Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2014

Ցնծագին ողջունենք փառահեղ Թագավորին

Ցնծագին ողջունենք փառահեղ Թագավորին

«Հաջողությա՛ն հասիր քո շքեղությամբ» (ՍԱՂ. 45։4

1, 2. Ինչո՞ւ է մեզ համար հետաքրքրական 45-րդ սաղմոսը։

ՄԻ ՓԱՌԱՀԵՂ թագավոր ձիով սլանում է պատերազմելու հանուն ճշմարտության և արդարության։ Թշնամուն հաղթելուց հետո նա ամուսնանում է իր գեղեցիկ հարսնացուի հետ։ Այս թագավորին սերնդեսերունդ հիշում են ու պատվում։ Սա է 45-րդ սաղմոսի հիմնական թեման։

2 Սակայն այս սաղմոսը ավելին է, քան պարզապես գեղեցիկ վերջաբանով մի հուզիչ պատմություն։ Այն վերաբերում է մեզ, մեր ներկային ու ապագային։ Ուստի եկեք 45-րդ սաղմոսը մանրամասնորեն քննենք։

«ՍԻՐՏՍ ՀՈՒԶՎԱԾ Է ԲԱՐԻ ԲԱՆԻՑ»

3, 4. ա) Ի՞նչ է այն «բարի բանը», որն առնչվում է մեզ, և ի՞նչ ազդեցություն է այն թողնում մեզ վրա։ բ) Ի՞նչ ենք ազդարարում «թագավորի մասին», և ինչպե՞ս է մեր լեզուն «հմուտ գրագրի գրչի պես» դառնում։

3 Կարդա՛ Սաղմոս 45։1։ «Բարի բանը», որը հուզեց սաղմոսերգուի սիրտը, վերաբերում է մի թագավորի։ «Հուզված» թարգմանված եբրայերեն բառը նշանակում է «ուռչել», «եռալ»։ Այդ «բարի բանից» սաղմոսերգուի սիրտը ասես սկսել էր ուռչել, եռալ, այսինքն՝ նա լցվել էր խանդավառությամբ, և նրա լեզուն «հմուտ գրագրի գրչի պես» էր դարձել։

4 Մեսիական Թագավորության մասին բարի լուրը մի «բարի  բան» է, որը հուզում է մեր սիրտը։ Այդ լուրը բարի էր հատկապես 1914թ.-ին։ Այդ թվականից բարի լուրը այլևս չի վերաբերում ապագա Թագավորությանը. այն մի իրական կառավարության մասին է, որը գործում է երկնքում։ Դա «Թագավորության այն բարի լուրն» է, որը մենք քարոզում ենք «ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին» (Մատթ. 24։14)։ Իսկ Թագավորության լուրը մղո՞ւմ է մեզ գործերի։ Եռանդորե՞ն ենք քարոզում այն։ Սաղմոսերգուի պես՝ մենք ցանկանում ենք երգել թագավորի մասին։ Մեր Թագավորը Հիսուս Քրիստոսն է, և մենք ամենուրեք ազդարարում ենք, որ նա Մեսիական Թագավորության երկնային Թագավորն է։ Բացի այդ, մենք բոլորին, այդ թվում նաև կառավարիչներին հորդորում ենք հնազանդվել նրա իշխանությանը (Սաղ. 2։1, 2, 4–12)։ Երբ ծառայության ժամանակ շատ ենք գործածում Աստվածաշունչը, մեր լեզուն դառնում է «հմուտ գրագրի գրչի պես»։

Մենք ուրախությամբ ազդարարում ենք մեր Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրը

«ՀՄԱՅՔ Է ԹԱՓՎԱԾ ՇՈՒՐԹԵՐԻԴ ՎՐԱ»

5. ա) Ի՞նչ առումներով էր Հիսուսը «գեղեցիկ»։ բ) Ի՞նչ իմաստով էր Թագավորի շուրթերին «հմայք թափված», և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

