Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆԻՍ 2014

«Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»

«Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»

«Երկրորդ էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»» (ՄԱՏԹ. 22։39

1, 2. ա) Ի՞նչ ասաց Հիսուսն այն մասին, թե որն է երկրորդ մեծագույն պատվիրանը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ՄԻ ՓԱՐԻՍԵՑԻ Հիսուսին փորձելու համար նրան հարցրեց. «Ուսուցի՛չ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը»։ Ինչպես գիտենք, Հիսուսը պատասխանեց, որ «ամենամեծ և առաջին պատվիրանն» է՝ «սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով», հետո ավելացրեց. «Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»» (Մատթ. 22։34–39

2 Հիսուսն ասաց, որ մենք սիրենք մեր մերձավորին մեր անձի պես։ Ուստի լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Ո՞վ է իմ մերձավորը։ Ինչպե՞ս կարող եմ սեր դրսևորել նրա հանդեպ»։

Ո՞Վ Է ՄԵՐ ՄԵՐՁԱՎՈՐԸ

3, 4. ա) Ի՞նչ առակ պատմեց Հիսուսը՝ պատասխանելու համար «ո՞վ է իմ մերձավորը» հարցին։ բ) Սամարացին ինչպե՞ս օգնեց վիրավոր մարդուն (տե՛ս 17-րդ էջի նկարը)։

3 Մի անգամ մի մարդ, «ցանկանալով արդարացնել իրեն», Հիսուսին հարցրեց. «Ո՞վ է իմ մերձավորը»։ Ի պատասխան՝ Հիսուսը պատմեց բարի սամարացու մասին առակը (կարդա՛   Ղուկաս 10։29–37)։ Ինչ խոսք, իսրայելացի քահանան ու ղևտացին, որոնք նրա մերձավորներն էին, պետք է օգնեին այդ մարդուն, երբ տեսան նրան ծեծված, մերկ ու կիսամեռ։ Մինչդեռ նրանք պարզապես անցան նրա մոտով։ Փորձանքի մեջ ընկած այդ մարդուն օգնեց մի սամարացի։ Սամարացիները հարգում էին Մովսիսական օրենքը, բայց արհամարհված էին հրեաների կողմից (Հովհ. 4։9

4 Սամարացին կապեց վիրավոր մարդու վերքերը և դրանց վրա ձեթ ու գինի լցրեց։ Հետո նրան տարավ իջևանատուն։ Այն երկու դինարը, որ նա տվեց իջևանատիրոջը, որպեսզի վերջինս հոգ տանի այդ մարդու մասին, երկու օրվա աշխատավարձի չափ էր (Մատթ. 20։2)։ Դժվար չէ տեսնել, թե ով էր իրականում վիրավոր մարդու մերձավորը։ Անկասկած, Հիսուսի այս առակից սովորում ենք կարեկցանք ու սեր դրսևորել մերձավորի հանդեպ։

Եհովայի ծառաները չեն հապաղում սեր դրսևորել մերձավորի հանդեպ (տե՛ս պարբերություն 5)

5. Եհովայի ծառաներն ինչպե՞ս սեր դրսևորեցին իրենց մերձավորների հանդեպ վերջերս տեղի ունեցած բնական աղետից հետո։

5 Այս «վերջին օրերում» հաճախ չես հանդիպի սամարացու պես կարեկից մարդու։ Մինչդեռ շատ են նրանք, ովքեր չունեն բնական կապվածություն, դաժան են և չեն սիրում առաքինություն (2 Տիմոթ. 3։1–3)։ Քննենք մի օրինակ։ 2012թ. հոկտեմբերի վերջին Նյու Յորք քաղաքի վրայով անցավ «Սենդի» փոթորիկը։ Շատերը զրկվեցին էլեկտրականությունից, ջեռուցումից և այլ անհրաժեշտ բաներից։ Աղետից խիստ տուժած թաղամասերից մեկում կողոպտիչները սկսեցին թալանել առանց այն էլ տառապող քաղաքացիներին։ Այդ նույն ժամանակ Եհովայի վկաները կազմակերպված օգնում էին ինչպես իրար, այնպես էլ ուրիշների։ Քրիստոնյաները այդպես են վարվում, որովհետև սիրում են իրենց մերձավորին։ Իսկ ուրիշ ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել մերձավորի հանդեպ։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵԼ ՄԵՐՁԱՎՈՐԻ ՀԱՆԴԵՊ

