Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՓԵՏՐՎԱՐ 2014

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

100-ամյա ֆիլմ, որը հավատ կերտեց

100-ամյա ֆիլմ, որը հավատ կերտեց

«Նա ավելի շատ է նման եղբայր Ռասելին, քան հենց ինքը եղբայր Ռասելը» (1914թ.-ին «Լուսադրաման» դիտած մի մարդ)։

ԱՅՍ տարի լրանում է «Արարչության լուսադրամայի» պրեմիերայի 100-ամյակը։ Դա մի տպավորիչ ֆիլմ էր, որը նախատեսված էր օգնելու մարդկանց հավատալու, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Այն ժամանակներում, երբ էվոլյուցիոն տեսությունը, բարձրակարգ քննախոսությունը և սկեպտիցիզմը քայքայում էին շատերի հավատը, «Արարչության լուսադրաման» ներկայացնում էր Եհովային որպես Արարչի։

Չարլզ Ռասելը, որն առաջնորդում էր Աստվածաշունչ ուսումնասիրողներին, անընդհատ որոնումների մեջ էր, թե ինչպես կարելի է ամենից արդյունավետ և ամենից արագ կերպով տարածել Աստվածաշնչի ճշմարտությունները։ Աստվածաշունչ ուսումնասիրողները արդեն ավելի քան երեք տասնամյակ էր, ինչ այդ ճշմարտությունները տարածում էին տպագրության միջոցով։ Եվ ահա նրանց ուշադրությունը գրավեց մի նոր միջոց՝ շարժական պատկերները։

ԱՎԵՏԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

1890-ականներին հանրության ուշադրությանը ներկայացվեց համր կինոն։ Արդեն 1903թ.-ին մի կրոնական ֆիլմ ցուցադրվեց Նյու Յորքի եկեղեցիներից մեկում։ Կինոարտադրությունը դեռևս գտնվում էր սաղմնային փուլում, երբ Ռասելը համարձակորեն ձեռնարկեց «Լուսադրամայի» նախապատրաստական աշխատանքները։ Նա հասկացավ, որ այս եղանակով Աստվածաշնչի ճշմարտությունները հնարավոր է տարածել այնպես, ինչպես որ հնարավոր չէ անել տպագրության միջոցով։

«Լուսադրաման» տևում էր ութ ժամ և ներկայացվում էր չորս մասով։ Ցուցադրումը ուղեկցվում էր ձայնագրված 96 կարճ աստվածաշնչային ելույթներով. խոսողը այն ժամանակներում հայտնի մի հռետոր էր։ Շատ տեսարաններ ուղեկցվում էին դասական երաժշտությամբ։ Հմուտ օպերատորները պատեֆոնների միջոցով վերարտադրում էին ձայնագրված ձայնն ու երաժշտությունը՝ դրանք ներդաշնակեցնելով աստվածաշնչյան հայտնի պատմությունների վերաբերյալ գունավոր սլայդներին և կինոկադրերին։

«Այն ընդգրկում էր ամբողջ պատմությունը՝ սկսած աստղերի արարումից մինչև Քրիստոսի Հազարամյա Իշխանության փառահեղ գագաթնակետը» (Ստյուարտ Բարնզ, 1914թ.-ին 14 տարեկանում)

Ֆիլմերի և ապակյա սլայդների մեծ մասը եղբայրները ձեռք բերեցին կոմերցիոն ստուդիաներից։ Պրոֆեսիոնալ նկարիչները Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում, Փարիզում և Լոնդոնում կադր առ կադր ձեռքով նկարեցին ու գունավորեցին ապակե սլայդներն ու ֆիլմերի ժապավենները։ Բեթելի գեղարվեստի բաժնում  ծառայող խմբերը նույնպես մեծ ներդրում ունեցան նկարելու գործում՝ փոխարինելով կոտրված սլայդները նորերով։ Եղբայրները Յոնկերսում (Նյու Յորք) նկարահանեցին աստվածաշնչյան այն դրվագը, որում Աբրահամը, Իսահակը և այն հրեշտակն էին, որը թույլ չտվեց Աբրահամին զոհաբերել իր որդուն. դերերը կատարում էին բեթելցիներ (Ծննդ. 22։9–12

Հմուտ օպերատորները ապահովեցին 3 կիլոմետրից ավելի կինոժապավենի, 26 պատեֆոններով նվագարկվող ձայնագրությունների և մոտ 500 ապակե սլայդների համակարգված վերարտադրություն

