Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Սեպտեմբեր 2013

Դու «վերափոխվե՞լ» ես

Դու «վերափոխվե՞լ» ես

«Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը» (ՀՌՈՄ. 12։2

1, 2. Ինչպե՞ս է մեզ վրա ազդում մեր դաստիարակությունն ու միջավայրը։

ԲՈԼՈՐԻՍ վրա խոր ազդեցություն են թողել մեր դաստիարակությունն ու միջավայրը։ Մենք հագնվում ենք այս կամ այն ձևով, սիրում ենք այս կամ այն ուտելիքը, վարվում ենք այս կամ այն կերպ։ Ինչո՞ւ։ Մասամբ պատճառն այն է, որ մեզ վրա ազդում են մեզ շրջապատող մարդիկ և մեր հանգամանքները։

2 Սակայն շատ ավելի կարևոր բաներ կան, քան հագուստի և սննդի ընտրությունը։ Փոքրուց մեզ սովորեցրել են, որ որոշ բաներ ճիշտ և ընդունելի համարենք, իսկ որոշ բաներ՝ սխալ և անընդունելի։ Բայց մարդկանց պատկերացումները ճշտի և սխալի մասին տարբեր են։ Մեր որոշումների վրա կարող է ազդել նաև մեր խիղճը։ Աստվածաշունչն ասում է, որ «այլազգի մարդիկ օրենք չունենալով հանդերձ՝ բնությամբ օրենքի պահանջներն են կատարում» (Հռոմ. 2։14)։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ եթե չկա Աստծու կողմից տրված հստակ օրենք, ապա կարող ենք պարզապես առաջնորդվել այն սովորություններով ու չափանիշներով, որոնք սովորել ենք փոքրուց, և որոնք ընդունված են մեր բնակավայրում։

3. Ի՞նչ երկու պատճառ ունեն քրիստոնյաները, որ պարզապես չշարժվեն տարածված սկզբունքներով ու չափանիշներով։

3 Կա առնվազն երկու կարևոր պատճառ, թե ինչու ճիշտ չի լինի, որ քրիստոնյան այդպես մտածի։ Առաջին՝ Աստվածաշունչը մեզ ասում է. «Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդու աչքին, բայց դրա վերջում մահվան ճանապարհներն են» (Առակ. 16։25)։ Անկատարության պատճառով մենք չենք կարող ճշգրտորեն «ուղղություն տալ մեր քայլերին» և որոշել, թե ինչն է իսկապես օգտակար մեզ համար (Առակ. 28։26; Երեմ. 10։23)։ Երկրորդ՝ Աստծու Խոսքը ասում է, որ Սատանան է «այս աշխարհի աստվածը»։ Նա է թելադրում մարդկանց, թե ինչ չափանիշներով ու սկզբունքներով առաջնորդվեն։ (2 Կորնթ. 4։4; 1 Հովհ. 5։19)։ Ուստի եթե ուզում ենք ունենալ Եհովայի հավանությունն ու օրհնությունը, պետք է հետևենք Հռոմեացիներ 12։2-ում գրված հորդորին (կարդա՛

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

 4 Հռոմեացիներ 12։2-ում կան մի քանի կարևոր մտքեր, որոնց արժե լուրջ ուշադրություն դարձնել։ Եկեք քննենք երեք հարց. 1) ինչո՞ւ կարիք ունենք «վերափոխվելու», 2) ի՞նչն է անհրաժեշտ վերափոխել, 3) ինչպե՞ս կարող ենք վերափոխվել։

ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆՔ «ՎԵՐԱՓՈԽՎԵԼՈՒ»

5. Ո՞ւմ էին ուղղված Հռոմեացիներ 12։2-ում գրված խոսքերը։

5 Պողոսը «Հռոմեացիներ» նամակը ուղղեց ոչ թե Հռոմում ապրող մարդկանց ընդհանրապես, այլ օծյալ քրիստոնյաներին (Հռոմ. 1։7)։ Նա հորդորում էր վերափոխվել և «չընդունել այս աշխարհի կերպարանքը»։ 56թ.-ին Հռոմի քրիստոնյաների համար «աշխարհը» ներառում էր այն սկզբունքները, սովորությունները, վարվելակերպն ու հագնվելու ոճը, որը հատուկ էր հռոմեական աշխարհին։ «Մի՛ ընդունեք» արտահայտությունը կարելի է թարգմանել նաև «դադարեք ընդունելուց»։ Այս արտահայտությունը ցույց է տալիս, որ աշխարհը դեռ ազդում էր առաջին դարի քրիստոնյաներից ոմանց վրա։ Իսկ ինչպե՞ս։

