Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել ցանկին

Եհովայի վկաներ

Հայերեն

Դիտարան (ուսումնասիրության թողարկում)  |  Սեպտեմբեր 2013

Կայացրու իմաստուն որոշումներ

Կայացրու իմաստուն որոշումներ

«Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր» (ԱՌԱԿ. 3։5

1, 2. Քեզ դո՞ւր է գալիս որոշումներ կայացնել, և ի՞նչ կասես քո կայացրած որոշ որոշումների մասին։

ՈՐՈՇՈՒՄՆԵ՜Ր, որոշումնե՜ր։ Ամեն օր կանգնում ենք տարբեր որոշումներ կայացնելու առաջ։ Իսկ քեզ դո՞ւր է գալիս որոշումներ կայացնել։ Ոմանք ուզում են, որ իրենց հետ կապված ամեն ինչ իրենք որոշեն։ Նրանք պնդում են սեփական որոշումներ կայացնելու իրենց իրավունքը և վրդովվում են անգամ այն մտքից, որ մեկ ուրիշը կարող է որոշում կայացնել իրենց փոխարեն։ Ի տարբերություն նրանց՝ կան մարդիկ, ովքեր վախենում են, բացի առօրեական հարցերից, ուրիշ որոշումներ կայացնելուց։ Ուրիշները օգնության համար դիմում են ուղեցույցների և խորհրդատուների ու նույնիսկ մեծ գումարներ են ծախսում իրենց անհրաժեշտ խորհուրդը ստանալու համար։

2 Մեզնից շատերը մարդկանց այս խմբերից ոչ մեկին չեն պատկանում։ Մենք հասկանում ենք, որ որոշ բաներ մեր իրավասությունից վեր են, և մենք ոչինչ չենք կարող անել դրանց հետ կապված։ Սակայն ուրախ ենք, որ շատ հարցերի վերաբերյալ ինքներս կարող ենք որոշումներ կայացնել (Գաղ. 6։5)։ Բայց համաձայն կլինենք, որ նույնիսկ այս դեպքում մեր կայացրած որոշումները երբեմն իմաստուն կամ օգտակար չեն լինում։

3. Ի՞նչ առաջնորդություն ունենք որոշումներ կայացնելու հետ կապված, սակայն որոշ դեպքերում ինչո՞ւ է դժվար որոշում կայացնել։

3 Մենք շատ ուրախ ենք, որ Եհովան մեզ՝ իր ծառաներին, տալիս է հստակ առաջնորդություն կյանքի բազմաթիվ կարևոր հարցերի վերաբերյալ։ Մենք գիտենք, որ եթե հետևենք այդ առաջնորդությանը, ապա կկայացնենք այնպիսի որոշումներ, որոնք հաճելի կլինեն Եհովային և օգտակար կլինեն մեզ համար։ Սակայն մենք գուցե բախվենք այնպիսի խնդիրների կամ հայտնվենք այնպիսի իրավիճակներում, որոնց վերաբերյալ Աստծու Խոսքում կոնկրետ առաջնորդություն չի տրվում։ Ի՞նչ որոշումներ կկայացնենք նման դեպքերում։ Օրինակ՝ մենք գիտենք, որ չի կարելի գողանալ (Եփես. 4։28)։ Իսկ հստակ պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ է գողությունը, արդյո՞ք այն որոշվում է վերցված իրի արժեքով, վերցնողի մղումով կամ մեկ ուրիշ  բանով։ Ինչպե՞ս ենք կողմնորոշվում այն հարցերում, որոնք, ինչպես ասում են ոմանք, «չեզոք գոտի» են, այսինքն՝ երբ չկա կոնկրետ առաջնորդություն։ Ի՞նչը կարող է օգնել մեզ։

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԻՐ

4. Երբ որոշում կայացնելու առաջ ենք կանգնում, ի՞նչ խորհուրդ գուցե ստանանք։

4 Երբ կարևոր որոշման առաջ ենք կանգնում և այդ մասին ասում ենք մեր հավատակցին, նա գուցե հորդորի մեզ ողջամտորեն որոշում կայացնել։ Դա, ինչ խոսք, լավ խորհուրդ է։ Աստվածաշունչը զգուշացնում է մեզ հապճեպ գործողություններից. «Ամեն շտապող կարիքի մեջ կընկնի»,— ասվում է Առակներ 21։5-ում։ Իսկ ի՞նչ է նշանակում ողջամտորեն որոշումներ կայացնել։ Արդյո՞ք դա պարզապես նշանակում է, որ չպետք է շտապենք, պետք է հարցը ամեն կողմից ծանրութեթև անենք, լինենք խոհեմ և առողջ դատողություն դրսևորենք։ Այս ամենը կարևոր է ճիշտ որոշում կայացնելու համար, բայց ողջամտություն դրսևորելը ավելին է նշանակում (Հռոմ. 12։3; 1 Պետ. 4։7