6. Ինչպե՞ս ենք սեր դրսևորում մերձավորի հանդեպ մեր քարոզչական գործունեությամբ։

6 Հոգևոր օգնություն ցույց տուր։ Մենք սա անում ենք՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով «Սուրբ Գրքերի տված մխիթարության» վրա (Հռոմ. 15։4)։ Անկասկած, մենք սեր ենք դրսևորում մերձավորի հանդեպ, երբ աստվածաշնչյան ճշմարտությունը պատմում ենք նրան (Մատթ. 24։14)։ Մեզ համար շատ մեծ պատիվ է հռչակել Թագավորության մասին լուրը, մի լուր, որը գալիս է «հույս պարգևող Աստծուց» (Հռոմ. 15։13

7. Ո՞րն է Ոսկե կանոնը, և ինչպե՞ս ենք օրհնվում՝ այն կիրառելով։

7 Կիրառիր Ոսկե կանոնը։ Հիսուսը Լեռան քարոզում ասաց. «Ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց, որովհետև հենց սրանում են ամփոփվում Օրենքն ու Մարգարեները» (Մատթ. 7։12)։ Սա Ոսկե կանոնն է։ Երբ մարդկանց հետ վարվում ենք Հիսուսի ասած ձևով, մենք վարվում ենք այն ոգուն ներդաշնակ, որն ամփոփված է «Օրենքում» («Ծննդոց»-ից մինչև «2 Օրենք») և «Մարգարեներում» (Եբրայերեն Գրությունների մարգարեական գրքերը)։ Այս Սուրբ Գրքերից երևում է, որ Աստված օրհնում է նրանց, ովքեր սեր են դրսևորում։ Օրինակ՝ Եհովան Եսայիա մարգարեի միջոցով ասաց. «Արդարության հետամուտ եղեք և արդարությամբ վարվեք.... Երջանիկ է այն մարդը, որն այդպես է վարվում» (Ես. 56։1, 2)։ Մենք, իրոք, երջանիկ ենք, որովհետև մերձավորի հետ վարվում ենք սիրով և արդարությամբ։

8. Ինչո՞ւ պետք է սիրենք մեր թշնամիներին, և արդյունքում ի՞նչ կարող է լինել։

8 Սիրիր քո թշնամուն։ Հիսուսն ասաց. «Լսել եք, որ ասվեց. «Սիրի՛ր մերձավորիդ և ատի՛ր թշնամուդ»։ Բայց ես ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար, որպեսզի լինեք որդիները ձեր Հոր,  որ երկնքում է»» (Մատթ. 5։43–45)։ Պողոս առաքյալը նման միտք ասաց. «Եթե քո թշնամին քաղցած է, կերակրիր նրան, եթե ծարավ է, խմելու բան տուր նրան» (Հռոմ. 12։20; Առակ. 25։21)։ Ըստ Մովսիսական օրենքի՝ եթե մարդը տեսներ, որ իր թշնամու անասունը բեռի տակ ընկել է, պետք է օգներ նրան ազատելու անասունին (Ելք 23։5)։ Այդպես վարվելով՝ թշնամիները կարող էին լավ ընկերներ դառնալ։ Մեր թշնամիներից շատերի սիրտը փափկել է այն բանի շնորհիվ, որ սեր ենք դրսևորել նրանց հանդեպ։ Մենք պետք է սեր դրսևորենք նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ովքեր կատաղի կերպով հալածում են մեզ. ո՞վ գիտի, նրանցից ոմանք գուցե ընդունեն ճշմարտությունը։

