույս պարգևող Աստված» է և մեզ լցնում է «ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ» (Հռոմ. 15։13)։ Նրա տված հույսը մեզ ուժ է տալիս, որ դիմանանք հավատի փորձություններին։ Օծյալները, որոնք «հավատարիմ են մնում նույնիսկ մինչև մահ», կստանան երկնային «կյանքի պսակը» (Հայտն. 2։10)։ Նրանք, ովքեր պահում են իրենց անարատությունը և երկրային կյանքի հույս ունեն, հավիտենական օրհնություններ կվայելեն դրախտ-երկրի վրա (Ղուկ. 23։43)։ Ի՞նչ ենք զգում, երբ մտածում ենք այս հեռանկարների մասին։ Մի՞թե մեր սիրտը չի լցվում ուրախությամբ, խաղաղությամբ ու «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» տվողի հանդեպ սիրով (Հակ. 1։17

12 Աստված մեզ տվել է հարության սրտառուչ հույսը (Գործ. 24։15)։ Ինչ խոսք, հարազատի մահը մեզ խոր վիշտ է պատճառում, բայց քանի որ ունենք այս հիանալի հույսը, մենք «չենք տխրում [այնպես], ինչպես մյուսները, որ հույս չունեն» (1 Թեսաղ. 4։13)։ Մեր սիրառատ Աստվածը փափագում է հարություն տալ մահացածներին, հատկապես իր հավատարիմ ծառաներին, օրինակ՝ արդար Հոբին (Հոբ 14։15)։ Պատկերացրու մարդկանց ուրախությունը, երբ նրանք դիմավորեն իրենց սիրելիներին։ Որքա՜ն ենք սիրում մեր երկնային Հորը, որ մեզ տվել է հարության չքնաղ հույսը։

13. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստված հոգ է տանում մեր մասին։

13 Եհովան հոգ է տանում մեր մասին (կարդա՛ Սաղմոս 34։6, 18, 19; 1 Պետրոս 5։6, 7Մենք գիտենք, որ մեր սիրառատ Աստվածը միշտ պատրաստ է օգնելու հավատարիմներին։ Ուստի, լինելով նրա «արոտի ոչխարները», մեզ ապահով ենք զգում (Սաղ. 79։13)։ Բայց պատկերացրու, թե որքան ավելի շատ բաներ է անելու Աստված ապագայում։ Հիսուսը, լինելով Աստծու Թագավորության Թագավոր, կվերացնի բռնությունը, կեղեքումը և չարությունը, և հնազանդ մարդիկ կվայելեն հարատև խաղաղություն ու կբարգավաճեն (Սաղ. 72։7, 12–14, 16)։ Համաձայն չե՞ս, որ այսպիսի հեռանկարը հիմք է տալիս մեզ ամբողջ սրտով, հոգով, ուժով և մտքով սիրելու մեր հոգատար Աստծուն (Ղուկ. 10։27

14. Ի՞նչ առանձնաշնորհում է տվել մեզ Աստված։

14 Եհովան մեզ իր վկաները լինելու անգին առանձնաշնորհումն է տվել (Ես. 43։10–12)։ Մենք սիրում ենք Աստծուն, որովհետև նա մեզ հնարավորություն է տվել թիկունք կանգնելու իր գերիշխանությանը և իրական հույս տալու տառապող մարդկանց։ Մենք կարող ենք համոզվածությամբ  խոսել մարդկանց հետ, որովհետև հռչակում ենք այնպիսի լուր, որը հիմնված է ճշմարիտ Աստծու Խոսքի վրա։ Նրա խոստումները միշտ կատարվում են (կարդա՛  Հեսու 21։45; 23։14)։ Ինչ խոսք, անվերջ կարող ենք թվարկել Եհովային սիրելու պատճառները։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դրսևորել մեր սերը նրա նկատմամբ։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼ ՄԵՐ ՍԵՐԸ ԱՍՏԾՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ

15. Ի՞նչ օգուտներ կարող ենք ստանալ, եթե ուսումնասիրենք Աստծու Խոսքը և սովորածը կիրառենք։

