Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2014

Ինչպե՞ս պատասխան տանք ամեն մեկին

Ինչպե՞ս պատասխան տանք ամեն մեկին

«Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի.... որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (ԿՈՂ. 4։6)։

1, 2. ա) Պատմիր մի դեպք, թե ինչու է կարևոր լավ մտածված հարցեր տալը (տե՛ս 6-րդ էջի նկարը)։ բ) Ինչո՞ւ չպետք է վախենանք դժվար թեմաների շուրջ զրուցելուց։

ՏԱՐԻՆԵՐ առաջ մի քույր իր ամուսնու հետ, որը չէր ընդունում նրա հավատը, զրուցում էր Աստվածաշնչի շուրջ։ Անցյալում նրա ամուսինը եղել էր քրիստոնեական եկեղեցիներից մեկի անդամ։ Զրույցի ժամանակ նա ասաց, որ հավատում է Երրորդությանը։ Քույրը, գլխի ընկնելով, որ ամուսինը չի պատկերացնում, թե ինչ է Երրորդությունը, նրբանկատորեն հարցրեց. «Այսինքն՝ դու հավատում ես, որ Աստված Աստված է, Հիսուսն Աստված է և սուրբ ոգին Աստված է, և նրանք ոչ թե երեք Աստված են, այլ մե՞կ Աստված»։ Զարմացած՝ ամուսինն ասաց. «Չէ՛, չեմ հավատում»։ Դրանից հետո նրանք աշխույժ զրույց սկսեցին այն մասին, թե իրականում ինչպիսին է Աստված։

2 Այս օրինակը ցույց է տալիս, որ նրբանկատ և լավ մտածված հարցեր տալը դրական արդյունքներ է բերում։ Բայց այն նաև շեշտում է մի կարևոր բան. մենք չպետք է վախենանք դժվար թեմաներ քննարկելուց, օրինակ՝ Երրորդություն, դժոխքի կրակներ կամ Արարչի գոյություն։ Եթե ապավինենք Եհովային և կիրառենք այն, ինչ սովորում ենք նրանից, կկարողանանք համոզիչ կերպով զրուցել մարդկանց հետ և հասնել նրանց սրտին  (Կող. 4։6)։ Այս հոդվածում կքննենք, թե ինչպես կարող ենք՝ 1) հարցերի միջոցով իմանալ մարդու տեսակետը, 2) տրամաբանել աստվածաշնչյան համարների շուրջ և 3) օրինակների միջոցով առավել հստակ դարձնել այս կամ այն միտքը։

ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՄԱՑԻՐ ՄԱՐԴՈՒ ՏԵՍԱԿԵՏԸ

3, 4. Ինչո՞ւ է կարևոր հարցերի միջոցով պարզել, թե ինչին է մարդը հավատում։ Բեր օրինակ։

3 Նրբանկատ հարցերի միջոցով կարող ենք իմանալ, թե ինչին է մարդը հավատում։ Ինչո՞ւ է սա կարևոր։ Առակներ 18։13-ում ասվում է. «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս, ապա դա հիմարություն է նրա կողմից և նվաստացուցիչ է»։ Նախքան աստվածաշնչյան որևէ թեմա մանրամասնորեն քննարկելը լավ կլինի ճշտել, թե իրականում ինչին է հավատում մարդը։ Հակառակ դեպքում գուցե շատ ժամանակ ծախսենք հերքելու համար մի գաղափար, որին նա ընդհանրապես չի հավատում (1 Կորնթ. 9։26

4 Ենթադրենք՝ զրուցում ենք դժոխքի մասին։ Ոչ բոլորն են այն կարծիքին, որ դժոխքը բառացի կրակոտ տանջանքների վայր է։ Շատերի կարծիքով՝ դա Աստծուց մեկուսացած լինելու վիճակ է։ Ուստի կարող ենք մոտավորապես այսպես ասել. «Քանի որ մարդիկ տարբեր պատկերացումներ ունեն դժոխքի մասին, կցանկանայի իմանալ ձեր կարծիքը»։ Իմանալով մարդու տեսակետը՝ մենք ավելի լավ կկարողանանք օգնել նրան հասկանալու, թե ինչ է ասում Աստվածաշունչը այդ մասին։

5. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչու է մարդը այս կամ այն կերպ մտածում։

5 Նրբանկատ հարցերի միջոցով կարող ենք նաև իմանալ, թե ինչու է մարդը այսպես կամ այնպես մտածում։ Ենթադրենք՝ նա ասում է, որ չի հավատում Աստծուն։ Իհարկե, կարելի է հեշտությամբ մտածել, որ նա այդ կարծիքին է, օրինակ, էվոլյուցիոն տեսության պատճառով (Սաղ. 10։4)։ Բայց ոմանք չեն հավատում Աստծուն անձնական ողբերգության կամ այն պատճառով, որ ականատես են եղել ուրիշների տառապանքին։ Հնարավոր է՝ նրանք մտածում են. «Եթե գոյություն ունի սիրառատ Արարիչ, ապա ինչպե՞ս կարող է լինել տառապանք»։ Ուստի, եթե մարդը կասկածում է Աստծու գոյությանը, կարող ենք հարցնել. «Դուք մի՞շտ եք այդ կարծիքին եղել»։ Եթե նա ասում է՝ ո՛չ, կարող ենք հարցնել, թե կոնկրետ ինչ-որ պատճառո՞վ է կասկածում Աստծու գոյությանը։ Լսելով նրա պատասխանը՝ մենք կկարողանանք հոգևոր լավագույն օգնությունը ցույց տալ նրան (կարդա՛  Առակներ 20։5

6. Ի՞նչ պետք է անենք հարց տալուց հետո։

6 Հարց տալուց հետո հարկավոր է ուշադիր լսել բնակչին և հասկանալ նրա զգացումները։ Օրինակ՝ գուցե պարզվի, որ նրա հետ ողբերգություն է տեղի ունեցել, և դա է պատճառը, որ նա կասկածում է սիրառատ Արարչի գոյությանը։ Անմիջապես Աստծու գոյությունը հաստատող փաստեր ներկայացնելու փոխարեն՝ լավ կլինի՝ կարեկցենք մարդուն։ Կարող ենք ասել, որ բնական է, երբ մեր մեջ հարց է առաջանում, թե ինչու ենք տառապում (Ամբ. 1։2, 3)։ Եթե լինենք համբերատար և սիրալիր, ապա բնակիչը գուցե ցանկանա ավելին իմանալ *։

ՏՐԱՄԱԲԱՆԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Առավելապես ինչի՞ց է կախված մեր ծառայության արդյունավետությունը (տե՛ս պարբերություն 7

7. Մեր ծառայության արդյունավետությունն ինչի՞ց է ավելի շատ կախված։

7 Տեսնենք, թե ինչպես կարող ենք տրամաբանել աստվածաշնչյան համարների շուրջ։ Աստվածաշունչը, ինչ խոսք, մեր ծառայության մեջ օգտագործվող գլխավոր գործիքն է։ Սուրբ Գրքի շնորհիվ մենք դառնում ենք «լիովին իրազեկ.... ամբողջովին պատրաստված՝ ամեն բարի գործի համար» (2 Տիմոթ. 3։16, 17)։ Մեր ծառայության արդյունավետությունը կախված  չէ այն բանից, թե քանի սուրբգրային համար կընթերցենք։ Այն ավելի շատ կախված է այն բանից, թե ինչպես կբացատրենք ընթերցված համարը և ինչպես կտրամաբանենք այդ համարի շուրջ (կարդա՛  Գործեր 17։2, 3)։ Եկեք այս միտքը քննենք երեք օրինակով։

8, 9. ա) Ինչպե՞ս կարող ենք տրամաբանել այն մարդու հետ, որը հավատում է, թե Հիսուսը Աստծուն հավասար է։ բ) Ինչպե՞ս ես այս թեմայով հաջողությամբ տրամաբանել։

