Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈՒՆՎԱՐ 2014

«Թող գա քո Թագավորությունը». ե՞րբ

«Թող գա քո Թագավորությունը». ե՞րբ

«Երբ տեսնեք այս բոլոր բաները, իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին» (ՄԱՏԹ. 24։33

1, 2. ա) Ի՞նչը կարող է «կուրության» պատճառ լինել։ բ) Ի՞նչ գիտենք Աստծու Թագավորության վերաբերյալ։

ԳՈՒՑԵ նկատել ես, որ որևէ դեպքի ականատեսները հաճախ բոլորովին տարբեր կերպ են հիշում մանրամասները։ Ոմանք դժվարանում են կոնկրետ հիշել բժշկի խոսքերը այն բանից հետո, երբ նա հայտնում է ախտորոշումը։ Ինչ-որ մեկն էլ դժվարանում է գտնել իր բանալիները կամ ակնոցը, չնայած որ դրանք իր աչքի առաջ են։ Մասնագետներն ասում են, որ երբ մենք փորձում ենք միանգամից մի քանի բան անել, մեր ուշադրությունից վրիպում է այս կամ այն բանը։ Նրանք դա համարում են կուրության մի տեսակ։ Փաստորեն, մեր ուղեղը ժամանակի տվյալ պահին կարող է կենտրոնանալ միայն մեկ բանի վրա։

2 Այդպիսի կուրության մի տեսակ է այն, որ բազմաթիվ մարդիկ այսօր ուշադրություն չեն դարձնում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրանք գուցե համաձայն են, որ աշխարհը 1914թ.-ից հետո շատ է փոխվել, բայց չեն հասկանում այդ իրադարձությունների իմաստը։ Լինելով Աստվածաշունչ ուսումնասիրողներ՝ մենք գիտենք, որ Աստծու Թագավորությունը որոշակի իմաստով եկել է 1914թ.-ին, երբ Հիսուսը երկնքում Թագավոր նշանակվեց, և որ Մատթեոս 6։10-ում գրված աղոթքին լիարժեք պատասխան կտրվի ապագայում։ Միայն այն բանից հետո, երբ ներկա չար աշխարհը կործանվի, Աստծու կամքը կկատարվի երկրի վրա այնպես, ինչպես որ կատարվում է երկնքում։

3. Աստծու Խոսքն ուսումնասիրելը ինչպե՞ս է մեզ օգնում։

 3 Մենք կանոնավորաբար ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը, ուստի տեսնում ենք, որ մեր օրերում մարգարեություններ են կատարվում։ Բայց մարդիկ դա չեն տեսնում։ Նրանք այնքան տարված են առօրյա գործերով, որ չեն տեսնում այն ակնհայտ իրողությունը, որ Քրիստոսը, 1914թ.-ից սկսած, իշխում է և շուտով Աստծու դատաստանն է իրագործելու։ Եթե տասնամյակներ է, ինչ ծառայում ես Աստծուն, առաջվա պես գիտակցո՞ւմ ես մեր ժամանակների լրջությունը։ Նույնիսկ եթե բոլորովին վերջերս ես Վկա դարձել, ինչի՞ վրա է կենտրոնացած քո ուշադրությունը։ Անկախ այն բանից, թե ինչպես կպատասխանես այս երկու հարցին՝ քննենք երեք կարևոր պատճառ, թե ինչու կարող ես համոզված լինել, որ Աստծու օծյալ Թագավորը շուտով քայլեր է ձեռնարկելու, որպեսզի Նրա կամքը լիարժեքորեն կատարվի երկրի վրա։

ՁԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ

4, 5. ա) 1914թ.-ից սկսած՝ ի՞նչ է անում Հիսուսը (տե՛ս 27-րդ էջի նկարը)։ բ) Ի՞նչ է խորհրդանշում երեք ձիավորների արշավանքը, և ինչպե՞ս է այս մարգարեությունը կատարվում։

