Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

Վարվիր Հիսուսի աղոթքին ներդաշնակ

Վարվիր Հիսուսի աղոթքին ներդաշնակ

«Հա՛յր.... փառավորիր քո որդուն, որ քո որդին էլ քեզ փառավորի» (ՀՈՎՀ. 17։1

1, 2. Ի՞նչ է անում Հիսուսը այն բանից հետո, երբ առաքյալների հետ նշում է Պասեքը։

33 ԹՎԱԿԱՆՆ է, նիսանի 14-ը։ Ուշ երեկո է։ Հիսուսը առաքյալների հետ նշել է Պասեքը, որը հիշեցնում է նրանց, թե Աստված ինչպես ազատեց իրենց նախահայրերին Եգիպտոսի լծից։ Բայց իր հավատարիմ աշակերտներին ավելի մեծ՝ «հավիտյան» ազատագրում է սպասում։ Շուտով նրանց առաջնորդը, որը ոչ մի հանցանք չի գործել, մահվան է մատնվելու թշնամիների կողմից։ Բայց ատելության այս դրսևորումը վերածվելու է օրհնության։ Հիսուսի թափած արյունը հիմք է լինելու՝ ազատելու մարդկությանը մեղքից ու մահից (Եբր. 9։12–14

2 Որպեսզի չմոռանանք Աստծու սիրո այս դրսևորումը, Հիսուսը հաստատում է Պասեքին փոխարինող մի նոր տարեկան արարողություն։ Նա կոտրում է անթթխմոր հացը, տալիս է իր 11 հավատարիմ առաքյալներին, որ փոխանցեն միմյանց, ու ասում. «Սա խորհըրդանշում է իմ մարմինը, որը տրվելու է ձեզ համար։ Սա արեք ինձ հիշելու համար»։ Հետո Քրիստոսը վերցնում է կարմիր գինով լցված բաժակը, տալիս է առաքյալներին, որ դարձյալ փոխանցեն միմյանց, ու ասում. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը իմ արյան հիման վրա, որ թափվելու է ձեզ համար» (Ղուկ. 22։19, 20

3. ա) Ի՞նչ մեծ փոփոխություն տեղի ունեցավ Հիսուսի մահից հետո։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու Հիսուսի այն աղոթքի առնչությամբ, որը գրված է Հովհաննես 17-րդ գլխում։

3 Շուտով Աստծու և Իսրայել ազգի միջև եղած Օրենքի ուխտը փոխարինվելու է նոր ուխտով, որը կնքվելու է Եհովայի և Հիսուսի օծյալ հետևորդների միջև։ Քրիստոսը խորապես անհանգստացած է այս նոր՝ հոգևոր ազգի բարօրությամբ։ Իսրայելում կրոնական և սոցիալական պառակտվածությունն արդեն անհնար է վերացնել, և դա մեծ նախատինք է բերում Աստծու սուրբ անվանը (Հովհ. 7։45–49; Գործ. 23։6–9)։ Ի տարբերություն սրա՝ Հիսուսն ուզում է, որ իր հետևորդները լիովին միասնական լինեն, որպեսզի կարողանան համերաշխորեն ծառայել և փառք բերել Աստծու անվանը։ Ի՞նչ է անում  Հիսուսը։ Նա մի սրտառուչ աղոթք է ասում, ամենից գեղեցիկ աղոթքը, որը որևէ մարդ երբևէ պատիվ է ունեցել կարդալու (Հովհ. 17։1–26; տե՛ս 26-րդ էջի նկարը)։ Պատասխանո՞ւմ է Աստված Հիսուսի աղոթքին։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Վարվո՞ւմ եմ Հիսուսի աղոթքին ներդաշնակ»։

ԻՆՉՆ ԷՐ ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԱՐ

4, 5. ա) Ի՞նչ ենք սովորում Հիսուսի աղոթքի առաջին խոսքերից։ բ) Ինչպե՞ս է Եհովան պատասխանում Հիսուսի՝ նրա ապագայի վերաբերյալ անձնական խնդրանքին։