8 Օրինակ 1։ Ծառայության ժամանակ հանդիպում ենք մի մարդու, որը հավատում է, թե Հիսուսը Աստծուն հավասար է։ Սուրբգրային ո՞ր համարի շուրջ կարող ենք տրամաբանել այս դեպքում։ Կարող ենք մարդու ուշադրությունը հրավիրել Հովհաննես 6։38-ի վրա, որտեղ Հիսուսն ասում է. «Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը»։ Այս համարի շուրջ տրամաբանելուց հետո կարող ենք հարցնել. «Եթե Հիսուսն Աստված է, ապա ո՞վ նրան երկնքից ուղարկեց երկիր։ Տրամաբանական է, որ նա Հիսուսից ավելի մեծ պետք է լիներ։ Չէ՞ որ ուղարկողը ուղարկվողից մեծ է»։

9 Նույն ձևով կարող ենք կարդալ Փիլիպպեցիներ 2։9-ը, որտեղ Պողոս առաքյալն ասում է, թե Աստված ինչ արեց այն բանից հետո, երբ Հիսուսը մահացավ և հարություն առավ։ Այդ համարում գրված է. «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան [Հիսուսին] և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից»։ Բնակչին կարող ենք հարցնել. «Եթե Հիսուսը հավասար էր Աստծուն նախքան մահանալը և եթե հետո Աստված նրան ավելի բարձր դիրքի արժանացրեց, ապա չի՞ ստացվում արդյոք, որ նա Աստծուց բարձր դարձավ։ Բայց ինչպե՞ս կարող է որևէ մեկը Աստծուց ավելի բարձր լինել»։ Եթե մարդը հարգում է Աստվածաշունչը և ազնվասիրտ է, ապա նման տրամաբանությունը կարող է մղել նրան ավելի խորը քննելու այս թեման (Գործ. 17։11

10. ա) Ինչպե՞ս կարող ենք տրամաբանել այն մարդու հետ, որը հավատում է դժոխքին։ բ) Ինչպե՞ս ես դժոխքի թեմայով հաջողությամբ տրամաբանել։

10 Օրինակ 2։ Աստվածապաշտ բնակիչը դժվարանում է ընդունել, որ չկա դժոխք, որտեղ մարդիկ հավիտենական տանջանքներ են կրում։ Նա դժոխքի գոյությանը հավատում է հավանաբար այն պատճառով, որ ուզում է՝ չար մարդիկ պատժվեն իրենց չարագործությունների համար։ Ինչպե՞ս կարող ենք տրամաբանել նրա հետ։ Նախ կարող ենք հավաստիացնել, որ չարերը անպայման պատժվելու են (2 Թեսաղ. 1։9)։ Հետո խնդրել, որ կարդա Ծննդոց 2։16, 17-ը։ Այս համարները ցույց են տալիս, որ մեղքի համար տրվող պատիժը մահն է։ Կարող ենք բացատրել, որ Ադամի մեղքի պատճառով նրա բոլոր սերունդները մեղավոր են ծնվում (Հռոմ. 5։12)։ Ապա նշել, որ Աստված ոչինչ չասաց  դժոխքում պատիժ կրելու մասին, և հարցնել. «Եթե Ադամին ու Եվային սպառնում էին հավիտենական տանջանքները, ապա մի՞թե Աստված չէր ասի նրանց այդ մասին»։ Հետո կարող ենք կարդալ Ծննդոց 3։19-ը, որտեղ Եհովան հայտնում է նրանց իրենց դատավճիռը. այնտեղ ոչինչ չի ասվում դժոխքի կրակների մասին։ Ասվում է միայն, որ Ադամը վերադառնալու է դեպի հողը։ Կարող ենք հարցնել. «Մի՞թե Աստծու կողմից արդար կլիներ Ադամին ասել, որ նա ի վերջո հող է դառնալու, եթե իրականում գնալու էր դժոխք»։ Այս հարցը լայնախոհ մարդուն կմղի ավելի խորը մտածելու այս թեմայի շուրջ։

