Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2014

Ընտանեկան երկրպագություն. կարո՞ղ ես այն ավելի հաճելի դարձնել

Ընտանեկան երկրպագություն. կարո՞ղ ես այն ավելի հաճելի դարձնել

«Մեր ընտանեկան երկրպագության ժամանակ հաճախ այնքան ենք տարվում քննարկումներով, որ եթե այն չդադարեցնեմ, ապա այն կշարունակվի մինչև առավոտ»,— ասում է մի հայր (Բրազիլիա)։ Իսկ մի եղբայր (Ճապոնիա) ասում է, որ իր 10-ամյա որդին չի էլ նկատում, թե ինչպես է ժամանակն անցնում, և ուզում է, որ ընտանեկան երկրպագությունը շարունակվի։ Ինչո՞ւ։ «Որովհետև նա ոգևորվում է և շատ է ուրախանում»,— բացատրում է հայրը։

Ինչ խոսք, ոչ բոլոր երեխաներն են ոգևորված սպասում ընտանեկան երկրպագությանը, իսկ ոմանք հաճույքով չեն մասնակցում դրան։ Բայց, ինչպես ասում է մի հայր (Տոգո), «Եհովային երկրպագելը չպետք է ձանձրալի լինի»։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ որոշ ընտանիքներում ընտանեկան երկրպագությունը հաճույք չի պատճառում։ Պատճառը, հավանաբար, անցկացման ձևն է։ Շատ ընտանիքներ զգացել են, որ ընտանեկան երկրպագությունը կարող է, ինչպես Եսայիա մարգարեն ասաց Շաբաթի մասին, «մեծ ուրախություն» պատճառել (Ես. 58։13, 14

Քրիստոնյա հայրերը հասկանում են, որ ընտանիքի անդամները ուրախություն կստանան ընտանեկան երկրպագությունից, եթե ազատ ու թեթև մթնոլորտ տիրի։ Ռալֆը, որը երեք աղջիկ և մեկ տղա ունի, ասում է, որ իրենց ընտանեկան երկրպագությունը նման չէ չոր ուսումնասիրության։ Այն ավելի շուտ մտերմիկ շփում է ընտանիքի բոլոր անդամների միջև։ Ինչ խոսք, երբեմն կարող է դժվար լինել ընտանեկանն այնպես անցկացնել, որ յուրաքանչյուրին հետաքրքիր լինի և բոլորը ներգրավվեն քննարկմանը։ Մի մայր ասում է. «Միշտ չէ, որ բավականաչափ ուժ ու եռանդ եմ ունենում ընտանեկանն այնպես անցկացնելու, ինչպես կուզեի»։ Ինչպե՞ս կարող ես ընտանեկան երկրպագությունն ավելի հաճելի դարձնել։

ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հարկավոր է ճկուն լինել»,— ասում է մի հայր, որը երկու երեխա ունի (Գերմանիա)։ Իսկ Նատալին, որը երկու երեխաների մայր է, նշում է.  «Մեր ընտանիքի համար ամենակարևորը բազմազանությունն է»։ Շատ ընտանիքներ ընտանեկան երկրպագությունը մի քանի մասով են անցկացնում։ «Այդպես ուսումնասիրությունն ավելի աշխույժ է անցնում, և ողջ ընտանիքը ներգրավված է լինում»,— ասում է Քլեյտոնը, որը երկու դեռահաս երեխա ունի (Բրազիլիա)։ Ուսումնասիրությունը մասերի բաժանելը հատկապես օգտակար է, երբ երեխաների տարիքային տարբերությունը մեծ է։ Այդպես ծնողները կկարողանան յուրաքանչյուր երեխայի անհատական ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով նրա կարիքները։ Նաև հարկավոր է ճկուն լինել այն հարցում, թե ինչ հրատարակություն ուսումնասիրել և ինչ ձևով։

Ի՞նչ են անում որոշ ընտանիքներ ընտանեկան երկրպագությունը բազմազան դարձնելու համար։ Ոմանք այն սկսում են Եհովային փառաբանող երգերով։ «Դա հաճելի մթնոլորտ է ստեղծում, և մենք տրամադրվում ենք ուսումնասիրությանը»,— ասում է Խուանը (Մեքսիկա)։ Նա և նրա ընտանիքի անդամները այն երգերն են ընտրում, որոնք համապատասխանում են ընտանեկան երկրպագության համար նախատեսված նյութին։

Շրի Լանկա

Որոշ ընտանիքներ միասին Աստվածաշնչից որևէ հատված են կարդում։ Ուրիշ ընտանիքներ էլ Աստվածաշունչը դերերով են կարդում։ Մի հայր (Ճապոնիա) ասում է, որ իր համար «սկզբում մի քիչ անսովոր էր նման ընթերցանությունը»։ Բայց նրա երկու որդիները ուրախ էին, որ ծնողները հաճույքով ժամանակ են տրամադրում իրենց։ Կան ընտանիքներ, որ նույնիսկ բեմականացնում են աստվածաշնչյան պատմությունները։ Երեխաները «աստվածաշնչյան պատմություններում հաճախ նկատում են այնպիսի բաներ, որոնք ես ու կինս մինչ այդ չէինք նկատել»,— ասում է Ռոջերը, որը երկու տղա ունի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)։

