Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2014

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թե ուր տարավ ինձ լիաժամ ծառայությունը

Թե ուր տարավ ինձ լիաժամ ծառայությունը

Հետադարձ հայացք նետելով իմ լիաժամ ծառայության 65 տարիներին՝ համոզված կարող եմ ասել, որ կյանքս լի է եղել բազմաթիվ հաճելի օրերով։ Իհարկե, սա չի նշանակում, որ տխուր օրեր չեմ ունեցել։ Եղել են նաև օրեր, երբ վհատվել եմ (Սաղ. 34։12; 94։19)։ Բայց, ընդհանուր առմամբ, կյանքս շատ հետաքրքիր ու իմաստալից է եղել։

1950 ԹՎԱԿԱՆԻ սեպտեմբերի 7-ին դարձա Բրուքլինի Բեթելի ընտանիքի անդամ։ Այդ ժամանակ Բեթելում կային 355 եղբայրներ և քույրեր՝ տարբեր ազգերից. ամենից երիտասարդը 19 տարեկան էր, ամենից տարեցը՝ 80։ Նրանցից շատերը օծյալ քրիստոնյաներ էին։

ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵՑԻ ԾԱՌԱՅԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

10 տարեկանում մկրտվեցի

Ինձ մայրս սովորեցրեց ծառայել մեր «երջանիկ Աստծուն» (1 Տիմոթ. 1։11)։ Նա սկսեց Եհովային ծառայել, երբ դեռ փոքր էի։ 1939-ի հուլիսի 1-ին տասը տարեկանում մկրտվեցի զոնալ համաժողովում (այժմ կոչվում է շրջանային համաժողով), որը տեղի ունեցավ Կոլումբուսում (ԱՄՆ, Նեբրասկա նահանգ)։ Եղբայրները վարձել էին մի փոքրիկ դահլիճ. ներկա էր մոտ հարյուր մարդ։ Մենք լսում էինք եղբայր Ռադերֆորդի «Ֆաշիզմ կամ ազատություն» ելույթի ձայնագրությունը։ Ելույթի կեսին դրսում մի ամբոխ հավաքվեց։ Նրանք ներս խուժեցին, խափանեցին հանդիպումը և մեզ ստիպեցին հեռանալ քաղաքից։ Մենք հավաքվեցինք մի եղբոր ֆերմայում, որը քաղաքից շատ հեռու չէր, և լսեցինք ծրագրի մնացած մասը։ Հասկանալի է, որ երբեք չէի մոռանալու մկրտությանս օրը։

Մայրս ջանք չէր խնայում, որ ինձ մեծացնի ճշմարտության մեջ։ Ճիշտ է, հայրս բարի մարդ էր ու լավ ծնող, բայց առանձնապես չէր հետաքրքրվում կրոնով և իմ հոգևոր բարօրությամբ։ Բայց մայրս և «Օմահա» ժողովի ուրիշ Վկաներ ինձ շատ էին օգնում։

ԸՆՏՐՈՒՄ ԵՄ ԿՅԱՆՔԻՍ ՈՒՂԻՆ

Երբ մոտեցավ միջնակարգ դպրոցն ավարտելու ժամանակը, ես պետք է որոշեի, թե ինչ եմ անելու հետո։ Մինչ այդ ամառային արձակուրդներին ծառայում էի կարճաժամկետ ռահվիրա (այժմ կոչվում է ենթառահվիրա) իմ տարիքի մյուս Վկաների հետ։