4 1914թ.-ին Հիսուս Քրիստոսը, որը Հայտնություն 6-րդ գլխում գրված մարգարեությունում պատկերված է սպիտակ ձի քշելիս, ստացավ իր երկնային թագը։ Նա անմիջապես քայլեր ձեռնարկեց, որ ավարտին հասցնի իր հաղթանակը Սատանայի չար աշխարհի նկատմամբ (կարդա՛  Հայտնություն 6։1, 2)։ Այս մարգարեությունը պատկերավոր ձևով նաև ցույց է տալիս, որ Աստծու Թագավորության հաստատումից հետո աշխարհի վիճակը կտրուկ վատանալու էր՝ պատերազմ, սննդի պակասություն, համաճարակներ և այլ վատ բաներ, որոնց պատճառով մարդիկ մահանալու էին։ Մարգարեությունում այս աղետները խորհրդանշվում են երեք ձիավորների արշավանքով, որոնք հայտնվում են անմիջապես Հիսուսից հետո (Հայտն. 6։3–8

5 Ինչպես մարգարեացվել էր, խաղաղությունը «վերցվեց երկրից», չնայած որ տարբեր երկրներ խոստացել էին համագործակցել իրար հետ և խաղաղություն պահպանել։ Առաջին համաշխարհային պատերազմը միայն սկիզբն էր այն բազմաթիվ ավերիչ պատերազմների, որոնք խաղաղությունը վերցնելու էին երկրից։ Չնայած 1914թ.-ից հետո բազմաթիվ տնտեսական և գիտական նվաճումներ են եղել, սննդի պակասը շարունակում է ամբողջ աշխարհում ընդհարումների և պատերազմների պատճառ լինել։ Ոչ ոք չի կարող հերքել, որ «մահացու հիվանդություններն» ու բնական աղետները շարունակում են ամեն տարի միլիոնավոր կյանքեր խլել։ Այս ամենը տեղի է ունենում չտեսնված մասշտաբներով, հաճախականությամբ և հետևանքներով։ Հասկանո՞ւմ ես, թե դա ինչ է նշանակում։

Այն ժամանակվանից, ինչ ձիավորները սկսել են արշավել, աշխարհի վիճակը գնալով վատանում է (տե՛ս պարբերություն 4, 5)

6. Ովքե՞ր ուշադրություն դարձրին աստվածաշնչյան մարգարեությունների կատարմանը, և դա ինչի՞ մղեց նրանց։

6 Առաջին աշխարհամարտը և իսպանական գրիպը շատերի ուշադրությունը շեղեցին աստվածաշնչյան մարգարեություններից։ Բայց օծյալ քրիստոնյաները չշեղվեցին. նրանք մեծ ակնկալիքներ ունեին, որ 1914թ.-ին «ազգերին սահմանված ժամանակներն» ավարտվելու են (Ղուկ. 21։24)։ Ինչ խոսք, այս քրիստոնյաները ճշգրտորեն չգիտեին, թե աստվածաշնչյան մարգարեություններն ինչպես են կատարվելու, բայց գիտեին, որ 1914թ.-ին շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենալու երկնքում։ Երբ նրանք հասկացան, թե այդ մարգարեություններն ինչպես են կատարվում, անմիջապես սկսեցին համարձակորեն ազդարարել, որ Աստծու իշխանությունը սկսվել է։ Բայց նրանց հայտնած լուրը բացասական արձագանք գտավ, և նրանց սկսեցին դաժանորեն հալածել։ Այն, որ դա տեղի ունեցավ շատ ազգերի մեջ, աստվածաշնչյան մարգարեությունների կատարման մեկ այլ ապացույց էր։ Հետագա տարիներին Թագավորության թշնամիները անընդհատ «չարիք էին պատրաստում օրենքի միջոցով»։ Նրանք նաև դիմում էին ֆիզիկական բռնության, Աստծու ծառաներին բանտարկում էին և նույնիսկ  կախաղան հանում, գնդակահարում կամ գլխատում (Սաղ. 94։20; Հայտն. 12։ 15

7. Ինչո՞ւ մարդկանց մեծամասնությունը չի տեսնում, թե որն է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների իսկական պատճառը։