5 Կարդա՛ Սաղմոս 45։2։ Աստվածաշունչը գրեթե բան չի ասում Հիսուսի արտաքինի մասին։ Բայց նա, լինելով կատարյալ մարդ, անկասկած, «գեղեցիկ» էր։ Սակայն առավել հատկանշական էր նրա այն գեղեցկությունը, որը բխում էր Եհովայի հանդեպ հավատարմությունից և անարատությունից։ Հիսուսը Թագավորության լուրը քարոզում էր «շնորհալի խոսքերով» (Ղուկ. 4։22; Հովհ. 7։46)։ Ջանո՞ւմ ենք ընդօրինակել նրան քարոզչական գործում և քարոզել այնպիսի խոսքերով, որ ճշմարտությունը հասնի մարդկանց սրտին (Կող. 4։6

6. Ի՞նչ առումով է Եհովան օրհնել Հիսուսին «հավիտյան»։

6 Քանի որ Հիսուսը լիովին նվիրված էր, Եհովան օրհնեց նրա երկրային ծառայությունը և նրա զոհաբերական մահից հետո պարգևատրեց նրան։ Պողոս առաքյալը գրեց. «Լինելով մարդու կերպարանքում՝ Հիսուսը խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի ցցի վրա։ Եվ հենց այդ պատճառով Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից, որպեսզի Հիսուսի անվան առաջ բոլորը ծնկի գան՝ թե՛ երկնքում լինողները, թե՛ երկրի վրա լինողները և թե՛ գետնի տակ լինողները, և ամեն լեզու հայտնապես ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր՝ Աստծու փառքի համար» (Փիլիպ. 2։8–11)։ Եհովան օրհնեց Հիսուսին «հավիտյան»՝ հարություն տալով նրան և պարգևատրելով անմահ կյանքով (Հռոմ. 6։9

«ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ ԻՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ»

7. Ինչո՞վ էր Հիսուսի օծումը «առավել, քան իր ընկերներինը»։

7 Կարդա՛ Սաղմոս 45։6, 7։ Եհովան Հիսուսին Մեսիական Թագավորության Թագավոր օծեց, որովհետև Հիսուսը շատ էր սիրում արդարությունը և ատում էր այն ամենը, ինչը կարող էր անպատվել իր Հորը։ Հիսուսը օծվեց «ցնծության յուղով առավել, քան իր ընկերները»՝ Հուդայի թագավորները, որոնք Դավթի շառավղից էին։ Ինչո՞ւ է ասվում «առավել»։ Հիսուսը օծվեց անձամբ Եհովայի կողմից։ Բացի այդ, Եհովան օծեց նրան Թագավոր և Քահանայապետ (Սաղ. 2։2; Եբր. 5։5, 6)։ Եվ վերջապես Հիսուսը օծվեց ոչ թե յուղով, այլ սուրբ ոգով, և նրա իշխանությունը  ոչ թե երկրային է, այլ երկնային։

8. Ի՞նչ է նշանակում այն, որ «Աստված Հիսուսի գահն է», և ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Քրիստոսի իշխանությունն արդար է։

8 Եհովան իր Որդուն Մեսիական Թագավոր նշանակեց երկնքում 1914թ.-ին։ Նրա «թագավորության գավազանը արդարության գավազան է», հետևաբար նրա իշխանությունը լինելու է արդար և անկողմնակալ։ Նրա իշխանությունը օրինական է, որովհետև «Աստված նրա գահն է», այսինքն՝ Եհովան է նրան Թագավոր նշանակել։ Բացի այդ, Հիսուսը թագավորելու է «դարեդար»։ Հպարտ չե՞ս, որ ծառայում ես Եհովային նրա կողմից նշանակված հզոր Թագավորի իշխանության ներքո։

ԹԱԳԱՎՈՐԸ «ՍՈՒՐԸ ՄԵՋՔԻՆ Է ԿԱՊՈՒՄ»

9, 10. ա) Ե՞րբ Քրիստոսը իր սուրը մեջքին կապեց, և ինչպե՞ս այն գործածեց։ բ) Ինչպե՞ս է Քրիստոսն իր սուրը գործածելու ապագայում։

9 Կարդա՛ Սաղմոս 45։3։ Եհովան իր կողմից նշանակված Թագավորին պատվիրում է «սուրը մեջքին կապել»։ Սա նշանակում է, որ նա Հիսուսին իրավունք է տալիս պատերազմելու և իր դատավճիռն իրագործելու բոլոր նրանց դեմ, ովքեր ընդդիմանում են Աստծու գերիշխանությանը (Սաղ. 110։2)։ Հիսուսը անհաղթ Թագավոր է, դրա համար է ասվում՝ «ո՛վ հզոր»։ Նա իր սուրը մեջքին կապեց 1914թ.-ին։ Այդ ժամանակ նա Սատանային ու նրա դևերին հաղթեց և երկնքից գցեց երկրի շրջակայքը (Հայտն. 12։7–9

