Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

ԴԻՏԱՐԱՆ (ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՂԱՐԿՈՒՄ) ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

Կարո՞ղ ես ավելին անել զգուշացնելու համար

Կարո՞ղ ես ավելին անել զգուշացնելու համար

Կա մի հիանալի համր ֆիլմ (A Trip Down Market Street), որը մանրամասնորեն ցույց է տալիս 20-րդ դարի սկզբի Սան Ֆրանցիսկո քաղաքի (ԱՄՆ) առօրյան։ Ֆիլմի հեղինակները կինոխցիկը տեղադրել էին ճոպանի միջոցով շարժվող վագոնի դիմացի մասում, և այն նկարահանում էր փողոցի եռուզեռը։ Ֆիլմում երևում են ձիակառքեր և ավտոմեքենաներ, անցորդներ և լրագրավաճառ տղաներ։ Բոլորը զբաղված են իրենց առօրյա գործերով։

Այս ֆիլմը ավելի ազդու է դառնում այն պատճառով, որ, ըստ որոշ աղբյուրների, նկարահանվել է 1906թ. ապրիլի 18-ի ավերիչ երկրաշարժից ու հրդեհից ընդամենը մի քանի օր առաջ։ Աղետը հազարավոր կյանքեր խլեց և քաղաքի այդ մասը գրեթե լիովին ավերեց։ Հավանաբար, ֆիլմում հայտնված կենսուրախ մարդկանցից ոմանց մի քանի օր էր մնացել ապրելու։ Ֆիլմի հեղինակներից մեկի հետնորդ Սկոտ Մայլզն ասում է. «Նայում ես այդ մարդկանց և մտածում. «Նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունենալու մի քանի օրից»։ Ու չես կարող օգնել, միայն կարեկցում ես նրանց»։

Սան Ֆրանցիսկոյի բնակիչները չգիտեին, որ երկրաշարժ է լինելու։ Այդ արհավիրքը և դրան հետևած հրդեհը ոչնչացրին քաղաքի կենտրոնի մեծ մասը

Սթափեցնող զուգահեռ կարելի է անցկացնել մեր օրերի հետ։ Այսօր մարդիկ զբաղված են առօրյա գործերով՝ բացարձակապես չգիտակցելով, որ իրենց աղետ է սպասում, որ շուտով այս չար աշխարհը վերանալու է։ Երբ երկրաշարժ պետք է տեղի ունենա, մարդիկ այդ մասին չեն էլ իմանում, բայց մենք գիտենք, որ Եհովայի օրը շուտով գալու է, ուստի կարևոր է այդ մասին զգուշացնել նրանց։ Մենք կարեկցում ենք այդ մարդկանց։ Հավանաբար, ամեն շաբաթ որոշակի ժամանակ ես տրամադրում տնետուն ծառայությանը։ Իսկ կարո՞ղ ես ավելին անել մարդկանց զգուշացնելու համար։

ՀԻՍՈՒՍԸ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԷՐ ՔԱՐՈԶԵԼՈՒ

Հիսուսի օրինակը ուշագրավ է նրանով, որ նա միշտ պատրաստ էր քարոզելու։ Քրիստոսը վկայություն էր տալիս իրեն հանդիպած ցանկացած մարդու։ Նա քարոզեց, օրինակ, մի հարկահավաքի, որի մոտով անցնում էր, կամ մի կնոջ, որին հանդիպեց, երբ կեսօրին ջրհորի մոտ նստած հանգստանում էր (Ղուկ. 19։1–5; Հովհ. 4։5–10, 21–24)։ Հիսուսը, նույնիսկ երբ որոշում էր հանգստանալ, պատրաստակամորեն հրաժարվում էր հանգստից, որպեսզի ուսուցանի մարդկանց։ Մերձավորի հանդեպ կարեկցանքի զգացումը մղում էր նրան ավելին անելու (Մարկ. 6։30–34)։ Ինչպե՞ս կարող ենք, Հիսուսի պես, հրատապության զգացում ունենալ։

ՆՐԱՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ

Մելիկան ապրում է հսկվող բազմաբնակարան շենքում։ Նրա հարևաններից շատերը օտարերկրացի ուսանողներ են, որոնց բջջային հեռախոսի համարները գրված չեն հեռախոսագրքում և որոնց անունները գրված չեն ընդունարանի տեղեկատուում։  Նա ուրախ է, որ հատուկ հնարավորություն ունի հոգևորի մասին զրուցելու իրենց շենքի բնակիչների հետ, երբ նրանց հանդիպում է նախամուտքում կամ վերելակում։ Մելիկան ասում է. «Ինչ-որ իմաստով՝ սա իմ տարածքն է»։ Քույրը իր հետ միշտ ունենում է օտար լեզվով թերթիկներ ու ամսագրեր, և շատերը վերցնում են դրանք։ Մելիկան նրանց ուշադրությունը հրավիրում է նաև մեր ինտերնետային կայքի վրա (jw.org)։ Նա մի քանի ուսուցում է սկսել։

Սոնյա անունով մի քույր նույնպես պատրաստ է միշտ վկայություն տալու։ Նա աշխատում է մի բժշկական կլինիկայում և իր առջև նպատակ է դրել հիմնովին վկայություն տալու իր աշխատակիցներին։ Նախ՝ Սոնյան ժամանակ է հատկացնում իմանալու համար յուրաքանչյուրի կարիքներն ու հետաքրքրությունները։ Հետո՝ ճաշի ընդմիջմանը փորձում է հանդիպել նրանց հետ ու առանձին խոսել հոգևորի մասին։ Դրա շնորհիվ Սոնյան երկու ուսուցում է սկսել։ Քույրը նաև իր ընդմիջումներից մի քանիսը անցկացնում է ընդունարանում և զրուցում է բժշկի եկած մարդկանց հետ։

ԲԱՑ ՄԻ՛ ԹՈՂ ՔՈ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

1906թ. երկրաշարժից վերապրած մի մարդ այդ աղետն անվանեց «ամենից սարսափելի աղետը, որը պատահել է որևէ պետության կամ քաղաքի»։ Շուտով բոլոր աղետները չնչին կերևան՝ համեմատած վրեժխնդրության այն օրվա հետ, որ գալու է բոլոր նրանց վրա, ովքեր «չեն ճանաչում Աստծուն» (2 Թեսաղ. 1։8)։ Եհովան անկեղծորեն ուզում է, որ մարդիկ փոխեն իրենց միտքն ու սիրտը և արձագանքեն այն նախազգուշացմանը, որ տալիս են իր վկաները (2 Պետ. 3։9; Հայտն. 14։6, 7

Կարո՞ղ ես ամեն առիթ օգտագործել վկայություն տալու համար, երբ անում ես առօրյա գործերդ

Դու առանձնաշնորհում ունես բացելու մարդկանց աչքերը՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այն բանի վրա, թե ինչ վճռորոշ ժամանակներում ենք ապրում, և օգնելու նրանց հրաժարվելու իրենց եսասիրական նպատակներից ու փնտրելու Եհովային (Սոփ. 2։2, 3)։ Կարո՞ղ ես ամեն հարմար առիթ օգտագործել վկայություն տալու համար աշխատակիցներիդ, հարևաններիդ և այլոց, ում հանդիպում ես օրվա ընթացքում։ Կանե՞ս ավելին՝ մարդկանց զգուշացնելու համար։