Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

«Եհովային ծառայեք»

«Եհովային ծառայեք»

«Ձեր գործի մեջ մի՛ դանդաղեք.... Եհովային ծառայեք» (ՀՌՈՄ. 12։11

1. Ի՞նչ են շատերը պատկերացնում, երբ լսում են «ծառա» բառը, և ինչո՞վ է դա տարբերվում Աստծու ծառա լինելուց։

ՇԱՏԵՐԸ, երբ լսում են «ծառա» բառը, պատկերացնում են մեկին, ում վրա դաժանորեն իշխում են, ճնշում են և ում հետ անարդարացիորեն են վարվում։ Բայց եթե մարդը Աստծու ծառա է, դա բոլորովին այլ բան է նշանակում։ Աստծու Խոսքն ասում է, որ Աստծու ծառան ինքնակամ է ծառայում իր սիրելի Տիրոջը։ Երբ Պողոսը առաջին դարի քրիստոնյաներին հորդորեց «Եհովային ծառայել», նա նկատի ուներ Աստծու հանդեպ սիրուց մղված նրան սուրբ ծառայություն մատուցելը (Հռոմ. 12։11)։ Ի՞նչ է նշանակում լինել Աստծու ծառա։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել Սատանայի և այս աշխարհի ծառան դառնալուց։ Ի՞նչ է ստանում Եհովայի ծառան իր հավատարիմ ծառայության համար։

«ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՏԻՐՈՋԸ»

2. ա) Ի՞նչն էր մղում իսրայելացի ծառային հրաժարվելու ազատ լինելու հնարավորությունից։ բ) Ինչո՞վ էր ուշագրավ այն, որ եբրայեցի ծառայի ականջը ծակում էին։

2 Իսրայելին տրված Օրենքից իմանում ենք, թե ինչպիսի ծառայություն է Աստված մեզնից պահանջում։ Եբրայեցի ծառան իր ծառայության յոթերորդ տարում պետք է ազատ արձակվեր (Ելք 21։2)։ Բայց Օրենքը այն ծառային, ով սիրում էր իր տիրոջը և ուզում էր շարունակել ծառայել նրան, թույլ էր տալիս մնալ։ Այդ դեպքում տերը պետք է իր ծառային բերեր «դռան կամ դռան կողափայտի դիմաց» և բզով ծակեր նրա ականջը (Ելք 21։5, 6)։ Իսկ ինչո՞ւ էին ծակում ականջը։ Եբրայերենում հնազանդվելու միտքն արտահայտվում է մի բառով, որը կապ ունի բառի բուն իմաստով լսելու հետ։ Իր ականջը ծակել տալով՝ ծառան ցույց էր տալիս, որ ուզում է շարունակել հնազանդորեն ծառայել իր տիրոջը։ Մեր նվիրումը կարելի է համեմատել ծառայի ականջը ծակելու հետ։ Երբ նվիրվում ենք Եհովային, ցույց ենք տալիս, որ, սիրուց մղված, ուզում ենք հնազանդվել նրան։

3. Ի՞նչն է ընկած մեր նվիրման հիմքում։

3 Մկրտվելու ցանկություն հայտնելուց առաջ մենք արդեն որոշել էինք ծառայել Եհովային և լինել նրա ծառան։ Մեր նվիրման հիմքում Եհովային հնազանդվելու և նրա կամքը կատարելու ցանկությունն էր ընկած։ Ոչ ոք  չստիպեց մեզ դա անելու։ Նույնիսկ այն երեխաները, որոնք մկրտվում են, իրենց այդ որոշումը կայացնում են միայն այն բանից հետո, երբ սեփական կամքով նվիրվում են Եհովային, և ոչ թե մկրտվում են պարզապես իրենց ծնողներին հաճեցնելու համար։ Մենք նվիրվում ենք մեր երկնային Հորը, որովհետև սիրում ենք նրան։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է Աստծու հանդեպ սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները» (1 Հովհ. 5։3