11. ա) Ինչպե՞ս կարող ենք տրամաբանել այն մարդու հետ, որը հավատում է, թե բոլոր լավ մարդիկ երկինք են գնում։ բ) Ինչպե՞ս ես այս թեմայով հաջողությամբ տրամաբանել։

11 Օրինակ 3։ Ծառայության ժամանակ հանդիպում ենք մի մարդու, որը հավատում է, թե բոլոր լավ մարդիկ գնում են երկինք։ Այս տեսակետի պատճառով նա կարող է սխալ հասկանալ Աստվածաշունչը։ Ենթադրենք՝ նրա հետ քննարկում ենք Հայտնություն 21։4-ը (կարդա՛)։ Մարդը գուցե մտածի, որ այս համարում գրվածը տեղի է ունենալու երկնքում։ Ինչպե՞ս կարող ենք տրամաբանել նրա հետ։ Սուրբգրային ուրիշ համարներ բերելու փոխարեն՝ կարող ենք կենտրոնանալ հենց այդ համարում գրված մի արտահայտության վրա՝ «մահ այլևս չի լինի»։ Կարող ենք հարցնել. «Համաձայն չե՞ք, որ որպեսզի մի բան այլևս չլինի, այն նախևառաջ պետք է լինի»։ Հավանաբար, նա կհամաձայնվի։ Այդ դեպքում կարող ենք ասել, որ երկնքում երբեք մահ չի եղել. մարդիկ մահանում են միայն երկրի վրա։ Հետևաբար, Հայտնություն 21։4-ը վերաբերում է երկրային ապագա օրհնություններին (Սաղ. 37։29

ԲԵՐ ՕՐԻՆԱԿՆԵՐ

12. Ինչո՞ւ էր Հիսուսը օրինակներ բերում։

12 Բացի հարցերից, Հիսուսը ծառայության ժամանակ նաև «առակներ» էր ասում, այլ խոսքով՝ օրինակներ էր բերում (կարդա՛  Մատթեոս 13։34, 35)։ Նրա բերած օրինակները բացահայտում էին ունկնդիրների իրական մղումները (Մատթ. 13։10–15)։ Օրինակները նաև ավելի գրավիչ ու տպավորիչ էին դարձնում Հիսուսի ուսմունքը։ Ինչպե՞ս կարող ենք ուսուցանել օրինակների միջոցով։

13. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Աստված Հիսուսից մեծ է։

13 Հաճախ ամենից լավը պարզ օրինակներն են։ Երբ բացատրում ենք մարդուն, որ Աստված Հիսուսից մեծ է, կարող ենք տրամաբանել այսպես. նախ ասել, որ Աստված Հիսուսին դիմեց որպես իր որդու, իսկ Հիսուսը Աստծու մասին խոսեց որպես իր Հոր (Ղուկ. 3։21, 22; Հովհ. 14։28)։ Հետո բնակչին հարցնել. «Եթե ցանկանայիք ինձ բացատրել, որ ընտանիքի երկու անդամներ իրար հավասար են, ապա ընտանիքի ո՞ր անդամներին կբերեիք որպես օրինակ»։ Նա գուցե ասի՝ երկու եղբայրների կամ քույրերի և նույնիսկ երկվորյակների։ Այդ դեպքում կարող ենք ասել, որ դա շատ լավ օրինակ է։ Հետո կարող ենք հարցնել. «Եթե մեր մտքով անցնում է այդ օրինակը, ապա մի՞թե Հիսուսի՝ մեր Մեծ Ուսուցչի մտքով նույնպես դա չէր անցի։ Բայց նա Աստծու մասին խոսեց որպես իր Հոր։ Այդպիսով ցույց տվեց, որ Աստված իրենից ավելի մեծ է և ավելի մեծ իշխանություն ունի»։

14. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Աստված Սատանայի միջոցով մարդկանց չի տանջում դժոխքի կրակներում։

