Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՄԱՐՏ 2014

Պահպանիր անձնազոհ ոգիդ

Պահպանիր անձնազոհ ոգիդ

«Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա» (ՄԱՏԹ. 16։24

1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը անձնազոհության գերազանց օրինակ է։

ՀԻՍՈՒՍԸ անձնազոհության գերազանց օրինակ է։ Նա չձգտեց հարմարավետ կյանքի ու մի կողմ դրեց իր ցանկությունները, որպեսզի կատարի Աստծու կամքը (Հովհ. 5։30)։ Մահանալով տանջանքի ցցի վրա՝ Քրիստոսը մինչև վերջ հավատարիմ մնաց Աստծուն, ինչով և փաստեց, որ իր անձնազոհությունը սահման չունի (Փիլիպ. 2։8

2. Ինչպե՞ս կարող ենք անձնազոհ ոգի դրսևորել և ինչո՞ւ պետք է անձնազոհ լինենք։

2 Լինելով Հիսուսի հետևորդները՝ մենք նույնպես պետք է անձնազոհ լինենք։ Ի՞նչ է նշանակում լինել անձնազոհ։ Եթե մեկ խոսքով ասենք, դա նշանակում է պատրաստ լինել հրաժարվելու սեփական շահերից հօգուտ ուրիշների։ Անձնազոհությունը եսասիրության հակառակն է (կարդա՛  Մատթեոս 16։24)։ Անեսասեր ոգին մղում է մեզ ուրիշների ցանկություններն ու նախընտրությունները վեր դասելու մեր ցանկություններից ու նախընտրություններից (Փիլիպ. 2։3, 4)։ Հիսուսը սովորեցրեց, որ անեսասեր ոգին ընկած է Եհովայի երկրպագության հիմքում։ Քրիստոնեական սերը մղում է անձնազոհ ոգի դրսևորելու։ Հիսուսի ճշմարիտ հետևորդները հայտնի են հենց այդպիսի սիրով (Հովհ. 13։34, 35)։ Մեզ համար մեծ օրհնություն է մաս կազմել համաշխարհային մի եղբայրության, որը անձնազոհ ոգի է դրսևորում։

3. Ի՞նչը կարող է քայքայել մեր անձնազոհ ոգին։

 3 Բայց մենք ունենք մի թշնամի, որը կարող է աննկատ քայքայել մեր անձնազոհ ոգին։ Այդ թշնամին եսասեր լինելու հակումն է։ Ադամն ու Եվան, որ կատարյալ էին, եսասիրություն դրսևորեցին։ Եվան եսասիրաբար ցանկացավ Աստծուն նմանվել, իսկ Ադամը ցանկացավ ավելի շատ հաճելի լինել իր կնոջը, քան Աստծուն, ինչով և եսասիրություն դրսևորեց (Ծննդ. 3։5, 6)։ Ադամին ու Եվային ճշմարիտ երկրպագությունից հեռացնելուց հետո Սատանան շարունակեց դրդել մարդկանց եսասեր լինելու։ Նա նույնիսկ Հիսուսին փորձեց դրդել եսասիրության (Մատթ. 4։1–9)։ Մեր օրերում Սատանային հաջողվել է մոլորեցնել մարդկանց մեծամասնությանը՝ դրդելով նրանց տարբեր կերպերով եսասիրություն դրսևորելու։ Ուստի մենք պետք է զգույշ լինենք, որ չվարակվենք այդ ոգով (Եփես. 2։2

4. ա) Կարո՞ղ ենք ներկայումս վերացնել մեր եսասիրական հակումը։ Բացատրիր։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

4 Եսասիրությունը կարելի է նմանեցնել ժանգի, որն առաջանում է երկաթի վրա։ Երբ երկաթը օդի ու ջրի ազդեցությանն է ենթարկվում, սկսում է ժանգոտվել։ Վտանգն այն է, որ եթե ժանգը չմաքրենք, ապա այն այնքան կտարածվի, որ, ի վերջո, տվյալ առարկան կառուցվածքային փոփոխության կենթարկվի կամ ընդհանրապես շարքից դուրս կգա։ Մենք ներկայումս չենք կարող վերացնել մեր անկատարությունն ու եսասիրության հակումը, ուստի պետք է զգուշանանք «ժանգոտվելու» վտանգից և շարունակենք պայքարել եսասիրության դեմ (1 Կորնթ. 9։26, 27)։ Ինչպե՞ս կարող ենք հայտնաբերել մեր միջի եսասիրությունը և ինչպե՞ս կարող ենք ավելի շատ անձնազոհություն դրսևորել։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՎ ՍՏՈՒԳԻՐ