ԱԶԱՏ, ԲԱՅՑ ԾԱՌԱ

4. Ի՞նչ պետք է անենք «արդարության ծառա» դառնալու համար։

4 Մենք անչափ շնորհակալ ենք Եհովային, որ հնարավորություն է տվել մեզ լինելու իր ծառաները։ Քրիստոսի քավիչ զոհին հավատ ընծայելով՝ մենք հնարավորություն ստացանք ազատվելու մեղքի լծից։ Ճիշտ է, դեռ անկատար ենք, բայց մեղքի ծառա չենք, այլ Աստծու և Հիսուսի ծառան ենք, որովհետև ընդունել ենք նրանց իշխանությունը։ Պողոս առաքյալը այս միտքը հստակ բացատրեց իր նամակներից մեկում՝ գրելով. «Ձեր անձերը մեռած համարեք մեղքի հանդեպ, սակայն կենդանի համարեք Աստծու համար Քրիստոս Հիսուսով»։ Հետո նախազգուշացրեց. «Մի՞թե չգիտեք, որ եթե ձեր անձերը որևէ մեկին որպես ծառա եք ներկայացնում նրան հնազանդվելու համար, ապա նրա ծառաներն եք, քանի որ հնազանդվում եք նրան. եթե մեղքին՝ դեպի մահ, եթե հնազանդությանը՝ դեպի արդարություն։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ թեև մեղքի ծառաներ էիք, սակայն ի սրտե հնազանդ եղաք այն ուսմունքին, որը վստահվեց ձեզ։ Այո՛, ազատվելով մեղքից՝ դուք ծառաներ դարձաք արդարությանը» (Հռոմ. 6։11, 16–18)։ Նկատենք, որ Պողոսը օգտագործում է «ի սրտե հնազանդ եղաք» արտահայտությունը։ Այո՛, նվիրվելով Եհովային՝ մենք դառնում ենք «արդարության ծառաներ»։

5. Ի՞նչ ներքին պայքար ենք բոլորս մղում և ինչո՞ւ։

5 Այդուհանդերձ, որպեսզի ապրենք մեր նվիրման համաձայն, մենք պետք է պայքար մղենք, պայքար՝ երկու ուղղությամբ։ Առաջինն այն է, ինչի դեմ պայքարում էր Պողոսը։ Նա գրեց. «Իմ ներսի անձնավորությամբ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին, որն իմ անդամներում է» (Հռոմ. 7։22, 23)։ Բոլորս էլ անկատարություն ենք ժառանգել, հետևաբար, Պողոսի պես, պետք է անընդհատ պայքարենք մեր մարմնավոր հակումների դեմ։ Պետրոս առաքյալը մեզ հորդորում է. «Եղեք ինչպես ազատ մարդիկ, բայց ձեր ազատությունը մի՛ օգտագործեք որպես չարությունը ծածկելու միջոց, այլ ապրեք որպես Աստծու ծառաներ» (1 Պետ. 2։16

6, 7. Ի՞նչ է անում Սատանան, որ այս աշխարհը մեզ համար գրավիչ լինի։

6 Երկրորդ՝ մենք պայքար ենք մղում դիվային ազդեցության տակ գտնվող աշխարհի դեմ։ Սատանան՝ այս աշխարհի իշխանը, օգտագործում է ցանկացած միջոց, որպեսզի մենք դադարենք Եհովային և Հիսուսին հավատարիմ լինելուց։ Նա ուզում է ստրկացնել մեզ՝ դրդելով տրվելու իր քայքայիչ ազդեցությանը (կարդա՛ Եփեսացիներ 6։11, 12)։ Սատանան դա անում է, օրինակ, իր աշխարհը ներկայացնելով գեղեցիկ և գրավիչ։ Հովհաննես առաքյալը զգուշացնում է. «Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրանում չէ, որովհետև ամեն բան, որ աշխարհի մեջ է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը, Հորից չէ, այլ աշխարհից է» (1 Հովհ. 2։15, 16

7 Աշխարհը ողողված է նյութական բարեկեցության հասնելու ցանկությամբ։ Սատանան ջանում է մարդկանց համոզել, որ երջանկությունը փողի մեջ է։ Շատանում են առևտրի կենտրոնները։ Ամենուրեք գովազդվում են ճոխ ապրելակերպն ու զվարճությունները։ Տուրիստական գործակալությունները առաջարկում են հանգիստն անցկացնել զանազան էկզոտիկ վայրերում, ինչը հաճախ ենթադրում է շփում աշխարհիկ մարդկանց հետ։ Այո՛, ամենուր գովազդվում է ավելի լավ կյանքով ապրելը, բայց աշխարհի չափանիշների համաձայն։

