Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՅԻՍ 2014

«Իմ կերակուրն այն է, որ Աստծու կամքը կատարեմ»

«Իմ կերակուրն այն է, որ Աստծու կամքը կատարեմ»

Ի՞նչն է քեզ ամենից շատ հաճույք պատճառում։ Ամուսնական կյա՞նքը, երեխաներ մեծացնե՞լը, ընկերություն անե՞լը, թե՞ սիրելի մարդկանց հետ ճաշելը։ Քանի որ դու Եհովայի ծառա ես, անշուշտ, համաձայն կլինես, որ ամենից հաճելի բանը Աստծու կամքն անելն է, նրա Խոսքն ուսումնասիրելը և բարի լուրը քարոզելը։

Գովաբանելով Արարչին՝ հին Իսրայելի Դավիթ թագավորը երգեց. «Քո կամքը կատարելու մեջ ես ուրախություն գտա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքը իմ սրտում է» (Սաղ. 40։8)։ Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Դավիթը մեծ ուրախություն էր գտնում Աստծու կամքը կատարելու մեջ։ Իհարկե, նա միակը չէր, ով հաճույք էր ստանում ճշմարիտ Աստծուն ծառայելուց։

Պողոս առաքյալը Սաղմոս 40։8-ը կիրառեց Մեսիայի՝ Քրիստոսի նկատմամբ։ Նա գրեց. «Երբ նա [Հիսուսը] աշխարհ է մտնում, ասում է. «Զոհ և ընծա չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար։ Դու հավանություն չտվեցիր ողջակեզներին ու մեղքի ընծաներին։— Այն ժամանակ ասացի.— Ահա ես եկել եմ (գրքում գրված է իմ մասին), որպեսզի քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված»» (Եբր. 10։5–7

Երբ Հիսուսը երկրի վրա էր, հաճույքով դիտում էր Աստծու ստեղծագործությունները, ժամանակ էր անցկացնում ընկերների հետ և մասնակցում էր ճաշկերույթների (Մատթ. 6։26–29; Հովհ. 2։1, 2; 12։1, 2)։ Բայց նա ամենից շատ հաճույք էր ստանում իր երկնային Հոր կամքը կատարելուց։ Հիսուսն ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ» (Հովհ. 4։34; 6։38)։ Նրա աշակերտները իրենց Ուսուցչից սովորեցին, թե որն է իսկական երջանկության գաղտնիքը։ Մեծ ուրախությամբ, պատրաստակամորեն ու եռանդով նրանք քարոզում էին Թագավորության մասին լուրը (Ղուկ. 10։1, 8, 9, 17

«ԳՆԱՑԵՔ ԵՎ.... ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵՔ»

Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց. «Գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և սուրբ ոգու անունով, սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի։ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20)։ Սա նշանակում է քարոզել մարդկանց ամենուր, կրկին այցելել հետաքրքրություն ցույց տվածներին  և Աստվածաշնչի ուսուցում անցկացնել նրանց հետ։ Այս գործն անելը մեծ ուրախություն է բերում։

Սերը մղում է շարունակելու քարոզել՝ չնայած անտարբերությանը

Ծառայությունից ուրախություն կստանանք, թե ոչ, գլխավորապես կախված է մեր տրամադրվածությունից և ոչ թե մարդկանց արձագանքից։ Ինչո՞ւ ենք շարունակում քարոզել բարի լուրը, չնայած որ բախվում ենք անտարբերության։ Որովհետև գիտակցում ենք, որ Թագավորության քարոզչության և աշակերտ պատրաստելու գործը Աստծու և մերձավորի հանդեպ սիրո դրսևորում է։ Վտանգի տակ է թե՛ մեր, թե՛ մեր մերձավորի կյանքը (Եզեկ. 3։17–21; 1 Տիմոթ. 4։16)։ Տեսնենք, թե մեր հավատակիցներից շատերը, ովքեր ծառայում են, այսպես կոչված, անպտուղ քարոզչական տարածքներում, ինչպես են կարողացել պահպանել իրենց եռանդը կամ այն կրկին բորբոքել։

ՕԳՏԱԳՈՐԾԻՐ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ծառայության ժամանակ համապատասխան հարցեր տալը հաճախ լավ արդյունքներ է բերում։ Մի առավոտ Ամալյան զբոսայգում տեսավ մի մարդու, որը թերթ էր կարդում։ Նա մոտեցավ ու հարցրեց. «Կա՞ն լավ լուրեր»։ Մարդն ասաց, որ չկան։ Ամալյան ասաց. «Գիտեք, ես լավ լուր ունեմ։ Դա Աստծու Թագավորության մասին է»։ Մարդու հետաքրքրությունը շարժվեց, և նա համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ամալյան այդ զբոսայգում երեք ուսուցում սկսեց։

