Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2014

Քաջ եղիր. Եհովան է քո օգնականը

Քաջ եղիր. Եհովան է քո օգնականը

«Քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը»» (ԵԲՐ. 13։6

1, 2. Բազմաթիվ մարդիկ ի՞նչ դժվարությունների են բախվում՝ արտասահմանում աշխատելուց հետո վերադառնալով տուն (տե՛ս 22-րդ էջի նկարը)։

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ես լավ գործ ունեի և լավ փող էի աշխատում,— պատմում է Էդուարդոն *։— Բայց երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, հասկացա, որ ընտանիքս փողից ավելի կարևոր բանի կարիք ունի. ես պետք է հոգ տանեի ընտանիքիս անդամների հոգևոր կարիքների մասին և լինեի նրանց կողքին։ Ուստի վերադարձա տուն» (Եփես. 6։4

2 Էդուարդոն գիտեր, որ իր տուն վերադառնալը Եհովային հաճելի է։ Բայց նրա համար հեշտ չէր լինելու. Մերիլինի պես, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում, նա պետք է վերականգներ իր փոխհարաբերությունները կողակցի ու երեխաների հետ, և դա երկար էր տևելու։ Բացի այդ, իր երկրում հեշտ չէր լինելու ընտանիքի նյութական կարիքները հոգալը։ Ինչպե՞ս էր Էդուարդոն ապրուստ վաստակելու։ Ի՞նչ օգնություն կարող էր ակնկալել ժողովի անդամներից։

ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

3. Ինչպե՞ս է ծնողի բացակայությունն ազդում երեխաների վրա։

3 «Ես հասկացա, որ անուշադրության էի մատնել երեխաներիս, և նրանց կողքին չէի այն ժամանակ, երբ նրանք ամենից շատ իմ առաջնորդության և սիրո կարիքն ունեին,— ասում է Էդուարդոն։—  Ես երեխաներիս հետ չէի, որ աստվածաշնչյան պատմություններ կարդայի նրանց համար, նրանց հետ աղոթեի, խաղայի, նրանց գրկեի» (2 Օրենք 6։7)։ Էդուարդոյի մեծ աղջիկը՝ Աննան, հիշում է. «Քանի որ հայրս մեր կողքին չէր, ինձ թվում էր՝ նա ինձ չի սիրում։ Երբ վերադարձավ, նա մեզ համար պարզապես ծանոթ մարդ էր։ Ես ինձ հարազատ չզգացի, երբ հայրս ինձ գրկեց»։

4. Ի՞նչ է լինում, երբ ընտանիքի գլուխը ապրում է ընտանիքից հեռու։

4 Որքան հայրը երկար է բացակայում տնից, այնքան նրա համար ավելի դժվար է լինում կատարել ընտանիքի գլխի դերը։ Էդուարդոյի կինը՝ Ռուբին, ասում է. «Ես պետք է և՛ մայր լինեի, և՛ հայր. ընտանիքի հետ կապված որոշումների մեծ մասը արդեն ես էի կայացնում։ Իսկ երբ Էդուարդոն վերադարձավ, ես պետք է սովորեի քրիստոնեական հնազանդություն դրսևորել։ Նույնիսկ հիմա երբեմն ինքս ինձ հիշեցնում եմ, որ կողքիս ամուսին կա» (Եփես. 5։22, 23)։ Էդուարդոն ավելացնում է. «Աղջիկներս սովորել էին որևէ բան անելու համար թույլտվություն խնդրել մորից։ Ես ու Ռուբին հասկացանք, որ երկուսս պետք է միասնական լինենք, և ես պետք է սովորեմ առաջնորդել ընտանիքիս աստվածաշնչյան չափանիշների համաձայն»։

5. Ինչպե՞ս մի հայր սկսեց վերականգնել իր և ընտանիքի անդամների փոխհարաբերությունները, և ի՞նչ արդյունքով։

