Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ԴԵԿՏԵՄԲԵՐ 2013

Եհովան պաշտպանեց նրանց սարերի ստվերներում

Եհովան պաշտպանեց նրանց սարերի ստվերներում

ՎԱՂ առավոտյան տնից դուրս գալով՝ կինը դռան մոտ նկատում է մի կապոց։ Նա վերցնում է այն, նայում շուրջը, բայց փողոցում ոչ ոք չկա։ Ինչ-որ մեկը գիշերը այդ կապոցը բերել ու թողել է դռան մոտ։ Կապոցը մի փոքր բացելով և տեսնելով, թե ինչ կա այնտեղ՝ կինը անմիջապես տուն է մտնում և փակում դուռը։ Դե իհարկե, նա այդպես պետք է վարվի, որովհետև իր ձեռքին արգելված աստվածաշնչային գրականություն է։ Փաթեթը ամուր գրկած՝ նա լուռ աղոթում է Եհովային ու շնորհակալություն հայտնում այդ թանկ հոգևոր սննդի համար։

Այսպիսի բաներ շատ էին լինում 1930-ականների Գերմանիայում։ 1933-ին նացիստները իշխանության գլուխ եկան, և դրանից հետո Եհովայի վկաների գործունեությունը արգելվեց երկրի մեծ մասում։ «Մենք համոզված էինք, որ ոչ մի մարդ որևէ հրամանագրով չի կարող կանգնեցնել Եհովայի ու նրա անվան մասին ազդարարումը,— ասում է Ռիչարդ Ռուդոլֆը, որն այժմ 100 տարեկանից ավելի է *։— Աստվածաշնչյան գրականությունը շատ կարևոր էր ուսումնասիրության և ծառայության համար, բայց արգելքի պատճառով այն արդեն հեշտ չէր ձեռք բերել, և մենք մտածում էինք, թե ինչպես է գործը շարունակվելու»։ Ռիչարդը շուտով հասկացավ, թե ինչպես է դա արվելու։ Աստվածաշնչյան գրականությունը մատակարարվելու էր մի շատ արտասովոր ձևով։ Հոգևոր կերակուրը եղբայրներին ու քույրերին էր հասնելու սարերի ստվերների միջով (Դատ. 9։36

ԳԱՂՏՆԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ

Եթե շարժվենք Էլբա գետի հոսանքն ի վեր, ի վերջո կհասնենք Կրկոնոշե լեռներ (թարգմանաբար՝ «հսկայական լեռներ»)։ Այս լեռներն այժմ գտնվում են Չեխիայի և Լեհաստանի սահմանին։ Կրկոնոշե լեռների բարձրությունը հասնում է ընդամենը 1600 մետրի, բայց դրանք կոչվել են արկտիկական կղզի Եվրոպայի կենտրոնում։ Լեռնագագաթները տարվա կեսը ծածկված են լինում մինչև երեք մետրի հասնող ձյան հաստ շերտով։ Այստեղ եղանակը փոփոխական է. անսպասելիորեն լեռները կարող են պարուրվել թանձր մառախուղով, և ովքեր հաշվի չեն առնում դա և գտնվում են այդ լեռներում, վտանգում են իրենց կյանքը։

Դարեր շարունակ Կրկոնոշե լեռները եղել են գավառների, թագավորությունների և պետությունների բնական սահմաններ։ Հին ժամանակներում այդ տարածքը դժվար է եղել վերահսկել, ուստի շատերը  զբաղվել են մաքսանենգությամբ։ 1930-ականներին, երբ Կրկոնոշե լեռները բաժանում էին միմյանցից Չեխոսլովակիան ու Գերմանիան, Եհովայի վկաները սկսեցին օգտագործել ժամանակին մաքսանենգների կողմից օգտագործվող ճանապարհները։ Այդ արահետներով եղբայրները սկսեցին Գերմանիա անցկացնել աստվածաշնչյան գրականություն, որին եղբայրներն ու քույրերը շատ էին սպասում։ Երիտասարդ Ռիչարդը այդ խիզախներից մեկն էր։

