Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԱՊՐԻԼ 2014

Բա՞րձր ես գնահատում Եհովայի հոգատարությունը

Բա՞րձր ես գնահատում Եհովայի հոգատարությունը

«Եհովայի աչքերը ամեն տեղ են. նրանք դիտում են և՛ չարերին, և՛ բարիներին» (ԱՌԱԿ. 15։3

1, 2. Եհովայի դիտելը ինչո՞վ է տարբերվում տեսախցիկների «դիտելուց»։

ՇԱՏ երկրներում երթևեկությունը վերահսկելու և դժբախտ պատահարներն արձանագրելու համար տեսախցիկներ են օգտագործվում։ Եթե վարորդը վրաերթ կատարի ու փախչի դեպքի վայրից, ապա իշխանությունները կարող են տեսախցիկների նկարահանած կադրերի միջոցով հայտնաբերել նրան ու ձերբակալել։ Էլեկտրոնային աչքերը ամենուր են, և մարդկանց համար գնալով ավելի դժվար է դառնում խուսափել իրենց գործողությունների հետևանքներից։

2 Աստվածաշունչն ասում է, որ «Եհովայի աչքերը ամեն տեղ են» (Առակ. 15։3)։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Եհովայի աչքերը տեսախցիկի պես անընդհատ հետևում են մեզ, որպեսզի տեսնեն, թե չենք խախտում իր օրենքները։ Մի՞թե Աստված դիտում է մեզ այն պատճառով, որ երբ սխալվենք, պատժի մեզ (Երեմ. 16։17; Եբր. 4։13)։ Ո՛չ, դա բոլորովին այդպես չէ։ Եհովայի աչքերը մեզ դիտում են գլխավորապես այն պատճառով, որ նա յուրաքանչյուրիս սիրում է և հետաքրքրված է մեր բարօրությամբ (1 Պետ. 3։12

3. Եհովայի սիրառատ հոգատարության ի՞նչ դրսևորումներ ենք քննելու։

3 Քննենք Եհովայի հոգատարության հինգ դրսևորում, որոնք կօգնեն մեզ հասկանալու, որ Աստված դիտում է մեզ՝ մեր հանդեպ սիրուց մղված։ Նա՝ 1) նախազգուշացնում է, երբ մեր մեջ  սխալ հակումներ է նկատում, 2) ուղղում է, երբ սխալ քայլեր ենք անում, 3) առաջնորդում է իր Խոսքի միջոցով, 4) օգնում է փորձությունների ժամանակ և 5) պարգևատրում է, երբ լավ բաներ է նկատում մեր մեջ։

ՀՈԳԱՏԱՐ ԱՍՏՎԱԾԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

4. Ի՞նչ նպատակով Եհովան Կայենին զգուշացրեց, որ «մեղքը մուտքի մոտ դարան մտած սպասում է»։

4 Ինչպե՞ս է Աստված նախազգուշացնում մեզ, երբ մեր մեջ սխալ հակումներ է նկատում (1 Տար. 28։9)։ Տեսնենք, թե ինչպես նա վարվեց Կայենի հետ, որը «խիստ բարկացավ», երբ չարժանացավ Եհովայի հավանությանը (կարդա՛  Ծննդոց 4։3–7)։ Եհովան նրան հորդորեց «բարին անել»։ Նաև զգուշացրեց, որ եթե չանի, ապա «մեղքը մուտքի մոտ դարան մտած սպասում է»։ Հետո ասաց. «Արդյո՞ք դու կիշխես նրա վրա»։ Աստված ուզում էր, որ Կայենը ականջ դնի իր նախազգուշացմանը և «բարձրանա իր աչքում»։ Այդ դեպքում Կայենը կշարունակեր Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենալ։

5. Ինչպե՞ս է Եհովան նախազգուշացնում մեզ։

5 Այսօր էլ Եհովայի աչքերը կարող են տեսնել ամեն ինչ։ Նրանք տեսնում են մեր սիրտը։ Մենք չենք կարող Աստծուց թաքցնել մեր էությունը, մեր իրական մղումները։ Մեր սիրառատ Հայրն ուզում է, որ գնանք արդարության շավիղներով։ Բայց դա չի նշանակում, որ նա ստիպում է մեզ փոխել մեր ընթացքը։ Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով նա նախազգուշացնում է, երբ սխալ ուղղությամբ ենք գնում։ Երբ ամեն օր կարդում ենք Աստվածաշունչը, հաճախ ենք հանդիպում այնպիսի խոսքերի, որոնք օգնում են մեզ հաղթահարելու սխալ հակումները։ Մեզ օգնում են նաև հավատարիմ և իմաստուն ծառայի հրատարակությունները։ Դրանց շնորհիվ կարող ենք ավելի լավ պատկերացնել մեր խնդիրը, իմանալ, թե ինչպես պայքարել դրա դեմ և հաղթահարել։ Եվ վերջապես, մենք ժամանակահարմար խորհուրդներ ենք ստանում մեր ժողովի հանդիպումներին։