4 Հիսուսը մինչև ուշ գիշեր զրուցում է առաքյալների հետ՝ անգին աստվածային գիտելիքներ տալով նրանց։ Հետո նա աչքերը դեպի երկինք է բարձրացնում և աղոթում. «Հա՛յր, ժամը եկավ, փառավորիր քո որդուն, որ քո որդին էլ քեզ փառավորի, որովհետև իշխանություն տվեցիր նրան բոլոր մարդկանց վրա, որպեսզի բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր, հավիտենական կյանք տա.... Ես փառավորեցի քեզ երկրի վրա՝ ավարտելով այն գործը, որ տվել էիր ինձ անելու։ Ուստի այժմ, Հա՛յր, փառավորիր ինձ քեզ մոտ այն փառքով, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը» (Հովհ. 17։1–5

5 Նկատենք, թե աղոթքի սկզբում ինչի վրա է Հիսուսը կենտրոնանում։ Նրան գլխավորապես հետաքրքրում է իր երկնային Հոր փառաբանությունը, և սա համահունչ է տիպար աղոթքի առաջին խնդրանքին. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը» (Ղուկ. 11։2)։ Հետո Հիսուսը խնդրում է իր աշակերտների համար, որ Եհովան նրանց «հավիտենական կյանք տա»։ Այնուհետև անձնական բան է խնդրում՝ ասելով. «Հա՛յր, փառավորիր ինձ քեզ մոտ այն փառքով, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը»։ Եհովան տալիս է ավելին, քան այն, ինչ իր հավատարիմ Որդին իրենից խնդրում է. Աստված նրան տալիս է «մի անուն», որը բոլոր հրեշտակների «անունից ավելի գերազանց է» (Եբր. 1։4

«ՃԱՆԱՉԵՆ ՄԻԱԿ ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏԾՈՒՆ»

6. Ի՞նչ պետք է անեին առաքյալները հավիտենական կյանքի հասնելու համար, և որտեղի՞ց գիտենք, որ նրանք հասան այդ կյանքին։

6 Հիսուսը նաև աղոթում է այն մասին, թե մենք՝ մեղավոր մարդիկս, ինչ պետք է անենք, որպեսզի ստանանք հավիտենական կյանքի անզուգական պարգևը (կարդա՛ Հովհաննես 17։3)։ Նա ասում է, որ մենք պետք է ճանաչենք Աստծուն և Քրիստոսին։ Ի՞նչ է հարկավոր դրա համար։ Առաջին՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել նրանց մասին ավելի շատ բան սովորելու համար։ Երկրորդ՝ հարկավոր է սովորածը կիրառել։ Առաքյալներն արդեն արել էին այս երկու բաները, որովհետև Հիսուսն իր աղոթքում ասաց. «Այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին» (Հովհ. 17։8)։ Բայց հավիտենական կյանք ստանալու համար նրանք պետք է շարունակեին մտածել Աստծու խոսքերի շուրջ և դրանք կիրառեին առօրյայում։ Արդյո՞ք հավատարիմ առաքյալները մինչև իրենց երկրային կյանքի ավարտը այդպես են վարվել։ Այո՛։ Մենք կարող ենք այդպես ասել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի անունը անջնջելիորեն գրված է երկնքում Նոր Երուսաղեմի 12 հիմնաքարերի վրա (Հայտն. 21։14