7 Եթե այսքան շատ ապացույցներ կան, ինչո՞ւ մարդկանց մեծամասնությունը չի ընդունում, որ Աստծու Թագավորությունն արդեն հաստատվել է երկնքում։ Ինչո՞ւ նրանք չեն կարողանում տեսնել կապը աշխարհում տիրող իրավիճակների և աստվածաշնչյան այն մարգարեությունների միջև, որոնց մասին Աստծու ժողովուրդը վաղուց ազդարարում է։ Գուցե մարդկանց մեծ մասը կենտրոնացել է միայն այն բանի վրա, ինչ իրենք կարող են տեսնել իրենց աչքերո՞վ (2 Կորնթ. 5։7)։ Գուցե նրանք այնքան են տարված առօրյա գործերով, որ չե՞ն տեսնում, թե ինչ է անում Աստված (Մատթ. 24։37–39)։ Նրանցից ոմանց ուշադրությունը շեղվե՞լ է Սատանայի աշխարհի գաղափարախոսության պատճառով (2 Կորնթ. 4։4)։ Հավատ ու հոգևոր հասկացողություն է պետք՝ տեսնելու համար, թե ինչ է տեղի ունենում ոգեղեն ոլորտում։ Մենք անչափ ուրախ ենք, որ կարողանում ենք տեսնել, թե ինչ է իրականում տեղի ունենում։

ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԵՆ ԱՌԱՋ ԳՆՈՒՄ ՉԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

8–10. ա) Ինչպե՞ս են կատարվում 2 Տիմոթեոս 3։1–5-ում գրված խոսքերը։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մարդիկ ավելի ու ավելի են առաջ գնում չարության մեջ։

8 Կա ևս մեկ պատճառ, թե ինչու ենք համոզված, որ Աստծու Թագավորությունը շուտով իր ձեռքն է վերցնելու երկրի գործերը. մարդիկ ավելի ու ավելի են առաջ գնում չարության մեջ։ Արդեն գրեթե հարյուր տարի է, ինչ կատարվում են 2 Տիմոթեոս 3։1–5-ում գրված խոսքերը։ Այս համարներում նշված վատ հատկություններն այսօր ավելի ու ավելի հաճախ են դրսևորվում և ավելի ու ավելի են արմատավորվում մարդկանց մեջ։ Համաձայն չե՞ս, որ դա այդպես է։ Քննենք մի քանի օրինակ, որոնք հաստատում են այս իրողությունը (կարդա՛  2 Տիմոթեոս 3։1, 13

9 Այն, ինչ 1940-ականներին և 1950-ականներին ցնցող էր համարվում աշխատավայրում, ժամանցի, սպորտի և նորաձևության բնագավառներում, այսօր ոչ մեկին չի զարմացնում։ Ծայրահեղ դաժանությունն ու անբարոյությունը այսօր սովորական բան են։ Մարդիկ կարծես մրցում են, թե իրենցից ով ավելի դաժան ու անպարկեշտ կլինի։ Հեռուստատեսային այն  հաղորդումները, որոնք 1950-ականներին անպատշաճ էին համարվում, այսօր ներկայացվում են որպես ընդունելի ժամանց ամբողջ ընտանիքի համար։ Շատերն են ասում, որ համասեռամոլները մեծ ազդեցություն ունեն ժամանցի ու նորաձևության բնագավառներում և հրապարակավ իրենց ապրելակերպն են գովազդում։ Որքա՜ն ուրախ ենք, որ գիտենք Աստծու տեսակետն այս ամենի վերաբերյալ (կարդա՛  Հուդա 14, 15

10 Համեմատիր երիտասարդների այն պահվածքը, որն ըմբոստ էր համարվում 1950-ականներին, նրանց ներկա պահվածքի հետ։ Օրինակ՝ 1950-ականներին ծնողները միանգամայն իրավացիորեն անհանգստանում էին, թե արդյոք իրենց երեխաները ծխում են, ալկոհոլ են օգտագործում կամ անպատշաճ կերպով են պարում։ Այսօր «ցնցող» լուրերը այլևս չեն ցնցում։ 15-ամյա աշակերտը կրակում է համադասարանցիների վրա՝ սպանելով 2 և վիրավորելով 13 հոգու։ Հարբած դեռահասների խումբը դաժանորեն սպանում է 9-ամյա աղջկան և ծեծում նրա հորն ու զարմիկին։ Իսկ ասիական մի երկրում, ըստ որոշ գնահատականների, անցած տասը տարում կատարված հանցագործությունների կեսը արել են երիտասարդները։ Կարո՞ղ է ինչ-որ մեկը բերել որևէ ապացույց, որ իրերի դրությունը գնալով չի վատանում։