6, 7. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ միլիոնավոր մարդկանց համար նախատեսված հոգևոր սնունդը ապացույց է այն բանի, որ Աստված հոգ է տանում անձամբ քո մասին։ բ) Ինչպե՞ս կարող ես օգուտ քաղել Եհովայի նախազգուշացումներից։

6 Աստծու սիրառատ նախազգուշացումները ապացույց են այն բանի, որ նա հոգ է տանում յուրաքանչյուրիս մասին։ Բայց գուցե մտածես. «Ինչպե՞ս է նա հոգ տանում անձամբ իմ մասին։ Չէ՞ որ Աստվածաշունչը գրվել է դարեր առաջ, Աստծու կազմակերպությունը հրատարակություններ է թողարկում միլիոնավոր մարդկանց համար, և այն խորհուրդները, որ տրվում են հանդիպումների ժամանակ, ուղղված են ողջ ժողովին»։ Այդուհանդերձ, երբ դու կարդում ես Աստվածաշունչը, մեր գրականությունը կամ երբ ժողովի հանդիպման ժամանակ որևէ խորհուրդ ես լսում, այս ամենով Եհովան քո ուշադրությունը հրավիրում է իր Խոսքի վրա, որպեսզի հաղթահարես վատ հակումներդ։ Այո՛, Եհովան անձամբ քո մասին հոգ է տանում։

Աստվածաշնչով կրթված խիղճը օգնում է մեզ խուսափելու վտանգներից (տե՛ս պարբերություն 6, 7)

7 Աստծու նախազգուշացումներից օգուտ քաղելու համար նախ պետք է գիտակցենք, որ նա իսկապես հետաքրքրված է մեզնով։ Հետո պետք է կիրառենք նրա Խոսքից մեր սովորածը և ձգտենք մեր միջից արմատախիլ անել Աստծուն տհաճ ցանկացած միտք (կարդա՛  Եսայիա 55։6, 7)։ Եթե ուշադրություն դարձնենք մեզ տրվող նախազգուշացումներին, ապա զերծ կմնանք բազմաթիվ ցավերից։ Բայց ենթադրենք, այնուամենայնիվ, սայթաքում ենք։ Ինչպե՞ս է մեր սիրառատ Հայրը օգնում նման դեպքերում։

ՄԵՐ ՍԻՐԱՌԱՏ ՀԱՅՐՆ ՈՒՂՂՈՒՄ Է ՄԵԶ

8, 9. Իր ծառաների միջոցով Եհովան ինչպե՞ս է ցույց տալիս, որ հոգ է տանում մեր մասին։ Բեր օրինակ։

8 Եհովան իր հոգատարությունը դրսևորում է նաև նրանով, որ ուղղում է մեզ (կարդա՛  Եբրայեցիներ 12։5, 6)։ Ճիշտ է, հաճելի չէ, երբ մեզ ուղղում կամ խրատում են (Եբր. 12։11)։ Բայց հիշենք, որ խորհուրդ տվողի համար նույնպես հեշտ չէ։ Նա  պետք է նախապես խորհրդածի այն մասին, թե մեր արածը ինչպես է վտանգում մեր ու Եհովայի փոխհարաբերությունները։ Նաև պետք է հաշվի առնի մեր զգացումները։ Խորհուրդ տվողը պետք է ժամանակ տրամադրի և ջանք թափի, որպեսզի Աստվածաշնչով օգնի մեզ ուղղելու մեր սխալ ընթացքը և այդպիսով հաճելի լինելու Աստծուն։ Նաև հիշենք, որ մեզ համար անհանգստանում է Եհովան՝ այդ խորհրդի Աղբյուրը։