Երկու երիտասարդ ամուրի եղբայրներ՝ Ջոն Չիմիկլիսը և Թեդ Յարաչը, նշանակվեցին շրջագայող վերակացուներ մեր տարածքում։ Նրանք նոր էին ավարտել «Գաղաադի» 7-րդ դասարանը։ Ես զարմացել էի, որովհետև նրանք 25 տարեկան էլ չկային։ Այդ ժամանակ 18 տարեկան էի և շուտով ավարտելու էի դպրոցը։ Մինչև հիմա հիշում եմ, որ եղբայր Չիմիկլիսը հարցրեց ինձ, թե ինչ եմ անելու դպրոցն ավարտելուց հետո։ Երբ պատասխանեցի, նա ինձ հորդորեց. «Այո՛, մխրճվիր լիաժամ ծառայության մեջ։ Չգիտես, թե այն քեզ ուր կտանի»։ Այս խորհուրդը, ինչպես նաև այդ եղբայրների օրինակը խորապես տպավորեցին ինձ։ Ուստի  դպրոցն ավարտելուց հետո՝ 1948-ին, սկսեցի ռահվիրա ծառայել։

ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ԲԵԹԵԼՑԻ

1950-ի հուլիսին ընտանիքով ներկա եղանք միջազգային համաժողովի «Յանկի» մարզադաշտում (Նյու Յորք)։ Այստեղ գնացի Բեթելում ծառայել ցանկացողների համար կազմակերպված հանդիպմանը։ Լրացրի դիմումը՝ նշելով, որ շատ եմ ցանկանում ծառայել Բեթելում։

Թեև հայրս դեմ չէր, որ ռահվիրա ծառայեմ ու շարունակեմ ապրել տանը, բայց, նրա կարծիքով, ես պետք է որոշակի գումար տայի իրեն իմ սենյակի և ուտելիքի համար։ Օգոստոսի սկզբներին մի օր դուրս եկա աշխատանք փնտրելու, բայց նախ որոշեցի ստուգել փոստարկղը։ Այնտեղ Բրուքլինից ինձ հասցեագրված նամակ կար։ Նամակը գրել էր Նաթան Նորը։ Այնտեղ ասվում էր. «Մենք ստացել ենք քո դիմումը։ Որքան հասկանում եմ, դու համաձայն ես քո ողջ կյանքում ծառայել Բեթելում։ Ուստի կցանկանայի, որ Բեթելում լինես 1950թ. սեպտեմբերի 7-ին Նյու Յորք, Բրուքլին, Կոլումբիա Հայթս 124 հասցեով»։

Երբ հայրս աշխատանքից եկավ տուն, նրան ասացի, որ գործ եմ գտել։ Նա ասաց. «Ապրե՛ս։ Ի՞նչ գործ է»։ Պատասխանեցի. «Բրուքլինի Բեթելում, ամսական 10 դոլար»։ Նա մի պահ շվարեց, բայց հետո ասաց, որ եթե այդպես եմ որոշել, ուրեմն պետք է ձգտեմ իմ ընտրած ասպարեզում հաջողության հասնելու։ Դրանից կարճ ժամանակ անց՝ 1953-ին, «Յանկի» մարզադաշտում նա մկրտվեց։

Իմ ռահվիրա ծառայակցի՝ Ալֆրեդ Նուսրալայի հետ

Հուրախություն ինձ՝ ռահվիրա ծառայակիցս՝ Ալֆրեդ Նուսրալան, այդ նույն ժամանակ հրավիրվեց Բեթել, և մենք Բրուքլին գնացինք միասին։ Հետագայում նա ամուսնացավ և իր կնոջ՝ Ջոանի հետ հրավիրվեց «Գաղաադ»։ Ավարտելուց հետո նրանք նշանակվեցին միսիոներ Լիբանանում, հետո վերադարձան ԱՄՆ՝ շրջագայական ծառայության։

ԲԵԹԵԼՈՒՄ

Իմ առաջին նշանակումը կազմատունն էր։ Առաջին հրատարակությունը, որի կազմման աշխատանքներին մասնակցեցի, «Ի՞նչ է արել կրոնը մարդկության համար» գիրքն էր։ Մոտ ութ ամիս կազմատանը աշխատելուց հետո նշանակվեցի ծառայողական բաժին, որտեղ աշխատելու էի Թոմաս Սալիվանի վերակացության ներքո։ Շատ հաճելի էր աշխատել նրա հետ և օգուտներ ստանալ այն իմաստությունից և հասկացողությունից, որ նա կուտակել էր իր ծառայության երկար տարիների ընթացքում։

