Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2014

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

«Հնձի գործում շատ բան կա անելու»

«Հնձի գործում շատ բան կա անելու»

Ջորջ Յանգը ժամանեց Ռիո դե Ժանեյրո 1923թ. մարտին

1923 ԹՎԱԿԱՆՆ է։ Բրազիլիա։ Սան Պաուլուի Դրամայի և երաժշտության կոնսերվատորիայի համերգասրահում ասեղ գցելու տեղ չկա։ Լսո՞ւմ ես։ Ջորջ Յանգի խրոխտ ձայնն է։ Նրա ելույթը նախադասություն առ նախադասություն թարգմանվում է պորտուգալերեն։ Բոլոր 585 ներկաները համակ ուշադրությամբ լսում են։ Պորտուգալերենով գրված աստվածաշնչյան խոսքերը պրոյեկտորով ցուցադրվում են էկրանին։ Եվ ահա հանդիսավոր ավարտ. ներկաներին բաժանվում են «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» թերթիկի հարյուրավոր օրինակներ պորտուգալերեն, ինչպես նաև անգլերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներով։ Ակնհայտ է, որ դասախոսությունը մարդկանց շատ է դուր եկել։ Այո՛, Աստծու Խոսքը տարածվում է։ Երկու օր անց ներկայացվում է ևս մի դասախոսություն, և դահլիճը դարձյալ լեփ-լեցուն է։

1867թ.-ին Սառա Բելոնա Ֆերգյուսոնենց ընտանիքը ԱՄՆ-ից տեղափոխվեց Բրազիլիա։ 1899-ին նրա փոքր եղբայրը ԱՄՆ-ից աստվածաշնչյան գրականություն բերեց իր հետ։ Այն ընթերցելուց հետո Սառան հասկացավ, որ գտել է ճշմարտությունը։ Լինելով ընթերցասեր՝ նա բաժանորդագրվեց անգլերեն «Դիտարան» ամսագրին։ Տպավորված լինելով այն ամենով, ինչ ասում է Աստվածաշունչը՝ Սառան եղբայր Ռասելին նամակ գրեց։ Նամակում նա ասում էր, որ ինքը «կենդանի ապացույց է այն բանի, որ չկա մի մարդ, որին հնարավոր չէ հասնել»։

«Կարո՞ղ են ապրողները խոսել մահացածների հետ» (պորտուգալերեն)

Սառա Ֆերգյուսոնը ջանք չէր խնայում ճշմարտությունը մարդկանց հայտնելու համար։ Բայց նա հասկանում էր, որ ինքը, իր հարազատները և ընդհանրապես Բրազիլիայում ապրող բոլոր լավ մարդիկ աստվածաշնչյան գիտելիքներ ձեռք բերելու համար օգնության կարիք ունեն, և հաճախ էր մտածում, թե ով է իրենց օգնելու։ 1912թ.-ին Բրուքլինի Բեթելը նրան տեղեկացրեց, որ մարդ է գալիս Սան Պաուլու և իր հետ բերում է «Որտե՞ղ են գտնվում մահացածները» պորտուգալերեն թերթիկի հազարավոր օրինակներ։ 1915թ.-ին Սառան ասաց, որ միշտ զարմանում էր, որ շատ Աստվածաշունչ ուսումնասիրողներ ակնկալում էին շուտով երկինք գնալ։ Այս առնչությամբ նա գրեց. «Իսկ Բրազիլիան և Հարավային  Ամերիկա՞ն... Երբ մտածում ես, թե ինչ հսկայական տարածք է Հարավային Ամերիկան, միանգամայն պարզ է դառնում, որ հնձի գործում շատ բան կա անելու»։ Հնձի գործում, իրոք, շատ բան կար անելու։