9. Ինչպե՞ս կարող ենք խաղաղության մեջ լինել մեր եղբոր հետ։

9 «Ձգտեք խաղաղության մեջ լինել բոլոր մարդկանց հետ» (Եբր. 12։14)։ Ինչ խոսք, «բոլոր մարդկանց» մեջ մտնում են նաև մեր եղբայրներն ու քույրերը։ Հիսուսն ասաց. «Եթե քո ընծան տանես զոհասեղանի մոտ և այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ ինչ-որ բան ունի, թող ընծադ զոհասեղանի դիմաց և գնա, նախ հաշտվիր քո եղբոր հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթ. 5։23, 24)։ Աստված կօրհնի մեզ, եթե, սիրելով մեր եղբորը, անմիջապես քայլեր ձեռնարկենք նրա հետ հաշտվելու համար։

10. Ինչո՞ւ չպետք է քննադատող լինենք։

10 Քննադատող մի՛ եղիր։ Հիսուսն ասաց. «Մի՛ դատեք, որ չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն։ Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «թույլ տուր աչքիդ միջի շյուղը հանեմ», երբ քո աչքում գերան կա։ Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է եղբորդ աչքի միջից շյուղը հանել» (Մատթ. 7։1–5)։ Այս խոսքերից սովորում ենք, որ չպետք է քննադատենք ուրիշներին փոքր սխալների համար, այն դեպքում երբ ինքներս, հնարավոր է, մեծ սխալներ ենք անում։

ՄԵՐՁԱՎՈՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԿԵՐՊ

11, 12. Մերձավորի հանդեպ սեր դրսևորելու ի՞նչ յուրօրինակ կերպ կա։

11 Ինչպես տեսանք, մերձավորի հանդեպ սեր ցույց տալու զանազան կերպեր  կան։ Սակայն Թագավորության բարի լուրը քարոզելը լավագույն կերպն է, և Հիսուսը մեզ օրինակ է թողել այս հարցում (Ղուկ. 8։1)։ Նա իր հետևորդներին հանձնարարեց «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել» (Մատթ. 28։19, 20)։ Այս հանձնարարությունը կատարելով՝ մենք օգնում ենք մեր մերձավորին թողնելու կործանում տանող լայն ու ընդարձակ ճանապարհը և քայլելու կյանքի նեղ ճանապարհով (Մատթ. 7։13, 14)։ Անկասկած, Եհովան օրհնում է մեր ջանքերը։

12 Հիսուսն օգնում էր մարդկանց գիտակցելու իրենց հոգևոր կարիքները (Մատթ. 5։3)։ Ընդօրինակելով նրան՝ մեզնից յուրաքանչյուրը իր լուման է ներդնում «Աստծու բարի լուրը» մարդկանց հասցնելու գործում (Հռոմ. 1։1)։ Ովքեր ընդունում են այն, Հիսուս Քրիստոսի միջոցով հաշտվում են Աստծու հետ (2 Կորնթ. 5։18, 19)։ Այո՛, բարի լուրի քարոզչությունը մերձավորի հանդեպ սեր դրսևորելու անչափ կարևոր ձև է։

13. Ի՞նչ ես զգում, երբ Թագավորության բարի լուրը պատմում ես մարդկանց։

13 Երբ լավ ենք նախապատրաստվում վերայցելություններին և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելուն, կարողանում ենք օգնել մարդկանց ապրելու Աստծու արդար չափանիշներով։ Ճիշտ է, որոշ ուսումնասիրողներ գուցե կարիք ունենան մեծ փոփոխություններ անելու (1 Կորնթ. 6։9–11)։ Բայց որքա՜ն ենք ուրախանում, երբ տեսնում ենք, թե ինչպես է Աստված օգնում «հավիտենական կյանքի հանդեպ ճիշտ տրամադրված» մարդկանց անելու անհրաժեշտ փոփոխություններ և իր հետ հաստատելու մտերիմ փոխհարաբերություններ (Գործ. 13։48)։ Շատերը, որ մի ժամանակ հուսահատ էին, այժմ շողում են ուրախությունից, անտեղի անհանգստանում էին, այժմ ապավինում են իրենց երկնային Հորը։ Որքա՜ն հաճելի է տեսնել նորերի հոգևոր առաջադիմությունը։ Այո՛, բարի լուրը քարոզելը մերձավորի հանդեպ սեր դրսևորելու մի յուրօրինակ կերպ է, ինչը մեզ մեծ ուրախություն է պարգևում։

