Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2013

Զոհաբերություններ կանե՞ս հանուն Թագավորության

Զոհաբերություններ կանե՞ս հանուն Թագավորության

«Աստված ուրախությամբ տվողին է սիրում» (2 ԿՈՐՆԹ. 9։7)։

1. Ի՞նչ զոհողություններ են արել շատերը և ինչո՞ւ։

ՄԱՐԴԻԿ պատրաստակամորեն զոհողություններ են անում այն բաների համար, ինչը կարևոր են համարում։ Ծնողները հանուն երեխաների չեն խնայում իրենց ժամանակը, փողը և էներգիան։ Իսկ այն երիտասարդ մարզիկները, որոնք շատ են ուզում մասնակցել Օլիմպիական խաղերին, իրենց հասակակիցների պես խաղալու և զվարճանալու փոխարեն՝ ամեն օր ժամերով լարված մարզվում են։ Հիսուսը նույնպես զոհողություններ արեց այն բաների համար, որոնք կարևոր էր համարում։ Նա ճոխ կյանքով չապրեց, ընտանիք չկազմեց։ Փոխարենը՝ կենտրոնացավ Թագավորության շահերի վրա (Մատթ. 4։17; Ղուկ. 9։58)։ Հիսուսի հետևորդները նույնպես շատ բաներից են հրաժարվել հանուն Աստծու Թագավորության։ Նրանց համար Թագավորության շահերը ամենակարևորն էին, և նրանք զոհողություններ էին անում, որպեսզի որքան հնարավոր է շատ աջակցեն Թագավորության գործին (Մատթ. 4։18–22; 19։27)։ Ինքդ քեզ հարցրու. «Ի՞նչն է կարևոր ինձ համար»։

2. ա) Որ՞ զոհաբերություններն են, որ բոլոր քրիստոնյաները պետք է անեն։ բ) Ի՞նչ լրացուցիչ զոհաբերություններ են ոմանք անում։

2 Կան զոհաբերություններ, որոնք բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պետք է անեն, և դրանք շատ կարևոր են Եհովայի ու մեր փոխհարաբերությունները զարգացնելու և պահպանելու համար։ Այդպիսի զոհաբերություն է այն, երբ մեր ժամանակն ու ուժերը տրամադրում ենք այնպիսի հոգևոր գործերի, ինչպիսիք են՝ աղոթքը, Աստվածաշնչի ընթերցանությունը, ընտանեկան երկրպագությունը, ժողովի հանդիպումներին հաճախելը և բարի լուրը քարոզելը * (Հեսու 1։8; Մատթ. 28։19, 20; Եբր. 10։24, 25)։ Մեր ջանքերի և Եհովայի օրհնության շնորհիվ քարոզչական գործն արագանում է, և բազմաթիվ մարդիկ շարունակում են հորդել դեպի «Եհովայի տան լեռը» (Ես. 2։2)։ Թագավորության գործին աջակցելու համար շատերը, զոհողություններ անելով, ծառայում են Բեթելում, մասնակցում են Թագավորության  սրահների և համաժողովների սրահների շինարարությանը, համաժողովների կազմակերպմանը և աղետից տուժածներին օգնելու աշխատանքներին։ Հավիտենական կյանքի արժանանալու համար պարտադիր պայման չէ այս լրացուցիչ ծառայություններն անելը, սակայն դրանք շատ կարևոր են Թագավորության շահերն առաջ տանելու համար։

3. ա) Ի՞նչ օգուտներ ենք ստանում, երբ զոհողություններ ենք անում Թագավորության համար։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

3 Թագավորության գործին թիկունք կանգնելու կարիքը դեռ երբեք այսքան մեծ չի եղել։ Ուրախալի է տեսնել, որ շատերը «հոժար կամքով» և առատաձեռնորեն զոհողություններ են անում Եհովայի համար (կարդա՛ Սաղմոս 54։6)։ Մինչ սպասում ենք Աստծու Թագավորությանը, նման ոգի դրսևորելով՝ մեծ ուրախություն ենք ստանում (2 Օրենք 16։15; Գործ. 20։35)։ Այդուհանդերձ, բոլորս պետք է խոր ինքնաքննություն անենք. «Կարո՞ղ եմ լրացուցիչ զոհողություններ անել Թագավորության համար։ Ինչպե՞ս եմ օգտագործում իմ ժամանակը, փողը, ուժը և ունակությունները։ Ի՞նչը չպետք է անտեսեմ, երբ մտադիր եմ զոհողություններ անելու»։ Եկեք տեսնենք, թե հին իսրայելացիների օրինակից ինչ կարող ենք սովորել կամավոր զոհաբերություններ անելու հետ կապված։ Դա կավելացնի մեր ուրախությունը։

ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

4. Ի՞նչ օգուտներ էին ստանում իսրայելացիները՝ զոհաբերություններ անելով։

4 Հին իսրայելացիները մեղքերի ներում ստանալու և Եհովայի հավանությունն ունենալու համար պետք է զոհաբերություններ անեին։ Որոշ զոհեր պարտադիր էին, իսկ որոշ զոհեր՝ կամավոր (Ղևտ. 23։37, 38)։ Ողջակեզները կարելի էր մատուցել որպես կամավոր զոհ, կամ՝ նվեր։ Սողոմոնի օրերում տաճարի հանդիսավոր բացման ժամանակ իսրայելացիները ուշագրավ զոհաբերություններ արեցին (2 Տար. 7։4–6

5. Ինչպե՞ս էր Եհովան հնարավոր դարձրել այն, որ նույնիսկ աղքատները կարողանան զոհաբերություն մատուցել։

5 Անշուշտ, Եհովան հասկանում է, որ բոլորը չէ, որ կարող են նույն չափով զոհաբերել, և ամեն մեկից պահանջում է այնքան, որքան նա կարող է անել։ Եհովան իսրայելացիներին պատվիրել էր անասնական զոհեր մատուցել, և այդ զոհերի արյունը թափել։ Այդ զոհաբերությունները այն «օրհնությունների ստվերն» էին, որոնք գալու էին իր Որդու՝ Հիսուսի միջոցով (Եբր. 10։1–4)։ Բայց Եհովան անթեք Աստված չէ։ Եթե իսրայելացին հնարավորություն չուներ ողջակեզ մատուցելու հոտից կամ խոշոր անասուններից, Նա որպես ընծա ընդունում էր տատրակներ։ Այդպիսով նույնիսկ աղքատ իսրայելացին կարող էր  ուրախություն ստանալ Եհովային զոհեր մատուցելուց (Ղևտ. 1։3, 10, 14; 5։7)։ Ճիշտ է, իսրայելացիները կարող էին տարբեր կենդանիներ զոհաբերել, բայց կար երկու բան, որ պահանջվում էր յուրաքանչյուրից, ով կամավոր զոհաբերություն էր ուզում անել։

6. Ի՞նչ էր պահանջվում ընծա մատուցողից, և որքանո՞վ էր կարևոր այդ պահանջները կատարելը։

6 Առաջին՝ նա պետք է տար իր լավագույնը։ Եհովան իսրայելացիներին ասել էր, որ եթե իրենք ուզում են ունենալ իր «հավանությունը», ապա նրանց բոլոր զոհերը պետք է անարատ լինեն (Ղևտ. 22։18–20)։ Եթե կենդանին արատ ունենար, Եհովան չէր ընդունի այդ զոհաբերությունը։ Երկրորդ՝ զոհաբերություն անողը պետք է մաքուր ու անպիղծ լիներ։ Եթե նա անմաքուր էր, պետք է մեղքի կամ հանցանքի ընծա մատուցեր, որպեսզի վերականգներ Եհովայի հետ իր փոխհարաբերությունները և հետո նոր մատուցեր իր կամավոր ընծան (Ղևտ. 5։5, 6, 15)։ Սա շատ կարևոր էր. Եհովան ասել էր, որ այն մարդը, ով, անմաքուր լինելով, ուտի խաղաղության զոհից (որը կամավոր ընծա էր), պետք է վերանա Իր ժողովրդի միջից (Ղևտ. 7։20, 21)։ Իսկ այն մարդը, ով մաքուր էր Եհովայի առաջ, և որի մատուցած զոհը անարատ էր, կարող էր ուրախ և բավարարված լինել (կարդա՛ 1 Տարեգրություն 29։9

ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՅՍՕՐ

7, 8. ա) Ի՞նչ ուրախություն են շատերը ստանում, երբ զոհողություն են անում Թագավորության համար։ բ) Ի՞նչ ունենք, որը կարող ենք զոհաբերել Եհովայի համար։

