Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2014

Սարեփթացի այրին վարձատրվեց իր հավատի համար

Սարեփթացի այրին վարձատրվեց իր հավատի համար

ԱՂՔԱՏ այրին կրծքին է սեղմում իր մինուճար որդուն։ Նա աչքերին չի հավատում։ Ընդամենը մի քանի րոպե առաջ որդու անշունչ մարմինն իր գրկում էր, իսկ հիմա տեսնում է նրան իր առջև կանգնած։ Այրի կնոջ որդին հարություն է առել։ Նա ժպտում է իր մորը, և մոր սիրտը ուրախությունից քիչ է մնում դուրս թռչի։ «Տե՛ս, քո որդին կենդանի է»,— ասում է նրա հյուրը։

Այս դրամատիկ դեպքը տեղի է ունեցել գրեթե 3000 տարի առաջ։ Այդ մասին գրված է «1 Թագավորներ» 17-րդ գլխում։ Կնոջ հյուրը Աստծու մարգարե Եղիան էր։ Իսկ ո՞վ էր այդ կինը։ Նրա անունը հայտնի չէ, միայն գիտենք, որ ապրել է Սարեփթա քաղաքում։ Որդու հարությունն այն իրադարձություններից մեկն էր, որը, անշուշտ, շատ զորացրեց այդ կնոջ հավատը։ Աստվածաշնչյան այս դրվագից մենք կարևոր բաներ կարող ենք սովորել։

ԵՀՈՎԱՆ ԵՂԻԱՅԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ԱՅՐՈՒ ՄՈՏ

Եհովան որոշել էր, որ Իսրայելի չար թագավոր Աքաաբի օրերում երկարատև երաշտ լինի։ Այն բանից հետո, երբ Եղիան ազդարարեց այդ մասին, Աստված իր մարգարեին թաքցրեց Աքաաբից։ Եհովան նրան հաց ու միս էր տալիս ագռավների միջոցով։ Հետո Աստված նրան ասաց. «Վեր կաց գնա սիդոնացիների Սարեփթան ու մնա այնտեղ։ Ես մի այրի կնոջ կպատվիրեմ, որ քեզ այնտեղ կերակրի» (1 Թագ. 17։1–9

Երբ Եղիան եկավ Սարեփթա, տեսավ մի շատ աղքատ այրու, որը փայտ էր հավաքում։ Սա՞ էր այն կինը, որը կերակրելու էր մարգարեին։ Ինչպե՞ս կարող էր այդ աղքատ կինը դա անել։ Եղիան, հնարավոր է, նման մտավախություններ ուներ։ Ինչևէ, նա սկսեց խոսել կնոջ հետ։ «Խնդրում եմ,— ասաց նա,— ինձ համար ամանով մի քիչ ջուր բեր, որ խմեմ»։ «Երբ կինը գնաց ջուր բերելու, նա նորից ձայն տվեց նրան ու ասաց. «Խնդրում եմ, մի պատառ հաց էլ բեր»» (1 Թագ. 17։10, 11)։ Օտարականին ջուր տալը դժվար չէր կնոջ համար, բայց հաց տալը արդեն խնդիր էր։

 Կինը պատասխանեց. «Կենդանի է քո Աստված Եհովան, ես մի հաց էլ չունեմ, այլ միայն մի բուռ ալյուր ունեմ սափորում ու մի քիչ էլ յուղ՝ կժի մեջ։ Ահա մի քանի կտոր փայտ եմ հավաքում, որ գնամ ինձ ու տղայիս համար մի բան պատրաստեմ։ Կուտենք ու հետո կմեռնենք» (1 Թագ. 17։12)։ Ի՞նչ եղավ հետո։

Կինը հասկացել էր, որ Եղիան աստվածավախ իսրայելացի է։ Դա երևում է նրա խոսքերից. «Կենդանի է քո Աստված Եհովան»։ Ըստ ամենայնի, նա որոշ գիտելիքներ ուներ Իսրայելի Աստծու մասին, բայց դրանք այնքան շատ չէին, որ նա Եհովային ընդուներ որպես իր Աստծու ու նրա մասին խոսելիս ասեր՝ «իմ Աստվածը»։ Նա ապրում էր «սիդոնացիների» Սարեփթայում։ «Սիդոնացիներ» բառը ցույց է տալիս, որ այս քաղաքը, հավանաբար, կախվածություն ուներ փյունիկական Սիդոն քաղաքից։ Շատ հավանական է, որ Սարեփթայի բնակիչները երկրպագում էին Բահաղին։ Այդուհանդերձ, Եհովան այդ այրու մեջ մի յուրահատուկ բան էր նկատել։

Չնայած սարեփթացի աղքատ այրին ապրում էր կռապաշտների միջավայրում, նա հավատ դրսևորեց Իսրայելի Աստծու հանդեպ։ Եհովան Եղիային ուղարկեց նրա մոտ, որպեսզի լավ լինի և՛ այդ կնոջ, և՛ մարգարեի համար։ Այստեղից կարող ենք կարևոր բան սովորել։