9 Քննենք մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես է Եհովան իր ծառաների միջոցով հոգ տանում մեր մասին։ Նախքան ճշմարտությունն ընդունելը մի եղբայր կանոնավորաբար պոռնկագրություն էր դիտում, բայց նա հաղթահարեց այդ սովորությունը։ Այնուամենայնիվ, այդ վատ հակումը, ինչպես մխացող ածուխ, շարունակում էր մնալ իր ներսում։ Երբ նա նոր բջջային հեռախոս գնեց, հին սովորությունը գլուխ բարձրացրեց (Հակ. 1։14, 15)։ Եղբայրը հեռախոսի միջոցով մտնում էր պոռնկագրական կայքեր։ Մի օր հեռախոսով վկայություն տալու ժամանակ նա իր հեռախոսը տվեց երեցին, որպեսզի վերջինս որոշ հասցեներ փնտրի դրանով։ Երբ երեցը սկսեց օգտագործել հեռախոսը, մի քանի կասկածելի կայքեր նկատեց։ Այս դեպքը օրհնություն եղավ հոգևոր վտանգավոր վիճակում եղող մեր եղբոր համար։ Նա ժամանակահարմար խորհուրդ ստացավ, կիրառեց այն և վերջիվերջո վերացրեց վատ հակումը։ Որքա՜ն երախտապարտ ենք մեր երկնային Հորը, որը տեսնում է մեր նույնիսկ գաղտնի մեղքերը և ճիշտ ժամանակին ուղղում է մեզ։

ՕԳՈՒՏՆԵՐ ԵՆՔ ՔԱՂՈՒՄ՝ ԿԻՐԱՌԵԼՈՎ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

10, 11. ա) Ինչպե՞ս կարող ես փնտրել Աստծու առաջնորդությունը։ բ) Ինչպե՞ս մի ընտանիք սեփական փորձով համոզվեց, որ իմաստուն է հետևել Եհովայի առաջնորդությանը։

10 Սաղմոսերգուն Եհովային ասաց. «Քո խորհրդով դու կառաջնորդես ինձ» (Սաղ. 73։24)։ Երբ առաջնորդության կարիք ենք ունենում, կարող ենք դիմել Աստծու Խոսքին։ Այդպես կիմանանք, թե որն է Աստծու տեսակետը այս կամ այն հարցի վերաբերյալ, և ցույց տված կլինենք, որ «հաշվի ենք առնում» նրան։ Աստվածաշնչյան սկզբունքները կիրառելը օգնում է մեզ պահպանելու մեր մտերմությունը Եհովայի հետ, իսկ երբեմն նաև՝ բավարարելու մեր նյութական կարիքները (Առակ. 3։6

11 Քննենք մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես Եհովան կարող է առաջնորդել իր ծառաներին։ Մի եղբայր ֆերմա էր վարձել Ֆիլիպինների Մասբատե նահանգի լեռնային շրջանում և զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Նա իր կնոջ հետ  ծառայում էր ընդհանուր ռահվիրա, չնայած որ շատ երեխաներ ունեին։ Մի օր նրանք անսպասելի լուր ստացան. ֆերմայի տերը պահանջում էր հանձնել տարածքը և հեռանալ։ Ի՞նչ էր պատահել։ Նրանք անհիմն կերպով մեղադրվում էին անազնվության մեջ։ Եղբայրը, չնայած անհանգստացած էր, թե որտեղ են իրենք ապրելու, ասաց. «Եհովան հոգ կտանի։ Նա միշտ հոգացել է մեր կարիքների մասին»։ Եղբայրը չէր սխալվում։ Մի քանի օր անց, հուրախություն իրենց, նրանք իմացան, որ ֆերմայի տերը միտքը փոխել է։ Ինչո՞ւ։ Նա նկատել էր, որ, չնայած մեղադրանքին, Վկաների այս ընտանիքը, առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքներով, շարունակեց հարգալից վերաբերմունք դրսևորել և խաղաղություն պահպանել։ Դա այնքան էր տպավորել ֆերմայի տիրոջը, որ նա ոչ միայն թույլատրեց մնալ, այլև լրացուցիչ հողատարածք տվեց (կարդա՛  1 Պետրոս 2։12)։ Այո՛, Եհովան առաջնորդում է մեզ իր Խոսքի միջոցով, որպեսզի կարողանանք հաղթահարել կյանքի դժվարությունները։

ԸՆԿԵՐ, ՈՐՆ ՕԳՆՈՒՄ Է ԴԻՄԱՆԱԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

12, 13. Ի՞նչ իրավիճակներում ոմանց մեջ գուցե հարց առաջանա. «Մի՞թե Աստված չի տեսնում իմ տառապանքը»։

12 Երբեմն, սակայն, դժվար իրավիճակները երկար են տևում։ Գուցե քրոնիկ հիվանդություն ունենք, ընտանիքի անդամները անվերջ հակառակվում են կամ հալածում։ Բացի այդ, երբեմն գուցե լուրջ տարաձայնություններ ունենանք ժողովի որևէ անդամի հետ։