5. Ինչո՞ւ չենք կարող կատարելապես ողջամիտ լինել։

5 Մեզնից ոչ ոք չի ծնվել կատարյալ ողջամտությամբ։ Բոլորս ի ծնե մեղավոր և անկատար ենք, շատ հեռու ենք կատարյալ մարմին և միտք ունենալուց (Սաղ. 51։5; Հռոմ. 3։23)։ Բացի այդ, մեզնից շատերը մի ժամանակ այն մարդկանցից էին, ում միտքը Սատանան «կուրացրել» էր. մի ժամանակ մենք չգիտեինք Եհովայի ու նրա արդար չափանիշների մասին (2 Կորնթ. 4։4; Տիտոս 3։3)։ Ուստի եթե որոշում կայացնենք զուտ այն բանի հիման վրա, ինչը, ըստ մեզ, ճիշտ է ու խոհեմ, գուցե խաբենք ինքներս մեզ՝ անկախ նրանից, թե որքան շատ ենք մտածել նախքան այդ որոշումը կայացնելը (Առակ. 14։12

6. Ի՞նչը կարող է օգնել մեզ սովորելու ողջամիտ լինել։

6 Ի տարբերություն մեզ՝ Եհովան՝ մեր երկնային Հայրը, բոլոր առումներով կատարյալ է (2 Օրենք 32։4)։ Մենք շատ ուրախ ենք, որ նա հնարավորություն է տվել մեզ նորոգելու մեր միտքը և սովորելու ողջամիտ լինել (Կարդա՛ 2 Տիմոթեոս 1։7)։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք ուզում ենք մտածել, տրամաբանել և վարվել խելամտորեն։ Մենք պետք է հետևենք մեր մտքերին ու զգացումներին և ընդօրինակենք Եհովային այն հարցում, թե ինչպես է նա մտածում, ինչ է զգում և ինչպես է վարվում։

7, 8. Պատմիր մի դեպք, թե ինչպես կարելի է ողջամիտ որոշում կայացնել՝ չնայած ճնշումներին և դժվարություններին։

7 Քննենք մի օրինակ։ Որոշ ներգաղթյալներ սովորություն ունեն իրենց նոր ծնված երեխային ուղարկել հարազատների մոտ, որպեսզի վերջիններս հոգ տանեն նրանց, և իրենք շարունակեն աշխատել *։ Մի ներգաղթյալ կին տղա ունեցավ։ Այդ ժամանակ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և արագորեն հոգևորապես աճել։ Ընկերներն ու բարեկամները սկսեցին ճնշում բանեցնել նրա և նրա ամուսնու վրա, որպեսզի նրանք երեխային ուղարկեն ամուսնու ծնողների մոտ։ Բայց կինը Աստվածաշնչից արդեն գիտեր, որ Աստված իրեն՝ որպես ծնողի, պատասխանատվություն է տվել մեծացնելու իր երեխային (Սաղ. 127։3; Եփես. 6։4)։ Ի՞նչ արեց նա։ Հետևե՞ց արդյոք այն սովորությանը, որը շատերը խելամիտ էին համարում, թե՞ վարվեց իր ստացած սուրբգրային գիտելիքների համաձայն, ինչը նշանակում էր, որ նա կարող էր ֆինանսական դժվարություններ ունենալ, ինչպես նաև որոշ մարդկանց քննադատությանն արժանանալ։ Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր նրա փոխարեն։