5 Էդուարդոն վճռել էր ամեն ինչ անել իր և ընտանիքի անդամների փոխհարաբերությունները վերականգնելու և նրանց հոգևորապես ամրացնելու համար։ «Իմ նպատակն էր խոսքով ու գործով ճշմարտությունը սերմանել երեխաներիս մեջ. ոչ թե պարզապես ասել, որ սիրում եմ Եհովային, այլ ցույց տալ դա» (1 Հովհ. 3։18)։ Օրհնե՞ց Եհովան Էդուարդոյի ջանքերը։ «Մենք տեսանք, որ նա մեծ ջանքեր է թափում լավ հայր լինելու և մեզ հետ մտերմանալու համար, ու դա խորապես տպավորեց մեզ,— ասում է Աննան։— Իսկ երբ տեսանք, որ նա ժողովում ձգտում է առանձնաշնորհումների, հպարտության զգացումով լցվեցինք։ Աշխարհը փորձում էր հեռացնել մեզ Եհովայից։ Բայց մենք տեսնում էինք, որ մեր ծնողները կենտրոնացած են ճշմարտության վրա, և մենք էլ ձգտեցինք նույնն անել։ Հայրիկը խոստացավ, որ այլևս չի լքի մեզ, և պահեց իր խոսքը։ Եթե նա լքեր մեզ, ես այսօր, հավանաբար, Եհովայի կազմակերպության մեջ չէի լինի»։

ԸՆԴՈՒՆԻՐ ՄԵՂՔԻ ՔՈ ԲԱԺԻՆԸ

6. Որոշ ծնողներ ի՞նչ հասկացան պատերազմի ժամանակ։

6 Ըստ որոշ դիտարկումների՝ Բալկանյան թերակղզում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Եհովայի վկաների երեխաները, չնայած դաժան պայմաններին, ուրախ են մնացել։ Ինչպե՞ս։ Ծնողները, հնարավորություն չունենալով տնից դուրս գալու և աշխատելու, մնում էին տանը և երեխաների հետ հոգևոր թեմաներ էին քննարկում, խաղում և զրուցում։ Ի՞նչ ենք սովորում։ Փողից ու նվերներից առավել երեխաները կարիք ունեն, որ իրենց ծնողներն իրենց կողքին լինեն։ Ինչպես Աստծու Խոսքն է ասում, երեխաների համար օգտակար է, երբ ծնողները նրանց ուշադրություն են դարձնում, կրթում և դաստիարակում (Առակ. 22։6

7, 8. ա) Ի՞նչ սխալ են անում որոշ ծնողներ, երբ վերադառնում են տուն։ բ) Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին հաղթահարելու բացասական տրամադրվածությունը։

7 Ցավոք, որոշ ծնողներ, վերադառնալով տուն և տեսնելով, որ երեխաները դժգոհ են իրենցից կամ անտարբեր են իրենց հանդեպ, նրանց ասում են. «Ինչպե՞ս կարող եք այդքան ապերախտ լինել, երբ ես ամեն ինչ արել եմ ձեզ համար»։ Այդուհանդերձ, երեխաների բացասական տրամադրվածության պատճառը հիմնականում ծնողների բացակայությունն է լինում։ Ի՞նչ կարող է ծնողն անել իրավիճակը շտկելու համար։

8 Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հասկանալու քո ընտանիքի անդամների զգացումները, և որ կարողանաս ցույց տալ, որ նրանց զգացումները քեզ համար կարևոր են։ Հետո, երբ զրուցես նրանց հետ, ցույց տուր, որ ընդունում ես մեղքի քո բաժինը։ Անկեղծորեն ներողություն խնդրիր։ Երբ կողակիցդ ու երեխաներդ տեսնեն, որ հետևողականորեն ջանում ես շտկել իրավիճակը, նրանք կհասկանան, որ իսկապես ուզում ես բարելավել ձեր ընտանեկան կյանքը։ Լինելով վճռական  և համբերատար՝ աստիճանաբար կշահես ընտանիքիդ սերն ու հարգանքը։

