Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2014

Տեսնո՞ւմ ես «Նրան, ով անտեսանելի է»

Տեսնո՞ւմ ես «Նրան, ով անտեսանելի է»

«Նա.... շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (ԵԲՐ. 11։27

1, 2. ա) Բացատրիր, թե Մովսեսն ինչու կարող էր հայտնվել վտանգավոր դրության մեջ (տե՛ս 8-րդ էջի նկարը)։ բ) Ինչո՞ւ Մովսեսը չվախեցավ թագավորի բարկությունից։

ՓԱՐԱՎՈՆԸ շատ մեծ իշխանություն ուներ և պատկառանք էր ներշնչում։ Նա կենդանի աստված էր եգիպտացիների համար։ Եգիպտոսի մասին մի գրքում ասվում է, որ եգիպտացիների աչքում փարավոնը «իմաստությամբ և զորությամբ գերազանցում էր բոլոր մահկանացուներին» (When Egypt Ruled the East)։ Իր հպատակներին վախ ներշնչելու նպատակով փարավոնը կրում էր մի թագ, որի վրա քանդակված էր խայթելու պատրաստ կոբրա. այս օձը խորհրդանշում էր թագավորի թշնամիների արագ ոչնչացումը։ Ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ զգաց Մովսեսը, երբ Եհովան նրան ասաց. «Հիմա եկ քեզ փարավոնի մոտ ուղարկեմ, և դու Եգիպտոսից հանիր իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին» (Ելք 3։10

2 Մովսեսը գնաց Եգիպտոս, փարավոնին հայտնեց Եհովայի խոսքը և... հարուցեց նրա զայրույթը։ Իններորդ պատուհասից հետո փարավոնը Մովսեսին ասաց. «Զգո՛ւյշ եղիր։ Էլ չփորձե՛ս երեսս տեսնել, որովհետև այն օրը, երբ երեսս տեսնես, կմեռնես» (Ելք 10։28)։ Մովսեսը նախքան փարավոնի մոտից դուրս գալը մարգարեացավ, որ թագավորի առաջնեկը մահանալու է (Ելք 11։4–8)։ Հետո նա իսրայելացի յուրաքանչյուր ընտանիքի ասաց, որ գառ կամ ուլ մորթեն (այս կենդանիները սուրբ էին համարվում եգիպտացիների  Ռա աստծու համար) և արյունը ցողեն իրենց տների շեմքի վերին հատվածին (Ելք 12։5–7)։ Մովսեսը չէր վախենում փարավոնի արձագանքից։ Ինչո՞ւ։ Որովհետև նա հավատում էր Եհովային։ Մովսեսը հնազանդվեց Աստծուն ու չվախեցավ «թագավորի բարկությունից, քանի որ շարունակեց հաստատուն մնալ, ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է» (կարդա՛  Եբրայեցիներ 11։27, 28

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Արդյո՞ք հավատդ այնքան ամուր է, որ կարողանում ես «տեսնել Աստծուն» (Մատթ. 5։8)։ Որպեսզի կարողանանք տեսնել «Նրան, ով անտեսանելի է», մենք պետք է հոգևոր սուր տեսողություն ունենանք։ Այս հարցում մեզ կօգնի Մովսեսի օրինակը։ Ինչպե՞ս Եհովայի հանդեպ հավատը օգնեց նրան, որ չվախենա մարդուց։ Ինչպե՞ս նա հավատ ընծայեց Աստծու խոստումներին։ Ինչպե՞ս «Անտեսանելիին» տեսնելու ունակությունը զորացրեց Մովսեսին, երբ նա և նրա ժողովուրդը հայտնվեցին վտանգավոր իրավիճակում։

ՆԱ ՉՎԱԽԵՑԱՎ «ԹԱԳԱՎՈՐԻ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ»

4. Մարդկային տեսանկյունից՝ Մովսեսն ի՞նչ դիրք ուներ փարավոնի համեմատությամբ։

4 Մարդկային տեսանկյունից՝ Մովսեսը չէր կարող համեմատվել փարավոնի հետ։ Նրա կյանքը, բարօրությունը և ապագան, թվում էր, փարավոնի ձեռքում էին։ Մովսեսն ինքը Եհովային ասաց. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից» (Ելք 3։11)։ Դրանից մոտ 40 տարի առաջ Մովսեսը փախել էր Եգիպտոսից, և հիմա նա գուցե մտածում էր. «Իսկապե՞ս խելամիտ է Եգիպտոս վերադառնալը։ Մի՞թե թագավորի զայրույթը չի բորբոքվի»։