1920-ականներին ութ երիտասարդ բրազիլացի նավաստիներ Նյու Յորքում ներկա եղան ժողովի մի քանի հանդիպումների, իսկ այդ ընթացքում նրանց ռազմանավը վերանորոգվում էր։ Վերադառնալով Ռիո դե Ժանեյրո՝ նրանք աստվածաշնչյան իրենց նոր գիտելիքների մասին սկսեցին պատմել մարդկանց։ Շատ չանցած՝ 1923-ի մարտին, Ջորջ Յանգը, որը պիլիգրիմ էր, այսինքն՝ շրջագայող վերակացու, ժամանեց Ռիո դե Ժանեյրո։ Այստեղ նա գտավ հետաքրքրվող անհատների և հոգ տարավ, որ մի քանի հրատարակություն թարգմանվի պորտուգալերեն։ Եղբայր Յանգը այնուհետև մեկնեց Սան Պաուլու, որն այն ժամանակ մոտ 600000 բնակիչ ուներ։ Այստեղ նա դասախոսություն ներկայացրեց ու տարածեց «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» թերթիկը, ինչպես նշվեց հոդվածի սկզբում։ Եղբայր Յանգը իր հաշվետվությունում գրեց. «Քանի որ մենակ էի, հույսս ամբողջովին լրագրերում տպագրվող հայտարարություններն էին»։ Դրանք իր դասախոսությունների մասին էին։ Նա ասում է, որ դրանք «հայտարարված առաջին դասախոսություններն էին, որոնք արվել էին Բրազիլիայում ԱՄՈՒՄ-ի անունից» *։

Եղբայր Յանգի դասախոսությունների ժամանակ աստվածաշնչյան խոսքերը պրոյեկտորով ցուցադրվում էին էկրանին

«Դիտարանի» 1923թ. դեկտեմբերի 15-ի համարում ներկայացվեց Բրազիլիայի մասին մի հաշվետվություն, որտեղ ասվում էր. «Եթե հաշվի առնենք, որ գործը սկսվել է հունիսի 1-ին և որ այդ ժամանակ չկար գրականություն, ապա ուղղակի ապշում ես, թե Տերը որքան է օրհնել գործը»։ Հաշվետվությունում նաև ասվում էր, որ եղբայր Յանգը հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացրեց 21 ելույթ, որից 2-ը՝ Սան Պաուլուում։ Ընդհանուր հաշվով՝ նրա ելույթները լսեց 3600 մարդ։ Ռիո դե Ժանեյրոյում Թագավորության լուրը աստիճանաբար տարածվում էր։ Ընդամենը մի քանի ամսում պորտուգալերեն 7000-ից ավելի հրատարակություն տարածվեց։ Ավելին, 1923թ.-ին լույս տեսավ պորտուգալերեն առաջին «Դիտարանը»՝ նոյեմբեր-դեկտեմբերի թողարկումը։

Սառա Բելոնա Ֆերգյուսոնը առաջինն էր, որ բաժանորդագրվեց անգլերեն «Դիտարանին» Բրազիլիայում

Ջորջ Յանգը այցելեց Սառա Ֆերգյուսոնին։ «Դիտարանում» գրվեց. «Քույրը մտավ հյուրասենյակ և մի որոշ ժամանակ պարզապես ի վիճակի չէր խոսելու։ Վերջիվերջո, բռնելով եղբայր Յանգի ձեռքը, ակնապիշ նայեց նրան ու ասաց. «Դու իսկապե՞ս պիլիգրիմ ես»»։ Նա և նրա երեխաներից չորսը շուտով մկրտվեցին։ Քույր Սառան 25 տարի սպասել էր իր մկրտությանը։ «Դիտարանի» 1924թ. օգոստոսի 1-ի համարում գրվեց, որ Բրազիլիայում, հիմնականում Ռիո դե Ժանեյրոյում, մկրտվել է 50 մարդ։

Այժմ, երբ անցել է մոտ 90 տարի, մենք կարիք չունենք հարցնելու. «Իսկ Բրազիլիան և Հարավային Ամերիկա՞ն»։ Այսօր Բրազիլիայում 760000-ից ավելի Եհովայի վկաներ քարոզում են բարի լուրը։ Իսկ ամբողջ Հարավային Ամերիկայում Թագավորության լուրը մարդիկ լսում են պորտուգալերենով, իսպաներենով և բնիկների բազմաթիվ լեզուներով։ 1915թ.-ին Սառա Ֆերգյուսոնը ճիշտ էր, երբ ասաց. «Հնձի գործում շատ բան կա անելու»։ (Բրազիլիայի մեր արխիվից)

^ պարբ. 6 «ԱՄՈՒՄ»-ը «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության» հապավումն է։