Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Մարտ 2014

Ինչ անել, որպեսզի ճշմարտությունը հասնի հարազատիդ սրտին

Ինչ անել, որպեսզի ճշմարտությունը հասնի հարազատիդ սրտին

«ԳՆԱ տուն՝ քո ազգականների մոտ, և պատմիր նրանց այն ամենը, ինչ Եհովան արեց քեզ համար, և այն ողորմության մասին, որ քո հանդեպ ցուցաբերվեց»։ Այս խոսքերը Հիսուսն ասաց մի մարդու, որն ուզում էր իր հետևորդը դառնալ (այդ ժամանակ Քրիստոսը հավանաբար Գադարայում էր, որն ընկած էր Գալիլեայի ծովից հարավ)։ Նրա խոսքերից երևում է, որ նա գիտեր՝ մարդիկ սովորաբար ցանկանում են հետաքրքիր և կարևոր բաների մասին խոսել իրենց հարազատների հետ (Մարկ. 5։19

Մարդուն բնորոշ այս հատկությունը դրսևորվում է նաև այսօր՝ որոշ մշակույթներում ավելի շատ, մյուսներում՝ ավելի քիչ։ Ուստի երբ մեկը դառնում է ճշմարիտ Աստված Եհովայի երկրպագու, սովորաբար ուզում է իր նոր հավատի մասին պատմել հարազատներին։ Իսկ ինչպե՞ս կարող է նա դա անել։ Ինչպե՞ս կարող է հասնել իր այն հարազատի սրտին, որը ուրիշ կրոն ունի կամ Աստծուն ընդհանրապես չի հավատում։ Աստվածաշունչը հստակ և գործնական խորհուրդներ է տալիս։

«ԳՏԱ՛ՆՔ ՄԵՍԻԱՅԻՆ»

Անդրեասը առաջիններից էր, որ իմացավ՝ Հիսուսը Մեսիան է։ Հետաքրքիր է, ո՞ւմ նա առաջին հերթին պատմեց այդ մասին։ «Նախ նա գտավ իր եղբորը՝ Սիմոնին, ու ասաց. «Գտա՛նք Մեսիային» (որը թարգմանվում է «Քրիստոս»)»։ Անդրեասը Սիմոնին, այսինքն՝ Պետրոսին, տարավ Հիսուսի մոտ՝ այդպիսով հնարավորություն տալով նրան դառնալու նրա աշակերտը (Հովհ. 1։35–42

Մոտ վեց տարի անց Պետրոսը Հոպպեում էր։ Հարյուրապետ Կոռնելիոսը, որն ապրում էր Կեսարիայում, հրավիրեց նրան իր տուն։ Պետրոսը գնաց և երբ տուն մտավ, այնտեղ տեսավ հավաքված մարդկանց։ Ովքե՞ր էին նրանք։ Կարդում ենք. «Կոռնելիոսը, անշուշտ, սպասում էր [Պետրոսին և նրա հետ եկածներին]. նա կանչել էր իր ազգականներին ու  մտերիմ ընկերներին»։ Ինչպես տեսնում ենք, Կոռնելիոսը իր ազգականներին հնարավորություն տվեց լսելու Պետրոսին։ Նրանք կարող էին ինքնուրույն որոշել՝ ընդունել Պետրոսի ասածները, թե ոչ (Գործ. 10։22–33

