Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2013

 ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ

«Կրիայի պես՝ ես իմ տունն ինձ հետ էի տանում»

«Կրիայի պես՝ ես իմ տունն ինձ հետ էի տանում»

1929 ԹՎԱԿԱՆԻ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ մի սրընթաց քարոզարշավ, որը տևեց ինը օր։ Ավելի քան 10000 քարոզիչներ ցրվեցին ողջ երկրով մեկ։ Նրանք տարածեցին 250000 գիրք և գրքույկ։ Թագավորության այս քարոզիչներից մոտ 1000 հոգի գրքեր տարածողներ էին (այդպես էին կոչվում ռահվիրաները նախկինում)։ Ինչպիսի՜ աճ. 1929թ.-ին նրանց թիվը եռապատկվել էր 1927թ. համեմատությամբ։ «Պարզապես անհավատալի է»,— ասվում էր «Տեղեկագրում» *։

1929թ. վերջում համաշխարհային տնտեսությունը ֆինանսական ճգնաժամի մեջ էր։ Այդ թվականի հոկտեմբերի 29-ը կոչվեց «Սև երեքշաբթի». Նյու Յորքի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ արժեթղթերի գների կտրուկ անկում, որը հանգեցրեց շուկայական ցնցումների։ Հազարավոր բանկեր սնանկացան, ֆերմաները դադարեցին գործելուց, հսկա գործարանները փակվեցին, միլիոնավոր մարդիկ գործազուրկ դարձան։ 1933թ.-ին գրավառուների կողմից վերցվող տների թիվը օրական հասավ 1000-ի։

Ինչպե՞ս էին լիաժամ քարոզիչները հաղթահարում ճգնաժամի հետևանքով առաջացած դժվարությունները։ Կերպերից մեկն այն էր, որ նրանք ապրում էին անվավոր տնակներում։ Այս տնակների համար պետք չէր վարձ կամ հարկ վճարել, ինչը շատ ռահվիրաների հնարավորություն էր տալիս նվազագույն ծախսերով կատարելու իրենց ծառայությունը *։ Համաժողովների ժամանակ այս շարժական տնակները ծառայում էին որպես անվճար հյուրանոցներ։ 1934թ.-ին «Տեղեկագիրը» մանրամասն մշակված նախագիծ տրամադրեց փոքրիկ, բայց հարմարավետ տնակներ պատրաստելու համար, որոնք կունենային ջրից օգտվելու հարմարություններ, սալօջախ, ծալովի մահճակալ և ջերմամեկուսացում։

Աշխարհով մեկ հնարամիտ քարոզիչները մեծ ոգևորությամբ սկսեցին կառուցել իրենց անվավոր տնակները։ Վիկտոր Բլաքուելը ասաց. «Նոյը նավ կառուցելու փորձ չուներ։ Ես էլ ոչ մի փորձ կամ գիտելիք չունեի անվավոր տնակ կառուցելու համար»։ Չնայած դրան՝ եղբայր Վիկտորը կառուցեց իր տնակը։

Մեքենա-տնակը տեղափոխում են գետի մյուս ափ մուսսոնների սեզոնի ժամանակ (Հնդկաստան)

Էյվերի և Լովինյա Բրիստոուները մեքենա-տնակ ունեին։ Էյվերին ասաց. «Կրիայի պես՝ ես իմ տունն ինձ հետ էի տանում»։ Բրիստոուները Հարվի և Էն Քոնրոուների հետ ռահվիրա էին ծառայում։ Քոնրոուների շարժական տնակի պատերը ծածկված էին տոլով։ Ամեն անգամ, երբ նրանք տնակը «քշում» էին, տոլի կտորտանքներ էին թափվում պատերից։ Էյվերին ասաց. «Ոչ ոք նախկինում այդպիսի շարժական տնակ չէր տեսել և դրանից հետո էլ չտեսավ»։ Էյվերին նաև ասաց, որ Քոնրոուներն ու նրանց երկու որդիները, չնայած դժվարություններին, «աշխարհի ամենաերջանիկ ընտանիքն էին»։ Հարվի Քոնրոուն գրեց. «Երբեք ոչ մի բանի պակասություն չենք ունեցել։ Մենք մեզ լիովին ապահով էինք զգում Եհովային ծառայելիս և տեսնում էինք, որ նա հոգ է տանում մեր մասին»։ Քոնրոուներն ու նրանց որդիները հետագայում հրավիրվեցին «Գաղաադ» դպրոց և նշանակվեցին միսիոներներ Պերուում։

