Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2014

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել.... Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (ՄԱՏԹ. 6։24

1–3. ա) Ի՞նչ ֆինանսական խնդիրներ ունեն շատերը, և ինչպե՞ս են ոմանք փորձում լուծել դրանք (տե՛ս 17-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ հարցեր են առաջ գալիս երեխայի դաստիարակության հետ կապված։

«ՋԵՅՄՍԸ՝ ամուսինս, ամեն օր տուն էր վերադառնում հոգնած, տանջված։ Բայց նրա բերած փողը հազիվ էր բավարարում մեր ամենօրյա կարիքները,— ասում է Մերիլինը *։— Ես ուզում էի թեթևացնել նրա բեռը և ուզում էի, որ մեր տղան՝ Ջիմին, նույնպես ունենա այն լավ-լավ բաներից, որ ունեին նրա համադասարանցիները»։ Մերիլինը ցանկանում էր օգնել նաև իր հարազատներին, ինչպես նաև մի քիչ փող հետ գցել ապագայի համար։ Նրա ընկերուհիներից շատերը գնացել էին արտասահման՝ փող աշխատելու։ Երբ մտածեց, որ ինքն էլ կարող է գնալ, խառը զգացումներ ունեցավ։ Ինչո՞ւ։

2 Մերիլինի մարմնով սարսուռ անցավ այն մտքից, որ հեռու է լինելու ամուսնուց և որդուց։ Նրանք ընտանիքով կանոնավոր կերպով մասնակցում էին հոգևոր գործունեության։ Եթե գնար, ինչպե՞ս կկարողանային միասին երկրպագել Եհովային։ Ինչպե՞ս էր Ջիմիին դաստիարակելու հեռվից։ Կկարողանա՞ր ինտերնետի միջոցով օգնել ամուսնուն, որ Ջիմիին «դաստիարակի Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրա մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Բայց նաև մտածում էր. «Չէ՞ որ ուրիշները գնացել են աշխատելու, և նրանց ընտանիքները հոգևորապես չեն տուժել»։

3 Մերիլինը խորհուրդ հարցրեց։ Ամուսնու սրտով չէր, որ նա գնա, բայց ասաց, որ չի խոչընդոտի կնոջը, եթե որոշի գնալ։ Երեցները և ժողովի այլ անդամներ խորհուրդ տվեցին չգնալ, բայց որոշ քույրեր  հակառակը հորդորեցին։ «Եթե սիրում ես ընտանիքդ, կգնաս,— ասացին նրանք։— Դու այնտեղ էլ կարող ես ծառայել Եհովային»։ Խառը զգացումները սրտում՝ Մերիլինը համբուրեց Ջեյմսին ու Ջիմիին և գնաց արտասահման՝ աշխատելու։ Նա խոստացավ. «Երկար չեմ մնա»։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

4. Ինչո՞ւ են շատերը գաղթում, և ովքե՞ր են հաճախ հոգ տանում նրանց երեխաների մասին։

4 Եհովան չի ուզում, որ իր ծառաներն ապրեն ծայրահեղ աղքատության մեջ։ Գաղթը աղքատության դեմ պայքարելու հնագույն միջոցներից է (Սաղ. 37։25; Առակ. 30։8)։ Սովից խուսափելու համար Հակոբ նահապետը իր որդիներին ուղարկեց Եգիպտոս՝ սնունդ գնելու * (Ծննդ. 42։1, 2)։ Այսօր մարդկանց մեծամասնությունը թողնում է հարազատ վայրերը ոչ այն պատճառով, որ իրենց սով է սպառնում։ Նրանց աշխատավարձը ցածր է, և նրանք կուտակել են մեծ պարտքեր։ Մյուսները պարզապես ցանկանում են բարձրացնել իրենց ընտանիքի կենսամակարդակը։ Ոմանք, ապրելով տնտեսապես անկայուն երկրում, թողնում են ընտանիքը և հեռանում՝ աշխատելու կա՛մ երկրի ներսում, կա՛մ արտասահմանում։ Հաճախ փոքր երեխաներին հոգ տանելու պարտականությունը մնում է մյուս ծնողի, մեծ եղբոր կամ քրոջ, պապիկի, տատիկի, ուրիշ ազգականների կամ ընկերների վրա։ Թեպետ ծանր է թողնել ընտանիքը, բայց շատերը մտածում են, որ ուրիշ ելք չունեն։