ԻՆՉՊԵՍ ՀՈԳԱԼ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ

9. Ինչո՞ւ քրիստոնյայի համար ընտանիքի կարիքները հոգալ չի նշանակում ձգտել շատ նյութական միջոցներ ունենալու։

9 Պողոս առաքյալն ասաց, որ երբ տարեց քրիստոնյաները չեն կարողանում հոգալ իրենց կարիքները, նրանց երեխաներն ու թոռները պետք է «պատշաճ հատուցումը տան իրենց ծնողներին, տատերին ու պապերին»։ Բայց առաքյալը նաև ասաց, որ բոլոր քրիստոնյաները, եթե ունեն ամենաանհրաժեշտ բաները՝ «ուտելիք, հագուստ և ծածկ», «դրանցով բավարարվեն»։ Մենք չպետք է անդադար ձգտենք ավելի ու ավելի բարձր կենսամակարդակի կամ ֆինանսական ապահովության (կարդա՛  1 Տիմոթեոս 5։4, 8; 6։6–10)։ Քրիստոնյան կարիք չունի ձգտելու հարստության մի աշխարհում, որը շուտով անցնելու է (1 Հովհ. 2։15–17)։ Մենք չպետք է թույլ տանք, որ «հարստության հրապույրը» կամ «կյանքի հոգսերը» խանգարեն մեր ընտանիքին «կառչելու իսկական կյանքից», որը լինելու է Աստծու արդար նոր աշխարհում (Մարկ. 4։19; Ղուկ. 21։34–36; 1 Տիմոթ. 6։19

10. Ինչո՞ւ է իմաստուն ընդհանրապես պարտք չվերցնելը։

10 Եհովան գիտի, որ մեզ որոշ քանակությամբ փող պետք է։ Բայց փողը չի կարող օգնել ու պաշտպանել այնպես, ինչպես Աստծու իմաստությունը (Ժող. 7։12; Ղուկ. 12։15)։ Հաճախ մարդիկ չեն գիտակցում, թե որքան թանկ կարող են վճարել՝ աշխատելու նպատակով արտասահման գնալով։ Բացի այդ, նրանք ոչ մի երաշխիք չունեն, որ այնտեղ փող կաշխատեն։ Ավելին, այնտեղ իրականում շատ լուրջ վտանգներ կան։ Բազմաթիվ մարդիկ վերադառնում են՝ նույնիսկ ավելի մեծ պարտքեր կուտակած։ Փոխանակ ազատ լինելու և Աստծուն ծառայելու՝ նրանք սկսում են ծառայել իրենց պարտատերերին (կարդա՛  Առակներ 22։7)։ Իմաստուն է ընդհանրապես պարտք չվերցնելը։

11. Բյուջե կազմելը և դրան հետևելը ինչպե՞ս կարող է օգնել ընտանիքներին թեթևացնելու իրենց հոգսը։

11 Էդուարդոն հասկանում էր, որ իրենց պայմաններում իրենք պետք է փողը խելամտորեն ծախսեն։ Նա և կինը բյուջե կազմեցին՝ մանրամասնորեն քննելով, թե իրականում ինչի կարիք ունի իրենց ընտանիքը։ Հասկանալի է՝ նախկինի համեմատ՝ այդ բյուջեն շատ ավելի խիստ էր։ Բայց բոլորն իրար հետ համագործակցում էին և փողն անտեղի չէին ծախսում *։ Էդուարդոն ասում է. «Ես երեխաներին հանեցի մասնավոր դպրոցից և տեղափոխեցի մի լավ հանրային դպրոց»։ Նրանք ընտանիքով աղոթում էին, որ Էդուարդոն այնպիսի աշխատանք գտնի, որը չի խանգարի իրենց հոգևոր առօրյային։ Պատասխանե՞ց Եհովան նրանց աղոթքներին։