Արդեն երեք տարի էր, ինչ ծառայողական բաժնում էի, երբ Մաքս Լարսոնը, որն այն ժամանակ տպարանի վերակացուն էր, ինձ ասաց, որ եղբայր Նորն ուզում է տեսնել ինձ։ Ես մտածեցի. «Մի՞թե սխալ բան եմ արել»։ Թեթևացած շունչ քաշեցի, երբ տեսա, որ նա ուրիշ հարցով է ինձ կանչել։ Եղբայր Նորին հետաքրքրում էին իմ պլանները Բեթելի ծառայության հետ կապված։ Ճշտելուց հետո, որ մտադիր չեմ մոտ ապագայում թողնելու Բեթելը, նա ասաց, որ ուզում է՝ որևէ մեկը ժամանակավորապես աշխատի իր գրասենյակում, և հարցրեց, թե կարող եմ արդյոք այդ գործն անել։ Պատասխանեցի, որ Բեթելը թողնելու մտադրություն չունեմ։ Այդպես ես առանձնաշնորհում ունեցա հաջորդ 20 տարիներին աշխատելու նրա գրասենյակում։

Հաճախ եմ նշել, որ երբեք չէի կարող վճարել այն կրթության համար, որ ստացել եմ՝ աշխատելով այնպիսի եղբայրների հետ, ինչպիսիք էին եղբայր Սալիվանը, Նորը, Միլթոն Հենշելը, Կլաուս Ջենսենը, Մաքս Լարսոնը, Հյուգո Ռիմերը և Գրանտ Սյութերը *։

Բոլոր այն եղբայրները, որոնց հետ աշխատել եմ,  շատ լավ էին կատարում իրենց հանձնարարությունները։ Եղբայր Նորի եռանդը սահման չուներ. նա ուզում էր Թագավորության գործը հնարավորին չափ առաջ տանել։ Նրա գրասենյակում ծառայողները նրա հետ խոսելիս չէին կաշկանդվում։ Նույնիսկ եթե որևէ հարցի վերաբերյալ տարակարծիք էինք լինում, կարող էինք ազատ արտահայտվել՝ չվախենալով, որ կկորցնենք նրա վստահությունը։

Մի անգամ եղբայր Նորը ինձ հետ խոսեց այն մասին, որ կարևոր է ուշադիր լինել, այսպես կոչված, փոքր հարցերի առնչությամբ։ Որպեսզի ինձ համար ավելի պարզ լիներ, նա մի բան պատմեց։ Երբ ինքը տպարանի վերակացու էր, եղբայր Ռադերֆորդը զանգում էր ու ասում. «Եղբա՛յր Նոր, երբ տպարանից գաս ճաշի, քեզ հետ մի քանի ռետին բեր։ Դիր գրասեղանիս»։ Եղբայր Նորն առաջին հերթին գնում էր պահեստ, վերցնում ռետինները և դնում գրպանը։ Կեսօրին դրանք տանում էր եղբայր Ռադերֆորդի գրասենյակ։ Դա նրա համար մեծ բան չէր, բայց շատ օգտակար էր եղբայր Ռադերֆորդի համար։ Հետո եղբայր Նորն ինձ ասաց. «Ես կուզեի, որ գրասեղանիս մատիտները միշտ սրված լինեն։ Խնդրում եմ՝ ամեն առավոտ հոգ տանես այդ մասին»։ Տարիներ շարունակ ես կատարում էի նրա այս խնդրանքը։