10 Սա Թագավորի հաղթարշավի սկիզբն էր միայն։ Նա դեռ պետք է «մինչև վերջ հաղթի» (Հայտն. 6։2)։ Եհովայի դատավճիռները դեռևս չեն իրագործվել Սատանայի աշխարհի բոլոր տարրերի նկատմամբ, և Սատանան ու նրա դևերը դեռևս չեն չեզոքացվել։ Առաջինը Եհովայի դատաստանին կարժանանա Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ Եհովան այդ չար «պոռնիկին» կվերացնի քաղաքական ղեկավարների միջոցով (Հայտն. 17։16, 17)։ Հետո Ռազմիկ-Թագավորը քայլեր կձեռնարկի Սատանայի քաղաքական համակարգի դեմ և կոչնչացնի այն։ Քրիստոսը, որը կոչվում է նաև «անդունդի հրեշտակ», ավարտին կհասցնի իր հաղթանակը՝ Սատանային ու նրա դևերին անդունդը գցելով (Հայտն. 9։1, 11; 20։1–3)։ Տեսնենք, թե 45-րդ սաղմոսը ինչպես է մարգարեանում այս դեպքերի մասին։

ԹԱԳԱՎՈՐԸ «ՁԻ Է ՀԵԾՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ»

11. Ի՞նչ է նշանակում այն, որ Քրիստոսը «ձի է հեծում հանուն ճշմարտության»։

11 Կարդա՛ Սաղմոս 45։4։ Ռազմիկ-Թագավորը չի պատերազմում տարածքներ գրավելու կամ մարդկանց հպատակեցնելու նպատակով։ Նրա նպատակը վեհ է. նա պատերազմում է «հանուն ճշմարտության, խոնարհության և արդարության»։ Ամենամեծ ճշմարտությունը, հանուն որի Թագավորը պատերազմում է, այն է, որ Եհովան է Գերիշխանը։ Սատանան, երբ ապստամբեց Եհովայի դեմ, կասկածի տակ դրեց նրա իշխելու իրավունքը։ Այդ ժամանակվանից սկսած՝ այս հիմնարար ճշմարտությունը կասկածի է ենթարկվում դևերի և մարդկանց կողմից։ Եկել է ժամանակը, որ Թագավորը «ձի հեծի» ու մեկընդմիշտ ապացուցի Եհովայի իշխանության մասին ճշմարտությունը։

12. Ի՞նչ է նշանակում այն, որ Հիսուսը «ձի է հեծում հանուն խոնարհության»։

12 Թագավորը ձի է հեծում նաև «հանուն խոնարհության»։ Աստծու միածին Որդին խոնարհության և հնազանդության վառ օրինակ է (Ես. 50։4, 5; Հովհ. 5։19)։ Թագավորի բոլոր հավատարիմ հպատակները պետք է հետևեն նրա օրինակին և ամեն հարցում խոնարհաբար հնազանդվեն Գերիշխանին։ Միայն այսպես վարվողները հնարավորություն կստանան ապրելու Աստծու խոստացած նոր աշխարհում (Զաք. 14։16, 17

13. Ի՞նչ է նշանակում այն, որ Քրիստոսը պատերազմում է «հանուն արդարության»։

 13 Քրիստոսը պատերազմում է նաև «հանուն արդարության»։ Արդարությունը, հանուն որի Թագավորը պատերազմում է, «Աստծու արդարությունն» է, այսինքն՝ ճշտի և սխալի վերաբերյալ նրա չափանիշները (Հռոմ. 3։21; 2 Օրենք 32։4)։ Հիսուս Քրիստոսի մասին Եսայիան մարգարեացավ. «Թագավորը կթագավորի հանուն արդարադատության» (Ես. 32։1)։ Նրա իշխանությունը բերելու է «նոր երկինք» ու «նոր երկիր», որոնցում «արդարություն է բնակվելու» (2 Պետ. 3։13)։ Սա նշանակում է, որ նոր աշխարհի յուրաքանչյուր բնակիչ պետք է հնազանդվի Եհովայի չափանիշներին (Ես. 11։1–5