7 Ինչպես անցյալում, այսօր էլ շատերը պատրաստ են իրենց անձը տրամադրելու սուրբ ծառայությանը, և դա հաճելի է Եհովային։ Հավատակիցների համար աշխատելը մեծ ուրախություն է պատճառում։ Մի եղբայր, ով մասնակցում է Թագավորության սրահների շինարարության աշխատանքներին և աջակցում է աղետից տուժածներին, դժվարանում է խոսքերով արտահայտել այն բավականությունը, որ ստանում է իր եղբայրներին ծառայելուց։ Նա ասում է. «Երբ նոր Թագավորության սրահում տեսնում ես եղբայրների ու քույրերի ուրախ և երախտագետ դեմքերը, ինչպես նաև աղետից տուժածների ցնծությունն ու գնահատանքը, հասկանում ես, որ արժեր այդքան ջանք թափել նրանց օգնելու համար»։

Շատ ընծաներ կամավոր էին և շատ բանով նման են այն զոհաբերություններին, որ մենք անում ենք այսօր (տե՛ս պարբերություն 7–13)

8 Եհովայի ժամանակակից կազմակերպությունը ամեն ինչ անում է Թագավորությանը աջակցելու համար։ 1904թ.-ին եղբայր Ռասելը գրեց. «Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն համարի իր սեփական ժամանակի, ազդեցության, ֆինանսական միջոցների և այլ բաների տնտեսը՝ նշանակված Տիրոջ կողմից, և յուրաքանչյուրը պետք է ձգտի լավագույնս օգտագործել  իր ունակությունները՝ Տիրոջը փառք բերելու համար»։ Ճիշտ է, մենք զոհողություններ ենք անում, բայց երբ ինչ-որ բան ես զոհում Եհովայի համար, բազմաթիվ օրհնություններ ես ստանում (2 Սամ. 24։21–24)։ Կարո՞ղ ես ավելի լավ օգտագործել քո հնարավորությունները, միջոցները և ունակությունները։

Բեթելցիներ (Ավստրալիա)

9. Ղուկաս 10։2–4 համարներից ի՞նչ ենք սովորում ժամանակը օգտագործելու վերաբերյալ։

9 Ժամանակը։ Շատ ժամանակ ու ջանք են պահանջվում մեր գրականությունը թարգմանելու, տպագրելու, երկրպագության վայրեր կառուցելու, համաժողովներ կազմակերպելու, աղետից տուժածներին օգնելու և այլ անհրաժեշտ գործեր անելու համար։ Մենք օրվա մեջ ընդամենը 24 ժամ ունենք։ Ժամանակը ճիշտ օգտագործելու վերաբերյալ Հիսուսը մի կարևոր սկզբունք տվեց։ Երբ իր առաքյալներին ուղարկում էր քարոզելու, նրանց ասաց, որ «ճանապարհին ոչ ոքի չբարևեն» (Ղուկ. 10։2–4)։ Ինչո՞ւ։ Մի աստվածաշնչագետ նշում է. «Արևելքի մարդկանց մեջ ընդունված ողջույնը միայն թեթևակիորեն գլուխը խոնարհելը կամ ձեռք սեղմելը չէր, ինչպես որ ընդունված է մեզ մոտ։ Ողջունելիս հարկավոր էր բազում անգամներ գրկախառնվել, խոնարհվել և անգամ մինչև գետին։ Այս ամենի համար բավականին ժամանակ էր պետք»։ Հիսուսը չէր խրախուսում իր հետևորդներին անքաղաքավարի լինել, այլ օգնում էր նրանց հասկանալու, որ իրենք սահմանափակ ժամանակ ունեն և այդ ժամանակը պետք է լավագույնս օգտագործեն՝ այն հատկացնելով ավելի կարևոր բաներին (Եփես. 5։16)։ Կարո՞ղ ենք այս սկզբունքը կիրառել, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենանք Թագավորության գործին աջակցելու համար։

Քարոզիչները Թագավորության սրահում (Քենիա, Աֆրիկա)

10, 11. ա) Ինչի՞ համար են օգտագործվում մեր նվիրաբերությունները։ բ) Ո՞ր սկզբունքը կարող է օգնել մեզ նվիրաբերությունների հարցում։