13 Օրինակ՝ մի եղբայր գուցե քեզ ասի մի բան, և դու վիրավորվես։ «Աստծու կազմակերպությունում այսպիսի բան չպիտի լինի»,— վրդովված ասում ես դու։ Հետո տեսնում ես, որ նա առանձնաշնորհումներ է ստանում ժողովում, և նրա մասին լավ են խոսում։ Դու տարակուսանքի մեջ ես. «Ինչպե՞ս կարող է դա լինել։ Մի՞թե Եհովան չի տեսնում։ Մի՞թե նա ոչինչ չի անի» (Սաղ. 13։1, 2; Ամբ. 1։2, 3

14. Ի՞նչ պատճառով գուցե Աստված չմիջամտի, երբ խնդիր ենք ունենում հավատակցի հետ։

14 Եհովան գուցե լուրջ պատճառներ ունենա չմիջամտելու։ Օրինակ՝ հնարավոր է՝ քեզ թվում է, թե հիմնականում հավատակիցդ է մեղավոր, մինչդեռ, Աստծու տեսանկյունից, քո մեղքի բաժինը գուցե ավելի մեծ է։ Այն խոսքը, որը համարել ես վիրավորական, գուցե իրականում եղել է տեղին խորհուրդ, որի շուրջ պետք է լրջորեն մտածեիր։ Եղբայր Կարլ Քլեյնը, որը ժամանակին եղել է Կառավարիչ մարմնի անդամ, իր կենսագրական հոդվածում պատմեց, թե ինչպես մի անգամ խիստ խորհուրդ ստացավ եղբայր Ռադերֆորդից։ Հետո, երբ եղբայր Ռադերֆորդը ուրախ ողջունեց նրան, եղբայր Քլեյնը, դեռևս նեղված, քթի տակ մի կերպ «բարև» արտաբերեց։ Հասկանալով, որ Կարլը նեղացել է, եղբայր Ռադերֆորդը նրան ասաց, որ զգուշանա Սատանայի զոհը դառնալուց։ Եղբայր Քլեյնը հետագայում գրեց. «Եթե շարունակում ենք վիրավորված մնալ եղբորից, հատկապես այն բանի համար, որ նա ասել է մի բան, ինչի իրավունքն ունեցել է, ապա ինքներս մեզ անպաշտպան ենք դարձնում Սատանայի առաջ» *։

15. Ի՞նչը կօգնի մեզ անհամբեր չդառնալու, երբ դժվար իրավիճակը, թվում է, չի ավարտվում։

15 Եթե դժվար իրավիճակը, թվում է, չի ավարտվում, գուցե դառնանք անհամբեր։ Ի՞նչ կարող ենք անել։ Պատկերացրու ավտոմեքենա ես վարում մայրուղով և հայտնվում ես խցանման մեջ։ Չգիտես, թե այդպես որքան կշարունակվի։ Եթե նյարդայնանաս և փորձես այլ ճանապարհ գտնել, գուցե, ի վերջո, մոլորվես։ Արդյունքում հնարավոր է՝ ավելի շատ ժամանակ ծախսես նպատակակետիդ հասնելու համար, քան եթե համբերությամբ սպասեիր մայրուղում։ Նմանապես եթե մնաս Եհովայի ճանապարհին, ապա ի վերջո կհասնես քո նպատակակետին։

16. Ուրիշ ի՞նչ պատճառով Եհովան գուցե թողնի, որ մեր դժվարությունները շարունակվեն։

 16 Հնարավոր է՝ Եհովան թողնում է՝ մեր դժվարությունները շարունակվեն, որպեսզի մենք կարևոր բան սովորենք (կարդա՛  1 Պետրոս 5։6–10)։ Բայց դա չի նշանակում, որ դժբախտությունների և տառապանքի պատճառն Աստված է (Հակ. 1։13)։ Մեր «հակառակորդը՝ Բանսարկուն» է գլխավորապես մեղավոր այս ամենի համար։ Իսկ Աստված կարող է օգտագործել դժվար իրավիճակները, որպեսզի օգնի մեզ հոգևորապես աճելու։ Նա տեսնում է մեր տառապանքը, և, քանի որ «հոգ է տանում» մեր մասին, ամեն ինչ կանի, որ այն «մի փոքր ժամանակ» տևի։ Բա՞րձր ես գնահատում Եհովայի հոգատարությունն ու սերը, երբ փորձության մեջ ես լինում։ Համոզվա՞ծ ես, որ նա ելք կտա քեզ (2 Կորնթ. 4։7–9

