Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՆՈՅԵՄԲԵՐ 2013

«Արթուն եղեք աղոթքներում»

«Արթուն եղեք աղոթքներում»

«Ողջամիտ եղեք և միշտ աղոթեք» (1 ՊԵՏ. 4։7

1, 2. ա) Ինչո՞ւ է կարևոր «արթուն լինել աղոթքներում»։ բ) Աղոթքի հետ կապված ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

«ԳԻՇԵՐԸ դժվար է արթուն մնալ հատկապես լուսաբացից առաջ ընկած ժամանակահատվածում»,— ասում է մի մարդ, որը նախկինում գիշերային աշխատանք է արել։ Հավանաբար, նրանք, ովքեր ստիպված են եղել ողջ գիշեր արթուն մնալու, կհամաձայնեն այս մարդու հետ։ Քրիստոնյաներն այսօր բախվում են նման դժվարության, քանի որ ապրում են Սատանայի չար աշխարհի երկար գիշերվա վերջին հատվածում (Հռոմ. 13։12)։ Շատ վտանգավոր է հոգևոր առումով քնով ընկնել մեր այս ժամանակներում։ Ուստի անչափ կարևոր է «ողջամիտ լինել» և ականջ դնել սուրբգրային հետևյալ հորդորին. «Միշտ աղոթեք [«Արթուն եղէք աղոթքներում», «Արարատ» թարգմանություն]» (1 Պետ. 4։7

2 Հաշվի առնելով, թե ինչ ժամանակներում ենք ապրում՝ իմաստնորեն վարված կլինենք, եթե ինքներս մեզ հարցնենք. «Որքանո՞վ եմ արթուն աղոթքների հարցում։ Ամեն տեսակ աղոթքներ մատուցո՞ւմ եմ Աստծուն և աղոթո՞ւմ եմ շարունակաբար։ Սովորություն ունե՞մ աղոթելու ուրիշների համար, թե՞ աղոթելիս սովորաբար կենտրոնանում եմ միայն իմ կարիքների և ցանկությունների վրա։ Որքանո՞վ է աղոթքը կարևոր իմ փրկության համար»։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ ԱՂՈԹՔ ՄԱՏՈՒՑԵԼ

3. Ինչպիսի՞ աղոթքներ կարող ենք մատուցել։

3 Եփեսացիներին գրած նամակում Պողոսը հորդորում է «ամեն տեսակ աղոթք» մատուցել (Եփես. 6։18)։ Մենք Եհովային հաճախ խնդրում ենք, որ օգնի մեզ հոգալու մեր կարիքները և հաղթահարելու խնդիրները։ «Աղոթքներ Լսողը» սիրով լսում է մեր օգնության խնդրանքները (Սաղ. 65։2)։ Բայց մենք պետք է Եհովային մատուցենք նաև գովաբանական, շնորհակալական և աղաչական աղոթքներ։

4. Ինչո՞ւ պետք է հաճախակի գովաբանենք Եհովային մեր աղոթքներում։

 4 Եհովային գովաբանական աղոթքներ մատուցելու բազմաթիվ պատճառներ կան։ Օրինակ՝ մենք մղվում ենք գովաբանելու նրան, երբ մտածում ենք նրա «զորավոր գործերի» և «անսահման մեծության» մասին (կարդա՛ Սաղմոս 150։ 1–6)։ 150-րդ Սաղմոսը, որը բաղկացած է ընդամենը վեց համարից, 13 անգամ հորդորում է մեզ գովաբանել Եհովային։ Աստծու հանդեպ խոր ակնածանքով լցված՝ մեկ այլ սաղմոսերգու երգեց. «Օրը յոթ անգամ գովաբանում եմ քեզ քո արդար դատավճիռների համար» (Սաղ. 119։164)։ Եհովան, անշուշտ, արժանի է գովաբանության։ Ուստի չպե՞տք է արդյոք նրան գովաբանենք մեր աղոթքներում «օրը յոթ անգամ», այսինքն՝ շատ հաճախ։