Եղբայր Ռասելի ընկերներից մեկը մամուլի ներկայացուցիչներին ասաց, որ այս միջոցը անհամեմատ ավելի շատ մարդկանց ուշադրությունը կհրավիրի Աստվածաշնչի վրա, քան մինչ այդ արված որևէ բան։ Արդյոք քրիստոնյա աշխարհի հոգևորականները կողջունեի՞ն այս նոր ձեռնարկումը, որի նպատակն էր օգնել հոգևորապես քաղցած մարդկանց։ Հակառակը՝ նրանք քննադատեցին «Լուսադրաման», իսկ նրանցից ոմանք նույնիսկ նենգ ու անամոթ քայլերի դիմեցին, որպեսզի խոչընդոտեն ֆիլմի դիտմանը։ Օրինակ՝ մի անգամ նրանք էլեկտրականությունը անջատել տվեցին։

Տեղի ժողովներից որոշ քույրեր հանդիսատեսներին օգնում էին նստելու տեղեր գտնելու։ Նրանք «Լուսադրամայի» սցենարի միլիոնավոր պատկերազարդ օրինակներ բաժանեցին

Հանդիսատեսները ստացան նաև պատանի Հիսուսի պատկերով կրծքանշաններ, որոնց վրա գրված էր «Pax» (խաղաղություն), ինչը կրողին հիշեցնում էր, որ ինքը պետք է լինի «խաղաղության որդի»

Չնայած այդ ամենին՝ թատրոններում ասեղ գցելու տեղ չէր լինում։ «Լուսադրաման» ցուցադրվում էր անվճար։ ԱՄՆ-ում այն ցուցադրվում էր ամեն օր. եղել է նույնիսկ, որ մեկ օրում ցուցադրվել է 80 քաղաքում։ Շատերը առաջին անգամ էին դիտում «խոսող ֆիլմ»։ Արագացված կադրերի միջոցով նրանք տեսան, թե ինչպես է ճուտիկը ձվից դուրս գալիս և ինչպես է ծաղիկը բացվում։ «Լուսադրամայում» ցուցադրված գիտական փաստերը ընդգծում էին Եհովայի գերազանց իմաստությունը։ Ինչպես նշված է հոդվածի սկզբում, մի դիտող, երբ եղբայր Ռասելը հայտնվեց էկրանին, այնքան էր տպավորվել, որ նույնիսկ մտածեց, թե հռետորը «ավելի շատ է նման եղբայր Ռասելին, քան հենց ինքը եղբայր Ռասելը»։

ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

«Լուսադրամայի» պրեմիերան կայացավ 1914թ. հունվարի 11-ին Նյու Յորքի այս գեղեցիկ թատրոնի շենքում, որը պատկանում էր «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միությանը» և սպասարկվում էր Աստվածաշունչ ուսումնասիրողների կողմից

Գրող և կինոյի պատմության մասնագետ Թիմ Դիրքսը «Լուսադրամայի» վերաբերյալ ասաց, որ «սա առաջին մեծ ֆիլմն է, որտեղ միաժամանակ կա ձայն (ձայնագրված խոսք), շարժական պատկեր և կախարդական լապտերով [վաղ շրջանի՝ սլայդներ ցուցադրելու սարք] ցուցադրվող գունավոր սլայդներ»։ Մինչ այդ ֆիլմերում օգտագործվել էին նման միջոցներ, բայց երբեք չէր եղել, որ դրանք բոլորը միասին օգտագործվեն, հատկապես աստվածաշնչյան թեմայով ֆիլմերում։ Եվ ոչ մի ֆիլմ նախկինում այդքան շատ հանդիսատես չէր ունեցել. ցուցադրման միայն առաջին տարվա ընթացքում ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում դիտեց մոտ ինը միլիոն մարդ։

«Լուսադրամայի» պրեմիերան տեղի ունեցավ 1914թ. հունվարի 11-ին Նյու Յորքում։ Յոթ ամիս անց պայթեց Առաջին աշխարհամարտը։ Չնայած դրան՝ ամբողջ աշխարհում մարդիկ շարունակում էին հավաքվել, որպեսզի դիտեն «Լուսադրաման»։ Նրանք մխիթարվում էին ֆիլմի այն գեղեցիկ տեսարաններով, որոնք պատկերում էին Աստծու Թագավորության ապագա օրհնությունները։ 1914թ.-ին «Լուսադրամայի» ցուցադրումը իսկապես նշանակալից իրադարձություն էր։

Ամբողջ Հյուսիսային Ամերիկայում «Լուսադրամայի» քսան առանձին օրինակներ օգտագործվեցին