5. ա) Ինչպե՞ս է Աստվածաշունչը նման հայելու (տե՛ս 7-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ չպետք է անենք, երբ Աստվածաշնչի միջոցով ստուգում ենք մեր ներքին անձնավորությունը։

5 Ինչպես որ հայելու միջոցով կարող ենք իմանալ, թե ինչպիսին է մեր արտաքին տեսքը, այնպես էլ Աստվածաշնչի միջոցով կարող ենք ստուգել մեր ներքին անձնավորությունը և ուղղել ցանկացած թերություն, որ կգտնենք (կարդա՛  Հակոբոս 1։22–25)։ Բայց հայելին մեզ կօգնի միայն այն դեպքում, երբ այն գործածենք հարկ եղած ձևով։ Օրինակ՝ եթե ընդամենը թռուցիկ հայացք նետենք հայելու մեջ, ապա հնարավոր է՝ չնկատենք մի փոքրիկ, բայց լուրջ թերություն։ Կամ եթե կողքից նայենք, գուցե տեսնենք մեկ ուրիշի։ Նույն ձևով էլ եթե ուզում ենք, որ Աստվածաշունչը ցույց տա մեր որևէ թերություն, օրինակ՝ եսասիրությունը, չպետք է այն կարդանք մակերեսորեն կամ օգտագործենք մեկ ուրիշի թերությունները տեսնելու համար։

6. Ինչպե՞ս ենք «հարատևում» կատարյալ օրենքում։

6 Նույնիսկ եթե ամեն օր կարդում ենք Աստծու Խոսքը, հնարավոր է՝ չնկատենք, որ եսասիրությունը ծիլ է տվել մեր մեջ։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Հակոբոսի նամակի հայելու օրինակում այնպես չէր, որ մարդը չնայեց հայելու մեջ։ Հակոբոսը գրեց, որ նա «նայում է իրեն»։ Այստեղ Հակոբոսը օգտագործեց հունարեն մի բառ, որն ունի «ուշադիր զննելու» իմաստ։ Այդ դեպքում ո՞րն էր խնդիրը։ Հակոբոսը շարունակեց. «[Մարդը] հեռանում և իսկույն մոռանում է, թե ինչպիսին էր իր տեսքը»։ Այո՛, նա պարզապես հեռացավ հայելուց՝ առանց որևէ շտկում անելու իր տեսքի մեջ։ Ի տարբերություն նրա՝ «խոսքը կատարող» մարդը ոչ միայն «աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին», այլև «հարատևում է դրանում»։ Նա չի թողնում Աստծու Խոսքի կատարյալ օրենքը իր հետևում, այլ շարունակում է մնալ դրանում, այսինքն՝ հետևում է Աստվածաշնչի ուսմունքներին։ Ժամանակին Հիսուսը նման միտք արտահայտեց. «Եթե միշտ պահեք իմ խոսքը, ուրեմն իրոք իմ աշակերտներն եք» (Հովհ. 8։31

7. Ինչպե՞ս կարող ենք պայքարել եսասիրության դեմ։

7 Հետևաբար որպեսզի կարողանանք պայքարել եսասիրության դեմ, պետք է Աստվածաշունչը ուշադիր կարդանք։ Դրա  շնորհիվ կկարողանանք տեսնել, թե որ հարցերում շտկվելու կարիք ունենք։ Բայց այդքանը բավարար չէ. հարկավոր է նաև խոր ուսումնասիրություն անել։ Երբ աստվածաշնչյան որևէ դրվագ ես կարդում, պատկերացրու քեզ այնտեղ։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչպե՞ս կվարվեի այս իրավիճակում։ Իսկապե՞ս ճիշտը կանեի»։ Իսկ, որ ամենակարևորն է, ընթերցածի շուրջ խորհրդածելուց հետո ձգտիր սովորածդ կիրառել (Մատթ. 7։24, 25)։ Տեսնենք, թե Սավուղ թագավորի և Պետրոս առաքյալի մասին պատմությունները ինչպես կարող են օգնել մեզ պահպանելու մեր անձնազոհ ոգին։

ՍԱՎՈՒՂ ԹԱԳԱՎՈՐԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԸ

8. Ինչպիսի՞ անձնավորություն էր Սավուղը, երբ նոր էր թագավոր դարձել, և ինչի՞ց է դա երևում։