15 Ջանասիրաբար ուսումնասիրիր Աստծու Խոսքը և սովորածդ կիրառիր։ Այդպես անելով՝ ցույց կտաս, որ սիրում ես Եհովային և իրոք ցանկանում ես, որ նրա Խոսքը լինի «լույս [քո] ճանապարհի համար» (Սաղ. 119։105)։ Երբ տառապում ենք, կարող ենք մխիթարվել հետևյալ սրտառուչ խոսքերով. «Կոտրված ու փշրված սիրտը, ո՜վ Աստված, դու չես արհամարհի.... Քո սիրառատ բարությունը, ո՛վ Եհովա, նեցուկ եղավ ինձ։ Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (Սաղ. 51։17; 94։18, 19)։ Եհովան կարեկցում է տառապող մարդկանց, և Հիսուսը նույնպես կարեկցում է նրանց (Ես. 49։13; Մատթ. 15։32)։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը կօգնի մեզ խորությամբ հասկանալու, որ Եհովան հոգ է տանում մեր մասին, և մեր սիրտը կմղի մեզ արձագանքելու նրա սիրուն։

16. Ինչպե՞ս է կանոնավորաբար աղոթելը նպաստում, որ ավելի շատ սիրենք Աստծուն։

16 Կանոնավորաբար աղոթիր։ Աղոթելով՝ ավելի ենք մտերմանում «աղոթքներ Լսողի» հետ (Սաղ. 65։2)։ Երբ տեսնում ենք, որ Աստված պատասխանում է մեր աղոթքներին, ավելի շատ ենք սիրում նրան։ Օրինակ՝ հավանաբար զգացել ենք, որ նա թույլ չի տալիս մեզ մեր կարողությունից վեր փորձվել (1 Կորնթ. 10։13)։ Երբ որևէ բան մեզ շատ է անհանգստացնում, և մենք ջերմեռանդորեն աղոթում ենք նրան, ամենայն հավանականությամբ, զգում ենք «Աստծու [անզուգական] խաղաղությունը» (Փիլիպ. 4։6, 7)։ Երբեմն գուցե Նեեմիայի պես լուռ աղոթենք, և տեսնենք, որ Աստված պատասխանում է մեր աղոթքին (Նեեմ. 2։1–6)։ «Աղոթքում հարատևելով» և հասկանալով, որ Եհովան պատասխանում է մեր խնդրանքներին՝ մենք ավելի շատ ենք սիրում նրան և լցվում ենք ավելի մեծ համոզվածությամբ, որ նա միշտ կօգնի  մեզ դիմանալու հավատի փորձություններին (Հռոմ. 12։12

17. Եթե սիրում ենք Աստծուն, ինչպե՞ս կվերաբերվենք հանդիպումներին հաճախելուն։

17 Կանոնավորաբար հաճախիր ժողովի հանդիպումներին և համաժողովներին (Եբր. 10։24, 25)։ Իսրայելացիները հավաքվում էին լսելու Օրենքը և սովորելու Եհովայի մասին։ Այդպիսով նրանք աստվածավախ կլինեին ու կկատարեին նրա Օրենքը (2 Օրենք 31։12)։ Եթե իսկապես սիրում ենք Աստծուն, ապա նրա կամքը կատարելը ծանր չի լինի մեզ համար (կարդա՛  1 Հովհաննես 5։3)։ Հետևաբար, եկեք երբեք մատների արանքով չնայենք հանդիպումներին հաճախելուն։ Անշուշտ, ցանկանում ենք ամեն ինչ անել, որ պահպանենք «այն սերը, որ սկզբից ունեինք» Եհովայի հանդեպ (Հայտն. 2։4

18. Աստծու հանդեպ սերն ինչի՞ է մղում մեզ։

18 Եռանդորեն քարոզիր «բարի լուրի ճշմարտությունը» (Գաղ. 2։5)։ Սերը Աստծու հանդեպ մղում է մեզ խոսելու նրա սիրելի Որդու Մեսիական Թագավորության մասին. Արմագեդոնին Հիսուսը «ձի է հեծելու հանուն ճշմարտության» (Սաղ. 45։4; Հայտն. 16։14, 16)։ Ի՜նչ ուրախություն է մասնակցել աշակերտներ պատրաստելու գործին, սովորեցնել մարդկանց Աստծու սիրո և նրա խոստացած նոր աշխարհի մասին (Մատթ. 28։19, 20