5, 6. Ի՞նչն օգնեց Մովսեսին վախենալու ոչ թե փարավոնից, այլ Եհովայից։

5 Նախքան Մովսեսը կվերադառնար Եգիպտոս, Աստված նրան մի կարևոր սկզբունք սովորեցրեց, այն սկզբունքը, որ հենց ինքը Մովսեսը գրեց «Հոբ» գրքում. «Եհովայի հանդեպ վախն է իմաստությունը» (Հոբ 28։28)։ Եհովան, որպեսզի օգնի Մովսեսին աստվածավախ լինելու և իմաստնորեն վարվելու, ցույց տվեց իր՝ ամենակարող Աստծու առավելությունը մարդու նկատմամբ։ Նա ասաց. «Ո՞վ է մարդուն բերան տվել։ Ո՞վ է նրան համր ու խուլ դարձնում, ո՞վ է նրան լավ տեսողություն տալիս կամ կույր դարձնում։ Չէ՞ որ ես՝ Եհովաս» (Ելք 4։11

6 Ի՞նչ պետք է Մովսեսը հասկանար այս խոսքերից։ Նա հիմքեր չուներ վախենալու։ Մովսեսին Եհովան էր ուղարկում. Նա տալու էր նրան այն ամենը, ինչ անհրաժեշտ էր իր խոսքը փարավոնին հայտնելու համար։ Փարավոնը նույնիսկ չէր կարող համեմատվել Եհովայի հետ։ Բացի այդ, առաջին անգամ չէր, որ Աստծու ծառաները վտանգի էին ենթարկվում Եգիպտոսի ղեկավարի կողմից։ Հավանաբար, Մովսեսը մտածեց այն մասին, թե Եհովան ինչպես է պաշտպանել Աբրահամին, Հովսեփին և հենց իրեն նախկին փարավոնների օրոք (Ծննդ. 12։17–19; 41։14, 39–41; Ելք 1։22–2։10)։ Հավատալով Եհովային՝ «Նրան, ով անտեսանելի է»՝ Մովսեսը քաջաբար կանգնեց փարավոնի առաջ և հայտնեց բոլոր այն խոսքերը, որ Եհովան պատվիրել էր ասել։

7. Ինչպե՞ս Եհովայի հանդեպ հավատը պաշտպանեց մեր քրոջը։

7 Եհովայի հանդեպ հավատը Էլլա անունով մի քրոջ (Էստոնիա) օգնեց չվախենալու մարդկանցից։ 1949թ.-ին Խորհրդային Միության Պետական անվտանգության կոմիտեն (ԿԳԲ) ձերբակալեց Էլլային։ Նրան մերկացրին և կանգնեցրին երիտասարդ ոստիկանների առջև, որոնք անամոթաբար նայում էին նրան։ «Ես ինձ ստորացված էի զգում,— ասում է Էլլան։— Բայց Եհովային աղոթելուց հետո սրտի ու մտքի խաղաղություն ունեցա»։ Հետո Էլլային երեք օր պահեցին մենախցում։ Նա պատմում է. «Ոստիկանները բղավեցին. «Մենք այնպես կանենք, որ «Եհովա» անունը նույնիսկ չհիշվի Էստոնիայում։ Քեզ կուղարկենք գաղութ, մյուսներին՝ Սիբիր»։ Հետո ծաղրելով ավելացրին. «Ո՞ւր է քո Եհովան»»։ Էլլան կվախենա՞ր մարդկանցից, թե՞ կվստահեր Եհովային։ Երբ նրան հարցաքննեցին և ասացին, որ ազատ կարձակեն, եթե այլևս չքարոզի, Էլլան իրեն ծաղրողներին անվախորեն ասաց. «Ես շատ եմ մտածել։ Ավելի լավ է՝ մնամ բանտում, բայց մտերիմ լինեմ Աստծու  հետ, քան ազատվեմ բանտից, բայց չունենամ նրա հավանությունը»։ Էլլայի համար Եհովան նույնքան իրական էր, որքան իր առջև կանգնած մարդիկ։ Հավատի շնորհիվ նա պահեց իր անարատությունը։

8, 9. ա) Ո՞րն է մարդկանց հանդեպ վախի հակաթույնը։ բ) Ի՞նչ պետք է հիշես, երբ վախենում ես մարդկանցից։