8 Իսրայելի Սավուղ թագավորի վատ օրինակից տեսնում ենք, թե եսասիրությունն ինչպես կարող է ժանգի պես ուտել անձնազոհ ոգին։ Սավուղը, երբ սկսեց թագավորել, համեստ ու խոնարհ մարդ էր (1 Սամ. 9։21)։ Նա չկամեցավ պատժել այն իսրայելացիներին, ովքեր Աստծուց ստացած իր իշխանության դեմ էին խոսել, չնայած որ բոլոր հիմքերն ուներ այդպես վարվելու (1 Սամ. 10։27)։ Սավուղը, հետևելով Աստծու ոգու առաջնորդությանը, հաջողության հասավ ամմոնացիների դեմ պատերազմում։ Նա խոնարհաբար ընդունեց, որ Եհովայի շնորհիվ է հաղթել (1 Սամ. 11։6, 11–13

9. Ինչպե՞ս Սավուղը եսասեր դարձավ։

9 Հետագայում Սավուղը թույլ տվեց, որ իր մեջ «ժանգ» առաջանա՝ եսասիրություն և հպարտություն։ Նա իր ցանկությունները վեր դասեց Եհովայի հանդեպ հնազանդությունից։ Ամաղեկացիներին հաղթելուց հետո նա, ագահություն դրսևորելով, ավար վերցրեց՝ փոխանակ ոչնչացնելու այն, ինչպես Եհովան էր պատվիրել իրեն։ Բացի այդ, Սավուղն ամբարտավանություն դրսևորեց՝ իր համար հուշարձան կանգնեցնելով (1 Սամ. 15։3, 9, 12)։ Երբ Սամուել մարգարեն նրան ասաց, որ Եհովային դա դուր չի եկել, նա փորձեց արդարանալ՝ նշելով միայն այն, ինչ, Եհովայի պատվերի համաձայն, իսկապես արել էր, իսկ իր սխալի համար մեղադրեց ուրիշներին (1 Սամ. 15։16–21)։ Սավուղը, հպարտությունից դրդված, մտածեց իր հեղինակությունը փրկելու և ոչ թե Աստծուն հաճելի լինելու մասին (1 Սամ. 15։30)։ Ինչպե՞ս կարող է նրա մասին պատմությունը, ինչպես հայելի, օգնել մեզ, որ պահպանենք մեր անձնազոհ ոգին։

10, 11. ա) Անձնազոհ ոգի պահպանելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում Սավուղի նախազգուշական օրինակից։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ չվարվենք Սավուղի պես։

10 Առաջին՝ Սավուղի օրինակը ցույց է տալիս, որ մենք չպետք է ինքնագոհ լինենք՝ մտածելով, որ եթե նախկինում անձնազոհ ենք եղել, ապա ինքնաբերաբար կշարունակենք անձնազոհ լինել (1 Տիմոթ. 4։10)։ Հիշենք, որ Սավուղը սկզբում համեստ ու խոնարհ մարդ էր և վայելում էր Աստծու հավանությունը։ Բայց նա չպայքարեց եսասիրության դեմ, որը սկսել էր արմատներ գցել իր մեջ։ Եհովան ի վերջո մերժեց Սավուղին նրա անհնազանդության համար։

11 Երկրորդ՝ մենք պետք է զգույշ լինենք, որ չկենտրոնանանք միայն այն բաների վրա, ինչը լավ ենք անում, և չպետք է անտեսենք մեր թերացումները։ Դա նման կլինի այն բանին, որ նայենք հայելու մեջ, հիանանք մեր նոր հագուստով, բայց չնկատենք, որ մեր դեմքին կեղտ կա։ Նույնիսկ եթե Սավուղի պես ինքնագոհ չենք, պետք է զգույշ լինենք, որ մեր սխալ հակումները չդրդեն մեզ նրա պես վարվելու։ Երբ խորհուրդ ենք ստանում, եկեք չարդարացնենք մեր արարքները, չնվազեցնենք խնդրի լրջությունը և մեղքը չգցենք ուրիշի վրա։ Սավուղի պես վարվելու փոխարեն՝ ճիշտ կլինի ընդունել խորհուրդը (կարդա՛  Սաղմոս 141։5

12. Անձնազոհությունն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, եթե լուրջ մեղք ենք գործել։