8, 9. Ի՞նչ իրական վտանգ կա և ինչո՞ւ։

8 Խոսելով առաջին դարի այն քրիստոնյաների  մասին, որոնք որդեգրել էին աշխարհի մտածելակերպը՝ Պետրոսն ասաց. «Նրանք մարմնի ցանկությունները ցերեկով բավարարելը հաճույք են համարում։ Նրանք նման են բծերի ու արատների, որ անզուսպ կերպով ուրախանում են, որովհետև տարածում են իրենց խաբեական ուսմունքները, երբ կերուխում են անում ձեզ հետ.... Նրանք փքուն ու անօգուտ խոսքեր են բարբառում և մարմնի ցանկություններով ու անառակ սովորություններով հրապուրում են նրանց, ովքեր հազիվ են փախչում մոլորության մեջ ապրող մարդկանցից։ Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ հենց իրենք ապականության ստրուկներ են, որովհետև ով հաղթվում է որևէ մեկի կողմից, նրա ստրուկն է դառնում» (2 Պետ. 2։13, 18, 19

9 «Աչքերի ցանկությունը» բավարարելը մարդուն ազատ չի դարձնում։ Ընդհակառակը՝ նա դառնում է այս աշխարհի անտեսանելի տիրոջ՝ Բանսարկու Սատանայի ստրուկը (1 Հովհ. 5։19)։ Այսօր շատ մեծ, իրական վտանգ կա դառնալու նյութապաշտության գերին, գերություն, որից դժվար է ազատվել։

ՁԳՏԻՐ ԻՄԱՍՏԱԼԻՑ ԿԱՐԻԵՐԱՅԻ

10, 11. Ովքե՞ր են այսօր Սատանայի սիրելի թիրախը, և ինչպե՞ս կարող է աշխարհիկ կրթությունը դժվարություններ ստեղծել նրանց համար։

10 Ինչպես որ Եդեմի պարտեզում, այնպես էլ այսօր Սատանան նշան է բռնում անփորձների վրա։ Երիտասարդները նրա սիրելի թիրախն են։ Սատանան ուրախ չէ, երբ երիտասարդները և ընդհանրապես որևէ մեկը ցանկանում են դառնալ Եհովայի ծառա։ Աստծու թշնամին ուզում է, որ բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքը նվիրել են Եհովային, անհավատարիմ լինեն նրան։

11 Վերադառնանք այն ծառայի օրինակին, որն իր ականջը ծակել է տալիս։ Այս ծառան, ինչ խոսք, ցավ էր զգում, բայց այդ ցավը ժամանակավոր էր։ Դրանից հետո նա արդեն ծառա լինելու մշտական նշան էր ունենում։ Նմանապես երիտասարդների համար դժվար և նույնիսկ ցավոտ կարող է լինել այնպիսի ուղի ընտրելը, որը տարբերվում է հասակակիցների ընտրած ուղուց։ Սատանան ջատագովում է այն գաղափարը, որ եթե մարդը կարիերա ստեղծի այս աշխարհում, ապա բավականություն կստանա։ Մինչդեռ քրիստոնյաները գիտեն, որ շատ կարևոր է բավարարել հոգևոր կարիքները։ Հիսուսն ասաց. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթ. 5։3)։ Աստծուն նվիրված մարդիկ ապրում են նրա՛ և ոչ թե Սատանայի կամքը կատարելու համար։ Նրանց ուրախությունը Եհովայի օրենքի մեջ է, և նրանք օր ու գիշեր խորհրդածում են դրա շուրջ (կարդա՛ Սաղմոս 1։1–3)։ Այսօր շատ բարձրագույն ուսումնական հաստատություններ առաջարկում են կարիերա ստեղծելու զանազան հնարավորություններ,  բայց բուհում սովորելը շատ դեպքերում քիչ ժամանակ է թողնում Աստծու Խոսքի շուրջ խորհրդածելու և հոգևոր կարիքները բավարարելու համար։