5, 6. ա) Ի՞նչ ասաց Հիսուսը երջանկության ու ապահովության վերաբերյալ։ բ) Ինչի՞ մասին Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել։ գ) Ի՞նչ է ներառում Եհովայի օրհնությունը։

5 Հիսուսի օրերում շատ մարդիկ աղքատ էին ու ապրում էին անբարենպաստ պայմաններում։ Հնարավոր է՝ նրանք մտածում էին. «Եթե մի քիչ շատ փող ունենայի, ավելի ուրախ ու ապահով կապրեի» (Մարկ. 14։7)։ Բայց Հիսուսն ուզում էր, որ մարդիկ իրենց հույսը դնեն մնայուն հարստության աղբյուրի՝ Եհովայի վրա։ Լեռան քարոզում նա բացատրեց, որ իսկական երջանկությունն ու ապահովությունը կախված են ոչ թե նյութական բաներից կամ մեր ջանքերից, այլ այն բանից՝ մտերիմ ենք արդյոք մեր երկնային Հոր հետ, թե ոչ։

6 Տիպար աղոթքում Հիսուսը սովորեցրեց աղոթել ոչ թե ֆինանսական ապահովության, այլ մեր ամենօրյա կարիքների՝ «մեր օրվա հացի» մասին։ Նա իր ունկնդիրներին հստակ ասաց. «Ձեզ համար այլևս գանձեր մի՛ դիզեք երկրի վրա.... Փոխարենը՝ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում» (Մատթ. 6։9, 11, 19, 20)։ Մենք կարող ենք համոզված լինել, որ եթե Եհովան խոստացել է օրհնել մեզ, ուրեմն կօրհնի։ Աստծու օրհնությունն ավելին է, քան միայն հավանության խոսքերը. նա նաև տալիս է այն, ինչի կարիքն իսկապես ունենք։ Այո՛, իսկական երջանկություն ու ապահովություն գտնելու միակ ձևը ոչ թե փողին, այլ մեր հոգատար Հորը ապավինելն է (կարդա՛  Մատթեոս 6։24, 25, 31–34

7. ա) Ո՞ւմ է Եհովան տվել երեխաներին դաստիարակելու պարտականությունը։ բ) Ինչո՞ւ երկու ծնողներն էլ պետք է զբաղվեն իրենց երեխաների դաստիարակությամբ։

7 «Նախ Աստծու արդարությունը» փնտրելու մեջ մտնում է ընտանեկան պարտականություններին Եհովայի աչքերով նայելը։ Մովսեսի օրենքում կա մի սկզբունք, որը վերաբերում է քրիստոնյաներին. ծնողները պետք է հոգևոր դաստիարակություն տան իրենց երեխաներին (կարդա՛  2 Օրենք 6։6, 7)։ Աստված այս պարտականությունը տվել է ծնողներին. նա դա չի տվել տատիկներին, պապիկներին կամ մեկ ուրիշի։ Սողոմոն թագավորն ասաց «Լսի՛ր, որդի՛ս, քո հոր խրատը և մի՛ թող քո մոր օրենքը» (Առակ. 1։8)։ Եհովայի նպատակն է, որ երկու ծնողներն էլ ֆիզիկապես երեխաների կողքին լինեն և կրթեն նրանց (Առակ. 31։10, 27, 28)։ Երեխաները հոգևորի հետ կապված շատ բաներ սովորում են այն ժամանակ, երբ լսում են ծնողներին առօրյայում իրար հետ Եհովայի մասին զրուցելիս և երբ իրենց աչքերով տեսնում են, որ նրանք կանոնավորաբար ծառայում են։

ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

8, 9. ա) Ի՞նչ դժվարություններ են հաճախ առաջանում, երբ ծնողներից մեկը հեռու է լինում ընտանիքից։ բ) Բաժանության պատճառով ի՞նչ վնասներ կարող են լինել։

8 Նախքան արտասահման մեկնելը մարդիկ մտածում են, թե ինչ վտանգներ կան դրա հետ կապված և ինչ զոհողություններ պետք է անեն։ Սակայն քչերն են կարողանում կանխատեսել այն բոլոր հետևանքները, որ լինում են ընտանիքից հեռու լինելու պատճառով * (Առակ. 22։3)։ Մեկնելուց կարճ ժամանակ անց կարոտը սկսեց տանջել Մերիլինին։ Նույնը տեղի էր ունենում նրա ամուսնու և որդու հետ։ Փոքրիկ Ջիմին ամեն անգամ նրան հարցնում էր. «Մա՜, ե՞րբ ես գալու»։ Մերիլինը նախատեսել էր բացակայել մի քանի ամսով, բայց այդ ամիսները դարձան տարիներ, և այդ ընթացքում նա տագնապալի փոփոխություններ էր նկատում իր ընտանիքում. Ջիմին գնալով դառնում էր ինքնամփոփ և զգացական առումով ավելի ու ավելի էր հեռանում իրենից։ Մերիլինը տխրությամբ հիշում է. «Նա այլևս ինձ չէր սիրում»։

9 Երբ ծնողներն ու երեխաները բաժանված են լինում իրարից, նրանք զգացական վնասներ են կրում և գուցե նույնիսկ սխալ բաներ անեն *։ Որքան երեխաները փոքր են, և որքան բաժանումը տևական է, այնքան վնասը մեծ է։ Մերիլինը փորձում էր Ջիմիին բացատրել, որ ինքը զոհողություն է արել հանուն նրա։ Մինչդեռ Ջիմին մտածում էր, որ մայրը լքել է իրեն։ Սկզբում երեխան դժգոհ էր նրա բացակայությունից, բայց հետո արդեն դժգոհ էր լինում նրա ներկայությունից, երբ Մերիլինը կարճ ժամանակով տուն էր վերադառնում։ Ինչպես որ սովորաբար լինում է «ինքնահոսի թողնված» երեխաների դեպքում, Ջիմին մտածում էր, որ մայրը այլևս իրավունք չունի իրենից հնազանդություն պահանջելու և սեր ակնկալելու (կարդա՛  Առակներ 29։15

Ինտերնետի միջոցով չես կարող գրկել երեխայիդ (տե՛ս պարբերություն 10)

10. ա) Ծնողի բացակայությունը նվերով լրացնելը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել երեխայի վրա։ բ) Ի՞նչ չի կարող անել ծնողը՝ հեռու լինելով երեխայից։

10 Մերիլինը, թեև ջանում էր իր բացակայությունը լրացնել փող ու նվերներ ուղարկելով, նկատում էր, որ, այնուամենայնիվ, հեռանում է որդուց և անգիտակցաբար սովորեցնում է նրան նյութականը հոգևորից և ընտանեկան կապերից վեր դասել (Առակ. 22։6)։ «Հետ մի՛ արի,— ասում էր Ջիմին։— Շարունակիր նվերներ ուղարկել»։ Մերիլինը սկսեց գիտակցել, որ չի կարող որդուն մեծացնել նամակների, հեռախոսազանգերի և տեսակապի միջոցով։ Նա ասում է. «Ինչպե՞ս կարող ես ինտերնետի միջոցով գրկել երեխայիդ կամ քնելուց առաջ համբուրել նրան»։