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ Է ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՄԱՐ

17. Ո՞ւմ է փնտրում Եհովան և ինչո՞ւ։

17 Այժմ քննենք ամենակարևոր պատճառը, թե ինչու են «Եհովայի աչքերը» դիտում մեզ։ Աստված Հանանի տեսանողի միջոցով Ասա թագավորին ասաց. «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տար. 16։9)։ Ասայի սիրտը ամբողջությամբ Եհովայի հետ չէր։ Եթե շարունակես անել այն, ինչ ճիշտ է, ապա Աստված «իր զորությունը ցույց կտա հօգուտ քեզ»։

18. Երբ մտածում ես, որ քեզ չեն գնահատում, ի՞նչը լավ կլինի՝ հիշես (տե՛ս 27-րդ էջի նկարը)։

18 Աստված ուզում է, որ մենք «բարին փնտրենք», «սիրենք բարին» և «բարին գործենք», որպեսզի «հաճություն ցույց տա» մեզ (Ամոս 5։14, 15; 1 Պետ. 3։11, 12)։ Եհովան նկատում է արդարներին և օրհնում է նրանց (Սաղ. 34։15)։ Հիշենք, օրինակ, եբրայեցի մանկաբարձուհիներ Սեփրային և Փուային։ Երբ իսրայելացիները Եգիպտոսում ստրուկներ էին, փարավոնը հրամայեց այս մանկաբարձուհիներին, որ իսրայելացի կանանց ծննդաբերության ժամանակ սպանեն բոլոր նորածին տղա երեխաներին։ Բայց նրանք ավելի շատ Աստծուց էին վախենում, քան փարավոնից և կենդանի էին թողնում նորածիններին։ Հետագայում Աստված Սեփրային և Փուային «ընտանիքներ շնորհեց» (Ելք 1։15–17, 20, 21)։ Նրանց բարի գործերը չվրիպեցին Եհովայի ամենատես աչքերից։ Երբեմն գուցե մտածես, որ ոչ ոք չի գնահատում քո բարի գործերը։ Այդ ժամանակ հիշիր, որ Եհովան գնահատում է։ Նա նկատում է քո ցանկացած բարի գործ և «կհատուցի» (Մատթ. 6։4, 6; 1 Տիմոթ. 5։25; Եբր. 6։10

19. Ինչպե՞ս մի քույր հասկացավ, որ Եհովան նկատել է իր բարի գործերը։

19 Մի քույր (Ավստրիա) հասկացավ, որ իր ջանքերը չեն վրիպել Աստծու աչքից։ Նա ծագումով հունգարացի էր, և նրան մի հունգարախոս կնոջ հասցե տվեցին, որպեսզի այցելի։ Քույրը անմիջապես գնաց այդ հասցեով, բայց տանը մարդ չկար։ Նա այցելեց երկրորդ անգամ, բայց դարձյալ մարդ չկար։ Քույրը հույսը չկտրեց և շարունակեց այցելել։ Երբեմն զգում էր, որ տանը մարդ կա, բայց ոչ ոք դուռը չէր բացում։ Մեր քույրը գրականություն էր թողնում դռան մոտ, նամակներ էր գրում, իր կոնտակտային տվյալները թողեց և այլն։ Մեկուկես տարի անց դուռը վերջապես բացվեց։ Քրոջ առջև կանգնած էր մի բարեհամբույր կին։ Նա ասաց. «Ներս համեցեք։ Ես կարդում էի ձեր բերած գրականությունը, սպասում էի ձեզ»։ Այդ ընթացքում կինը քիմիաթերապիա էր անցնում և տրամադրված չէր որևէ մեկի հետ հանդիպելու։ Սկսվեց Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Այո՛, Աստված պարգևատրեց այս քրոջը իր անխոնջ ջանքերի համար։

20. Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան դիտում է քեզ։

20 Եհովան տեսնում է, թե ինչ ենք անում, և քննում է յուրաքանչյուրիս սիրտը։ Մի՛ կարծիր, թե տեսախցիկի վերահսկողության տակ ես։ Փոխարենը՝ մտածիր, որ քո հոգատար Հայրը, դիտելով քեզ, ուզում է օգնել, ինչպես նաև տեսնել քո բարի գործերը, որպեսզի պարգևատրի դրանց համար։ Սա, ինչ խոսք, կմտերմացնի քեզ Եհովայի հետ։

^ պարբ. 14 Եղբայր Քլեյնի կենսագրությունը տպագրված է «Դիտարանի» 1984թ. դեկտեմբերի 1-ի համարում (անգլ.)։