12. Ի՞նչ ընտրության առաջ են կանգնում շատ պատանիներ։

12 Կորնթացիներին գրած իր առաջին նամակում Պողոսը հարց է տալիս. «Կանչվեցիր, երբ ծառա՞ էիր»։ Հետո պատասխանում է. «Մի՛ անհանգստացիր։ Բայց եթե կարող ես ազատ դառնալ, լավ կլինի օգտվես այդ հնարավորությունից» (1 Կորնթ. 7։21)։ Աշխարհիկ տերը կարող էր դժվարացնել քրիստոնյա ծառայի կյանքը։ Ուստի ազատ լինելը ծառա լինելուց գերադասելի էր։ Այսօր շատ երկրներում կրթություն ստանալը երեխաների համար պարտադիր է մինչև որոշակի տարիք։ Դրանից հետո նրանք ընտրության առաջ են կանգնում՝ շարունակե՞լ կրթությունը, թե՞ ոչ։ Այս աշխարհում կարիերա ստեղծելու նպատակով կրթությունը շարունակելը սահմանափակում է լիաժամ ծառայություն սկսելու ազատությունը (կարդա՛ 1 Կորնթացիներ 7։23

Ո՞ր տիրոջը կծառայես

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ԲԱՐՁՐԱԳՈ՞ՒՅՆ, ԹԵ՞ ԼԱՎԱԳՈՒՅՆ

13. Ո՞ր կրթությունը ամենից շատ կօգնի Եհովայի ծառաներին։

13 Պողոսը կողոսացի քրիստոնյաներին զգուշացրեց. «Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ։ Սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ուսմունքների վրա» (Կող. 2։8)։ Այսօր շատ մտավորականներ տարածում են «մարդկանց ավանդույթների» վրա հիմնված «փիլիսոփայություն ու դատարկ խաբեություն»։ Բարձրագույն կրթությունը, որը մարդուն առավելապես տալիս է ակադեմիական գիտելիքներ, հաճախ պատրաստում է շրջանավարտներ, որոնք ունեն քիչ գործնական հմտություններ կամ ընդհանրապես չունեն. այդպիսով նրանք պատրաստված չեն լինում հաղթահարելու կյանքի դժվարությունները։ Ի տարբերություն նրանց՝ Եհովայի ծառաները ընտրում են այնպիսի կրթություն, որը տալիս է այնպիսի հմտություններ, որոնք օգնում են հոգալու իրենց անհրաժեշտ կարիքները և ծառայելու Աստծուն։ Նրանք լուրջ են վերաբերվում Պողոսի այն խոսքերին, որոնք նա ասաց Տիմոթեոսին. «Իրոք, Աստծու հանդեպ նվիրվածությունը մեծ շահ ստանալու միջոց է, եթե բավարարված ենք մեր ունեցածով.... Ուստի եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք» (1 Տիմոթ. 6։6, 8)։ Կոչումների կամ տիտղոսների փոխարեն՝ քրիստոնյաները ձգտում են ստանալ «երաշխավորության նամակ»՝ լիարժեքորեն մասնակցելով քարոզչական ծառայությանը (կարդա՛ 2 Կորնթացիներ 3։1–3

14. Ըստ Փիլիպպեցիներ 3։8-ի՝ ինչպե՞ս էր Պողոսը վերաբերվում Աստծուն և Քրիստոսին ծառայելու իր առանձնաշնորհմանը։

 14 Քննենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա կրթվել էր հրեական Օրենքի ուսուցիչ Գամաղիելի մոտ։ Պողոսի ստացած կրթությունը կարելի է համեմատել այսօրվա համալսարանական կրթության հետ։ Իսկ ինչպե՞ս արտահայտվեց Պողոսը, երբ իր ստացած կրթությունը համեմատեց Աստծուն և Քրիստոսին ծառայելու իր առանձնաշնորհման հետ։ Նա գրեց. «Ամեն բան կորուստ եմ համարում հանուն իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մասին գիտելիքների գերազանց արժեքի։ Հանուն նրա ես կորցրի ամեն ինչ և դրանք աղբ եմ համարում, որ կարողանամ շահել Քրիստոսին» (Փիլիպ. 3։8)։ Պողոսի այս տեսակետը օգնում է պատանի քրիստոնյաներին և նրանց աստվածավախ ծնողներին կրթություն ստանալու վերաբերյալ իմաստուն որոշում կայացնելու (տե՛ս նկարները)։

ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԻՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ

15, 16. Եհովայի կազմակերպությունն ի՞նչ կրթություն է տալիս, և ո՞րն է այդ կրթության գլխավոր նպատակը։