5. Աղոթքում շնորհակալություն հայտնելը ինչպե՞ս է պաշտպանում։

5 Աղոթքի մեկ այլ կարևոր տեսակ է շնորհակալական աղոթքը։ Պողոսը փիլիպպեցի քրիստոնյաներին հորդորեց. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպ. 4։6)։ Մենք ապրում ենք վերջին օրերում, երբ մարդիկ «անշնորհակալ» են (2 Տիմոթ. 3։1, 2)։ Աշխարհում իսկապես իշխում է ապերախտության ոգին։ Եթե զգույշ չլինենք, հեշտությամբ կվարակվենք այդ ոգով։ Մեր աղոթքներում սրտանց շնորհակալություն հայտնելը պաշտպանություն կլինի մեզ համար։ Այդպես վարվելը մեր մեջ գոհունակության զգացում կառաջացնի և թույլ չի տա դառնալու «տրտնջացողներ.... որ դժգոհում են կյանքում իրենց բաժին ընկածից» (Հուդա 16)։ Եթե ընտանիքի գլուխը իր ընտանիքի անդամների հետ աղոթելիս շնորհակալական խոսքեր ասի Եհովային, իր կնոջ և երեխաների մեջ երախտագիտության ոգի կզարգանա։

6, 7. Ի՞նչ է աղաչանքը, և ինչի՞ մասին կարող ենք աղաչել Եհովային։

6 Աղաչանքը թախանձագին ու ջերմեռանդ աղոթքն է։ Ինչի՞ մասին կարող ենք աղաչել Եհովային։ Մենք, ինչ խոսք, աղաչում ենք Եհովային օգնության համար, երբ հալածվում ենք կամ կյանքին սպառնացող հիվանդությունից տառապում ենք։ Բայց միայն այս դեպքերում չէ, որ կարող ենք աղաչել Եհովային։

7 Ուշադրություն դարձնենք, թե տիպար աղոթքում Հիսուսն ինչ ասաց Աստծու անվան, Թագավորության և կամքի մասին (կարդա՛ Մատթեոս 6։9, 10)։ Այս աշխարհը մինչև կոկորդը խրված է չարության մեջ, և մարդկային կառավարությունները չեն հոգում իրենց քաղաքացիների նույնիսկ հիմնական կարիքները։ Ուստի միանգամայն տեղին է աղոթել, որ մեր երկնային Հոր անունը սրբացվի, նրա Թագավորությունը ազատի երկիրը Սատանայի իշխանությունից, և որ երկրի վրա կատարվի նրա կամքը, ինչպես որ երկնքում է։ Ուրեմն եկեք արթուն մնանք և ամեն տեսակ աղոթքներ ուղղենք Աստծուն։

«ՇԱՐՈՒՆԱԿ ԱՂՈ՛ԹՔ ԱՐԵՔ»

8, 9. Ինչո՞ւ չպետք է քննադատենք Պետրոսին և մյուս առաքյալներին այն բանի համար, որ նրանք քնով էին ընկել Գեթսեմանի պարտեզում։

8 Պետրոս առաքյալը հորդորեց «արթուն լինել աղոթքներում», բայց նա ինքը առնվազն մեկ անգամ թերացավ այդ հարցում։ Պետրոսն այն առաքյալներից մեկն էր, որոնք քնով էին ընկել, մինչ Հիսուսը աղոթում էր Գեթսեմանի պարտեզում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Հիսուսը նրանց հորդորեց՝ «արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արեք», նրանք նորից քնեցին (կարդա՛ Մատթեոս 26։40–45