Բատայնոների ընտանիքը նույնպես ռահվիրա էր ծառայում։ Երբ Ջուստոն և Վինչենցան իմացան, որ ծնող են դառնալու, 1929թ. արտադրության «Ֆորդ» մակնիշի իրենց բեռնատարը վերածեցին շարժական  տնակի, որը, համեմատած այն վրանների հետ, որոնցում նրանք մինչ այդ ապրում էին, «մի իսկական հյուրանոց էր»։ Իրենց փոքրիկ աղջկա հետ նրանք շարունակեցին իրենց սիրելի ծառայությունը՝ քարոզել Միացյալ Նահանգներում ապրող իտալացիներին։

Բազմաթիվ մարդիկ լսեցին բարի լուրը։ Նրանք, ովքեր աղքատ և գործազուրկ էին, հաճախ չէին կարողանում դրամ նվիրաբերել աստվածաշնչյան գրականության համար։ Փոխարենը՝ նրանք զանազան ապրանքներ էին տալիս։ Երկու ռահվիրա 64 տեսակի ապրանքներ թվարկեցին, որ նրանց տվել էին հետաքրքրվող մարդիկ։ Այդ ցուցակը «գյուղական խանութում վաճառվող ապրանքների տեսականի էր հիշեցնում»։

Ֆրեդ Անդերսոնը հանդիպեց մի ֆերմերի, որը մեր գրքերի դիմաց առաջարկեց մի ակնոց, որն իր մայրիկինն էր եղել։ Հարևան ֆերմայում մի մարդ հետաքրքրվեց մեր գրականությամբ, սակայն ասաց. «Ես ակնոց չունեմ, որ կարդամ»։ Այն ակնոցը, որը մեզ տվել էր ֆերմերը, մենք տվեցինք նրան։ Նա սիրով նվիրաբերություն արեց գրքերի և ակնոցի համար։

Հերբերտ Աբոտը իր մեքենայում փոքր հավաբույն էր պահում։ Գրականության դիմաց նրան հավ էին տալիս։ Երբ երեք-չորս հավ էր հավաքվում, նա դրանք վաճառում էր շուկայում և ստացված գումարով մեքենայի համար վառելիք գնում։ Հերբերտը գրեց. «Իսկ լինո՞ւմ էր այնպես, որ մնայինք գրեթե առանց փողի։ Իհարկե լինում էր։ Բայց մենք թույլ չէինք տալիս, որ դա խոչընդոտ լինի մեզ համար։ Երբ վառելիք էինք ունենում, շարունակում էինք ճանապարհը՝ հավատալով և վստահելով Եհովային»։

Եհովային ապավինելով և վճռականություն դրսևորելով՝ Աստծու ժողովուրդը կարողացավ հաղթահարել այդ ծանր ժամանակների դժվարությունները։ Մի անգամ՝ անձրևամրրիկի ժամանակ, մի ծառ ընկավ Մաքսվել և Էմի Լյուիսների տնակի վրա և այն կիսեց երկու մասի, սակայն նրանք հասցրին մինչ այդ դուրս թռչել տնակից։ Մաքսվելն ու Էմին չհուսալքվեցին. նրանք իրենց հոգատար ընկերների օգնությամբ նորոգեցին տնակը։ «Սրանք խոչընդոտներ չէին մեզ համար,— գրեց Մաքսվելը,— այլ պարզապես տհաճ միջադեպեր։ Մեր մտքով չէր էլ անցնում դադարեցնել ծառայությունը։ Շատ աշխատանք կար անելու, և մենք վճռական էինք շարունակելու գործը»։

Մեր այս դժվարին ժամանակներում Եհովայի միլիոնավոր եռանդուն վկաներ նույնպես դրսևորում են անձնազոհ ոգի։ Չնայած դժվարություններին՝ մենք էլ այս ռահվիրաների նման վճռական ենք շարունակելու քարոզչական գործը, մինչև որ Եհովան ասի՝ գործն ավարտված է։

^ պարբ. 3 Այժմ՝ «Մեր թագավորական ծառայությունը»։

^ պարբ. 5 Այդ ժամանակ շատ ռահվիրաներ աշխատանք չունեին։ Նրանք աստվածաշնչային գրականությունը ստանում էին համեմատաբար ցածր գնով և տարածած գրականության դիմաց ստացած նվիրաբերություններն օգտագործում էին իրենց համեստ կարիքները հոգալու համար։