Ի՞նչ կարող ենք սովորել Անդրեասից և Կոռնելիոսից։

Անդրեասն ու Կոռնելիոսը չհապաղեցին. նրանք անմիջապես գործի անցան։ Անդրեասը Պետրոսին տարավ Հիսուսի մոտ, իսկ Կոռնելիոսը քայլեր ձեռնարկեց, որ իր ազգականները լսեն Պետրոսին։ Բայց նրանք ճնշում չգործադրեցին իրենց հարազատների վրա կամ չփորձեցին խորամանկելով նրանց դարձնել Քրիստոսի հետևորդ։ Ինչ խոսք, մենք կարող ենք որոշ մտքեր փոխանակել մեր հարազատների հետ և հնարավորություններ ստեղծել, որ նրանք առնչվեն աստվածաշնչյան ճշմարտություններին ու հաղորդակցվեն մեր հավատակիցների հետ։ Սակայն մենք պետք է հարգենք ազատ կամք դրսևորելու նրանց իրավունքը և չպետք է նրանց վրա ճնշում գործադրենք։ Գերմանիայում ապրող մի ամուսնական զույգի՝ Յուրգենի և Պետրայի օրինակով տեսնենք, թե ինչպես կարող ենք հասնել մեր հարազատի սրտին։

Պետրան Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրեց և մկրտվեց։ Յուրգենը զինվորական էր։ Սկզբում նրան դուր չեկավ կնոջ այդ որոշումը։ Բայց հետո հասկացավ, որ Վկաները Աստվածաշնչից են խոսում։ Նա նույնպես մկրտվեց և այսօր ծառայում է երեց։ Ի՞նչ խորհուրդ է տալիս Յուրգենն այն մասին, թե ինչպես աստվածաշնչյան ճշմարտությունը հասցնել հարազատի սրտին։

Նա ասում է. «Չպետք է շտապեցնենք մեր հարազատին ընդունել ճշմարտությունը և չպետք է հեղեղենք նրան հոգևորի մասին նյութերով և զրույցներով։ Դա լրիվ հակառակ ազդեցություն կթողնի։ Շոշափելի արդյունքի հասնելու համար ավելի լավ է ժամանակ առ ժամանակ նրբանկատորեն փոքր քանակությամբ հոգևոր տեղեկություն տալ նրան։ Կարելի է նաև կազմակերպել, որ մեր հարազատը շփվի իր տարիքի կամ նույն հետաքրքրություններն ունեցող մեր հավատակիցների հետ։ Դրա շնորհիվ ընդհանուր եզրեր կստեղծվեն»։

«Չպետք է շտապեցնենք.... և չպետք է հեղեղենք» (Յուրգեն)

Ինչպես տեսնում ենք, Պետրոսը և Կոռնելիոսի ազգականները արագորեն արձագանքեցին աստվածաշնչյան լուրին։ Բայց ուրիշները (ովքեր լսեցին ճշմարտությունը առաջին դարում) երկար ժամանակ հետո միայն ընդունեցին այն։

ՀԻՍՈՒՍԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Հիսուսի ազգականներից մի քանիսը հավատացին նրան արդեն նրա ծառայության ընթացքում։ Օրինակ՝ Հակոբոս և Հովհաննես առաքյալները, ըստ ամենայնի, Հիսուսի զարմիկներն էին և նրանց մայրը՝ Սալոմեն, նրա մորաքույրն էր։ Հնարավոր է՝ Սալոմեն մեկն էր այն «ուրիշ շատ կանանցից, որոնք ծառայում էին նրանց՝ [Հիսուսին և առաքյալներին] կիսելով նրանց հետ իրենց ունեցածը» (Ղուկ. 8։1–3

Քրիստոսի հարազատներից ոմանք, սակայն, անմիջապես չհավատացին նրան։ Օրինակ՝ Հիսուսի մկրտությունից մոտ մեկ տարի անց մի անգամ բազմություն էր հավաքվել տան մեջ՝ լսելու նրան։ «Բայց երբ նրա ազգականները լսեցին այդ մասին, եկան, որ բռնեն նրան, որովհետև ասում էին՝ խելագարվել է»։ Որոշ ժամանակ անց, երբ Հիսուսի եղբայրները հարցրին նրան, թե արդյոք չի ուզում ճանապարհ գնալ, նա կոնկրետ պատասխան չտվեց։ Ինչո՞ւ։ Որովհետև «նրա եղբայրները չէին հավատում նրան» (Մարկ. 3։21; Հովհ. 7։5

Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե ինչպես Քրիստոսը վարվեց իր ազգականների հետ։ Նա չվիրավորվեց, երբ նրանցից ոմանք ասացին, թե ինքը խելագարվել է։ Նույնիսկ մահից ու հարությունից հետո Հիսուսը քաջալերեց իր հարազատներին՝ հայտնվելով իր եղբայր Հակոբոսին։ Դա ոչ միայն  Հակոբոսին, այլև Հիսուսի մյուս եղբայրներին հավանաբար համոզեց, որ նա Մեսիան է։ Ուստի զարմանալի չէ, որ նրանք առաքյալների և ուրիշների հետ Երուսաղեմում վերնասենյակում էին և ակներևաբար ստացան սուրբ ոգին։ Ժամանակի ընթացքում Հակոբոսը և Հուդան, որը նույնպես Հիսուսի եղբայրներից էր, մեծ առանձնաշնորհումներ ստացան (Գործ. 1։12–14; 2։1–4; 1 Կորնթ. 15։7

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

«Եթե ունենաս ծով համբերություն, հիանալի արդյունքների կհասնես» (Ռոսվիտա)

Ինչպես որ առաջին դարում, այսօր էլ բավական ժամանակ է անցնում, մինչև որ որոշ հարազատներ սկսում են քայլել կյանքի տանող ճանապարհով։ Ռոսվիտան ջերմեռանդ կաթոլիկ էր, երբ նրա ամուսինը 1978թ.-ին մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Անկեղծ մղումներով՝ նա սկզբում հակառակվում էր ամուսնուն։ Բայց տարիներ անց Ռոսվիտան սկսեց հասկանալ, որ Վկաները ճշմարտությունն են սովորեցնում, և սկսեց ավելի քիչ հակառակվել։ 2003թ.-ին Ռոսվիտան մկրտվեց։ Ի՞նչը նպաստեց, որ նա փոխվի։ Ռոսվիտայի ամուսինը բացասաբար չարձագանքեց կնոջ հակառակությանը։ Փոխարենը՝ լցվեց համբերությամբ, մինչև որ նա փոխի իր տեսակետը։ Ի՞նչ խորհուրդ է տալիս Ռոսվիտան։ Նա ասում է. «Եթե ունենաս ծով համբերություն, հիանալի արդյունքների կհասնես»։

Մոնիկան մկրտվեց 1974թ.-ին, իսկ նրա երկու տղաները Վկաներ դարձան տասը տարի անց։ Թեև Մոնիկայի ամուսինը՝ Հանսը, ընդհանրապես չէր հակառակվում նրանց, նա մկրտվեց միայն 2006թ.-ին։ Հետադարձ հայացք նետելով՝ նրանց ընտանիքը այսպիսի խորհուրդ է տալիս. «Մինչև վերջ հավատարիմ մնա Եհովային և հավատի հարցում զիջումների մի՛ գնա»։ Ինչ խոսք, Մոնիկան ու նրա որդիները միշտ հավաստիացնում էին Հանսին իրենց սիրո մեջ և հույսը երբեք չէին կտրում, որ նա վերջապես կընդունի ճշմարտությունը։

ԹԱՐՄԱՑՐՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՋՐՈՎ

Մի անգամ Հիսուսը ճշմարտության լուրը նմանեցրեց ջրի, որը հավիտենական կյանք է տալիս (Հովհ. 4։13, 14)։ Մենք ուզում ենք, որ մեր հարազատները թարմանան՝ խմելով ճշմարտության սառնորակ և զուլալ ջրից։ Անշուշտ, չենք ուզում նրանց տալ այնքան «ջուր», որ նրանք խեղդվեն։ Կթարմանան նրանք, թե կխեղդվեն, կախված է այն բանից, թե ինչպես ենք պատմում մեր հավատի մասին։ Աստվածաշունչն ասում է, որ «արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի» և որ «իմաստունի սիրտը նրա բերանին հասկացողություն է տալիս և նրա շուրթերին համոզելու կարողություն է ավելացնում»։ Ինչպե՞ս կարող ենք կիրառել այս խոսքերը (Առակ. 15։28; 16։23