ԻՆՉՊԻՍԻՆ Է ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐԸ

14. Քո խոսքերով նկարագրիր, թե, ըստ 1 Կորնթացիներ 13։4–8-ի, ինչպիսին է սերը։

14 Պողոսը Աստծու ներշնչանքով գրեց, թե ինչպիսին է իսկական սերը։ Մերձավորի հանդեպ նման սեր դրսևորելով՝ մենք կխուսափենք բազմաթիվ խնդիրներից, երջանիկ կլինենք և կստանանք Աստծու օրհնությունը (կարդա՛  1 Կորնթացիներ 13։4–8)։ Համառոտ քննենք, թե Պողոսն ինչ ասաց սիրո մասին, և թե ինչպես կարող ենք կիրառել նրա խոսքերը մերձավորի նկատմամբ։

15. ա) Ինչո՞ւ պետք է համբերատար ու բարի լինենք։ բ) Ինչո՞ւ չպետք է լինենք նախանձ ու պարծենկոտ։

15 «Սերը համբերատար է ու բարի»։ Աստված համբերատար ու բարի է անկատար մարդկանց նկատմամբ։ Այդպես էլ մենք պետք է համբերատար ու բարի լինենք, երբ ուրիշները սխալներ են անում, անխոհեմ և նույնիսկ կոպիտ են վարվում։ «Սերը նախանձոտ չէ», ուստի մենք մեզ թույլ չենք տա ցանկանալու ուրիշի ունեցվածքը կամ ժողովում ունեցած առանձնաշնորհումները։ Եթե սիրում ենք, ապա չենք պարծենա, չենք հպարտանա։ Աստվածաշունչն ասում է, որ «ամբարտավան աչքերը, մեծամիտ սիրտն ու ամբարիշտների ճրագը մեղք են» (Առակ. 21։4

16, 17. Ինչպե՞ս կարող ենք վարվել 1 Կորնթացիներ 13։5, 6 համարներին ներդաշնակ։

16 Սերը կմղի մեզ պատշաճորեն վարվելու մերձավորի հետ։ Մենք չենք ստի նրան, չենք գողանա նրանից և չենք անի այնպիսի բան, ինչը կխախտի Եհովայի օրենքներն ու սկզբունքները։ Սերը նաև կմղի մեզ փնտրելու ոչ միայն մեր շահը, այլ նաև ուրիշներինը (Փիլիպ. 2։4

17 Իսկական սերը հեշտությամբ «բարկությամբ չի բորբոքվում» և «վիրավորանքները չի հաշվում»։ Մենք մեզ վիրավորողի  սխալները հաշվապահի պես չենք գրանցում մատյանում (1 Թեսաղ. 5։15)։ Եթե ոխ պահենք մեկի դեմ, ապա դա Աստծուն տհաճ կլինի։ Երբ ոխ ենք պահում, կարծես պահպանում ենք հանգչող կրակը, որը կարող է բորբոքվել ու վնասել մեզ և ուրիշների (Ղևտ. 19։18)։ Սերը մղում է մեզ ուրախանալու «ճշմարտության համար» և թույլ չի տալիս ուրախանալու «անարդարության վրա», նույնիսկ եթե մեզ ատող մարդու հետ են վատ վարվում, կամ նա անարդարության է բախվում (կարդա՛  Առակներ 24։17, 18