12 Իսկ եթե լուրջ մեղք ենք գործե՞լ։ Սավուղը ցանկացավ փրկել իր հեղինակությունը, ինչը խանգարեց նրան հոգևորապես ապաքինվել։ Բայց մենք, եթե անձնազոհ ոգի դրսևորենք, կկարողանանք հաղթահարել  շփոթմունքը և օգնություն կփնտրենք (Առակ. 28։13; Հակ. 5։14–16)։ Մի եղբայր 12 տարեկանից գաղտնի պոռնկագրություն էր դիտում։ Դա տևեց տասը տարուց ավելի։ Նա պատմում է. «Շատ դժվար էր կնոջս ու երեցներին խոստովանել իմ թուլության մասին։ Բայց հիմա կարծես մի մեծ բեռ ընկած լինի ուսերիցս։ Իմ ընկերներից ոմանք տխրեցին, երբ զրկվեցի ծառայող օգնականի նշանակումից։ Ես մտածում էի, որ հիասթափեցրել եմ նրանց։ Ինչևէ, գիտեմ, որ այժմ Եհովային հաճելի է իմ ծառայությունը, և ինձ համար ամենակարևորը նրա տեսակետն է»։

ՊԵՏՐՈՍԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

13, 14. Պետրոսն ինչպե՞ս եսասիրություն դըրսևորեց։

13 Պետրոս առաքյալը անձնազոհ էր արդեն այն ժամանակ, երբ Հիսուսը կրթում էր նրան (Ղուկ. 5։3–11)։ Այնուամենայնիվ, նա կարիք ուներ պայքարելու եսասիրության դեմ։ Օրինակ՝ նա բարկացավ, երբ Հակոբոս և Հովհաննես առաքյալները փորձեցին բարձր դիրք ստանալ Աստծու Թագավորությունում՝ ցանկանալով նստել Հիսուսի աջ ու ձախ կողմում։ Հնարավոր է՝ Պետրոսը մտածեց, որ այդ երկու տեղերից մեկը իրենն է, որովհետև Հիսուսն ասել էր, որ նա հատուկ դեր է ունենալու (Մատթ. 16։18, 19)։ Ինչևէ, Հիսուսը Հակոբոսին ու Հովհաննեսին, նաև Պետրոսին և մյուս առաքյալներին նախազգուշացրեց, որ չձգտեն «տիրել» իրենց եղբայրների վրա. դա եսասիրություն կլիներ (Մարկ. 10։35–45

14 Նույնիսկ Հիսուսից խորհուրդ ստանալուց հետո Պետրոսը շարունակեց եսասիրություն դրսևորել։ Երբ Քրիստոսը առաքյալներին ասաց, որ նրանք կգայթակղվեն իրեն պատահելիք բաներից և «կցրվեն», Պետրոսը, իրեն մյուսներից բարձր դասելով, պնդեց. «Թեկուզ բոլորն էլ քեզ հետ պատահածից գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի» (Մատթ. 26։31–33)։ Բայց դա ավելորդ ինքնավստահություն էր, որովհետև այդ նույն գիշեր նա Հիսուսին երեք անգամ ուրացավ։ Փոխանակ անձնազոհություն դրսևորեր՝ Պետրոսը փորձեց իրեն պաշտպանել (Մատթ. 26։69– 75

15. Ինչո՞ւ է Պետրոսի օրինակը քաջալերական մեզ համար։

15 Չնայած որ Պետրոս առաքյալը ձախողումներ ունեցավ սխալ հակումների դեմ  պայքարում, նրա օրինակը քաջալերական է մեզ համար։ Ջանք թափելով, ինչպես նաև Աստծու սուրբ ոգու օգնությամբ Պետրոսը կարողացավ հաղթահարել դրանք, դրսևորեց ինքնատիրապետում և անձնազոհ սեր (Գաղ. 5։22, 23)։ Նա հետագայում դիմացավ այնպիսի փորձությունների, որոնք, կարելի է ասել, ավելի ծանր էին, քան նախկին փորձությունները։ Երբ Պողոս առաքյալը ուրիշների ներկայությամբ խստորեն հանդիմանեց Պետրոսին, նա խոնարհություն դրսևորեց (Գաղ. 2։11–14)։ Պետրոսը ոխ չպահեց, չմտածեց, թե այդ հանդիմանությունը բիծ բերեց իր հեղինակությանը։ Նա շարունակեց սիրել Պողոսին (2 Պետ. 3։15)։ Պետրոսի օրինակը կարող է օգնել մեզ զարգացնելու անձնազոհ ոգի։

Ինչպե՞ս արձագանքեց Պետրոսը, երբ նրան ուղղեցին։ Դո՞ւ էլ նրա պես կարձագանքեիր (տե՛ս պարբերություն 15)