8 Երիտասարդ կինը իրեն շատ ճնշված էր զգում։ Նա աղոթեց Եհովային, իր սիրտը թափեց նրա առաջ և առաջնորդություն խնդրեց։ Իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրող Վկայի, ինչպես նաև ժողովի ուրիշ անդամների հետ զրուցելուց հետո նա սկսեց հասկանալ, թե որն է Եհովայի տեսակետը։ Կինը նաև հաշվի առավ,  որ երեխաները, երբ ձևավորման շրջանում ծնողներից հեռու են լինում, զգացական վնասներ են կրում։ Սուրբ Գրքի լույսի ներքո խորհրդածելով ստեղծված իրավիճակի մասին՝ նա եզրակացրեց, որ ճիշտ չէ երեխային ուղարկելը։ Նրա ամուսինը տեսավ, թե ինչպես են ժողովի անդամները համախմբված օգնում իրենց, և թե իրենց տղան որքան առողջ և ուրախ է։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ ու կնոջ հետ հաճախել հանդիպումներին։

9, 10. Ի՞նչ է նշանակում լինել ողջամիտ, և ինչպե՞ս կարող ենք լինել ողջամիտ։

9 Սա ընդամենը մի դեպք է, բայց այն ցույց է տալիս, որ ողջամիտ լինել չի նշանակում պարզապես անել այն, ինչը խելամիտ կամ հարմար է թվում մեզ կամ ուրիշներին։ Մեր անկատար միտքն ու սիրտը կարելի է նմանեցնել մի ժամացույցի, որը շատ առաջ կամ շատ հետ է ընկնում։ Այսպիսի «ժամացույցով» առաջնորդվելը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել մեզ համար (Երեմ. 17։9)։ Մենք պետք է մեր միտքն ու սիրտը ներդաշնակեցնենք Աստծու հուսալի չափանիշներին (կարդա՛ Եսայիա 55։8, 9

10 Աստվածաշունչը իմաստուն խորհուրդ է տալիս. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (Առակ. 3։5, 6)։ Ուշադրություն դարձնենք, որ «քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր» արտահայտությունից հետո գրված է՝ «հաշվի առ նրան [Եհովային]»։ Աստված այն անձնավորությունն է, ով կատարելապես ողջամիտ է։ Ուստի երբ կանգնում ենք որոշում կայացնելու առաջ, հարկավոր է դիմել Աստվածաշնչին՝ տեսնելու, թե որն է Աստծու տեսակետը։ Հետո մեր որոշումը պետք է կայացնենք դրա հիման վրա։ Այսպիսով՝ կարող ենք ասել, որ ողջամիտ լինել նշանակում է ընդօրինակել Եհովայի մտածելակերպը։

ՄԱՐԶԻՐ ԸՄԲՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴ

11. Ո՞ր դեպքում կսովորենք իմաստուն որոշումներ կայացնել։

11 Հեշտ չէ սովորել իմաստուն որոշումներ կայացնել և դրանք իրագործել։ Սա հատկապես դժվար կարող է լինել նրանց համար, ովքեր նոր են ճշմարտության մեջ կամ ովքեր նոր են սկսել հոգևորապես հասունանալ։ Նրանք հոգևոր մանուկներ են, ինչպես Աստվածաշունչն է նրանց մասին խոսում, և, անշուշտ, կարող են հոգևորապես  աճել։ Օրինակ՝ ինչպե՞ս է երեխան սովորում առանց ընկնելու քայլել։ Սովորաբար դա նրան հաջողվում է, որովհետև անում է փոքր քայլեր, ընդ որում հաճախակի։ Նույն է պարագան հոգևոր մանուկների դեպքում, որոնք սովորում են իմաստուն որոշումներ կայացնել։ Հիշենք, որ Պողոս առաքյալն ասում է, որ հասուն մարդիկ նրանք են, «ովքեր իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար»։ «Գործադրել» և «մարզել» բառերը ցույց են տալիս, որ, որպեսզի սովորենք իմաստուն որոշումներ կայացնել, պետք է շարունակական ջանքեր թափենք. նորեկները հենց սրա կարիքն ունեն (կարդա՛ Եբրայեցիներ 5։13, 14

Երբ առօրեական հարցերում ճիշտ որոշումներ ենք կայացնում, մենք մարզում ենք մեր ըմբռնողականությունը (տե՛ս պարբերություն 11)