Կային Բահաղին երկրպագող սարեփթացիներ, որոնց սիրտը դեռ որոշ չափով մաքուր էր։ Եղիային ուղարկելով այրու մոտ՝ Եհովան ցույց տվեց, որ ինքը նկատում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր չեն ծառայում իրեն և սրտի ճիշտ տրամադրվածություն ունեն։ Այո՛, «բոլոր ազգերի մեջ, ով վախենում է [Աստծուց] և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։35

Քո քարոզչական տարածքում քանի՞ «սարեփթացի այրի» կա։ Հնարավոր է՝ նրանք կեղծ կրոնի կողմնակիցների միջավայրում են և ինչ-որ բանի պակաս են զգում։ Գուցե նրանք քիչ գիտելիքներ ունեն Եհովայի մասին կամ ընդհանրապես չունեն և ճշմարիտ երկրպագությունն ընդունելու համար օգնության կարիք են զգում։ Փնտրո՞ւմ ես այդպիսի մարդկանց և օգնո՞ւմ ես նրանց։

«ՆԱԽ.... ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻ ՓՈՔՐ ԲԼԻԹ ՊԱՏՐԱՍՏԻՐ»

Ուշադրություն դարձրու, թե Եղիան ինչ խնդրեց այրուն։ Կինը հենց նոր ասաց, որ ինքը իրենց վերջին ուտելիքն է պատրաստելու, որն ուտելուց հետո ինքն ու իր տղան կմեռնեն։ Բայց ի՞նչ պատասխանեց Եղիան։ «Մի՛ վախեցիր։ Գնա ու արա այնպես, ինչպես որ ասացիր։ Բայց նախ քո ունեցածից ինձ համար մի փոքր բլիթ պատրաստիր ու բեր և հետո քեզ ու քո որդու համար կպատրաստես, որովհետև այսպես է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Սափորի միջից ալյուրը չի վերջանա և կժի միջից յուղը չի պակասի մինչև այն օրը, երբ Եհովան անձրև կտեղացնի երկրի վրա»» (1 Թագ. 17։11–14

«Տամ մեր վերջին ուտելի՞քը։ Երևի կատակ ես անում»,— գուցե ասեին ոմանք։ Այո՛, ոմանք, բայց ո՛չ այս այրին։ Չնայած որ քիչ բան գիտեր Եհովայի մասին, նա հավատաց Եղիային ու կատարեց նրա խնդրանքը։ Դա հավատի մեծ փորձություն էր, բայց նա շատ խելացի որոշում կայացրեց։

Այրու հավատը Եղիայի Աստծու՝ Եհովայի հանդեպ պահպանեց նրա ու նրա որդու կյանքը

Աստված վարձատրեց աղքատ այրուն հավատ ցուցաբերելու համար։ Ինչպես որ Եղիան խոստացել էր, Եհովան այնպես արեց, որ մարգարեն, այդ կինը և նրա որդին ուտելիք ունենան երաշտի ամբողջ ժամանակահատվածում։ «Սափորից ալյուրը չէր վերջանում, և կժից յուղը չէր պակասում՝ Եհովայի խոսքի համաձայն, որ նա ասել էր Եղիայի միջոցով» (1 Թագ. 17։16; 18։1)։ Եթե այդ կինը ուրիշ որոշում կայացներ, ապա այն բլիթը, որ նա կպատրաստեր  իր մի բուռ ալյուրից ու մի քիչ յուղից, իսկապես կարող էր նրա վերջին ուտելիքը լինել։ Բայց նա հավատով վարվեց, վստահեց Եհովային ու նախ կերակրեց Եղիային։

Այստեղից սովորում ենք, որ Աստված օրհնում է նրանց, ովքեր հավատ են դրսևորում իր հանդեպ։ Եթե դու հավատ դրսևորես, երբ անարատությունդ փորձվի, ապա Եհովան կօգնի քեզ։ Նա քեզ համար կլինի հոգատար Հայր, Պաշտպան և Ընկեր (Ելք 3։13–15

1898թ.-ին «Սիոնի Դիտարանում» գրվեց, թե ինչ կարելի է սովորել սարեփթացի այրու մասին պատմությունից. «Եթե այդ կինը բավականաչափ հավատ չունենար հնազանդվելու համար, ապա Տերը նրան արժանի չէր համարի ստանալու Իր աջակցությունը Մարգարեի միջոցով։ Եթե նա հավատ չդրսևորեր, մեկ ուրիշ այրի կգտնվեր, որը հավատ կդրսևորեր։ Նույնը վերաբերում է մեզ. մեր կյանքի ճանապարհին Տերը մեզ տանում է այնտեղ, որտեղ փորձելու է մեր հավատը։ Եթե հավատ դրսևորենք, կօրհնվենք, եթե ոչ, օրհնություն չենք ստանա»։