6, 7. Հռոմի սոցիալական և կրոնական կյանքը ինչպե՞ս էր դժվարացնում քրիստոնյաների կյանքը։

6 Այսօր զբոսաշրջիկները Հռոմում կարող են տեսնել հին տաճարների, գերեզմանների, արենաների, թատրոնների և այլ պատմական հուշարձանների մնացորդները։ Դրանցից մի քանիսը թվագրվում են առաջին դարով։ Անցյալի այսպիսի հուշարձանները հնարավորություն են տալիս հասկանալու Հին Հռոմի սոցիալական և կրոնական կյանքը։ Պատմության գրքերում կարող ենք կարդալ գլադիատորական մարտերի, կառքերի մրցավազքերի մասին, ինչպես նաև ամենատարբեր թեմաներով թատերական ու երաժշտական ներկայացումների մասին, որոնցից մի քանիսը խայտառակ բովանդակություն ունեին։ Հռոմը նաև առևտրի բարգավաճ կենտրոն էր, որտեղ հարստանալու շատ հնարավորություններ կային (Հռոմ. 6։21; 1 Պետ. 4։3, 4

7 Հռոմեացիները բազմաթիվ տաճարներ ու աստվածներ ունեին, բայց չէին ձգտում իրական, անձնական փոխհարաբերություններ ունենալ նրանց հետ։ Նրանց համար կրոնական կյանքը բաղկացած էր հիմնականում ծեսերից և արարողություններից, որոնք արվում էին, օրինակ, ծննդյան, ամուսնության և թաղման կապակցությամբ։ Դրանք նրանց առօրյայի բաղկացուցիչ մասն էին։ Կարելի է պատկերացնել, թե այդ ամենն ինչ դժվարություն էր ստեղծում Հռոմում ապրող քրիստոնյաների համար։ Նրանցից շատերը մեծացել էին այդ հասարակության մեջ, ուստի նրանք ակնհայտորեն կարիք ունեին վերափոխվելու, որպեսզի դառնան ճշմարիտ քրիստոնյաներ, և այդ վերափոխությունը չէր ավարտվելու նրանց մկրտության օրը։

8. Ինչպե՞ս է այսօրվա աշխարհը սպառնալիք քրիստոնյաների համար։

8 Ինչպես հռոմեական աշխարհը, այնպես էլ այսօրվա աշխարհը սպառնալիք է ճշմարիտ քրիստոնյաների համար։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Որովհետև աշխարհի ոգին դրսևորվում է ամենատարբեր ձևերով (կարդա՛ Եփեսացիներ 2։2, 3; 1 Հովհաննես 2։16)։ Աշխարհը ամեն օր փորձում է ազդել մեզ վրա իր ցանկություններով, մտածելակերպով, արժեքներով և բարոյական չափանիշներով, ուստի  աշխարհին կուլ գնալու վտանգի առաջ ենք կանգնած։ Հետևաբար մենք լուրջ պատճառ ունենք հետևելու Պողոսի՝ Աստծու ներշնչանքով գրած հորդորին՝ «չընդունել այս աշխարհի կերպարանքը» և «վերափոխվել»։ Իսկ ի՞նչ պետք է անենք։

Ի՞ՆՉՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԵՐԱՓՈԽԵԼ

9. Ի՞նչ փոփոխություններ են մարդիկ անում մկրտության պահանջներին համապատասխանելու համար։

9 Աստվածաշունչը ուսումնասիրելով և սովորածը կիրառելով՝ մարդը սկսում է հոգևորապես աճել և փոփոխություններ անել։ Նա թողնում է կեղծ կրոնական սովորությունները, վատ հատկությունները և իր մեջ մշակում է աստվածահաճո հատկություններ (Եփես. 4։22–24)։ Ուրախալի է տեսնել, որ հարյուր հազարավոր մարդիկ ամեն տարի նման փոփոխություններ են անում և, իրենց անձը նվիրելով Աստծուն, մկրտվում են։ Անկասկած, դա ուրախացնում է Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։ Բայց արդյո՞ք սրանք այն բոլոր փոփոխություններն են, որ մարդ պետք է անի։