14 Քննենք մեկ այլ օրինակ։ Ոմանք հավատում են, թե Աստված Սատանայի միջոցով մարդկանց տանջում է դժոխքում։ Ինչպե՞ս ծնողին ցույց տանք այս գաղափարի անտրամաբանական լինելը։ Կարող ենք ասել. «Պատկերացրեք՝ ձեր երեխան շատ ըմբոստ է դարձել և վատ բաներ է անում։ Ի՞նչ կանեք դուք»։ Հավանաբար, ծնողը կասի, որ կխրատի երեխային, շարունակ կփորձի օգնել նրան, որ այլևս վատ բաներ չանի (Առակ. 22։15)։ Այդ դեպքում ծնողին կարող ենք հարցնել, թե ինչ կանի,  եթե երեխան չընդունի իր օգնությունը։ Ծնողների մեծամասնությունը կասի, որ իրենք այլընտրանք չունեն, և հարկավոր է պատժել երեխային։ Հետո կարող ենք հարցնել. «Ի՞նչ կզգաք, եթե իմանաք, որ ձեր երեխան այդպիսին է դարձել՝ ընկնելով մի չար անձնավորության ազդեցության տակ»։ Անկասկած, ծնողը կբարկանա այդ մարդու վրա։ Որպեսզի ծնողը պարզ հասկանա, թե ինչի համար ենք այս օրինակը բերում, կարող ենք հարցնել. «Իմանալով, որ այդ չար մարդը ազդել է ձեր երեխայի վրա՝ մի՞թե նրան կխնդրեիք, որ ձեր փոխարեն նա պատժի ձեր երեխային»։ Պատասխանը, իհարկե, կլինի՝ ո՛չ։ Հստակ է, ուրեմն, որ Աստված Սատանայի միջոցով չէր պատժի այն մարդկանց, որոնք չար գործեր են անում Սատանայի ազդեցությամբ։

ԵՂԻՐ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ

15, 16. ա) Ինչո՞ւ չպետք է ակնկալենք, որ բոլորը կընդունեն բարի լուրը։ բ) Պե՞տք է ունենանք առանձնահատուկ ընդունակություններ՝ արդյունավետ ուսուցիչ լինելու համար։ Բացատրիր (տե՛ս նաև « Այն օգնում է մեզ պատասխան տալու» շրջանակը)։

15 Մենք հասկանում ենք, որ ոչ բոլորը կընդունեն Թագավորության մասին լուրը, նույնիսկ եթե լավ մտածված հարցեր տանք, գերազանց տրամաբանենք և լավագույն օրինակները բերենք (Մատթ. 10։11–14)։ Ի վերջո, համեմատաբար քչերը դրականորեն արձագանքեցին Հիսուսի սովորեցրած բաներին, իսկ նա երկրի վրա երբևէ ապրած լավագույն ուսուցիչն էր (Հովհ. 6։66; 7։45–48

16 Այդուհանդերձ, նույնիսկ եթե զգում ենք, որ առանձնապես չենք փայլում մեր ընդունակություններով, մենք կարող ենք հաջողության հասնել ծառայության մեջ (կարդա՛  Գործեր 4։13)։ Աստծու Խոսքը մեզ բոլոր հիմքերն է տալիս համոզված լինելու, որ «բոլոր նրանք, ովքեր ճիշտ [են] տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», կընդունեն բարի լուրը (Գործ. 13։48)։ Ուստի եկեք հավասարակշռված տեսակետ ունենանք մեր և նրանց մասին, ում ձգտում ենք հայտնել բարի լուրը։ Եկեք լավագույնս օգտվենք աստվածային կրթությունից և համոզված լինենք, որ այն օգուտ կբերի և՛ մեզ, և՛ մեզ լսողներին (1 Տիմոթ. 4։16)։ Այո՛, Եհովան օգնում է մեզ «պատասխան տալու ամեն մեկին»։ Հաջորդ հոդվածում կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք հաջողության հասնել ծառայության մեջ՝ կիրառելով Ոսկե կանոնը։

^ պարբ. 6 Տե՛ս «Դիտարանի» 2009թ. հոկտեմբերի 1-ի՝ «Հնարավո՞ր է, որ աթեիստը սկսի հավատալ Արարչին» հոդվածը։