15 Ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում աշխարհի բարձրագույն ուսումնական հաստատություններից շատերում։ Մի՞թե հենց դրանք չեն երբեմն դառնում քաղաքական և սոցիալական անկարգությունների օջախ (Եփես. 2։2)։ Ի տարբերություն դրանց՝ Եհովայի կազմակերպությունը տալիս է լավագույն կրթությունը խաղաղավետ քրիստոնեական ժողովում։ Յուրաքանչյուրս հնարավորություն ունի օգուտներ քաղելու ամեն շաբաթ անցկացվող Աստվածապետական ծառայության դպրոցից։ Բացի այդ, կան հատուկ դասընթացներ ամուրի ռահվիրա եղբայրների (Աստվածաշնչյան դպրոց ամուրի եղբայրների համար) և ռահվիրա ամուսնական զույգերի համար (Աստվածաշնչյան դպրոց քրիստոնյա զույգերի համար)։ Այսպիսի աստվածապետական կրթությունը օգնում է մեզ հնազանդվելու Եհովային՝ մեր երկնային Տիրոջը։

16 Մենք կարող ենք հոգևոր գանձեր գտնել՝ փնտրտուքներ անելով ««Դիտարանի» հրատարակությունների ցանկում» (անգլ., ռուս.) և ««Դիտարանի» գրադարանում» (CD-ROM)։ Աստվածապետական կրթության հիմնական նպատակը մեզ օգնելն է, որ երկրպագենք Եհովային։ Այն մեզ սովորեցնում է, թե ինչպես օգնենք մարդկանց, որ հաշտվեն Աստծու հետ (2 Կորնթ. 5։20)։ Իսկ դա իր հերթին կօգնի նրանց, որ սովորեցնեն ուրիշներին (2 Տիմոթ. 2։2

ԾԱՌԱՅԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

17. Ի՞նչ վարձատրություն է բերում լավագույն կրթությունը ընտրելը։

17 Տաղանդների մասին Հիսուսի առակում երկու հավատարիմ ծառաները գովասանքի արժանացան իրենց աշխատանքի համար, մասնակից եղան իրենց տիրոջ ուրախությանը, և տերը ավելի շատ գործ վստահեց նրանց (կարդա՛ Մատթեոս 25։21, 23)։ Այսօր ընտրելով լավագույն կրթությունը՝ մենք ստանում ենք մեծ ուրախություն և վարձատրություն։ Քննենք Մայքլի օրինակը։ Նա այնքան լավ էր սովորում դպրոցում, որ իր ուսուցիչները նրա հետ զրուցեցին կրթությունը համալսարանում շարունակելու մասին։ Ի զարմանս նրանց՝ Մայքլը որոշեց, բուհ գնալու փոխարեն, մասնագիտական կարճ կուրսեր անցնել, ինչը նրան շուտով հնարավորություն տվեց հոգալու իր կարիքները և ծառայելու ընդհանուր ռահվիրա։ Արդյո՞ք Մայքլը մտածում է, որ ինչ-որ բան է կորցրել։ Նա պատմում է. «Այն աստվածապետական կրթությունը, որ ձեռք եմ բերում՝ ծառայելով ռահվիրա, իսկ այժմ՝ նաև երեց, անգին է։ Իսկ այն օրհնությունները և առանձնաշնորհումները, որոնք վայելում եմ, շատ ավելի արժեքավոր են, քան այն փողը, որ կարող էի վաստակել։ Ես իսկապես ուրախ եմ, որ չեմ ձգտել բարձրագույն կրթության»։

18. Ի՞նչն է մղում քեզ ընտրելու լավագույն կրթությունը։

18 Լավագույն կրթությունը մեզ սովորեցնում է Աստծու կամքը և օգնում է ծառայելու նրան։ Այն մեր առաջ բացում է «ապականության ստրկությունից ազատ արձակվելու» և ի վերջո «Աստծու զավակների փառահեղ ազատությունը» ունենալու հեռանկարը (Հռոմ. 8։21)։ Բայց որ ամենակարևորն է, այդ կրթության միջոցով մենք ցույց ենք տալիս, որ սիրում ենք մեր երկնային Տիրոջը՝ Եհովային (Ելք 21։5