Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2014

Թագավորությունն իշխում է 100 տարի. ի՞նչ է այն իրագործել

Թագավորությունն իշխում է 100 տարի. ի՞նչ է այն իրագործել

«Մեծ և սքանչելի են քո գործերը, Եհո՛վա Աստված.... հավիտենությա՛ն Թագավոր» (ՀԱՅՏՆ. 15։3

1, 2. Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը, և ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ այն գալու է։

31 ԹՎԱԿԱՆԻ գարնանը Հիսուս Քրիստոսը մի լեռան վրա, որը գտնվում էր Կափառնայում քաղաքի մոտ, իր հետևորդներին սովորեցրեց աղոթել. «Թող գա քո թագավորությունը» (Մատթ. 6։10)։ Այսօր շատերը կասկածում են, որ այդ Թագավորությունը ընդհանրապես կգա։ Բայց մենք վստահ ենք, որ Աստված կպատասխանի Թագավորության գալստյան վերաբերյալ մեր ջերմեռանդ աղոթքներին։

2 Եհովան Թագավորության միջոցով միավորելու է իր ընտանիքը երկնքում և երկրի վրա։ Աստծու այս նպատակը անպայման իրագործվելու է (Ես. 55։10, 11)։ Անցած 100 տարիներին տեղի ունեցած տպավորիչ իրադարձությունները փաստում են, որ Եհովան Թագավոր է դարձել։ Աստված մեծ և սքանչելի գործեր է անում իր միլիոնավոր հավատարիմ հպատակների համար (Զաք. 14։9; Հայտն. 15։3)։ Բայց այն, որ Եհովան Թագավոր է դարձել, դեռ չի նշանակում, որ եկել է նրա Թագավորությունը, որի մասին Հիսուսը սովորեցրեց աղոթել։ Ինչո՞վ են տարբերվում այս երկու իրադարձությունները, և ի՞նչ օգուտներ են դրանք բերում մեզ։

ԵՀՈՎԱՅԻ ՆՇԱՆԱԿԱԾ ԹԱԳԱՎՈՐԸ ԳՈՐԾԻ Է ԱՆՑՆՈՒՄ

3. ա) Ե՞րբ Հիսուսը գահ բարձրացավ որպես Թագավոր և որտե՞ղ։ բ) Ինչպե՞ս կապացուցես, որ Թագավորությունը հաստատվել է 1914թ.-ին (տե՛ս ծանոթագրությունը)։

3 19-րդ դարի վերջում Աստծու ծառաները սկսեցին հասկանալ մի մարգարեություն, որ 2500 տարի առաջ ասել էր Դանիել մարգարեն.  «Այն թագավորների օրերում երկընքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու» (Դան. 2։44)։ Աստվածաշունչ ուսումնասիրողները տասնամյակներ շարունակ շեշտում էին, որ1914թ. նշանակալից տարի է լինելու։ Այդ ժամանակներում շատերը լավատեսորեն էին տրամադրված ապագայի հանդեպ։ Մի գրող ասում է. «1914թ.-ին աշխարհը լի էր հույսով և խոստումներով»։ Բայց հենց այդ տարի, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Դանիելի այս մարգարեությունը կատարվեց։ Հետևեցին սովեր, երկրաշարժեր, համաճարակներ, ինչպես նաև կատարվեցին աստվածաշնչային այլ մարգարեություններ։ Այս ամենը համոզիչ կերպով փաստեց, որ Հիսուս Քրիստոսը 1914թ.-ին սկսել էր իշխել երկնքում որպես Աստծու Թագավորության Թագավոր *։ Իր Որդուն նշանակելով Մեսիական Թագավոր՝ Եհովան Թագավոր դարձավ մի նոր իմաստով։

4. Նորանշանակ Թագավորն ի՞նչ արեց առաջին հերթին և այնուհետև ո՞ւմ ուշադրություն դարձրեց։

4 Նորանշանակ Թագավորի առաջին գործը իր Հոր գլխավոր թշնամու՝ Սատանայի դեմ պատերազմ մղելն էր։ Հիսուսն ու իր հրեշտակները Բանսարկուին և նրա դևերին վռնդեցին երկնքից։ Երկնքում մեծ ուրախություն եղավ, բայց երկրի վրա սկսվեցին չտեսնված տառապանքի ու ցավի ժամանակներ (կարդա՛  Հայտնություն 12։7–9, 12)։ Հետո Թագավորը ուշադրություն դարձրեց իր երկրային հպատակներին, որպեսզի նրանց զտի, կրթի և կազմակերպի Աստծու կամքը կատարելու համար։ Եկեք տեսնենք, թե նրանց դրական արձագանքը Հիսուսի այս առաջնորդությանը ինչ լավ օրինակ է մեզ համար։

ՄԵՍԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԸ ԶՏՈՒՄ Է ԻՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀՊԱՏԱԿՆԵՐԻՆ

5. Ի՞նչ մաքրում տեղի ունեցավ 1914թ.-ից մինչև 1919թ. առաջին կեսն ընկած ժամանակահատվածում։

5 Այն բանից հետո, երբ նորանշանակ Թագավորը մաքրեց երկինքը Սատանայից և նրա դևերից, Եհովան նրան հանձնարարեց ստուգել իր երկրային հպատակների հոգևոր վիճակը և զտել նրանց։ Մաղաքիա մարգարեն գրել է այս հոգևոր մաքրման մասին (Մաղ. 3։1–3)։ Պատմությունը ցույց է տալիս, որ այդ մաքրումը տեղի է ունեցել 1914թ.-ից մինչև 1919թ. առաջին կեսն ընկած ժամանակահատվածում *։ Եհովայի մեծ ընտանիքի անդամ լինելու համար մենք պետք է մաքուր, կամ՝ սուրբ լինենք (1 Պետ. 1։15, 16)։ Մենք պետք է զգուշանանք, որ չաղտոտվենք կեղծ կրոնի և այս աշխարհի քաղաքական համակարգի կողմից։

6. Ինչպե՞ս ենք հոգևոր սնունդ ստանում, և ինչո՞ւ է այն կենսական։

6 Հետո Հիսուսը, օգտագործելով իր թագավորական իշխանությունը, նշանակեց «հավատարիմ և իմաստուն ծառա»։ Այս ծառան կանոնավորաբար հոգևոր սննդարար կերակուր էր տալու բոլոր նրանց, ովքեր կազմելու էին «մեկ հոտ» Հիսուսի հոգածության ներքո (Մատթ. 24։45–47; Հովհ. 10։16)։ 1919թ.-ից սկսած՝ օծյալ եղբայրների մի փոքր խումբ հավատարմորեն կատարում է «տան անդամներին» կերակրելու այդ կարևոր հանձնարարությունը։ Այս հոգևոր սնունդն ընդունելով՝ մենք ավելացնում ենք մեր հավատը։ Այն ամրացնում է մեր վճռականությունը մաքուր մնալու հոգևոր, բարոյական, ֆիզիկական և մտային առումներով։ Հոգևորապես սնվելով՝ մենք նաև կրթվում ենք և զինվում ամեն անհրաժեշտ բանով, որպեսզի լիարժեքորեն մասնակցենք երկրի վրա կատարվող ամենակարևոր գործին։ Կանոնավորաբար օգտվո՞ւմ ես «հավատարիմ և իմաստուն ծառայի» տված առատ հոգևոր կերակրից։

ԹԱԳԱՎՈՐԸ ԿՐԹՈՒՄ Է ԻՐ ՀՊԱՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐ ՔԱՐՈԶԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

7. Ի՞նչ կարևոր գործ սկսեց Հիսուսը երկրի վրա, և մինչև ե՞րբ է այն շարունակվելու։

7 Երբ Հիսուսը սկսեց իր երկրային ծառայությունը, ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։43)։ Նա այս գործը  իր կյանքի գլխավոր նպատակը դարձրեց և երեքուկես տարի այն կատարեց։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց. «Երբ գնաք, քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»» (Մատթ. 10։7)։ Հարություն առնելուց հետո նա մարգարեացավ, որ իր հետևորդներն այդ թագավորության մասին լուրը տարածելու են «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Հիսուսը խոստացավ, որ կաջակցի նրանց այս անչափ կարևոր գործում «մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։19, 20