Ի՞նչ վտանգի կարող ես բախվել, երբ ապրում ես քո կողակցից հեռու (տե՛ս պարբերություն 11)

11. ա) Արտագնա աշխատանքի մեկնելն ինչպե՞ս է ազդում ամուսնության վրա։ բ) Ինչպե՞ս Մերիլինը հասկացավ, որ պետք է միանա իր ընտանիքին։

11 Մերիլինի փոխհարաբերությունները Եհովայի ու ամուսնու՝ Ջեյմսի հետ նույնպես  վնասվեցին։ Նա կարողանում էր հավատակիցների հետ շփվել և դուրս գալ քարոզչության շաբաթական ընդամենը մեկ օր կամ ավելի հազվադեպ։ Խնդիրներ եղան նաև աշխատավայրում. Մերիլինը անընդհատ ստիպված էր պաշտպանվելու գործատիրոջ սեռական ոտնձգություններից։ Թե՛ Մերիլինը և թե՛ Ջեյմսը, չունենալով իրենց կողքին կողակցին, որը կարող էր օգնել դժվարությունների ժամանակ, մտերմացան հակառակ սեռի այլ անձանց հետ, և քիչ էր մնացել, որ սեռական անբարոյություն գործեն։ Մերիլինը հասկացավ, որ թեև իրենք շնություն չգործեցին, բայց իրարից հեռու ապրելով՝ չեն կարող հետևել Աստվածաշնչի այն առաջնորդությանը, որ կողակիցները պետք է բավարարեն միմյանց զգացական և սեռական կարիքները։ Նրանք հնարավորություն չունեին ինքնաբուխ մտքեր արտահայտելու միմյանց, ակամա իրար նայելու կամ ժպտալու, քնքշորեն հպվելու սիրելիի ձեռքին, ջերմորեն գրկախառնվելու, քնքշանքներ արտահայտելու և կատարելու ամուսնական «պարտքը» (Երգ 1։2; 1 Կորնթ. 7։3, 5)։ Բացի այս ամենից, նրանք հնարավորություն չունեին՝ որպես մեկ միասնական ընտանիք, երկրպագելու Եհովային։ «Երբ մարզային համաժողովում լսեցի, որ ընտանեկան կանոնավոր երկրպագությունը կենսական է Եհովայի մեծ օրը փրկվելու համար, հասկացա, որ պետք է տուն վերադառնամ,— ասում է Մերիլինը։— Ես պետք է սկսեի վերակառուցել իմ հոգևոր և ընտանեկան կյանքը»։

ԼԱՎ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՎԱՏ ԽՈՐՀՈՒՐԴ

12. Սուրբգրային ի՞նչ խորհուրդ կարելի է տալ նրանց, ովքեր իրենց ընտանիքից հեռու են ապրում։

12 Մերիլինի՝ տուն վերադառնալու որոշումը տարբեր արձագանքներ առաջացրեց։ Նրա օտարերկրյա ժողովի երեցները գովեցին քրոջը հավատի ու քաջության համար։ Բայց ոմանք, ովքեր նույնպես ապրում էին կողակցից և ընտանիքից հեռու, նրա լավ օրինակին հետևելու փոխարեն, փորձեցին տարհամոզել նրան։ «Կտեսնես, շատ չանցած՝ վերադառնալու ես,— ասում էին նրանք։— Ինչպե՞ս պիտի այնտեղ ապրեք»։ Նման վհատեցնող խոսքեր ասելու փոխարեն՝ քրիստոնյաները պետք է «շտկեն երիտասարդ կանանց մտածելակերպը, որպեսզի նրանք սիրեն իրենց ամուսիններին և իրենց երեխաներին, լինեն.... տնարար», այսինքն՝ տնարար իրենց ընտանիքում, «որ ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն» (կարդա՛  Տիտոս 2։3–5