12, 13. Ի՞նչ գործնական քայլեր արեց Էդուարդոն, որպեսզի հոգա իր ընտանիքի մասին, և Եհովան ինչպե՞ս օրհնեց պարզ կյանքով ապրելու նրա վճռականությունը։

12 «Առաջին երկու տարին մի կերպ յոլա գնացինք,— պատմում է Էդուարդոն։— Ձեռքիս եղած փողը վերջանում էր, իսկ ստացածս եկամուտն այնքան քիչ էր, որ երբեմն չէր հերիքում։ Դրան գումարած՝ շատ էի հոգնում։ Բայց մենք կարողանում էինք ներկա լինել բոլոր հանդիպումներին և միասին ծառայել»։ Էդուարդոն վճռեց անգամ չմտածել այնպիսի աշխատանքի մասին, որի պատճառով հեռու կլիներ ընտանիքից ամիսներ կամ տարիներ շարունակ։ «Փոխարենը՝ ես մի քանի գործ սովորեցի, որպեսզի երբ մեկը չլինի, մյուսն անեմ»։

Կարո՞ղ ես սովորել տարբեր աշխատանքներ անել (տե՛ս պարբերություն 12)

13 Էդուարդոյին երկար ժամանակ էր պետք իր պարտքերը փակելու համար, ուստի նա ստիպված էր ավելի շատ տոկոսներ վճարել։ Բայց նա պատրաստ էր կրելու այդ դժվարությունը, որպեսզի միշտ իր երեխաների կողքին լինի, ինչպես որ Եհովան է ակնկալում ծնողից։ «Այժմ ես վաստակում եմ արտասահմանում աշխատած փողի 10 տոկոսից էլ քիչ,— ասում է Էդուարդոն։— Բայց մենք սոված չենք։ «Եհովայի ձեռքը կարճ չէ»։ Մենք նույնիսկ որոշեցինք ռահվիրա ծառայել։ Հետաքրքիր է, որ դրանից հետո երկրի տնտեսական վիճակը մի քիչ լավացավ, և մեզ համար ավելի հեշտ դարձավ նյութական կարիքները հոգալը» (Ես. 59։1

 ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԴՐԵԼ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՃՆՇՄԱՆԸ

14, 15. Ինչպե՞ս կարող է ընտանիքը դիմադրել հարազատների ճնշմանը և նյութականը հոգևորից վեր չդասել։ Նրանց լավ օրինակը ի՞նչ արդյունք կարող է տալ։

14 Շատ վայրերում մարդիկ պարտավորված են զգում փող և նվերներ տալու հարազատներին ու ընկերներին։ «Մեր մշակույթն այդպիսին է, և մենք հաճույքով ենք տալիս»,— բացատրում է Էդուարդոն։ Հետո ավելացնում է. «Բայց ամեն ինչին սահման կա։ Ես իմ հարազատներին նրբանկատորեն բացատրեցի, որ կտամ այնքան, որքան կկարողանամ։ Չեմ ուզում, որ դրա պատճառով տուժի ընտանիքիս հոգևորը և նյութականը»։

15 Ինչպես արտագնա աշխատանքից վերադարձողները, այնպես էլ նրանք, ովքեր հրաժարվում են թողնել ընտանիքը ու գնալ արտասահմանում աշխատելու, հաճախ բացասական վերաբերմունքի են արժանանում հարազատների կողմից։ Վերջիններս բարկանում են նրանց վրա, արհամարհում են, հիասթափվում են նրանցից, որովհետև նրանց դիտում են որպես իրենց կերակրողների (Առակ. 19։6, 7)։ Էդուարդոյի աղջիկը՝ Աննան, ասում է. «Քանի որ հոգևորը չենք զոհում հանուն նյութականի, մեր հարազատներից ոմանք գուցե ի վերջո հասկանան, որ քրիստոնեական կյանքը շատ կարևոր է։ Ինչպե՞ս նրանք դա կհասկանան, եթե կատարենք նրանց պահանջները» (համեմատի՛ր 1 Պետրոս 3։1, 2