12. Ինչպե՞ս կարող ենք սովորել իմաստուն որոշումներ կայացնել։

12 Ինչպես նշվեց վերևում, ամեն օր կարիք է լինում բազմաթիվ որոշումներ կայացնելու՝ մեծ թե փոքր։ Ըստ մի ուսումնասիրության՝ մեր գործողությունների ավելի քան 40 տոկոսը հիմնված է ոչ թե նախապես մտածելու, այլ մեր մեջ արմատացած սովորությունների վրա։ Օրինակ՝ ամեն առավոտ, հավանաբար, որոշում ենք, թե ինչ հագնենք։ Գուցե սա փոքր բան համարենք և մեր ընտրությունն անենք առանց երկար մտածելու, հատկապես երբ շտապում ենք։ Բայց կարևոր է մտածել այն մասին, թե արդյոք մեր հագուստը Աստծու ծառային վայելուչ կլինի (2 Կորնթ. 6։3, 4)։ Երբ խանութում հագուստ ենք ընտրում, գուցե մտածենք ոճի ու նորաձևության մասին։ Իսկ կմտածե՞նք համեստության և գնի մասին։ Նման փոքր հարցերում ճիշտ որոշումներ կայացնելով՝ կմարզենք մեր ըմբռնողականությունը, իսկ դա իր հերթին կօգնի, որ ճիշտ որոշումներ կայացնենք ավելի մեծ հարցերում (Ղուկ. 16։10; 1 Կորնթ. 10։31

ԶԱՐԳԱՑՐՈՒ ԿԱՄՔԻ ՈՒԺ՝ ԱՆԵԼՈՒ ՃԻՇՏԸ

13. Ինչի՞ կարիք ունենք, որպեսզի մեր կայացրած որոշումները իրագործենք։

13 Բոլորս գիտենք, որ մի բան է ճիշտ որոշում կայացնելը, մեկ այլ բան է այդ որոշումն իրագործելը։ Օրինակ՝ ոմանք, ովքեր ուզում են թողնել ծխելը, չեն կարողանում դա անել, որովհետև չունեն բավականաչափ մղում։ Նրանք պետք է վճռական լինեն իրագործելու իրենց որոշումը։ Ոմանք ասում են, որ կամքի ուժը շատ նման է մկանի. որքան շատ ենք օգտագործում մկանը, այնքան ավելի ուժեղ է այն դառնում, իսկ եթե քիչ ենք օգտագործում, այն թուլանում է։ Ի՞նչը կօգնի մեզ զարգացնելու մեր կամքի ուժը, որպեսզի անենք այն, ինչ որոշել ենք։ Հարկավոր է ապավինել Եհովային և նրանից օգնություն խնդրել (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։13

14. Ինչո՞ւ Պողոսը ուժ ուներ անելու այն, ինչը գիտեր, որ պետք է աներ։

14 Պողոսը սեփական փորձով էր համոզվել դրանում։ Մի անգամ նա ցավով գրեց. «Ուզում եմ բարին անել, բայց չեմ կարողանում իմ ուզածն անել»։ Նա գիտեր, թե ինչ էր ուզում անել կամ ինչ պիտի աներ, բայց երբեմն ինչ-որ բան խանգարում էր նրան։ Առաքյալը խոստովանում է. «Իմ ներսի անձնավորությամբ ես իրոք հաճույք եմ ստանում Աստծու օրենքից, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է տանում մեղքի օրենքին, որն իմ անդամներում է»։ Անհո՞ւյս էր նրա իրավիճակը։ Ոչ մի դեպքում։ Նա ասաց. «Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 7։18, 22–25)։ Իսկ մեկ ուրիշ նամակում գրեց. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպ. 4։13

15. Ինչո՞ւ պետք է վճռական լինենք անելու այն, ինչ ճիշտ է։

15 Հստակ է, որ Աստծուն հաճելի լինելու համար պետք է վճռական քայլեր ձեռնարկենք։ Հիշենք Եղիայի խոսքերը, որոնք նա Կարմեղոս լեռան մոտ ասաց Բահաղի երկրպագուներին և հավատուրաց իսրայելացիներին. «Մինչև ե՞րբ պիտի երկու մտքի վրա կաղաք։ Եթե Եհովան է ճշմարիտ Աստվածը, նրա՛ն հետևեք, իսկ եթե Բահաղն է, նրա՛ն հետևեք» (1 Թագ. 18։21)։ Իսրայելի որդիները գիտեին, թե ինչ պետք է անեն, բայց «կաղում էին»՝  անվճռական էին։ Հեսուն, որը ապրել է նրանցից շատ տարիներ առաջ, խիստ տարբերվում էր նրանցից։ Նա լավ օրինակ թողեց իսրայելացիներին՝ ասելով. «Բայց եթե Եհովային ծառայելը ձեզ հաճելի չէ, ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու.... Ես և իմ տունը Եհովային պիտի ծառայենք» (Հեսու 24։15)։ Ի՞նչ արդյունքներ բերեց նրա վճռականությունը։ Հեսուն և նրա համախոհները օրհնվեցին. նրանք մտան Ավետյաց երկիր, «մի երկիր, որտեղ կաթ ու մեղր [էր] հոսում» (Հեսու 5։6

ԻՄԱՍՏՈՒՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՐՈՒ ԵՎ ՕՐՀՆՎԻՐ

16, 17. Օրինակով ցույց տուր, թե ինչ օրհնություններ են բերում Աստծու կամքին ներդաշնակ որոշումները։

16 Քննենք նոր մկրտված մի եղբոր օրինակը։ Նա ունի կին և երեք փոքր երեխա։ Մի օր նրա աշխատակիցը առաջարկեց, որ ինքն ու մեր եղբայրը գնան աշխատելու ուրիշ ընկերությունում, որը ավելի շատ աշխատավարձ և արտոնություններ է տալիս։ Եղբայրը մտածեց և աղոթեց այդ մասին։ Նա իր այս գործը, որ աշխատավարձի առումով այնքան էլ ձեռնտու չէր, ընտրել էր այն պատճառով, որ հանգստյան օրերին ազատ լինի և ընտանիքի հետ հաճախի ժողովի հանդիպումներին ու մասնակցի ծառայությանը։ Եղբայրը հասկանում էր, որ եթե ընդունի աշխատակցի առաջարկը, ապա առնվազն մի որոշ ժամանակ կզրկվի այդ գրաֆիկից։ Ի՞նչ կանեիր դու։

17 Մեր եղբայրը հոգևոր բաները ավելի թանկ գնահատեց բարձր եկամտից և մերժեց աշխատակցի առաջարկը։ Ի՞նչ ես կարծում, նա հետագայում ափսոսա՞ց իր որոշման համար։ Բոլորովի՛ն։ Նա մտածեց, որ հոգևոր օրհնությունները և իր ընտանիքը շատ ավելի կարևոր են, քան բարձր աշխատավարձը։ Նա և իր կինը շատ ուրախացան, երբ նրանց մեծ աղջիկը, որը տասը տարեկան էր, ասաց որ շատ է սիրում իրենց, իր հավատակիցներին ու Եհովային։ Նաև ասաց, որ ուզում է իր կյանքը նվիրել Եհովային ու մկրտվել։ Աղջիկը, անշուշտ, շատ է գնահատում իր հոր լավ օրինակը, որը Եհովային երկրպագելը իր կյանքում առաջին տեղում է դրել։

Կայացրու իմաստուն որոշումներ և ուրախություն գտիր Աստծու ժողովրդի մեջ (տե՛ս պարբերություն 18)

18. Ինչո՞ւ է կարևոր ամեն օր իմաստուն որոշումներ կայացնել։

18 Մեծ Մովսեսը՝ Հիսուս Քրիստոսը, Եհովայի ճշմարիտ երկրպագուներին տասնամյակներ շարունակ առաջնորդում է Սատանայի աշխարհի անապատում։ Որպես Մեծ Հեսու՝ Հիսուսն այժմ պատրաստ է վերջ դնելու այս ապականված համակարգին ու իր հետևորդներին առաջնորդելու խոստացված նոր աշխարհ, որտեղ արդարություն է բնակվելու (2 Պետ. 3։13)։ Ուստի հիմա ժամանակը չէ վերադառնալու մեր նախկին մտածելակերպին, հին սովորություններին, արժեքներին ու նպատակներին։ Հիմա ժամանակն է ավելի լավ հասկանալու, թե որն է Աստծու կամքը մեր առնչությամբ (Հռոմ. 12։2; 2 Կորնթ. 13։5)։ Թող քո ամենօրյա որոշումներն ու ընտրությունները ցույց տան, որ դու այնպիսի մարդ ես, ով արժանի է ստանալու Աստծու հավիտենական օրհնությունները (կարդա՛ Եբրայեցիներ 10։38, 39

^ պարբ. 7 Այս սովորության պատճառներից մեկն էլ այն է, որ ներգաղթյալների ծնողները կարողանան իրենց թոռնիկին ցույց տալ ընկերներին և հարազատներին։