10 Փողը։ Մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ Թագավորության գործը առաջ տանելու համար։ Ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում շրջագայող վերակացուների, հատուկ ռահվիրաների և միսիոներների կարիքները հոգալու համար։ 1999թ.-ից սկսած՝ ավելի քան 24500 Թագավորության սրահ է կառուցվել սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում։ Բայց դեռևս 6400 Սրահի կարիք կա։ Ամեն ամիս տպագրվում է մոտ 100 միլիոն «Դիտարան» և «Արթնացե՛ք»։ Այս ամենը կատարվում է քո կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։

11 Պողոս առաքյալը նվիրաբերությունների վերաբերյալ մի լավ սկզբունք է տալիս (կարդա՛ 1 Կորնթացիներ 16։1, 2)։ Աստծու ներշնչանքով նա իր կորնթացի հավատակիցներին հորդորեց իրենց հնարավորության չափով միջոցներ մի կողմ դնել շաբաթվա սկզբում և ոչ թե շաբաթվա վերջում, երբ պարզ չէր լինի, թե որքան գումար կմնար իրենց ձեռքում։ Առաջին դարի քրիստոնյաների պես՝ այսօր եղբայրներն ու քույրերը նախօրոք են որոշում, թե որքան նվիրաբերեն, և իրենց հնարավորության սահմաններում առատաձեռնորեն նվիրաբերություն են անում (Ղուկ. 21։1–4; Գործ. 4։32–35)։ Եհովան գնահատում է այդպիսի ոգին։

Կամավոր, որը ծառայում է տարածաշրջանային շինարարական կոմիտեում (Թաքսիդո, Նյու Յորք, ԱՄՆ)

12, 13. Ինչո՞ւ են ոմանք վարանում տալ իրենց ուժը և ունակությունները, և Եհովան ինչպե՞ս կարող է օգնել նրանց։

12 Ուժը և ունակությունները։ Եհովան աջակցում է մեզ, երբ ջանում ենք մեր ուժը և ունակությունները օգտագործել Թագավորության գործի համար։ Նա խոստանում է, որ կօգնի մեզ, երբ հոգնենք (Ես. 40։ 29–31)։ Քեզ թվում է, թե համապատասխան հմտություններ չունե՞ս Թագավորության գործին աջակցելու համար։ Կարծում ես, թե ուրիշները ավելի՞ որակյալ են։ Հիշիր՝ Եհովան կարող է բարելավել իր ցանկացած ծառայի ունակությունները, ինչպես որ արեց Բեսելիելի և Օհոլիաբի դեպքում (Ելք 31։1–6; տե՛ս 11-րդ էջի նկարը)։

13 Եհովան խրախուսում է մեզ, որ «չխնայենք» մեր ուժը և ունակությունները և մեր լավագույնը տանք Թագավորության գործի համար (Առակ. 3։27)։ Տաճարի վերակառուցման ժամանակ Եհովան Երուսաղեմի բնակիչներին ասաց, որ լրջորեն մտածեն այն մասին, թե ինչ են անում շինարարության համար (Անգե 1։2–5)։ Նրանց ուշադրությունը շեղվել էր Եհովայի գործից։  Լավ կլինի՝ մտածենք, թե արդյոք մեզ համար կարևոր են այն բաները, որոնք կարևոր են Եհովայի համար։ Կարո՞ղ ենք այնպես «ուշադրություն դարձնել մեր ճանապարհներին», որ այս վերջին օրերում ավելի շատ մասնակցենք Թագավորության գործին։

ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԸՍՏ ՄԵՐ ՈՒՆԵՑԱԾԻ

14, 15. ա) Ինչո՞ւ ենք քաջալերվում մեր աղքատ հավատակիցների օրինակից։ բ) Ո՞րն է մեր ցանկությունը։

14 Շատ երկրներում կյանքը դժվար է, և մարդիկ ապրում են աղքատության մեջ։ Մեր կազմակերպությունը ձգտում է այնպես անել, որ «լրացնի» նման վայրերում ապրող մեր հավատակիցների «պակասը» (2 Կորնթ. 8։14)։ Բայց նույնիսկ սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում ապրող եղբայրներն ու քույրերն են կարևորում տալու առանձնաշնորհումը։ Եհովային հաճելի է, որ նրանք տալիս են ուրախությամբ (2 Կորնթ. 9։7