8. Թագավորն ինչպե՞ս իր երկրային հպատակներին մղեց գործերի։

8 1919թ.-ին «Թագավորության.... բարի լուրը» նոր իմաստ ստացավ (Մատթ. 24։14)։ Թագավորը իշխում էր երկնքում, և նա հավաքել էր իր երկրային հպատակների մաքրված մի փոքր խումբ։ Նրանք մեծ պատրաստակամությամբ արձագանքեցին Հիսուսի ոգևորիչ պատվերին. քարոզել Աստծու՝ արդեն հաստատված Թագավորության մասին ամբողջ աշխարհում (Գործ. 10։42)։ Օրինակ՝ 1922թ. սեպտեմբերին Սիդար Փոյնթում (ԱՄՆ, Օհայո նահանգ) Թագավորության 20000 աջակիցներ հավաքվեցին միջազգային համաժողովի։ Պատկերացրու նրանց ոգևորությունը, երբ եղբայր Ռադերֆորդը ներկայացրեց «Թագավորությունը» վերնագրով ելույթը և կոչ արեց. «Տեսե՛ք, Թագավորն իշխում է։ Դուք նրա մունետիկներն եք։ Դե՛, ուրեմն, հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք Թագավորին և նրա թագավորությունը»։ 2000 պատվիրակ արձագանքեց այս կոչին՝ մասնակցելով հատուկ «ծառայողական օրվան». նրանք այցելեցին մարդկանց նրանց տներում՝ համաժողովի վայրից հեռանալով մինչև 72 կիլոմետր։ Մեծ խանդավառությամբ լցված՝ մի պատվիրակ ասաց. «Երբեք չեմ մոռանա Թագավորությունը հռչակելու մասին կոչը և հավաքված բազմության եռանդը»։ Մյուսները նույնպես նման զգացումներ ունեին։

9, 10. ա) Ի՞նչ է անում Հիսուսը՝ Թագավորության քարոզիչներին կրթելու նպատակով։ բ) Անձամբ դու ի՞նչ օգուտներ ես քաղել այդ կրթությունից։

9 1922թ.-ին աշխարհի 58 երկրում կար 17000-ից ավելի քարոզիչ։ Նրանք ծառայության մեջ ակտիվ էին, բայց կրթվելու կարիք ունեին։ Առաջին դարում ապագա Թագավորը իր աշակերտներին հստակ առաջնորդություն տվեց, թե ինչ, որտեղ ու ինչպես քարոզեն (Մատթ. 10։5–7; Ղուկ. 9։1–6; 10։1–11)։ Այսօր էլ Հիսուսը հետևում է, որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են Թագավորության քարոզչության գործին, ստանան համապատասխան առաջնորդություն և ունենան անհրաժեշտ միջոցներ՝ արդյունավետորեն քարոզելու համար (2 Տիմոթ. 3։17)։ Քրիստոնեական ժողովի միջոցով Հիսուսն իր հպատակներին սովորեցնում է քարոզել։ Նա, օրինակ, դա անում է Աստվածապետական ծառայության դպրոցի միջոցով, որն անցկացվում է աշխարհի ավելի քան 111000 ժողովներում։ Օգուտներ քաղելով այդ կրթությունից՝ ավելի քան յոթ միլիոն քարոզիչ «պատրաստված» է քարոզելու և ուսուցանելու այնպես, որ բարի լուրը գրավի «ամեն տեսակ մարդկանց» (կարդա՛  1 Կորնթացիներ 9։20–23

10 Բացի Աստվածապետական ծառայության դպրոցից, կազմակերպվում են նաև դպրոցներ ժողովի երեցների, ռահվիրաների,  ամուրի եղբայրների, քրիստոնյա զույգերի, մասնաճյուղի կոմիտեի անդամների ու նրանց կանանց, շրջագայող վերակացուների և նրանց կանանց ու միսիոներների համար *։ Քրիստոնյա զույգերի դպրոցի մի դասարանի ուսանողներ իրենց երախտագիտությունն են արտահայտում դպրոցի համար՝ ասելով. «Այս հատուկ կրթությունը խորացրեց մեր սերը Եհովայի հանդեպ և ավելի մեծ հնարավորություններ տվեց, որ օգնենք մարդկանց»։

11. Ինչպե՞ս են Թագավորության քարոզիչները կարողանում կատարել իրենց գործը՝ չնայած հակառակությանը։