13, 14. Ինչո՞ւ է քրիստոնյային հավատ պետք, որպեսզի դեմ գնա ընտանիքի այն ցանկություններին, որոնք հաճելի չեն Եհովային։ Բացատրիր օրինակով։

13 Շատ ներգաղթյալներ մեծացել են այնպիսի երկրներում, որոնց մշակույթում ավանդույթներն ու ընտանիքը, հատկապես ծնողները վեր են դասվում ամեն ինչից։ Քրիստոնյային հավատ է պետք, որպեսզի դեմ գնա ընդունված այն կարգին կամ ընտանիքի այն ցանկություններին, որոնք հաճելի չեն Եհովային։

14 Տեսնենք, թե ինչ է պատմում Կարինը. «Երբ ծնվեց մեր որդին՝ Դոնը, ես ու ամուսինս աշխատում էինք արտասահմանում, և  ես նոր էի սկսել Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Մեր հարազատներն ուզում էին, որ Դոնին ուղարկենք տուն՝ ծնողներիս մոտ, մինչև որ մեր ֆինանսական վիճակը կարգավորվի»։ Երբ Կարինը ասաց, որ ինքն է մեծացնելու Դոնին, նրա հարազատները, ինչպես նաև ամուսինը նրան անվանեցին ծույլ ու ծիծաղեցին նրա վրա։ «Ճիշտն ասած՝ այդ ժամանակ լիովին չէի հասկանում, թե ինչ վատ բան կա, եթե Դոնին մի քանի տարի ծնողներս պահեն,— ասում է Կարինը։— Բայց գիտեի, որ Եհովան մեր որդուն մեծացնելու գործը մեզ՝ ծնողներիս է տվել»։ Երբ Կարինը կրկին հղիացավ, նրա ամուսինը, որը չէր ընդունում Կարինի հավատը, պնդեց, որ նա արհեստական վիժում անի։ Կարինի՝ ավելի վաղ կայացրած ճիշտ որոշումը ամրացրել էր նրա հավատը, ուստի նա կարողացավ կրկին աստվածահաճո որոշում կայացնել։ Այժմ Կարինը, նրա ամուսինը և նրանց երկու երեխաները շատ ուրախ են, որ իրար հետ են մնացել։ Եթե Կարինը թույլ տար, որ երեխաներից մեկին կամ երկուսին ուրիշները մեծացնեին, արդյունքը կարող էր բոլորովին ուրիշ լինել։

15, 16. ա) Պատմիր մի քրոջ դեպք, որին փոքր տարիքում ծնողները չեն պահել։ բ) Ինչո՞ւ նա նման կերպով չվարվեց իր աղջկա հետ։

15 Վիկի անունով մի քույր պատմում է. «Մի քանի տարի ինձ մեծացրել է տատիկս։ Իսկ փոքր քույրս այդ ընթացքում ապրում էր ծնողներիս հետ։ Երբ սկսեցի ապրել ծնողներիս հետ, նրանց հանդեպ արդեն ուրիշ զգացմունքներ ունեի։ Քույրս կարողանում էր ազատորեն շփվել հորս ու մորս հետ, գրկել նրանց, մի խոսքով՝ շատ մտերիմ էր նրանց հետ։ Բայց ինձ համար ծնողներս կարծես օտար մարդիկ լինեին, և նույնիսկ չափահաս տարիքում դժվարանում էի անկաշկանդ շփվել նրանց հետ։ Ես ու քույրս վստահեցրել ենք մեր ծնողներին, որ հոգ կտանենք նրանց մասին, երբ ծերանան։ Բայց ես դա կանեմ ավելի շուտ պարտքի զգացումից ելնելով, իսկ քույրս՝ սիրուց մղված»։