7. Ի՞նչ է նշանակում «ճանաչել» Աստծուն, և ինչո՞ւ է դա շատ կարևոր։

7 Ըստ հունարենի մասնագետների՝ «ճանաչեն» թարգմանված հունարեն բառը կարող է թարգմանվել նաև «գիտելիքներ ստանան»։ Ինչպես գրված է հայերեն «Նոր աշխարհ թարգմանության» Հովհաննես 17։3-ի ծանոթագրությունում, «հունարենում այս բայը շարունակական գործողություն է ցույց տալիս»։ Այս երկու իմաստները լրացնում են իրար, և երկուսն էլ կարևոր են։ Այսպիսով՝ շարունակաբար գիտելիքներ ստանալով՝ մենք պատիվ կունենանք «ճանաչելու» Աստծուն։ Տիեզերքի մեծագույն անձնավորությանը ճանաչելը ավելին է ներառում, քան պարզապես իմանալը, թե ինչ հատկություններ և ինչ նպատակ ունի նա։ Եհովային ճանաչելու  մեջ մտնում է ուժգին սեր ունենալը նրա և մեր հավատակիցների հանդեպ։ 1 Հովհաննես 4։8-ում գրված է. «Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն»։ Հետևաբար Աստծուն ճանաչելը ներառում է նրան հնազանդվելը (կարդա՛ 1 Հովհաննես 2։3–5)։ Ի՜նչ մեծ պատիվ է մեզ համար լինել նրանց թվում, ովքեր ճանաչում են Եհովային։ Բայց, ինչպես որ Հուդա Իսկարիովտացու դեպքում էր, Աստծու հետ ունեցած թանկ փոխհարաբերությունը հնարավոր է կորցնել։ Եկեք ամեն ջանք թափենք, որ պահպանենք այն։ Այդ դեպքում մենք արժանի կլինենք ստանալու հավիտենական կյանքի անզուգական պարգևը (Մատթ. 24։13

«ՔՈ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ»

8, 9. ա) Ո՞րն էր Հիսուսի գլխավոր նպատակը իր երկրային ծառայության ժամանակ։ բ) Կրոնական ո՞ր սովորույթն էր նա մերժում։

8 Հովհաննեսի Ավետարանի 17-րդ գլխում գրված աղոթքը կարդալուց հետո ո՞վ կարող է կասկածել, որ Հիսուսը մեծ սեր ուներ ոչ միայն իր առաքյալների, այլև իր ապագա աշակերտների հանդեպ (Հովհ. 17։20)։ Այդուհանդերձ, մենք պետք է հասկանանք, որ Հիսուսի համար ամենակարևոր բանը մեր փրկությունը չէ։ Նրա գլխավոր նպատակը երկրային ծառայության սկզբից մինչև վերջ իր Հոր անվան սրբացումն ու փառաբանումն էր։ Օրինակ՝ երբ նա Նազարեթի ժողովարանում հայտնեց իր առաքելության մասին, Եսայիայի մարգարեությունից կարդաց. «Եհովայի ոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ»։ Կասկած չկա, որ Քրիստոսը այդ խոսքերը կարդալիս Աստծու անունը հստակորեն արտասանեց (Ղուկ. 4։16–21

9 Հրեաների շրջանում ընդունված էր չօգտագործել Աստծու անունը. Հիսուսի՝ երկիր գալուց դեռ շատ առաջ կրոնական առաջնորդները սովորեցնում էին չօգտագործել այն։ Կարող ենք համոզված լինել, որ Քրիստոսը վճռականորեն մերժեց այդ ոչ սուրբգրային սովորույթը։ Նա իր հակառակորդներին ասաց. «Ես եկել եմ իմ Հոր անունով, բայց դուք չեք ընդունում ինձ։ Իսկ եթե մեկ ուրիշն իր անունով գար, դուք կընդունեիք նրան» (Հովհ. 5։43)։ Հետո Հիսուսը իր մահից մի քանի օր առաջ ցույց տվեց, թե ինչն է իր համար ամենակարևորը՝ աղոթելով. «Հա՛յր, փառավորի՛ր  քո անունը» (Հովհ. 12։28)։ Ուստի չպետք է զարմանանք, որ Հիսուսի աղոթքում կարմիր թելի նման անցնում է իր Հոր անվան սրբացման և փառաբանման թեման։

10, 11. ա) Ի՞նչ էր ներառում Հոր անունը աշակերտներին ճանաչեցնելը։ բ) Ո՞րն է այսօր Հիսուսի աշակերտների նպատակը։

10 Հիսուսն աղոթեց. «Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որ դու աշխարհից տվեցիր ինձ։ Նրանք քոնն էին, և դու ինձ տվեցիր, ու նրանք պահեցին քո խոսքը։ Ես այլևս աշխարհում չեմ, բայց նրանք աշխարհում են, իսկ ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահպանիր նրանց քո անվան համար, որը տվեցիր ինձ, որպեսզի նրանք մի լինեն, ինչպես որ մենք էլ մի ենք» (Հովհ. 17։6, 11

11 Իր Հոր անունը աշակերտներին ճանաչեցնելն ավելին էր ներառում, քան պարզապես այդ անունը տալը։ Հիսուսը նրանց օգնեց տեսնելու, թե ինչ անձնավորություն է կանգնած այդ անվան հետևում, այսինքն՝ թե ինչ հատկություններ ունի Աստված և ինչպես է վարվում մարդկանց հետ (Ելք 34։5–7)։ Այժմ Հիսուսը իր երկնային փառավոր դիրքից շարունակում է իր աշակերտներին օգնել, որ նրանք երկրագնդով մեկ հայտնի դարձնեն Աստծու անունը։ Նա ուզում է, որ նախքան այս համակարգի վախճանը հնարավորին չափ շատ մարդիկ աշակերտ դառնան։ Հետո, երբ Եհովան ազատի իր հավատարիմ վկաներին, նա մի հրաշալի անուն կստեղծի իր համար (Եզեկ. 36։23

«ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԸ ՀԱՎԱՏԱ»

12. Ի՞նչ երեք կարևոր բան կա, որոնց շնորհիվ հաջողության կհասնենք մեր փրկարար գործում։

12 Երկրի վրա Հիսուսը ջանք չխնայեց օգնելու իր աշակերտներին, որ նրանք հաղթահարեն իրենց թուլությունները։ Դրա շնորհիվ աշակերտները կկարողանային Հիսուսի սկսած գործը ավարտին հասցնել։ Քրիստոսն աղոթեց. «Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ»։ Նա իր աղոթքում Եհովայից երեք կարևոր բան խնդրեց աշակերտների համար, որոնց հետևելով՝ նրանք հաջողության կհասնեին իրենց փրկարար գործում։ Առաջին՝ նա խնդրեց, որ իր աշակերտները Սատանայի անսուրբ աշխարհի մաս չլինեն։ Երկրորդ՝ աղոթեց, որ նրանք սրբացվեն, կամ՝ սուրբ մնան՝ կիրառելով Աստծու Խոսքի ճշմարտությունները։ Երրորդ՝ Հիսուսը Եհովային խնդրեց, որ աշակերտները միավորված լինեն այն սիրո կապով, որը կա իր և Հոր միջև։ Հետո Քրիստոսը աղոթքում ասաց. «Որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։ Այս խոսքերով նա վստահություն հայտնեց, որ եթե աշակերտները վարվեն իր երեք խնդրանքներին ներդաշնակ, ապա բազմաթիվ մարդիկ կընդունեն բարի լուրը։ Յուրաքանչյուրս ինքն իրեն պետք է հարց տա. «Վարվո՞ւմ եմ Հիսուսի աղոթքում նշված այս երեք խնդրանքներին ներդաշնակ» (կարդա՛ Հովհաննես 17։15–21

Առաջին դարի քրիստոնյաները, գործելով սուրբ ոգուն ներդաշնակ, միասնություն էին պահպանում (տե՛ս պարբերություն 13)

13. Ինչպե՞ս Եհովան պատասխանեց Հիսուսի աղոթքին առաջին դարում։

13 «Առաքյալների գործերը» գիրքը ուսումնասիրելով՝ կտեսնենք, որ Եհովան պատասխանեց Հիսուսի այս աղոթքին։ Առաջին դարի քրիստոնեական ժողովը բաղկացած էր հրեաներից ու ոչ հրեաներից, հարուստներից ու աղքատներից, ծառաներից ու տերերից, և, ինչ խոսք, նրանց միջև հեշտությամբ կարող էին բաժանումներ լինել։ Բայց նրանք այնքան միասնական էին, որ Պողոս առաքյալը նրանց համեմատեց մարդու մարմնի անդամների հետ, որի գլուխը Հիսուսն էր (Եփես. 4։15, 16)։ Այս միասնությունը ուղղակի հրաշք էր Սատանայի բաժանված աշխարհում, և, անկասկած, Եհովան էր արժանի գովաբանության դրա համար, նա, ով այդ հրաշքը հնարավոր դարձրեց իր զորեղ ոգու միջոցով (1 Կորնթ. 3։5–7

Ամբողջ աշխարհում Եհովայի ժողովուրդը միասնական է (տե՛ս պարբերություն 14)