16. Ինչպե՞ս կարող ենք անձնազոհություն դրսևորել դժվար իրավիճակներում։

16 Իսկ դու ինչպե՞ս ես վարվում դժվար իրավիճակներում։ Երբ Պետրոսին և մյուս առաքյալներին քարոզելու համար բանտարկեցին և ծեծեցին, «նրանք ուրախանալով գնացին.... որովհետև արժանի եղան [Հիսուսի] անվան համար անարգանքի ենթարկվելու» (Գործ. 5։41)։ Դու էլ նրանց պես կարող ես հալածանքը դիտել որպես անձնազոհություն դրսևորելու հնարավորություն։ Այդպես կընդօրինակես Պետրոսին և Հիսուսի «հետքերին կհետևես» (կարդա՛  1 Պետրոս 2։20, 21)։ Այսպիսի տրամադրվածությունը նաև կարող է օգնել քեզ երեցների կողմից խրատ ստանալիս։ Վիրավորվելու փոխարեն՝ հետևիր Պետրոսի օրինակին (Ժող. 7։9

17, 18. ա) Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ մեր հոգևոր նպատակների վերաբերյալ։ բ) Ի՞նչ կարող ենք անել, եթե եսասիրության հետք հայտնաբերենք մեր սրտում։

17 Պետրոսի օրինակը կարող է օգտակար լինել նաև հոգևոր նպատակներ դնելու առնչությամբ։ Այդ նպատակներին կարող ես ձգտել՝ դրսևորելով անձնազոհ ոգի։ Զգույշ եղիր, սակայն, որ քո հոգևոր նպատակի հետևում ընկած չլինի աչքի ընկնելու ցանկությունը։ Ինքդ քեզ հարցրու. «Ինչո՞ւ եմ ուզում բարելավել կամ ընդլայնել ծառայությունս։ Ձգտում եմ ճանաչում կամ իշխանությո՞ւն ձեռք բերելու, ինչպես որ, հավանաբար, Հակոբոսն ու Հովհաննեսը»։

18 Եթե սրտումդ եսասիրության հետք հայտնաբերես, խնդրիր Եհովային, որ օգնի քեզ ուղղելու մտածելակերպդ ու վանելու սխալ ցանկություններդ։ Հետո ամեն ինչ արա, որ Եհովայի փառքը փնտրես և ոչ թե ձգտես ճանաչման (Սաղ. 86։11)։ Նաև ձգտիր այնպիսի նպատակների, որոնք ուշադրություն չեն հրավիրի քեզ վրա։ Օրինակ՝ ձգտիր զարգացնել սուրբ ոգու պտղի այն հատկությունը, որը քեզ համար հատկապես դժվար է դրսևորել։ Կամ եթե զգում ես, որ ժողովի հանդիպումներին ջանասիրաբար ես պատրաստվում, բայց նույն ձևով չես վերաբերվում Թագավորության սրահի մաքրությանը, նպատակ դիր կիրառելու Հռոմեացիներ 12։16-ը (կարդա՛

19. Ի՞նչ կարող ենք անել, որ չվհատվենք Աստծու Խոսքի հայելու մեջ մեր տեսածից։

19 Երբ ուշադիր նայենք Աստծու Խոսքի հայելու մեջ և մեր մեջ հայտնաբերենք եսասիրության նշույլներ և նույնիսկ արմատացած եսասիրություն, գուցե վհատվենք։ Այդ դեպքում լավ կլինի հիշենք Հակոբոս աշակերտի այն խոսքերը, որոնք նա ասաց «խոսքը կատարող» մարդու մասին։ Հակոբոսը չի ասում, թե մարդը որքան արագ է ուղղում իր հայտնաբերած թերությունները կամ թե նա կարողանում է ուղղել ցանկացած թերություն։ Նա ասում է, որ մարդը «հարատևում է կատարյալ օրենքում» (Հակ. 1։25)։ Այդպիսի մարդը մտապահում է հայելու մեջ իր տեսածը և շարունակում է դրական փոփոխություններ անել։ Ուստի դրական տեսակետ ունեցիր քո մասին և հիշիր, որ բոլորս էլ անկատար ենք (կարդա՛  Ժողովող 7։20)։ Շարունակիր «աչքերդ հառած նայել կատարյալ օրենքին» և ձգտիր պահպանել անձնազոհ ոգիդ։ Եհովան օգնել է քո բազմաթիվ եղբայրներին ու քույրերին, որոնք, անկատար լինելով հանդերձ, ստացել են նրա հավանությունն ու օրհնությունը։ Նա, անշուշտ, քեզ էլ կօգնի։