16 «Այժմ մայրս ուզում է, որ աղջկաս ուղարկեմ իր մոտ, և ինքը մեծացնի, ինչպես որ ժամանակին ինձ էր ուղարկել իր մոր մոտ։ Ես նրան նրբանկատորեն մերժել եմ,— ասում է Վիկին։— Ես ու ամուսինս ցանկանում ենք մեր երեխային մեծացնել Եհովայի ճանապարհներով։ Չեմ ուզում, որ ապագայում օտար լինեմ աղջկաս համար»։ Վիկին համոզվել է, որ հաջողության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ Եհովային ու նրա սկզբունքները վեր ես դասում նյութականից և ընտանիքի ցանկություններից։ Հիսուսը հստակ ասաց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել.... Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը» (Մատթ. 6։24; Ելք 23։2

ԵՀՈՎԱՆ Է «ՀԱՋՈՂԵՑՆՈՒՄ» ՄԵՐ ԳՈՐԾԵՐԸ

17, 18. ա) Ինչո՞ւ քրիստոնյաները երբեք փակուղու առաջ չեն լինում։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

17 Մեր Հայրը՝ Եհովան, խոստացել է օգնել մեզ ունենալու այն ամենը, ինչ, իրոք, անհրաժեշտ է մեզ, եթե Թագավորությունը և Նրա արդարությունը առաջին տեղում դնենք (Մատթ. 6։33)։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները երբեք փակուղու առաջ չեն լինում։ Եհովան խոստանում է «ելք» տալ ցանկացած դժվարության ժամանակ, այնպես, որ ստիպված չլինենք զիջումների գնալու աստվածաշնչյան սկզբունքների հարցում (կարդա՛  1 Կորնթացիներ 10։13)։ Եթե «սպասենք» Եհովային, նրան «վստահենք»՝ աղոթելով, որ մեզ իմաստություն և առաջնորդություն տա, ինչպես նաև պահելով նրա պատվիրաններն ու սկզբունքները, ապա նա «կկատարի», այսինքն՝ կգործի հօգուտ մեզ (Սաղ. 37։5, 7)։ Աստված օրհնություն չի խնայի մեզ համար, եթե միայն նրան ընդունենք որպես Տիրոջ և ամեն ջանք թափենք նրան ծառայելու համար։ Եթե Եհովային առաջին տեղում դնենք, նա «կհաջողեցնի» մեր գործերը (համեմատի՛ր Ծննդոց 39։3

18 Ի՞նչ կարելի է անել վերականգնելու համար բաժանման պատճառով վնասված փոխհարաբերությունները։ Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք անել մեր ընտանիքի կարիքները հոգալու համար՝ առանց ընտանիքից հեռու լինելու։ Ինչպե՞ս կարող ենք հորդորել ուրիշներին ճիշտ որոշումներ կայացնել այս առնչությամբ։ Այս հարցերի պատասխանները կտրվեն հաջորդ հոդվածում։

^ պարբ. 1 Անունները փոխված են։

^ պարբ. 4 Հակոբի որդիները ամեն անգամ, երբ գնում էին Եգիպտոս, հավանաբար ամենաշատը երեք շաբաթ էին ընտանիքից հեռու մնում։ Հետագայում Հակոբն ու իր որդիները Եգիպտոս տեղափոխվեցին իրենց կանանց ու երեխաների հետ (Ծննդ. 46։6, 7

^ պարբ. 8 Տե՛ս «Արտագնա աշխատանք. երազանքներ և իրականություն» հոդվածը «Արթնացե՛ք»-ի 2013թ. փետրվարի համարում։

^ պարբ. 9 Տարբեր երկրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ կողակցից կամ երեխաներից հեռու ապրելու պատճառով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Դրանցից են ամուսնական դավաճանությունը, համասեռամոլությունը և արյունապղծությունը, իսկ երեխաների շրջանում նկատվում է անկարգ վարք, ցածր առաջադիմություն, ագրեսիա, անհանգստություն, դեպրեսիա և ինքնասպան լինելու հակում։