Երբ փորձության մեջ ենք ընկնում, պետք է Աստծու առաջնորդությունը փնտրենք Աստվածաշնչում և մեր հրատարակություններում։ Հետո պետք է վարվենք այդ առաջնորդությանը ներդաշնակ, անկախ այն բանից, թե որքան դժվար կլինի այն ընդունելը։ Մենք, անշուշտ, կօրհնվենք, եթե վարվենք հետևյալ իմաստուն խորհրդի համաձայն. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (Առակ. 3։5, 6

«ԴՈՒ ԵԿԱՐ.... ՈՐ.... ՈՐԴՈՒՍ ՄԵՌՑՆԵՍ»

Շուտով այրու հավատը մեկ անգամ ևս փորձվեց։ «Այս դեպքերից հետո,— ասվում է Աստվածաշնչում,— պատահեց այնպես, որ տանտիկնոջ տղան հիվանդացավ։ Հիվանդությունն այնքան ծանր էր, որ նրա մեջ շունչ չմնաց»։ Փորձելով հասկանալ այդ դժբախտության պատճառը՝ վշտահար մայրը Եղիային ասաց. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՛վ ճշմարիտ Աստծու մարդ։ Դու եկար ինձ մոտ, որ իմ մեղքը հիշեցնես ու որդուս մեռցնես» (1 Թագ. 17։17, 18)։ Ի՞նչ են նշանակում այս դառը խոսքերը։

Գուցե այդ կինը հիշեց անցյալում գործած ինչ-որ մեղք, որի պատճառով նրա խիղճը տանջում էր։ Գուցե մտածեց՝ որդու մահը Աստծու պատիժն է, և որ Եղիան նրա կողմից ուղարկված մահվան սուրհանդակ է։ Աստվածաշունչը կոնկրետ ոչինչ չի ասում այս մասին, բայց մի բան պարզ է. այրին Աստծուն չմեղադրեց որևէ անարդարության մեջ։

Եղիան, հավանաբար, շատ էր ազդվել տղայի մահից և կնոջ այն խոսքերից, թե այդ մեծ կորստի համար ինքն է մեղավոր։ Տղայի անկենդան մարմինը վերնատուն տանելուց հետո մարգարեն աղաղակեց. «Ո՜վ իմ Աստված Եհովա, մի՞թե այս այրի կնոջն էլ, որի մոտ ես պանդուխտ եմ, պիտի չարիք պատճառես ու թույլ տաս, որ նրա որդին մեռնի»։ Մարգարեն ուղղակի չէր կարողանում պատկերացնել, որ Եհովան թույլ կտա, որ այդ բարի և հյուրասեր կնոջ ցավերն ավելի շատանան, որովհետև դրանով նախատինք կգար Նրա անվան վրա։ Ուստի նա աղաչեց. «Ո՜վ իմ Աստված Եհովա, խնդրում եմ, թող որ այս երեխան կենդանանա» (1 Թագ. 17։20, 21

«ՏԵ՛Ս, ՔՈ ՈՐԴԻՆ ԿԵՆԴԱՆԻ Է»

Եհովան լսում էր Եղիայի աղոթքը։ Այրին հոգ էր տարել նրա մարգարեին և հավատ էր դրսևորել։ Ըստ ամենայնի, Աստված թույլ տվեց, որ տղան մահանա, որովհետև գիտեր՝ նա հարություն է առնելու (սա Աստվածաշնչում արձանագրված հարության դեպքերից առաջինն է), և այդ դեպքը հույսի հիմք էր տալու հետագա սերունդներին։ Երբ Եղիան աղաչեց, Եհովան տղային իր կյանքը վերադարձրեց։ Միայն պատկերացրու այրու զգացումները, երբ մարգարեն ասաց. «Տե՛ս, քո որդին կենդանի է»։ Կինը պատասխանեց. «Հիմա ես գիտեմ, որ դու Աստծու մարդ ես, և որ Եհովայի խոսքը ճշմարիտ է քո բերանում» (1 Թագ. 17։22–24

«1 Թագավորներ» 17-րդ գլխում այլևս ոչինչ չի ասվում այս կնոջ մասին։ Այդուհանդերձ, այն, որ Հիսուսը դրականորեն խոսեց նրա մասին, ցույց է տալիս, որ այս այրին, հավանաբար, իր կյանքի հետագա տարիներին Եհովայի հավատարիմ ծառան է եղել (Ղուկ. 4։25, 26)։ Այս պատմությունից սովորում ենք, որ Աստված օրհնում է նրանց, ովքեր բարիք են անում իր ծառաներին (Մատթ. 25։34–40), նաև հոգ է տանում իր հավատարիմ ծառաների մասին, անկախ այն բանից, թե որքան ծանր հանգամանքներում նրանք կլինեն (Մատթ. 6։25–34)։ Աստվածաշնչյան այս դրվագից տեսնում ենք, որ Եհովան ցանկանում է և կարող է հարություն տալ մահացածին (Գործ. 24։15)։ Անշուշտ, սրանք կարևոր բաներ են, որ մենք սովորում ենք սարեփթացի կնոջ մասին պատմությունից։