Հարավաֆրիկյան Հանրապետություն

Ընտանեկան երկրպագությունը բազմազան կարելի է դարձնել՝ միասին ինչ-որ բան պատրաստելով, օրինակ՝ Նոյի տապանի կամ Սողոմոնի տաճարի մոդելը։ Դրա համար փնտրտուքներ անելը շատ հետաքրքիր կարող է լինել։ Ասիայում ապրող մի ընտանիք՝ ծնողները, նրանց հինգ տարեկան աղջիկը և տատիկը, պատրաստեցին սեղանի խաղ, որը հիմնված էր Պողոս առաքյալի միսիոներական ճանապարհորդությունների վրա։ Ուրիշ ընտանիքներ նման խաղեր են պատրաստել՝ օգտվելով «Ելք» գրքից։ Բազմազանությունը «նոր շունչ է հաղորդում մեր ընտանեկան երկրպագությանը և մեր ընտանիքին»,— ասում է 19-ամյա Դոնալդը (Տոգո)։ Կարո՞ղ ես այնպիսի բան կազմակերպել, որը ձեր ընտանեկան երկրպագությունն ավելի հաճելի կդարձնի։

ԱՄՆ

ԱՆՊԱՅՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԻՐ

Ճիշտ է, ճկունությունն ու բազմազանությունը հետաքրքիր են դարձնում ընտանեկան երկրպագությունը, բայցևայնպես, որպեսզի այն լիարժեք օգուտ տա, բոլորը պետք է նախապատրաստվեն։ Երբեմն երեխաները հոգնում են, ուստի լավ կլինի՝ հայրերը նախօրոք մտածեն ընտրվելիք նյութի շուրջ և բավականաչափ ժամանակ տրամադրեն նախապատրաստվելուն։ Մի հայր ասում է. «Երբ ես նախապատրաստված եմ լինում, ընտանիքիս անդամները ավելի շատ օգուտներ են քաղում ուսումնասիրությունից»։ Մի հայր էլ (Գերմանիա) իր ընտանիքի անդամներին նախօրոք տեղեկացնում է, թե ինչ են քննարկելու հաջորդ շաբաթների ընթացքում։ Մեկ ուրիշ հայր, որը վեց երեխա ունի (Բենին), ասում է, որ երբ ծրագրում է աստվածաշնչյան ֆիլմ դիտել ընտանեկան երկրպագությանը, նախօրոք հարցեր է պատրաստում։ Այո՛, նախապատրաստվելը որակապես բարելավում է ընտանեկան երկրպագությունը։

Եթե ընտանիքի անդամները նախօրոք իմանան, թե ինչ են ուսումնասիրելու հաջորդ անգամ, կկարողանան շաբաթվա ընթացքում քննարկել դա և խանդավառությամբ լցվել։ Բացի այդ, եթե ամեն մեկը ինչ-որ հանձնարարություն ունենա ընտանեկան երկրպագության հետ կապված, ապա ընտանիքի յուրաքանչյուր անդամ կզգա, որ կարևոր դեր ունի իրենց ընտանեկան երկրպագության անցկացման հարցում։

ԱՆՑԿԱՑՐՈՒ ԿԱՆՈՆԱՎՈՐԱԲԱՐ

Քիչ չեն այն ընտանիքները, որոնք դժվարանում են ընտանեկան երկրպագությունը կանոնավորաբար անցկացնել։

Օրինակ՝ շատ հայրեր ստիպված են երկար աշխատել, որպեսզի կարողանան ծայրը ծայրին հասցնել։ Մի հայր (Մեքսիկա) տնից դուրս է գալիս առավոտյան ժամը վեցին և վերադառնում երեկոյան ութից հետո։ Մեկ այլ դժվարություն է այն, որ երբեմն կարիք է առաջանում փոխելու ընտանեկան երկրպագության օրը կամ ժամը՝ ուրիշ հոգևոր միջոցառման ներկա լինելու համար։

Չնայած դժվարություններին՝ մենք պետք է վճռական լինենք ընտանեկան երկրպագությունն անցկացնել կանոնավորաբար։ 11-ամյա Լոիսն (Տոգո) ասում է. «Երբեմն օրվա ընթացքում չնախատեսված բան է լինում, և ընտանեկանը չի հաջողվում սկսել պլանավորած ժամին։ Ամեն դեպքում մենք անում ենք մեր ընտանեկան երկրպագությունը»։ Հասկանալի է, թե ինչու որոշ ընտանիքներ ընտանեկան երկրպագությունը ծրագրում են անել շաբաթվա սկզբին։ Եթե ինչ-որ անսպասելի բան է պատահում, նրանք ընտանեկան երկրպագությունը անում են այդ շաբաթ մեկ ուրիշ օր։

«Ընտանեկան երկրպագություն» արտահայտությունից իսկ երևում է, որ դա Եհովային երկրպագելու ձևերից մեկն է։ Թող որ ընտանիքիդ բոլոր անդամները ամեն շաբաթ իրենց «շուրթերի մատղաշ ցլերը» մատուցեն Եհովային (Օս. 14։2, ծնթ.)։ Եվ թող որ ընտանեկան երկրպագությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ուրախ անցնի, «որովհետև Եհովայի ուրախությունը [մեր] ամրոցն է» (Նեեմ. 8։9, 10