ՀԱՎԱՏԱ ԱՍՏԾՈՒՆ

16. ա) Մարդն ինչպե՞ս կարող է ինքն իրեն խաբել «սխալ դատողությամբ» (Հակ. 1։22)։ բ) Ո՞ր որոշումներն է Եհովան օրհնում։

16 Մի քույր, առանց ամուսնու և երեխաների, տեղափոխվեց մի զարգացած երկիր։ Նա երեցներին ասաց. «Մենք շատ մեծ զոհողություններ ենք արել, որպեսզի ես գամ այստեղ։ Ամուսինս նույնիսկ հրաժարվեց երեցի նշանակումից։ Ուստի մեծ հույսեր ունեմ, որ Եհովան կօրհնի իմ այս տեղափոխությունը»։ Եհովան միշտ օրհնում է այն որոշումները, որոնք հիմնված են իր հանդեպ հավատի վրա։ Բայց նա ինչպե՞ս կարող է օրհնել այն որոշումը, որը հակառակ է իր կամքին, հատկապես երբ դրա պատճառով քրիստոնյան թողնում է իր առանձնաշնորհումները (կարդա՛  Եբրայեցիներ 11։6; 1 Հովհաննես 5։13–15

17. Ինչո՞ւ պետք է փնտրենք Եհովայի առաջնորդությունը նախքան որոշումներ կայացնելը և ինչպե՞ս կարող ենք դա անել։

17 Եհովայի առաջնորդությունը փնտրիր նախքան որոշումներ կայացնելն ու պարտավորություններ վերցնելը և ոչ թե դրանից հետո։ Աղոթիր, որ նա իր սուրբ ոգին  տա քեզ, տա իմաստություն և առաջնորդություն (2 Տիմոթ. 1։7)։ Ինքդ քեզ հարցրու. «Պատրա՞ստ եմ հնազանդվելու Եհովային ցանկացած իրավիճակում։ Պատրա՞ստ եմ նույնիսկ հալածանքի ժամանակ հնազանդվելու։ Իսկ կհնազանդվե՞մ, եթե դա նշանակի, որ ընտանիքս ավելի համեստ միջոցներով պետք է ապրի» (Ղուկ. 14։33)։ Երեցներից սուրբգրային խորհուրդ հարցրու և հետևիր դրան։ Այդպես ցույց կտաս, որ հավատում ու վստահում ես Եհովայի այն խոստմանը, որ նա կօգնի քեզ։ Երեցները չեն կարող քո փոխարեն որոշել, բայց կարող են օգնել այնպիսի որոշումներ կայացնելու, որոնք քեզ հարատև երջանկություն կբերեն (2 Կորնթ. 1։24

18. Ո՞վ պետք է հոգ տանի ընտանիքի մասին, և ուրիշները ինչպե՞ս կարող են օգնել։

18 Եհովան ընտանիքի գլխի ուսերին է դրել ամեն օր ընտանիքի մասին հոգ տանելու «բեռը» (Գաղ. 6։5)։ Նրանք, ովքեր հոգում են իրենց ընտանիքի մասին՝ առանց կողակցից ու երեխաներից հեռանալու, չնայած որ գուցե ճնշում լինի կամ գայթակղություն առաջանա այդպես վարվելու, արժանի են գովասանքի, և մենք պետք է աղոթենք նրանց համար։ Հատկապես անսպասելի իրավիճակներում, օրինակ՝ երբ աղետ է լինում կամ անհապաղ բուժօգնության կարիք է առաջանում, կարող ենք իսկական քրիստոնեական սեր ցույց տալ և ցավակից լինել միմյանց (Գաղ. 6։2; 1 Պետ. 3։8)։ Կարո՞ղ ես արտակարգ իրավիճակում հավատակցիդ աջակցել փողով կամ օգնել նրան աշխատանք գտնելու տեղում։ Եթե այո, ապա նա ստիպված չի լինի հեռանալու ընտանիքից և աշխատանք փնտրելու արտասահմանում (Առակ. 3։27, 28; 1 Հովհ. 3։17