Եղբայրներն ու քույրերը՝ հագնված ինչպես լեռնագնացներ, գրականությունը Կրկոնոշե լեռներով հասցնում էին Գերմանիա

ՎՏԱՆԳԱՎՈՐ «ԱՐՇԱՎՆԵՐ»

«Հանգստյան օրերին մենք երիտասարդ եղբայրներից բաղկացած խմբերով, յուրաքանչյուրում՝ մոտ յոթ հոգի՝ հագնված ինչպես արշավի գնացողներ, շարժվում էինք դեպի լեռներ,— հիշում է Ռիչարդը։— Հասնում էինք Չեխոսլովակիայի սահման, անցնում լեռները և գնում մինչև Շպինդլերուվ Մլին. ամբողջ ճանապարհը տևում էր մոտ երեք ժամ»։ Շպինդլերուվ Մլինը սահմանից 16,5 կիլոմետր հեռու գտնվող չեխական հանգստավայր է։ Այն օրերին այդ կողմերում շատ գերմանացիներ էին ապրում։ Նրանցից մեկը՝ մի ֆերմեր, համաձայնվեց օգնել եղբայրներին։ Նա կառք ուներ, որով տեղափոխում էր հանգըստացողների։ Այդ ֆերմերը մոտակա քաղաքից վերցնում էր գրականության արկղերը, որոնք ուղարկվում էին Պրահայից երկաթուղով։ Նա արկղերը տանում էր իր ֆերմա, թաքցնում մարագում և սպասում եղբայրներին, որոնք գալիս էին և գրականությունը տանում Գերմանիա։

Ռիչարդը շարունակում է. «Հասնելով ֆերմա՝ մենք մեր ուսապարկերը լցնում էինք գրականությամբ։ Դրանք հատուկ կարված էին ծանր բեռների համար։ Ամեն մեկս տանում էր մոտ 50 կիլոգրամ բեռ»։ Չբռնվելու համար եղբայրները քայլում էին մթով. ճանապարհ էին ընկնում արևամուտին և վերադառնում էին նախքան արևածագը։ Էռնստ Վիսները, որն այն ժամանակ շրջանային վերակացու էր Գերմանիայում, պատմել է, թե ինչ քայլեր էին ձեռնարկվում գրականության փոխադրումն անվտանգ դարձնելու համար. «Երկու եղբայրներ մյուսներից առաջ էին ընկնում մոտ 100 մետր, և երբ ինչ-որ մեկին տեսնում էին, անմիջապես լապտերներով ազդանշան էին տալիս։ Դա նշանակում էր, որ եղբայրները պետք է թաքնվեին թփերում ու սպասեին, մինչև այդ երկու եղբայրները գան և ասեն նշանաբանը։ Ամեն շաբաթ նշանաբանը փոխվում էր»։ Բայց կապույտ համազգեստով գերմանացի ոստիկանները միակ վտանգը չէին։

«Մի երեկո ավելի երկար աշխատեցի, ուստի մյուս եղբայրներից ավելի ուշ շարժվեցի դեպի չեխական  սահման,— պատմում է Ռիչարդը։— Մութ էր ու մառախլապատ։ Քայլում էի սառը անձրևի տակ, ու վրաս դող էր բռնել։ Հետո հասկացա, որ մոլորվել եմ գաճաճ սոճիների մեջ. մի քանի ժամ չէի կարողանում գտնել ճանապարհը։ Շատ լեռնագնացներ են մահացել այսպես։ Միայն վաղ առավոտյան հանդիպեցի եղբայրներին, երբ նրանք արդեն վերադառնում էին»։

Մոտ երեք տարի քաջ եղբայրների փոքր խումբը ամեն շաբաթ գնում էր լեռներ։ Ձմռանը նրանք իրենց թանկարժեք բեռը տանում էին դահուկներով կամ սահնակներով։ Երբեմն սահմանը անցնում էին լույս ժամանակ մոտ 20-հոգանոց խմբով՝ գնալով հստակ նշված արշավային արահետներով։ Որպեսզի խումբը տպավորություն թողներ, թե պարզապես դուրս է եկել լեռներում զբոսնելու, եղբայրները իրենց հետ վերցնում էին նաև քույրերի։ Քույրերից մի քանիսը քայլում էին առջևից և վտանգ զգալուն պես՝ վեր էին նետում իրենց գլխարկները։

