Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Հունիս 2014

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Դիակիզումն ընդունելի՞ է քրիստոնյաների համար։

Աստվածաշունչը որևէ լուրջ առարկություն չունի դիակիզման դեմ։

Սուրբ Գրքում արձանագրված են դեպքեր, երբ հանգուցյալի մարմինն ու ոսկորները այրել են (Հեսու 7։25; 2 Տար. 34։4, 5)։ Դա, հավանաբար, նշանակում էր, որ այդ մարդիկ արժանի չէին պատշաճ ձևով թաղվելու։ Բայց միշտ չէ, որ դիակիզումը այդ իմաստն է ունեցել։

Սա երևում է Սավուղ թագավորի և նրա երեք որդիների մահվան մասին արձանագրությունից։ Նրանք մահացան փղշտացիների դեմ պատերազմում։ Սավուղի որդիներից մեկը Հովնաթանն էր, որը Դավթի մտերիմ ընկերն էր և հավատարիմ աջակիցը։ Երբ Հաբիս-Գաղաադում ապրող իսրայելացի խիզախ տղամարդիկ իմացան, թե ինչ է եղել Սավուղի և նրա որդիների հետ, գնացին ու բերեցին նրանց դիակները, այրեցին դրանք և ոսկորները թաղեցին։ Ավելի ուշ Դավիթը գովեց այս մարդկանց դրա համար (1 Սամ. 31։2, 8–13; 2 Սամ. 2։4–6

Աստվածաշունչն ասում է, որ Եհովան մահացածներին հարություն է տալու. նա վերականգնելու է ոչ թե մարմինը, այլ անձնավորությունը։ Անկախ նրանից՝ մահացածի մարմինը այրել են, թե ոչ, Եհովան ի զորու է վերականգնելու նրա կյանքը՝ նրան նոր մարմին տալով։ Երբ Նաբուգոդոնոսոր թագավորը հրամայեց հնոցը գցել երեք հավատարիմ հրեաներին, նրանք չվախեցան ու չմտածեցին, որ, եթե իրենք այրվեն, Աստված չի կարողանա իրենց հարություն տալ (Դան. 3։16–18)։ Եհովայի այն հավատարիմ ծառաները, ովքեր նացիստական համակենտրոնացման ճամբարներում մահացան, և որոնց մարմիններն այրեցին, նույնպես վստահ էին, որ Աստված կարող է իրենց հարություն տալ։ Աստծու ուրիշ հավատարիմ ծառաներ էլ մահացել են պայթյուններից և այլ բաներից, որոնց հետևանքով նրանց մարմնից հետք անգամ չի մնացել։ Այդուհանդերձ, նրանք անպայման հարություն են առնելու (Հայտն. 20։13

Եհովան կարիք չունի հավաքելու մարդու մարմինը, որպեսզի կարողանա նրան հարություն տալ։ Օրինակ՝ երբ նա օծյալ քրիստոնյաներին երկնային կյանքի հարություն է տալիս, նրանց նախկին մարմնի ոչ մի մաս նրանց հետ չի գնում երկինք։ Հիսուսի պես, որը «կենդանացավ ոգով», օծյալ քրիստոնյաները հարություն են առնում նույն անձով, բայց ոգեղեն մարմնով (1 Պետ. 3։18; 1 Կորնթ. 15։42–53; 1 Հովհ. 3։2

Մենք հավատում ենք, որ Աստված հարություն է տալու մահացածին, անկախ այն բանից՝ նրան դիակիզել են, թե ոչ, քանի որ Նա ունի և՛ ցանկություն, և՛ հնարավորություն կատարելու իր խոստումները (Գործ. 24։15)։ Ինչ խոսք, գուցե լիովին չհասկանանք, թե ինչպես է Աստված հարություն տվել անցյալում և ինչպես է դա անելու ապագայում։ Բայց մենք նրան վստահում ենք։ Նա «հավաստիք» է տվել մեզ այն բանով, որ հարություն է տվել Հիսուսին (Գործ. 17։31; Ղուկ. 24։2, 3

Քրիստոնյաները հաշվի են առնում դիակիզման վերաբերյալ հասարակական նորմերը, մարդկանց տեսակետն ու վերաբերմունքը և պետական օրենքները (2 Կորնթ. 6։3, 4)։ Դրանից հետո նրանք որոշում են, թե ինչպես վարվել հանգուցյալի մարմնի հետ։ Սա անձնական կամ ընտանեկան որոշում է։