ԹԱԳԱՎՈՐԸ «ԱՀԱԶԴՈՒ ԲԱՆԵՐ» Է ԱՆՈՒՄ

14. Քրիստոսի աջ ձեռքը ինչպե՞ս է «ահազդու բաներ» անելու (տե՛ս 3-րդ էջի նկարը)։

14 Առաջ սլացող Թագավորը մեջքին կապած սուր ունի (Սաղ. 45։3)։ Գալիս է ժամանակը, որ նա աջ ձեռքն առնի այն։ Սաղմոսերգուն մարգարեանում է. «Քո աջ ձեռքը քեզ ահազդու բաներ կսովորեցնի» (Սաղ. 45։4)։ «Կսովորեցնի» թարգմանված եբրայերեն բառը կարելի է թարգմանել նաև «կանի»։ Երբ Հիսուս Քրիստոսը արշավի, որպեսզի Արմագեդոնին ի կատար ածի Եհովայի դատավճիռները, նա իր թշնամիների նկատմամբ ահազդու բաներ կանի։ Մենք կոնկրետ չգիտենք, թե ինչպես է նա կործանելու Սատանայի աշխարհը։ Բայց գիտենք, որ Հիսուսի գործողությունները ահուսարսափի մեջ են գցելու երկրի այն բնակիչներին, ովքեր ականջ չեն դնում Թագավորի իշխանությանը հնազանդվելու մասին Աստծու նախազգուշացմանը (կարդա՛  Սաղմոս 2։11, 12)։ Վախճանի մասին մարգարեությունում Հիսուսն ասաց, որ «մարդիկ կնվաղեն վախից և այն բաների սպասումից, որ երկրի վրա պիտի գան, որովհետև երկնքի զորությունները պիտի շարժվեն»։ Հետո ավելացրեց. «Այդ ժամանակ մարդու Որդուն կտեսնեն ամպի մեջ զորությամբ ու մեծ փառքով գալիս» (Ղուկ. 21։26, 27

15, 16. Ովքե՞ր են Քրիստոսի երկնային «զորքի» մարտիկները։

15 Թագավորը «զորությամբ ու մեծ փառքով» գալու է իրականացնելու Աստծու դատավճիռները։ «Հայտնություն» գրքում կարդում ենք. «Տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի։ Նա, որ նստած էր նրա վրա, կոչվում էր Հավատարիմ ու Ճշմարիտ և արդարությամբ էր դատում ու պատերազմում։ Երկնքի զորքերը սպիտակ ձիերով գնում էին նրա հետևից, և նրանք սպիտակ, մաքուր ու բարձրորակ կտավ էին հագել։ Նրա բերանից մի սրած երկար սուր էր դուրս գալիս, որ դրանով հարվածի ազգերին, և նա կհովվի նրանց երկաթե գավազանով։ Նա կկոխկռտի Ամենակարող Աստծու սաստիկ բարկության հնձանը» (Հայտն. 19։11, 14, 15

16 Ովքե՞ր են Քրիստոսի երկնային «զորքի» մարտիկները, որոնք նրա հետևից գնում են պատերազմելու։ Երբ Հիսուսը առաջին անգամ կապեց իր սուրը, որպեսզի Սատանային ու նրա դևերին երկնքից դուրս վռնդի, նրա հետ էին «նրա հրեշտակները» (Հայտն. 12։7–9)։ Տրամաբանական է եզրակացնել, որ Արմագեդոն պատերազմի ժամանակ Քրիստոսի զորքում լինելու են սուրբ հրեշտակները։ Սակայն, նրանցից բացի, ուրիշներ էլ են լինելու այդ զորքում։ Հիսուսն իր օծյալ եղբայրներին խոստացավ. «Նրան, ով հաղթի և մինչև վերջ իմ գործերի համաձայն վարվի, իշխանություն կտամ ազգերի վրա, ինչպիսին ես ստացա իմ Հորից։ Նա կհովվի մարդկանց երկաթե գավազանով, այնպես, որ նրանք ջարդուփշուր կլինեն կավե անոթների նման» (Հայտն. 2։26, 27)։ Փաստորեն, Քրիստոսի երկնային զորքում լինելու են նաև նրա օծյալ եղբայրները, որոնք այդ ժամանակ արդեն ստացած կլինեն իրենց երկնային պարգևը։ Հիսուսի օծյալ իշխանակիցները նրա կողքին են լինելու, երբ նա  ազգերին երկաթե գավազանով հովվելիս «ահազդու բաներ» անի։