11 Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու ծավալուն գործը աննկատ չմնաց թշնամու՝ Սատանայի աչքից։ Այդ գործը կանգնեցնելու նպատակով նա ինչպես բացահայտ, այնպես էլ աննկատ հարձակումներ է գործում Թագավորության լուրի և այդ լուրը տարածողների վրա։ Բայց թշնամին իզուր է նման ջանքեր թափում։ Եհովան իր Որդուն նստեցրել է «շատ ավելի բարձր ամեն կառավարությունից, իշխանությունից, զորությունից, տերությունից» (Եփես. 1։20–22)։ Հիսուսն իր թագավորական իշխանությամբ պաշտպանում և առաջնորդում է իր աշակերտներին, որպեսզի իր Հոր կամքը կատարվի *։ Բարի լուրը շարունակվում է քարոզվել, և միլիոնավոր ազնվասիրտ մարդիկ սովորում են Եհովայի ճանապարհները։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է մասնակցել այս մեծ ու վեհ գործին։

ԹԱԳԱՎՈՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԻՐ ՀՊԱՏԱԿՆԵՐԻՆ՝ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

12. Նշիր կազմակերպչական մի քանի փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել Թագավորության հաստատումից ի վեր։

12 1914թ.-ից ի վեր, երբ հաստատվեց Թագավորությունը, Թագավորը բարելավումներ է արել կազմակերպչական հարցերում, որպեսզի քարոզիչներն ավելի լավ անեն Եհովայի կամքը (կարդա՛  Եսայիա 60։17)։ 1919-ին յուրաքանչյուր ժողովում նշանակվեց ծառայողական ղեկավար, որը առաջնորդելու էր քարոզչական գործում։ 1927-ից քարոզիչները սկսեցին կիրակի օրերին կանոնավորաբար ծառայել տնից տուն։ 1931-ին Թագավորության աջակիցները մղվեցին է՛լ ավելի մեծ թափով քարոզելու բարի լուրը, երբ ընդունեցին «Եհովայի վկաներ» սուրբգրային անվանումը (Ես. 43։10–12)։ 1938-ին ժողովի պատասխանատու տղամարդկանց ժողովրդավարական ընտրությունները փոխարինվեցին աստվածապետական նշանակումներով։ 1972-ին ժողովի վերակացությունը սկսեց կատարել երեցների խորհուրդը. մինչ այդ ժողովը ղեկավարում էր մեկ հոգի՝ ժողովի ծառայողը։ Բոլոր պատասխանատու եղբայրները հորդոր ստացան մասնակցելու «իրենց հոգածությանը հանձնված Աստծու հոտը» հովվելու գործին (1 Պետ. 5։2)։ 1976-ին Թագավորության համաշխարհային գործը սկսեց վերահսկվել Կառավարիչ մարմնի վեց կոմիտեների կողմից։ Այո՛, Եհովայի նշանակած  Թագավորը Թագավորության հպատակներին քայլ առ քայլ այնպես կազմակերպեց, որ նրանք աստվածապետականորեն գործեն։

13. Այն, ինչ Մեսիական Թագավորը իրագործել է իր կառավարման տարիներին, ինչպե՞ս է անդրադարձել քո կյանքի վրա։

13 Մտածիր, թե ինչ է իրագործել Մեսիական Թագավորը իր կառավարման առաջին հարյուր տարում։ Նա մի մաքուր ժողովուրդ է պատրաստել Եհովայի անվան համար, առաջնորդել է բարի լուրի քարոզչությունը 239 երկրում և միլիոնավոր մարդկանց սովորեցրել է Եհովայի ճանապարհները։ Թագավորը միավորել է ավելի քան յոթ միլիոն հավատարիմ հպատակներին, որոնցից յուրաքանչյուրը «հոժար կամքով տրամադրում է իրեն» Աստծու կամքը կատարելուն (Սաղ. 110։3)։ Իսկապես, Եհովան Մեսիական Թագավորության միջոցով մեծ և սքանչելի գործեր է անում։ Բայց առջևում ավելի տպավորիչ դեպքեր են սպասվում։

ՄԵՍԻԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14. ա) Ի՞նչ ենք խնդրում Աստծուց՝ աղոթելով. «Թող գա քո թագավորությունը»։ բ) Որ՞ն է 2014թ. տարվա խոսքը, և ինչո՞ւ է այն տեղին։