11. Ինչո՞ւ շատերը չեն նկատում, որ հասարակության վիճակը գնալով վատանում է։

11 Պետրոս առաքյալը դիպուկ կերպով գրեց. «Վերջին օրերում ծաղրողներ կգան իրենց ծաղրանքներով, որ իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն ու կասեն. «Որտե՞ղ է նրա խոստացված ներկայությունը։ Քանի որ այն օրից, երբ մեր նախահայրերը մահվան քնով ննջեցին, ամեն բան շարունակվում է մնալ ճիշտ այնպես, ինչպես որ էր ստեղծագործության սկզբից ի վեր»» (2 Պետ. 3։3, 4)։ Ինչո՞ւ են ոմանք այսպես արձագանքում։ Հավանաբար, որքան իրավիճակը ծանոթ է լինում, այնքան քիչ մարդ է ուշադրություն դարձնում դրան։ Հասարակության բարոյական արժեքների աստիճանական անկումը գուցե պակաս ցնցող լինի, քան այն անսպասելի փոփոխությունը, որ տեղի է ունենում մոտիկ ծանոթի վարքագծում։ Այդուհանդերձ, այդ աստիճանական անկումը վտանգավոր է։

12, 13. ա) Ինչո՞ւ չպետք է վհատվենք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ բ) Ի՞նչն է օգնում տոկալու այս «չափազանց դժվար ժամանակներում»։

12 Պողոս առաքյալը նախազգուշացրեց, որ «վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 Տիմոթ. 3։1)։ Հնարավոր է՝ մեր մեջ իրականությունից փախչելու ցանկություն առաջանա։ Բայց «վերջին օրերը» անտանելի ժամանակներ չէին լինելու, ուստի ոչ մի տեղ փախչելու կարիք չկա։ Եհովայի, նրա ոգու և ժողովի օգնությամբ մենք կարող ենք հաղթահարել հիասթափությունն ու մեր ներքին վախերը։ Մենք կարող ենք հավատարիմ մնալ Եհովային։ «Սովորականին գերազանցող ուժը Աստծուց է գալիս և ոչ թե մեզանից» (2 Կորնթ. 4։7–10

13 Ուշադրություն դարձնենք, որ վերջին օրերի մասին մարգարեությունը Պողոսը սկսում է «իմացիր» բառով։ Այս բառը ցույց է տալիս, որ այն, ինչ նա ասելու էր հետո, անպայման կատարվելու էր։ Անկասկած, անաստված հասարակությունը ավելի ու ավելի է առաջ գնալու չարության մեջ, մինչև որ Եհովան վերջ դնի դրան։ Պատմաբանների կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ տարբեր ժամանակներում եղել են հասարակություններ ու երկրներ, որոնք բարոյական մեծ անկում են ապրել ու վերացել։ Բայց պատմության մեջ դեռ չի եղել, որ ամբողջ աշխարհում բարոյականությունն այնպիսի անկում ապրի, ինչպիսին որ այսօր է։ Շատերը գուցե անտեսեն նշանները, բայց այն, ինչ տեղի է ունենում 1914թ.-ից սկսած, հստակ ցույց է տալիս, որ Աստծու Թագավորությունը շուտով քայլեր է ձեռնարկելու։

ԱՅՍ ՍԵՐՈՒՆԴԸ ՉԻ ԱՆՑՆԻ

14–16. Ո՞րն է երրորդ պատճառը համոզված լինելու, որ Աստծու Թագավորությունը շուտով գալու է։

14 Երրորդ պատճառը, թե ինչու կարող  ենք համոզված լինել, որ վերջը մոտ է, իմանում ենք Աստծու ժողովրդի ներկայիս պատմությունից։ Օրինակ՝ նախքան Աստծու Թագավորությունը կհաստատվեր երկնքում, հավատարիմ օծյալների մի խումբ ակտիվորեն ծառայում էր Աստծուն։ Ի՞նչ արեցին նրանք, երբ 1914թ. հետ կապված նրանց որոշ ակնկալիքներ չիրականացան։ Նրանց մեծ մասը փորձությունների ու հալածանքների ներքո անարատ մնաց ու շարունակեց հավատարմորեն ծառայել Եհովային։ Օծյալների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, մինչև իրենց երկրային կյանքի ավարտը հավատարիմ մնացին։