8 Եհովայի հանդեպ հավատը կօգնի քեզ հաղթահարելու վախը։ Եթե իշխանությունները փորձեն սահմանափակել ազատությունդ, որպեսզի չերկրպագես Աստծուն, քեզ գուցե թվա, թե քո կյանքը, բարօրությունը և ապագան մարդկանց ձեռքում են։ Հնարավոր է՝ նույնիսկ մտածես. «Արդյոք խելամի՞տ է շարունակել ծառայել Եհովային։ Դրանով չե՞մ հարուցի իշխանավորների բարկությունը»։ Հիշիր, մարդկանց հանդեպ վախի հակաթույնը աստվածավախությունն է (կարդա՛  Առակներ 29։25)։ Եհովան ասում է. «Պատճառ ունե՞ս վախենալու մահկանացու մարդուց, որը մեռնելու է, և մարդու որդուց, որը կանաչ խոտի պես չորանալու է» (Ես. 51։12, 13

9 Միշտ հիշիր, որ դու ամենակարող Հայր ունես։ Նա անտարբեր չէ այն մարդկանց հանդեպ, ովքեր տառապում են անարդար ղեկավարների պատճառով։ Եհովան կարեկցում է և գործում է հօգուտ նրանց (Ելք 3։7–10)։ Եթե իշխանավորների առջև հավատդ պաշտպանելու լինես, «մի՛ մտահոգվիր, թե ինչպես կամ ինչ ես խոսելու, քանի որ այդ ժամին կտրվի քեզ այն, ինչ որ պետք է խոսես» (Մատթ. 10։18–20)։ Մարդկային ղեկավարները և կառավարությունները նույնիսկ չեն կարող համեմատվել Եհովայի հետ։ Ամրացրու հավատդ և կհամոզվես, որ Եհովան իրական անձնավորություն է և շատ է ուզում քեզ օգնել։

ՆԱ ՀԱՎԱՏԱՑ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ

10. ա) Ի՞նչ հրահանգներ տվեց Եհովան իսրայելացիներին մ.թ.ա. 1513թ. նիսան ամսին։ բ) Մովսեսն ինչո՞ւ հնազանդվեց Աստծու հրահանգներին։

10 Մ.թ.ա. 1513թ. նիսան ամսին Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց, որ իսրայելացիներին հետևյալ հրահանգները տան. իսրայելացիները պետք է վերցնեին մեկ առողջ գառ կամ ուլ, մորթեին այն և արյունը ցողեին իրենց տների շեմքի վերին հատվածին (Ելք 12։3–7)։ Դրանք արտասովոր հրահանգներ էին։ Ի՞նչ էր անելու Մովսեսը։ Պողոս առաքյալը նրա մասին գրեց. «Հավատով նա տոնեց Պասեքը և արյուն շաղ տվեց դռների կողափայտերին, որպեսզի կործանողը չդիպչի իրենց առաջնեկներին» (Եբր. 11։28)։ Մովսեսը գիտեր, որ Եհովան վստահելի է, և նա հավատաց Եհովայի այն խոսքին, որ Եգիպտոսի բոլոր արու առաջնեկները սպանվելու են։

11. Ինչո՞ւ Մովսեսը սպառնացող վտանգի մասին նախազգուշացրեց իսրայելացիներին։

11 Մովսեսի որդիները, ըստ երևույթին, Մադիանի երկրում էին՝ «կործանողից» շատ հեռու * (Ելք 18։1–6)։ Բայց նա միայն իր որդիների բարօրության մասին չէր մտածում։ Հնազանդվելով Եհովային՝ Մովսեսը բոլոր իսրայելացի ընտանիքներին նախազգուշացրեց, որ իրենց առաջնեկ որդիներին վտանգ է սպառնում։ Նա, հասկանալով այդ իրողությունը և սիրելով իր ազգակիցներին, «անմիջապես կանչեց Իսրայելի բոլոր երեցներին ու ասաց նրանց. «....Մորթեք Պասեքի զոհը»» (Ելք 12։21

12. Ի՞նչ կարևոր լուր է Եհովան պատվիրել մեզ, որ հայտնենք մարդկանց։

12 Եհովայի ժողովուրդը հրեշտակների առաջնորդությամբ այսօր մի կարևոր լուր է հայտնում. «Վախեցե՛ք Աստծուց և փա՛ռք տվեք նրան, որովհետև եկել է նրա դատաստանի ժամը, ուստի երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և ջրի աղբյուրները» (Հայտն. 14։7)։ Հիմա է այս լուրը հռչակելու ժամանակը։ Մենք պետք է զգուշացնենք մարդկանց, որ դուրս գան Մեծ Բաբելոնից, որպեսզի «նրա պատուհասներից [նրանց] վրա չգան» (Հայտն. 18։4)։ Օծյալ քրիստոնյաները «ուրիշ ոչխարների» հետ աղաչում են Աստծուց հեռացած մարդկանց, որ «հաշտվեն» նրա հետ (Հովհ. 10։16; 2 Կորնթ. 5։20