Ձյունածածկ Կրկոնոշեով անցնելը վտանգավոր էր

Ի՞նչ էր տեղի ունենում հետո, երբ եղբայրները գիշերային ճանապարհորդությունից վերադառնում էին։ Միջոցներ էին ձեռնարկված, որ գրականությունը անմիջապես բաշխվի։ Ինչպե՞ս էր բաշխումը կատարվում։ Հրատարակությունները փաթեթավորում էին այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե դրանք օճառ են։ Այդ կապոցները տանում էին Հիրշբերգի երկաթուղային կայարան։ Գնացքով «օճառները» հասնում էին Գերմանիայի տարբեր մասեր։ Հետո եղբայրներն ու քույրերը, դրսևորելով շրջահայացություն, դրանք բաժանում էին հավատակիցներին (ինչպես որ գրված է այս հոդվածի սկզբում)։ Այս ամբողջ գործունեությունը մի մեծ ցանց էր, և եթե ցանցի մի օղակ բացահայտվեր, հետևանքները շատ լուրջ կլինեին։ Եվ մի օր այդ օղակներից մեկը հայտնաբերվեց։

1936թ.-ին Բեռլինի մոտակայքում հայտնաբերվեց գրականության մի պահեստ։ Այլ բաների թվում ոստիկանությունը գտավ նաև երեք կապոց՝ ուղարկված Հիրշբերգից անանուն մարդու կողմից։ Ձեռագրի փորձաքննության միջոցով ոստիկանությունը հայտնաբերեց խմբի կարևոր անդամներից մեկին և ձերբակալեց։ Շուտով ձերբակալվեցին ևս երկու հոգի. մեկը Ռիչարդ Ռուդոլֆն էր։ Քանի որ եղբայրները ողջ պատասխանատվությունը վերցրին իրենց վրա, մյուս եղբայրները կարողացան մի որոշ ժամանակ շարունակել ավելի ու ավելի վտանգավոր դարձող իրենց «արշավները»։

ԻՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ

Աստվածաշնչային գրականության մատակարարումը Կրկոնոշե լեռներով շատ կարևոր էր գերմանացի Վկաների համար։ Բայց այդ երթուղին միակը չէր։ Մինչև 1939 թվականը, երբ Գերմանիան բռնազավթեց Չեխոսլովակիան, նման երթուղիներ կային նաև Գերմանիայի այլ սահմաններում։ Գրականություն էր ուղարկվում, օրինակ, Ֆրանսիայից, Նիդերլանդներից և Շվեյցարիայից։ Սահմանի երկու կողմում ապրող Վկաները, իրենց կյանքը վտանգի ենթարկելով, հոգևոր սնունդ էին հասցնում իրենց հալածվող հավատակիցներին։

Այսօր մեզնից շատերը աստվածաշնչային գրականություն են ստանում անհրաժեշտ քանակությամբ և տարբեր ձևաչափերով։ Երբ հաջորդ անգամ նոր հրատարակություն ստանաս Թագավորության սրահում կամ այն բեռնես jw.org կայքից, մի պահ մտածիր, թե ինչ ջանքեր են արվել, որ այդ գրականությունը հասնի քեզ։ Ինչ խոսք, այդ մատակարարումը գուցե այնպես դրամատիկ չլինի, ինչպես տասնամյակներ առաջ, երբ եղբայրները գիշերով անցնում էին ձյունածածկ լեռներով։ Բայց, անկասկած, այն շատ ջանքեր է պահանջել քո բազմաթիվ հավատակիցներից, որոնք անձնազոհաբար ծառայում են քեզ։

^ պարբ. 3 Նա ծառայել է Հիրշբերգ քաղաքի ժողովում (Սիլեզիա)։ Այս քաղաքն այժմ կոչվում է Ելենյա Գուրա, որը գտնվում է Լեհաստանի հարավ-արևմտյան մասում։