Պատկերացնենք՝ կինը ցանկանում է ամուսնու հետ խոսել իր հավատի մասին։ Եթե նա «մտածում է, թե ինչ պատասխանի», ապա ճիշտ բառեր կընտրի։ Նա պետք է զգույշ լինի, որ ինքնահավան մարդու տպավորություն չստեղծի կամ որ իր ամուսնուն վերևից չնայի։ Կնոջ լավ մտածված խոսքերը կարող են թարմացնել ամուսնուն և նպաստել խաղաղությանը։ Լավ կլինի՝ կինը մտածի հետևյալ հարցերի շուրջ. «Ե՞րբ է ամուսինս իրեն հանգիստ զգում և ավելի տրամադրված լինում որևէ հարց քննարկելու։ Ի՞նչ թեմաների մասին է հաճույքով խոսում, ի՞նչ է սիրում կարդալ։ Հետաքրքրվո՞ւմ է գիտությամբ, քաղաքականությամբ կամ սպորտով։ Ինչպե՞ս կարող եմ ամուսնուս մեջ հետաքրքրություն առաջացնել Աստվածաշնչի հանդեպ՝ միևնույն ժամանակ հարգելով նրա զգացումներն ու կարծիքը»։ Այսպես վարվելով՝ կինը կկարողանա խոսել ու գործել իմաստնորեն։

Այնուամենայնիվ, մեր հավատի մասին ճիշտ ձևով խոսելը բավարար չէ։ Մենք պետք է մեր խոսքերը ամրագրենք ճիշտ վարքով։

ԼԱՎ ՎԱՐՔ ԴՐՍԵՎՈՐԻՐ

«Առօրյայում հետևողականորեն կիրառիր Աստվածաշնչի սկզբունքները։ Սա շատ արդյունավետ միջոց է հարազատի հետաքրքրությունը շարժելու համար, թեև հնարավոր է՝ նա ցույց չտա, որ դա իրեն դուր է գալիս»,— ասում է Յուրգենը։ Հանսը, որը մկրտվեց կնոջ մկրտությունից մոտ 30 տարի անց, համաձայն է Յուրգենի հետ։ Նա ասում է. «Կարևոր է օրինակելի քրիստոնեական վարք ունենալ։ Այդպես մեր հարազատը կտեսնի, որ ճշմարտությունը դրականորեն է ազդում մեզ վրա»։ Մեր վարքը պետք է այնպիսին լինի, որ մեր հարազատները հստակ տեսնեն, որ մենք ուրիշներից տարբերվում ենք ոչ թե բացասական, այլ դրական առումով։

«Կարևոր է օրինակելի քրիստոնեական վարք ունենալ։ Այդպես մեր հարազատը կտեսնի, որ ճշմարտությունը դրականորեն է ազդում մեզ վրա» (Հանս)

Պետրոս առաքյալը արժեքավոր խորհուրդ տվեց այն կանանց, որոնց ամուսինները չեն ընդունում իրենց հավատը։ Նա գրեց. «Հպատակվեք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով՝ տեսնելով ձեր մաքուր վարքն ու խոր հարգանքը։ Եվ թող ձեր զարդարանքը չլինի արտաքուստ. մազեր հյուսելը, ոսկյա զարդեր կրելը կամ հանդերձներ հագնելը։ Այլ ձեր զարդարանքը թող լինի սրտի ծածուկ մարդը՝ հանդարտ ու մեղմ ոգու  անապականելի հագուստը հագած, ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում» (1 Պետ. 3։1–4