Եհովայի խոստումներին հավատալը կմեծացնի բարի լուրը քարոզելու ցանկությունդ (տե՛ս պարբերություն 13)

13. Ի՞նչը կմեծացնի բարի լուրը քարոզելու մեր ցանկությունը։

13 Մենք համոզված ենք, որ «եկել է....  դատաստանի ժամը»։ Նաև հավատում ենք, որ Եհովան չի չափազանցնում, երբ ասում է, որ քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը հրատապ է։ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ «չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և ամուր պահում էին երկրի չորս քամիները» (Հայտն. 7։1)։ Հավատի աչքերով տեսնո՞ւմ ես, որ այդ հրեշտակները պատրաստ կանգնած սպասում են, որ բաց թողնեն մեծ նեղության կործանարար քամիները այս աշխարհի վրա։ Եթե այո, ապա կկարողանաս բարի լուրը քարոզել վստահությամբ։

14. Ի՞նչն է մղում մեզ «նախազգուշացնելու ամբարշտին», որ թողնի իր սխալ ընթացքը։

14 Լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք ունենք մտերիմ փոխհարաբերություններ Եհովայի հետ և հավիտենական կյանքի հույս։ Բայց հասկանում ենք նաև, որ պարտավոր ենք «նախազգուշացնելու ամբարշտին», որ թողնի իր սխալ ընթացքը, որպեսզի «կենդանի մնա» (կարդա՛  Եզեկիել 3։17–19)։ Իհարկե, մենք չենք քարոզում զուտ արյունապարտ չլինելու համար։ Մենք սիրում ենք Եհովային և սիրում ենք մեր մերձավորին։ Հիսուսը բարի սամարացու մասին առակում ցույց տվեց, թե ինչ է իսկական սերն ու ողորմությունը։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Այդ սամարացու նման՝ խղճահարություն զգո՞ւմ եմ մարդկանց նկատմամբ։ Մղո՞ւմ է դա ինձ վկայություն տալու նրանց»։ Ինչ խոսք, երբեք չենք ցանկանա լինել առակի քահանայի կամ ղևտացու պես, որոնք «մյուս կողմով անցան-գնացին». չենք ուզենա արդարացնել ինքներս մեզ և վկայություն չտալ մարդկանց (Ղուկ. 10։25–37)։ Աստծու խոստումների հանդեպ հավատը և մերձավորի նկատմամբ սերը մղում են մեզ լիարժեքորեն մասնակցելու քարոզչական գործին, քանի դեռ ժամանակ կա։

«ՆՐԱՆՔ ԱՆՑԱՆ ԿԱՐՄԻՐ ԾՈՎԻ ՄԻՋՈՎ»

15. Ինչո՞ւ էր իսրայելացիներին թվում, թե անելանելի վիճակում են։

15 Հավատը «[Նրա հանդեպ], ով անտեսանելի է», օգնեց Մովսեսին, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս գալուց հետո վտանգի մեջ ընկան։ Աստվածաշնչում կարդում ենք. «Իսրայելի որդիներն իրենց աչքերը բարձրացրին ու տեսան, որ եգիպտացիներն իրենց հետևից են ընկել։ Իսրայելի որդիները շատ վախեցան ու սկսեցին օգնության կանչել Եհովային» (Ելք 14։10–12)։ Արդյո՞ք դա անսպասելի էր։ Բոլորովին։ Եհովան ասել էր. «Ես թույլ կտամ, որ փարավոնի սիրտը համառ դառնա, և նա կհետապնդի նրանց։ Ես կփառավորեմ ինձ՝ հաղթելով փարավոնին ու նրա ողջ զորքին, և եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ» (Ելք 14։4)։ Այնուամենայնիվ, իսրայելացիները տեսնում էին միայն այն, ինչ կարող էին տեսնել ֆիզիկական աչքերով՝ անանցանելի ծովը, փարավոնի սրընթաց մարտակառքերը և իրենց առաջնորդող մի 80-ամյա հովվի։ Նրանց թվում էր, թե անելանելի վիճակում են։