9 Պետրոսին և մյուս առաքյալներին քննադատելու փոխարեն՝ լավ կլինի հիշել, որ նրանք ծանր օր էին ունեցել և հոգնած էին։ Նրանք Պասեքի պատրաստություններ էին տեսել և այդ երեկո նշել էին  այն։ Հետո Հիսուսը հաստատել էր Տիրոջ ընթրիքը՝ օրինակ թողնելով, թե ինչպես իր հետևորդները հետագայում հիշեն իր մահվան օրը (1 Կորնթ. 11։23–25)։ «Գովաբանության երգեր երգելուց հետո» նրանք, քայլելով Երուսաղեմի նեղ փողոցներով, գնացել էին դեպի Ձիթենյաց լեռը (Մատթ. 26։30, 36)։ Այն ժամանակ, երբ նրանք քնով էին ընկել, հավանաբար, կեսգիշերից բավականին անցել էր։ Եթե այդ գիշեր Գեթսեմանի պարտեզում լինեինք, գուցե մենք էլ քնեինք։ Հիսուսը չքննադատեց հոգնած առաքյալներին, այլ, նրանց հանդեպ սիրով լցված, ասաց. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։

Թեև Պետրոսը սայթաքեց, բայց սովորեց «արթուն լինել աղոթքներում» (տե՛ս պարբերություն 10, 11)

10, 11. ա) Ի՞նչ դաս քաղեց Պետրոսը այն բանից, որ արթուն չմնաց Գեթսեմանի պարտեզում։ բ) Ի՞նչ ես սովորում Պետրոսի դեպքից։

10 Պետրոսը թեև ցավոտ, բայց կարևոր դաս քաղեց այն բանից, որ արթուն չմնաց այդ գիշեր։ Ավելի վաղ Հիսուսն ասել էր. «Այս գիշեր դուք բոլորդ կգայթակղվեք այն բաներից, որ պատահելու են ինձ»։ Ի պատասխան՝ Պետրոսն ասել էր. «Թեկուզ բոլորն էլ քեզ հետ պատահածից գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի»։ Հիսուսը նրան ասել էր, որ նա երեք անգամ ուրանալու է իրեն, մինչդեռ Պետրոսը պատասխանել էր. «Նույնիսկ եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ, քեզ երբեք չեմ ուրանա» (Մատթ. 26։31–35)։ Այնուամենայնիվ, Պետրոսը գայթակղվեց, ինչպես որ Հիսուսն ասել էր։ Վերջին անգամ ուրանալուց հետո նա «դառնապես լաց եղավ» (Ղուկ. 22։60–62

11 Անկասկած, Պետրոսը հասկացավ, որ չպետք է չափից շատ ինքնավստահ լինի, և աղոթքը, անշուշտ, օգնեց նրան այս հարցում։ Ուշագրավ է, որ «արթուն եղեք աղոթքներում» խորհուրդը հենց նա տվեց։ Արդյոք ականջ դնո՞ւմ ենք Եհովայի կողմից ներշնչված այս խորհրդին։ «Շարունակ աղոթք անո՞ւմ» ենք՝ այդպիսով ցույց տալով, որ Եհովային վստահում ենք (Սաղ. 85։8)։ Եկեք նաև միշտ հիշենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքը. «Ով կարծում է, թե կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (1 Կորնթ. 10։12

ԵՀՈՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՆԵԵՄԻԱՅԻ ԱՂՈԹՔՆԵՐԻՆ

12. Ինչո՞ւ է Նեեմիան լավ օրինակ մեզ համար։

12 Նեեմիան պարսից Արտաքսերքսես թագավորի գինեմատույցն էր մ.թ.ա. 5-րդ դարում։ Նա գերազանց օրինակ է ջերմեռանդորեն աղոթելու հարցում։ Նեեմիան «օրեր շարունակ.... ծոմ [էր] պահում և աղոթում» էր Աստծուն Երուսաղեմի հրեաների ծանր վիճակի մասին (Նեեմ. 1։4)։ Երբ թագավորը նրան հարցրեց, թե ինչու է նրա դեմքը տրտում, Նեեմիան «իսկույն աղոթեց երկնքի Աստծուն» (Նեեմ. 2։2–4)։ Եհովան պատասխանեց նրա աղոթքներին և այնպես արեց, որ դեպքերը հօգուտ իր ժողովրդի զարգանան (Նեեմ. 2։5, 6 Անկասկած, Նեեմիայի հավատը շատ զորացավ։