Ջենիսը քարոզում է աշխատավայրում։ Երբ անվտանգության աշխատակիցը և նրա գործընկերուհին հետաքրքրվեցին «Դիտարանի» հոդվածներից մեկով, Ջենիսն ասաց, որ կարող է կանոնավորաբար ամսագրեր բերել նրանց համար։ Նա նույնն արեց մեկ այլ աշխատակցի համար, որը հիացած էր «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի թեմաների բազմազանությամբ։ Այս աշխատակցի միջոցով մեկ ուրիշ աշխատակից նույնպես ցանկացավ ստանալ մեր ամսագրերից։ «Սա ուղղակի օրհնություն է Եհովայից»,— ասում է Ջենիսը։ Ընդհանուր հաշվով՝ ամսագրերի մատակարարման նրա երթուղում ընդգրկվեց 11 աշխատակից։

ԴՐԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀՊԱՆԻՐ

Մի շրջագայող վերակացու քարոզիչներին խորհուրդ տվեց, որ տնետուն ծառայելիս զրույցը չավարտեն՝ պարզապես ասելով, որ նորից կգան։ Փոխարենը՝ նրանք բնակչին կարող են ասել. «Եթե դեմ չեք, հաջորդ անգամ ցույց կտամ, թե ինչպես է Աստվածաշնչի ուսուցումն անցկացվում» կամ «Ո՞ր օրը և ո՞ր ժամին կցանկանաք, որ ես գամ ու շարունակենք զրույցը»։ Շրջագայող վերակացուն իր հաշվետվության մեջ նշեց, որ նման մոտեցման շնորհիվ մի ժողովում քարոզիչները մեկ շաբաթվա ընթացքում սկսեցին 44 ուսուցում։

Մեծ արդյունքների կարող ենք հասնել, եթե վերայցելությունն անենք առանց ուշացնելու. կարելի է այցելել առաջին այցից նույնիսկ մի քանի օր անց։ Այդպես ցույց կտանք, որ իսկապես ուզում ենք անկեղծ սրտով մարդկանց օգնել հասկանալու Աստվածաշունչը։ Երբ մի կնոջ հարցրին, թե ինչու նա համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, նա պատասխանեց. «Ես համաձայնվեցի, որովհետև նրանք անկեղծ սեր և հետաքրքրություն ցույց տվեցին իմ հանդեպ»։

Բնակչին կարող ես ասել. «Եթե դեմ չեք, հաջորդ անգամ ցույց կտամ, թե ինչպես է Աստվածաշնչի ուսուցումն անցկացվում»

 Ռահվիրայական ծառայության դպրոցում սովորելուց կարճ ժամանակ անց Մադայի անունով մի քույր արդեն 15 ուսուցում էր անցկացնում, իսկ 5-ը փոխանցել էր ուրիշ քարոզիչների։ Ուսումնասիրողներից մի քանիսը սկսեցին կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին։ Ինչի՞ շնորհիվ Մադային այսքան շատ ուսումնասիրություններ սկսեց։ Ռահվիրայական դպրոցում նա մի շատ կարևոր բան էր սովորել. այնքան գնալ, մինչև որ հանդիպես հետաքրքրություն ցույց տված մարդուն։ Մեկ ուրիշ քույր, որը շատերին է օգնել իմանալու ճշմարտությունը, ասում է. «Ես հասկացա, որ եթե ուզում ես օգնել մարդկանց, որ սովորեն Եհովայի մասին, ապա պետք է հաստատակամորեն վերայցելություններ անես»։

Երբ վերայցելություն ենք անում առանց ուշացնելու, ցույց ենք տալիս, որ իսկապես հետաքրքրված ենք այն մարդկանցով, ովքեր ուզում են հասկանալ Աստվածաշունչը

Ինչ խոսք, մեծ ջանքեր են հարկավոր վերայցելություն անելու և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու համար։ Բայց արդյունքը լիուլի կփոխհատուցի մեր կատարած զոհողությունները։ Թագավորության քարոզչության համար ջանք չխնայելով՝ կօգնենք մարդկանց «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ» ձեռք բերելու, և դա կարող է փրկություն նշանակել նրանց համար (1 Տիմոթ. 2։3, 4)։ Իսկ մենք աննկարագրելի ուրախություն և մեծ բավականություն կստանանք։