ԹԱԳԱՎՈՐԸ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՆՈՒՄ

17. ա) Ի՞նչ է նշանակում այն, որ Քրիստոսը սպիտակ ձիով է արշավում։ բ) Ի՞նչ են խորհրդանշում սուրն ու աղեղը։

17 Կարդա՛ Սաղմոս 45։5։ Թագավորը նստած է սպիտակ ձիու վրա, ինչը նշանակում է, որ նրա մղած պատերազմը սուրբ և արդար է Եհովայի աչքում (Հայտն. 6։2; 19։11)։ Սրից բացի, Թագավորը նաև աղեղ ունի։ Կարդում ենք. «Տեսա մի սպիտակ ձի։ Նրա վրա նստողը մի աղեղ ուներ, և նրան մի պսակ տրվեց։ Նա դուրս գնաց հաղթելով և մինչև վերջ հաղթելու համար»։ Ե՛վ սուրը, և՛ աղեղը խորհրդանշում են այն միջոցները, որոնցով Քրիստոսը դատաստան է տեսնելու իր թշնամիների նկատմամբ։

Թռչունները կկանչվեն երկիրը մաքրելու (տե՛ս պարբերություն 18)

18. Ինչպե՞ս է փաստվելու, որ Քրիստոսի «նետերը սուր» են։

18 Սաղմոսերգուն տպավորիչ խոսքերով մարգարեանում է. «Սուր են քո նետերը և թագավորի թշնամիների սրտի մեջ են մխրճված։ Ժողովուրդները քո տակն են ընկնում»։ Ողջ երկրով մեկ սպանվածներ են լինելու։ Իսկ Երեմիա մարգարեն գրեց. «Այդ օրը Եհովայի կողմից սպանվածները երկրի մի ծայրից մինչև երկրի մյուս ծայրը կլինեն» (Երեմ. 25։33)։ Այս մասին մեկ ուրիշ մարգարեությունում ասվում է. «Նաև տեսա մի հրեշտակ, որ կանգնած էր արևի մեջտեղում, և բարձր ձայնով աղաղակում էր ու ասում երկնքում թռչող բոլոր թռչուններին. «Այստե՛ղ եկեք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին, որ ուտեք թագավորների մարմինները, զորապետների մարմինները, զորավոր մարդկանց մարմինները, ձիերի և նրանց վրա նստածների մարմինները և բոլորի՝ ազատների ու ծառաների, փոքրերի ու մեծերի մարմինները»» (Հայտն. 19։17, 18

19. Ինչպե՞ս է Քրիստոսը «հաջողության հասնելու» և իր հաղթանակը ավարտին հասցնելու։

19 Սատանայի չար աշխարհը կործանելուց հետո Քրիստոսը «հաջողության է հասնելու իր շքեղությամբ», այսինքն՝ վերջնական հաղթանակ է տանելու (Սաղ. 45։4)։ Նա ավարտին է հասցնելու իր հաղթանակը՝ Սատանային և դևերին գցելով անդունդը, որտեղ նրանք մնալու են ողջ Հազարամյա Իշխանության ընթացքում (Հայտն. 20։2, 3)։ Քանի որ Սատանան և դևերը անգործունյա՝ կարծես մահացած վիճակում են լինելու, երկրի բնակիչները զերծ են լինելու Սատանայի ազդեցությունից և հնարավորություն են ունենալու լիովին հնազանդվելու իրենց հաղթական ու փառապանծ Թագավորին։ Ողջ երկիրը աստիճանաբար վերածվելու է դրախտի։ Բայց նախքան դա երկրի բնակիչները իրենց Թագավորի ու նրա երկնային համագործակիցների հետ ուրախանալու ևս մեկ պատճառ են ունենալու։ Այդ ցնծալի իրադարձության մասին կխոսենք հաջորդ հոդվածում։