13, 14. Ի՞նչ պետք է անենք, որ մեր հավատը ամուր լինի, և Սատանան չկարողանա վհատեցնել մեզ։

13 Նեեմիայի պես շարունակաբար աղոթելը կօգնի մեզ միշտ ամուր հավատ ունենալու։ Սատանան անողորմ է և հաճախ հարձակվում է այն ժամանակ, երբ թույլ ենք։ Եթե հիվանդ ենք կամ տառապում ենք դեպրեսիայից, ապա գուցե սկսենք մտածել, թե ամեն ամիս ծառայության մեջ անցկացրած մեր ժամանակը շատ քիչ արժեք ունի Աստծու աչքում։ Մեզնից ոմանք գուցե տանջվում են անցյալում տեղի ունեցած որոշ դեպքերի պատճառով։ Սատանան շատ է ցանկանում մեզ ներշնչել այն միտքը, թե մենք որևէ արժեք չունենք Եհովայի համար։ Նրա հարձակումները հաճախ նպատակաուղղված են վհատեցնելու մեզ և այդպիսով թուլացնելու մեր հավատը։ Բայց եթե «արթուն լինենք աղոթքներում», մեր հավատը ամուր կմնա։ «Հավատի մեծ վահանի» շնորհիվ մենք կկարողանանք «հանգցնել Չարի կրակոտ նետերը» (Եփես. 6։16

«Աղոթքներում արթուն լինելով»՝ կկարողանանք հաղթահարել տարբեր դժվարություններ (տե՛ս պարբերություն 13, 14)

14 Եթե «արթուն լինենք աղոթքներում», ապա, երբ անսպասելի փորձություններ լինեն, հանկարծակիի չենք գա և հավատի հարցում զիջումների չենք գնա։ Փորձությունների ժամանակ եկեք հիշենք Նեեմիային և իսկույն աղոթենք Աստծուն։ Միայն ու միայն Եհովայի օգնությամբ կարող ենք դիմադրել գայթակղություններին և դիմանալ հավատի փորձություններին։

ԱՂՈԹԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ

15. Ի՞նչ հարցեր պետք է ինքներս մեզ տանք ուրիշների համար աղոթելու վերաբերյալ։

15 Հիսուսը աղաչեց Եհովային, որ Պետրոսի հավատը չթուլանա (Ղուկ. 22։32)։ Առաջին դարի հավատարիմ քրիստոնյա Եպաֆրասը, ընդօրինակելով Հիսուսին, եռանդագին աղոթեց իր կողոսացի եղբայրների համար։ Պողոսը կողոսացիներին գրեց. «Եպաֆրասը.... միշտ եռանդագին  աղոթում է ձեզ համար, որպեսզի վերջում դուք կանգնած լինեք՝ կատարյալ և Աստծու ողջ կամքում հաստատապես համոզված» (Կող. 4։12)։ Եկեք ինքներս մեզ հարցնենք. «Եռանդագին աղոթո՞ւմ եմ աշխարհի տարբեր վայրերում ապրող եղբայրների և քույրերի համար։ Որքա՞ն հաճախ եմ աղոթում իմ այն հավատակիցների համար, որոնք տուժել են բնական աղետից։ Վերջին անգամ ե՞րբ եմ եռանդագին աղոթել այն մարդկանց համար, ովքեր կարևոր պատասխանատվություններ ունեն Եհովայի կազմակերպությունում։ Վերջերս աղոթե՞լ եմ ժողովի այն անդամների համար, ովքեր դժվարություններ ունեն»։