Պետրոսը գրեց, որ կինն իր լավ վարքով կարող է «շահել» ամուսնուն։ Քրիստան, այն ժամանակվանից, երբ մկրտվեց (1972թ.), Պետրոսի այս խորհրդին հետևելով, ջանում է իր վարքով ճշմարտությունը հասցնել ամուսնու սրտին։ Ճիշտ է, նրա ամուսինը մի որոշ ժամանակ Վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրեց, բայց առայժմ ճշմարտությունը չի ընդունել։ Այդուհանդերձ, նա երբեմն հաճախում է ժողովի հանդիպումների և մտերմացել է ժողովի անդամների հետ։ Նրանք հարգում են նրա ընտրելու իրավունքը։ Ինչպե՞ս է Քրիստան փորձում հասնել ամուսնու սրտին։

«Ես վճռական եմ միշտ հավատարիմ լինել Եհովային ու կատարել նրա կամքը։ Դրա հետ մեկտեղ ջանում եմ «առանց խոսքի» շահել ամուսնուս՝ լավ վարք դրսևորելով։ Երբ հարցը չի վերաբերում աստվածաշնչյան սկզբունքներին, ձգտում եմ ամեն ինչ ամուսնուս ուզածով անել։ Հասկանում եմ, որ նա ինքն է որոշում այսպես կամ այնպես վարվել, ուստի ամեն բան թողնում եմ Եհովային»։

Քրիստայի վարվելակերպը ցույց է տալիս, որ կարևոր է ճկուն լինել։ Նա հետևում է իր հոգևորին՝ կանոնավորաբար հաճախում է ժողովի հանդիպումներին և մասնակցում է քարոզչական ծառայությանը։ Բայց նաև հասկանում է, որ կողակիցը իր սիրո և ուշադրության կարիքն ունի, և ինքը պետք է ժամանակ տրամադրի նրան։ Մենք իմաստնորեն վարված կլինենք, եթե ճկուն լինենք ու հասկացողություն դրսևորենք մեր այն հարազատների նկատմամբ, ովքեր չեն ընդունում ճշմարտությունը։ «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,— ասում է Աստվածաշունչը։ Այս խոսքերից երևում է, որ հարկավոր է ժամանակ տրամադրել նաև մեր ընտանիքի այդ անդամներին, հատկապես կողակցին։ Միասին ժամանակ անցկացնելը նպաստում է լավ հաղորդակցությանը։ Փորձը ցույց է տալիս, որ լավ հաղորդակցության դեպքում քիչ հավանական է, որ կողակիցը իրեն միայնակ ու լքված զգա կամ խանդի զգացում ունենա (Ժող. 3։1

ԵՐԲԵՔ ՀՈՒՅՍԴ ՄԻ՛ ԿՈՐՑՐՈՒ

«Շատ կարևոր է սեր ցույց տալ ընտանիքի անդամի հանդեպ և աղոթել նրա համար»,— ասում է Հոլգերը, որի հայրը ընտանիքի մյուս անդամների մկրտությունից միայն 20 տարի անց մկրտվեց։ Քրիստան ասում է, որ «երբեք հույսը չի կորցնում, որ ամուսինը, վերջիվերջո, կընդունի ճշմարտությունը և կդառնա Եհովայի ծառա»։ Մենք պետք է միշտ դրականորեն տրամադրված լինենք մեր այն հարազատների նկատմամբ, ովքեր չեն ընդունում ճշմարտությունը, և երբեք մեր հույսը չպետք է կորցնենք։

Մեր նպատակն է մեր հարազատների հետ լավ փոխհարաբերություններ պահպանել, այնպես անել, որ նրանք ցանկանան իմանալ ճշմարտությունը, և աստվածաշնչյան լուրը հասցնել նրանց սրտին։ Այս ամենը, ինչ խոսք, պետք է անենք «մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետ. 3։15