Մարդիկ կարիք ունեն դուրս գալու Սատանայի աշխարհից և վերափոխվելու (տե՛ս պարբերություն 9)

10. Ինչո՞վ է վերափոխումը տարբերվում բարելավումից։

10 Վերափոխվելը ավելին է, քան առաջընթաց ապրելը կամ բարելավում անելը։ Օրինակ՝ գուցե ինչ-որ ապրանք գովազդում են, որ այն «բարելավված է», կամ դրա պիտակի վրա գրված է՝ «բարելավված»։ Բայց, ըստ էության, դա նույն ապրանքն է. դրանում կարող է պարզապես մեկ նոր բաղադրամաս ավելացված լինել, կամ էլ դրա փաթեթավորումը կարող է ավելի գրավիչ լինել։ Վայնի բացատրական բառարանում «վերափոխվել» բառը բացատրվում է հետևյալ կերպ. «Հռոմ[եացիներ] 12։2-ում այս դարի [աշխարհի] կերպարանքով կերպարանվելը (կամ վերափոխվելը) հակադրվում է սուրբ ոգու զորությամբ մտքերը փոխելուն» (Vine’s Expository Dictionary)։ Ուստի քրիստոնյան ավելին պետք է անի, քան պարզապես թողնի իր վատ սովորությունները, անբարո վարքը, դադարի անվայել խոսքեր ասելուց։ Կան մարդիկ, ովքեր չգիտեն աստվածաշնչյան ճշմարտությունը, բայց փորձում են իրենց կյանքում քիչ թե շատ զերծ մնալ նման բաներից։ Այդ դեպքում ի՞նչ է ներառում այն վերափոխումը, որ քրիստոնյաները պետք է անեն։

11. Ի՞նչ է ասում Պողոսն այն մասին, թե ինչ պետք է անի մարդը վերափոխվելու համար։

11 Պողոսը գրեց. «Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը»։ «Միտքը» մտածելու կարողությունն է։ Աստվածաշնչում այդ բառը վերաբերում է մարդու մտայնությանը, տրամադրվածությանը և բանականությանը։ «Հռոմեացիներ» նամակում ավելի վաղ Պողոսը տալիս է «անընդունելի մտավիճակ» ունեցող մարդկանց նկարագիրը. «նրանք լցված [էին] ամեն անարդարությամբ, ամբարշտությամբ, ագահությամբ, չարությամբ, լի [էին] նախանձով, սպանությամբ, գժտությամբ, խաբեությամբ» և այլ վնասակար բաներով (Հռոմ. 1։28–31)։ Պարզ է, թե ինչու էր Պողոսը այն քրիստոնյաներին, որոնք մեծացել էին այսպիսի միջավայրում և դարձել Աստծու ծառաներ, հորդորում «վերափոխվել» և «նորոգել իրենց միտքը»։

«Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից» (Եփես. 4։31)

12. Ինչպե՞ս են այսօր մարդիկ մտածում, և դա ինչո՞վ է վտանգավոր քրիստոնյաների համար։

12 Այսօր էլ մարդիկ համապատասխանում են Պողոսի նկարագրությանը։ Նրանք գուցե մտածեն, որ սկզբունքներով և չափանիշներով  ապրելը հնացել է, և որ անհանդուրժողականություն է այն, երբ որևէ մեկն ասում է, թե հարկավոր է այդպես ապրել։ Շատ ծնողներ և ուսուցիչներ ամենաթող են և «ազատական» մտածողություն են խրախուսում. նրանց համար ամեն ինչ հարաբերական է, բացարձակ ոչինչ չկա։ Նույնիսկ շատերը, ովքեր իրենց համարում են աստվածապաշտ, մտածում են, որ իրենք կարող են անել այն, ինչ համարում են ճիշտ՝ առանց իրենց պարտավորված զգալու Աստծուն հնազանդվելու (Սաղ. 14։1)։ Այսպիսի մտածելակերպը իրական վտանգ է ճշմարիտ քրիստոնյաների համար։ Եթե զգույշ չլինենք, ապա գուցե նրանց պես մտածենք աստվածապետական գործերի առնչությամբ։ Հնարավոր է՝ չցանկանանք հետևել Աստծու կազմակերպությունից եկող առաջնորդությանը և նույնիսկ գանգատվենք ցանկացած բանից, ինչը մեզ դուր չի գալիս։ Կամ գուցե լիովին համաձայն չլինենք ժամանցի, ինտերնետի և բարձրագույն կրթության վերաբերյալ Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներին։