15 Այս աշխարհի վերջի մասին մարգարեությունում Հիսուսն ասաց. «Այս սերունդը չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն» (կարդա՛  Մատթեոս 24։33–35)։ Մենք գիտենք, որ «այս սերունդը» ասելով՝ Հիսուսը նկատի ուներ օծյալ քրիստոնյաների երկու խմբի։ Առաջին խումբը նրանք էին, ովքեր տեսան 1914թ. և հասկացան, որ Քրիստոսի ներկայությունը սկսվել է։ Նրանք մինչև այդ թվականը կամ այդ թվականին արդեն օծվել էին սուրբ ոգով և դարձել Աստծու որդիներ (Հռոմ. 8։14–17

16 «Այս սերնդի» երկրորդ խումբը կազմում են այն օծյալները, որոնք առաջին խմբի օծյալների ժամանակակիցներն են եղել։ Նրանք ոչ միայն ապրել են այն ժամանակ, երբ ապրել են առաջին խմբի օծյալները, այլև օծվել են սուրբ ոգով այն ժամանակ, երբ առաջին խմբի օծյալները դեռևս երկրի վրա են եղել։ Ուստի այսօր ոչ բոլոր օծյալներն են մտնում Հիսուսի ասած «այս սերնդի» մեջ։ Երկրորդ խմբի անդամներն արդեն տարիքով մեծ են։ Իսկ Հիսուսի՝ Մատթեոս 24։34-ում գրված խոսքերը մեզ վստահեցնում են, որ «այս սերնդի» անդամներից առնվազն մի քանիսը «չեն անցնի», մինչև որ չտեսնեն մեծ նեղության սկիզբը։ Անշուշտ, սա ավելացնում է մեր վստահությունն այն բանում, որ շուտով Աստծու Թագավորության Թագավորը կոչնչացնի ամբարիշտներին և կբերի նոր աշխարհ (2 Պետ. 3։13

ՔՐԻՍՏՈՍԸ ՇՈՒՏՈՎ ԱՎԱՐՏԻՆ ԿՀԱՍՑՆԻ ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

17. Երեք մարգարեությունների քննարկումից ի՞նչ հետևություն ենք անում։

17 Ի՞նչ կարող ենք եզրակացնել այս երեք մարգարեությունների քննարկումից։ Հիսուսն ասաց, որ մենք չենք իմանա կոնկրետ օրն ու ժամը, և իրոք չգիտենք (Մատթ. 24։36; 25։13)։ Բայց մենք գիտենք, թե «ինչ ժամանակում ենք ապրում» (կարդա՛  Հռոմեացիներ 13։11)։ Մենք ապրում ենք վերջին օրերում։ Եթե մեր ողջ ուշադրությունը կենտրոնացնենք աստվածաշնչյան մարգարեությունների վրա և այն բանի վրա, թե ինչ են անում Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը, ապա անպայման կտեսնենք, որ, իրոք, այս աշխարհի վերջը մոտ է։

18. Ի՞նչ է սպասում նրանց, ովքեր չեն ցանկանում ընդունել Աստծու Թագավորությունը։

18 Նրանք, ովքեր չեն ցանկանում ընդունել Հիսուս Քրիստոսի՝ հաղթական սպիտակ ձիավորի իշխանությունը, շուտով ստիպված կլինեն ընդունելու իրենց սխալը։ Նրանք չեն կարողանալու խուսափել գալիք դատաստանից։ Այդ ժամանակ շատերը սարսափահար կբացականչեն. «Ո՞վ կարող է կանգնել» (Հայտն. 6։15–17Հայտնություն 7-րդ գլխից տեսնում ենք, թե ով կարող է «կանգնել» այդ օրը՝ նրանք, ովքեր ունեն Աստծու հավանությունը՝ օծյալները և երկրային կյանքի հույս ունեցողները։ Հետո «մեծ բազմությունը» կմտնի նոր աշխարհ (Հայտն. 7։9, 13–15

19. Համոզված լինելով, որ վերջը մոտ է՝ ի՞նչ ակնկալիքներ ունես։

19 Եթե շարունակ ուշադրություն դարձնենք այսօր կատարվող աստվածաշնչյան մարգարեություններին, ապա Սատանայի աշխարհից եկող աղմուկը մեզ չի շեղի, և մենք կկարողանանք տեսնել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների իսկական իմաստը։ Շուտով Քրիստոսը ավարտին կհասցնի իր հաղթանակը այս անաստված աշխարհի դեմ արդար պատերազմում (Հայտն. 19։11, 19–21)։ Պատկերացրու, թե որքան ուրախ կլինենք մենք այս ամենից հետո (Հայտն. 20։1–3, 6; 21։ 3, 4