14. Ինչպե՞ս է Եհովան պատասխանում Հիսուսի աղոթքին մեր ժամանակներում։

14 Ցավոք, այդ հրաշք միասնությունը առաքյալների մահից հետո կորավ։ Ինչպես որ կանխագուշակվել էր, քրիստոնեական ժողովում գլուխ բարձրացրեց հավատուրացությունը,  ինչի պատճառով առաջ եկան զանազան աղանդներ (Գործ. 20։29, 30)։ Բայց 1919թ.-ին Հիսուսն իր օծյալ հետևորդներին ազատեց կեղծ կրոնի գերությունից և նրանց մեկտեղ հավաքեց «միասնության կատարյալ կապով» (Կող. 3։14)։ Ի՞նչ արդյունքներ բերեց նրանց քարոզչական գործը։ Ամբողջ աշխարհում յոթ միլիոնից ավելի «ուրիշ ոչխարներ»՝ «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից», միացել են Աստծու օծյալներին, և միասին կազմում են մեկ հոտ (Հովհ. 10։16; Հայտն. 7։9)։ Հիսուսն աղոթել էր՝ «որպեսզի աշխարհը իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր և որ նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր», ու Եհովան տպավորիչ կերպով պատասխանում է այդ խնդրանքին (Հովհ. 17։23

ՍՐՏԱՌՈՒՉ ՎԵՐՋԱԲԱՆ

15. Ի՞նչ հատուկ բան խնդրեց Հիսուսը իր օծյալ աշակերտների համար։

15 Նիսանի 14-ի երեկոյան ավելի վաղ Հիսուսը փառք, կամ՝ պատիվ տվեց իր առաքյալներին՝ նրանց հետ ուխտ կապելով, որ նրանք իր թագավորակիցները լինեն (Ղուկ. 22։28–30; Հովհ. 17։22)։ Ուստի բոլոր նրանց համար, ովքեր դառնալու էին իր օծյալ հետևորդները, Հիսուսն աղոթում է. «Հա՛յր, ում որ ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն այնտեղ, որտեղ ես եմ, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, որովհետև դու ինձ սիրեցիր աշխարհը հիմնվելուց առաջ» (Հովհ. 17։24)։ Հիսուսի ուրիշ ոչխարները ուրախանում են նրանց համար և ոչ թե նախանձում։ Սա ևս մեկ ապացույց է, որ այսօր ամբողջ աշխարհում ճշմարիտ քրիստոնյաները միասնական են։

16, 17. ա) Վճռականություն արտահայտող ի՞նչ խոսքեր ասաց Հիսուսը իր աղոթքի վերջում։ բ) Մենք պետք է վճռական լինենք ի՞նչ անելու։

16 Այսօր ամբողջ աշխարհում մարդկանց մեծամասնությունը կրոնական առաջնորդների ազդեցությամբ անտեսում է այն հստակ փաստը, որ Եհովան ունի մի միասնական ժողովուրդ, որն իսկապես ճանաչում է իրեն։ Նույն վերաբերմունքը կար նաև Հիսուսի օրերում, ուստի նա իր աղոթքի վերջում հետևյալ սրտառուչ խոսքերն է ասում. «Արդա՛ր Հայր, աշխարհը չի ճանաչում քեզ, բայց ես քեզ ճանաչում եմ, և նրանք գիտեն, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։ Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես միության մեջ լինեմ նրանց հետ» (Հովհ. 17։25, 26

17 Ո՞վ կարող է հերքել, որ Հիսուսը իր աղոթքին ներդաշնակ է վարվել։ Լինելով ժողովի Գլուխ՝ նա շարունակում է օգնել մեզ, որ ճանաչեցնենք իր Հոր անունը և նպատակը։ Թող որ ընդունենք նրա գլխավորությունը և անմնացորդ կերպով հնազանդվենք քարոզելու և աշակերտ պատրաստելու նրա պատվերին (Մատթ. 28։19, 20; Գործ. 10։42)։ Թող որ նաև ջանք չխնայենք մեր թանկ միասնությունը պահպանելու համար։ Այս բաներն անելով՝ մենք վարված կլինենք Հիսուսի աղոթքին ներդաշնակ՝ ի փառս Եհովայի անվան և հանուն մեր հավիտենական երջանկության։