13. Ինչո՞ւ պետք է ազնվորեն քննենք մեր ներքին էությունը։

13 Մենք պետք է ազնվորեն քննենք մեր ներքին մղումներն ու խորին զգացումները, նպատակներն ու արժեքները, որպեսզի թույլ չտանք, որ աշխարհը ձևավորի մեզ։ Ուրիշները գուցե չիմանան մեր ներքին էության մասին։ Նրանք գուցե ասեն, որ մենք ամեն ինչ լավ ենք անում։ Բայց միայն մենք գիտենք, թե արդյոք իրականում թույլ ենք տվել, որ Աստվածաշնչից սովորածը մեզ վերափոխի, և թե արդյոք շարունակում ենք այդպես վարվել (կարդա՛ Հակոբոս 1։23–25

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՎԵՐԱՓՈԽՎԵԼ

14. Ի՞նչը կարող է օգնել մեզ իմանալու, թե ինչ փոփոխություններ անելու կարիք ունենք։

14 Վերափոխվելու մեջ մտնում է մեր սրտում եղածը փոխելը։ Մենք կարիք ունենք այնպիսի բանի, որը կթափանցի մեր սրտի խորքը։ Ի՞նչը կօգնի մեզ։ Աստվածաշունչը ուսումնասիրելով՝ իմանում ենք, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան ուզում, որ լինենք։ Այն, թե ինչպես ենք արձագանքում Աստվածաշնչից ընթերցածին, ցույց է տալիս, թե իրականում ինչ կա մեր սրտում։ Այդպես մենք իմանում ենք, թե ինչ փոփոխություններ անելու կարիք ունենք «Աստծու.... կատարյալ կամքը» կատարելու համար (Հռոմ. 12։2; Եբր. 4։12

15. Ինչպե՞ս ենք վերափոխվում, երբ Եհովան ձևավորում է մեզ։

15 Կարդա՛ Եսայիա 64։8։ Շատ կարևոր բան ենք սովորում Եսայիայի օգտագործած պատկերավոր խոսքից։ Ինչպե՞ս է Եհովան՝ Բրուտը, ձևավորում մեզ՝ կավին։ Ինչ խոսք, նա չի փոխում մեր ֆիզիկական տվյալները՝ չի տալիս ավելի գրավիչ արտաքին կամ մարմնակազմություն, այլ փոխում է մեր ներքին անձնավորությունը։ Եթե թույլ տանք, որ նա ձևավորի մեզ, ապա մեր մեջ տեղի կունենա հոգևոր վերափոխում, հենց այն, ինչը մեզ պետք է աշխարհի ազդեցության դեմ պայքարելու համար։ Իսկ ինչպե՞ս է այդ ձևավորումը տեղի ունենում։

16, 17. ա) Ի՞նչ է անում բրուտը, որպեսզի կավից գեղեցիկ իր պատրաստի։ բ) Ինչպե՞ս է Աստծու Խոսքն օգնում մեզ դառնալու արժեքավոր անոթ Եհովայի համար։

16 Բարձրորակ իր պատրաստելու համար բրուտն օգտագործում է բարձրորակ կավ։ Բայց նախքան բուն աշխատանքին անցնելը նա երկու անհրաժեշտ բան է անում։ Առաջին՝ լվանում է կավը, որպեսզի հեռացնի անպետք նյութերը։ Երկրորդ՝ այդ կավի զանգվածին խառնում է ճիշտ քանակությամբ ջուր և կավը այնպես է մշակում, որ երբ սկսի նրանից որևէ իր պատրաստել, այդ իրը պահպանի իր ձևը։

17 Նկատի առնենք, որ ջուրը օգտագործվում է և՛ կավը լվանալու, և՛ դրան համապատասխան փափկություն տալու համար։ Դրանից հետո բրուտը կարող է պատրաստել նույնիսկ նրբագեղ անոթ։ Նույն դերը կարող է ունենալ Աստվածաշունչը։ Երբ սկսեցինք ուսումնասիրել Աստվածաշունչը և սովորել Աստծու մասին, Աստծու Խոսքը օգնեց մեզ դադարելու մտածելուց աշխարհին հատուկ ձևով և մտածելու աստվածահաճո  ձևով։ Այդպես մենք հնարավորություն տվեցինք Եհովային՝ Բրուտին, որ մեզանից պատրաստի արժեքավոր անոթ (Եփես. 5։26)։ Մենք բազմաթիվ հորդորներ ենք ստանում ամեն օր կարդալ Աստվածաշունչը և կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին, որտեղ քննարկվում է Աստծու Խոսքը։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ ամենն անելով՝ թույլ ենք տալիս, որ Եհովան ձևավորի մեզ (Սաղ. 1։2; Գործ. 17։11; Եբր. 10։24, 25