16. Ուրիշների համար աղոթելը կարո՞ղ է օգնել նրանց։ Բացատրիր։

16 Ուրիշների համար մեր արած աղոթքները կարո՛ղ են օգնել նրանց (կարդա՛ 2 Կորնթացիներ 1։11)։ Եհովան ուրախանում է, երբ իր ծառաները իսկապես հետաքրքրվում են միմյանցով, և պատասխանում է նրանց աղոթքներին, թեև նա պարտավոր չէ պատասխանել զուտ այն պատճառով, որ իր ծառաներից շատերը մի բանի համար բազմիցս աղոթում են իրեն։ Ուստի մենք պետք է լուրջ վերաբերվենք ուրիշների համար աղոթելու մեր առանձնաշնորհմանը և պատասխանատվությանը։ Եպաֆրասի պես՝ պետք է դրսևորենք մեր ջերմ սերն ու հոգատարությունը եղբայրների ու քույրերի հանդեպ՝ եռանդագին աղոթելով նրանց համար։ Այդ դեպքում մեր ուրախությունը կավելանա, որովհետև «ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ Է

17, 18. «Աղոթքներում արթուն լինելը» ինչպե՞ս կօգնի մեզ։

17 Պողոսը, նախքան ասելը՝ «գիշերը բավականին անցել է, և օրը մոտեցել է», ասաց հետևյալ խոսքերը. «Իմանալով, թե ինչ ժամանակում եք ապրում, որ ձեզ համար արդեն եկել է քնից արթնանալու ժամը, քանի որ մեր փրկությունը հիմա ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացյալ դարձանք» (Հռոմ. 13։11, 12)։ Աստծու խոստացած նոր աշխարհը և մեր փրկությունը շատ ավելի մոտ են, քան մենք գուցե կարծում ենք։ Ուստի մենք չպետք է հոգևորապես քնենք և չպետք է թույլ տանք, որ այս աշխարհի շեղող հանգամանքները մեզնից խլեն այն ժամանակը, որը տրամադրում ենք Եհովայի հետ մենակ մնալուն և նրան աղոթելուն։ Եկեք «արթուն լինենք աղոթքներում»։ Այդպես վարվելը կօգնի մեզ անելու «սուրբ վարքին բնորոշ արարքներ և աստվածանվեր գործեր», մինչ սպասում ենք Եհովայի օրվան (2 Պետ. 3։11, 12)։ Այդպիսով ցույց տված կլինենք, որ հոգևորապես արթուն ենք և իսկապես հավատում ենք, որ այս չար աշխարհի վերջը անխուսափելի է։ Ուստի եկեք «անդադար աղոթենք» (1 Թեսաղ. 5։17)։ Եկեք նաև, Հիսուսի պես, առանձնանանք անձնական աղոթքներ անելու համար։ Եթե բավականաչափ ժամանակ տրամադրենք աղոթքին, ավելի կմտերմանանք Եհովայի հետ, ինչը, անկասկած, մեծ օրհնություն է (Հակ. 4։7, 8

18 Աստվածաշունչն ասում է. «Երբ Քրիստոսը երկրի վրա էր, սաստիկ աղաղակներով ու արցունքներով աղաչանքներ և խնդրանքներ մատուցեց Նրան, ով կարող էր փրկել իրեն մահից. և նրա աստվածավախության համար Աստված լսեց նրան» (Եբր. 5։7)։ Հիսուսն աղաչանքներով և խնդրանքներով աղոթեց Եհովային և մինչև իր երկրային կյանքի վերջը հավատարիմ մնաց նրան։ Աստված ազատեց իր սիրելի Որդուն մահվան կապանքներից և պարգևատրեց անմահ կյանքով երկնքում։ Մենք նույնպես կարող ենք հավատարիմ մնալ մեր երկնային Հորը, անկախ այն բանից, թե ապագայում ինչ գայթակղությունների առաջ կկանգնենք կամ ինչ փորձությունների կբախվենք։ Կարող ենք համոզված լինել, որ, եթե արթուն մնանք աղոթքներում, կստանանք հավիտենական կյանքի մրցանակը։