14 Ճիշտ է, Եհովան 1914թ.-ին իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, թագադրել է որպես Մեսիական Թագավոր, բայց դա «թող գա քո թագավորությունը» աղոթքի լիարժեք պատասխանը չէ (Մատթ. 6։10)։ Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ Հիսուսը «տիրելու է իր թշնամիների մեջ» (Սաղ. 110։2)։ Մարդկային կառավարությունները Սատանայի ղեկավարությամբ շարունակում են հակառակվել Թագավորությանը։ Աղոթելով, որ գա Աստծու Թագավորությունը՝ մենք խնդրում ենք, որ Մեսիական Թագավորը և նրա իշխանակիցները գան ու վերջ դնեն մարդկային ղեկավարմանը և Թագավորության երկրային հակառակորդներին։ Այդպիսով կատարվելու են Դանիել 2։44-ում գրված այն խոսքերը, որ Աստծու Թագավորությունը «փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին»։ Այն վերացնելու է Թագավորության քաղաքական թշնամիներին (Հայտն. 6։1, 2; 13։1–18; 19։11–21)։ Շատ մոտ է այն ժամանակը, երբ այս բաները տեղի կունենան։ 2014թ.-ին լրանում է Աստծու Թագավորության հաստատման 100 տարին։ Ուստի որքա՜ն տեղին է, որ այս տարվա խոսքը վերցված է Մատթեոս 6։10-ից. «Թող գա քո թագավորությունը»։

2014թ. տարվա խոսքն է. «Թող գա քո թագավորությունը» (Մատթեոս 6։10)

15, 16. ա) Ի՞նչ տպավորիչ իրադարձություններ են տեղի ունենալու Հազարամյա Իշխանության ընթացքում։ բ) Ի՞նչ է անելու Մեսիական Թագավորը իր իշխանության վերջում, և ի՞նչ է դա նշանակելու։

15 Մեսիական Թագավորը Աստծու թշնամիներին վերացնելուց հետո Սատանային ու նրա դևերին հազար տարով գցելու է անդունդը (Հայտն. 20։1–3)։ Երբ նրանց չար ազդեցությունն այլևս չլինի, Թագավորությունը արմատախիլ կանի ադամական մեղքի հետևանքները, և մարդիկ օգուտներ կքաղեն Հիսուսի քավիչ զոհից։ Թագավորը հարություն է տալու գերեզմաններում քնած անթիվ-անհամար մարդկանց և կազմակերպելու է լայնածավալ կրթական գործունեություն, որպեսզի նրանց սովորեցնի Եհովայի մասին (Հայտն. 20։12, 13)։ Ողջ երկրի վրա տիրելու են այն նույն պայմանները, որ կային Եդեմի պարտեզում։ Բոլոր հավատարիմ մարդիկ հասնելու են կատարելության։

16 Քրիստոսի Հազարամյա Իշխանության վերջում Մեսիական Թագավորությունը իրականացրած է լինելու իր նպատակը։ Հետո Հիսուսը Թագավորությունը հանձնելու է իր Հորը (կարդա՛  1 Կորնթացիներ 15։24–28)։ Այլևս միջնորդի կարիք չի լինի Եհովայի ու նրա երկրային զավակների միջև։ Աստծու բոլոր որդիները՝ երկնքում և երկրի վրա, միավորված են լինելու իրենց երկնային Հոր հետ և կազմելու են մեկ մեծ ընտանիք։

17. Ի՞նչ ես վճռել անել Թագավորության հետ կապված։

17 Թագավորության 100-ամյա իշխանության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները վստահեցնում են մեզ, որ Եհովան տիրապետում է իրավիճակին, և որ երկրի առնչությամբ նրա նպատակը իրականանալու է։ Ուստի եկեք շարունակենք մնալ նրա հավատարիմ հպատակները և հռչակենք Թագավորին ու նրա Թագավորությունը։ Մենք դա անում ենք լիարժեք վստահությամբ, որ Եհովան շուտով կպատասխանի մեր սրտաբուխ աղոթքին. «Թող գա քո թագավորությունը»։

^ պարբ. 10 Տե՛ս «Դիտարանի» 2012թ. սեպտեմբերի 15-ի «Աստվածապետական դպրոցները Եհովայի սիրո ապացույցն են» հոդվածը (էջ 13–17)։

^ պարբ. 11 Տարբեր երկրներում տարած դատական հաղթանակների մասին տե՛ս 1998թ. դեկտեմբերի 1-ի «Դիտարանը» (էջ 19–22, անգլ., ռուս.)։