16. Ինչպե՞ս հավատը զորացրեց Մովսեսին Կարմիր ծովի մոտ։

16 Սակայն Մովսեսը այդպես չէր մտածում։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա հավատի աչքերը տեսնում էին բանակից ու ծովից շատ ավելի հզոր ու վիթխարի մի բան։ Նա տեսնում էր Եհովայից եկող փրկությունը, և գիտեր, որ Աստված ինքն է պատերազմելու իսրայելացիների փոխարեն (կարդա՛  Ելք 14։13, 14)։ Մովսեսի հավատը զորացրեց Աստծու ժողովրդին։ «Հավատով նրանք անցան Կարմիր ծովի միջով այնպես, ասես չոր գետնի վրայով էին անցնում,— ասում է Աստվածաշունչը,— բայց երբ եգիպտացիները համարձակվեցին դրա միջով անցնել, ծովը կուլ տվեց նրանց» (Եբր. 11։29)։ Դրանից հետո «ժողովուրդը սկսեց վախենալ Եհովայից ու հավատալ Եհովային և նրա ծառա Մովսեսին» (Ելք 14։31

17. Ապագա ո՞ր իրադարձությունը կփորձի մեր հավատը։

17 Շուտով կթվա, թե մեր կյանքը վտանգի տակ է։ Երբ մեծ նեղությունը հասնի իր գագաթնակետին, այս աշխարհի կառավարությունները հիմնովին վերացրած կլինեն մեզնից շատ ավելի մեծ կրոնների (Հայտն. 17։16)։ Եհովան մարգարեացել է, որ մենք անպաշտպան ենք թվալու, ինչպես մի ժողովուրդ, որն ապրում է «պարիսպ չունեցող գյուղական վայրերում», որոնք «չունեն ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ» (Եզեկ. 38։10–12, 14–16)։ Մարդկային տեսանկյունից՝ թվալու է, թե փրկության հույս չկա։ Ինչպե՞ս կարձագանքես։

18. Բացատրիր, թե ինչու կարող ենք ամուր մնալ մեծ նեղության ժամանակ։

18 Մենք չպետք է վախենանք։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան մարգարեացել է, որ իր ժողովրդի վրա հարձակում է լինելու։ Բայց նա մարգարեացել է նաև դրա ելքի մասին. «Այն օրը, երբ Գոգը գա Իսրայելի երկրի վրա,— ասում է Գերիշխան Տեր Եհովան,— այդ օրը քթիցս մուխ դուրս կգա։ Ես կխոսեմ մոլեգնած ու իմ կատաղության կրակով» (Եզեկ. 38։18–23)։ Այդ ժամանակ Աստված կկործանի բոլոր նրանց, ովքեր կցանկանան վնասել իր ժողովրդին։ Եթե հավատաս, որ Եհովան իր «մեծ ու ահազդու օրը» պաշտպանելու է քեզ, կկարողանաս «տեսնել, թե ինչպես է Եհովան փրկելու» քեզ, և կպահես անարատությունդ (Հովել 2։31, 32

19. ա) Որքա՞ն մտերիմ էր Մովսեսը Եհովայի հետ։ բ) Եթե «քո բոլոր ճանապարհներում հաշվի առնես» Եհովային, ի՞նչ օրհնություն կունենաս։

19 Այսօրվանից իսկ պատրաստվիր այդ ցնցող իրադարձություններին՝ «շարունակելով հաստատուն մնալ, ասես տեսնում ես Նրան, ով անտեսանելի է»։ Ամրացրու քո ու Եհովայի մտերմությունը կանոնավոր ուսումնասիրության և աղոթքների միջոցով։ Մովսեսը շատ մտերիմ էր Եհովայի հետ, և Աստված նրա միջոցով բազմաթիվ զորավոր գործեր արեց։ Սա է պատճառը, որ Աստվածաշունչն ասում է՝ «Եհովան երես առ երես էր ճանաչում» նրան (2 Օրենք 34։10)։ Ճիշտ է, Մովսեսը յուրահատուկ մարգարե էր, բայց դու նույնպես, եթե հավատ ունենաս, կարող ես Եհովայի հետ մտերիմ լինել ու ասես տեսնել նրան։ Եթե, ինչպես Աստծու Խոսքն է հորդորում, «քո բոլոր ճանապարհներում հաշվի առնես նրան», ապա «նա կուղղի քո շավիղները» (Առակ. 3։6

^ պարբ. 11 Ակներևաբար, Եհովան հրեշտակներ ուղարկեց, որպեսզի դատաստան տեսնի եգիպտացիների հետ (Սաղ. 78։49–51