18. Ի՞նչ ենք սովորում սիրո մասին 1 Կորնթացիներ 13։7, 8 համարներից։

18 Ուրիշ ի՞նչ է ասում Պողոսը սիրո մասին։ Սերը «ամեն ինչի դիմանում է»։ Երբ մեկը վիրավորում է մեզ, բայց հետո ներողություն խնդրում, սերը մղում է մեզ ներելու նրան։ Սերը «ամեն ինչի [որ գրված է Աստծու Խոսքում] հավատում է»։ Այն մղում է մեզ երախտագետ լինելու մեր ստացած հոգևոր սննդի համար։ Սերը «ամեն ինչի համար հույս ունի», այսինքն՝ որ Աստվածաշնչում գրված բոլոր խոստումները կատարվելու են։ Սերը մղում է մեզ պատմելու մեր հույսի մասին (1 Պետ. 3։15)։ Ծանր իրավիճակներում մենք աղոթում ենք և հույս ենք փայփայում, որ ամեն ինչ լավ կլինի։ Սերը «ամեն ինչի տոկում է», լինի դա մեր դեմ գործված մեղք, հալածանք կամ այլ փորձություն։ «Սերը երբեք չի վերջանում»։ Հնազանդ մարդիկ այն դրսևորելու են ողջ հավիտենության ընթացքում։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՍԻՐԵԼ ՄԵՐՁԱՎՈՐԻԴ ՔՈ ԱՆՁԻ ՊԵՍ

19, 20. Սուրբգրային ո՞ր խորհուրդը պետք է մղի մեզ շարունակելու սիրել մերձավորին։

19 Կիրառելով աստվածաշնչյան խորհուրդները՝ մենք կշարունակենք «սիրել մերձավորին մեր անձի պես» (Մատթ. 22։39)։ Մենք սիրում ենք բոլոր մարդկանց և ոչ թե միայն մեր ազգակիցներին։ Աստված և Քրիստոսը ակնկալում են, որ մենք սիրենք մեր մերձավորին։ Եթե չգիտենք, թե որոշակի իրավիճակում մերձավորի հետ կապված ինչպես վարվենք, կարող ենք աղոթել Աստծուն, որ իր սուրբ ոգով առաջնորդի մեզ։ Դա անելով՝ կստանանք Եհովայի օրհնությունը և կկարողանանք դիմացինի հանդեպ սեր դրսևորել (Հռոմ. 8։26, 27

20 Մերձավորին մեր անձի պես սիրելու պատվերը կոչվում է «թագավորական օրենք» (Հակ. 2։8)։ Մովսիսական օրենքի մի քանի պատվիրանների անդրադառնալուց հետո Պողոսն ասաց. «Ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, հետևյալ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»։ Սերը մերձավորի հանդեպ չարիք չի գործում. հետևաբար, սերը օրենքի կատարումն է» (Հռոմ. 13։8–10)։ Ուրեմն եկեք շարունակենք սեր դրսևորել մերձավորի հանդեպ։

21, 22. Ինչո՞ւ պետք է սիրենք Աստծուն և մերձավորին։

21 Խորհրդածելով այն մասին, թե ինչու պետք է սեր դրսևորենք մերձավորի հանդեպ՝ լավ կլինի մտածել Հիսուսի այն խոսքերի շուրջ, որ Հայրը «իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթ. 5։43–45)։ Մենք պետք է սիրենք մեր մերձավորին՝ անկախ նրանից՝ նա արդար է, թե ոչ։ Ինչպես նշվեց վերևում, մերձավորի հանդեպ սեր դրսևորելու կարևոր կերպերից մեկը Թագավորության լուրը նրան հայտնելն է։ Նա շատ օրհնություններ կստանա, եթե երախտագիտությամբ արձագանքի բարի լուրին։

22 Այսպիսով՝ բազմաթիվ պատճառներ կան Եհովային անվերապահորեն սիրելու։ Նաև բազմաթիվ կերպեր կան մերձավորի հանդեպ սեր դրսևորելու։ Սիրելով Աստծուն և մերձավորին՝ ցույց ենք տալիս, որ հարգանք ենք դրսևորում Հիսուսի խոսքերի հանդեպ, և, որ ամենակարևորն է, հաճեցնում ենք մեր երկնային սիրառատ Հորը՝ Եհովային։