ՀԻՇԻՐ, ՈՐ ԵՀՈՎԱՆ Է ՔՈ ՕԳՆԱԿԱՆԸ

19, 20. Քրիստոնյաներն ինչո՞ւ կարող են վստահ լինել, որ Եհովան կօգնի իրենց։

19 Աստծու Խոսքը մեզ հորդորում է. «Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա։ Բավարարվեք եղածով, քանի որ [Աստված] ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»։ Այնպես որ քաջությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը»» (Եբր. 13։5, 6)։ Ինչպե՞ս են այս խոսքերն այսօր կատարվում։

20 «Մարդիկ հաճախ են խոսում այն մասին, որ Եհովայի վկաները երջանիկ են,— ասում է մի երկարամյա երեց, որն ապրում է զարգացող երկրում։— Նրանք նաև նկատում են, որ նույնիսկ աղքատ Վկաները միշտ գեղեցիկ են հագնվում և ուրիշների համեմատ ավելի լավ են ապրում»։ Սա հենց այն է, ինչ Հիսուսը խոստացավ Թագավորությունը առաջին տեղում դնողներին (Մատթ. 6։28–30, 33)։ Մեր երկնային Հայրը՝ Եհովան, սիրում է քեզ և միայն բարիք է ցանկանում քեզ ու քո երեխաներին։ «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։ Աստծու պատվիրանները, այդ թվում նաև ընտանեկան կյանքի և նյութական կարիքները հոգալու վերաբերյալ պատվիրանները մեր օգտի համար են։ Երբ հետևում ենք դրանց, ցույց ենք տալիս, որ սիրում ու վստահում ենք Եհովային։ «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները, և նրա պատվիրանները ծանր չեն» (1 Հովհ. 5։3

21, 22. Ինչո՞ւ ես վճռել վստահել Եհովային։

21 Էդուարդոն ասում է. «Մի ժամանակ ես հեռու եմ եղել իմ կնոջից ու երեխաներից։ Ցավոք, անցյալը փոխել չեմ կարող։ Ուստի ափսոսանքներով չեմ ապրում։ Նախկին աշխատակիցներիցս շատերը հարուստ են, բայց երջանիկ չեն։ Նրանց ընտանիքներում լուրջ խնդիրներ կան։ Իսկ իմ ընտանիքը երջանիկ է։ Ես շատ եմ տպավորվում՝ տեսնելով, թե ինչպես են մեր երկրում ապրող բազմաթիվ եղբայրներ ու քույրեր, չնայած աղքատությանը, հոգևորը դնում առաջին տեղում։ Մենք բոլորս տեսնում ենք Հիսուսի խոսքերի կատարումը» (կարդա՛  Մատթեոս 6։33

22 Քաջ եղիր։ Հնազանդվիր Եհովային ու վստահիր նրան։ Թող սերը Աստծու, կողակցիդ ու երեխաներիդ հանդեպ մղի քեզ կատարելու ընտանիքիդ մասին հոգ տանելու սուրբգրային պարտականությունդ։ Դու կտեսնես, որ «Եհովան քո օգնականն է»։

^ պարբ. 1 Այս հոդվածում անունները փոխված են։

^ պարբ. 11 Փողը խելամտորեն ծախսելու վերաբերյալ տե՛ս 2011թ. սեպտեմբերի «Արթնացե՛ք»-ը, (էջ 3–9, անգլ., ռուս.)։