15 Աֆրիկյան մի շատ աղքատ երկրում որոշ եղբայրներ իրենց այգում մի փոքրիկ հողատարածք առանձնացրին, որպեսզի այնտեղից ստացված բերքը վաճառեն և հասույթը տրամադրեն Թագավորության գործին։ Այդ նույն երկրում նախատեսվում էր Թագավորության սրահ կառուցել, որի կարիքը շատ մեծ էր։ Տեղի եղբայրներն ու քույրերը ցանկություն հայտնեցին օգնելու։ Շինարարությունը սկսվելու էր վարուցանքի սեզոնի կեսին։ Բայց դա նրանց հետ չպահեց շինարարությանը մասնակցելուց։ Ցերեկը նրանք կառուցում էին Սրահը, իսկ երեկոյան աշխատում էին իրենց դաշտերում, որպեսզի ժամանակին ավարտեն վարուցանքը։ Ինչպիսի՜ անձնազոհ ոգի։ Սա մեզ հիշեցնում է առաջին դարի Մակեդոնիայի մեր հավատակիցներին։ Թեև նրանք «ծայրաստիճան աղքատության» մեջ էին, բայց աղաչեցին, որ պատիվ ունենան նվիրաբերություն անելու (2 Կորնթ. 8։1–4)։ Թող որ յուրաքանչյուրիս «ձեռքի նվերը համապատասխանի այն օրհնությանը», որը Եհովան տալիս է մեզ (կարդա՛ 2 Օրենք 16։17

16. Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր զոհաբերություններն ընդունելի են Աստծուն։

16 Բայց մի հարցում պետք է զգույշ լինենք։ Մենք, հին իսրայելացիների պես, պետք է հավաստիանանք, որ մեր կամավոր զոհաբերությունները Աստված ընդունում է։ Մենք պետք է հավասարակշռված լինենք, որպեսզի կարողանանք կատարել մեր ընտանիքի ու Եհովայի երկրպագության հետ կապված մեր կարևոր պարտականությունները։ Մեր ժամանակն ու միջոցները ուրիշներին տրամադրելը չպետք է պատճառ լինի, որ անտեսենք մեր ընտանիքի հոգևոր կամ ֆիզիկական բարօրությունը։ Հակառակ դեպքում կստացվի այնպես, որ մենք տալիս ենք այն, ինչ չունենք (կարդա՛ 2 Կորնթացիներ 8:12)։ Բացի այդ, մենք պետք է հետևենք մեր իսկ հոգևոր վիճակին (1 Կորնթ. 9:26, 27)։ Համոզված եղիր, որ երբ ապրում ենք Աստվածաշնչի չափանիշներով, մեր զոհաբերությունները շատ ուրախություն և բավականություն են բերում մեզ և «հաճելի [են] Եհովային»։

ՄԵՐ ՄԱՏՈՒՑԱԾ ԶՈՀԵՐԸ ՄԵԾ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ

17, 18. Ինչպիսի՞ վերաբերմունք ունենք նրանց հանդեպ, ովքեր զոհաբերություններ են անում Թագավորության համար, և ինչի՞ մասին պետք է յուրաքանչյուրս մտածի։

17 Մեր բազմաթիվ եղբայրներ ու քույրեր, աջակցելով Թագավորության գործին, իրենց «անձը մատուցում են այնպես, ինչպես ըմպելիքի ընծան է թափվում» (Փիլիպ. 2։17)։ Մենք շատ ենք գնահատում նրանց, ովքեր այդպիսի անձնազոհ ոգի են դրսևորում։ Թագավորության գործում առաջնորդություն վերցնող եղբայրների կանայք ու երեխաները նույնպես արժանի են գովասանքի իրենց առատաձեռն զոհաբերությունների համար։

18 Թագավորության գործը շատ ջանքեր է պահանջում։ Թող որ յուրաքանչյուրս մտածի, թե ինչպես կարող է հնարավորինս շատ մասնակցել այդ գործին։ Կարող ես համոզված լինել, որ մեծ օրհնություններ կստանաս այժմ և ավելի մեծ օրհնություններ՝ «գալիք աշխարհում» (Մարկ. 10։28–30

^ պարբ. 2 Տե՛ս «Ամբողջ հոգով զոհեր մատուցենք Եհովային» հոդվածը «Դիտարանի» 2012թ. հունվարի 15-ի համարում (էջ 21–25)։