Եղբայր Նորը հաճախ էր շեշտում, որ երբ հանձնարարություն ենք ստանում, հարկավոր է ուշադիր լսել։ Մի անգամ նա ինձ հստակ բացատրեց իմ հանձնարարությունը, բայց ես նրան ուշադիր չլսեցի։ Արդյունքում գործը վատ արեցի ու նրան անհարմար դրության մեջ գցեցի։ Ես ինձ շատ վատ էի զգում, ուստի կարճ նամակ գրեցի՝ ասելով, որ խորապես ափսոսում եմ արածիս համար, և կարծում եմ՝ լավ կլինի՝ բաժինս փոխեն։ Այդ առավոտ ավելի ուշ եղբայր Նորը եկավ ինձ մոտ։ Նա ասաց. «Ռոբե՛րտ, կարդացի քո գրությունը։ Դու, իհարկե, սխալ ես արել։ Մենք խոսել ենք այդ մասին, բայց համոզված եմ, որ այսուհետ ավելի ուշադիր կլինես։ Իսկ հիմա՝ աշխատենք»։ Անչափ շնորհակալ էի նրան իր բարության համար։

ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ութ տարի էր, ինչ ծառայում էի Բեթելում և ուրիշ նպատակ չունեի, բացի նրանից, որ շարունակեմ Բեթելի ծառայությունը։ Բայց... Մոտավորապես այն ժամանակ, երբ Յանկի» և «Պոլո Գրաունդզ» մարզադաշտերում տեղի ունեցավ միջազգային համաժողով (1958թ.), ես տեսա Լորեն Բրուքսին։ Մենք ծանոթացել էինք 1955-ին Մոնրեալում (Կանադա)։ Ինձ շատ էր տպավորել նրա վերաբերմունքը լիաժամ ծառայությանը և պատրաստակամությունը ծառայելու այնտեղ, ուր Եհովայի կազմակերպությունը կուղարկեր։ Լորենը նպատակ ուներ սովորելու «Գաղաադում»։ 1956-ին, երբ 22 տարեկան էր, նրան հրավիրեցին սովորելու 27-րդ դասարանում։ Ավարտելուց հետո նշանակվեց միսիոներ՝ Բրազիլիայում։ 1958-ին ես ու Լորենը սկսեցինք ընկերություն անել։ Ես նրան ամուսնության առաջարկ արեցի, և նա համաձայնվեց։ Մենք որոշեցինք ամուսնանալ հաջորդ տարի և հույս ունեինք, որ հետո միսիոներ կծառայենք։

Երբ եղբայր Նորի հետ խոսեցի մտադրությանս մասին, նա ասաց, որ լավ կլինի՝ երեք տարի սպասենք, հետո ամուսնանանք ու ծառայենք Բրուքլինի  Բեթելում։ Այդ ժամանակներում, եթե զույգը ուզում էր շարունակել ծառայությունը Բեթելում, նրանցից մեկը պետք է այնտեղ ծառայած լիներ առնվազն տասը տարի, իսկ մյուսը՝ երեք։ Լորենը համաձայնվեց երկու տարի ծառայել Բրազիլիայի Բեթելում և մեկ տարի՝ Բրուքլինի Բեթելում և հետո նոր ամուսնանալ։

Երկու տարի մենք հնարավորություն ունեինք կապ պահելու միայն նամակագրությամբ։ Հեռախոսով խոսելը շատ թանկ էր. այն ժամանակ չկար էլեկտրոնային փոստ։ Մենք ամուսնացանք 1961թ. սեպտեմբերի 16-ին։ Հարսանեկան ելույթը ներկայացրեց եղբայր Նորը, ինչը մեծ պատիվ էր մեզ համար։ Ճիշտ է, այդ մի քանի տարիները, որ սպասեցինք, երկար թվացին, բայց հիմա, երբ հետ ենք նայում մեր ամուսնության 50-ից ավելի տարիներին, որոնք անցել են ուրախ և բավականություն են պատճառել մեզ, հասկանում ենք, որ արժեր սպասել։

Մեր հարսանիքի օրը։ Ձախից աջ՝ Նաթան Նոր, Պատրիսիա Բրուքս (Լորենի քույրը), Լորենն ու ես, Կուրտիս Ջոնսոն, Ֆայե ու Ռոյ Ուոլեններ (ծնողներս)

ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐ

1964-ին առանձնաշնորհում ունեցա որպես զոնալ վերակացու այցելելու տարբեր երկրներ։ Այդ ժամանակներում ամուսիններն առանց իրենց կանանց էին կատարում այդ այցելությունները։ Բայց 1977-ին այս կարգը փոխվեց։ Այդ տարի ես ու Լորենը Գրանտ և Էդիթ Սյութերների հետ այցելեցինք Գերմանիայի, Ավստրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Թուրքիայի և Իսրայելի մասնաճյուղեր։ Ընդհանուր հաշվով՝ այցելել եմ 70 երկիր։

1980թ.-ին այցելեցինք Բրազիլիա։ Մենք պետք է գնայինք Բելեն քաղաք, որը գտնվում էր հասարակածում, և որտեղ Լորենը ծառայել էր միսիոներ։ Այցելեցինք նաև Մանաուս քաղաքի մեր հավատակիցներին։ Մարզադաշտում ելույթի ժամանակ տեսանք միասին նստած մի խումբ մարդկանց, որոնք տարբերվում էին մյուսներից։ Բրազիլացի կանայք սովորաբար համբուրելով էին ողջունում իրար, իսկ տղամարդիկ ձեռքով էին բարևում։ Սակայն այդ մարդիկ այդպես չէին անում։ Հետաքրքիր էր, ինչո՞ւ։

Նրանք մեր այն հավատակիցներն էին, որոնք եկել էին Ամազոնի խոնավ արևադարձային անտառներում գտնվող բորոտների գաղութից։ Անվտանգության նկատառումներով նրանք խուսափում էին ներկաների հետ անմիջական շփումից։ Մեր սիրտը շարժվեց։ Երբեք չենք մոռանա ուրախությունից փայլող նրանց աչքերը։ Որքա՜ն ճշմարիտ են Եսայիա մարգարեի խոսքերը. «Իմ [Եհովայի] ծառաները սրտի բերկրանքից ուրախ կբացականչեն» (Ես. 65։14

ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԻՄԱՍՏԱԼԻՑ ԿՅԱՆՔ

Ես ու Լորենը հաճախ ենք հիշում ավելի քան վեց տասնամյակ ծառայության մեջ անցկացրած մեր ուրախ տարիները։ Քանի որ թույլ ենք տվել Եհովային, որ իր կազմակերպության միջոցով առաջնորդի մեզ, բազմաթիվ օրհնություններ ենք ստացել։ Իհարկե, հիմա առաջվա պես չեմ կարողանում գնալ տարբեր երկրներ, բայց ի վիճակի եմ օգնելու Կառավարիչ մարմնին՝ համագործակցելով կոորդինատորների կոմիտեի և ծառայողական կոմիտեի հետ։ Ինձ համար մեծ պատիվ է նման ձևով իմ լուման ներդնել համաշխարհային եղբայրությանը աջակցելու գործում։ Ուղղակի հիանում ենք՝ տեսնելով, որ մեծ թվով երիտասարդ եղբայրներ ու քույրեր լիաժամ ծառայություն են սկսում՝ ունենալով Եսայիայի տրամադրվածությունը՝ «ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։ Նրանք ինձ հիշեցնում են այն շրջանային վերակացուի խոսքերը, որը տարիներ առաջ ինձ ասաց. «Մխրճվիր լիաժամ ծառայության մեջ։ Չգիտես, թե այն քեզ ուր կտանի»։

^ պարբ. 20 Այս եղբայրներից մի քանիսի կենսագրությունները կարող ես կարդալ «Դիտարանի» հետևյալ համարներում. Թոմաս Սալիվան (1965թ., օգոստոսի 15, անգլ.), Կլաուս Ջենսեն (1969թ., հոկտեմբերի 15, անգլ.), Մաքս Լարսոն (1989թ., սեպտեմբերի 1, անգլ.), Հյուգո Ռիմեր (1964թ., սեպտեմբերի 15, անգլ.), Գրանտ Սյութեր (1983թ., սեպտեմբերի 1, անգլ.)։