Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Սեպտեմբեր 2013

Օգուտներ քաղիր հակադրություններից

Օգուտներ քաղիր հակադրություններից

Հավանաբար կհամաձայնես, որ Հիսուսը երկրի վրա երբևէ ապրած մեծագույն ուսուցիչն է։ Գուցե փորձել ես ընդօրինակել նրա ուսուցողական մեթոդներից մի քանիսը, օրինակ՝ հարցեր տալը և օրինակներ բերելը։ Իսկ նկատե՞լ ես, որ սովորեցնելիս նա հաճախ էր հակադրություններ օգտագործում։

Շատ մարդիկ հակադրություններով են խոսում։ Հաճախ մենք չենք էլ գիտակցում, որ այդպես ենք խոսում։ Օրինակ՝ գուցե ասենք՝ «նրանք ասացին, որ բոլոր մրգերն էլ հասած են, բայց սրանք դեռ խակ են» կամ «նա շատ ամաչկոտ երեխա էր, բայց հիմա շատ շփվող է»։

Իսկ ի՞նչ է հակադրությունը։ Դու ներկայացնում ես փաստ կամ մի միտք, հետո դրան մեկ այլ փաստ կամ միտք ես հակադրում՝ օգտագործելով բայց, սակայն, այնուամենայնիվ, ոչ թե.... այլ և նման այլ բառեր։ Այսպիսի բառերով կարելի է նաև ընդգծել միտքը։ Երբ հակադրություններով ես խոսում, խոսքդ բնական է հնչում, և մարդիկ հասկանում են ասելիքդ։

Ճիշտ է, կան լեզուներ և մշակույթներ, որոնցում առանձնապես շատ չեն օգտագործվում հակադրություններ, այնուամենայնիվ, լավ կլինի ծանոթանալ դրանց։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստծու ներշնչյալ Խոսքում դրանք շատ են հանդիպում։ Հիսուսը հաճախ էր օգտագործում հակադրություններ։ Ահա դրանցից մի քանիսը. «երբ մարդիկ ճրագ են վառում, դնում են ոչ թե գրվանի տակ, այլ ճրագակալի վրա», «ես եկա ոչ թե կործանելու [Օրենքը], այլ կատարելու», «լսել եք, որ ասվեց. «Շնություն մի՛ գործիր»։ Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ....», «ասվեց. «Աչքի դիմաց՝ աչք և ատամի դիմաց՝ ատամ»։ Բայց ես ասում եմ ձեզ. մի՛ ընդդիմացիր նրան, ով չար է, այլ եթե մեկը ապտակի քո աջ երեսին, մյուսն էլ նրան դարձրու» (Մատթ. 5։15, 17, 27, 28, 38, 39

Նման հակադրություններ կան նաև Աստվածաշնչի ուրիշ գրքերում։ Դրանք կարող են օգնել քեզ հասկանալու ինչ-որ միտք կամ ընդգծելու որևէ բան անելու ավելի լավ ձևը։ Եթե ծնող ես, մտածիր հետևյալ հակադրության շուրջ. «Դուք, հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով» (Եփես. 6։4)։ Պողոսը կարող էր պարզապես գրել, որ հայրը (կամ մայրը) պարտավոր է մեծացնել երեխային Աստծու խրատով. դա ճիշտ և իմաստուն խորհուրդ կլիներ։ Բայց այդ միտքը շատ ավելի հասկանալի է դառնում «մի՛ զայրացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց Եհովայի խրատով» հակադրությամբ։

Այդ նույն գլխում Պողոսը նաև գրեց. «Մեր պայքարը արյան ու մարմնի դեմ չէ, այլ ....երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ» (Եփես. 6։12)։ Այս հակադրությունը կարող է օգնել քեզ հասկանալու, որ շատ լուրջ պայքարի մեջ ես։ Այդ պայքարը մարդկանց դեմ չէ. այն չար ոգեղեն ուժերի դեմ է։

 ԹՈՂ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆԻ ՔԵԶ

«Եփեսացիներ» գրքում կան նաև ուրիշ հակադրություններ։ Դրանց մասին խորհրդածելը կօգնի ավելի լավ հասկանալու Պողոսի ասածը և կիրառելու այն։

Գուցե քեզ համար հաճելի ու օգտակար լինի մտածել Եփեսացիներ 4-րդ և 5-րդ գլուխներից բերված այն հակադրությունների շուրջ, որոնք գրված են 4-րդ և 5-րդ էջերում։ Յուրաքանչյուր հակադրություն կարդալուց հետո մտածիր, թե դա ինչպես է առնչվում քո կյանքին։ Ինքդ քեզ անկեղծորեն հարցրու. «Ինչպիսի՞ն եմ ես։ Ինչպե՞ս եմ արձագանքում այս կամ նման իրավիճակում։ Ի՞նչ կասեն ուրիշները այն մասին, թե հակադրության որ կողմն է ինձ ավելի շատ համապատասխանում»։ Եթե տեսնես, որ որևէ հարցում շտկվելու կարիք ունես, ձգտիր բարելավումներ անելու։ Թող այդ հակադրությունը օգնի քեզ։

4-րդ և 5-րդ էջերում գրված հակադրություններից կարող ես օգտվել նաև ընտանեկան երկրպագության ժամանակ։ Նախ՝ ընտանիքի բոլոր անդամները կարդում են դրանք, հետո՝ նրանցից մեկը ասում է հակադրության առաջին մասը, իսկ մյուսները փորձում են հիշել երկրորդ մասը։ Դրա շնորհիվ հաճելի ընտանեկան քննարկում կարող է ծավալվել այն մասին, թե ինչպես կարելի է լիարժեքորեն կիրառել հակադրության երկրորդ մասում գրվածը։ Հակադրությունները այս ձևով ուսումնասիրելը կօգնի թե՛ երիտասարդներին, թե՛ տարեցներին քրիստոնեավայել վարք դրսևորելու ընտանիքում և այլուր։

Կարո՞ղ ես հիշել հակադրության երկրորդ մասը

Ավելի լավ հասկանալով հակադրությունների արժեքը՝ դրանք ավելի լավ կկարողանաս տեսնել Աստվածաշնչում, ինչպես նաև կզգաս, որ դրանք շատ օգտակար են ծառայության մեջ։ Օրինակ՝ դու կարող ես ասել. «Շատերն ասում են, որ յուրաքանչյուր մարդ ունի անմահ հոգի, բայց տեսեք, թե ինչ է գրված Աստվածաշնչում»։ Կամ էլ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս կարող ես հարցնել. «Այս կողմերում մարդկանց մեծ մասը հավատում է, որ Աստված և Հիսուսը մեկ անձնավորություն են, բայց ի՞նչ է Աստվածաշունչը ասում դրա մասին։ Իսկ ինչի՞ն ես դու հավատում»։

Այո՛, Սուրբ Գրքում բազմաթիվ ուսանելի հակադրություններ կան, որոնք կարող են օգնել մեզ քայլելու Աստծուն հաճելի ձևով։ Դրանց միջոցով նաև կարող ենք օգնել մարդկանց իմանալու աստվածաշնչյան ճշմարտությունը։