19. Ինչո՞ւ պետք է երախտապարտ լինենք հովիվների համար։

19 Երախտապարտ եղիր Աստծու տված հովիվների համար (Գործ. 20։28)։ Եհովան միշտ գործում է մեր օգտի համար. նա մեզ երեցներ է տվել։ Նրանք «քամու դեմ եղող պատսպարանի պես [են].... և փոթորկի դեմ եղող թաքստոցի պես, անջուր երկրում վտակների պես.... և չորացած երկրում՝ մեծ ապառաժի ստվերի պես» (Ես. 32։1, 2)։ Մենք անչափ ուրախ ենք լինում, երբ սարսափելի փոթորկի ժամանակ ապաստարանում ենք գտնվում։ Երբ արևը այրում է, ուրախ ենք լինում, որ ապառաժի ստվերի տակ կարող ենք պաշտպանվել։ Այս օրինակներն օգնում են մեզ պատկերացնելու, թե ինչպես են երեցները հոգևորապես օգնում մեզ և թարմացնում։ Հնազանդվելով առաջնորդություն տվողներին՝ մենք ցույց ենք տալիս, որ շատ ենք գնահատում «մարդկանց տեսքով պարգևներին», սիրում ենք Աստծուն և Քրիստոսին՝ ժողովի Գլխին (Եփես. 4։8; 5։23; Եբր. 13։17

Եհովան տվել է այնպիսի հովիվներ, որոնք անկեղծ հետաքրքրություն են ցույց տալիս հոտի հանդեպ (տե՛ս պարբերություն 19)

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՍԻՐԻՐ ԱՍՏԾՈՒՆ

20. Եթե սիրում ենք Աստծուն, ինչպե՞ս կվերաբերվենք Հակոբոս 1։22–25-ում գրվածին։

20 Եթե սիրում ենք Եհովային, ապա «խոսքը ոչ միայն լսողներ կլինենք, այլև կատարողներ» (կարդա՛  Հակոբոս 1։22–25)։ «Խոսքը կատարողի» հավատը մղում է նրան քարոզելու բարի լուրը և մասնակցելու քրիստոնեական հանդիպումներին։ Քանի որ անկեղծորեն սիրում ենք Աստծուն, մենք հնազանդվում ենք նրա «կատարյալ օրենքին», այսինքն՝ անում ենք այն ամենը, ինչ նա պահանջում է մեզնից (Սաղ. 19։7–11

21. Ինչի՞ նման կարող են լինել քո աղոթքները։

21 Եհովա Աստծու հանդեպ սերը կմղի մեզ սրտանց աղոթելու նրան և աղոթելու հաճախակի։ Սաղմոսերգու Դավիթը իր աղոթքը համեմատեց խնկի հետ, որը քահանան, Օրենքի ուխտի համաձայն, ամեն օր մատուցում էր։ Նա ասաց. «Թող աղոթքս ընդունելի լինի քեզ [Եհովա], ինչպես պատրաստված խունկը քո առջև, և վեր բարձրացրած ձեռքերս, ինչպես երեկոյան մատուցվող հացի ընծա» (Սաղ. 141։2; Ելք 30։7, 8)։ Խունկը խորհրդանշում է Աստծուն ընդունելի աղոթքը։ Թող որ քո խոնարհ խնդրանքները, ջերմեռանդ աղաչանքները և սրտաբուխ գովաբանական ու շնորհակալական խոսքերը նման լինեն անուշաբույր խնկի (Հայտն. 5։8

22. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

22 Հիսուսն ասաց, որ մենք պետք է սիրենք ոչ միայն Աստծուն, այլև մերձավորին (Մատթ. 22։37–39)։ Հաջորդ հոդվածում կշարունակենք խոսել սիրո մասին և կտեսնենք, թե սերը Աստծու և նրա սկզբունքների հանդեպ ինչպես կարող է օգնել մեզ հաղորդակցվելու ուրիշների հետ և սեր դրսևորելու մերձավորի հանդեպ։