Վերափոխվելով՝ ավելի լավ ձևով կլուծես խնդիրները (տե՛ս պարբերություն 18)

18. ա) Ինչո՞ւ է խորհրդածելն անչափ կարևոր, եթե ուզում ենք, որ Աստծու Խոսքը ազդի մեզ վրա և վերափոխի մեզ։ բ) Ո՞ր հարցերը կարող են օգտակար լինել մեզ համար։

18 Եթե ուզում ենք, որ Աստծու Խոսքը վերափոխի մեզ, պետք է ավելին անենք, քան միայն կարդանք այն ու սովորենք։ Շատերը ժամանակ առ ժամանակ կարդում են Աստվածաշունչը և բավական ծանոթ են այս գրքին։ Հավանաբար, ծառայության ժամանակ հանդիպել ենք նման մարդկանց։ Ոմանք նույնիսկ կարող են անգիր հատվածներ ասել Աստվածաշնչից *։ Բայց դա քիչ ազդեցություն է թողնում նրանց մտածելակերպի և ապրելակերպի վրա։ Ինչո՞ւ։ Որպեսզի Աստծու Խոսքը ազդի մարդու վրա և վերափոխի նրան, վերջինս պետք է թույլ տա, որ այն հասնի իր սրտի խորքը (Գաղ. 6։6)։ Ուստի մենք պետք է ժամանակ տրամադրենք մտածելու սովորածի շուրջ։ Լավ կլինի ինքներս մեզ հարցնենք. «Վստա՞հ եմ, որ սովորածս պարզապես մի կրոնական ուսմունք չէ։ Համոզվե՞լ եմ, որ սա է ճշմարտությունը։ Սովորում եմ միայն ուրիշների՞ն սովորեցնելու համար, թե՞ մտածում եմ նաև սովորածս կյանքում կիրառելու մասին։ Զգո՞ւմ եմ, որ Եհովան խոսում է անձամբ ինձ հետ»։ Նման հարցերի շուրջ խորհրդածելը կարող է օգնել մեզ մեր սրտում խորացնելու Եհովայի հանդեպ ունեցած մեր զգացմունքները։ Երբ սովորածը հասնի մեր սրտին, մենք կմղվենք դրական փոփոխություններ անելու (Առակ. 4։23; Ղուկ. 6։45

19, 20. Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդը կիրառելով օգուտներ կստանանք։

19 Աստծու Խոսքը կանոնավորաբար կարդալը և ընթերցածի շուրջ խորհրդածելը կմղեն մեզ շարունակելու անել այն, ինչ գրված է Կողոսացիներ 3։9, 10-ում. «Հանեք ձեր վրայից հին անձնավորությունը իր գործերով և հագեք նոր անձնավորությունը, որը նորոգվում է ճշգրիտ գիտելիքներով՝ իր Ստեղծողի պատկերի համաձայն»։ Այո՛, մենք կարող ենք շարունակ դրական փոփոխություններ անել, եթե իսկապես հասկանանք Աստծու Խոսքը և կիրառենք սովորածը։ Արդյունքում կհագնենք նոր անձնավորությունը և կկարողանանք պաշտպանվել Սատանայի խարդավանքներից։

20 Պետրոս առաքյալը մեզ հիշեցնում է. «Որպես հնազանդ զավակներ՝ այլևս մի՛ վարվեք այն ցանկություններով, որոնք նախկինում ունեիք.... Սուրբ եղեք ամեն ինչում» (1 Պետ. 1։14, 15)։ Եթե ամեն ինչ անենք, որ թողնենք հին մտածելակերպն ու ապրելակերպը, և եթե թույլ տանք, որ Եհովան վերափոխի մեզ, ապա բազմաթիվ օրհնություններ կստանանք։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։

^ պարբ. 18 Տե՛ս «Դիտարանի» 1994թ. փետրվարի 1-ի համարում տրված օրինակը (էջ 9, պարբերություն 7, անգլ., ռուս.)։